Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-159-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.12.28/72(371) Հոդ.1480
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.11.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.01.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի նոյեմբերի 24-ին

 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1.

ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքը կարգավորում է թափոնների հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման, հեռացման, ծավալների կրճատման և դրանց հետ կապված այլ հարաբերությունների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության կանխարգելման իրավական և տնտեսական հիմքերը:

 

ՀՈԴՎԱԾ 2.

ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏԸ և ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման) և սպառման ընթացքում գոյացած թափոնների գործածության վրա:

2. Օրենքի գործողությունը չի տարածվում`

ա) ռադիոակտիվ թափոնների,

բ) հոսքաջրերին խառնվող և բնական ջրատարներ թափվող նյութերի,

գ) արտանետման աղբյուրներից անջատվող գազային խառնուրդների հետ մթնոլորտ արտանետվող նյութերի վրա։

դ) (կետն ուժը կորցրել է 22.06.15 ՀՕ-105-Ն)

Սույն մասով նախատեսված` թափոնների գործածության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով:

3. Սույն օրենքի գործողությունը ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների մշակման հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածվում է այնքանով, որքանով չի հակասում Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված կարգավորումներին:

(2-րդ հոդվածը փոփ. 22.06.15 ՀՕ-105-Ն, լրաց. 18.10.16 ՀՕ-163-Ն, 13.11.25 ՀՕ-372-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 3.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման) և սպառման թափոնների գործածության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և իրավական այլ ակտերով:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

(3-րդ հոդվածը փոփ. 22.06.15 ՀՕ-105-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 4.

ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) կոշտ կենցաղային թափոններ՝ սպառման թափոնների տեսակներ, որոնք առաջանում են բնակելի տարածքներում ֆիզիկական անձանց կողմից սպառման ընթացքում, ինչպես նաև ապրանքներ, որոնք անձնական և կենցաղային կարիքների բավարարման նպատակով բնակելի տարածքներում ֆիզիկական անձանց կողմից օգտագործման ընթացքում կորցրել են իրենց սպառողական հատկությունները: Կոշտ կենցաղային թափոններին են պատկանում նաև այն թափոնները, որոնք առաջանում են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գործունեության ընթացքում և կազմով նման են բնակելի տարածքներում ֆիզիկական անձանց կողմից սպառման ընթացքում առաջացող թափոններին.

2) արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման) և սպառման թափոններ (այսուհետ` թափոններ)` արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման) կամ սպառման ընթացքում գոյացած հումքի, նյութերի, արգասիքների, այլ արտադրանքի կամ մթերքի մնացորդներ, ինչպես նաև ապրանքներ (արտադրանք), որոնք կորցրել են իրենց սկզբնական սպառողական հատկությունները.

3) թափոններ առաջացնող` իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որի գործունեության ընթացքում գոյանում են թափոններ.

4) թափոնների գործածություն` գործողություններ, որոնք ուղղված են թափոնների հավաքմանը, փոխադրմանը, տեղադրմանը, պահմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, հեռացմանը, վնասազերծմանը և թաղմանը.

5) վտանգավոր թափոններ` թափոններ, որոնք իրենց ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկություններով վտանգ են ստեղծում կամ կարող են ստեղծել մարդու առողջության և շրջակա միջավայրի համար, և պահանջվում են դրանց հետ վարվելու հատուկ մեթոդներ, եղանակներ, միջոցներ.

6) թափոնների հավաքում` գործունեություն, որը կապված է թափոնների հեռացման և հատուկ հատկացված տեղերում կամ օբյեկտներում դրանց տեղադրման հետ, ներառյալ` թափոնների տեսակավորումը` հետագա օգտահանման կամ հեռացման նպատակով.

7) թափոնների պահում` թափոնների ժամանակավոր պահեստավորում հատուկ հատկացված տեղերում կամ օբյեկտներում 30 օրը գերազանցող ժամկետով` դրանց հետագա օգտահանման կամ հեռացման նպատակով.

8) թափոնների օգտագործում` թափոնների կիրառումն ապրանքների արտադրության, էներգիայի ստացման կամ այլ նպատակներով.

9) թափոնների մշակում, վերամշակում` տեխնոլոգիական գործողությունների իրականացում, որոնք կապված են թափոնների ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկությունների փոփոխման հետ.

10) թափոնների օգտահանում` թափոնների օգտագործում` որպես երկրորդային նյութական կամ էներգետիկ ռեսուրս.

11) թափոնների հեռացում` թափոնների հետ կապված գործողություններ, որոնք չեն հանգեցնում դրանց օգտահանմանը.

12) թափոնների վնասազերծում` թափոնների վտանգավոր հատկությունների նվազեցում կամ վերացում մեխանիկական, ֆիզիկաքիմիական կամ կենսաբանական մշակման միջոցով.

13) թափոնների տեղադրում` թափոնների մեկուսացում, որը բացառում է թափոնների հետագա օգտագործումը և ուղղված է դրանց չեզոքացմանն ու շրջակա միջավայրում վտանգավոր նյութերի հետագա տարածման կանխարգելմանը.

14) թափոնների թաղում` թափոնների վերջնական տեղադրում հատուկ հատկացված տեղերում կամ օբյեկտներում, որը բացառում է դրանց վտանգավոր ներգործությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա.

15) թափոնների գործածության օբյեկտներ` թափոնների հավաքման, պահման, մշակման, վերամշակման, օգտահանման, հեռացման, վնասազերծման և թաղման համար օգտագործվող տեղեր կամ օբյեկտներ.

16) հատուկ հատկացված տեղեր` թափոնների տեղադրման կամ պահման համար օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված վայրեր՝ թափոնների տեղաբաշխման տեղեր, փոխաբեռնման կայաններ, պոլիգոններ, թափոնակուտակիչներ, աղբավայրեր, համալիրներ, շինություններ, արդյունաբերական հրապարակներ, պոչամբարներ, արտադրական լցակույտերի, մակաբացման ապարների տեղամասեր.

17) թափոնների հեռացման վայրեր՝ թափոնների վնասազերծման, ոչնչացման կամ տեղադրման համար հատուկ հատկացված տեղեր կամ օբյեկտներ (այդ թվում՝ աղբավայրեր, պոլիգոններ).

18) թափոնների հեռացման վայրերը շահագործողներ՝ իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր, որոնք պատասխանատու են թափոնների հեռացման վայրերում թափոնների ոչնչացման, վնասազերծման կամ տեղադրման (այդ թվում՝ թաղման) համար.

19) թափոնների հեռացման վայրերի մոնիթորինգ՝ թափոնների հեռացման վայրերում և դրանց հարակից տարածքներում հողի, մթնոլորտային օդի, մակերևութային և ստորերկրյա ջրերի որակական ցուցանիշների վերաբերյալ տվյալների պարբերական հավաքում ակնադիտարկումների, գործիքային չափումների, նմուշառումների, լաբորատոր փորձարկումների միջոցով և դրանց մշակում.

20) թափոնների փոխադրում` թափոնների տեղափոխում դրանց գոյացման կամ պահման վայրերից դեպի մշակման, օգտահանման կամ հեռացման վայրեր կամ օբյեկտներ.

21) թափոնների անդրսահմանային փոխադրում` թափոնների փոխադրում որևէ պետության տարածքից այլ պետության տարածք կամ որևէ պետության իրավասության ներքո չգտնվող տարածքով` պայմանով, որ թափոնների նման փոխադրումը առնչվում է առնվազն երկու պետության շահերի.

22) թափոնների պետական դասակարգիչ` թափոնների ծածկագրերի և անվանումների համակարգված ցանկ, որը նախատեսված է պետական կամ վարչական վիճակագրությունում օգտագործելու համար` թափոնների գոյացման, կուտակման, մշակման (վերամշակման), վնասազերծման և հեռացման մասին բազմակողմանի հիմնավորված տեղեկատվություն տրամադրելու նպատակով.

23) արտոնագրված աղբավայրեր` աղբավայրեր, որոնց գործունեության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կա թույլտվություն.

24) թափոնների տեղադրման կամ պահման սահմանաքանակ` որոշակի տեսակի թափոնների սահմանային թույլատրելի քանակ, որը օրենսդրությամբ սահմանված ձևով կարելի է տեղադրել կամ պահել թափոնների տեղադրման կամ պահման համար հատուկ հատկացված տեղերում, օբյեկտներում` հաշվի առնելով տվյալ տարածքի էկոլոգիական իրավիճակը.

25) թափոնների գոյացման նորմատիվ` որոշակի տեսակի թափոնների սահմանաքանակ` արտադրանքի որոշակի միավորի ստացման դեպքում.

26) թափոնների անձնագիր` թափոնների տեսակը և վտանգավորության դասը հավաստող փաստաթուղթ, որը տեղեկություններ է պարունակում դրանց կազմի վերաբերյալ.

27) թափոնների տեսակ` թափոնների դասակարգման համակարգին համապատասխան` ընդհանուր հատկություններ ունեցող թափոնների խումբ.

28) թափոնների անձնագրավորում` ռեսուրսախնայման և թափոնների անվտանգ գործածությունն ապահովելու նպատակով թափոնների անձնագրի տվյալների հիման վրա իրականացվող` թափոնների նույնականացմանն ուղղված գործողություններ.

29) արգելված թափոններ` թափոններ, որոնց հետագա գործածության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամրագրվի արգելման մասին որոշում.

30) թափոնների պետական կադաստր` թափոնների դասակարգչի, թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի ռեեստրների, թափոնների և դրանց օգտահանման ու վնասազերծման տեխնոլոգիաների վերաբերյալ տվյալների ամբողջություն.

31) ընդերքօգտագործման թափոններ` օգտակար հանածոների ուսումնասիրության, արդյունահանման, վերամշակման կամ հարստացման արդյունքում առաջացած թափոններ, այդ թվում՝ պոչանքներ, մակաբացման ապարներ.

32) մակաբացման ապարներ` անքամարմինները կողքերից պարփակող և վրայից ծածկող, ինչպես նաև հանքամարմինների սահմաններում գտնվող դատարկ ապարներ և ոչ հաշվեկշռային պաշարներին դասվող օգտակար հանածոներ, որոնք ենթակա են դեպի հատուկ հատկացված տեղեր փոխադրման.

33) վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա՝ Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների հավաքում, փոխադրում, տեղադրում, պահում, մշակում, վերամշակում, օգտահանում, վնասազերծում, թաղում կամ հեռացում գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքը հաստատող՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված թույլտվություն և այդ իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթ.

34) թափոնների տեսակավորում՝ գոյացման, հավաքման, պահման, մշակման, վերամշակման, օգտահանման կամ հեռացման վայրում թափոնների առանձնացումը՝ ըստ համանման հատկություններ ու բաղադրություն ունեցող թափոնների տեսակների.

35) պոլիգոն՝ թունավոր, հրդեհավտանգ, քայքայիչ կամ այլ վտանգավոր հատկություններ ունեցող թափոնների պահման կամ հեռացման համար հատուկ հատկացված տեղ կամ օբյեկտ (բացառությամբ չտեսակավորված կոշտ կենցաղային թափոնների աղբավայրի).

36) թափոնների գործածության ստորակարգություն (թափոնների հիերարխիա)՝ թափոնների գոյացման կանխարգելման ու անվտանգ գործածության ապահովման նպատակով սույն օրենքով սահմանված նախընտրելի գործողությունների հաջորդականություն՝ թափոնների գոյացման կանխարգելում և քանակի կրճատում, վերաօգտագործում, վերամշակում, օգտահանում (էներգիայի վերականգնում), մարդու առողջության և շրջակա միջավայրի համար անվտանգ եղանակով թափոնների հեռացում.

37) թափոնների սեփականատեր՝ թափոններ առաջացնող կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին համապատասխան՝ թափոնները տիրապետելու, օգտագործելու կամ տնօրինելու իրավասություն ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր.

38) թափոնների կուտակում՝ թափոնների առաջացման վայրում կամ օբյեկտում թափոնների կարճաժամկետ պահեստավորում՝ առաջացման պահից առավելագույնը 30 օր ժամկետով։

2. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով սահմանված՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարմանը և վերամշակմանը վերաբերող հասկացությունները սույն օրենքում օգտագործվում են նույն իմաստով:

(4-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 22.06.15 ՀՕ-105-Ն, լրաց., փոփ. 22.05.18 ՀՕ-329-Ն, լրաց. 26.10.22 ՀՕ-402-Ն, լրաց., փոփ. 13.11.25 ՀՕ-372-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 5.

ՕՐԵՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Օրենքի հիմնական խնդիրներն են`

ա) թափոնների գործածության ոլորտում պետական միասնական քաղաքականության հիմնական սկզբունքների սահմանումը.

բ) թափոնների էկոլոգիապես անվտանգ գործածության վերաբերյալ հիմնական պայմանների, պահանջների և կանոնների, ինչպես նաև ռեսուրսախնայողության համար տնտեսական խթանման միջոցների սահմանումը.

գ) թափոնների նվազագույն քանակությամբ գոյացման ապահովումը, տնտեսական գործունեության մեջ դրանց օգտագործման ընդլայնումը, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա թափոնների վտանգավոր ներգործության նվազեցումը.

դ) թափոնների գործածության ոլորտին վերաբերող հարաբերությունների իրավական կարգավորումը:

 

ՀՈԴՎԱԾ 6.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Թափոնների գործածության ոլորտում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են`

ա) մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանությունը թափոնների բացասական ներգործությունից.

բ) նյութահումքային և էներգետիկ ռեսուրսների բանական օգտագործման ապահովումը.

գ) թափոնների գործածության վերաբերյալ հասարակության էկոլոգիական, տնտեսական և սոցիալական շահերի զուգակցումը.

դ) շրջակա միջավայրը թափոններով աղտոտողները կրում են բացասական հետևանքների վերացման կամ նվազեցման պարտականությունը։

2. Թափոնների գործածության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունը թափոնների գոյացման և դրանց վտանգավորության նվազեցումն է հետևյալ միջոցներով.

ա) անթափոն և սակավաթափոն տեխնոլոգիաների ներդրման նպատակով գիտատեխնիկական նորագույն նվաճումների օգտագործում.

բ) թափոնների քանակի նվազեցման նպատակով նյութահումքային ռեսուրսների համալիր օգտագործում.

գ) հումքային արժեք ունեցող թափոնների առավելագույն սպառում ուղղակի, կրկնակի կամ այլընտրանքային օգտագործումով.

դ) օգտահանման համար ոչ պիտանի թափոնների անվտանգ հեռացման ապահովում` թափոնների վնասազերծման և ոչնչացման համապատասխան տեխնոլոգիաների, էկոլոգիապես անվտանգ մեթոդների և միջոցների մշակմամբ.

ե) թափոնների գործածության ոլորտում տեղեկատվության մատչելիության ապահովում.

զ) տնտեսական խթանման մեխանիզմների սահմանում.

է) թափոնների գործածության ստորակարգության (թափոնների հիերարխիայի) կիրառում.

ը) թափոնների տեսակավորում դրանց գոյացման, հավաքման, պահման, մշակման, վերամշակման, օգտահանման կամ հեռացման վայրում։

(6-րդ հոդվածը լրաց. 13.11.25 ՀՕ-372-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 7.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Թափոնների գործածության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`

ա) թափոնների գործածության ոլորտում պետական քաղաքականության մշակումը և իրականացման ապահովումը.

բ) թափոնների գործածության ոլորտում պետական կառավարման մարմինների գործունեության համակարգումը.

գ) սակավաթափոն տեխնոլոգիաների ներդրման, թափոնների հավաքման և օգտահանման խթանման տնտեսական մեխանիզմների ապահովումը.

դ) թափոնների հաշվառման կարգի և գործածության կանոնների ու պահանջների սահմանումը.

ե) վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման կարգի սահմանումը.

զ) վտանգավոր և արգելված թափոնների ցանկերի սահմանումը.

է) թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման կարգի սահմանումը.

ը) վնասազերծված և օգտահանման ոչ ենթակա թափոնների տեղադրման օբյեկտների ստեղծման ապահովումը.

թ) թափոնների գործածության ոլորտում միջազգային համագործակցության իրականացումը.

ժ) աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգի սահմանումը.

ժա) օրենքով նախատեսված այլ լիազորություններ։

(7-րդ հոդվածը փոփ. 27.10.17 ՀՕ-174-Ն. խմբ., լրաց. 26.10.22 ՀՕ-402-Ն, լրաց., փոփ. 13.11.25 ՀՕ-372-Ն)

(26.10.22 ՀՕ-402-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

ՀՈԴՎԱԾ 8.

 ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ շրջակա միջավայրի ոլորտԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 04.03.20 ՀՕ-117-Ն)

 

1. Թափոնների գործածության ոլորտում շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններն են`

ա) մասնակցությունը թափոնների գործածության ոլորտում պետական քաղաքականության ձևավորմանը.

բ) թափոնների գործածության ոլորտում նպատակային ծրագրերի կազմումը.

գ) թափոնների պետական հաշվառման իրականացումը.

դ) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար թափոնների տեղադրման կամ պահման սահմանաքանակների հաստատումը.

ե) վտանգավոր և արգելված թափոնների ցանկերի կազմումը.

զ) ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկի սահմանումը.

է) վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրումների թույլտվությունների տրամադրման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

ը) թափոնների գործածության օբյեկտների տեղադրման վայրերի վերաբերյալ համաձայնություն տալը.

թ) թափոններ առաջացնողների կազմած` թափոնների անձնագրերի համաձայնեցումը.

ժ) թափոնների գոյացման ծավալների վերաբերյալ տեղեկատվական բանկի ստեղծումը.

ժա) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով թափոնների գործածության հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման պետական փորձաքննության իրականացումը.

ժբ) թափոնների պետական կադաստրի վարումը.

ժգ) սակավաթափոն և անթափոն տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումն այլ գերատեսչությունների հետ.

ժդ) թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի ռեեստրների կազմման, վարման, ինչպես նաև մոնիթորինգի (մշտադիտարկում) իրականացումը.

ժե) թափոնների գործածության ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակումը և իր իրավասության սահմաններում ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի, այդ թվում՝ ուղեցույցների և հրահանգների ընդունումը.

ժզ) թափոնների գործածության ոլորտում միջազգային համագործակցության և թափոնների անդրսահմանային փոխադրման հարցերով միջազգային պայմանագրերի կնքումը.

ժէ) միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա իրավասու պետությունների հետ թափոնների գործածության ոլորտում տեղեկությունների փոխանակումը.

ժէ.1) թափոններ գոյացնող, վերամշակող և օգտահանող օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվությունների և ռեեստրի վարման գրքի ձևերի հաստատումը.

ժէ.2) թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկի և ռեեստրի վարման գրքի ձևերի հաստատումը.

ժէ.3) թափոնների անձնագրի օրինակելի ձևի հաստատումը.

ժէ.4) թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման կամ պահման սահմանաքանակների նախագծերի հաշվարկի օրինակելի ձևի հաստատումը.

ժէ.5) Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության (այդ թվում՝ ընդերքօգտագործման) և սպառման թափոնների ցանկի հաստատումը.

ժէ.6) Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորումը.

ժը) օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

(8-րդ հոդվածը փոփ. 22.06.15 ՀՕ-105-Ն, 23.03.18 ՀՕ-225-Ն, լրաց. 21.03.18 ՀՕ-188-Ն, փոփ. 04.03.20 ՀՕ-117-Ն, լրաց., խմբ., փոփ. 13.11.25 ՀՕ-372-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 9.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Թափոնների գործածության ոլորտում առողջապահության բնագավառի կառավարման լիազորված մարմնի իրավասություններն են`

ա) թափոնների գործածությանը վերաբերող նորմատիվատեխնիկական փաստաթղթերում մարդու առողջության համար անվտանգության պահանջների մշակումը և թափոնների գոյացման, հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման, հեռացման, վնասազերծման և թաղման ընթացքում մարդու օրգանիզմի վրա վնասակար ու վտանգավոր ազդեցության բացառման նպատակով հանրային առողջապահական նորմատիվների, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների հաստատումը.

բ) թափոնների բացասական ներգործությունից մարդու առողջության պաշտպանության միջոցառումների գերակա ուղղությունների մշակումը և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

գ) թափոնների գործածության օբյեկտների տեղադրման վայրերի սահմանման վերաբերյալ համաձայնություն տալը.

դ) թափոններից ստացվող արտադրանքի նկատմամբ սանիտարահիգիենիկ պահանջների սահմանումը և հիգիենիկ եզրակացության տրամադրումը.

ե) ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկի կազմմանը մասնակցելը.

զ) օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

(9-րդ հոդվածը փոփ. 13.11.25 ՀՕ-372-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 10.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Թափոնների գործածության ոլորտում տարածքային կառավարման մարմինների իրավասություններն են`

ա) մասնակցություն թափոնների գործածության ոլորտի պետական քաղաքականության ձևավորմանը.

բ) մասնակցություն թափոնների գործածության ոլորտի պետական ծրագրերի կազմմանը.

գ) թափոնների գործածության ոլորտում իրենց վարչական տարածքի սահմաններում տարածքային նշանակության ծրագրերի կազմումը և դրանց իրականացման համակարգումը.

դ) իրենց վարչական սահմաններում թափոնների տեղադրման վայրերի լիազորված պետական մարմնի հետ համաձայնեցված թույլտվություններ տալը.

ե) իրենց վարչական տարածքի սահմաններում սանիտարական մաքրման սխեմաների կազմումը և աղբահանության նկատմամբ հսկողության իրականացումը.

զ) թափոնների գոյացման, մշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի գրանցամատյանների կազմումը և վարումը.

է) թափոնների գոյացման, մշակման, վնասազերծման, օգտահանման ու հեռացման հաշվառման և դրանց անձնագրավորման կազմակերպումը.

ը) իրենց վարչական տարածքի սահմաններում չհսկվող և չարտոնագրված աղբավայրերի վերացումը (լիկվիդացումը).

թ) իրենց վարչական տարածքի սահմաններում ռեսուրսային արժեք ունեցող ոչ վտանգավոր թափոնների հավաքման գործընթացին բնակչության ներգրավման կազմակերպումը.

ժ) օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

 

ՀՈԴՎԱԾ 11.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Թափոնների գործածության ոլորտում համայնքի ղեկավարը համայնքի վարչական սահմաններում`

ա) իրականացնում է հսկողություն աղբահանման նկատմամբ.

բ) կազմում է տարածքների սանիտարական մաքրման սխեմաները.

գ) իրականացնում է չհսկվող և չարտոնագրված աղբավայրերի վերացումը (լիկվիդացումը).

դ) կազմակերպում է ռեսուրսային արժեք ունեցող ոչ վտանգավոր թափոնների հավաքման գործընթացին բնակչության մասնակցությունը.

ե) աջակցում է համայնքում սպառման թափոնների տեսակավորված հավաքման համակարգի ներդրմանը:

2. Թափոնների գործածության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ իրավասություններ:

(11-րդ հոդվածը լրաց. 22.05.18 ՀՕ-329-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՊԵՏԱԿԱՆ ՆՈՐՄԱՎՈՐՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՈՒՄԸ, ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
(վերնագիրը լրաց., փոփ. 13.11.25 ՀՕ-372-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 12.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՆՈՐՄԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության ու թափոնների ծավալների նվազեցման նպատակով թափոնների գործածության մեջ ներգրավված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար սահմանվում են թափոնների տեղադրման կամ պահման սահմանաքանակներ:

2. Թափոնների տեղադրման կամ պահման սահմանաքանակները սահմանում են թափոնների գործածության ոլորտում պետական կառավարման լիազորված մարմինները` շրջակա միջավայրի վրա սահմանային թույլատրելի վտանգավոր ներգործությունների նորմատիվներին համապատասխան:

3. Թափոնների գործածության մեջ ներգրավված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը շրջակա միջավայրի ոլորտում պետական կառավարման լիազորված մարմնի հաստատմանն են ներկայացնում թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման կամ պահման սահմանաքանակների նախագծեր` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(12-րդ հոդվածը փոփ. 04.03.20 ՀՕ-117-Ն, լրաց. 13.11.25 ՀՕ-372-Ն)

 

Հոդված 12.1. Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորումը

 

1. Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորումն իրականացվում է սույն օրենքով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով։

2. Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա ստանալու հայտի և պահանջվող փաստաթղթերի հիման վրա շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինը լիցենզիային կից տրամադրում է նաև սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերությամբ սահմանված գործունեության յուրաքանչյուր տեսակով զբաղվելու համար լիցենզիայի համապատասխան ներդիր:

3. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան լիցենզավորված անձանց վտանգավոր թափոնների գործածության թույլատրված տեսակը, գործունեության վայրը և գործածվող թափոնների տեսակները նշվում են լիցենզիայի ներդիրում։

4. Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիայի կամ լիցենզիայի ներդիրի վերաձևակերպումը, կասեցումը, դադարեցումը, նոր ներդիրի տրամադրումը կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով։

5. Լիցենզավորված անձինք վճարում են պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով և պարբերականությամբ։

(12.1-ին հոդվածը լրաց. 13.11.25 ՀՕ-372-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 13.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՈՒՄԸ և ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

1. Թափոնների պետական հաշվառումը և անձնագրավորումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

1.1. Վտանգավոր թափոններ առաջացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազմում և հաստատում են ոլորտում լիազորված մարմնի հետ համաձայնեցված թափոնների անձնագրերը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում, ծանուցելով լիազոր մարմնին, դադարեցնում են անձնագրի գործողությունը կամ տվյալ տեսակի թափոնի համար հաստատում նոր անձնագիր:

1.2. Վտանգավոր թափոններ առաջացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն այլ անձանց փոխանցվող վտանգավոր թափոնի հետ տրամադրում են նաև տվյալ թափոնի համար հաստատված թափոնի անձնագրի պատճենը, որի տիտղոսաթերթի վրա նշում են վտանգավոր թափոնը փոխադրողի և թափոնի նոր սեփականատիրոջ տվյալները (իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեության վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, հաշվառման հասցեն և գործունեության վայրը) և թափոնի անձնագրի պատճենը տրամադրելու տարին, ամիսը, ամսաթիվը։

1.3. Այլ անձանց առաջացրած վտանգավոր թափոնների նոր սեփականատերերը տվյալ թափոններն առաջացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի բացակայության դեպքում թափոն առաջացնողի փոխարեն կազմում, լիազոր մարմնի հետ համաձայնեցնում և հաստատում են թափոնի անձնագիրը։

2. Թափոնների գործածության մեջ ներգրավված իրավաբանական անձինք (ներառյալ` օտարերկրյա և անհատ ձեռնարկատերերը), պարտավոր են օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել գոյացող, օգտագործվող, վնասազերծվող, այլ անձանց փոխանցվող կամ այլ անձանցից ստացվող, ինչպես նաև տեղադրվող, կուտակվող կամ պահվող թափոնների սկզբնական հաշվառում:

3. Վտանգավոր թափոններ առաջացնող և թափոնների պահում, օգտահանում կամ հեռացում իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով ոլորտում լիազորված մարմնին պարտավոր են ներկայացնել վարչական վիճակագրական հաշվետվություններ:

4. Թափոնների առաջացման, պահման, օգտահանման և հեռացման մասին վարչական վիճակագրական հաշվետվության ձևը և դրա լրացման հրահանգը թափոնների պետական դասակարգչի հիման վրա սահմանում է շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինը:

(13-րդ հոդվածը լրաց. 22.06.15 ՀՕ-105-Ն, փոփ. 04.03.20 ՀՕ-117-Ն, փոփ., լրաց. 13.11.25 ՀՕ-372-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 14.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԸ

 

1. Թափոնների պետական կադաստրը ներառում է թափոնների դասակարգիչը, թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի ռեեստրները, ինչպես նաև թափոնների և դրանց օգտագործման ու վնասազերծման տեխնոլոգիաների վերաբերյալ տվյալների բանկը:

2. Թափոնների պետական կադաստրը վարում է շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան:

(14-րդ հոդվածը փոփ. 04.03.20 ՀՕ-117-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 15.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ և ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ

 

1. Թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների մասին տեղեկատվության հավաքման, մշակման, պահպանման և վերլուծության ապահովման նպատակով վարվում է դրանց ռեեստրը, որը ներառում է թափոնների անվանացանկը, գոյացման ծավալները, որակական և քանակական բնութագրերը, տեղեկություններ` թափոնների հետ վարվելու և դրանց գոյացման ծավալների ու վտանգավորության աստիճանի նվազեցման վերաբերյալ: Ռեեստրի տվյալները ենթակա են ամենամյա ճշգրտման:

2. Թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրի վարումն իրականացնում է շրջակա միջավայրի ոլորտում պետական կառավարման լիազորված մարմինը, որին թափոններ առաջացնող, վերամշակող և օգտահանող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում ներկայացնում են ռեեստրային գրանցման հաշվետվություն:

3. Թափոնների առաջացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(15-րդ հոդվածը խմբ. 22.06.15 ՀՕ-105-Ն, փոփ. 04.03.20 ՀՕ-117-Ն)

 

 

ՀՈԴՎԱԾ 16.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՈՒՄԸ

 

1. Թափոնների հեռացման վայրերի (ինչպես գործող, այնպես էլ փակված կամ կոնսերվացված) հաշվառման և նկարագրման նպատակով շրջակա միջավայրի ոլորտում պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վարում է թափոնների հեռացման վայրերի ռեեստրը:

2. Թափոնների հեռացման վայրերի ռեեստրի վարման նպատակով թափոնների տեղադրման, վնասազերծման և թաղման գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում շրջակա միջավայրի ոլորտում պետական կառավարման լիազորված մարմին են ներկայացնում ռեեստրային գրանցման թերթիկ:

3. Թափոնների հեռացման վայրերի ռեեստրի տվյալները ենթակա են ամենամյա ճշգրտման:

(16-րդ հոդվածը խմբ. 22.06.15 ՀՕ-105-Ն, փոփ. 04.03.20 ՀՕ-117-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 17.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

1. Շրջակա միջավայրի վրա թափոնների ներգործությունը որոշելու և կանխատեսելու, դրանց բացասական հետևանքները ժամանակին բացահայտելու և կանխարգելելու նպատակով թափոնների հեռացման վայրերը շահագործողները, իսկ շահագործողների բացակայության, թափոնների հեռացման վայրերի (այդ թվում՝ աղբավայրերի) շահագործման դադարեցման կամ փակման դեպքում դրանք տնօրինող անհատ ձեռնարկատերերը կամ իրավաբանական անձինք իրականացնում են պարբերական մոնիթորինգ:

2. Շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինն իրականացնում է՝

1) իր տարեկան աշխատանքային ծրագրին համապատասխան՝ թափոնների հեռացման վայրերի կամ դրանց հարակից տարածքների հողի, մթնոլորտային օդի, մակերևութային և ստորերկրյա ջրերի որակական ցուցանիշների վերաբերյալ տվյալների հավաքում ակնադիտարկումների, գործիքային չափումների, նմուշառումների, լաբորատոր փորձարկումների միջոցով․

2) սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց տրամադրած և սույն մասի 1-ին կետով սահմանված տվյալների հավաքում, ուսումնասիրություն, վերլուծություն և դրանց արդյունքների տեղադրում պաշտոնական կայքում։

3. Սույն հոդվածով սահմանված տվյալների ուսումնասիրության և վերլուծության արդյունքները կիրառվում են թափոնների կառավարման ոլորտի ռազմավարական փաստաթղթերի մշակման, համապատասխան միջոցառումների ծրագրման և իրականացման գործընթացներում:

4. Թափոնների հեռացման վայրերի մոնիթորինգը շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի միացյալ համակարգի բաղկացուցիչ մասն է:

(17-րդ հոդվածը փոփ. 22.06.15 ՀՕ-105-Ն, 04.03.20 ՀՕ-117-Ն, 26.10.22 ՀՕ-402-Ն, լրաց., փոփ. 13.11.25 ՀՕ-372-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 18.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Թափոնների գործածության ոլորտում ֆիզիկական անձինք իրավունք ունեն`

ա) թափոնների գործածության հետ կապված գործողություններ իրականացնելիս ունենալու իրենց կյանքի և առողջության համար անվտանգ պայմաններ.

բ) թափոնների գործածության շահագործվող, կառուցվող կամ կառուցվելիք օբյեկտների անվտանգության վերաբերյալ ստանալու տեղեկատվություն.

գ) թափոնների վերաբերյալ օրենսդրության խախտման հետևանքով իրենց առողջությանը և ունեցվածքին պատճառված վնասի համար օրենքով սահմանված կարգով հատուցում պահանջելու:

 

ՀՈԴՎԱԾ 19.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ և ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Թափոնների գործածության ոլորտում իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն իրավունք ունեն`

ա) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով համապատասխան պետական կառավարման մարմիններից տեղեկատվություն ստանալու թափոնների օգտահանման տեխնոլոգիաների, թափոնների օբյեկտների շինարարության և շահագործման վերաբերյալ.

բ) առաջարկություններ ներկայացնելու իրավասու կառավարման մարմին` թափոնների գործածության օբյեկտների տեղադրման, նախագծման, շինարարության և շահագործման վերաբերյալ.

գ) թափոնների գործածության օբյեկտներ ստեղծելիս Հայաստանի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով և դեպքերում ստանալու արտոնություններ.

դ) մասնակցելու թափոնների գործածության տեղական, տարածքային և պետական ծրագրերի մշակմանը:

 

ՀՈԴՎԱԾ 20.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ և ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Թափոնների գործածության ոլորտում իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք պարտավոր են`

ա) թափոնների գործածության ոլորտում պահպանել սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջները.

բ) թափոնները տեղադրել կամ պահել միայն սույն օրենքով նախատեսված` դրանց համար հատուկ հատկացված տեղերում.

գ) տեղեկացնել թափոնների գործածության ընթացքում առաջացած` մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին վտանգ սպառնացող վթարային իրավիճակների մասին և միջոցներ ձեռնարկել դրանց հետևանքների վերացման ուղղությամբ:

(20-րդ հոդվածը լրաց., փոփ. 13.11.25 ՀՕ-372-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՈՅԱՑՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 21.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ և ԴՐԱՆՑ ԳՈՅԱՑՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ և ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

1. Թափոնների օգտահանման և դրանց գոյացման ծավալների նվազեցման ապահովմանն ուղղված միջոցառումները հիմնվում են թափոնների գործածության ստորակարգության (թափոնների հիերարխիայի) կիրառման սկզբունքի վրա և ներառում են`

ա) թափոնների գոյացման և տեղադրման կամ պահման ծավալների սահմանաքանակների սահմանում.

բ) հատուկ հատկացված տեղերում թափոնների տեղադրման կամ պահման համար բնապահպանական հարկի սահմանում` տարբերակելով դրանց հարկման դրույքաչափերը` ելնելով թափոնների վտանգավորության աստիճանից և տեղադրման կամ պահման տարածքի տնտեսական` հողի կադաստրային արժեքից.

գ) թափոնների գոյացման ծավալները նվազեցնող և արտադրության մեջ սակավաթափոն տեխնոլոգիաներ ներդնող, ինչպես նաև երկրորդային հումք համարվող թափոնների հավաքման, պահեստավորման և հանձնման գործառույթներով զբաղվող ընկերություններին և կազմակերպություններին օրենքով սահմանված դեպքում և կարգով արտոնությունների տրամադրում.

դ) ռեսուրսային արժեք ներկայացնող թափոնների ցանկի ստեղծում, որոնց համար սահմանվում է հատուկ ռեժիմ` դրանց հավաքումը, պահեստավորումը և օգտագործումը խթանելու նպատակով.

ե) թափոնների օգտահանման և դրանց գոյացման նվազեցմանը նպատակաուղղված գիտահետազոտական աշխատանքների` օրենսդրությամբ սահմանված կարգով նպատակային ֆինանսավորում.

զ) հատուկ հատկացված տեղերում թափոնների տեղադրման կամ պահման համար օրենսդրությամբ սահմանված բնապահպանական հարկերից ստացված միջոցների նպատակային օգտագործում` թափոնների օգտահանմանն ու դրանց ծավալների նվազեցմանը նպատակաուղղված միջոցառումների ֆինանսավորման համար.

է) թափոնների օգտահանման միջոցառումների համար ֆինանսավորման հիմնադրամների ստեղծում` թափոններ առաջացնողների, դրանց սեփականատերերի, հայրենական և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց կամավոր մուծումների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ աղբյուրներից ստացվող միջոցների հաշվին.

ը) թափոնների, այդ թվում՝ կոշտ կենցաղային թափոնների գոյացման վայրում դրանց տեսակավորված հավաքում՝ բնապահպանական ստանդարտներին համապատասխան՝ նյութահումքային և էներգետիկ ռեսուրսների օգտահանման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

(21-րդ հոդվածը փոփ. 22.06.15 ՀՕ-105-Ն, լրաց., փոփ. 13.11.25 ՀՕ-372-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 22.

հատուկ հատկացված տեղերում ԹԱՓՈՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ կամ պահման ՀԱՄԱՐ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ հարկերը

(վերնագիրը փոփ., լրաց. 13.11.25 ՀՕ-372-Ն)

 

1. Հատուկ հատկացված տեղերում թափոնների տեղադրման կամ պահման համար բնապահպանական հարկերը սահմանված են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով:

(22-րդ հոդվածը փոփ., լրաց. 13.11.25 ՀՕ-372-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 23.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԳՈՅԱՑՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԽԹԱՆՈՒՄԸ

 

Թափոնների օգտահանմանն ու դրանց գոյացման ծավալների նվազեցմանն ուղղված միջոցառումների խթանման նպատակով թափոնների գոյացման նվազեցմանն ուղղված տեխնոլոգիաներ ներդնող կազմակերպությունները, որոնք թափոններ են օգտահանում արտադրանքի արտադրման (աշխատանքի կատարման, ծառայությունների մատուցման) ընթացքում, իրականացնում են դրանց հավաքումը, պահեստավորումը, արտադրամասերի շինարարությունը, ինչպես նաև կազմակերպում են թափոնների օգտահանման համար սարքավորումների արտադրություն, փայատիրական մասնակցություն են ունենում թափոնների օգտահանմանը և դրանց գոյացման ծավալների նվազեցմանն ուղղված միջոցառումների ֆինանսավորմանը, կարող են ստանալ արտոնություն օրենքով սահմանված դեպքում:

 

Գ Լ ՈՒ Խ  6.

 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 24.

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը թափոնների գործածության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  7.

 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 25.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

 

Իրավաբանական և ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը սույն օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  8.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 26.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Մինչև սույն օրենքից բխող համապատասխան իրավական ակտերի ընդունումը գործում են հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի նորմերը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. դեկտեմբերի 21
Երևան
ՀՕ-159-Ն

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան