ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
26 հուլիսի 2022 թվականի |
թիվ 120 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար:
2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 26-ը սույն կարգադրության 1-ին կետում նշված արձանագրության նախագծի ներպետական համաձայնեցման անցկացման արդյունքների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնելու խնդրանքով:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական |
Վ. Նազարենկո |
Նախագիծ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
առաջնորդվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 115-րդ հոդվածով,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 53-րդ հոդվածի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Համանման (համադրելի) կարգավորում սահմանելու նպատակով անդամ պետությունների օրենսդրության մեջ արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների, համապատասխանության պարտադիր գնահատման կանոնների և ընթացակարգերի խախտման համար անդամ պետությունների օրենսդրության մեջ պատասխանատվություն սահմանելու ընդհանուր սկզբունքները և մոտեցումները սահմանվում են Բարձրագույն խորհրդի կողմից։».
2) XI բաժնի անվանման մեջ ավելացնել «, արտակարգ բուսասանիտարական միջոցառումները» բառերը.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 591 հոդված.
«Հոդված 591
Արտակարգ բուսասանիտարական միջոցառումները
1. Արտակարգ բուսասանիտարական միջոցառումները կիրառվում են Միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկում չընդգրկված և բուսասանիտարական ռիսկ ներկայացնող վնասակար օրգանիզմների նկատմամբ՝ մինչև համապատասխան վնասակար օրգանիզմները նշված ցանկում ընդգրկելն ընկած ժամանակահատվածի համար կամ մինչև վնասակար օրգանիզմների մասով բուսասանիտարական ռիսկի վերլուծության արդյունքի ստացումը, որով հաստատվում է այդպիսի ռիսկի բացակայությունը։
2. Անդամ պետությունն իրավունք ունի արտակարգ բուսասանիտարական միջոցառումներ սահմանելու հետևյալ դեպքերում.
1) ձեռնարկվող բուսասանիտարական միջոցառումների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության ստացում համապատասխան միջազգային կազմակերպություններից, անդամ պետություններից, ինչպես նաև երրորդ երկրներից.
2) բուսասանիտարական միջոցառումների կիրառման համապատասխան և բավարար գիտական հիմնավորման բացակայություն կամ անհրաժեշտ ժամկետներում այդպիսի հիմնավորում ներկայացնելու անհնարինություն.
3) վնասակար օրգանիզմների մասով բուսասանիտարական ռիսկի վերլուծության արդյունքի ստացում, որով հաստատվում է այդպիսի ռիսկի առկայությունը։
3. Արտակարգ բուսասանիտարական միջոցառում սահմանած անդամ պետությունը դրա մասին ծանուցում է Հանձնաժողովին, այլ անդամ պետություններին և առաջարկ է ներկայացնում Հանձնաժողով՝ ներկայացնելով Միության մաքսային տարածքում այդ միջոցառման սահմանման մասին համապատասխան հիմնավորումը։
Հանձնաժողովն ուսումնասիրում է արտակարգ բուսասանիտարական միջոցառում սահմանելու վերաբերյալ անդամ պետության առաջարկները և ուսումնասիրության արդյունքների հիման վրա կարող է որոշում կայացնել Միության մաքսային տարածքում այդ միջոցառման սահմանման մասին։
4. Անդամ պետություններն արտակարգ բուսասանիտարական միջոցառումների սահմանման հարցերով փոխգործակցություն են իրականացնում Հանձնաժողովի կողմից հաստատվող կարգով։».
4) 61-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ կետերով.
«3. Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացման շրջանակներում Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ մշակում է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագիր, որը հաստատվում է Միջկառավարական խորհրդի կողմից։
4. Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ իրականացնում է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագրի իրագործման մշտադիտարկում։».
5) 109-րդ հոդվածի 1-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ. «Դիմելու ընթացակարգը, ինչպես նաև դիտորդ պետության կարգավիճակի հետ կապված հարցերը սահմանվում են հիմնադրույթով, որը հաստատվում է Բարձրագույն խորհրդի կողմից։».
6) «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի (նշված Պայմանագրի թիվ 1 հավելված) 3-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել «, արտակարգ բուսասանիտարական միջոցառումներ» բառերով.
7) «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության (նշված Պայմանագրի թիվ 3 հավելված) 2-րդ կետի տասնիններորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. ««վստահության անդրսահմանային տարածք»՝ լիազոր մարմինների միջև տվյալների և էլեկտրոնային փաստաթղթերի միջպետական փոխանակման ժամանակ, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների և լիազորված մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթերի, էլեկտրոնային տեսքով փաստաթղթերի կազմման, ուղարկման, փոխանցման և ստացման գործընթացում վստահության ապահովման նպատակով անդամ պետությունների կողմից համաձայնեցված իրավական, կազմակերպական և տեխնիկական պայմանների ամբողջություն».
8) «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի մասին» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 5 հավելված)՝
2-րդ կետում՝
երկրորդ պարբերությունը «թղթակցային հաշիվ» բառերից հետո լրացնել «(միասնական գանձապետական հաշիվ)» բառերով.
յոթերորդ պարբերությունը «դրամարկղային» բառից հետո լրացնել «(գանձապետական)» բառով.
9) «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 9 հավելված)՝
2-րդ կետում՝
տասներորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.
««ներմուծող»՝ անդամ պետության տարածքում դրա օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ, որն օտարերկրյա արտադրողի (վաճառողի) հետ կնքել է արտադրանքի փոխանցման արտաքին առևտրային պայմանագիր, իրականացնում է այդ արտադրանքի բացթողումը շրջանառության մեջ և (կամ) դրա իրացումը Միության մաքսային տարածքում և պատասխանատվություն է կրում տեխնիկական Միության կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության համար.».
քսանութերորդ պարբերությունում «գործողություններ են իրականացնում համապատասխանությունը գնահատելիս և արտադրանքը Միության տարածքում շրջանառության մեջ դնելիս, ինչպես նաև» բառերը փոխարինել «իրականացնում են համապատասխանության գնահատումը և արտադրանքը շրջանառության մեջ դնելը,» բառերով.
4-րդ կետի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նշված ցանկում ներառված ստանդարտները չկիրառելու դեպքում կամ դրանց բացակայության դեպքում համապատասխանության գնահատումն իրականացվում է ռիսկերի վերլուծության հիման վրա՝ հաշվի առնելով Հանձնաժողովի խորհրդի կողմից ընդունվող առաջարկությունները։».
5-րդ կետը վեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Արտադրողների կողմից լիազորված անձինք պետք է ներառվեն արտադրողների կողմից լիազորված անձանց միասնական ռեեստրում։ Նշված ռեեստրի ձևավորման և վարման կարգը, ինչպես նաև այդ ռեեստրում արտադրողների կողմից լիազորված անձանց ներառելու չափորոշիչները սահմանվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից։».
10) «Չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 10 հավելված)՝
2-րդ կետում՝
իններորդ պարբերությունից «(առաջնային)» բառը հանել.
տասնմեկերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««ազգային չափանմուշ»՝ մեծության միավորի չափանմուշ, այդ թվում՝ առաջնային, որն անդամ պետության կողմից ճանաչվել է որպես հիմք նույն տեսակի այլ միավորների չափանմուշներին մեծության արժեք վերագրելու համար՝ պետական կամ տնտեսական գործունեության մեջ օգտագործվելու նպատակով.».
տասնմեկերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.
««մեծության հենակետային արժեք»՝ մեծության արժեք, որն օգտագործվում է որպես հիմք նույն տեսակի մեծությունների արժեքների հետ համադրելու համար.».
3-րդ կետի 2-րդ ենթակետից և 6-րդ կետից «(առաջնային)» բառը հանել.
11) «Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 12 հավելված)՝
անվանումը «բուսասանիտարական միջոցառումների» բառերից հետո լրացնել «, արտակարգ բուսասանիտարական միջոցառումների» բառերով.
1-ին կետը «բուսասանիտարական միջոցառումների» բառից հետո լրացնել «, արտակարգ բուսասանիտարական միջոցառումների» բառերով.
2-րդ կետում՝
հինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.
««վնասակար օրգանիզմ»՝ բույսերի, կենդանիների կամ պաթոգեն ագենտների ցանկացած տեսակ, տարատեսակ կամ կենսատիպ, որը վնասակար է բույսերի կամ բուսական մթերքների համար.».
քառասուներորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.
««բուսասանիտարական ռիսկ»՝ անդամ պետությունների տարածքներում վնասակար օրգանիզմի ինտրոդուկցիայի և տարածման հավանականություն և անդամ պետությունների համար դրանց հետ կապված հնարավոր տնտեսական հետևանքների մասշտաբ.».
քառասունմեկերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.
««արտակարգ բուսասանիտարական միջոցառում»՝ կատարման համար պարտադիր պահանջներ, կանոններ և ընթացակարգեր, որոնք «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով նախատեսված դեպքերում կիրառվում են արտակարգ կարգով՝ Միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկում չընդգրկված և բուսասանիտարական ռիսկ ներկայացնող վնասակար օրգանիզմի ներբերումից և տարածումից Միության մաքսային տարածքի պահպանությունն ապահովելու նպատակով և ուղղված են այդպիսի ռիսկի նվազեցմանը.».
12) «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության (նշված Պայմանագրի թիվ 19 հավելված) 13-րդ կետի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ. «Այս դեպքում համապատասխան հարցումը համարվում է ուղարկված Հանձնաժողովի կողմից։».
13) «Գնումների կարգավորման կարգի մասին» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 25 հավելված)՝
4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Էլեկտրոնային ձևաչափով իրականացվող գնումներին հնարավոր մատակարարների և անդամ պետությունների մատակարարների անարգել մասնակցության հնարավորությունն ապահովելու համար անդամ պետությունները փոխադարձ ճանաչում են անդամ պետություններից որևէ մեկի օրենսդրությանը համապատասխան պատրաստված էլեկտրոնային թվային ստորագրությունը (էլեկտրոնային ստորագրությունը)։ Գնումների նպատակների համար մեկ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան պատրաստված էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության)՝ այլ անդամ պետությունների կողմից փոխադարձ ճանաչման կանոնները սահմանում է Հանձնաժողովը։».
20-րդ կետում «անդամ պետության իշխանության կարգավորող և (կամ) հսկող լիազորված մարմինների» բառերը փոխարինել «անդամ պետության՝ կարգավորման և (կամ) հսկման գործառույթներ իրականացնող մարմինների» բառերով.
32-րդ կետի առաջին պարբերությունում «Անդամ պետության իշխանության՝ գնումների ոլորտը կարգավորող և (կամ) հսկող լիազոր մարմինը» բառերը փոխարինել «Գնումների ոլորտում կարգավորման և (կամ) հսկման գործառույթներ իրականացնող անդամ պետության մարմինը» բառերով.
մեկ աղբյուրից կամ մեկ մատակարարից (կատարողից, կապալառուից) իրականացվող գնումների դեպքերի ցանկի 27-րդ կետը (նշված Արձանագրության թիվ 3 հավելված) շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27. Որոշակի մատակարարից գնում կատարած պատվիրատուի մոտ համապատասխան ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների լրացուցիչ քանակի պահանջի առաջացում։ Ընդ որում՝ լրացուցիչ գնվող ապրանքի քանակը կամ լրացուցիչ գնվող աշխատանքների կամ ծառայությունների ծավալը չի կարող գերազանցել գնման մասին պայմանագրով նախատեսված ապրանքի քանակի կամ աշխատանքների կամ ծառայությունների ծավալի 10 տոկոսը (լրացուցիչ մատակարարվող ապրանքի կամ կատարվող աշխատանքների կամ մատուցվող ծառայությունների միավորի գինը պետք է սահմանվի որպես պայմանագրի սկզբնական գնի՝ պայմանագրով նախատեսված այդպիսի ապրանքների քանակի, աշխատանքների կամ ծառայությունների ծավալի վրա բաժանման արդյունք):»
14) «Արդյունաբերական սուբսիդիաներ տրամադրելու միասնական կանոնների մասին» արձանագրության (նշված Պայմանագրի թիվ 28 հավելված) 97-րդ կետը ճանաչել ուժը կորցրած։
Հոդված 2
Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։
Կատարված է __________________ քաղաքում 20___ թվականի ___________ի «____»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն։
Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի Հանրապետության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության կողմից՝ |
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ |