Գլխավոր տեղեկություն
Համար
N 1599-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.11.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 նոյեմբերի 2025 թվականի N 1599-Ա

 

«ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ, «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով, 18-րդ հոդվածի 3-րդ մասով, 67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 68-րդ հոդվածի 6-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հարյուր տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի հանձնման-ընդունման աշխատանքները, ինչպես նաև ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) գրանցման աշխատանքները ռեեստրը վարող մասնագիտական կազմակերպության կողմից:

3. «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (պետական գրանցման համարը` 290.120.02988) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (պետական գրանցման համարը` 269.120.1400309):

4. Սահմանել, որ՝

1) «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) իրավահաջորդն է, և նրան են անցնում ընկերության իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.

3) ընկերության վերակազմակերպման մասին որոշումն ընդունելուց հետո 30 օրվա ընթացքում ընկերությունը պարտավոր է դրա մասին գրավոր ծանուցել իր բոլոր պարտատերերին: Ծանուցումը պետք է պարունակի տեղեկություններ վերակազմակերպման մասին որոշումն ընդունելու տարվա, ամսվա, ամսաթվի, վերակազմակերպման ձևի և մասնակիցների, ինչպես նաև ընկերության պարտավորությունների իրավահաջորդության մասին:

5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում՝

1) հաստատել միացման մասին պայմանագիրը՝ դրանում նախատեսելով նաև դրույթներ միացման կարգի և պայմանների, բաժնետոմսերի փոխարկման կարգի մասին.

2) հաստատել փոխանցման ակտը և «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը՝ ներառյալ կանոնադրական կապիտալի չափը, և սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման.

3) ապահովել ընկերության գործունեության դադարման պետական գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

14.11.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ