ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 5
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.01.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
25.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

25 հունվարի 2023 թվականի

թիվ 5

քաղ. Մոսկվա

 

««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ նշված արձանագրության ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անցկացնելու համար:

2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2023 թվականի մայիսի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել սույն կարգադրության 1-ին կետում նշված արձանագրության ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին խնդրանքով։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

Նախագիծ

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 115-րդ հոդվածով,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

 «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 53-րդ հոդվածի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«Համանման (համադրելի) կարգավորում սահմանելու նպատակով անդամ պետությունների օրենսդրության մեջ արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների, համապատասխանության պարտադիր գնահատման կանոնների և ընթացակարգերի խախտման համար պատասխանատվություն սահմանելու ընդհանուր սկզբունքները և մոտեցումները սահմանվում են Բարձրագույն խորհրդի կողմից։».

2) XI բաժնի անվանման մեջ ավելացնել «, արտակարգ բուսասանիտարական միջոցառումները» բառերը.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 591 հոդված.

 

«Հոդված 591

 

Արտակարգ բուսասանիտարական միջոցառումները

 

1. Արտակարգ բուսասանիտարական միջոցառումները կիրառվում են Միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկում չընդգրկված և բուսասանիտարական ռիսկ ներկայացնող վնասակար օրգանիզմների նկատմամբ՝ նախքան համապատասխան վնասակար օրգանիզմները նշված ցանկում ընդգրկելն ընկած ժամանակահատվածի համար կամ նախքան վնասակար օրգանիզմներին առնչվող բուսասանիտարական ռիսկի վերլուծության արդյունքի ստացումը, որով հաստատվում է այդպիսի ռիսկի բացակայությունը։

2. Անդամ պետությունն իրավունք ունի արտակարգ բուսասանիտարական միջոցառումներ սահմանելու հետևյալ դեպքերում.

1) բուսասանիտարական միջոցառումների կիրառման համապատասխան և բավարար գիտական հիմնավորման բացակայություն կամ անհրաժեշտ ժամկետներում այդպիսի հիմնավորում ներկայացնելու անհնարինություն՝ ձեռնարկվող բուսասանիտարական միջոցառումների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը համապատասխան միջազգային կազմակերպություններից, անդամ պետություններից, ինչպես նաև երրորդ երկրներից ստանալիս.

2) վնասակար օրգանիզմներին առնչվող բուսասանիտարական ռիսկի վերլուծության արդյունքի ստացում, որով հաստատվում է այդպիսի ռիսկի առկայությունը։

3. Արտակարգ բուսասանիտարական միջոցառում սահմանած անդամ պետությունը դրա մասին ծանուցում է Հանձնաժողովին, այլ անդամ պետությունների և առաջարկ է ներկայացնում Հանձնաժողով՝ ներկայացնելով Միության մաքսային տարածքում այդ միջոցառման սահմանման մասին համապատասխան հիմնավորումը:

Հանձնաժողովն ուսումնասիրում է արտակարգ բուսասանիտարական միջոցառում սահմանելու վերաբերյալ անդամ պետության առաջարկները և ուսումնասիրության արդյունքների հիման վրա կարող է որոշում կայացնել Միության մաքսային տարածքում այդ միջոցառման սահմանման մասին:

4. Անդամ պետություններն արտակարգ բուսասանիտարական միջոցառումների սահմանման հարցերով փոխգործակցություն են իրականացնում Հանձնաժողովի կողմից հաստատվող կարգով։».

4) 61-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ կետերով.

«3. Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացման շրջանակներում Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ մշակում է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագիր, որը հաստատվում է Միջկառավարական խորհրդի կողմից։

4. Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ իրականացնում է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագրի իրագործման մշտադիտարկում։».

5) 109-րդ հոդվածի 1-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.

«Դիմելու ընթացակարգը, ինչպես նաև դիտորդ պետության կարգավիճակի հետ կապված հարցերը սահմանվում են հիմնադրույթով, որը հաստատվում է Բարձրագույն խորհրդի կողմից։».

6) «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի (նշված Պայմանագրի թիվ 1 հավելված) 3-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել «, արտակարգ բուսասանիտարական միջոցառումներ» բառերով.

7) «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության (նշված Պայմանագրի թիվ 3 հավելված) 2-րդ կետի տասնիններորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

««վստահության անդրսահմանային տարածք»՝ անդամ պետությունների կողմից լիազոր մարմինների միջև տվյալների և էլեկտրոնային փաստաթղթերի միջպետական փոխանակման ժամանակ, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների և լիազոր մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթերի, էլեկտրոնային տեսքով տեղեկատվության կազմման, ուղարկման, փոխանցման և ստացման գործընթացում վստահության ապահովման նպատակով համաձայնեցված իրավական, կազմակերպական և տեխնոլոգիական պայմանների ամբողջություն.».

8) «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի վերաբերյալ» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 5 հավելված)՝

2-րդ կետում՝

երկրորդ պարբերությունը «թղթակցային հաշիվ» բառերից հետո լրացնել «(միասնական գանձապետական հաշիվ)» բառերով.

յոթերորդ պարբերությունը «դրամարկղային» բառից հետո լրացնել «(գանձապետական)» բառով.

9) «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 7 հավելված)՝ 34-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.

«Թույլտվության տրամադրման (ձևակերպման) կարգը, դրա կառուցվածքը և ձևաչափը՝ էլեկտրոնային փաստաթղթի ձևով, հաստատվում են Հանձնաժողովի կողմից, իսկ մինչ դրանք հաստատելը սահմանվում են անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

Մեկ անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված թույլտվությունները ճանաչվում են մյուս բոլոր անդամ պետությունների կողմից:».

35-րդ կետում «հավելվածի կանոնների համաձայն» բառերը փոխարինել «սույն արձանագրության 48-րդ կետով նախատեսված կանոններին համապատասխան» բառերով.

48-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«48. Ապրանքների միասնական ցանկում ներառված ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կանոնները հաստատվում են Հանձնաժողովի կողմից:

Լիցենզիայի տրամադրման (ձևակերպման) կարգը, դրա կառուցվածքը և ձևաչափը՝ էլեկտրոնային փաստաթղթի ձևով, հաստատվում են Հանձնաժողովի կողմից, իսկ մինչ դրանք հաստատելը սահմանվում են անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։».

Ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կանոնները (սույն արձանագրության հավելված) ճանաչել ուժը կորցրած.

10) «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 9 հավելված)՝

2-րդ կետի քսանութերորդ պարբերությունում «գործողություններ են իրականացնում համապատասխանությունը գնահատելիս և արտադրանքը Միության տարածքում շրջանառության մեջ դնելիս, ինչպես նաև» բառերը փոխարինել «իրականացնում են համապատասխանության գնահատում և արտադրանքի շրջանառության մեջ բացթողում,» բառերով.

4-րդ կետի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նշված ցանկում ներառված ստանդարտները չկիրառելու դեպքում կամ դրանց բացակայության դեպքում համապատասխանության գնահատումն իրականացվում է ռիսկերի վերլուծության հիման վրա՝ հաշվի առնելով Հանձնաժողովի խորհրդի կողմից ընդունվող առաջարկությունները։».

5-րդ կետը վեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«Արտադրողների կողմից լիազորված անձինք պետք է ներառվեն արտադրողների կողմից լիազորված անձանց միասնական ռեեստրում։ Նշված ռեեստրի ձևավորման և վարման կարգը սահմանվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից։».

11) «Չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 10 հավելված)՝

2-րդ կետում՝

իններորդ պարբերությունից «(առաջնային)» բառը հանել.

տասնմեկերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

««ազգային չափանմուշ»՝ մեծության միավորի չափանմուշ, այդ թվում՝ առաջնային, որն անդամ պետության կողմից ճանաչվել է որպես հիմք՝ այլ նմանատիպ միավորների չափանմուշներին մեծության արժեք վերագրելու համար՝ պետական կամ տնտեսական գործունեության մեջ օգտագործելու նպատակով.».

տասնմեկերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.

««մեծության հենակետային արժեք»՝ մեծության արժեք, որն օգտագործվում է որպես հիմք նույն տեսակի մեծությունների արժեքների հետ համադրելու համար.».

3-րդ կետի 2-րդ ենթակետից և 6-րդ կետից «(առաջնային)» բառը հանել.

12) «Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների իրականացման մասին» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 12 հավելված)՝

անվանումը «բուսասանիտարական միջոցառումների» բառերից հետո լրացնել «, արտակարգ բուսասանիտարական միջոցառումների» բառերով.

1-ին կետը «բուսասանիտարական միջոցառումների» բառից հետո լրացնել «, արտակարգ բուսասանիտարական միջոցառումների» բառերով.

2-րդ կետում՝

հինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.

««վնասակար օրգանիզմ»՝ բույսերի, կենդանիների կամ պաթոգեն ագենտների ցանկացած տեսակ, տարատեսակ կամ կենսատիպ, որը վնասակար է բույսերի կամ բուսական մթերքների համար.».

քառասուներորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.

««բուսասանիտարական ռիսկ»՝ անդամ պետությունների տարածքներում վնասակար օրգանիզմի ինտրոդուկցիայի և տարածման հավանականություն և անդամ պետությունների համար դրանց հետ կապված հնարավոր տնտեսական հետևանքների մասշտաբ.».

քառասունմեկերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.

««արտակարգ բուսասանիտարական միջոցառում»՝ կատարման համար պարտադիր պահանջներ, կանոններ և ընթացակարգեր, որոնք «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով նախատեսված դեպքերում կիրառվում են արտակարգ կարգով՝ Միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկում չընդգրկված և բուսասանիտարական ռիսկ ներկայացնող վնասակար օրգանիզմի ներբերումից և տարածումից Միության մաքսային տարածքի պահպանությունն ապահովելու նպատակով, և ուղղված են այդպիսի ռիսկի նվազեցմանը.».

13) «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության (նշված Պայմանագրի թիվ 19 հավելված) 13-րդ կետի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.

«Այս դեպքում համապատասխան հարցումը համարվում է Հանձնաժողովի անունից ուղարկված։»․

14) «Գնումների կարգավորման կարգի մասին» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 25 հավելված)՝

4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«Էլեկտրոնային ձևաչափով իրականացվող գնումներին հնարավոր մատակարարների և անդամ պետությունների մատակարարների անարգել մասնակցության ապահովման համար անդամ պետությունները փոխադարձ ճանաչում են անդամ պետություններից որևէ մեկի օրենսդրությանը համապատասխան պատրաստված էլեկտրոնային թվային ստորագրությունը (էլեկտրոնային ստորագրությունը)։ Գնումների նպատակների համար մեկ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան պատրաստված էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության)՝ մյուս անդամ պետությունների կողմից փոխադարձ ճանաչման կանոնները սահմանվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից։».

20-րդ կետում «անդամ պետության իշխանության կարգավորող և (կամ) հսկող լիազոր մարմինների» բառերը փոխարինել «անդամ պետության՝ կարգավորման և (կամ) հսկման գործառույթներ իրականացնող մարմինների» բառերով.

32-րդ կետի առաջին պարբերությունում «Անդամ պետության իշխանության՝ գնումների ոլորտը կարգավորող և (կամ) հսկող լիազոր մարմինը» բառերը փոխարինել «Գնումների ոլորտում կարգավորման և (կամ) հսկման գործառույթներ իրականացնող անդամ պետության մարմինը» բառերով.

մեկ աղբյուրից կամ մեկ մատակարարից (կատարողից, կապալառուից) իրականացվող գնումների դեպքերի ցանկի 27-րդ կետը (նշված արձանագրության թիվ 3 հավելված) շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27. Որոշակի մատակարարից գնում կատարած պատվիրատուի մոտ համապատասխան ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների լրացուցիչ քանակի պահանջի առաջացում։ Ընդ որում, լրացուցիչ գնվող ապրանքի քանակը կամ լրացուցիչ գնվող աշխատանքների կամ ծառայությունների ծավալը չի կարող գերազանցել գնման մասին պայմանագրով (կոնտրակտով) նախատեսված ապրանքի քանակի կամ աշխատանքների կամ ծառայությունների ծավալի 10 տոկոսը (լրացուցիչ մատակարարվող ապրանքի կամ կատարվող աշխատանքների կամ մատուցվող ծառայությունների միավորի գինը պետք է սահմանվի որպես պայմանագրի սկզբնական գնի՝ պայմանագրով նախատեսված այդպիսի ապրանքների քանակի, աշխատանքների կամ ծառայությունների ծավալի վրա բաժանման քանորդ):».

15) «Արդյունաբերական սուբսիդիաներ տրամադրելու միասնական կանոնների մասին» արձանագրության (նշված Պայմանագրի թիվ 28 հավելված) 97-րդ կետը ճանաչել ուժը կորցրած։

 

Հոդված 2

 

Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից՝ հաշվի առնելով սույն հոդվածի երկրորդ պարբերությունը։

Սույն արձանագրության 1-ին հոդվածի 9-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կանոնները հաստատելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

 

Կատարված է __________________ քաղաքում 20___ թվականի ___________ ի «____»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն։

Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետությունից
կողմից՝

Բելառուսի Հանրապետությունից
կողմից՝

Ղազախստանի Հանրապետությունից
կողմից՝

Ղրղզստանի Հանրապետությունից
կողմից՝

Ռուսաստանի Դաշնությունից
կողմից՝