ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
14 մարտի 2023 թվականի |
թիվ 23 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՂԵԿԱՎԱՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում շինարարության ոլորտում նախագծերի ղեկավարման համար ղեկավար տեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորման փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար:
2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2023 թվականի հունիսի 12-ը սույն կարգադրության 1-ին կետում նշված Համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցում անցկացնելու արդյունքների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնելու խնդրանքով:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
Նախագիծ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում շինարարության ոլորտում նախագծերի ղեկավարման համար ղեկավար տեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորման փոխադարձ ճանաչման մասին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով,
նպատակ ունենալով ապահովելու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում շինարարության ոլորտում ծառայությունների միասնական շուկայի գործունեությունը,
հաշվի առնելով մեկ անդամ պետության ծառայություններ մատուցողների ղեկավար տեխնիկական անձնակազմի՝ այլ անդամ պետությունների տարածքներում շինարարության ոլորտում նախագծերի ղեկավարման ծառայություններ մատուցելու (այսուհետ՝ նախագծեր) թույլտվությունն ապահովելու անհրաժեշտությունը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Հիմնական հասկացությունները
Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.
որակավորման գնահատում՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված որակավորման պահանջներին (ստանդարտներին) որակավորման համապատասխանությունը հաստատելու ընթացակարգ, որն իրականացվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված կազմակերպության կամ իրավասու մարմնի կողմից.
մասնագիտական որակավորում՝ համապատասխան փաստաթղթերով հաստատված կրթություն, այդ թվում՝ լրացուցիչ, աշխատանքային փորձ (ստաժ), ինչպես նաև մասնագիտական հմտություններ, որոնք հաստատված են համապատասխան փաստաթղթերով, այդ թվում՝ որպես նախագծերի ղեկավարման ղեկավար տեխնիկական անձնակազմի աշխատանքային գործունեության իրականացման համար անհրաժեշտ որակավորման գնահատման արդյունքների հիման վրա տրված փաստաթղթերով.
ղեկավար տեխնիկական անձնակազմ՝ ղեկավար վարչական կամ ինժեներատեխնիկական անձնակազմ հանդիսացող անձինք, որոնք ունեն ծրագրի ղեկավարման համար համապատասխան մասնագիտական որակավորում:
Սույն համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով:
Հոդված 2
Համաձայնագրի կիրառման ոլորտը
Սույն համաձայնագիրը տարածվում է շինարարության ոլորտում նախագծերի ղեկավարման մասով իրավահարաբերությունների վրա (բացառությամբ պետական (մունիցիպալ) գնումների շրջանակներում իրականացվող նախագծերի ղեկավարման ծառայությունների, որոնք իրականացվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի XXII բաժնի դրույթներին համապատասխան, ինչպես նաև պետական իշխանության գործառույթների կատարման համար մատուցվող նախագծերի ղեկավարման ծառայությունների)։
Հոդված 3
Համաձայնագրի առարկան
1. Անդամ պետությունները մեկ անդամ պետության նախագծերի ղեկավարման ծառայություններ մատուցողի՝ այլ անդամ պետության տարածքում նման ծառայություններ մատուցելու թույլտվությունն ապահովելու նպատակով ճանաչում են այդ ծառայություններ մատուցողի ղեկավար տեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորումը՝ առանց այդ մյուս անդամ պետության օրենսդրությամբ սահմանված՝ այլ անդամ պետությունում տրված մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի ճանաչման ընթացակարգերի անցկացման։
2. Ղեկավար տեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերը կարող են ներկայացվել այն անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված ձևով և տեսքով, որտեղ դրանք տրվել են, իսկ լեզվին վերաբերող մասում դրանք ներկայացվում են այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում նախատեսվում է նախագծերի ղեկավարման ծառայություններ մատուցողի գործունեության իրականացումը։
3. Մեկ անդամ պետությունում տրված ղեկավար տեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերը և այլ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան անցկացված տեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորման գնահատականի արդյունքում տրված փաստաթղթերը ճանաչվում են հավասարազոր և փոխադարձ փոխարինելի։
Հոդված 4
Համաձայնագրի իրականացման միջոցառումները
1. Սույն համաձայնագրի իրականացման նպատակով անդամ պետություններն ապահովում են հետևյալի հասանելիությունը.
ոչ խտրական հիմունքներով ղեկավար տեխնիկական անձնակազմի լրացուցիչ կրթություն ստանալը և (կամ) որակավորման գնահատում անցնելը, որն անհրաժեշտ է նախագծի ղեկավարումն իրականացնելու համար.
ղեկավար տեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի օրինակելի ձևերի վերաբերյալ տվյալներ։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովն անդամ պետությունների կողմից ներկայացված տեղեկությունների հիման վրա ձևավորում է ղեկավար տեխնիկական անձնակազմի որակավորման համադրելի ցանկը, ինչպես նաև ապահովում է դրա արդիականացումը և տեղադրումը «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում։
Հոդված 5
Վեճերի կարգավորումը
Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:
Հոդված 6
Փոփոխությունների կատարումը
Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և սույն համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում։
Հոդված 7
Եզրափակիչ դրույթներ]
Սույն համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և ընդգրկվում է Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում։
Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից, սակայն 2025 թվականի հունվարի 1-ից ոչ շուտ։
Կատարված է ____________ քաղաքում 20___ թվականի _________ «___»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն։
Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի Հանրապետության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության կողմից՝ |
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|