Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1801
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 10.11.2025
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
06.11.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2025

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

6 նոյեմբերի 2025 թ.

 

ԷՄՄԱ ԹՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 419-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով.

նախագահող`

Արման Դիլանյանի,

դատավորներ`

Հրայր Թովմասյանի,
Դավիթ Խաչատուրյանի
Հովակիմ Հովակիմյանի,
Էդգար Շաթիրյանի (զեկուցող),
Սեդա Սաֆարյանի,
Արթուր Վաղարշյանի,

մասնակցությամբ`

դիմողի՝

Էմմա Թունյանի (այսուհետ նաև՝ Դիմող)

ներկայացուցիչ՝ 

փաստաբան Սերգեյ Գրիգորյանի,

պատասխանող՝ Ազգային ժողովի (այսուհետ նաև՝ Պատասխանող)
ներկայացուցիչներ՝

Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Մարի Ստեփանյանի,

Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության

պետի տեղակալ Էլեն Մնացականյանի,

 

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «Էմմա Թունյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված, ինչպես նաև գործում առկա այլ փաստաթղթերը, նյութերը, պատասխանողի գրավոր և բանավոր բացատրությունները, կողմերի պարզաբանումները, թիվ ԵԿԴ/5196/02/15 քաղաքացիական գործը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Վարույթը Սահմանադրական դատարանում

1. Գործի քննության առիթը Էմմա Թունյանի՝ 2025 թվականի օգոստոսի 6-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է, որով Դիմողը խնդրել է.

«ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 9-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 2018 թվականի փետրվարի 27-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ին:

3. Օրենսգրքի՝ «Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը» վերտառությամբ 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝

«1. Նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`

(…)

2) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, կամ եթե անձը տվյալ վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու պահին ունեցել է այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն կամ միջազգային դատարանը հաստատել է կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը (բարեկամական կարգավորումը) կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը.»:

Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «հնարավորություն» բառից հետո լրացվել է «կամ միջազգային դատարանը հաստատել է կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը (բարեկամական կարգավորումը) կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը» բառերով՝ 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-182-Ն օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան:

4. Սահմանադրական դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 11-ի ՍԴՈ-1769 որոշմամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող դատարանում գործին չմասնակցած անձի կողմից, որը նույն դատարանի վճռի կամ որոշման կայացման պահին չի ունեցել այդ դատարան դիմելու իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն, Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման որևէ սկզբունքի՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող դատարանի կողմից խախտված ճանաչվելու դեպքում նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու` Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սահմանափակումը ճանաչվել է Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր:

5. 2025 թվականի սեպտեմբերի 5-ին ընդունվել է Սահմանադրական դատարանի ՍԴԱՈ-129 աշխատակարգային որոշումը Սահմանադրական դատարանի դատավոր Արտակ Զեյնալյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

6. 2025 թվականի սեպտեմբերի 5-ին ընդունվել է Սահմանադրական դատարանի ՍԴԱՈ-130 աշխատակարգային որոշումը Սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով:

7. Սահմանադրական դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 5-ի ՍԴԱՈ-131 աշխատակարգային որոշմամբ գործն ընդունվել է քննության, գործի դատաքննությունը նշանակվել է 2025 թվականի հոկտեմբերի 28-ին, որոշվել է գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:

8. Սահմանադրական դատարանի 2025 թվականի հոկտեմբերի 14-ի ՍԴԱՈ-148 աշխատակարգային որոշմամբ գործի հանգամանքների առավել արդյունավետ բացահայտման նպատակով որոշվել է անցնել բանավոր ընթացակարգով դատաքննության, գործի դատաքննությունը հետաձգել և գործի դատաքննությունը նշանակել 2025 թվականի նոյեմբերի 4-ին։

 

Գործի դատավարական համառոտ նախապատմությունը

9. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, քննելով թիվ 2-6970/2004թ. քաղաքացիական գործն ըստ հայցի «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ընդդեմ Էմմա Թունյանի, Գևորգ, Միհրան, Սաշիկ Սաֆյանների՝ անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու մասին պայմանագիր կնքելուն հարկադրելու և զբաղեցրած տարածքից վտարելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ դիմումի՝ Էմմա Թունյանի՝ Կառավարության 01.08.2002 թ. թիվ 1151-Ն որոշումը ՀՀ միջազգային պայմանագրերին, Սահմանադրական դատարանի որոշմանը, ՀՀ օրենքներին հակասող և անվավեր ճանաչելու պահանջի մասին, 2004 թվականի հոկտեմբերի 26-ին վճռել է.

«1. Հայցը բավարարել՝ պատասխանող Էմմա Թունյանին պարտավորեցնել կնքել անշարժ գույքը պետական կարիքների համար վերցնելու մասին առուվաճառքի պայմանագիր, իսկ պատասխանողներ Գևորգ, Միհրան, Սաշիկ Սաֆյաններին՝ հաշվառված (գրանցված) անձի դրամական փոխհատուցման պայմանագրեր և պատասխանողներին վտարել վիճելի ք. Երևան Փավստոս Բյուզանդի փողոցի 9 շենք բնակարան 6 հասցեում գտնվող տարածքից.

 2. Էմմա Թունյանի հակընդդեմ դիմումը ՀՀ կառավարության 01.08.2002թ. թիվ 1151-Ն որոշումը ՀՀ միջազգային պայմանագրերին, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը, ՀՀ օրենքներին հակասող և անվավեր ճանաչելու պահանջի մասին մերժել:

(...)»:

10. ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի հիման վրա վերստին քննելով թիվ 5-707/2005թ. քաղաքացիական գործն ըստ հայցի «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ընդդեմ Էմմա Թունյանի, Գևորգ, Միհրան, Սաշիկ Սաֆյանների՝ անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու մասին պայմանագիր կնքելուն հարկադրելու և զբաղեցրած տարածքից վտարելու պահանջի մասին և Էմմա Թունյանի հակընդդեմ դիմումի՝ Կառավարության 01.08.2002 թ. թիվ 1151-Ն որոշումը ՀՀ միջազգային պայմանագրերին, Սահմանադրական դատարանի որոշմանը, ՀՀ օրենքներին հակասող և անվավեր ճանաչելու պահանջի մասին, 2005 թվականի մարտի 1-ին վճռել է.

««Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի հայցը բավարարել:

Պատասխանող Էմմա Թունյանին պարտավորեցնել կնքել Երևանի Փավստոս Բյուզանդի փողոցի 9 շենքի թիվ 6 հասցեում գտնվող անշարժ գույքը պետական կարիքների համար վերցնելու մասին առուվաճառքի պայմանագիր, իսկ պատասխանողներ Գևորգ, Միհրան, Սաշիկ Սաֆյաններին՝ հաշվառված (գրանցված) անձին դրամական փոխհատուցման պայմանագրեր և պատասխանողներին վտարել վիճելի Երևան քաղաքի Փավստոս Բյուզանդի փողոցի 9 շենքի բնակարան 6 հասցեում գտնվող տարածքից:

Էմմա Թունյանի հակընդդեմ դիմումը՝ ՀՀ կառավարության 01.08.2002 թ. թիվ 1151-Ն որոշումը ՀՀ միջազգային պայմանագրերին, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը, ՀՀ օրենքներին հակասող և անվավեր ճանաչելու պահանջի մասով գործի վարույթը կարճել:

(...)»:

11. Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատը, քննելով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի՝ 01.03.2005 թ. վճռի դեմ պատասխանողների ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը, թիվ 3-855(ՎԴ)2005 քաղաքացիական գործով 2005 թվականի ապրիլի 14-ին որոշել է.

«ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 01.03.05թ. վճիռը թողնել անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը՝ առանց բավարարման:

(...)»:

12. Էմմա Թունյանը և Գևորգ, Միհրան, Սաշիկ Սաֆյանները գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ նաև՝ ՄԻԵԴ): «Թունյանը և այլք ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 22812/05, 09.10.2012 թ., վերջնական 11.02.2013) գործով ՄԻԵԴ-ը վճռել է (վճռի հայերեն թարգմանությամբ).

«(...) տեղի է ունեցել Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում.

3. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

i) բոլոր դիմումատուներին համատեղ՝ նյութական վնասի դիմաց՝ 30 000 եվրո (երեսուն հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,

ii) յուրաքանչյուր դիմումատուին՝ ոչ նյութական վնասի դիմաց՝ 1 500 եվրո (հազար հինգ հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,

iii) դիմումատու Էմմա Թունյանին՝ ծախսերի և ծախքերի դիմաց՝ 30 եվրո (երեսուն եվրո)՝ գումարած նրանից գանձման ենթակա ցանկացած հարկ.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

4. Մերժում է դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը»:

13. Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, քննելով Էմմա Թունյանի, Սաշիկ, Գևորգ և Միհրան Սաֆյանների վճռաբեկ բողոքը՝ ըստ հայցի «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ընդդեմ Էմմա Թունյանի, Գևորգ, Միհրան և Սաշիկ Սաֆյանների` պայմանագրեր կնքելուն պարտավորեցնելու և տարածքից վտարելու պահանջների մասին, ըստ Էմմա Թունյանի հակընդդեմ դիմումի` Կառավարության որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 14.04.2005 թ. թիվ 3-855(ՎԴ)2005/2014թ. որոշումը նոր հանգամանքով վերանայելու մասին, 2014 թվականի մայիսի 8-ին որոշել է.

«1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 14.04.2005 թվականի որոշումը:

2. Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 01.03.2005 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

(...)»:

14. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քննելով թիվ ԵԿԴ/1635/02/14 քաղաքացիական գործն ըստ հայցի` «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ընդդեմ Էմմա Թունյանի, Գևորգ, Միհրան և Սաշիկ Սաֆյանների՝ պայմանագրեր կնքելուն պարտավորեցնելու և տարածքից վտարելու մասին, և ըստ Էմմա Թունյանի հակընդդեմ հայցի՝ Կառավարության որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, 2015 թվականի հուլիսի 9-ին վճռել է.

««Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ընդդեմ Էմմա Թունյանի, Գևորգ, Միհրան և Սաշիկ Սաֆյանների՝ պայմանագրեր կնքելուն պարտավորեցնելու և տարածքից վտարելու պահանջների մասին սկզբնական հայցը մերժել՝ անհիմն լինելու հիմքով։

Էմմա Թունյանի՝ ՀՀ կառավարության որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին հակընդդեմ հայցը կարճել՝ դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:

(...)», արձանագրելով հետևյալը.

«Դատարանը արձանագրում է, որ պետության կարիքների համար մասնավոր սեփականության օտարումը կարող է իրականացվել միայն կոնկրետ անշարժ գույքի վերաբերյալ օրենք ընդունելու միջոցով։ «Օրենք» բառը նշանակում է Ազգային ժողովի կողմից ընդունված օրենք։ Նման դիրքորոշում է հայտնել նաև ՀՀ Սահմանադրական դատարանը իր 27.02.1998թ. կայացրած որոշմամբ։

Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծությունից հետևում է նաև, որ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարումը կատարվում է միայն բացառիկ՝ գերակա հանրային շահերի դեպքում, որը նույնպես կարող է իրականացվել «օրենքով սահմանված կարգով»։

Մինչդեռ տվյալ դեպքում, հայցի իրավական հիմքում դրվել է ՀՀ կառավարության 01.08.2002թ. թիվ 1151-Ն որոշումը, որը սահմանել է Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում սահմանվում է պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր և շինություններ) օտարման գոտին։

Ավելին՝ ՀՀ Սահմանադրական դատարանի 18.04.2006թ. թիվ ՍԴՈ-630 որոշմամբ ի թիվս այլոց ՀՀ կառավարության 01.08.2002թ. թիվ 1151-Ն որոշումը ճանաչվել է Սահմանադրությանը չհամապատասխանող և 01.10.2006 թվականից ուժը կորցրել է»։

15. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ նաև՝ Դատարան), քննելով թիվ ԵԿԴ/5196/02/15 քաղաքացիական գործն ըստ հայցի Էմմա Թունյանի, Սաշիկ Սաֆյանի, Գևորգ Սաֆյանի, Միհրան Սաֆյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության` պետության կարիքների համար օտարված գույքի դիմաց նախնական համարժեք փոխհատուցում տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, 2019 թվականի փետրվարի 13-ին վճռել է.

«Էմմա Թունյանի, Սաշիկ Սաֆյանի, Գևորգ Սաֆյանի, Միհրան Սաֆյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության` պետության կարիքների համար օտարված գույքի դիմաց նախնական համարժեք փոխհատուցում տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցը բավարարել մասնակի:

 Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Էմմա Թունյանի, Սաշիկ Սաֆյանի, Գևորգ Սաֆյանի, Միհրան Սաֆյանի բռնագանձել 46 533 173.9 /քառասունվեց միլիոն հինգ հարյուր երեսուներեք հազար հարյուր յոթանասուներեք դրամ իննսուն լումա/ ՀՀ դրամ` որպես ք.Երևան, Բուզանդի փողոց 9 շենք թիվ 6 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի` 89.25 քմ մակերեսով շինության օտարման դիմաց չվճարված համարժեք փոխհատուցման գումար:

Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Էմմա Թունյանի բռնագանձել 114 843 600 /հարյուր տասնչորս միլիոն ութ հարյուր քառասուներեք հազար վեց հարյուր/ դրամ` որպես ք. Երևան, Բուզանդի փողոց 9 շենք թիվ 6 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի` 240 քմ մակերեսով հողամասի օտարման դիմաց չվճարված համարժեք փոխհատուցման գումար:

Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Էմմա Թունյանի, Սաշիկ Սաֆյանի, Գևորգ Սաֆյանի, Միհրան Սաֆյանի` բռնագանձել 46 533 173.9 /քառասունվեց միլիոն հինգ հարյուր երեսուներեք հազար հարյուր յոթանասուներեք դրամ իննսուն լումա/ ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով հաշվեգրվող տոկոսագումարները` սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև փաստացի փոխհատուցման պահը:

Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Էմմա Թունյանի` բռնագանձել 114 843 600 /հարյուր տասնչորս միլիոն ութ հարյուր քառասուներեք հազար վեց հարյուր/ ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով հաշվեգրվող տոկոսագումարները` սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև փաստացի փոխհատուցման պահը:

Հայցը մնացած մասով մերժել:

Բավարարված հայցապահանջների մասով պետական տուրքի հարցը համարել լուծված:

Էմմա Թունյանից, Սաշիկ Սաֆյանից, Գևորգ Սաֆյանից, Միհրան Սաֆյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 711 536,6/ յոթ հարյուր տասնմեկ հազար հինգ հարյուր երեսունվեց դրամ վաթսուն լումա/ ՀՀ դրամ` որպես ք.Երևան, Բուզանդի փողոց 9 շենք թիվ 6 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի` 89.25 քմ մակերեսով շինության օտարման դիմաց չվճարված համարժեք փոխհատուցում տրամադրելու պահանջի չբավարարված մասով պետական տուրքի գումար:

Էմմա Թունյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 1 270 848 /մեկ միլիոն երկու հարյուր յոթանասուն հազար ութ հարյուր քառասունութ/ ՀՀ դրամ` որպես ք.Երևան, Բուզանդի փողոց 9 շենք թիվ 6 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի` 240 քմ մակերեսով հողամասի օտարման դիմաց չվճարված համարժեք փոխհատուցում տրամադրելու պահանջի չբավարարված մասով պետական տուրքի գումար:

(...)»:

16. Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննելով պատասխանող Հայաստանի Հանրապետության անունից ներկայացված վերաքննիչ բողոքը՝ Դատարանի 13.02.2019 թ. թիվ ԵԿԴ/5196/02/15 վճռի դեմ՝ քաղաքացիական գործով ըստ հայցի Էմմա Թունյանի, Սաշիկ Սաֆյանի, Գևորգ Սաֆյանի, Միհրան Սաֆյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ պետության կարիքների համար օտարված գույքի դիմաց նախնական համարժեք փոխհատուցում տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, 2019 թվականի հոկտեմբերի 4-ին որոշել է.

«1. Հայաստանի Հանրապետության վերաքննիչ բողոքը բավարարել: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 13.02.2019 թվականի թիվ ԵԿԴ/5196/02/15 վճիռը մասնակի՝ բողոքարկված՝ հայցը բավարարելու, բավարարված հայցապահանջների մասով պետական տուրքի հարցը լուծված համարելու մասերով բեկանել և այդ մասերով փոփոխել.

«Էմմա Թունյանի, Սաշիկ Սաֆյանի, Գևորգ Սաֆյանի, Միհրան Սաֆյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ պետության կարիքների համար օտարված գույքի դիմաց նախնական համարժեք փոխհատուցում տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, մերժել:

 Հայցվորներ Էմմա Թունյանից, Սաշիկ Սաֆյանից, Գևորգ Սաֆյանից, Միհրան Սաֆյանից համապարտության կարգով ՀՀ պետական բյուջե բռնագանձել 926663.5 ՀՀ դրամ:

Էմմա Թունյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 2296872 ՀՀ դրամ»:

2. Էմմա Թունյանից, Սաշիկ Սաֆյանից, Գևորգ Սաֆյանից, Միհրան Սաֆյանից համապարտության կարգով ՀՀ պետական բյուջե բռնագանձել 1395995.22 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Էմմա Թունյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 3445308 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

(...)»՝ արձանագրելով, մասնավորապես, հետևյալը.

«Միաժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիմումատուների կրած նյութական վնասը գնահատել է 30000 եվրո՝ մերժելով հայցի մնացած մասը, այդ թվում՝ բաց թողնված օգուտի պահանջը, ինչպես նաև վճռել է դիմումատուներից յուրաքանչյուրին տրամադրել 1500 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Թունյանը և այլոք ընդդեմ Հայաստանի թիվ 22812/05 գանգատի շրջանակներում 09.10.2012 թվականի վճռից վկայակոչված վերոնշյալ պարագրաֆներից հետևում է, որ վճռով փոխհատուցման ենթակա գումարները սահմանվել են ոչ միայն Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ի հոդվածի խախտման դիմաց, այլև որպես դիմումատուների գույքի օտարման դիմաց արդարացի փոխհատուցում, այսինքն՝ ՄԻԵԴ-ը սույն գործով սահմանել է հայցվորների վնասի հատուցում ամբողջ ծավալով, ինչը կատարվել է (տե՛ս փաստ 1, մասնավորապես ի կատարումն ՄԻԵԴ վճռի՝ 06.09.2013 թվականի թիվ 00046 վճարման հանձնարարագրով «Գլենդել Հիլզ» ՓԲԸ կողմից Սաշիկ Սաֆյանի օգտին վճարվել է 16210000 ՀՀ դրամ, 10.09.2013 թվականի թիվ 00045 վճարման հանձնարարագրով՝ 3800000 ՀՀ դրամ):

Նշված փաստերի համադրման արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ հայցվորները, օտարված գույքի դիմաց փոխհատուցման պահանջ ներկայացնելով, ըստ էության, կրկին ներկայացրել են պահանջ, ինչի վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած, ի կատար ածված դատական ակտ՝ անտեսելով վերջինիս պարտադիր բնույթը:

Մինչդեռ սույն որոշմամբ վկայակոչված իրավական հիմքերով քաղաքացուն տրամադրման ենթակա փոխհատուցման կրկնակի պահանջի ներկայացումը խախտում է իրավական որոշակիության սկզբունքի մաս կազմող՝ դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքը: Իրավական որոշակիության սկզբունքի բովանդակության մեջ, ի թիվս այլնի, ներառվում է դրույթն առ այն, որ անթույլատրելի է դատարանի կողմից արդեն մեկ անգամ լուծված գործի կրկնակի քննությունը:

Բացի այդ, փոխհատուցման պահանջի կրկնակի ներկայացումը կամ երկու տարբեր հայցերի դեպքում նույն հիմքով առաջացած գումարները Հայաստանի Հանրապետությունից քաղաքացու օգտին կրկնակի բռնագանձելն ուղղակիորեն կենթադրի կրկնակի պատասխանատվություն և անհամաչափ միջամտություն կատարված արարքի համար:

Վերոգրյալի հիման վրա՝ սույն որոշման պատճառաբանությունների ուժով Դատարանի եզրահանգումն այն մասին, որ «ՄԻԵԴ վճռով սահմանված գումարների վճարումը չի կարող գնահատվել որպես վիճելի գույքի համարժեք փոխհատուցում», Վերաքննիչ դատարանը գնահատում է ոչ իրավաչափ և սույն գործի փաստական հանգամանքներից չբխող, որպիսի պայմաններում վերանայվող դատական ակտը բողոքարկված՝ հայցը՝ Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Էմմա Թունյանի, Սաշիկ Սաֆյանի, Գևորգ Սաֆյանի, Միհրան Սաֆյանի 46533173.9 ՀՀ դրամ, հօգուտ Էմմա Թունյանի՝ 114843600 դրամ բռնագանձելու, 46533173.9 ՀՀ դրամի և 114843600 դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով տոկոսագումարներ հաշվեգրվելու պահանջները բավարարելու մասերով, ենթակա է բեկանման»:

17. Վճռաբեկ դատարանը, քննելով նշված քաղաքացիական գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.10.2019 թ. որոշման դեմ Էմմա Թունյանի և Սաշիկ, Գևորգ, Միհրան Սաֆյանների ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքները քննության ընդունելու հարցը, 2020 թվականի մարտի 26-ին որոշել է.

«1. Թիվ ԵԿԴ/5196/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.10.2019 թվականի որոշման դեմ Էմմա Թունյանի և Սաշիկ, Գևորգ, Միհրան Սաֆյանների ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժել:

(...)»:

18. Վճռաբեկ դատարանը, քննելով ըստ Էմմա Թունյանի, Սաշիկ, Գևորգ և Միհրան Սաֆյանների (այսուհետ՝ Համահայցվորներ) հայցի ընդդեմ Հայաստանի Հանրապետության` փոխհատուցում տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 26.03.2020թ. «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու վերաբերյալ Համահայցվորների բերած բողոքը քննության ընդունելու հարցը, 2025 թվականի մայիսի 14-ին որոշել է.

«1 Վերադարձնել թիվ ԵԿԴ/5196/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 26.03.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու վերաբերյալ Էմմա Թունյանի, Սաշիկ, Գևորգ ու Միհրան Սաֆյանների բերած բողոքը:

(...)»՝ արձանագրելով, մասնավորապես, հետևյալը.

«Տվյալ դեպքում Համահայցվորները պահանջել են նոր հանգամանքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 26.03.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումն ու որպես դատական ակտի վերանայման համար հիմք հանդիսացող նոր հանգամանք նշել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 8001/07 գանգատի վերաբերյալ 25.07.2019 թվականին կայացված վճիռը։

Վճռաբեկ դատարանը, բողոքում որպես նոր հանգամանք նշվածը համադրելով բողոքարկվող դատական ակտի հետ, արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 26.03.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու առումով ներկայացված բողոքի շրջանակներում ակնհայտորեն հիմնավորված չէ նոր հանգամանքի առկայությունը (...):

(…)

Նշված հիմքով բողոքը վերադարձնելիս Վճռաբեկ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, բողոքը կրկին ներկայացնելու համար ժամկետ չի տրամադրում»:

 

Դիմողի դիրքորոշումները

19. Դիմողը, ներկայացնելով բարձրացված հարցադրումների առնչությամբ ներպետական իրավակարգավորումները, ինչպես նաև Սահմանադրական դատարանի վերաբերելի որոշումներում արտացոլված իրավական դիրքորոշումները, գտնում է, որ Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին (վերաբերելի մասով) իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հանգեցրել է իր՝ Սահմանադրությամբ և միջազգային փաստաթղթերով երաշխավորված սեփականության և արդար դատաքննության իրավունքների խախտման:

20. Դիմողը, մասնավորապես, նշում է, որ Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սահմանափակումները Սահմանադրական դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 11-ի ՍԴՈ-1769 որոշմամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր են ճանաչվել այն իմաստով, որ ՀՀ վավերացված միջազգային պայմանագրի հիման վրա գործող դատարանում գործին չմասնակցած անձի կողմից, որը նույն դատարանի վճռի կամ որոշման կայացման պահին չի ունեցել այդ դատարան դիմելու իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն, Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման որևէ սկզբունքի՝ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող դատարանի կողմից խախտված ճանաչվելու դեպքում, նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունի:

21. Դիմողի պնդմամբ` Վճռաբեկ դատարանը Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1769 որոշմանը հաղորդել է այլ բովանդակություն՝ «փաստացի՝ «խմբագրելով» այն, ըստ էության, համարելով, որ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող դատարանում գործին չմասնակցած անձի կողմից, որը նույն դատարանի վճռի կամ որոշման կայացման պահին չի ունեցել այդ դատարան դիմելու իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորությունը ենթակա է հիմնավորման, առանց որևէ անդրադարձ անելու Դիմողի կողմից առաջադրած այն պարզ փաստարկին, որ (1) Դիմողը չի ստացել իր գույքի դիմաց փոխհատուցում ներպետական դատարանների կողմից. (2) Դիմողին վճարված փոխհատուցման միակ գումարը եղել է ՄԻԵԴ վճռով նախատեսված փոխհատուցման գումարը, որը, ինչպես Վարդանյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ը ուղղակիորեն սահմանել է, հանդիսանում է ոչ թե Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված փոխհատուցման սկզբունքներով հաշվարկվող, այլ բացառապես ՄԻԵԿ 41-րդ հոդվածով հաշվարկվող գումար. (3) ամեն դեպքում ՀՀ ներպետական դատարանների կողմից երբեք չի քննարկվել Դիմողի սեփականության 60-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան փոխհատուցման չափը որոշելու հարց, մինչդեռ Վարդանյանն ընդդեմ Հայաստանի վճռից ակնհայտ է, որ ՄԻԵԴ կողմից որոշված գումարը (տան արժեքի մասով) դիտարկվել է բացառապես հավելումն ներպետական դատարանների սահմանած գումարին (...)»:

23. Դիմողը նշում է, որ չի ստացել նախնական և համարժեք փոխհատուցում իր սեփականության դիմաց, որն օտարվել է հանրության գերակա շահերի ապահովման համար, և, որպես իր սեփականության դիմաց փոխհատուցման պահանջի մերժման միակ պատճառաբանություն` Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2019 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ նշվել է, որ ՄԻԵԴ-ի վճռով նրան տրամադրվել է 30.000 եվրո փոխհատուցում: Դիմողի պնդմամբ` նշված որոշումը կայացնելիս Վերաքննիչ քաղաքացիական դատարանն իրավական եզրահանգումներ է կատարել ոչ թե օրենքի, այլ զուտ սուբյեկտիվ դատողությունների հիման վրա:

24. Դիմողը գտնում է, որ Օրենսգրքի վիճարկվող դրույթին Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1769 որոշմամբ հաղորդած բովանդակությունը ենթադրում է, որ վերանայման համար միակ պայման պետք է հանդիսանա անձի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման որևէ սկզբունքի խախտման հանգամանքը:

25. Դիմողը խնդրում է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող ու անվավեր:

 

Պատասխանողի դիրքորոշումները

26. Պատասխանողը, վկայակոչելով Սահմանադրության 1-ին հոդվածը, 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) վերաբերելի դրույթները, մեջբերելով Օրենսգրքի վիճարկվող դրույթով սահմանված և վերաբերելի այլ իրավակարգավորումներ, Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի, ՄԻԵԴ-ի ակտերում արտացոլված համապատասխան իրավական դիրքորոշումները, մասնավորապես, նշում է. «(...) նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի նպատակն է անձանց խախտված իրավունքների վերականգնումը, միաժամանակ ապահովելով res judicata սկզբունքը (a matter judged/a thing adjudged): Նման պայմաններում իրավական պետության առաջնային նպատակներից մեկն է հանդիսանում խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը, ինչպես նաև դրա արդյունքում առաջացած բացասական հետևանքների վերացումը՝ վերականգնելով նաև մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum):

Այս կապակցությամբ օրենսդրի կողմից սահմանվել է հստակ կարգավորում առ այն, որ եթե առկա է միջազգային դատարանի՝ ուժի մեջ մտած վճիռ կամ որոշում, որով հիմնավորվել է անձի՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, ապա դա հանդիսանում է նոր հանգամանք, հետևաբար՝ հիմք դատական ակտի վերանայման համար:

Այսպիսով, եթե միջազգային դատարանի վճռով կամ որոշմամբ հաստատվել են այնպիսի հանգամանքներ, որոնք օբյեկտիվ իրականության մեջ կասկած են առաջացնում արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավական և (կամ) փաստական հիմնավորումների վերաբերյալ, ապա դա անխուսափելիորեն հարուցում է նաև օբյեկտիվ անհրաժեշտություն տվյալ դատական ակտի վերանայման համար:

Ավելին՝ վիճարկվող դրույթի ձևակերպումից ևս ակնհայտ է, որ այն իր իրավակարգավորիչ դերով հանդիսանում է անձի սահմանադրական և/կամ կոնվենցիոն իրավունքների արդյունավետ պաշտպանության իրական երաշխիք: Այսինքն՝ օրենսդրի կողմից հստակորեն նախատեսվել է, որ այն բոլոր դեպքերում, երբ միջազգային դատարանի որոշմամբ կամ վճռով հիմնավորվել կամ հաստատվել է անձի՝ ներպետական դատարանների կողմից որևէ սահմանադրական կամ կոնվենցիոն իրավունքի խախտման փաստ՝ վիճարկվող դրույթի համատեքստում այն անվերապահորեն հանդիսանում է նոր հանգամանք-հիմք արդեն իսկ ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման համար:

Նման մոտեցումն ինքնանպատակ չէ և կոչված է երաշխավորելու ոչ միայն անձանց խախտված իրավունքների պաշտպանության, այլև քաղաքացիական գործերի լուծման հարցում դատարանների կողմից թույլ տրված որոշ թերությունների կամ խախտումների շտկման համար»:

27. Անձի սեփականության իրավունքի, վերջինիս միջամտության, մասնավորապես՝ սեփականությունից զրկելու և հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման հարցերի համատեքստում Պատասխանողը վկայակոչել է Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում արտացոլված վերաբերելի իրավական դիրքորոշումներ:

28. Պատասխանողը նշում է. «Այնուամենայնիվ, տվյալ դեպքում, Եվրոպական դատարանի կողմից Դիմողի նկատմամբ առկա է վճիռ, որով արձանագրվել է Դիմողի սեփականության իրավունքի խախտում, ինչպես նաև սահմանվել է նյութական վնասի փոխհատուցման չափ, և Եվրոպական դատարանը, հաշվի առնելով, որ օտարված բնակարանն այլևս գոյություն չունի և անհնար է ստույգ հաշվարկել նյութական վնասի չափը, անձի նյութական վնասի գնահատումն իրականացրել է արդարացիության սկզբունքի հիման վրա: Ասվածից բխում է, որ, անդրադառնալով սեփականության օտարման դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» պահանջի պահպանված լինելու հանգամանքին, դատարանը հաշվի է առել, որ գույքն այլևս գոյություն չունի, ուստի, անհնար է ստույգ հաշվարկել նյութական վնասի չափը, հետևաբար անձի նյութական վնասի գնահատումն իրականացրել է ելնելով արդարացիության սկզբունքից: Իսկ նման վճռի առկայության պայմաններում օրենսդրի [Օրենսգրքի] վիճարկվող դրույթով Դիմողը հնարավորություն է ունեցել իր նկատմամբ նախկինում կայացված դատական ակտը վերանայելու»:

29. Պատասխանողը եզրահանգում է, որ ՄԻԵԴ-ի կողմից սեփականության իրավունքի խախտման փաստն արձանագրող վճռի և Օրենսգրքի՝ վիճարկվող 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հնարավորության առկայության պայմաններում Դիմողի սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված բոլոր ընթացակարգերն ամբողջությամբ պահպանվել են, «այն է՝ սեփականության իրավունքի խախտման փաստը արձանագրող Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռի՝ որպես նոր հանգամանքի հիմքով անձի նկատմամբ կայացված դատական ակտը, որի արդյունքում խախտվել էր անձի սեփականության իրավունքը, վերանայվել է, այն բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության, որի արդյունքում մերժվել է սկզբնական հայցը՝ անհիմն լինելու հիմքով:

Այսպիսով, տվյալ դեպքում, Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռով սահմանված կարգով և չափով պարտավոր պետության կողմից անձի նյութական վնասի փոխհատուցումը վճարած լինելու և Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռի՝ որպես նոր հանգամանքի հիմքով գործի վերանայման դատավարական ընթացակարգերը պահպանված լինելու պայմաններում, նորից նույն հիմքի շրջանակներում անձի կողմից նոր հայցապահանջի ներկայացումը, այսինքն՝ իր գույքի օտարման դիմաց նախնական համարժեք փոխհատուցում ստանալու նպատակով նորից պահանջ ներկայացնելը, կհանդիսանա նույն հիմքով կրկնակի պահանջ, իսկ դրա բավարարումը՝ կրկնակի փոխհատուցում, հանգեցնելով res judicata սկզբունքի խախտման»:

30. Պատասխանողը գտնում է. «(...) Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի տեսանկյունից ևս, խնդրահարույց չէ»:

31. Պատասխանողը խնդրում է սույն գործով ընդունել որոշում՝ վիճարկվող դրույթը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:

 

Սահմանադրական վեճի քննության շրջանակը

 32. Սույն գործով սահմանադրական վեճը հանգում է Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի սահմանադրականության հարցին՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում նշված օրինադրույթին տրված այն մեկնաբանությունը, որին համապատասխան՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման վերաբերյալ քաղաքացիական գործով կայացված դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա չէ վերանայման, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ընդդեմ Հայաստանի Հանրապետության ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է մեկ այլ անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի (հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) օտարված սեփականության դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում ստանալու բացարձակ իրավունքի մասով) խախտման փաստն այն պայմաններում, երբ Դիմողի՝ խնդրո առարկա իրավունքի խախտման փաստն արդեն իսկ նախկինում արձանագրվել է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի կողմից՝ հանդիսանալով Դիմողի նկատմամբ կայացված դատական ակտի՝ նոր հանգամանքով վերանայման հիմք:

Սահմանադրական դատարանը սույն սահմանադրական վեճն անհրաժեշտ է համարում դիտարկել բացառապես անձի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով երաշխավորված՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) օտարված սեփականության դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում ստանալու բացարձակ իրավունքի պաշտպանության համատեքստում՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերով ամրագրված իրավունքների իրացումն ապահովելու լույսի ներքո:

 

Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

33. Վիճարկվող օրինադրույթի՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, Սահմանադրությանը համապատասխանությունը գնահատելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ, մասնավորապես, ներքոնշյալ հարցադրմանը՝

- արդյո՞ք Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը համահունչ է անձի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով երաշխավորված՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) օտարված սեփականության դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում ստանալու բացարձակ իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությանը՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերով ամրագրված իրավունքների իրացումն ապահովելու համատեքստում՝ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 11-ի ՍԴՈ-1769 որոշմամբ (բայց ոչ միայն) արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

34. Սույն սահմանադրական վեճի լուծմանը վերաբերելի Սահմանադրության դրույթներն են՝

«Հայաստանի Հանրապետությունն (...) իրավական պետություն է» (1-ին հոդված).

«Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են» (3-րդ հոդվածի 2-րդ մաս).

«Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք» (3-րդ հոդվածի 3-րդ մաս).

«Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ» (5-րդ հոդվածի 1-ին մաս).

«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ» (60-րդ հոդվածի 5-րդ մաս).

«Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք» (61-րդ հոդվածի 1-ին մաս).

«Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք» (63-րդ հոդվածի 1-ին մաս):

35. Սահմանադրական դատարանը սույն գործով վերահաստատում է սեփականության իրավունքի վերաբերյալ իր՝ 2018 թվականի հոկտեմբերի 30-ի ՍԴՈ-1432 որոշման շրջանակում արտահայտած դիրքորոշումն առ այն, որ սեփականության իրավունքը` որպես ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության պայմաններում անձի իրավունքների ու ազատությունների երաշխավորման բնութագրիչ, միաժամանակ նաև՝ որպես մասնավոր և հանրային իրավահարաբերությունների կարգավորման կառուցակարգ, ունի սահմանադրաիրավական կարևոր նշանակություն (կետ 4.1):

Սեփականության իրավունքի պաշտպանության՝ Հայաստանի Հանրապետության իրավակարգում ունեցած ընդգծված կարևորությունն արձանագրված է, առաջին հերթին, Սահմանադրության՝ սահմանադրական կարգի հիմունքների ներքո արտացոլված՝ «Սեփականության երաշխավորումը» վերտառությամբ 10-րդ հոդվածում, որի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:

Սեփականության հիմնական իրավունքի պաշտպանության նպատակով սեփականության իրավունքի պաշտպանության երաշխիքներն ամրագրված են նաև Սահմանադրության 60-րդ հոդվածում։

Սեփականության իրավունքի պաշտպանության հանրային իշխանության պարտականությունը Հայաստանի Հանրապետության իրավակարգի կարևոր բաղադրիչ է նաև մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով, այդ թվում՝ Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով։

Սահմանադրության 60-րդ հոդվածով նախատեսված են սեփականության իրավունքին միջամտությունների՝ (1) սեփականության իրավունքի ընդհանուր սահմանափակումների, (2) սեփականությունից զրկման և (3) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման նպատակները, իրավական հիմքը և պայմանները։

36. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սեփականության իրավունքը բացարձակ չէ և ենթակա է սահմանադրաչափ սահմանափակումների:

Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված նորմը գործում է որպես սեփականության իրավունքին հանրային իշխանության կողմից միջամտության ընդհանուր կանոն (lex generalis)։

Միաժամանակ, սեփականության իրավունքին առավել խիստ միջամտության երկու հատուկ ձևերից մեկի՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականությունն օտարելու իրավահարաբերությունների կարգավորման նպատակով Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվել է Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասի նկատմամբ հատուկ նորմ (lex specialis), որով, դրանով նախատեսված միջամտության խստության աստիճանով և իրավահարաբերությունների բնույթով պայմանավորված, նախատեսված են սեփականության իրավունքին միջամտության սահմանադրաչափության հատուկ և պարտադիր այլ պայմաններ։

37. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասից բխող՝ «նախնական և համարժեք փոխհատուցման» պահանջի իրավունքի սահմանադրական բովանդակության հարցին Սահմանադրական դատարանն անդրադարձել է իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-92, ՍԴՈ-630, ՍԴՈ-1432, ՍԴՈ-1699, ՍԴՈ-1769, ՍԴՈ-1797):

38. Սահմանադրական դատարանը վերահաստատում է սեփականության իրավունքի պաշտպանության հարցում Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության պոզիտիվ պարտավորությունը, ի թիվս այլ ջանքերի՝ երաշխավորել հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականությունը օտարելու և նախնական ու համարժեք փոխհատուցում ապահովելու վերաբերյալ սահմանադրաիրավական պահանջների կատարումը (Սահմանադրական դատարանի 2018 թվականի հոկտեմբերի 30-ի ՍԴՈ-1432 որոշում, կետ 41):

39. Սահմանադրական դատարանի 2023 թվականի նոյեմբերի 7-ի ՍԴՈ-1699 որոշման մեջ նշված է. «Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման հնարավորությունը «միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ» իրականացնելու՝ Սահմանադրությամբ ամրագրված երաշխիքի արժեբանական բովանդակությունը Սահմանադրի կողմից՝ օտարված գույքի դիմաց տրված բառացի, դրա նկատմամբ կիրառելի պայմանականություններից զերծ, անվերապահ խոստումն է՝ ապահովելու «նախնական և համարժեք փոխհատուցում»։ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված Սահմանադրության բարձրագույն ուժով և 3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անմիջականորեն գործող իրավունքով պայմանավորված՝ այս խոստման իրավական բովանդակությունը, համապատասխանաբար, հանրային իշխանության համար այն ի կատար ածելու անվերապահ հանձնառությունն է։ Սահմանադրի այս խոստումը, միաժամանակ, հայելային անդրադարձով հանդես է գալիս, որպես հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) օտարված սեփականության տիրոջ՝ օտարված գույքի դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» պահանջի բացարձակ իրավունք։

(...)

Բացարձակ իրավունքի որակը, որի նկատմամբ Սահմանադիրը բացառել է հանրային իշխանության միջամտության հնարավորությունը, այլ ընդհակառակը՝ հանրային իշխանությանը ծանրաբեռնում է այդ իրավունքի իրականացման նպատակով ձեռնարկելու դրա արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, վերաբերում է միայն հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) օտարված սեփականության դիմաց օտարված գույքի սեփականատիրոջ՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով «նախնական և համարժեք փոխհատուցման» պահանջի իրավունքին» (կետ 5.7)։

Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշման մեջ արձանագրված է. «(...) Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններ սահմանելու նպատակային նշանակությունը հանրային իշխանությանը պարտավորեցնելն է՝ յուրաքանչյուր ամրագրված իրավունքի ոչ միայն պաշտպանությունը, այլև դրա խախտման դեպքում պատճառված վնասների հատուցում ապահովելը (Սահմանադրական դատարանի 2017 թվականի նոյեմբերի 7-ի ՍԴՈ-1383 որոշում):

Հիմնական իրավունքի արդյունավետ իրականացումը հանրային իշխանությունից պահանջում է ոչ միայն ձեռնպահ մնալ այդ իրավունքի իրականացմանը միջամտությունից, այլև դրա արդյունավետ իրացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ թելադրում է նաև որոշ պոզիտիվ պարտականություններ։

Նշվածի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ սեփականության օտարման դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» պահանջի իրավունքի արդյունավետ իրականացման ընթացակարգային առաջնային երաշխիքն է դրա՝ արդար դատաքննության իրավունքի համապատասխան կառուցակարգերի միջոցով պաշտպանության ապահովումը։

(…)

(...) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում տրամադրելու սահմանադրական երաշխիքը ենթակա չէ հանրային իշխանության հայեցողությամբ սահմանվող պայմանականություններին։ Հետևաբար՝ անձի՝ իր օտարված սեփականության դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում ստանալու պահանջի իրավունքը սահմանափակման ենթակա չէ՝ անկախ նման ենթադրյալ սահմանափակման նպատակից՝ «բացարձակ իրավունքը ենթակա է բացարձակ պաշտպանության» սկզբունքով» (կետ 5.9):

40. Վերոնշյալի համատեքստում Սահմանադրական դատարանը կրկին փաստում է, որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» բացարձակ իրավունքը ենթակա է անվերապահ պաշտպանության, ինչը ենթադրում է հանրային իշխանության մարմինների աննահանջ հանձնառությունը՝ երաշխավորել սույն իրավունքի արդյունավետ իրացումն ապահովող արդյունավետ գործիքակազմ, ներառյալ՝ Սահմանադրությամբ երաշխավորված համապատասխանաբար՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացման հնարավորությունն ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային դատական ատյաններում:

41. Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները ենթադրում են նաև դատական ակտի վերանայման իրավունքի կենսագործմանը միտված համապատասխան օրենսդրական երաշխիքների առկայություն, քանզի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման ինստիտուտը, այդ թվում՝ նոր երևան եկած հանգամանքների հիմքով, գործուն երաշխիք է մարդու խախտված իրավունքների վերականգնմանը միտված իրավական գործիքակազմի համալիրում: Նշված իրավունքը մարմնավորում է արդարադատության ինքնանորոգման և իրավունքի գերակայության ապահովման ինստիտուցիոնալ հիմքը՝ երաշխավորելով արդարադատության սահմանադրահեն որակը: Այդ համատեքստում առանցքային է ոչ միայն նշված իրավունքի իրացմանն ուղղված պատշաճ օրենսդրական կառուցակարգեր ամրագրելը, այլև դրանց՝ Սահմանադրությանը համահունչ մեկնաբանություն հաղորդելը, քանզի միայն այդ պայմաններում կարող է երաշխավորվել դրա նպատակային նշանակությամբ կենսագործումը:

42. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերջնականության (res judicata) սկզբունքից բացառություններին և դրանց կառուցակարգային առանձնահատկություններին առնչվող սահմանադրական վեճերի քննության արդյունքներով Սահմանադրական դատարանը սույն սահմանադրական վեճի շրջանակին վերաբերելի՝ նոր հանգամանքով դատական ակտերի վերանայման համատեքստում, համապատասխան որոշումների շրջանակում արտահայտել է իրավական դիրքորոշումներ: Մասնավորապես՝

- «(...) դատական ակտերի վերանայման արդյունավետ ինստիտուտի գոյությունը ևս պետք է հիմնվի այն տրամաբանության վրա, որ պետությունը պետք է ապահովի խախտված իրավունքների վերականգնումը, քանզի քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության պարտավորությունը ենթադրում է, որ պետությունն ինքն է պատասխանատու դատական ակտերով խախտված իրավունքների վերականգնման համար։ Պետության նման պարտավորության կատարումն ապահովելու բավականին արդյունավետ միջոց է դատական ակտերի վերանայումն իրավունքի ուժով:» (15.07.2011 թ. ՍԴՈ-984 որոշում, կետ 11).

- «Նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման ինստիտուտի արդյունավետ կիրառումը պահանջում է նաև իրավական մշակույթի անհրաժեշտ մակարդակ։ Առաջին հերթին խնդիրն առնչվում է մարդու իրավունքների ապահովման ու պաշտպանության հարցում պետության պոզիտիվ պարտականության կատարմանը։ Եթե հակասահմանադրական նորմի կիրառմամբ է անձի նկատմամբ դատական ակտ կայացվել, ապա ոչ միայն անխուսափելի պետք է լինի այդ ակտի բեկանումը, այլև արդարադատության խնդիրն է նոր հանգամանքներում դատական ճշմարտության բացահայտումը։» (31.05.2013 թ. ՍԴՈ-1099 որոշում, կետ 6).

- «Արձանագրելով, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերջնականության սկզբունքը չունի բացարձակ բնույթ, և դրանից հնարավոր են բացառություններ, եթե այդ սկզբունքից շեղումը պայմանավորված է էական և ծանրակշիռ հիմնավորումներով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման հիմնավորումներ են, մասնավորապես, այնպիսիք, որոնց անտեսումը կարող է բերել հիմնական իրավունքի կամ ազատության պաշտպանության շրջանակին վերաբերող իրավական վեճերով դրանց խախտումների նկատմամբ Սահմանադրության գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի հանդուրժողականության:

(...) Սահմանադրական դատարանը շեշտում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերջնականության սկզբունքից ցանկացած բացառություն պետք է ունենա այնպիսի ծանրակշիռ հիմնավորումներ, որոնց առկայությունն անհատական իրավունքի կամ ազատության պաշտպանության և արդարադատության համակարգի կայունության մրցակցող շահերի պայմաններում բացառում է որևէ կասկածի հնարավորությունն առ այն, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերջնականության սկզբունքից նահանջը կարող է արդարացված լինել:» (11.02.2025 թ. ՍԴՈ-1769 որոշում, կետեր 79-80, 20.05.2025 թ. ՍԴՈ-1782 որոշում, կետ 37):

43. Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերջնականության (res judicata) սկզբունքից շեղումը հնարավոր է բացառիկ դեպքերում՝ օրենքով հստակ ուրվագծված հիմքերով և կարգով՝ արդարադատության այնպիսի «աղաղակող սխալի» շտկման նպատակով, որի բացահայտման պայմաններում օրինական ուժի մեջ մտած դատական ակտն անհամատեղելի է Սահմանադրի որդեգրած արժեբանությանը: Վերջինիս «զոհաբերումն» իրավական ֆորմալիզմին (ձևապաշտությանը) Սահմանադրի համար անհանդուրժելի է:

44. Օրենսգրքի՝ «Դատական ակտերը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու վարույթը» վերտառությամբ 58-րդ գլխի ներքո ամրագրված են նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա դատական ակտերը, վերանայող դատարանը, համապատասխան բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, ինչպես նաև, ի շարս այլնի՝ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը:

Այս առումով Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ քաղաքացիական դատավարությունում նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայումը դատական ակտերի օրինականության և հիմնավորվածության ապահովմանն ուղղված նշանակալի իրավական մեխանիզմ է, որն առանցքային դեր է կատարում՝ նպաստելով արդարադատության սահմանադրաիրավական բովանդակությանն անհամատեղելի դատական սխալների վերացմանը և անձանց խախտված իրավունքների վերականգնմանը՝ վերջնարդյունքում հանգեցնելով սահմանադրահեն արդարադատության իրականացման, որը հանրային վստահության շարունակական ամրապնդման գրավականն է:

45. Քաղաքացիական դատավարությունում նոր հանգամանքներով դատական ակտի վերանայումն իրականացվում է Օրենսգրքի 419-րդ հոդվածով նախատեսված հիմք(եր)ի առկայության պայմաններում: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանը նշում է, որ ՍԴՈ-1769 որոշման շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումներն այնքանով, որքանով վերաբերելի են Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման դիմաց փոխհատուցման նախնականության և համարժեքության սկզբունքների պահպանմանը, վերաբերելի են նաև սույն սահմանադրական վեճին: Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշման 143-րդ կետում, մասնավորապես, նշված է. «(...) Պաշտպանության ենթակա իրավունքի բացարձակ բնույթն այդ իրավունքի պաշտպանության, իսկ հնարավոր խախտումների դեպքում՝ դրանք վերացնելու համար կազմակերպական արդյունավետ կառուցակարգեր և ընթացակարգեր նախատեսելու ուղղակի պարտականություն ենթադրելու բերումով, Սահմանադրական դատարանի համար խիստ ծանրակշիռ հանգամանք է դատական ակտերի վերջնականության սկզբունքին հակակշռելու համար: Ավելին, այն միայնակ չէ դատական ակտերի վերջնականության սկզբունքով պաշտպանվող արժեքին հակակշռող նժարի վրա: Դատական ակտերի վերջնականության սկզբունքի ուժով վիճարկվող դրույթում Դիմողների կողմից նոր հանգամանքով իրենց գործերով դատական ակտերը վերանայելու սահմանափակումների համաչափության գնահատման համար Սահմանադրական դատարանը չի կարող անտեսել, որ`

(...).

բ) թեպետ ՄԻԵԿ-ի վավերացման պահից ի վեր հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման գործընթացներում տեղ գտած իրավունքի խախտումները շարունակաբար ճանաչվել են ՄԻԵԴ-ի վճիռներով և ՄԻԵԴ-ին ներկայացրած Կառավարության միակողմանի հայտարարություններում, այդ խախտումները շարունակել են տեղ գտնել և առաջնահերթորեն վերաբերել են միջամտության համաչափությանը, իսկ այն դեպքերում, երբ առանցքային արձանագրումները վերաբերել են սեփականության օտարման օրինականությանը, ապա խախտման ճանաչման հետ մեկտեղ ՄԻԵԴ-ի կողմից առավելագույն հստակությամբ արձանագրվել է օտարվող գույքի դիմաց փոխհատուցման համակարգի անհամատեղելիությունը ՄԻԵԿ-ի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի պահանջներին (տես՝ սույն որոշման կետ 100) [«Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի» (արդարացի փոխհատուցում) թիվ 27651/05, §§ 17-20, 2011 թվականի հուլիսի 7 (հայերեն թարգմանությամբ)].

(...).

ե) միջազգային մարմինները ևս արձանագրել են Հայաստանի Հանրապետությունում հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման ոլորտում սեփականատերերի իրավունքների նախկինում տեղ գտած խախտումների տարածվածությունը և շեշտադրել համարժեք փոխհատուցման իրավունքի վերականգնման կարևորությունը (տե՛ս սույն որոշման կետ 108).

զ) օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման համարժեքության սկզբունքի պահպանվածությանը վերաբերող գործերով խախտումները կրել են բազմակի և շարունակական բնույթ և իրենց լուծումը չեն ստացել եռաստիճան դատական համակարգում: Իր հերթին, ներպետական պաշտպանության միջոցների անարդյունավետությունը վերջնարդյունքում հանգեցրել է ՄԻԵԴ-ի կողմից սեփականատերերի իրավունքների խախտումները ճանաչող բազմաթիվ վճիռների կայացմանը (տե՛ս սույն որոշման կետեր 114-120).

(...)

թ) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) գույքը վերցվում է սեփականատիրոջից և անցնում է կա՛մ հանրային իշխանությանը, կա՛մ նրա ընտրած ձեռք բերողին: Հաշվի առնելով, որ օտարումը տեղի է ունենում շնորհիվ հանրային իշխանության գործադրման՝ բուն օտարման շրջանակներում հիմնական իրավունքների միակ կրողը (անկախ նրանից` գույքը ձեռք է բերում հանրային իշխանությունը, թե նրա կողմից որոշված ձեռք բերողը) կարող է հանդիսանալ օտարվող գույքի սեփականատերը, որի հիմնական իրավունքներն էլ հակադրվում և նախանշում են հանրային իշխանական գործունեության սահմանները (տե՛ս սույն որոշման կետեր 129-133).

 (...)»:

 Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1769 որոշման 148-րդ կետում՝ որպես հետևություն նշված է. «(...) Սահմանադրական դատարանը գտնում է, որ բոլոր այն գործերով, երբ խնդրո առարկա են Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված «նախնական» կամ «համարժեք» փոխհատուցման սահմանադրական երաշխիքների իրավական բովանդակությունը կազմող սկզբունքները, և նոր հանգամանք հանդիսացող դատական ակտով արձանագրվել է դրանցից որևէ մեկի խախտում, նույնաբովանդակ այլ հնարավոր խախտումների զոհերի վերաբերյալ կայացված դատական ակտերի՝ նոր հանգամանքով վերանայման և վերջիններիս իրավունքների վերականգնման հնարավորության սահմանափակումն անհամաչափ միջամտություն է անձի սեփականության և արդար դատաքննության հիմնական իրավունքներին՝ հակասելով համապատասխանաբար Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ և 63-րդ հոդվածի 1-ին մասերին»:

46. Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված կարգավորման համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ վերաբերելի բազմաթիվ գործերով Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով սահմանված իրավունքի խախտումներն արձանագրված են ՄԻԵԴ-ի մի շարք վճիռներով և որոշումներով, որոնց մասին հիշատակված է Սահմանադրական դատարանի, մասնավորապես, ՍԴՈ-1769 որոշման մեջ (կետ 100):

Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշման մեջ արձանագրված է, որ բացի սեփականության պաշտպանության իրավունքի խախտումների ժամանակագրական լայն ընդգրկումից, ՄԻԵԴ-ի համապատասխան ակտերով արձանագրված համակարգային խնդիրներ ունեցող գործընթացներն անմիջապես առնչվել են անձանց լայն շրջանակի: Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) Կառավարության կողմից կայացվել են սեփականության օտարման որոշումներ, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել մեծ թվով անձանց վրա (կետ 102):

47. Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավահարաբերություններում Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների կողմից սեփականատերերի իրավունքների պաշտպանության թերացումների խնդիրն ունի համակարգային բնույթ:

48. Սահմանադրական դատարանը շեշտում է, որ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման գործընթացում սահմանադրական մակարդակում երաշխավորված նախնական և համարժեք փոխհատուցման ապահովումը պետք է ընկալել որպես հանրային իշխանության մարմինների ինքնահսկման և ինքնասահմանափակման միջոց, որով իշխանությունը սահմանում է սեփական միջամտության սահմանները՝ թույլ չտալով, որ հանրային շահը վերաճի բացարձակ արժեքի՝ անհատի իրավունք(ներ)ի, ըստ էության, ոչնչացման հաշվին:

49. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) օտարված սեփականության դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում ստանալու իրավունքի՝ շարունակական և մեծաթիվ խախտումների պայմաններում ՄԻԵԴ-ի՝ կոնվենցիոն համապատասխան իրավունքի խախտում արձանագրող յուրաքանչյուր վճռի/որոշման առկայությունն ինքնին պետության մեջ հանրային և մասնավոր շահերի միջև հավասարակշռության խախտման յուրօրինակ ցուցիչ է, ինչը, մի կողմից՝ պետք է սթափեցնող ազդակ լինի հանրային իշխանության մարմինների համար, մյուս կողմից՝ ներպետական դատարաններում ազդարարի համապատասխան գործի քննության նոր շրջափուլի մեկնարկը՝ սահմանադրական և կոնվենցիոն արժեբանությանը համահունչ:

Ավելին, վերոնշյալ համատեքստում ՄԻԵԴ-ի ակտով արձանագրված յուրաքանչյուր խախտումը՝ հաշվի առնելով նաև ներպետական դատական ատյանների կողմից կոնվենցիոն արժեբանությունից, ՄԻԵԴ-ի վերաբերելի իրավական դիրքորոշումներից շեղվելու հանգամանքը, պետք է իր համարժեք իրավական գնահատականն ստանա ներպետական համակարգում՝ անկախ տվյալ գործի սուբյեկտային կազմից՝ հաշվի առնելով ինչպես վերոնշյալ բացարձակ իրավունքի սահմանադրական բովանդակությունը, այնպես էլ համապատասխան խախտումների առնչությունն անձանց լայն շրջանակի, դրանց ծավալները և ժամանակագրական լայն ընդգրկումը Հայաստանի Հանրապետությունում:

50. Սահմանադրի համար անթույլատրելի է դատավարական այնպիսի ընթացակարգ սահմանելը կամ դրան իրավակիրառ պրակտիկայում այնպիսի մեկնաբանություն հաղորդելը, որը հնարավորություն է տալիս նահանջել հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) օտարված սեփականության դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում ստանալու բացարձակ իրավունքի սահմանադրահեն գաղափարից:

51. «Թունյանը և այլք ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 22812/05, 09.10.2012 թ., վերջնական 11.02.2013) գործով ՄԻԵԴ-ի վճռում (հայերեն թարգմանությամբ), մասնավորապես, նշված է. «37. Դատարանը վերահաստատում է, որ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի առաջին և ամենակարևոր պահանջն այն է, որ սեփական գույքից անարգել օգտվելու հարցում պետական մարմնի ցանկացած միջամտություն պետք է լինի օրինական. առաջին պարբերության երկրորդ նախադասությամբ թույլատրվում է գույքից զրկել միայն «օրենքով ... նախատեսված պայմաններով», իսկ երկրորդ պարբերությամբ ճանաչվում է, որ պետություններն իրավասու են վերահսկելու գույքի օգտագործումն «օրենքների» գործադրման միջոցով: Ավելին, իրավունքի գերակայությունը՝ ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկը, արտացոլված է Կոնվենցիայի բոլոր հոդվածներում (տե՛ս Հունաստանի նախկին թագավորը և այլք ընդդեմ Հունաստանի [ՄՊ] [Former King of Greece and Others v. Greece [GC]], թիվ 25701/94, § 79, ՄԻԵԴ 2000-XII): Դատարանն այնուհետև վերահաստատում է, որ «օրենքով նախատեսված պայմանների համաձայն» արտահայտությամբ, առաջին հերթին, պահանջվում է համարժեքորեն մատչելի և բավականաչափ հստակ ներպետական իրավական դրույթների առկայություն և դրանց պահպանում (տե՛ս Լիթգոուն և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [Lithgow and Others v. the United Kingdom], 1986 թվականի հուլիսի 8, § 110, շարք Ա, թիվ 102):

38. Դատարանը նշում է, որ այն արդեն քննել է համանման բողոքներ և փաստարկներ Հայաստանի դեմ հարուցված մեկ այլ գործում, և եզրակացրել է, որ գույքից զրկելը և օգտագործման իրավունքը դադարեցնելը չեն կատարվել «օրենքով նախատեսված պայմանների համաձայն» (տե՛ս վերևում հիշատակված՝ Մինասյանի և Սեմերջյանի գործը, §§ 69-77): Սույն գործով այդ եզրահանգումից շեղում կատարելու համար Դատարանը որևէ պատճառ չի տեսնում:

39. Համապատասխանաբար, տեղի է ունեցել Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:

(...)

45. Դատարանը նշում է, որ այն նախկինում տրամադրել է նյութական վնասների փոխհատուցում համանման իրավիճակում (տե՛ս Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի (արդարացի փոխհատուցում), թիվ 27651/05, §§ 17-21, 2011 թվականի հունիսի 7), որը Դատարանն ամբողջությամբ կիրառելի է համարում սույն գործի նկատմամբ: Կիրառելով միևնույն մոտեցումը և իր տրամադրության տակ եղած բոլոր նյութերի հիման վրա տալով գնահատական՝ Դատարանը կրած նյութական վնասը գնահատում է 30 000 եվրո և որոշում է կայացնում այդ գումարը բոլոր դիմումատուներին համատեղ տրամադրելու վերաբերյալ՝ միաժամանակ մերժելով նրանց պահանջի մնացած մասը, այդ թվում նաև բաց թողնված օգուտի մասով, որը ենթադրյալ բնույթ է կրում: Դատարանն այնուհետև որոշում է յուրաքանչյուր դիմումատուին տրամադրել 1 500 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում»:

52. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն սահմանադրական վեճը վերաբերում է Դիմողի սեփականությունը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) օտարելու դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ քաղաքացիական գործով կայացված համապատասխան դատական ակտի՝ սեփականության դիմաց փոխհատուցման նախնականության և համարժեքության սկզբունքների խախտումն հաստատող՝ այլոց վերաբերյալ ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացված և ուժի մեջ մտած՝ ՄԻԵԴ-ի համապատասխան վճռի առկայության հիմքով նոր հանգամանքով վերանայելու հնարավորության սահմանափակմանը՝ Սահմանադրական դատարանի, մասնավորապես, ՍԴՈ-1769 որոշման շրջանակում ներկայացված իրավական դիրքորոշումների լույսի ներքո:

53. «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 8001/07) գործով ՄԻԵԴ-ը 2016 թվականի հոկտեմբերի 27-ին (վերջնական 06.03.2017) վճռել է, որ առաջին դիմումատուի մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի նաև թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում: Ընդ որում, սույն գործին առնչվել է Կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի՝ «Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում կառուցապատման ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» թիվ 1151-Ն որոշումը, որի մասին հիշատակված է ՄԻԵԴ-ի՝ 2016 թվականի հոկտեմբերի 27-ի վճռում:

54. Դիմողի կողմից որպես նոր հանգամանք վկայակոչվել է ՄԻԵԴ-ի՝ «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 8001/07) գործով 2019 թվականի հուլիսի 25-ի վճիռը:

55. ՄԻԵԴ-ի՝ «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 8001/07) գործով 2019 թվականի հուլիսի 25-ի վճռին (հայերեն թարգմանությամբ) համապատասխան՝ «1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ պրն Յուրի Վարդանյանի (առաջին դիմումատու), (…) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2007 թվականի փետրվարի 19-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 8001/07) հիման վրա:

2. 2016 թվականի հոկտեմբերի 27-ին (...) Դատարանը վճռել է, որ առաջին դիմումատուի տան օտարման գործընթացը չի իրականացվել օրենքով սահմանված պայմանների համաձայն՝ խախտելով թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը: (…):

(…)

26. Դատարանը նկատում է, որ խնդրո առարկա գույքը Երևանում շատ կենտրոնական դիրք զբաղեցնող՝ ընդհանուր 1 385,6 քառ. մետր տարածքով հողակտորի վրա գտնվող 395,6 քառ. մետր ընդհանուր տարածքով տուն է, որի մասով լիարժեք սեփականության իրավունքով 1 208,5 քառ. մետր տարածքը և բաժնային սեփականության իրավունքով 177,1 քառ. մետր տարածքը պատկանել են առաջին դիմումատուին:

27. Դատարանը նշում է, որ գույքի ռեստիտուցիան անհնար է այն փաստի պատճառով, որ տունը քանդվել է (տե՛ս հիմնական վճռի 51-րդ պարբերությունը), իսկ հողակտորն օտարվել է երրորդ կողմի (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը): Հետևաբար, Դատարանը համարում է, որ պետք է տրամադրվի նյութական վնասի մասով փոխհատուցում:

28. Ինչ վերաբերում է տանը, ապա Դատարանը նշում է, որ նախկինում տրամադրել է նյութական վնասի փոխհատուցում համանման իրավիճակում (տե՛ս Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի (արդարացի փոխհատուցում), թիվ 27651/05, §§ 17-21, 2011 թվականի հունիսի 7), որը, ըստ Դատարանի, միանգամայն կիրառելի է սույն գործում այնքանով, որքանով այն վերաբերում է առաջին դիմումատուի կողմից իր տան կորստի դիմաց փոխհատուցման հարցին։ Կիրառելով միևնույն մոտեցումը և տալով գնահատական իր տրամադրության տակ եղած բոլոր նյութերի հիման վրա՝ Դատարանը տան կորստի արդյունքում կրած նյութական վնասը գնահատում է 102 000 եվրո։

(...)

31. Այս հանգամանքներում, ընդունելով, որ առաջին դիմումատուն իրավունք ունի ստանալու հողի ամբողջական արժեքի չափով գումարը, Դատարանը համարում է, որ նյութական վնասը գնահատելիս պետք է հաշվի առնել ոչ թե Դատարանի վճռի հրապարակման ամսաթիվը, այլ այն ամսաթիվը, երբ նա կորցրել է հողի նկատմամբ սեփականության իրավունքը (տե՛ս Գիզո-Գալիսեյն ընդդեմ Իտալիայի (արդարացի փոխհատուցում) [ՄՊ] [Guiso-Gallisay v. Italy (just satisfaction) [GC]], թիվ 58858/00, § 103, 2009 թվականի դեկտեմբերի 22):

(...)

37. Համաձայն 2013 թվականի դեկտեմբերի 9-ի հաշվետվության՝ առաջին դիմումատուի հողի շուկայական արժեքը կկազմեր 1 221 777 եվրո: Դատարանը ոչ մի հիմնավորում չի տեսնում այս գումարը 15%-ով բարձրացնելու համար, ինչպես առաջարկվել էր առաջին դիմումատուի կողմից (տե՛ս վերևում՝ 11-րդ պարբերությունը): Մյուս կողմից, այս գումարը պետք է փոխարկվի գործող արժեքով՝ հակակշռելու գնաճի ունեցած ազդեցությունը (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), վերևում հիշատակված՝ Մինասյանի և Սեմերջյանի գործը, § 20):

38. Վերջապես, այնքանով, որքանով այս պահանջը վերաբերում է առաջին դիմումատուին՝ նրա տան կորստի դիմաց տրվող փոխհատուցմանը, այն հիմնված է եղել ընդհանուր տոկոսադրույքի վրա, որը հաշվարկվել է Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից հողի շուկայական արժեքի մասով ընդունված բանկի հաշվարկային տոկոսադրույքի հիման վրա, ինչպես նշված է 2013 թվականի դեկտեմբերի 9-ի գնահատման հաշվետվության մեջ: Որպես այլընտրանք առաջին դիմումատուն առաջարկել է հաշվի առնել բանկային ավանդների միջին տոկոսադրույքը (տե՛ս վերևում՝ 12-րդ պարբերությունը):

39. Ինչ վերաբերում է տոկոսադրույքը Հայաստանի կենտրոնական բանկի կողմից հողի շուկայական արժեքի մասով 2013 թվականին ընդունված բանկի հաշվարկային տոկոսադրույքը հաշվի առնելով հաշվարկելուն, ապա Դատարանը, նախևառաջ, նկատում է, որ այն սահմանափակված չէ վնասների հաշվարկման համար կիրառվող ներպետական իրավական դրույթներով: Երկրորդ, Դատարանը համաձայն է Կառավարության այն մոտեցման հետ, որով այն վիճարկում է առաջին դիմումատուի՝ բաց թողնված եկամտի չափի հաշվարկը հողի այն արժեքի հիման վրա, որը սահմանված է 2013 թվականի գնահատման հաշվետվության մեջ:

40. Ինչ վերաբերում է առաջին դիմումատուի՝ տոկոսադրույքը բանկային ավանդների միջին տոկոսադրույքի հիման վրա հաշվարկելու առաջարկին, ապա Դատարանը նշում է, որ սույն գործով խնդրո առարկա գույքը հողակտոր է, որն առաջին դիմումատուն և նրա ընտանիքն օգտագործել են իրենց բնակության նպատակով: Այնուհետև Դատարանը նշում է, որ եթե առաջին դիմումատուն ողջամիտ ժամկետներում ստացած լիներ համապատասխան փոխհատուցումը, նա կկարողանար եկամուտ ստանալ այդ միջոցներից, օրինակ՝ դրանք ավանդի տեսքով դնելով բանկում: Հաշվի առնելով այն փաստը, որ Դատարանն արդեն ընդունել է, որ գույքի արժեքի վրա հիմնված փոխհատուցման գումարի չափը պետք է փոփոխվի՝ ըստ գնաճի, Դատարանը ողջամիտ է համարում կատարել լրացուցիչ փոփոխություններ հատուցման առնչությամբ՝ իրական տոկոսային եկամտի որոշակի կորուստը հատուցելու նպատակով: Առաջնորդվելով հայեցողական սկզբունքով՝ Դատարանը, այդպիսով, ողջամիտ է համարում առաջին դիմումատուին շնորհել 1 500 000 եվրո՝ նրա հողակտորից զրկելու արդյունքում կրած նյութական վնասի առնչությամբ:

(...):

42. Այսպիսով, նյութական վնասի վերջնական հատուցման չափը 1 602 000 եվրո է:

(…)

45. Դատարանը համարում է, որ այդքան երկար ժամանակ կրած անզորության և հիասթափության զգացումը, որն առաջացել է իր ունեցվածքից ապօրինաբար զրկված լինելու պատճառով, առաջին դիմումատուին հասցրել է ոչ նյութական վնաս, որը պետք է փոխհատուցվի պատշաճ կերպով: Առաջնորդվելով արդարացիության սկզբունքով, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 41-րդ հոդվածով, Դատարանը վճռում է այս մասով առաջին դիմումատուին շնորհել 6 000 եվրո։

(…)»։

 56. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը խնդրո առարկա գույքի (հողակտորի և դրա վրա գտնվող տան) դիմաց նյութական վնասի փոխհատուցման չափը սահմանելիս, ըստ էության, գնահատման առարկա է դարձրել նաև ներքոնշյալը՝

 - գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կորցնելու պահը,

 - հողի շուկայական արժեքը,

 - ողջամիտ ժամկետներում համապատասխան փոխհատուցում ստանալու պարագայում այդ միջոցներից իրական տոկոսային եկամուտ ստանալու հնարավորության կորուստը,

 - գույքի արժեքի վրա հիմնված փոխհատուցման գումարի չափի պարտադիր փոփոխությունն՝ ըստ գնաճի:

57. Սահմանադրական դատարանը նկատում է, որ Դիմողի սեփականությունն օտարվել է Կառավարության՝ 2002 թվականի օգոստոսի 1-ի նույն՝ թիվ 1151-Ն որոշման հիման վրա: Այսինքն՝ «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի վճռով ճանաչված իրավունքի խախտման հանգամանքների բովանդակային առումով նույնականությունը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1769 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներն ու Օրենսգրքի վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունն են Դիմողի համար հիմք հանդիսացել՝ կրկին դիմելու Վճռաբեկ դատարան՝ իր գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման բողոքով:

58. Վճռաբեկ դատարանը՝ «Դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին» 2025 թվականի մայիսի 14-ի որոշմամբ փաստացի մերժել է ՄԻԵԴ-ի՝ «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2019 թվականի հուլիսի 25-ի վճռի՝ որպես նոր հանգամանքի հիմքով Դիմողի գործով կայացված՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի՝ 2020 թվականի մարտի 26-ի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու ու Վերաքննիչ դատարանի 2019 թվականի հոկտեմբերի 4-ի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու պահանջը՝ պատճառաբանելով, որ՝

Ա. ակնհայտորեն հիմնավորված չէ նոր հանգամանքի առկայությունը.

Բ. Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով բացակայում են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2020 թվականի մարտի 26-ի որոշումը Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վերոնշյալ վճռի հիման վրա վերանայելու համար օրենքով նախատեսված հիմքերը՝

1. այդ վճռով հիմնավորվել է ոչ թե տվյալ գործով համահայցվորների, այլ մեկ այլ գործով անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.

2. Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1769 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2020 թվականի մարտի 26-ի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու անհրաժեշտ պայմանը, քանի որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, թիվ 3-855(ՎԴ) 2005 քաղաքացիական գործի՝ ըստ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի հայցի ընդդեմ Էմմա Թունյանի, Գևորգ, Միհրան և Սաշիկ Սաֆյանների` պայմանագրեր կնքելուն պարտավորեցնելու և տարածքից վտարելու պահանջների մասին, ու ըստ Էմմա Թունյանի հակընդդեմ դիմումի` Կառավարության որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, շրջանակներում քննելով Էմմա Թունյանի, Սաշիկ, Գևորգ և Միհրան Սաֆյանների բողոքը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 2005 թվականի ապրիլի 14-ի որոշումը նոր հանգամանքով վերանայելու մասին, այն արդեն իսկ բավարարել է մասնակիորեն՝ նոր հանգամանքի (Էմմա Թունյանի, Սաշիկ, Գևորգ, Միհրան Սաֆյանների գանգատի (գանգատ թիվ 22812/05) հիման վրա ՄԻԵԴ-ի կողմից 2012 թվականի հոկտեմբերի 9-ին կայացված վճռով արձանագրվել է, որ «արդեն քննել է նմանատիպ բողոքներ և փաստարկներ ընդդեմ Հայաստանի` մեկ այլ գործով և եզրահանգել, որ գույքից զրկելն ու օգտագործման իրավունքը դադարեցնելը չեն կատարվել «օրենքով նախատեսված պայմաններով», «սույն գործում այդ եզրակացությունից շեղվելու համար դատարանը որևէ պատճառ չի տեսնում», և որ թույլ է տրվել ՄԻԵԿ-ի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում) հիմքով վերանայել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 2005 թվականի ապրիլի 14-ի որոշումն ու բեկանել է թիվ 3-855(ՎԴ) 2005 քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2005 թվականի մարտի 1-ի վճիռը և գործն ուղարկել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության.

3. առկա չէ միջազգային դատարանի կողմից հաստատված համապատասխան հաշտության համաձայնություն (բարեկամական կարգավորում) կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարություն:

Վճռաբեկ դատարանը գտել է, որ դատական ակտի վերանայման բողոքն Օրենսգրքի 422-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ մասի ուժով ենթակա է վերադարձման, քանի որ վերոգրյալ փաստերի ուժով բողոքի շրջանակներում ակնհայտորեն հիմնավորված չէ ՄԻԵԴ-ի՝ «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 8001/07 գանգատի վերաբերյալ 2019 թվականի հուլիսի 25-ի վճռի հիման վրա Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2020 թվականի մարտի 26-ի՝ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու՝ Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքի առկայությունը:

59. Սահմանադրական դատարանը փաստում է, որ Վճռաբեկ դատարանը«Դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին» 2025 թվականի մայիսի 14-ի որոշման շրջանակում արտացոլված վերոնշյալ մեկնաբանությամբ հաշվի չի առել ՄԻԵԴ-ի՝ «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 8001/07) գործով 2019 թվականի հուլիսի 25-ի վճռով սահմանված՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց փոխհատուցման հաշվարկման համապատասխան չափանիշները, որոնք համընդհանուր են հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց փոխհատուցման գործերով և, Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասին համահունչ՝ երաշխավորում են փոխհատուցման բացարձակ իրավունքի ապահովումը:

60. Սահմանադրական դատարանը, սույն որոշման 49-րդ կետի երկրորդ պարբերությանը համահունչ, ընդգծում է, որ անկախ անձի՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով կողմ հանդիսանալու հանգամանքից, ՄԻԵԴ-ի ակտով կոնվենցիոն համապատասխան իրավունքի խախտման փաստը հիմնավորվելու դեպքում՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման որևէ սկզբունքի խախտում ճանաչելով, հաշվի առնելով նաև նշված համատեքստում ներպետական դատական ատյանների կողմից կոնվենցիոն արժեբանությունից, ՄԻԵԴ-ի վերաբերելի իրավական դիրքորոշումներից շեղվելու հանգամանքը, ներպետական դատական ակտը նոր հանգամանքի հիմքով պետք է ենթակա լինի վերանայման:

61. Սահմանադրական դատարանը տեղին է համարում վկայակոչել նաև իր՝ 2025 թվականի սեպտեմբերի 23-ի ՍԴՈ-1797 որոշման 96-րդ կետը, որի համաձայն. «(...) Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված երաշխիքների տրամադրումը կարող է բացահայտվել բացառապես վերանայվող դատական ակտի բեկանումից հետո, և չի կարող մեկնաբանվել որպես կրկնակի փոխհատուցման պահանջ, ընդ որում՝ դատարանը պետք է պարզի՝ արդյո՞ք գույքի իրավատիրոջը տրամադրվել է ներպետական չափանիշներին համապատասխան փոխհատուցում՝ հաշվի առնելով.

- փոխհատուցման գումարի նախապես վճարված լինելու կամ չլինելու հանգամանքը, և ըստ այդմ՝ փաստացի փոխհատուցման պահին գույքի շուկայական արժեքը, անձի կրած վնասներն ամբողջ ծավալով վճարելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նաև փաստացի փոխհատուցման պահի դրությամբ գույքի արժեքի տարբերությունը:

- գույքի ընթացիկ եկամտաբերությունը,

- գույքի շահագործման հնարավորությունները,

- գույքի փոխարինելիության աստիճանը և անհատական հետևանքային այլ ազդեցության գործոնները գույքի իրավատիրոջ կյանքի վրա և այլ վնասների փաստացի փոխհատուցված լինելը»:

62. ՄԻԵԿ-ի՝ «Արդարացի բավարարումը» վերտառությամբ 41-րդ հոդվածի համաձայն՝ «Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։

63. Վերոնշյալ համատեքստում վերահաստատելով Սահմանադրական դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 23-ի ՍԴՈ-1797 որոշման 96-րդ կետի ներքո արտացոլված դիրքորոշումը՝ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ՄԻԵԿ-ի 41-րդ հոդվածով նախատեսված արդարացի բավարարման շրջանակներում ՄԻԵԴ-ի կողմից անձի համապատասխան իրավունքի խախտումն արձանագրելիս տրամադրվող փոխհատուցումը, հաշվի առնելով ՄԻԵԴ-ի՝ ազգային դատարանների նկատմամբ սուբսիդիար (լրացնող) բնույթը և Կոնվենցիայի 41-րդ հոդվածի բուն տեքստը, մասնակի փոխհատուցում է՝ ուղղված Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրվող փոխհատուցման մասը լրացնելուն ու ամբողջության մեջ վերցված՝ Կոնվենցիայի խախտման «զոհին» արդարացի փոխհատուցում ապահովելուն և պետությանը չի ազատում Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման դիմաց համարժեք փոխհատուցում տրամադրելու՝ մինչև խախտումն արձանագրելը, առավել ևս՝ դրանից հետո ունեցած պոզիտիվ պարտականությունից։

64. Սահմանադրական դատարանը նկատում է, որ թիվ ԵԿԴ/5196/02/15 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2019 թվականի հոկտեմբերի 4-ի որոշման մեջ նշված է, որ ՄԻԵԴ-ի՝ «Թունյանը և այլք ընդդեմ Հայաստանի» թիվ 22812/05 գանգատի շրջանակներում 2012 թվականի հոկտեմբերի 9-ի վճռով փոխհատուցման ենթակա գումարները սահմանվել են ոչ միայն Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ի հոդվածի խախտման դիմաց, այլև որպես դիմումատուների գույքի օտարման դիմաց արդարացի փոխհատուցում, այսինքն՝ ՄԻԵԴ-ը նշված գործով սահմանել է հայցվորների վնասի հատուցում ամբողջ ծավալով: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը եզրահանգել է, որ, օտարված գույքի դիմաց փոխհատուցման պահանջ ներկայացնելով, Դիմողը, ըստ էության, ներկայացրել է փոխհատուցման կրկնակի պահանջ: Մինչդեռ Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1797 որոշմամբ արտահայտել է սկզբունքորեն այլ դիրքորոշում:

 65. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 2025 թվականի մայիսի 14-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2020 թվականի մարտի 26-ի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու վերաբերյալ պահանջի մերժումն այն հիմնավորմամբ, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 2014 թվականի մայիսի 8-ի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով արդեն վերանայել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 2005 թվականի ապրիլի 14-ի որոշումն ու բեկանել է թիվ 3-855(ՎԴ) 2005 քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2005 թվականի մարտի 1-ի վճիռը և գործն ուղարկել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության, չի կարող համարվել անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման գործուն կառուցակարգ, քանզի իրավունքը խախտող դատական ակտի բեկանման փաստը Դիմողի համար, ինքնին, որևէ արժեք չի ներկայացնում, եթե համապատասխան գործընթացը չուղեկցվի խախտված իրավունքի վերականգնմանը միտված գործուն քայլերով: Այլ խոսքով՝ Վճռաբեկ դատարանի կողմից վերանայման վարույթի շրջանակում ՄԻԵԴ-ի ակտի հիման վրա համապատասխան դատական ակտը բեկանելուց և գործը նոր քննության ուղարկելուց հետո հետագա դատավարության վերջնարդյունքում ՄԻԵԴ-ի ակտով արձանագրված իրավունքի խախտումը չվերացվելու (տվյալ դեպքում՝ փոխհատուցում չտրամադրելու) պարագայում դատական ակտի վերանայման ինստիտուտը դառնում է ձևական, պատրանքային, ինչի արդյունքում ձևախեղվում է մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության համակարգի բովանդակությունը:

66. Սույն գործով Վճռաբեկ դատարան ներկայացված՝ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելն այն պատճառաբանությամբ, որ նույն գործով Վճռաբեկ դատարանը նախկինում արդեն իսկ բեկանել է համապատասխան դատական ակտը և գործն ուղարկել նոր քննության, համահունչ չէ անձի՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերով ամրագրված իրավունքների սահմանադրաիրավական բովանդակությանը, քանզի հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման վերաբերյալ քաղաքացիական գործով նոր հանգամանքը (տվյալ դեպքում՝ այլ անձի գործով ՄԻԵԴ-ի ակտը, որով արձանագրված է համապատասխան իրավունքի նույնաբովանդակ խախտումը) ենթադրում է նյութապես նոր իրավական իրադրություն, որի պայմաններում հնարավոր է վերացնել համանման գործերով նախորդիվ խախտումները, կանխել դրանց շարունակականությունը՝ նպատակ ունենալով իրապես ապահովելու անձի խախտված իրավունքների լիարժեք պաշտպանությունը:

67. Դատական ակտի վերանայման ինստիտուտը, նախատեսված լինելով որպես դատական վերահսկողության արտակարգ ձև (արտակարգ իրավական միջոց), կոչված լինելով ապահովելու «աղաղակող» դատական սխալների վերացումը և իրավունքի լիարժեք ու արդյունավետ պաշտպանությունն այն դեպքերում, երբ դատական շրջապտույտի վերջնարդյունքում իրողությունը հանգում է նրան, որ անձի՝ ՄԻԵԴ-ի ակտով կոնվենցիոն համապատասխան իրավունքի խախտումն արձանագրված լինելու պայմաններում խախտված իրավունքը շարունակում է մնալ չվերականգնված, դադարում է ծառայել իր սահմանադրաիրավական նպատակներին, ձևախեղվում է՝ վերածվելով զուտ դատավարական ձևականության: Արդյունքում՝ արդարադատության էությունը խաթարված լինելու պայմաններում վերանայման վարույթի շրջանակում ձևական իրավական արձագանքը՝ դատական ակտի բեկանման գործողությունը, չի հանգեցնում հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) օտարված սեփականության դիմաց անձի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ «նախնական և համարժեք փոխհատուցման» պահանջի իրավունքի փաստացի բավարարման:

68. Վերոնշյալի համատեքստում, դատարանների դրսևորած վարքագիծը չպետք է միտված լինի իրավունքի վերականգնման պատրանք ստեղծելուն՝ դատավարական ընթացակարգերի կիրառման ձևականությամբ: Արդյունքում՝ վերանայման ինստիտուտը գործնականում չպետք է կորցնի իր գործառնական նշանակությունը, իսկ անձը, սպառելով ներպետական և միջազգային իրավական պաշտպանության միջոցները, չպետք է զրկված լինի արդյունավետ դատական պաշտպանություն ստանալու հնարավորությունից՝ փաստացի զրկվելով Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով երաշխավորված՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) օտարված սեփականության դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցում» ստանալու բացարձակ իրավունքից, ինչն անհամատեղելի է սահմանադրական և կոնվենցիոն արժեբանության հետ:

69. Ընթացակարգային որևէ խոչընդոտ չի կարող գերակայել արդարադատության շահին և սահմանափակել անձի՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) օտարված սեփականության դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցում» ստանալու բացարձակ իրավունքի բացարձակ պաշտպանության հնարավորությունը:

70. Հաշվի առնելով ողջ վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատական ակտը նոր հանգամանքով ենթակա է վերանայման, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը` Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման որևէ սկզբունքի խախտված ճանաչվելու դեպքում՝ հաշվի առնելով նաև այդ համատեքստում ներպետական դատական ատյանների կողմից Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ արտահայտված վերաբերելի իրավական դիրքորոշումներից շեղվելու հանգամանքը՝ անկախ տվյալ գործին անձի մասնակից լինելու հանգամանքից:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 1-ին կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-5-րդ մասերով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատական ակտը նոր հանգամանքով ենթակա է վերանայման, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը` Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման որևէ սկզբունքի խախտված ճանաչվելու դեպքում՝ հաշվի առնելով նաև այդ համատեքստում ներպետական դատական ատյանների կողմից Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ արտահայտված վերաբերելի իրավական դիրքորոշումներից շեղվելու հանգամանքը՝ անկախ տվյալ գործին անձի մասնակից լինելու հանգամանքից:

2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

scan2

Նախագահող

Ա. Դիլանյան

 

 6 նոյեմբերի 2025 թվականի

ՍԴՈ-1801

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 նոյեմբերի 2025 թվական: