Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1800
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.10.13-2025.10.26 Պաշտոնական հրապարակման օրը 21.10.2025
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
21.10.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
21.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.10.2025

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

21 հոկտեմբերի 2025 թ.

 

2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՔԱՂ. ՆԻԺՆԻ ՆՈՎԳՈՐՈԴՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԴՐԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով.

նախագահող`

Արման Դիլանյանի (զեկուցող),

դատավորներ`

Արտակ Զեյնալյանի,
Հրայր Թովմասյանի,
Դավիթ Խաչատուրյանի,

Երվանդ Խունդկարյանի,
Հովակիմ Հովակիմյանի,
Էդգար Շաթիրյանի,
Սեդա Սաֆարյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Կառավարության ներկայացուցիչ`

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի

տեղակալ Ռաֆայել Գևորգյանի,

 

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2024 թվականի սեպտեմբերի 27-ին քաղ. Նիժնի Նովգորոդում ստորագրված «Բարձրագույն կրթության կրթական ծրագրերով և լրացուցիչ մասնագիտական ծրագրերով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների համար կադրեր պատրաստելու մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունն իր` 2025 թվականի հուլիսի 31-ի N 1036-Ա որոշմամբ հավանություն է տվել 2024 թվականի սեպտեմբերի 27-ին քաղ. Նիժնի Նովգորոդում ստորագրված «Բարձրագույն կրթության կրթական ծրագրերով և լրացուցիչ մասնագիտական ծրագրերով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների համար կադրեր պատրաստելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության՝ 2025 թվականի օգոստոսի 5-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

 1. «Բարձրագույն կրթության կրթական ծրագրերով և լրացուցիչ մասնագիտական ծրագրերով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների համար կադրեր պատրաստելու մասին» համաձայնագիրը (այսուհետ նաև՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2024 թվականի սեպտեմբերի 27-ին Նիժնի Նովգորոդ քաղաքում՝ գերատեսչական կրթական կազմակերպությունների (կրթության հաստատությունների) միջև համագործակցությունը զարգացնելու, ինչպես նաև բարձրագույն կրթության կրթական ծրագրերով և լրացուցիչ մասնագիտական ծրագրերով Անկախ Պետությունների Համագործակցության (այսուհետ՝ ԱՊՀ) մասնակից պետությունների մաքսային ծառայությունների (այսուհետ՝ Կողմեր) համար կադրեր պատրաստելու բնագավառում փոխօգնություն ցուցաբերելու նպատակով:

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ուզբեկստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների կողմից:

 

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության սկզբունքով ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես՝

2.1. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունն իր հնարավորությունների սահմաններում Կողմերին աջակցություն ցուցաբերի բարձրագույն կրթության կրթական ծրագրերով և լրացուցիչ մասնագիտական կրթության ծրագրերով մաքսային ծառայությունների համար կադրերի պատրաստումը կազմակերպելու գործում՝ այն միջազգային պայմանագրերին, որոնց մասնակիցներ են Հայաստանի Հանրապետությունը և մյուս Կողմերի պետությունները, և Կողմերի պետությունների օրենսդրությանը համապատասխան (հոդված 1, պարբերություն 1),

2.2. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունն աջակցություն ցուցաբերի Կողմերի պետությունների շահագրգիռ կրթական կազմակերպությունների (կրթության հաստատությունների) միջև համագործակցության զարգացմանը, այդ թվում՝ համապատասխան կրթական ծրագրերի մշակման և իրագործման, միջազգային ակադեմիական փոխանակումների, գիտական կադրերի պատրաստման, համատեղ կրթական և գիտական միջոցառումների կազմակերպման ու անցկացման հարցերով (հոդված 1, պարբերություն 2),

2.3. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունն աջակցի Կողմերի մաքսային մարմինների աշխատակիցների մասնագիտական մակարդակի բարձրացմանը՝ մաքսային գործի ոլորտում առաջատար փորձի ուսումնասիրմանն ուղղված միջոցառումներ կազմակերպելու միջոցով (հոդված 1, պարբերություն 3),

2.4. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունը համապատասխան կրթական ծրագրով ուսուցումն սկսելու օրվանից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ, երկկողմ կամ բազմակողմ հիմունքներով համաձայնեցնի ուսուցման կազմակերպման և անցկացման կոնկրետ միջոցառումները (հոդված 1, պարբերություն 4),

2.5. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունը՝ որպես կրթական կամ գիտական միջոցառումներ կազմակերպող Կողմ հանդես գալու պարագայում, իր վրա վերցնի դրանց անցկացման ծախսերը (հոդված 2, պարբերություն 1),

2.6. այլ պայմանավորվածությունների բացակայության դեպքում երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունը՝ որպես ուղարկող Կողմ հանդես գալու պարագայում, իր վրա վերցնի պաշտոնատար անձանց գործուղման ծախսերը, կամ գործուղման ծախսերն իրենց վրա վերցնեն անմիջապես պաշտոնատար անձինք՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան (հոդված 2, պարբերություն 2),

2.7. այն դեպքում, երբ կրթական կամ գիտական միջոցառումներին ներգրավվում են երրորդ երկրների գիտամանկավարժական աշխատողներ կամ մասնագետներ, ապահովել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունը՝ որպես ընդունող Կողմ, իր վրա վերցնի նրանց կացության և փոխադրման ապահովման հետ կապված ծախսերը (հոդված 2, պարբերություն 3):

 

3. Համաձայնագրի 5-րդ հոդվածի 5-րդ պարբերության համաձայն` Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից Կողմերի պետությունների միջև հարաբերություններում դադարում է «Մաքսային աշխատողների պատրաստման և որակավորման բարձրացման ոլորտում համագործակցության մասին» 1994 թվականի նոյեմբերի 23-ի համաձայնագրի գործողությունը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2024 թվականի սեպտեմբերի 27-ին քաղ. Նիժնի Նովգորոդում ստորագրված «Բարձրագույն կրթության կրթական ծրագրերով և լրացուցիչ մասնագիտական ծրագրերով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների համար կադրեր պատրաստելու մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Ա. Դիլանյան

 

21 հոկտեմբերի 2025 թվականի

ՍԴՈ-1800

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հոկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան