ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
06 դեկտեմբերի 2022 թ. |
N 78-Ն |
ԱՎԱՐՏԱԿԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 13.02.25 N 19-Ն)
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ ենթակետի պահանջով`
Հրամայում եմ`
1. Սահմանել ավարտական, պետական ավարտական քննությունների ժամանակացույցը և աշխատակարգը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 13.02.25 N 19-Ն)
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Վ. Դումանյան |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թ. դեկտեմբերի 6-ի N 78-Ն հրամանի |
ԳԼՈՒԽ 1. ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ԱՎԱՐՏԱԿԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. Սույն աշխատակարգով կարգավորվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ` Հաստատություն) 9-րդ դասարանում ավարտական և 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը, որը ներառում է քննությունների հայտագրումը, կազմակերպումը, անցկացումը, ստուգումը, գնահատումը, արդյունքների հրապարակումը և բողոքարկումը:
2. Յուրաքանչյուր ուսումնական տարվա 9-րդ դասարանում գրավոր ավարտական և 12-րդ դասարանում գրավոր պետական ավարտական քննությունների անցկացման օրերը հաստատվում են ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` Նախարար) անհատական իրավական ակտով:
3. 4-րդ դասարանի ավարտին 1-4-րդ դասարաններում սովորողի տարեկան բնութագրերի հիման վրա Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ինքնաշխատ եղանակով իրականացվում է ատեստավորում:
4. 9-րդ դասարանում անցկացվում են ավարտական քննություններ հետևյալ առարկաներից.
1) «Հայոց լեզու» (գրավոր), թեստ, քննության տևողությունը՝ 120 րոպե,
2) «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» - էսսե (գրավոր)՝ սույն կարգի Հավելված 2-ով սահմանված ընթացակարգով,
3) «Մաթեմատիկա» (գրավոր), թեստ, քննության տևողությունը՝ 120 րոպե,
4) «Օտար լեզու» (տվյալ դպրոցում դասավանդվող օտար լեզուներից՝ սովորողի ընտրությամբ, բանավոր),
5) «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներ՝ սովորողի ընտրությամբ գրավոր՝ թեստերի միջոցով, որոնց բովանդակությունը համահունչ կլինի միջազգային ստուգատեսի թեստերի բովանդակությանը, կամ 9-րդ դասարանի երկրորդ կիսամյակում իրականացված նախագծային աշխատանքի հիման վրա՝ առնվազն 2 բնագիտական առարկայի համադրմամբ՝ Նախարարի 2025 թվականի մարտի 25-ի թիվ 09-Լ հրամանով սահմանված ընթացակարգով): Այն Հաստատությունները, որոնք չունեն լաբորատորիաներ, սովորողները բնագիտական առարկաներից քննություն հանձնում են նախագծային աշխատանքի ձևով,
6) «Ֆիզկուլտուրա» (ստուգարք),
7) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր),
8) Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից:
5. 9-րդ դասարանում բանավոր քննությունները կազմակերպելու, անցկացնելու և գնահատելու նպատակով Հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են Հաստատության տնօրենը կամ նրա նշանակած ուսուցիչը (հանձնաժողովի նախագահ), տվյալ առարկայի ուսուցիչը (քննող ուսուցիչ) և ընթերական (տվյալ կամ հարակից առարկայի մասնագետ): Ելնելով աշակերտների թվից՝ բանավոր քննությունը կարող է կազմակերպվել 1-ից ավելի օրերում:
6. Սովորողը քննասենյակ է մտնում անվանացանկում նշված հերթականությանը համապատասխան, ստորագրում իր անվան դիմաց, ընտրում քննատոմսը, ստանում բանավոր հարցման թերթ, որում կարող է գրի առնել իր պատասխանները, լրացուցիչ հարցերը և դրանց պատասխանները:
7. Սովորողի պատասխանը գնահատվում է 20 միավորանոց համակարգով:
8. «Օտար լեզու» առարկայի 9-րդ դասարանի բանավոր ավարտական քննության տոմսերը կազմում են Հաստատության մեթոդական միավորումները՝ ըստ ԳԹԿ-ի կողմից մշակված և տրամադրված հարցաշարերի և տոմսերի նմուշների: «Օտար լեզու» առարկայի ավարտական քննական առաջադրանքների հարցաշարերը և տոմսերի նմուշները կազմվում են 7-9-րդ դասարանների ծրագրային նյութից:
9. Բանավոր քննությունները ձայնագրվում կամ արձանագրվում են: Արձանագրության մեջ ներառվում են հարցատոմսի համարը, հարցերը, պատասխանները: Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նախագահը, անդամները և տվյալ սովորողը: Բանավոր քննությունների ձայնագրությունները և/կամ արձանագրությունները պահպանվում են Հաստատությունում՝ մինչև հաջորդ ուսումնական տարվա ավարտը:
10. 9-րդ դասարանում սովորողն իր ընտրությամբ սույն կարգի 3-րդ գլխով սահմանված կարգով «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն») առարկաներից հանձնվում է նախագծային աշխատանք:
11. 9-րդ դասարանում ավարտական քննություններն անցկացվում են հունիսի առաջին աշխատանքային օրվանից՝ 30 օրվա ընթացքում:
12. 12-րդ դասարանում հունվար և հունիս ամիսներին անցկացվում են պետական ավարտական քննություններ՝ հետևյալ առարկաներից`
1) «Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր), թեստ, քննության տևողությունը՝ 120 րոպե,
2) «Մաթեմատիկա» (գրավոր), թեստ, քննության տևողությունը՝ 120 րոպե,
3) «Հայաստանի պատմություն» (գրավոր), թեստ, քննության տևողությունը՝ 120 րոպե,
4) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր),
5) Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր):
13. 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները անցկացվում են հունվարի երկրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվանից՝ 10 օրվա ընթացքում և հունիսի առաջին աշխատանքային օրվանից՝ 30 օրվա ընթացքում:
14. Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում են Հաստատության տնօրենին՝ հեռավար ուսուցման դեպքում կարելի է դիմել էլեկտրոնային փոստով: Հաստատության տնօրենը դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի վերջին աշխատանքային օրը` մինչև ժամը 12։00-ն, դիմում-հայտերը էլեկտրոնային եղանակով փոխանցում է ԳԹԿ-ին:
15. Հունիսին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև ապրիլի 1-ը գրավոր դիմում են Հաստատության տնօրենին: Հաստատության տնօրենը ապրիլի 1-ից մինչև մայիսի 2-րդ աշխատանքային օրը ներառյալ դիմում-հայտերը էլեկտրոնային եղանակով փոխանցում է ԳԹԿ-ին:
16. Միասնական քննությանը մասնակցող սովորողը պետական ավարտական քննություն կարող է հանձնել այն առարկայից, որը չի հանձնելու միասնական քննությունների համակարգով:
17. Ե՛վ հունվարին, և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը։
18. Միևնույն առարկայից և՛ միասնական, և՛ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում լրացվում է միասնական քննության ավարտական մասի գնահատականը (միավորը):
19. Ավարտական և պետական ավարտական քննությունները սկսվում են ժամը 1000-ին: Սովորողները ուսումնական հաստատություն են ներկայանում ժամը 900-ին:
20. 9-րդ և 12-րդ դասարանում ավարտական և պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմվում են ԳԹԿ-ի կողմից, առաջադրանքներն ընտրվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից երաշխավորված շտեմարաններից և Հաստատությունում գործածվող դասագրքերից և ձեռնարկներից:
21. 9-րդ և 12-րդ դասարաններում «Ֆիզկուլտուրա» առարկայի ամփոփիչ ստուգարքն ընդունվում է Հաստատության տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից` հետևյալ կազմով՝ հանձնաժողովի նախագահ, դասավանդող (քննող) ուսուցիչ և հանձնաժողովի երկու անդամներ: Ամփոփիչ ստուգարքը կազմակերպվում է տվյալ ուսումնական տարվա ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում:
22. Քննությունների միջև ընկած օրերին դասավանդող ուսուցիչները սովորողների համար քննական առարկաներից կազմակերպում են խորհրդատվություններ` Հաստատության տնօրենի կողմից հաստատված ժամանակացույցով:
23. 9-րդ և 12-րդ դասարաններում անցկացվող «Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն» (բանավոր, ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար) և «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր, ազգային փոքրամասնությունների համար) առարկաների քննական առաջադրանքների հարցաշարերը և հարցատոմսերը կազմում են տվյալ Հաստատության առարկայական մեթոդական միավորումները` Նախարարության կողմից երաշխավորված դասագրքերի և նյութերի հիման վրա:
24. Ինտելեկտի (մտավոր) խնդիրներով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հաջորդ դասարան փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանով (ԱՈւՊ) իրականացված գնահատման հիման վրա: Ինտելեկտի (մտավոր) խնդիրներով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները կարող են ազատվել գիտելիքի ստուգումից, ավարտական և պետական քննություններից:
25. Ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպվում են քննական կենտրոններում: Քննական կենտրոն է դառնում յուրաքանչյուր Հաստատություն: Հաստատության տնօրենը կամ նրան փոխարինող անձն ի պաշտոնե տվյալ քննական կենտրոնի ղեկավարն է:
26. Քննական յուրաքանչյուր կենտրոնի կազմակերպիչների թիվը սահմանվում է սույն աշխատակարգի 27-րդ կետի պահանջի համաձայն։ Ստուգող հանձնաժողովների անդամների թիվը պայմանավորված է ստուգվող գրավոր աշխատանքների քանակով։ Նախընտրելի է՝ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ստուգի 25 գրավոր աշխատանքից ոչ ավելի։
27. Քննական կենտրոններում սովորողները բաժանվում են խմբերի: Եթե քննասենյակում կան մեկից ավելի խմբեր, ապա առաջին խմբի աշխատանքները համակարգում է երկու կազմակերպիչ, յուրաքանչյուր հաջորդ խմբի համար՝ մեկական կազմակերպիչ, եթե քննասենյակի վերջին խմբում կա 10 և ավելի սովորող՝ ևս մեկ կազմակերպիչ։
28. Պետական ավարտական քննությունների կազմակերպիչներին, օգնականներին, հերթապահներին նշանակում է քննական կենտրոնի ղեկավարը: Կազմակերպիչները չեն կարող լինել տվյալ քննական առարկայի մասնագետներ:
29. Քննական կենտրոնի ղեկավարը քննասենյակի կազմակերպիչներից մեկին նշանակում է պատասխանատու կազմակերպիչ, որը համակարգում է քննասենյակի կազմակերպիչների աշխատանքը:
30. Քննական կենտրոնի ղեկավարը քննությունը սկսվելուց մեկ ժամ առաջ կատարում է կազմակերպիչների գրանցում և բաշխում կազմակերպիչներին` ըստ քննասենյակների:
31. Սովորողների մուտքը քննասենյակ սկսվում է ժամը 930-ից՝ քննական կենտրոնի ղեկավարի հրահանգով:
32. Սովորողը քննություններին ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով (ծննդյան վկայական, անձնագիր, նույնականացման քարտ)։
33. Սովորողը մոտենում է վիճակահանության սեղանին և վիճակահանության թերթիկի միջոցով ընտրում իր նստարանի համարը: Կազմակերպիչը սովորողների տվյալ խմբի ցուցակում գրում է սովորողի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, նստարանի համարը: Սովորողը ցուցակում ստորագրում է իր տվյալների տողում:
34. Քննասենյակում սեղանները դասավորվում են առնվազն 1.5 մետր հեռավորությամբ: Քննասենյակում չի թույլատրվում տեղափոխություններ կատարել:
35. Քննությունը սկսվելուց առնվազն մեկ ժամ առաջ քննական կենտրոնի ղեկավարը ԳԹԿ ներկայացուցչից ստանում է քննական թեստերի փաթեթները:
36. Քննությունը սկսվելուց առնվազն կես ժամ առաջ քննական կենտրոնի ղեկավարը քննասենյակի պատասխանատու կազմակերպչին տալիս է յուրաքանչյուր խմբի համար նախատեսված փաստաթղթերի փաթեթը` բացի առաջադրանքներից:
37. Քննություններին սովորողներին չի թույլատրվում խոսել, քննարկել կամ արտագրել, քննասենյակ բերել բջջային հեռախոսներ կամ կապի այլ միջոցներ, տետրեր, դասագրքեր, ուսումնական և այլ ուղեցույց- ձեռնարկներ:
38. Սովորողների` քննասենյակում տեղավորվելուց հետո, քննական կենտրոնի ղեկավարը քննասենյակ է բերում քննական թեստերի ծրարները: Քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը ծրարները ցուցադրում է սովորողներին` նրանց ուշադրությունը հրավիրելով ծրարների փակ և ամբողջական լինելու հանգամանքի վրա: Ծրարը բացելու համար քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը հրավիրում է առաջին շարքում նստած սովորողներից մեկին: Առաջին շարքում սովորողների բացակայության դեպքում` հրավիրվում է սովորողի այլ շարքից: Ծրարների բացման մասին նշվում է արձանագրության մեջ:
39. Քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը սովորողներին տեղեկացնում է քննասենյակում վարքի կանոնների պահպանման, ինչպես նաև բողոքարկման տեսակների մասին: Քննասենյակում քննության անցկացման կարգն ընթերցելուց և սովորողներին ցուցումներ տալուց հետո կազմակերպիչները բաժանում են թեստերը: Սովորողը, թեստը ստանալուն պես, շապիկի համապատասխան մասում գրում է խմբի և իր նստարանի համարը: Թեստերի վերջնական բաշխումից հետո պատասխանատու կազմակերպիչը հայտարարում է քննության սկիզբը, տևողությունը և գրատախտակին նշում է քննության սկիզբը և ավարտը:
40. Քննասենյակից սովորողը կարող է դուրս գալ միայն քննասենյակի պատասխանատու կազմակերպչի թույլտվությամբ և միջանցքի հերթապահի ուղեկցությամբ:
41. Խմբի կազմակերպիչը ավելորդ (չօգտագործված, խոտանված) քննական նյութերը հաշվում, արձանագրում է, իսկ քննության ավարտից հետո փաթեթավորում և հանձնում է քննասենյակի պատասխանատու կազմակերպչին:
42. Թեստերի առաջադրանքների բովանդակության վերաբերյալ սովորողի հարցերը թողնվում են անպատասխան:
43. Քննության ընթացքում ի հայտ եկած տպագրական թերություններ ունեցող թեստերը փոխարինվում են նորով:
44. Քննության ընթացքում սովորողների կողմից առաջադրանքների կատարման ժամանակ քննասենյակներում, բացի կենտրոնի ղեկավարից և կազմակերպիչներից, կարող են ներկա գտնվել Նախարարության և ԳԹԿ-ի ներկայացուցիչները:
45. Քննության ավարտից 20 րոպե առաջ քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը սովորողներին հիշեցնում է առաջադրանքների պատասխանները համապատասխան ձևաթղթերի վրա անցկացնելու անհրաժեշտության մասին:
46. Սովորողի կողմից սույն ընթացակարգի պահանջները խախտելու կամ դրանց չենթարկվելու դեպքում քննասենյակի պատասխանատուին իրավունք է վերապահվում մեկ անգամ նախազգուշացում ստացած սովորողին, քննական կենտրոնի ղեկավարի հետ համաձայնեցնելով, հեռացնել քննասենյակից:
47. Հեռացվող սովորողից վերցվում են քննական նյութերը, պատասխանների ձևաթղթի էջի վրա գրվում է` «Հեռացված է քննությունից»: Քննասենյակի և խմբի արձանագրությունների մեջ գրանցվում է այդ փաստը, հեռացվող սովորողի համարը, հեռացման պատճառը:
48. Քննության համար նախատեսված ժամանակի ավարտին սովորողը հանձնում է իր առաջադրանքը և ստորագրում իր անվան դիմաց: Եթե սովորողն ավարտել է աշխատանքը սահմանված ժամանակից շուտ, ապա նա կարող է այն հանձնել և, ստորագրելով իր անվան դիմաց, դուրս գալ քննասենյակից: Քննության համար հատկացված ժամանակի ավարտին կազմակերպիչները սեղաններից հավաքում են քննական թեստերը:
49. Սահմանված ժամկետում գրավոր աշխատանքը չավարտած սովորողներն այն հանձնում են անավարտ վիճակում:
50. Պատասխանատու կազմակերպիչը քննական աշխատանքները և քննության արձանագրությունը հանձնում է քննական կենտրոնի ղեկավարին: Քննական կենտրոնի ղեկավարը, ներկայացված քննական աշխատանքները վերահաշվարկելով, լրացնում է քննական կենտրոնում անցկացված քննության վերջնական արձանագրությունը, որտեղ նշվում է քննության մասնակիցների, բացակաների, քննությունից հեռացվածների, որևէ պատճառով քննությունն ընդհատածների թիվը (առկայության դեպքում):
51. Ավարտական և պետական ավարտական քննական առաջադրանքները ստուգվում են քննական կենտրոնի ղեկավարի հրամանով ստեղծված ստուգող հանձնաժողովի կողմից, քննության օրը` ժամը 1400-ից՝ ԳԹԿ-ի համակարգչային կայքում տեղադրված առաջադրանքների ճիշտ պատասխանների հիման վրա: Ստուգող հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե քննական կենտրոնի ղեկավարն է:
52. Քննական գրավոր աշխատանքները քննական կենտրոնի ղեկավարը փոխանցում է դրանք ստուգող հանձնաժողովին: Ստուգված գրավոր աշխատանքները փոխանցվում են քննական կենտրոնի ղեկավարին, ապա՝ սահմանված կարգով արխիվացվում:
53. Ավարտական և պետական ավարտական քննությունների գրավոր աշխատանքները գնահատվում են 20միավորանոց համակարգով: Կրկնվող բովանդակությամբ գրավոր աշխատանքները չեն գնահատվում, և սովորողները տվյալ առարկայից հանձնում են վերաքննություն սահմանված ժամկետներում:
54. 9-րդ դասարանում գրավոր քննության ստուգող հանձնաժողովի 50 %-ը տվյալ առարկայի մասնագետներ են:
55. 12-րդ դասարանում ստուգող հանձնաժողովի անդամները չեն կարող լինել տվյալ առարկայի մասնագետներ:
56. Գրավոր աշխատանքները գնահատելիս, ստուգող հանձնաժողովի անդամների միջև տարաձայնություն առաջանալու դեպքում, հարցը լուծվում է ստուգող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ:
57. Քվեարկության արդյունքում ստացված հավասար ձայների դեպքում վճռորոշ է`
1) 9-րդ և 12-րդ դասարաններում՝ ստուգող հանձնաժողովի նախագահի առաջարկած գնահատականը.
2) նշանակված գնահատականի հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամն արձանագրության մեջ կարող է կատարել հատուկ նշում:
58. Ստուգումն իրականացվում է ԳԹԿ-ի կողմից հաստատված և հրապարակված «Ցուցումներ»-ի պահանջներին և գնահատման չափանիշներին համապատասխան: Գրավոր աշխատանքի սևագրությունը չի ստուգվում և չի գնահատվում:
59. Ավարտական և պետական ավարտական քննական աշխատանքների արդյունքները հրապարակվում են տվյալ քննության հաջորդ օրը` մինչև ժամը 1400-ն՝ դպրոցի պաշտոնական կայքում (առկայության պարագայում) ցուցակների էլեկտրոնային տարբերակների տեղադրման և քննական կենտրոնի ղեկավարի կողմից ցուցակների կրկնօրինակները քննական կենտրոնի մուտքի մոտ՝ տեսանելի վայրում փակցնելու միջոցով:
60. Քննական կենտրոնում քննական գնահատականների ցուցակներն առանձնացվում են ըստ դասարանների, ցուցակները վավերացվում են ստուգող հանձնաժողովի նախագահի կողմից:
61. Քննությունների կազմակերպման, անցկացման և արդյունքների գնահատման վերաբերյալ բողոքները կարող են լինել `
1) քննության անցկացման կարգի խախտման մասին.
2) քննության արդյունքների հետ անհամաձայնության մասին:
62. Սույն աշխատակարգի 61-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում սովորողը կարող է բողոք ներկայացնել քննական կենտրոնի ղեկավարին՝ քննության ավարտից անմիջապես հետո: Կենտրոնի ղեկավարը տեղում բողոքը քննարկում է կազմակերպիչների հետ և պատասխանում այն ներկայացնողին:
63. Սույն աշխատակարգի 61-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում գրավոր բողոքները ներկայացվում են հանձնաժողովի նախագահին` բանավոր քննության դեպքում` քննության պահին կամ մինչև քննասենյակից դուրս գալը, գրավոր քննության դեպքում` քննության արդյունքները հրապարակելուց հետո` 24 ժամվա ընթացքում` քննական կենտրոնի ղեկավարին: Ավարտական և պետական ավարտական գրավոր քննության բողոքի արդյունքները ոչ ուշ, քան դիմումն ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, գրավոր ներկայացվում են դիմողին՝ բացառությամբ սույն կարգի 92-րդ կետով նախատեսվող դեպքի:
64. Բողոքարկման արդյունքների հետ անհամաձայնության դեպքում դիմումի հեղինակը կարող է բողոքարկել վերադասության կարգով՝ Նախարարություն կամ դատարան:
ԳԼՈՒԽ 2.
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՎԱԾ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
65. Հաստատությունների 9-րդ դասարանի սովորողները «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաներից հանձնում են ավարտական քննություն՝ ինտեգրված՝ գրավոր, քննության տևողությունը` 150 րոպե:
66. Սովորողի գրավոր աշխատանքը գնահատվում է 20 միավորանոց համակարգով:
67. Քննությունից առաջ դասավանդող ուսուցիչները սովորողների համար քննական առարկաներից կազմակերպում են խորհրդատվություններ` Հաստատության տնօրենի կողմից հաստատված ժամանակացույցով:
68. Ավարտական քննությունները կազմակերպվում են ուսումնական հաստատություններում:
69. Ինտեգրված ավարտական քննությունների կազմակերպիչներին, օգնականներին, հերթապահներին նշանակում է Հաստատության տնօրենը: Կազմակերպիչները չեն կարող լինել տվյալ քննական առարկայի մասնագետներ:
70. Քննությունից առաջ Հաստատության տնօրենը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստանում է քննական գրավորների փաթեթը:
71. Սովորողի` քննասենյակում տեղավորվելուց հետո, Հաստատության տնօրենը կամ այլ պատասխանատու անձ քննասենյակ է բերում քննական գրավորների ծրարը: Քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը ծրարները ցուցադրում է սովորողներին` նրանց ուշադրությունը հրավիրելով ծրարների փակ և ամբողջական լինելու հանգամանքի վրա: Ծրարը բացելու համար պատասխանատուն հրավիրում է առաջին նստարանին նստած սովորողներից մեկին: Առաջին շարքում սովորողների բացակայության դեպքում հրավիրվում է սովորող այլ շարքից: Ծրարների բացման մասին նշվում է արձանագրության մեջ:
72. Քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը սովորողներին տեղեկացնում է քննասենյակում վարքականոնների պահպանման, ինչպես նաև բողոքարկման տեսակների մասին: Քննասենյակում քննության անցկացման կարգն ընթերցելուց և սովորողներին ցուցումներ տալուց հետո կազմակերպիչները բաժանում են սովորողների թվով ստացված տեքստերը և հարցադրումները՝ շարադրանքի համար նախատեսված ձևաթղթերով: Սովորողը գրավորը ստանալուն պես իրեն տրամադրված տետրի վրա գրում է մարզի, հաստատության անվանումը և/կամ համարը, իր անուն-ազգանունը: Գրավորների թերթիկների վերջնական բաշխումից հետո պատասխանատու կազմակերպիչը հայտարարում է քննության սկիզբը, տևողությունը և գրատախտակին նշում է քննության սկիզբը և ավարտը:
73. Քննասենյակից սովորողը կարող է դուրս գալ միայն քննասենյակի պատասխանատուի թույլտվությամբ և միջանցքի հերթապահի ուղեկցությամբ:
74. Քննության համար նախատեսված ժամանակի ավարտին սովորողը հանձնում է իր աշխատանքը և ստորագրում իր անվան դիմաց: Եթե սովորողն աշխատանքն ավարտում է սահմանված ժամանակից շուտ, ապա նա գրավորը հանձնում է և ստորագրելով իր անվան դիմաց՝ դուրս գալիս քննասենյակից:
75. Պատասխանատուն քննական աշխատանքները քննության արձանագրության հետ հանձնում է Հաստատության տնօրենին: Տնօրենը, ներկայացված քննական աշխատանքները վերահաշվարկելով, լրացնում է քննական կենտրոնում անցկացված քննության վերջնական արձանագրությունը, որտեղ նշվում է քննության մասնակիցների, բացակաների, քննությունից հեռացվածների, որևէ պատճառով քննությունն ընդհատածների թիվը (եթե կան):
76. Քննական գրավոր աշխատանքները մինչև դրանց ստուգման ավարտը պահպանվում են Հաստատության տնօրենի մոտ, ապա սահմանված կարգով արխիվացվում:
77. Ինտեգրված քննական գրավորները ստուգվում են Հաստատության տնօրենի հրամանով ստեղծված պատմության և գրականության ուսուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից, քննության օրը։ Ելնելով աշակերտների թվից՝ գրավոր աշխատանքների ստուգումը կարող է կազմակերպվել 1-ից ավելի օրերում:
78․ Գրավորները ստուգվում են նախապես հաստատված գնահատման չափանիշների հիման վրա։
79․ Գնահատման չափանիշներին համապատասխան՝ պատմության և գրականության ուսուցիչները առանձին գնահատականներ են նշանակում, որոնք միջինացվում են և որպես մեկ գնահատական անցկացվում քննական արձանագրության մեջ։
ԳԼՈՒԽ 3. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԾԻ ՄԻՋՈՑՈՎ «ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
80. Հաստատության 9-րդ դասարանի «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ) առարկայի ավարտական քննությունը ուսումնական նախագծի միջոցով անցկացնելու համար փետրվարի 15-ից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, Նախարարի հրամանով ստեղծվում է մարզային (Երևան քաղաքի դեպքում՝ քաղաքային) քննական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), որի կազմում ընդգրկվում են մեկական ներկայացուցիչ Նախարարությունից (հանձնաժողովի նախագահ), «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամից, համապատասխան լիազոր մարմնի աշխատակազմից, տվյալ լիազոր մարմնի ենթակայությամբ գործող մենթոր դպրոցներից (դպրոցների ներկայացուցիչները պետք է լինեն «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաները դասավանդող մասնագետներ)։
81. Հանձնաժողովի անդամները իրականացնում են նախագծերի պլանների ուսումնասիրությունը, և նախագծային ուսուցման հայեցակարգով սահմանված ձևին համապատասխան լինելու դեպքում հաստատում են դրանք, որպես ընթերակա ներկա են գտնվում նախագծերի պաշտպանությանը։
82. Յուրաքանչյուր Հաստատությունում փետրվարի 20–ից ոչ ուշ Հաստատության տնօրենի հրամանով ձևավորվում է քննական հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են Հաստատության տնօրենը (հանձնաժողովի նախագահ), ԲՏՃՄ բնագավառի մեթոդմիավորման նախագահը և «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» դասավանդող ուսուցիչները։
83. «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից փետրվարի 21-ից ոչ ուշ հրապարակվում է ուսումնական նախագծերի թեմաների ցանկ։ Թեմաները պետք է լինեն 7-9–րդ դասարանների ուսումնական ծրագրի բովանդակությանը համապատասխան։
84. Յուրաքանչյուր Հաստատությունում ուսուցիչները, սովորողների հետ քննարկելով, ընտրում են առաջարկվող ցանկից թեմա, կազմում են նախագծի պլան՝ համաձայն Նախարարի 2025 թվականի մարտի 25-ի «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը հաստատելու մասին» N 09-Լ հրամանի (այսուհետ՝ Հայեցակարգ), և այն ներկայացնում են Հաստատության քննական հանձնաժողովի հաստատմանը՝ թեմաները հրապարակելուց հետո՝ 10 օրացուցային օրվա ընթացքում։ Հաստատության քննական հանձնաժողովը նախագծերի պլանը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է նախագծի պլանը և ուղարկում համապատասխան Հանձնաժողովին՝ հաստատման։
85. Հանձնաժողովը 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է նախագծերի պլանները։
86. Հաստատություններում նախագծերի իրականացումը սկսվում է մարտի 17–ից։
87. Հաստատություններում նախագծերի պաշտպանությունը կազմակերպվում է մայիսի 27-31–ը։ Ելնելով աշակերտների թվից՝ նախագծերի պաշտպանությունը կարող է կազմակերպվել մի քանի օրերի ընթացքում։
88. Նախագծերի պաշտպանությանը ներկա են գտնվում Հաստատության քննական հանձնաժողովի նախագահը, ԲՏՃՄ մեթոդմիավորման նախագահը, նախագիծն իրականացնող ուսուցիչները։ Նախագծի պաշտպանությանը՝ որպես ընթերակա, կարող են մասնակցել մարզային քննական հանձնաժողովի ներկայացուցիչները։ Յուրաքանչյուր նախագծի պաշտպանության համար հատկացվում է առավելագույնը 90 րոպե։
89. Նախագիծը գնահատվում է 20 միավորանոց համակարգով, 3 բաղադրիչով՝ համաձայն Հայեցակարգի։ Նախագիծը գնահատում են նախագծի մասնակից ուսուցիչները, որոնց գնահատականները միջինացվում են, և ձևավորվում է սովորողի վերջնական գնահատականը։
Հաստատության քննական հանձնաժողովը հրապարակում է սովորողների գնահատականը պաշտպանության հաջորդ օրը՝ մինչև ժամը 14։00-ն։
90. Սովորողը նախագծային աշխատանք իրականացնելու ողջ ընթացքում, իր ցանկությամբ, կարող է հրաժարվել այն շարունակելուց: Այս դեպքում նա մասնակցում է ԳԹԿ-ի կողմից իրականացվող ավարտական քննություններին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի 388-Ն հրամանով սահմանված կարգով և ժամկետում:
91. Նախագծային աշխատանքի պաշտպանությունից ստացած արդյունքից ավելի բարձր արդյունք ունենալու նպատակով սովորողն իր ցանկությամբ կարող է մասնակցել ԳԹԿ-ի կողմից իրականացվող ավարտական քննությանը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի 388-Ն հրամանով սահմանված կարգով: Նախագծային աշխատանքի պաշտպանությունից և բնագիտական ընտրված առարկայի քննությունից ստացած առավելագույն միավորը համարվում է վերջնական:
92. Սովորողը գնահատականի հրապարակումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում իրավունք ունի բողոքարկելու իր գնահատականը Հանձնաժողովին։ Հանձնաժողովն իր որոշումը կայացնում է բողոքարկման պահից սկսած՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։
93. Հանձնաժողովը մարզի (Երևան քաղաքի) բոլոր Հաստատություններում նախագծերի պաշտպանությունից հետո 10-րդ աշխատանքային օրը դադարեցնում է իր գործունեությունը։
94. Նախագծային աշխատանքի պլանը և վերջնարդյունքը (վերջնարդյունքի ցուցադրությունը) տեղադրվում է որևէ առցանց միջավայրում (Ուսումնառության կառավարման e-school ազգային հարթակ, Հեռավար ուսուցման «Մուդլ» համակարգ), Իթվինինգ պորտալ, «Պաշարների շտեմարան» կայք և այլն)։
(հավելվածը փոփ. 11.04.23 N 48-Ն, խմբ. 25.12.23 N 165-Ն, փոփ., լրաց. 05.03.24 N 13-Ն, փոփ. 13.02.25 N 19-Ն, խմբ. 13.10.25 N 73-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 դեկտեմբերի 2022 թվական: