Գլխավոր տեղեկություն
Համար
N 1597-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 14.11.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.11.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 նոյեմբերի 2025 թվականի N 1597-Ն

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 62.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել արտադրական կեղտաջրերի նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

14.11.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

նոյեմբերի 14-ի N 1597-Ն որոշման

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են արտադրական կեղտաջրերի նախնական մաքրմանը ներկայացվող պահանջներ՝ նախքան կենտրոնացված ջրահեռացման համակարգ դրանց արտանետելը։

2. Թույլատրվում է արտադրական կեղտաջրերի արտանետումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ, եթե կենտրոնացված ջրահեռացման համակարգն ունի բավարար թողունակություն, և տվյալ կեղտաջրի բաղադրակազմը և հատկանիշները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 62.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված արտադրական կեղտաջրերի ջրահեռացման համակարգ արտանետման պահանջներին:

3. Արտադրական կազմակերպությունների կեղտաջրերը կարող են պարունակել տվյալ արտադրությանը բնորոշ աղտոտիչներ, ինչի համար դրանց արտահոսքը կենտրոնացված ջրահեռացման համակարգ սահմանափակվում է։

4. Արտադրական կեղտաջրերի՝ ջրահեռացման համակարգ արտանետման պահանջներին չհամապատասխանելու դեպքում արտադրական կեղտաջուր արտանետողները մինչև կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետելը պետք է իրականացնեն դրանց նախնական մաքրում տեղային մաքրման կառուցվածքներում՝ իրենց միջոցների հաշվին, իսկ համակարգի ոչ բավարար թողունակության դեպքում պետք է բացառել արտանետումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ։

5. Արտադրական կազմակերպությունների կողմից կեղտաջրերի նախնական մաքրումն իրականացվում է տեղային մաքրման կառուցվածքներում, որոնք պետք է նախագծի մաքրման կառուցվածք նախագծող կազմակերպությունը՝ հաշվի

առնելով կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտադրական կեղտաջրերի արտանետման պահանջները։

6. Մի քանի արտադրական կազմակերպություններից կեղտաջրերի միախառնումը թույլատրվում է յուրաքանչյուր կազմակերպության հսկիչ դիտահորից հետո։

7. Եթե հարակից տեղաբաշխված արտադրական կազմակերպությունները (քաղաքներում կամ արդյունաբերական գոտում կամ բնակավայրերում) ունեն կեղտաջրերի համատեղ մաքրում իրականացնելու տեխնիկական հնարավորություն և փոխադարձ գրավոր համաձայնություն, ապա արտադրական կեղտաջրերի նախնական մաքրումը կարող է իրականացվել մեկ միասնական մաքրման կառուցվածքում, որից հետո դրանք կարող են թափվել կենտրոնացված ջրահեռացման համակարգ:

8. Ռադիոակտիվ արտադրական կեղտաջրերի ջրահեռացումն իրականացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1489-Ն որոշմամբ հաստատված պահանջների։

9. Բարձր կոնցենտրացված արտադրական կեղտաջրերը, որոնք կարող են առաջացնել քիմիական ռեակցիաներ՝ ուղեկցվող թունավոր կամ պայթյունավտանգ գազերի արտանետմամբ, էմուլսիաների և մեծ քանակությամբ չլուծված նյութերի առաջացմամբ, եթե չեն համապատասխանում ջրահեռացման համակարգ արտանետման պահանջներին, ապա նախքան ջրահեռացման համակարգ արտանետելը դրանք պետք է հոմոգենացվեն հավասարեցնող/միջինացնող ռեզերվուարներում։

10. Պայթյունավտանգ նյութեր պարունակող արտադրական կեղտաջրերի, ինչպես նաև արտադրական կեղտաջրերի քիմիական կամ ֆիզիկաքիմիական մաքրման անհրաժեշտության դեպքում նախնական մաքրման ընթացքում պետք է իրականացվի նաև մեխանիկական մաքրում:

11. Եթե արտադրական կեղտաջրերը պարունակում են միայն հանքային նյութեր, ապա դրանք կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետելը նպատակահարմար չէ, քանի որ տեղային (լոկալ) մաքրումից հետո այդ ջուրը կարող է օգտագործվել արտադրության մեջ։

12. Ջրօգտագործողների կողմից կոյուղու կոլեկտոր թափվող կեղտաջրերում պարունակվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի անհատական չափաքանակները հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի հրամանով։

13. Նախնական մաքրումից հետո արտադրական կեղտաջրերի արտանետումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ջրահեռացման համակարգերի օգտագործման կանոններով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

14.11.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 նոյեմբերի 2025 թվական: