ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
21 հոկտեմբերի 2025 թ. |
««ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը` կազմով. | |
նախագահող` |
Արման Դիլանյանի, (զեկուցող), |
դատավորներ` |
Արտակ Զեյնալյանի Հրայր Թովմասյանի, Դավիթ Խաչատուրյանի, Երվանդ Խունդկարյանի, Հովակիմ Հովակիմյանի, Էդգար Շաթիրյանի, Սեդա Սաֆարյանի, |
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` | |
Կառավարության ներկայացուցիչ` |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի, |
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին» 2007 թվականի մայիսի 25-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2012 թվականի մայիսի 30-ի արձանագրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր` 2025 թվականի հուլիսի 31-ի N 1032-Ա որոշմամբ հավանություն է տվել 2012 թվականի մայիսի 30-ին Աշգաբաթ քաղաքում ստորագրված ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին» 2007 թվականի մայիսի 25-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2012 թվականի մայիսի 30-ի արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է նշված արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
Գործի քննության առիթը Կառավարության՝ 2025 թվականի օգոստոսի 5-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով վերոնշյալ արձանագրությունը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.
1. ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին» 2007 թվականի մայիսի 25-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը (այսուհետ նաև` Արձանագրություն) ստորագրվել է 2012 թվականի մայիսի 30-ին Աշխաբադ քաղաքում` (այժմ` Աշգաբաթ) «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին» 2007 թվականի մայիսի 25-ի համաձայնագրում (այսուհետ` Համաձայնագիր) փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով:
Արձանագրությունը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության կողմից:
Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին ծանուցումն ավանդապահին հանձնելու օրվանից: 2025 թվականի ապրիլի 23-ի դրությամբ Արձանագրությունն ուժի մեջ չի մտել:
2. Արձանագրության նախագծի 1-ին հոդվածի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ «Հայաստանի Հանրապետությունն ելնում է այն հասկացողությունից, որ հետագայում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին 2007 թվականի մայիսի 25-ի համաձայնագրի՝ փոփոխությունների և լրացումների մասին արձանագրությունները Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ կմտնեն միայն դրանց ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ, Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրությամբ նախատեսված ներպետական ընթացակարգերը կատարելուց հետո»:
3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Արձանագրությամբ սահմանված կարգով և բովանդակությամբ փոփոխել Համաձայնագիրը, մասնավորապես՝ Համաձայնագրի 16-րդ հոդվածում և Համաձայնագրի անբաժանելի մաս կազմող՝ Համաձայնագրի մասնակիցների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի մասին կանոնադրության (այսուհետ` Կանոնադրություն) մեջ, հետևյալ կարգով՝ Կանոնադրության I բաժնի 1.1-ին, 1.4-րդ կետերից հետո ավելացնել նոր պարբերություններ, ինչպես նաև Կանոնադրության I բաժնի 1.5-րդ կետից հետո ավելացնել 1.6-րդ և 1.7-րդ կետեր և IV բաժնի 4.7-րդ կետից հետո ավելացնել նոր՝ V բաժին՝ «Ֆինանսավորումը» վերտառությամբ, ինչպես նաև Կանոնադրության I բաժնի 1.1-ին, 1.2-րդ, 1.3-րդ, 1.4-րդ, 1.5-րդ կետերը և IV բաժնի 4.2-րդ, 4.5-րդ, 4.6-րդ և 4.7-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ:
4. Կանոնադրությունը լրացվել է «Ֆինանսավորումը» վերտառությամբ V բաժնով, ըստ որի`
«5.1. Խորհրդի նիստերի անցկացման հետ կապված ծախսերը կատարվում են ընդունող ԱՊՀ մասնակից պետության պետական իշխանության համապատասխան մարմինների հաշվին:
5.2. Խորհրդի անդամների և նիստի մասնակիցների գործուղման ծախսերը կատարվում են ԱՊՀ մասնակից պետությունների պետական իշխանության գործուղող մարմինների և կազմակերպությունների կողմից»:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.
1. ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին» 2007 թվականի մայիսի 25-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2012 թվականի մայիսի 30-ի արձանագրությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Ա. Դիլանյան |
21 հոկտեմբերի 2025 թվականի ՍԴՈ-1799 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հոկտեմբերի 2025 թվական: