ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 177
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
11.10.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

11 հոկտեմբերի 2022 թվականի

թիվ 177

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև մշակութային արժեքների տեղափոխման մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար։

2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Համաձայնագրի նախագծի՝ սույն կարգադրության 1-ին կետում նշված ներպետական համաձայնեցումն անցկացնելու արդյունքների մասին մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնելու խնդրանքով:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Նախագիծ

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև մշակութային արժեքների տեղափոխման մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի վրա,

ձգտելով ստեղծել բարենպաստ պայմաններ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ներքին շուկայի արդյունավետ գործունեության համար,

հավաստելով հավատարմությունը 1970 թվականի նոյեմբերի 14-ին ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից ընդունված «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցների մասին» կոնվենցիայով նախատեսված իրենց միջազգային պարտավորությունների կատարման սկզբունքներին,

ցանկանալով ապահովել Միության ներքին շուկայում ապրանքների օրինական շրջանառությունը,

ելնելով անդամ պետությունների մշակութային ժառանգությունը պահպանելու անհրաժեշտությունից,

համաձայնեցին հետևյալի մասին.

Հոդված 1

 

Սույն համաձայնագրով կարգավորվում են մեկ անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք մշակութային արժեքների տեղափոխման հետ կապված հարաբերությունները՝ սույն համաձայնագրի 5-րդ հոդվածում նշված դեպքերում, ինչպես նաև այդ տեղափոխման հարցերով անդամ պետությունների իրավասու մարմինների փոխգործակցությունը:

 

Հոդված 2

 

Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ նշանակությունը.

մշակութային արժեքների ժամանակավոր արտահանում՝ մշակութային արժեքների արտահանում մեկ անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք, այդ թվում՝ երրորդ անդամ պետության տարածքով կամ Միության անդամ չհանդիսացող պետության տարածքով՝ սահմանված ժամկետում հետադարձ ներմուծման պարտավորությամբ.

մշակութային արժեքների արտահանում՝ մշակութային արժեքների արտահանում մեկ անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք, այդ թվում՝ երրորդ անդամ պետության տարածքով կամ Միության անդամ չհանդիսացող պետության տարածքով՝ առանց հետադարձ ներմուծման պարտավորության.

եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ)՝ իրավասու մարմնի կողմից տրվող՝ մշակութային արժեքների տեղափոխման իրավունքը հաստատող փաստաթուղթ.

դիմումատու՝ իրավաբանական անձ կամ ֆիզիկական անձ (այդ թվում՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ), որն իրավասու մարմին է ներկայացրել եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) ստանալու մասին դիմում.

իրավասու մարմին՝ եզրակացության (թույլատրման փաստաթղթի) տրամադրման համար լիազորված այն անդամ պետության մարմինը, որի տարածքից իրականացվում է մշակութային արժեքների տեղափոխումը.

մշակութային արժեք՝ աշխարհիկ կամ կրոնական բնույթի շարժական գույք (ապրանք, առարկա), որն ունի պատմական, գեղարվեստական, գիտական կամ այլ մշակութային նշանակություն.

հատուկ նշանակության մշակութային արժեք՝ մշակութային արժեք, որն ունի հատուկ պատմական, գեղարվեստական, գիտական կամ այլ մշակութային նշանակություն.

մշակութային արժեքների տեղափոխում՝ մշակութային արժեքների արտահանում կամ ժամանակավոր արտահանում:

Սույն համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով:

 

Հոդված 3

 

Սույն համաձայնագրի իրականացման համար անդամ պետությունները ղեկավարվում են հետևյալ սկզբունքներով.

մշակութային արժեքներ տեղափոխելիս փոխշահավետ համագործակցություն զարգացնելը և ազգային շահերի հաշվի առնելն ապահովելը.

միջազգային կազմակերպություններին և երրորդ երկրներին մշակութային արժեքների փոխանցումը, ինչպես նաև մշակութային արժեքների վաճառքը թույլ չտալը, եթե այդ գործողությունները կարող են նպաստել մշակութային արժեքների անօրինական արտահանմանը և ներմուծմանը.

մեկ անդամ պետության մշակութային արժեքներին վնաս հասցնելը թույլ չտալը և այլ անդամ պետության տարածքում գտնվելու ժամանակ դրանց պաշտպանությունը.

մշակութային արժեքները պարտքի մարման համար կամ որպես գրավի առարկա, ինչպես նաև մշակութային արժեքների օտարման գործարքների շրջանակներում օգտագործելը թույլ չտալը.

յուրաքանչյուր անդամ պետության՝ մշակութային արժեքը հատուկ նշանակության մշակութային արժեք հայտարարելու իրավունքը հարգելը և ճանաչելը:

 

Հոդված 4

 

Սույն համաձայնագրի գործողությունը տարածվում է՝

մշակութային արժեքների տեղափոխում իրականացնող իրավաբանական անձանց վրա.

մշակութային արժեքների տեղափոխում իրականացնող ֆիզիկական անձանց վրա (այդ թվում՝ որպես անհատ ձեռնարկատերեր գրանցված ֆիզիկական անձանց վրա):

 

Հոդված 5

 

Մշակութային արժեքների տեղափոխումը կարող է իրականացվել հետևյալ դեպքերում.

իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատերեր գրանցված ֆիզիկական անձանց կողմից մշակութային արժեքների արտահանում՝ կապված իրենց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ.

ֆիզիկական անձանց կողմից մշակութային արժեքների արտահանում՝ անձնական օգտագործման համար.

մշակութային արժեքների ժամանակավոր արտահանում իրավաբանական և ֆիզիկական անձանց (այդ թվում՝ որպես անհատ ձեռնարկատերեր գրանցված ֆիզիկական անձանց) կողմից՝ ցուցահանդեսներ (շնորհանդեսներ) կազմակերպելու, վերականգնման (ռեստավրացիոն) աշխատանքներ և գիտական հետազոտություններ, հյուրախաղային-համերգային գործունեություն իրականացնելու, կրոնական ծեսեր և արարողություններ կատարելու համար, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված այլ նպատակներով:

Առանց հետադարձ ներմուծման պարտավորության արտահանման ենթակա չեն՝

հատուկ նշանակության մշակութային արժեքները,

այն մշակութային արժեքները, որոնց արտահանումը, առանց դրանց հետադարձ ներմուծման պարտավորության, արգելված է իրավասու մարմնի կողմից:

 

Հոդված 6

 

Եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը) տրվում է իրավասու մարմնի կողմից այն մշակութային արժեքների տեղափոխման համար, որոնք՝

ընդգրկվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ մշակութային արժեքների ցանկում.

դասվել են հատուկ նշանակության մշակութային արժեքների շարքին:

Մշակութային արժեքները հատուկ նշանակության մշակութային արժեքների շարքին դասելու չափանիշները և կարգը սահմանվում են անդամ պետության օրենսդրությամբ:

 

Հոդված 7

 

Սույն համաձայնագրի 4-րդ հոդվածում նշված անձանց կողմից մշակութային արժեքների տեղափոխումը սույն համաձայնագրի 5-րդ հոդվածում սահմանված դեպքերում իրականացվում է ռուսերենով տրված եզրակացության (թույլատրման փաստաթղթի) հիման վրա:

Եզրակացությունները (թույլատրման փաստաթղթերը) տրամադրվում են անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում այն անդամ պետության իրավասու մարմնի կողմից, որի տարածքից ենթադրվում է մշակութային արժեքների տեղափոխումը:

Եզրակացության (թույլատրման փաստաթղթի) ձևակերպման համար դիմումատուն իրավասու մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) տրամադրելու մասին դիմումը,

արտահանվող (ժամանակավոր արտահանվող) մշակութային արժեքների ցուցակը (գույքացուցակը)՝ 2 օրինակից,

անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր։

Մշակութային արժեքների արտահանման համար եզրակացության (թույլատրման փաստաթղթի) տրամադրումը մերժելու դեպքում այն անդամ պետության իրավասու մարմինը, որի տարածքից ենթադրվում էր իրականացնել մշակութային արժեքների արտահանումը, մերժման մասին ծանուցումը դիմումատուին տրամադրելուց հետո 3 աշխատանքային օրվանից ոչ ուշ մշակութային արժեքների անօրինական արտահանումը կանխելու նպատակով այլ անդամ պետությունների իրավասու մարմիններին տեղեկացնում է այդ մշակութային արժեքների մասին:

 

Հոդված 8

 

Մշակութային արժեքների փորձաքննությունն անցկացվում է սույն համաձայնագրի 4-րդ հոդվածում նշված անձանց դիմումի, ինչպես նաև իրավասու մարմնի դիմումի հիման վրա՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում՝ հետևյալ նպատակներով.

տեղափոխման համար պլանավորվող շարժական գույքը մշակութային արժեքների շարքին դասելը (չդասելը),

մշակութային արժեքները հատուկ նշանակության մշակութային արժեքների շարքին դասելը (չդասելը),

ժամանակավոր արտահանումից հետո վերադարձված մշակութային արժեքների իսկության և պահպանվածության վիճակի որոշումը:

 

Հոդված 9

 

Անդամ պետության մշակութային արժեքների պաշտպանությունն այլ անդամ պետության տարածքում գտնվելու ժամանակ ապահովելու նպատակով անդամ պետության օրենսդրությամբ կարող է նախատեսվել ժամանակավոր արտահանվող մշակութային արժեքների ապահովագրությունը հաստատող փաստաթղթի ձևակերպման անհրաժեշտություն՝ դրանց կորստի (ոչնչացման) կամ վնասման դեպքի համար՝ դրանց ժամանակավոր արտահանման ժամկետով, և (կամ) ժամանակավոր արտահանվող մշակութային արժեքների արժեքի ֆինանսական փոխհատուցման պետական երաշխիքի մասին փաստաթղթի ձևակերպման անհրաժեշտություն՝ դրանց կորստի (ոչնչացման) կամ վնասման դեպքի համար, որը ներկայացվել է մշակութային արժեքներն ընդունող անդամ պետության կողմից:

Նշված փաստաթղթերը պետք է ձևակերպվեն նախքան մշակութային արժեքների արտահանումը:

 

Հոդված 10

 

Իրավասու մարմիններն իրականացնում են փոխգործակցություն՝ ռուսերենով հետևյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տեսքով կամ թղթային կրիչով փոխանակման միջոցով՝

մշակութային արժեքները հատուկ նշանակության մշակութային արժեքներին դասելու չափանիշներ և կարգ.

մշակութային արժեքների տեղափոխման դեպքեր, որոնք ենթակա չեն արտահանման՝ առանց հետադարձ ներմուծման պարտավորության.

մշակութային արժեքների արտահանման եզրակացության (թույլատրման փաստաթղթի) տրամադրումը մերժելու դեպքեր՝ մշակութային արժեքների անօրինական արտահանումը կանխելու նպատակով:

Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում անդամ պետությունները միմյանց և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնում են իրավասու մարմինների մասին:

Եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) տրամադրելու լիազորություններն այլ մարմնի փոխանցելու կամ իրավասու մարմնի անվանման փոփոխության դեպքում համապատասխան անդամ պետությունը դիվանագիտական ուղիներով դրա մասին տեղեկացնում է այլ անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:

Անդամ պետությունների իրավասու մարմինները տարին մեկ անգամ այլ անդամ պետությունների իրավասու մարմիններ են ուղարկում հաշվետու ժամանակահատվածի ընթացքում տրամադրված եզրակացությունների (թույլատրման փաստաթղթերի) մասին տեղեկատվությունը:

Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման վերաբերյալ եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) տրամադրելու դեպքում այդ եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը) տրամադրած իրավասու մարմինը դրա տրամադրման օրվանից 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ տրամադրված եզրակացության (թույլատրման փաստաթղթի) մասին տեղեկացնում է այն անդամ պետության իրավասու մարմնին, որտեղ պլանավորվում է իրականացնել մշակութային արժեքների ներմուծումը:

Անդամ պետությունները սույն համաձայնագրին համապատասխան ստացված տեղեկատվությունն օգտագործում են բացառապես սույն համաձայնագրի իրագործման նպատակներով։

 

Հոդված 11

 

Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:

 

Հոդված 12

 

Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և սույն համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում։

 

Հոդված 13

 

Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և ընդգրկվում է Միության իրավունքի կազմում։

 

Հոդված 14

 

Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

 

 

Կատարված է __________ քաղաքում 20_ թվականի _________ «__»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն։

Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի

Հանրապետության

կողմից՝

Բելառուսի

Հանրապետության

կողմից՝

Ղազախստանի

Հանրապետության

կողմից՝

Ղրղզստանի

Հանրապետության

կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կողմից՝

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան