Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-364-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.11.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.10.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 22-ին

 

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության երաշխիքները

 

1. Երեխան գտնվում է հասարակության և պետության հոգածության ու պաշտպանության ներքո: Երեխայի իրավունքների պաշտպանության առաջնային պատասխանատուները նրա ծնողներն են, որոնք ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ երեխայի պաշտպանության հարցերում, ինչպես նաև այլ օրինական ներկայացուցիչները (ներառյալ որդեգրողները, խնամակալները, հոգաբարձուները, խնամատար ծնողները):

 

Հոդված 2. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը սահմանում է երեխայի իրավունքները, երեխայի իրավունքները պաշտպանելիս պետության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց պարտականությունները, ինչպես նաև երեխայի պաշտպանության համակարգը, դրա բաղկացուցիչները, երեխայի պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության իրականացման հիմքերը և կարգավորում է դրանց հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) երեխա՝ 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերում կամ լրիվ գործունակ է ճանաչվում ավելի վաղ.

2) ընտանիքներից երեխաների բաժանման ռիսկերի կանխարգելման ծրագրեր՝ պետության կամ պետության կողմից պատվիրակման կամ իրավաբանական անձանց կողմից իրականացվող ծրագրեր, որոնք ուղղված են երեխայի՝ ընտանիքից բաժանման ռիսկի կանխարգելմանը և ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը.

3) երեխայի այլընտրանքային խնամք՝ կենսաբանական ընտանիքում երեխայի ապրելու անհնարինության դեպքում կազմակերպվող խնամք, որն իրականացվում է խնամակալության կամ հոգաբարձության, խնամատարության, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում խնամքի կազմակերպման եղանակներով.

4) շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններ՝ շուրջօրյա խնամք տրամադրող՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններ՝ անկախ սեփականության ձևից, կազմակերպաիրավական տեսակից և ֆինանսավորման աղբյուրից, ներառյալ շուրջօրյա խնամքի բաղադրիչ ունեցող երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնները (այսուհետ՝ ճգնաժամային շուրջօրյա խնամք իրականացնող հաստատություններ).

5) ցերեկային կենտրոն՝ կազմակերպություն՝ անկախ սեփականության ձևից, կազմակերպաիրավական տեսակից և ֆինանսավորման աղբյուրից, կամ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի ցերեկային խնամքի բաղադրիչ, որը երեխայի պաշտպանության պլանի շրջանակում կամ այլ օրինական հիմքերով երեխային, նրա ծնողին կամ օրինական ներկայացուցչին, ընտանիքին կամ մերձավոր ազգականին տրամադրում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված խնամք, սոցիալ-վերականգնողական, սոցիալ-հոգեբանական կամ օրենսդրությամբ սահմանված այլ ծառայություններ.

6) երեխայի նկատմամբ բռնություն՝ երեխայի նկատմամբ ֆիզիկական, սեռական, տնտեսական կամ հոգեբանական բռնության ցանկացած ձև կամ անտեսում, ներառյալ բռնության մասնավոր դրսևորումները՝ բուլինգ, ֆիզիկական (մարմնական) պատիժ, շահագործում.

7) երեխայի շահագործում՝ երեխայի պոռնկության շահագործումը կամ սեքսուալ շահագործման այլ ձևերը, երեխայի պարտադիր կամ հարկադիր աշխատանքը կամ ծառայություն մատուցելուն կամ հակաիրավական գործողություններ կատարելուն հարկադրելը կամ վատթարագույն աշխատանքի այլ ձևերը, երեխային ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը, երեխայի առքը կամ վաճառքը, երեխայի բջիջը, օրգանը, հյուսվածքը կամ կենսաբանական նյութերը կամ հեղուկները վերցնելը.

8) երեխայի սեռական շահագործում՝ երեխային սեքսուալ բնույթի գործողությունների համար օգտագործում՝ վարձատրության, այլ հատուցման կամ դրանք խոստանալու դիմաց՝ անկախ այդ վարձատրությունը, այլ հատուցումը կամ խոստումը տրամադրելուց երեխային կամ երրորդ անձին, ինչպես նաև երեխայի ներգրավում սեքսուալ ցանկացած այլ գործունեության մեջ.

9) երեխայի նկատմամբ սեռական բռնություն՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ, որոնք կատարվել են երեխայի նկատմամբ, ինչպես նաև երեխայի սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված այլ արարքներ.

10) երեխայի անտեսում՝ ծնողի, օրինական ներկայացուցչի, վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, երեխայի կենսաապահովման համար հիմնական պահանջմունքները չապահովելը կամ դրանցից զրկելը, եթե անձն ուներ հնարավորություն այդ պահանջմունքները բավարարելու համար.

11) երեխայի բուլինգ՝ երեխայի վարքագծի դրսևորումը, անձնական կախվածությունը, անօգնականությունը, վիճակի խոցելիությունը կամ իշխանության կամ ուժի անհավասարակշռությունն օգտագործելով մեկ կամ մի քանի անձանց կողմից պարբերաբար դիտավորյալ բացասական (տհաճ կամ վիրավորական) վարքագիծ, որն իրականացվում է բանավոր կամ գրավոր արտահայտության, ֆիզիկական կամ հոգեբանական բռնության գործադրմամբ, ներառյալ կիբեռբուլինգը, որը կատարվում է առցանց միջավայրում՝ էլեկտրոնային սարքավորումների, այդ թվում՝ համակարգիչների, բջջային հեռախոսների և այլ էլեկտրոնային սարքերի օգտագործմամբ.

12) ֆիզիկական (մարմնական) պատիժ՝ ծնողի, օրինական ներկայացուցչի, վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, ցանկացած ազդեցություն, որի դեպքում երեխայի նկատմամբ գործադրվում է ֆիզիկական բռնություն, և որը երեխային պատճառում է որոշակի ցավ կամ անհարմարություն՝ անկախ դրա կիրառման նպատակից.

13) երեխայի այլ մերձավոր ազգական՝ անկախ համատեղ բնակվելու հանգամանքից՝ երեխայի քույրերը կամ եղբայրները, ներառյալ համահայրը կամ համամայրը, ծնողների քույրերը կամ եղբայրները, տատերը կամ պապերը.

14) երեխայի պաշտպանության դեպք՝ երեխայի նկատմամբ բռնության, դրա ռիսկի կամ երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացման խախտման դեպք, որը պահանջում է օրենսդրությամբ նախատեսված միջամտություն երեխայի պաշտպանության նպատակով:

 

Հոդված 4. Երեխայի իրավունքների պաշտպանության հիմնական սկզբունքները

 

1. Երեխայի իրավունքները պաշտպանելիս անհրաժեշտ է ապահովել հետևյալ սկզբունքները.

1) խտրականության արգելքը՝ կախված երեխայի, նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնության պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից.

2) երեխայի լավագույն շահերի առաջնահերթությունը.

3) երեխայի կարծիքը հարգելը և լսելը՝ հաշվի առնելով երեխայի տարիքը և հասունության մակարդակը.

4) երեխայի խնամքի, դաստիարակության և կրթության կայունության ու շարունակականության ապահովումը.

5) ընտանեկան միջավայրում երեխայի ապրելու առաջնայնությունը և երեխայի բաժանումն ընտանիքից որպես ծայրահեղ միջոց կիրառելը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԵՐԵԽԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոդված 5. Երեխայի արժանապատիվ գոյության և առողջ զարգացման իրավունքը

 

1. Ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները պարտավոր են դիմել բժշկական և վերականգնողական օգնություն ստանալու համար՝ երեխայի արժանապատիվ գոյության, առողջության պահպանման, ինչպես նաև այնպիսի իրավիճակների կանխարգելման նպատակով, որոնք կարող են վտանգել երեխայի կյանքը, առողջությունը և առողջ զարգացումը:

2. Բժշկական միջամտությունն իրականացվում է երեխայի ազատ և գիտակցված համաձայնությամբ՝ հաշվի առնելով երեխայի տարիքը և հասունության մակարդակը, իսկ դրա անհնարինության դեպքում միջամտությունը կարող է իրականացվել միայն ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

3. Հրատապ իրավիճակներում, երբ վտանգված է երեխայի կյանքը, կամ առկա է երեխայի կյանքի, առողջության կամ ֆիզիկական ամբողջականության համար ծանր հետևանքներ առաջանալու անմիջական վտանգ, երեխայի լավագույն շահերից ելնելով՝ անհետաձգելի բժշկական միջամտությունը կարող է իրականացվել նաև առանց երեխայի, նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների համաձայնության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 6. Երեխայի անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքը

 

1. Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր, սոցիալական և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք:

2. Երեխայի անհրաժեշտ նվազագույն կենսապայմանների ապահովումը ենթադրում է սննդի, խմելու ջրի, ապահով կենսամիջավայրի, կացարանի, հագուստի, կոշիկի տրամադրում և առաջնային բժշկական օգնության հասանելիություն՝ երեխայի հատուկ կարիքները հաշվի առնելով:

3. Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները:

4. Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին ցուցաբերում է օրենսդրությամբ նախատեսված օգնություն:

 

Հոդված 7. Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը

 

1. Յուրաքանչյուր երեխա ունի բռնությունից պաշտպանված լինելու իրավունք:

2. Ցանկացած անձի, այդ թվում՝ ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին արգելվում է երեխային ենթարկել բռնության, ֆիզիկական (մարմնական) պատժի կամ նրա արժանապատվությունը նվաստացնող այլ վերաբերմունքի կամ ֆիզիկական կամ հոգեկան ներգործությունն օգտագործել դաստիարակչական նպատակով:

3. Երեխաների նկատմամբ ֆիզիկական (մարմնական) պատիժը, իրավունքների չարաշահումը կամ որևէ այլ դաժան, արժանապատվությունը նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքն արգելվում են ընտանիքում, ուսումնական, այլընտրանքային խնամքի, բժշկական կամ հոգեբուժական կազմակերպություններում, քրեակատարողական հիմնարկներում կամ ցանկացած այլ վայրերում:

4. Բռնության ենթարկված երեխան պետական պաշտպանության ու աջակցության կարիք և իրավունք ունի: Երեխայի նկատմամբ բռնության դեպքին առնչվող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց կազմակերպությունները կամ դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև բժշկական, ուսումնական, մարզական կամ խնամք տրամադրող հաստատությունները կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունները, անկախ ծառայություն մատուցողի սեփականության ձևից, կազմակերպաիրավական տեսակից և ֆինանսավորման աղբյուրից, պարտավոր են երեխայի նկատմամբ բռնության դեպքի մասին տեղեկատվությունն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում փոխանցել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն:

5. Բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման և համապատասխան մարմիններ պաշտպանություն կամ աջակցություն տրամադրելու նպատակով նրան ուղղորդելու կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և աջակցության տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը:

6. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպությունները ձեռնարկում են արձագանքող և կանխարգելիչ միջոցառումներ երեխայի նկատմամբ բռնության արգելքի կիրառումն ապահովելու նպատակով, այդ թվում՝ իրավական ակտեր ընդունելու, դրական ծնողավարմանն աջակցելու, երեխաների դաստիարակման ոչ բռնի եղանակների խրախուսման ծրագրեր իրականացնելու, իրազեկելու, ինչպես նաև երեխաների հետ աշխատող մասնագետներին վերապատրաստելու միջոցներով:

7. Երեխայի՝ բռնության բոլոր ձևերից պաշտպանված լինելու իրավունքը խախտող անձը պատասխանատվության է ենթարկվում օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 8. Բուլինգից երեխայի պաշտպանության իրավունքը

 

1. Երեխայի բուլինգն արգելված է:

2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպությունները ձեռնարկում են արձագանքող և կանխարգելիչ միջոցառումներ երեխայի բուլինգի կանխարգելման, բացահայտման, ինչպես նաև բուլինգի վտանգի տակ գտնվող կամ բուլինգի ենթարկված երեխաների պաշտպանության ու վերականգնման համար անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ:

3. Բուլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, նրանց պաշտպանության և ուղղորդման, ինչպես նաև նրանց հետ աշխատանքների իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:

 

Հոդված 9. Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը

 

1. Յուրաքանչյուր երեխա ունի ծնողներին ճանաչելու և նրանց հետ համատեղ ապրելու իրավունք, բացառությամբ օրենքով սահմանված այն դեպքերի, երբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն՝ ելնելով երեխայի լավագույն շահերից: Ֆինանսական միջոցների բացակայությունը կամ ծնողի հաշմանդամությունը կամ ֆիզիկական առողջության խնդիրների առկայությունը չի կարող հիմք հանդիսանալ երեխային ընտանիքից հեռացնելու կամ ծնողին ծնողական իրավունքներից զրկելու համար:

2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ ընտանիքներից երեխաների բաժանման ռիսկերի կանխարգելման և ընտանիքի վերամիավորման համար, եթե դա չի հակասում երեխայի լավագույն շահերին:

3. Կառավարությունը հաստատում է այլընտրանքային խնամքի միջոցով խնամք և դաստիարակություն ստացող երեխաների՝ ընտանիքների հետ վերամիավորման կազմակերպման և ընտանիքներից երեխաների բաժանման ռիսկերի կանխարգելման կարգը:

4. Մշտապես կամ ժամանակավորապես առանց ծնողական խնամքի մնալու դեպքում երեխան ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց կազմակերպությունների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության և օգնության իրավունք: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպություններն ապահովում են առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների այլընտրանքային խնամքը՝ խնամակալության կամ հոգաբարձության, խնամատարության, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում խնամքը կազմակերպելու միջոցով:

5. Պետությունը օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում սահմանում է հատուկ երաշխիքներ ծնողազուրկ երեխաների համար: Ծնողազուրկ է այն երեխան, որի ծնողները (կամ միակ ծնողը կամ մեկ ծնողը) մահացել են, ճանաչվել են մահացած կամ անհայտ բացակայող կամ անհայտ կամ զրկվել են ծնողական իրավունքներից:

6. Երեխայի այլընտրանքային խնամքի ձևերի կազմակերպման կարգը սահմանում է Կառավարությունը:

7. Երեխայի այլընտրանքային խնամքի ձևն ընտրելիս հաշվի են առնվում երեխայի խնամքի, դաստիարակության կայունության և հաջորդականության ապահովման անհրաժեշտությունը, մայրենի լեզուն, տարիքը, սեռը և այլ հանգամանքներ: Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի, որ իր այլընտրանքային խնամքի ձևը և դրա նշանակման կամ իրականացման մասին որոշումը պարբերաբար վերանայվեն՝ հաշվի առնելով նրա կարծիքը և լավագույն շահերը:

8. Ընտանեկան միջավայրում ապրելու երեխայի իրավունքի իրացման և ընտանիքի հետագա վերամիավորման նպատակով երեխայի խնամքը կազմակերպելիս նախապատվությունը տրվում է ընտանիքի այլ անդամների միջոցով խնամքի և դաստիարակության կազմակերպմանը: Սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինն ապահովում է երեխայի, ընտանիքի այլ անդամների և խնամք իրականացնող անձի միջև կայուն կապը՝ համապատասխան որակավորում ունեցող մասնագետների օգնությամբ և խորհրդատվությամբ:

9. Որդեգրումը, հանդիսանալով երեխայի կենսաբանական ընտանիքին փոխարինող ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպման ձև, ունի այլընտրանքային խնամքի ձևերի կարգավորումներից տարբերվող կարգավորումներ, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով և դրանից բխող ու դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով:

 

Հոդված 10. Տեղեկատվություն ստանալու և մշակութային արժեքներին հաղորդակցվելու երեխայի իրավունքը

 

1. Յուրաքանչյուր երեխա ունի իր ժողովրդի պատմությանը, ավանդույթներին, հոգևոր արժեքներին և համաշխարհային մշակույթին հաղորդակցվելու իրավունք:

2. Յուրաքանչյուր երեխա ունի գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, մշակութային կյանքին մասնակցելու, իր ունակություններն ու հետաքրքրությունները դրսևորելու իրավունք:

3. Արգելվում է երեխայի առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, երեխայի իրավունքները խախտող, բռնություն և դաժանություն քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումների կատարմանը նպաստող զանգվածային տեղեկատվության և գրականության տարածումը, ներառյալ՝ առցանց:

4. Երեխայի հայացքները, համոզմունքները և կարծիքը ենթակա են պատշաճ ուշադրության՝ նրա տարիքին և հասունության մակարդակին համապատասխան:

5. Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, որոնելու, ստանալու և հաղորդելու գաղափարներ ու տեղեկատվություն՝ հաղորդակցության ցանկացած միջոցով: Երեխային տեղեկատվությունը պետք է տրամադրվի նրա համար հասկանալի և հասանելի եղանակով: Երեխայի տեղեկատվություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով՝ երեխայի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից և երեխայի լավագույն շահերից ելնելով:

 

Հոդված 11. Երեխայի աշխատանքի իրավունքը

 

1. Յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքին, զարգացման առանձնահատկություններին և ունակություններին համապատասխան մասնագիտություն ստանալու, ինչպես նաև աշխատելու իրավունք, որի իրացման առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:

2. Երեխայի համար արգելված աշխատանքներ են երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերը, ծանր, վնասակար կամ վտանգավոր աշխատանքները: Երեխայի համար արգելված աշխատանքների ցանկը սահմանում է Կառավարությունը:

 

Հոդված 12. Երեխայի հանգստի, խաղալու և ժամանցի իրավունքը

 

1. Յուրաքանչյուր երեխա ունի հանգստի, խաղալու և ժամանցի՝ իր տարիքին, հասունության մակարդակին, հետաքրքրություններին և անհատական պահանջմունքներին համապատասխան խաղերին և մարզական, մշակութային կամ այլ միջոցառումներին ազատորեն մասնակցելու և արվեստով զբաղվելու իրավունք, իսկ ծնողները, այլ օրինական ներկայացուցիչները, այլ մերձավոր ազգականները և երեխայի դաստիարակության համար պատասխանատու այլ անձինք պարտավոր են ապահովել երեխայի համապատասխան պահանջմունքները և սույն հոդվածով նախատեսված իրավունքի իրացումը:

2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպությունները խրախուսում են երեխայի հանգստի, խաղալու և ժամանցի կազմակերպումը՝ ստեղծելով արտադպրոցական, մանկապատանեկան, մշակութային, մարզական, հանգստի և առողջության ամրապնդմանն ուղղված հաստատություններ, ծրագրեր և միջոցառումներ:

 

Հոդված 13. Երեխայի անվտանգության, ներառյալ՝ առցանց անվտանգության ապահովումը

 

1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է երեխայի անվտանգությունը, ներառյալ անվտանգ միջավայրում խնամքն ու դաստիարակությունը։ Պետությունը իր մարմինների ու կազմակերպությունների միջոցով ստեղծում է երեխայի համար անվտանգ միջավայր, ներառյալ՝ առցանց: Երեխայի համար անվտանգ առցանց միջավայրի ապահովման կարգը սահմանում է Կառավարությունը:

2. Առևտրային կամ ոչ առևտրային հիմունքներով համացանցային հասանելիություն ապահովող կազմակերպությունները, անկախ սեփականության ձևից, պարտավոր են օրենսդրությամբ սահմանված կարգով երեխաների առցանց անվտանգության ապահովման նպատակով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ: Երեխաների առցանց անվտանգությունն ապահովող կազմակերպություններին առաջադրվող պահանջները սահմանում է համապատասխան պետական լիազոր մարմինը՝ հիմք ընդունելով երեխայի իրավունքների ապահովման և երեխայի լավագույն շահերի պաշտպանության սկզբունքները:

3. Երեխայի անօրինական տեղաշարժը, այդ թվում՝ այլ պետություններ, առևանգումը, վաճառքն առաջացնում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

4. Երեխայի անվտանգության ապահովման համար Կառավարությունը սահմանում է այն առարկաների և իրերի ցանկը, որոնք արգելված է վաճառել, նվիրել կամ այլ կերպ տրամադրել երեխաներին, պահել կամ կրել երեխաներին և այդ առարկաների ու իրերի հայտնաբերման և առգրավման կարգը, ինչպես նաև այն սննդամթերքի, առարկաների և իրերի ցանկերը, որոնք արգելված են պահել կամ կրել ուսումնական, մարզական կամ խնամք տրամադրող հաստատություններում կամ ներս բերել այդ հաստատություններ ու այդ սննդամթերքը, առարկաները և իրերն ուսումնական, մարզական կամ խնամք տրամադրող հաստատություններում ի պահ հանձնելու կարգը:

 

Հոդված 14. Երեխայի լսված լինելու իրավունքը և երեխայի մասնակցությունը

 

1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, իր տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում և որոշումներ կայացնելիս: Երեխայի կարծիքը լսելիս իրավասու մարմինը ներգրավում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի: Երեխայի լսված լինելու իրավունքն ապահովելիս նրա կարծիքը չի կարող օգտագործվել կամ մեկնաբանվել ի վնաս երեխայի լավագույն շահերի:

2. Երեխայի լսված լինելու իրավունքը կարող է իրացվել նաև երեխային վերաբերող հարցերի առնչությամբ քաղաքականության, օրենսդրության և ռազմավարությունների ընդունման, իրականացման կամ փոփոխման դեպքում երեխաների շրջանում հարցումներ իրականացնելու, նրանց մասնակցությամբ քննարկումներ և բանավեճեր կազմակերպելու միջոցով:

3. Երեխան իրեն վերաբերող հարցերի քննարկմանը մասնակցում է իր զարգացող ունակություններին և աստիճանաբար աճող ինքնավարությանը համապատասխան: Որոշումների կայացման գործընթացին երեխայի մասնակցության սկզբունքները և ընդհանուր մոտեցումը հաստատվում են սոցիալական պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի ուղեցույցով: Առանձին ոլորտներում որոշումների կայացման գործընթացին երեխայի մասնակցության առանձնահատկությունները սահմանում է համապատասխան պետական լիազոր մարմինը:

 

Հոդված 15. Արդարադատության հասանելիության իրավունքը

 

1. Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի օգտվելու արդարադատության համակարգից, որն ապահովված է որակավորված մասնագետներով և հասանելի է երեխային՝ նրա տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, ընկալելի է երեխայի կողմից, հարմարեցված է երեխայի կարիքների, հիմնարար իրավունքների և պահանջմունքների արդյունավետ իրականացման համար, արտահայտում է հարգանքը երեխայի պատվի, արժանապատվության և անձնական կյանքի նկատմամբ: Երեխաների համար հասանելի արդարադատության գործընթացների առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով, «Փաստաբանության մասին» օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև արդարադատության համակարգի մարմինների ղեկավարների համապատասխան իրավական ակտերով:

2. Քրեական վարույթն իրականացնելիս իրավասու մարմինները երեխայի լավագույն շահերի ապահովման, մեղադրյալ, տուժող կամ վկա անչափահասի հոգեկան և ֆիզիկական առողջության պահպանման նպատակով պետք է ապահովեն Կառավարության որոշմամբ սահմանված կարգով որակավորված հոգեբանի պարտադիր մասնակցությունը՝ բացառելով երեխայի մասնակցությունը երեխայի հոգեկան առողջությանը վնաս պատճառող ցանկացած գործողությունների:

3. Երեխայի մասնակցությամբ վարույթը պետք է լինի հարմարեցված: Հարմարեցված է համարվում այն վարույթը, որն իրականացվում է երեխայի տարիքին, հասունության մակարդակին համապատասխան երեխայի հետ աշխատելու վերապատրաստում անցած մասնագետների կողմից՝ ապահովելով երեխայի կարիքներին հարմարեցված միջավայր, բացառելով երեխային լրացուցիչ տրավմայի կամ այլ անհարմարությունների պատճառումը՝ առաջնորդվելով երեխայի լավագույն շահերով:

 

Հոդված 16. Երեխայի այլ իրավունքները

 

1. Երեխայի կյանքի, պատվի, արժանապատվության, անվան, քաղաքացիության, մտքի, խղճի, կրոնի ազատության, միավորումներին անդամակցելու, կրթության, բնակելի տարածության, ժառանգության և այլ իրավունքները սահմանվում են այլ օրենքներով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավունքների իրականացման ընթացքում և այդ իրավունքները պաշտպանելիս երեխայի լավագույն շահերով առաջնորդվելը և երեխայի տարիքային ու հոգեբանական առանձնահատկությունները հաշվի առնելը պարտադիր են:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱՅՐԱՀԵՂ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ

 

Հոդված 17. Երեխայի խնամքը շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում

 

1. Հայաստանի Հանրապետությունն օրենքով լիազորված մարմինների միջոցով վերահսկողություն է իրականացնում երեխային շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունների նկատմամբ՝ անկախ խնամք տրամադրողի սեփականության ձևից, կազմակերպաիրավական տեսակից և ֆինանսավորման աղբյուրից՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Երեխայի խնամքը ներառում է նաև երեխայի դաստիարակության կազմակերպումը:

2. Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի անձնական հաշվին փոխանցվում է կենսաթոշակ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր ունակությունների լիարժեք զարգացման, նրան անկախ կյանքի նախապատրաստելու նպատակով շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում ստեղծվում են ընտանեկան միջավայրին մոտ պայմաններ:

4. Շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում գտնվող կամ տեղավորված և խնամակալի կամ հոգաբարձուի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխայի խնամակալի կամ հոգաբարձուի պարտականությունները, ինչպես նաև այդ երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականացնում է շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպության ղեկավարը:

5. Շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում երեխայի խնամքը կազմակերպվում է որպես ծայրահեղ միջոց, երբ այլընտրանքային խնամքի այլ ձևերն անհասանելի են կամ չեն բխում երեխայի լավագույն շահերից: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունում գտնվող երեխայի այլընտրանքային խնամքի ձևի վերանայման, կենսաբանական ընտանիքի հետ երեխայի վերամիավորման կամ երեխայի որդեգրման կազմակերպման համար:

 

Հոդված 18. Արտակարգ իրավիճակներում հայտնված երեխայի իրավունքը

 

1. Արտակարգ իրավիճակներում հայտնված երեխային պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպությունները տրամադրում են անհապաղ և անվճար անհրաժեշտ օգնություն, միջոցներ են ձեռնարկում վտանգավոր գոտուց նրան տեղափոխելու, ընտանիքի հետ վերամիավորելու, ինչպես նաև անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար:

2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպություններն ապահովում են արտակարգ իրավիճակներում հայտնված երեխայի սոցիալական պաշտպանվածությունը՝ հոգալով նրա առաջնահերթ կարիքները:

 

Հոդված 19. Ռազմական գործողություններին երեխայի մասնակցության արգելումը

 

1. Միջազգային պայմանագրերին համապատասխան՝ արգելվում է երեխային ներգրավել ռազմական գործողություններին, զինված ընդհարումներին, ինչպես նաև երեխաների շրջանում պատերազմի և բռնության քարոզչությունը, մանկական ռազմականացված միավորումների ստեղծումը:

2. Զինված հակամարտությունների ժամանակ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպություններն ապահովում են երեխայի հատուկ պաշտպանությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված 20. Երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագիրը և մշտադիտարկումը

 

1. Երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականությունը, այդ թվում՝ համատեղ միջոլորտային միջոցառումները, սահմանվում են երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագրով (այսուհետ՝ համալիր ծրագիր): Համալիր ծրագիրն ապահովում է երեխայի իրավունքների ապահովման, երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության համակարգված, նպատակային, շարունակական և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև հանդիսանում է երեխայի իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ միջազգային պարտավորությունների մշտադիտարկման գործիք:

2. Համալիր ծրագրի նախագիծը մշակում է սոցիալական պաշտպանության ոլորտում լիազոր պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Համալիր ծրագիրը հաստատում է Կառավարությունը:

 

Հոդված 21. Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովը

 

1. Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովը (այսուհետ՝ Ազգային հանձնաժողով) սոցիալական պաշտպանության պետական լիազոր մարմնին կից գործող խորհրդակցական մարմին է, որի գործունեության հիմնական նպատակը երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական միասնական քաղաքականության ապահովմանը նպաստելն է՝ հանրապետական մակարդակում երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի գործունեության և երեխայի լավագույն շահերի պաշտպանության ապահովման համար:

2. Ազգային հանձնաժողովն իր առջև դրված նպատակներն իրականացնում է երեխայի իրավունքների իրացման և պաշտպանության համար պատասխանատու մարմինների գործունեության համակարգման, երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագրի քննարկման և իրականացման նկատմամբ մշտադիտարկման միջոցով:

3. Ազգային հանձնաժողովի գործառույթներն են՝

1) երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում լիազորություններ ունեցող պետական լիազոր մարմինների գործունեությանն աջակցություն ցուցաբերելը, այդ թվում՝ վավերացված միջազգային պայմանագրերից բխող համակարգման գործառույթի իրականացման համար.

2) երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում միջոլորտային համագործակցության և տարբեր ոլորտների պատասխանատու մարմինների ու կազմակերպությունների հետ համատեղ միջոցառումների խթանումը.

3) երեխայի իրավունքների պաշտպանության ընթացքում ծագած խնդիրների վերլուծումն ու դրանց հաղթահարմանն ուղղված առաջարկությունների և լուծումների մշակումը.

4) երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականացնող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող կազմակերպությունների, անկախ սեփականության ձևից, կազմակերպաիրավական տեսակից և ֆինանսավորման աղբյուրից, և այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը.

5) երեխայի շահագործումից և երեխայի նկատմամբ բռնությունից (ներառյալ՝ սեռական) երեխաների պաշտպանության, դրանց կանխարգելման և դրանց դեմ պայքարի համար պատասխանատու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների միջև համագործակցության ապահովումը.

6) օրենսդրության վերանայման առաջարկությունների ներկայացումը՝ երեխայի լավագույն շահերի առաջնահերթությունն ապահովելու նպատակով.

7) օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ:

4. Ազգային հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:

5. Ազգային հանձնաժողովի գործունեության կարգը, կազմավորման կարգը և անհատական կազմը, ինչպես նաև Ազգային հանձնաժողովի աշխատանքային խմբերի ձևավորման հիմքերը և կարգը, գործունեության կարգը հաստատում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմնի ղեկավարը:

6. Ազգային հանձնաժողովի գործունեությունն ապահովում և այդ գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինը:

 

Հոդված 22. Ազգային հանձնաժողովի քարտուղարությունը

 

1. Ազգային հանձնաժողովի քարտուղարության գործառույթն իրականացնում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը՝ սոցիալական պաշտպանության պետական լիազոր մարմնի կանոնադրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հոդված 23. Երեխայի պաշտպանության համակարգը

 

1. Երեխայի պաշտպանության համակարգն իրավական նորմերի, գործառույթների և քաղաքականության համակարգ է, որն ուղղված է երեխայի պաշտպանության դեպքի բացահայտմանը, դրա կանխարգելմանն ու արձագանքմանը, երեխայի նկատմամբ բռնության ռիսկերի հայտնաբերմանն ու նվազեցմանը, բռնության կանխարգելմանը, ինչպես նաև երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի երաշխավորմանը:

2. Երեխայի պաշտպանությունն իրականացվում է կանխարգելման և արձագանքման ձևով:

3. Կանխարգելման ձևով երեխայի պաշտպանությունն իրականացնելիս երեխայի պաշտպանության համակարգի հիմնական նպատակը նախքան երեխայի պաշտպանության դեպքը տեղի ունենալը համապատասխան ռիսկի գործոնների առկայության պայմաններում երեխային կամ նրա ընտանիքին աջակցություն տրամադրելն է սոցիալական մեկուսացման բացառման, ընտանիքից երեխայի բաժանման և բռնության ռիսկի նվազեցման նպատակով՝ անհրաժեշտության դեպքում ապահովելով վաղ միջամտության հնարավորություն:

4. Արձագանքման ձևով երեխայի պաշտպանությունն իրականացնելիս երեխայի պաշտպանության համակարգի հիմնական նպատակը երեխայի նկատմամբ կատարված բռնության դեպքից հետո բռնության, ներառյալ բռնության մասնավոր դրսևորումների բացասական հետևանքները նվազեցնելը, և դրա կրկնման հավանականությունը կանխարգելելն է, ինչպես նաև երեխայի իրավունքները ճանաչելն ու մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելը:

5. Երեխայի պաշտպանության կանխարգելման կամ արձագանքման դեպքի մշտադիտարկում համապատասխան սոցիալական աշխատողի կողմից իրականացվում է տնայցերի, երեխայից, նրա ընտանիքից և երեխայի հետ առնչվող անձանցից ու կազմակերպություններից տեղեկատվություն ստանալու միջոցով:

 

Հոդված 24. Սոցիալական պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի լիազորությունները երեխայի պաշտպանության շրջանակում

 

1. Սոցիալական պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմինը՝

1) իր իրավասությունների շրջանակում մշակում և իրականացնում է երեխաների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականությունը.

2) սահմանում է երեխայի պաշտպանության ոլորտի սոցիալական ծառայությունների չափորոշիչները և իրականացնում է դրանց մշտադիտարկումը, բացառությամբ «Սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված և այդ օրենքով այլ մարմիններին լիազորված դեպքերի.

3) մասնագիտական հսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի կողմից երեխայի պաշտպանության պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբ՝ համապատասխան նորմատիվ իրավական ակտերի ընդունման միջոցով, պատրաստում է մասնագիտական հսկողության արդյունքների և առաջարկությունների վերաբերյալ տեղեկանք և տրամադրում է համապատասխան մարմիններին, ինչպես նաև հաստատում է համայնքի ղեկավարի կողմից երեխայի պաշտպանության պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբ մասնագիտական հսկողության կարգն ու տեղեկանքի ձևը.

4) քաղաքականության իրականացման շրջանակում մշտադիտարկում է Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրման կազմակերպումը, այլընտրանքային խնամքի բոլոր ձևերը, ինչպես նաև երեխայի պաշտպանության շրջանակում տրամադրվող այլ ծառայություններ, պատրաստում է մշտադիտարկման արդյունքների և առաջարկությունների վերաբերյալ տեղեկանք ու տրամադրում է համապատասխան մարմիններին: Հաստատում է որդեգրման, այլընտրանքային խնամքի և երեխայի պաշտպանության շրջանակում այլ ծառայությունների մշտադիտարկման կարգն ու տեղեկանքի ձևը.

5) տրամադրում է մասնագիտական աջակցություն և մեթոդական պարզաբանում երեխաների պաշտպանության հարցերի և քաղաքականության վերաբերյալ.

6) ապահովում է համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողների և երեխաների պաշտպանության, այլընտրանքային խնամքի կազմակերպման և որդեգրման ոլորտում աշխատող՝ մարզպետի աշխատակազմի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի համապատասխան աշխատողների, մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին կից գործող երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի անդամների, շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունների, ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունների և ցերեկային կենտրոնների աշխատողների ուսուցումն ու վերապատրաստումը.

7) հաստատում է երեխայի պաշտպանության ոլորտում ուսուցման և վերապատրաստման մոդուլները և դրանց բովանդակությունը.

8) ստեղծում և կառավարում է երեխաների պաշտպանության տեղեկատվական ենթահամակարգը, որը հանդիսանում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգի մաս: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պետական լիազոր մարմնի հետ համագործակցող կազմակերպությունները, այդ թվում՝ դատական դեպարտամենտը, քննչական կոմիտեն, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը տրամադրում կամ մուտքագրում են պահանջվող տվյալները երեխայի պաշտպանության ենթահամակարգ՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով.

9) ուսումնասիրելով երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացությունը՝ իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող երեխաների ուղեգրում շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններ կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններ, բացառությամբ ճգնաժամային շուրջօրյա խնամք իրականացնող հաստատությունների.

10) ապահովում է խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ուսուցման դասընթացները և վերապատրաստումը, ինչպես նաև որդեգրել ցանկացող հաշվառված անձանց նախապատրաստական դասընթացները, հաստատում է նշված դասընթացների և վերապատրաստումների պայմաններն ու կարգը, վկայականի օրինակելի ձևը.

11) հաստատում է երեխայի պաշտպանության պլանին ներկայացվող պահանջները, պլանի ձևը և լրացման կարգը.

12) հաստատում է երեխայի պաշտպանության գործընթացում սոցիալական աշխատանքի իրականացման, այդ թվում՝ գնահատման, մշտադիտարկման, երեխայի պաշտպանության պլանի մշակման համար անհրաժեշտ՝ օրենսդրությունից բխող ընթացակարգերը, մեթոդական ուղեցույցները և ձևաթղթերը:

 

Հոդված 25. Երեխայի պաշտպանության ոլորտում Միասնական սոցիալական ծառայության լիազորությունները

 

1. Միասնական սոցիալական ծառայությունը՝

1) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է խնամակալ, հոգաբարձու, խնամատար ծնող դառնալ ցանկացող և որդեգրել ցանկացող անձի ընտանիքի սոցիալական գնահատում և տալիս եզրակացություն խնամակալության և հոգաբարձության մարմնին, մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին: Ընտանիքի սոցիալական գնահատման արդյունքների մասին կազմվող եզրակացությանը ներկայացվող պահանջներն ու օրինակելի ձևը հաստատում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինը.

2) Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված դեպքերում համայնքի ղեկավարի կամ տարածքային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական մարմնի (այսուհետ՝ տարածքային կառավարման պետական մարմին) նախաձեռնությամբ իրականացնում է երեխայի և նրա ընտանիքի սոցիալական գնահատում և տալիս եզրակացություն.

3) իր գործառույթների շրջանակում ընտանիքի սոցիալական գնահատման հիման վրա ընտանիքին կամ ընտանիքի անդամներին ընդգրկում է առկա պետական սոցիալական աջակցության ծրագրերում՝ ընտանիքից երեխայի բաժանման ռիսկերի կանխարգելման և այլընտրանքային խնամքի միջոցով խնամք և դաստիարակություն ստացող երեխայի՝ ընտանիքի հետ վերամիավորմանն աջակցելու համար.

4) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է վերամիավորման ենթակա երեխայի ընտանիքի սոցիալական գնահատում և տալիս է եզրակացություն վերամիավորման նպատակահարմարության վերաբերյալ.

5) սոցիալական դեպք վարելիս պաշտպանության կարիք ունեցող երեխայի հայտնաբերման դեպքում անհապաղ տեղեկացնում է հայտնաբերման համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողին.

6) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, ինչպես նաև ընտանիքի այլ անդամներին՝ ընտանիքից երեխայի բաժանման ռիսկերի կանխարգելման կամ այլընտրանքային խնամքի միջոցով խնամք և դաստիարակություն ստացող երեխայի՝ ընտանիքի հետ վերամիավորման նպատակով ուղղորդում է ծառայություններ ստանալու համար:

 

Հոդված 26. Երեխայի պաշտպանության ոլորտում մարզպետի աշխատակազմի լիազորությունները

 

1. Երեխայի պաշտպանության ոլորտում մարզպետի աշխատակազմն իր լիազորություններն իրականացնում է երեխայի պաշտպանության ոլորտում մասնագիտացած սոցիալական աշխատողի միջոցով:

2. Մարզպետի աշխատակազմը՝

1) աջակցում է համայնքի սոցիալական աշխատողներին երեխայի պաշտպանության ոլորտի լիազորություններ իրականացնելու ընթացքում և տրամադրում է խորհրդատվություն.

2) դիմում է դատարան՝ ծնողական իրավունքների սահմանափակման կամ ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ հայցով.

3) իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և նրանց թվին պատկանող անձանց կարգավիճակի հաստատում՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով.

4) իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված դեպքերում որդեգրման ենթակա երեխաների, ինչպես նաև խնամատարության ենթակա երեխաների հաշվառում՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով.

5) իրականացնում է դեպքի ուսումնասիրություն խնամակալների, հոգաբարձուների, խնամատար ծնող դառնալ ցանկացող և որդեգրել ցանկացող անձանց դիմումների հիման վրա, այդ թվում, ըստ անհրաժեշտության, տնայց ու լրացուցիչ տեղեկատվություն հավաքելով՝ տնայցի և օրենսդրությամբ սահմանված գնահատման արդյունքները, հավաքած լրացուցիչ տեղեկատվությունը մուտքագրելով տեղեկատվական համակարգ.

6) իրականացնում է խնամատար ծնող դառնալ կամ որդեգրել ցանկացող անձանց հաշվառում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.

7) իրականացնում է խնամակալների կամ հոգաբարձուների հաշվառման մշտադիտարկում, պատրաստում է մշտադիտարկման արդյունքների և առաջարկությունների վերաբերյալ տեղեկանք ու տրամադրում է համապատասխան մարմիններին: Խնամակալների կամ հոգաբարձուների հաշվառման մշտադիտարկման կարգը և մշտադիտարկման արդյունքների և առաջարկությունների վերաբերյալ տեղեկանքի ձևը սահմանվում է Կառավարության որոշմամբ.

8) հրավիրում և վարում է մարզպետի աշխատակազմին կից՝ երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի նիստերը: Երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի կազմավորման և գործունեության կարգը, տրամադրվող եզրակացության և տեղեկանքի ձևերը սահմանում է Կառավարությունը.

9) կազմակերպում է երեխաների խնամքը խնամատար ընտանիքներում, այդ թվում՝ կազմակերպելով համադրման մասնագիտական փուլը երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի նիստ հրավիրելու և դրա աշխատանքները կազմակերպելու միջոցով, ստորագրելով պայմանագրերն ու տեղեկացնելով համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողին մշտադիտարկում իրականացնելու և աջակցություն կազմակերպելու մասին.

10) երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացության հիման վրա դեպքն ուղղորդում է երեխայի պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնին՝ այլընտրանքային խնամքի կարիք ունեցող երեխաների խնամքը շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում կազմակերպելու նպատակով ուղեգրելու համար, բացառությամբ ճգնաժամային շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունների.

11) կազմակերպում է երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի նիստեր երեխայի այլընտրանքային խնամքի ձևի վերանայման նպատակով՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահերը.

12) իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրման՝ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները, այդ թվում՝ կազմակերպում է համադրման մասնագիտական փուլը երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի նիստ հրավիրելու և դրա աշխատանքները կազմակերպելու միջոցով.

13) երեխայի պաշտպանության դեպքերի ու լավագույն շահերի երաշխավորման ուսումնասիրության արդյունքում երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացության հիման վրա առաջարկում է երեխայի ընտանիքի գտնվելու համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողին երեխայի ընտանիքին, ծնողին կամ օրինական ներկայացուցչին կամ այլ մերձավոր ազգականին ուղղորդել ծառայություններ ստանալու նպատակով համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպություններ երեխայի պաշտպանության պլանում դրա ընդգրկման և մշտադիտարկման համար.

14) Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացության հիման վրա օրենքով նախատեսված դեպքերում առանց երեխայի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության որոշում է կայացնում՝ կազմակերպելով երեխայի խնամքը խնամատար ընտանիքում.

15) սույն օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետով նախատեսված դեպքում տեղեկատվություն ստանալիս երեք օրվա ընթացքում հրավիրում է երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի նիստ, որի եզրակացության՝ որպես մասնագիտական խորհրդատվական փաստաթղթի հիման վրա համապատասխան առաջարկություն է ներկայացնում համայնքի ղեկավարին իր կայացրած որոշման վերանայման վերաբերյալ.

16) ուսումնասիրում է վերամիավորման ենթակա երեխայի դեպքի վերաբերյալ երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացությունն ու առկա փաստերը և որոշում կայացնում երեխային կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորման վերաբերյալ՝ այդ մասին տեղեկացնելով երեխայի այլընտրանքային խնամքի ձևից կախված համապատասխան մարմնին և երեխայի ընտանիքի գտնվելու վայրի համայնքի ղեկավարին երեխայի տեղափոխումը կազմակերպելու համար:

3. Երեխայի պաշտպանության դեպքի շրջանակում ոլորտային մասնագիտական մշտադիտարկումն ապահովվում է սոցիալական պաշտպանության և տարածքային կառավարման ոլորտներում պետական լիազոր մարմինների համատեղ հրամանով:

 

Հոդված 27. Երևան քաղաքում երեխայի պաշտպանության ոլորտում լիազորությունների առանձնահատկությունները

 

1. Սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները Երևան քաղաքում իրականացնում է Երևանի քաղաքապետարանը համապատասխան ստորաբաժանումների միջոցով:

2. Երևան քաղաքում վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության մարմինների նկատմամբ Երևանի քաղաքապետարանն իրականացնում է օրենքով սահմանված վերահսկողություն և համակարգում է դրանց աշխատանքները:

 

Հոդված 28. Երեխայի պաշտպանության ոլորտում համայնքի ղեկավարի լիազորությունները

 

1. Երեխայի պաշտպանության ոլորտում համայնքի ղեկավարն իր լիազորություններն իրականացնում է երեխայի պաշտպանության ոլորտում մասնագիտացված սոցիալական աշխատողների միջոցով և իր լիազորությունների շրջանակում որոշումները կայացնում է համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողների եզրակացության հիման վրա:

2. Համայնքի ղեկավարի՝ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված լիազորությունները համայնքի ղեկավարի անունից իրականացնում է համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողը, բացառությամբ որոշումների կայացմանը վերաբերող լիազորությունների, որոնց դեպքում համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողը տրամադրում է մասնագիտական եզրակացություն:

3. Երեխայի պաշտպանության ոլորտում մասնագիտացված սոցիալական աշխատողը պարտավոր է համապատասխանել «Սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված պահանջներին, ինչպես նաև անցնել ուսուցում և վերապատրաստում երեխայի պաշտպանության ոլորտի վերաբերյալ:

4. Երեխայի պաշտպանության ոլորտում համայնքի ղեկավարը՝

1) սեփական լիազորությունների շրջանակում խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելիս ներգրավում է Միասնական սոցիալական ծառայությանը՝ խնամակալի կամ հոգաբարձուի թեկնածուների ընտանիքների սոցիալական գնահատում անցկացնելու և եզրակացություն տալու համար.

2) երեխաների պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի առաջարկությունը հաշվի առնելով՝ երեխայի նկատմամբ սահմանում է խնամակալություն կամ հոգաբարձություն, ինչպես նաև դադարեցնում է խնամակալի կամ հոգաբարձուի լիազորությունները, բացառությամբ դատարանի նշանակած խնամակալության և հոգաբարձության դեպքերի.

3) իրականացնում է երեխայի պաշտպանության դեպքերի հայտնաբերմանն ուղղված քայլեր.

4) արձագանքում է երեխայի պաշտպանության ենթադրյալ դեպքերի մասին ահազանգերին, կատարում է երեխայի պաշտպանության ենթադրյալ դեպքերի գնահատում, դրանից բխող սոցիալական աշխատանք, այդ թվում՝ միջամտություններ և մշտադիտարկում, իսկ երեխայի պաշտպանության դեպքի պարագայում՝ երեխայի պաշտպանության դեպքի վարում.

5) երեխայի պաշտպանության յուրաքանչյուր դեպքի համար կազմում է երեխայի պաշտպանության պլան և ապահովում է դրա իրականացումը: Երեխայի պաշտպանության պլանը երեխայի պաշտպանության դեպքի վերաբերյալ սոցիալական աշխատանքի շրջանակում կազմված ծրագիրն է, որում ներկայացվում են երեխայի գնահատված կարիքները, գնահատման հիման վրա առաջարկվող միջամտություններն ու գործողությունները, դրանց իրականացման համար նախատեսված ժամկետները, պատասխանատուների կամ հիմնական դերակատարների տվյալները, ակնկալվող արդյունքները կամ նպատակները, ինչպես նաև մշտադիտարկման ժամանակացույցը և արդյունքները: Երեխայի պաշտպանության պլանին ներկայացվող պահանջները, պլանի ձևը և լրացման կարգը հաստատում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինը.

6) երեխայի պաշտպանության դեպքի շրջանակում նաև «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված սոցիալական դեպքի առկայության պայմաններում ներգրավում է Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնին և կազմված անհատական կամ ընտանեկան սոցիալական միջամտության ծրագիրը դիտարկում է որպես երեխայի պաշտպանության պլանի մաս.

7) երեխայի պաշտպանության պլանի մշակման ու իրականացման շրջանակներում իրականացնում է անհրաժեշտ սոցիալական աշխատանքը, համակարգում է երեխայի պաշտպանության և երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ միջոցառումները և իրականացնում պլանի մշտադիտարկումը, այդ թվում՝ ծառայությունների ստացումը, դրանց արդյունքները, լրացուցիչ ծառայությունների ու միջամտության անհրաժեշտությունը: Երեխայի պաշտպանության պլանի իրականացման շրջանակում ծառայություններ ստանալու նպատակով երեխաներին, ծնողներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին կամ այլ մերձավոր ազգականի ուղղորդում է համապատասխան ծառայություն մատուցող կազմակերպություններ՝ անկախ ծառայություն մատուցողի կազմակերպաիրավական տեսակից և ֆինանսավորման աղբյուրից.

8) ըստ անհրաժեշտության՝ ուղղորդում է երեխային կամ նրա ընտանիքի անդամներին Միասնական սոցիալական ծառայություն՝ գնահատման և պետական աջակցության տրամադրման նպատակով.

9) երեխայի նկատմամբ բռնության կասկածի դեպքում տեղեկատվությունը փոխանցում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն, ինչպես նաև իրականացնում է երեխայի և նրա ընտանիքի մշտադիտարկում (սույն լիազորությունը կիրառելի չէ բուլինգի դեպքերում, որի պարագայում անհրաժեշտ միջամտություններն ու գործողություններն իրականացնում է համայնքի սոցիալական աշխատողը).

10) ընտանիքի բացակայության կամ դրա հետ համագործակցության անհնարինության պարագայում երեխայի պաշտպանության դեպքերն ու լավագույն շահերի երաշխավորման հարցերը ներկայացնում է մարզպետի աշխատակազմ, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարան՝ երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդում այլընտրանքային խնամքի, միջամտություն պահանջող այլ գործողությունների կամ մասնագիտական կազմակերպությունների ներգրավման հարցերի քննարկման, եզրակացության տրամադրման և որոշման կայացման նպատակով.

11) երեխայի պաշտպանության դեպքերի ու լավագույն շահերի երաշխավորման առնչությամբ երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացության հիման վրա ներառում կամ սահմանում է համապատասխան միջամտություններ երեխայի պաշտպանության պլանում և երեխայի ընտանիքին, ծնողին կամ օրինական ներկայացուցչին կամ այլ մերձավոր ազգականի անհրաժեշտ ծառայություններ ստանալու նպատակով ուղղորդում է համապատասխան ծառայություն մատուցող կազմակերպություններ.

12) երեխայի կյանքին և առողջությանը սպառնացող անմիջական վտանգի դեպքում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության հետ համատեղ անհապաղ իրականացնում է երեխայի տեղափոխումն ընտանիքից և կազմակերպում երեխայի այլընտրանքային խնամքը, ներառյալ տեղափոխումը փաստացի խնամակալի կամ հոգաբարձուի մոտ, ճգնաժամային խնամատար ընտանիք, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություն՝ այդ մասին անհապաղ հայտնելով մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին և Միասնական սոցիալական ծառայության տարածքային՝ երեխայի բնակվելու կամ փաստացի գտնվելու վայրի կենտրոնին.

13) երեխայի այլընտրանքային խնամքը կազմակերպելիս իրականացնում է երեխայի տեղափոխումը խնամակալի կամ հոգաբարձուի մոտ, խնամատար ընտանիք, ճգնաժամային շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություն, ինչպես նաև պետական լիազոր մարմնի ուղեգրման հիման վրա՝ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություն կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություն.

14) երեխայի ընտանիքի գտնվելու վայրի, իսկ ընտանիքի բացակայության դեպքում երեխայի գտնվելու վայրի համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողը նախաձեռնում է երեխայի այլընտրանքային խնամքի ձևի կազմակերպման պարբերական վերանայում՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահերը և սույն օրենքում նշված սկզբունքները.

15) երեխայի այլընտրանքային խնամքի ձևի փոփոխության դեպքում կազմակերպում է երեխայի տեղափոխումը.

16) համայնքում երեխայի այլընտրանքային խնամքի կազմակերպման դեպքում, բացառությամբ երեխայի՝ շուրջօրյա խնամք իրականացնող կազմակերպությունում գտնվելու դեպքերի, նախաձեռնում է երեխայի՝ կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորմանն ուղղված աշխատանքներ՝ ներգրավելով ընտանիքի գտնվելու վայրի համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողին և ըստ անհրաժեշտության՝ այլ պետական մարմինների և իրավաբանական անձանց ներկայացուցիչների.

17) համայնքում երեխայի ընտանիքի գտնվելու դեպքում համագործակցում է երեխայի գտնվելու վայրի համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողի, իսկ երեխայի՝ հաստատությունում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունում գտնվելու դեպքում հաստատության կամ կազմակերպության ղեկավարի հետ երեխային՝ կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորմանն ուղղված աշխատանքներում աջակցելու համար՝ ըստ անհրաժեշտության ներգրավելով այլ պետական մարմինների և իրավաբանական անձանց ներկայացուցիչների, դիմում է Միասնական սոցիալական ծառայություն՝ ընտանիքի սոցիալական գնահատումն իրականացնելու համար, և ապահովում է եզրակացության ներկայացումը մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին՝ երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդում դեպքն ուսումնասիրելու, եզրակացություն տրամադրելու կամ որոշում կայացնելու համար.

18) կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորման վերաբերյալ մարզպետի աշխատակազմի որոշման հիման վրա համայնքում երեխայի ընտանիքի գտնվելու դեպքում իրականացնում է երեխայի տեղափոխումը կենսաբանական ընտանիք՝ համագործակցելով երեխայի գտնվելու վայրի համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողի, իսկ երեխայի՝ հաստատությունում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունում գտնվելու դեպքում՝ հաստատության կամ կազմակերպության ղեկավարի հետ.

19) իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառում՝ ներկայացնելով մարզպետի աշխատակազմ կարգավիճակի հաստատման նպատակով.

20) իրականացնում է խնամակալների և հոգաբարձուների հաշվառում՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով.

21) աջակցություն է ցուցաբերում խնամակալներին, հոգաբարձուներին, խնամատար և որդեգրող ծնողներին, ինչպես նաև վերամիավորված ընտանիքներին, այդ թվում՝ տրամադրելով խորհրդատվություն և տեղեկատվություն.

22) իրականացնում է խնամակալության, հոգաբարձության և որդեգրման վերահսկողություն: Կազմում է վերահսկողության արդյունքների վերաբերյալ տեղեկանք և մուտքագրում տեղեկատվական համակարգ: Խնամակալության, հոգաբարձության և որդեգրման վերահսկողության իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը.

23) իրականացնում է խնամատար ընտանիքների մշտադիտարկում.

24) երեխայի լավագույն շահերի որոշման շուրջ անհամաձայնության կամ լրացուցիչ պարզաբանման անհրաժեշտության դեպքում իրականացնում է երեխայի լավագույն շահերի գնահատում՝ ապահովելով տեղեկատվության բազմակողմանիությունը և գնահատման հիման վրա կազմված եզրակացությունը տրամադրում է համապատասխան մարմիններին, ինչպես նաև գնահատման հիման վրա, ըստ անհրաժեշտության, իրականացնում է սոցիալական աշխատանք՝ ապահովելու երեխայի լավագույն շահերի երաշխավորումը կամ աջակցելով երեխայի խախտված իրավունքի վերականգնմանը: Երեխայի լավագույն շահերի երաշխավորմանն ուղղված գնահատման կարգն ու ձևը հաստատում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինը.

25) դատարանում մասնակցում է երեխաների խնամքի և դաստիարակության հետ կապված վեճերի քննությանը՝ ներկայացնելով վեճերի լուծման համար անհրաժեշտ օրենքով պահանջվող փաստաթղթերն ու տեղեկությունը.

26) մանկալքության ռիսկի դեպքում աշխատում է ծնողի կամ ծնողների հետ՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ՝ հնարավորության դեպքում կանխարգելելու համար երեխայից հրաժարվելը՝ ըստ անհրաժեշտության ներգրավելով այլ մարմինների կամ ուղղորդելով ծառայությունների ստացման.

27) հերթափոխով աշխատանքի միջոցով ապահովում է մասնագիտացված սոցիալական աշխատողների 24-ժամյա հասանելիությունը՝ երեխայի պաշտպանության հրատապ դեպքերին արձագանքելու համար:

5. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված լիազորությունները հանդիսանում են համայնքի ղեկավարի սեփական լիազորություններ, իսկ 3-27-րդ կետերով նախատեսված լիազորությունները՝ պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորություններ:

 

Հոդված 29. Երեխայի պաշտպանության ոլորտում պարտադիր համագործակցությունը և պարտադիր ահազանգումը

 

1. Երեխայի նկատմամբ բռնության կամ դրա ռիսկի դեպքին առնչվող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև բժշկական, ուսումնական, մարզական կամ խնամք տրամադրող հաստատությունները կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունները, անկախ ծառայություն մատուցողի սեփականության ձևից, կազմակերպաիրավական տեսակից և ֆինանսավորման աղբյուրից, պարտավոր են երեք օրվա ընթացքում, իսկ արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև անհետաձգելի լուծում պահանջող, կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող դեպքերում անհապաղ դրա մասին ահազանգել այն համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողին, որտեղ տեղի է ունեցել դեպքը: Անհետաձգելի լուծում պահանջող, կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող դեպքերում անհապաղ արձագանքի համար համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողներն ապահովում են շուրջօրյա հասանելիություն հերթափոխի միջոցով:

2. Յուրաքանչյուր ոք երեխայի նկատմամբ բռնության կամ շահագործման կամ դրա ռիսկի վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքում պարտավոր է այդ մասին ահազանգել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությանը կամ համայնքի ղեկավարին: Ահազանգերի և դրանցով նշված դեպքերի մասին իրավասու մարմիններին տեղեկացնելիս անձի ինքնությունը պահվում է գաղտնի, եթե նման ցանկություն է հայտնել ահազանգող անձը:

3. Մանկալքության ռիսկի դեպքում դրա մասին տեղյակ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև բժշկական, ուսումնական, մարզական կամ խնամք տրամադրող հաստատությունները կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունները, անկախ ծառայություն մատուցողի սեփականության ձևից, կազմակերպաիրավական տեսակից և ֆինանսավորման աղբյուրից, պարտավոր են անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում, դրա մասին ահազանգել այն համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողին, որտեղ գտնվում է երեխան:

4. Երեխայի պաշտպանության ոլորտում պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձինք համագործակցում են՝ ապահովելով երեխայի լավագույն շահերի առաջնահերթությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 30. Պատասխանատվությունն օրենքը խախտելու համար

 

1. Սույն օրենքը խախտող ֆիզիկական անձինք, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց կազմակերպությունները և հիմնարկները, ինչպես նաև իրավաբանական անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

 

Հոդված 31. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Մինչև գործող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը սույն օրենքին համապատասխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:

3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 24 ամսվա ընթացքում: Սույն մասում նշված ակտերից յուրաքանչյուրն ուժի մեջ մտնելուց հետո գործելու են համապատասխանաբար՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, 7-րդ հոդվածի 5-րդ մասը, 8-րդ հոդվածի 3-րդ մասը, 9-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերը, 11-րդ հոդվածի 2-րդ մասը, 13-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերը, 14-րդ հոդվածի 3-րդ մասը, 15-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 20-րդ հոդվածի 2-րդ մասը, 21-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, 22-րդ հոդվածի 1-ին մասը, 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 26-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 7-րդ և 8-րդ կետերը, 28-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ, 20-րդ, 22-րդ և 24-րդ կետերը:

4. Սույն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

5. Սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 9-րդ կետերը, 26-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-16-րդ կետերը, 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 4-րդ մասի 2-4-րդ, 6-19-րդ, 21-րդ, 23-րդ, 25-րդ և 26-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2028 թվականի հունվարի 1-ից Արարատի մարզում, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

6. Սույն օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի 27-րդ կետն ուժի մեջ է մտնում 2030 թվականի հունվարի 1-ից՝ Արարատի մարզում, իսկ 2031 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում «Երեխայի իրավունքների մասին» 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-59 օրենքը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. նոյեմբերի 18

Երևան

ՀՕ-364-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական: