Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-343-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 14.11.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.10.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 22-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 5.

Պետական կազմակերպությանը հանձնված կամ վարձակալությամբ տրամադրված գույքը

 

1. Հիմնադիրը կարող է պետական կազմակերպությանը պայմանագրով որոշված ժամկետով անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով հանձնել ցանկացած շարժական գույք, իսկ անշարժ գույքը տրամադրել վարձակալությամբ՝ Կառավարության սահմանած կարգի համաձայն:

2. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից պետական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված շարժական գույքը, ինչպես նաև Կառավարության սահմանած կարգի համաձայն՝ դադարեցնելու անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը:

3. Պետական կազմակերպությունն իրավունք չունի իրեն հանձնված կամ վարձակալությամբ տրամադրված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, հանձնելու անհատույց օգտագործման:

4. Պետական կազմակերպությունն իրավունք ունի իրեն հանձնված կամ վարձակալությամբ տրամադրված գույքը պետության անունից տրամադրելու ենթավարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ: Պետական կազմակերպությանը հանձնված կամ վարձակալությամբ տրամադրված գույքը ենթավարձակալության է հանձնվում Կառավարության հաստատած կարգով:

5. Պետական կազմակերպությանը հանձնված կամ վարձակալությամբ տրամադրված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

6. Հիմնադրի կողմից գույքը պետական կազմակերպությանը հանձնելը կամ վարձակալության տրամադրելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:

7. Հիմնադրի կողմից պետական կազմակերպությանը վարձակալությամբ տրամադրված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա շարժական գույքի նկատմամբ պետական կազմակերպության օգտագործման իրավունքը ծագում է դրա նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:»:

 

Հոդված 2. Օրենքի 5.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 5.1.

Համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը հանձնված կամ վարձակալությամբ տրամադրված գույքը

 

1. Կառավարության որոշմամբ համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը պայմանագրով որոշված ժամկետով անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով կարող է հանձնվել ցանկացած շարժական գույք, իսկ անշարժ գույքը տրամադրվել վարձակալությամբ՝ Կառավարության սահմանած կարգի համաձայն:

2. Կառավարությունն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը հանձնված շարժական գույքը, ինչպես նաև Կառավարության սահմանած կարգի համաձայն՝ դադարեցնելու անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը:

3. Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն իրավունք չունի իրեն հանձնված կամ վարձակալությամբ տրամադրված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, հանձնելու անհատույց օգտագործման:

4. Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն իրավունք ունի իրեն հանձնված կամ վարձակալությամբ տրամադրված գույքը պետության անունից տրամադրելու ենթավարձակալության, եթե դա արգելված չէ Կառավարության որոշմամբ կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությամբ: Համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը հանձնված կամ վարձակալությամբ տրամադրված գույքը ենթավարձակալության է հանձնվում Կառավարության հաստատած կարգով:

5. Համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը հանձնված կամ վարձակալությամբ տրամադրված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են:

6. Կառավարության կողմից գույքը համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը հանձնելը կամ վարձակալության տրամադրելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:

7. Կառավարության կողմից համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը վարձակալությամբ տրամադրված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա շարժական գույքի նկատմամբ պետական կազմակերպության օգտագործման իրավունքը ծագում է դրա նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:»:

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունում «իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող» բառերը փոխարինել «կամ անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող շարժական և վարձակալությամբ տրամադրվող անշարժ» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետում «իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող՝ պետությանը պատկանող» բառերը փոխարինել «կամ անհատույց օգտագործման իրավունքով հանձնված շարժական և վարձակալությամբ տրամադրված անշարժ» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետում «ամրացված պետական սեփականության» բառերը փոխարինել «սեփականության կամ անհատույց օգտագործման իրավունքով հանձնված շարժական և վարձակալությամբ տրամադրված անշարժ գույքի» բառերով:

 

Հոդված 6.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա պետական գույքի կառավարման կոմիտեն պարտավոր է սույն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մինչև 2026 թվականի դեկտեմբերի երրորդ տասնօրյակը պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա պետական գույքի կառավարման կոմիտեն պարտավոր է սույն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մինչև 2030 թվականի դեկտեմբերի երրորդ տասնօրյակն ապահովել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված կամ ամրացված անշարժ գույքը հետ վերցնելու և համապատասխան պայմանագրերը դադարեցնելու գործընթացը:

3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 1-ին մասում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. նոյեմբերի 12

Երևան

ՀՕ-343-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 նոյեմբերի 2025 թվական: