ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի նոյեմբերի 13-ին
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-17-րդ կետերով.
«4) մաքսային վճարներ՝ Միության մաքսային օրենսգրքով նախատեսված՝ ներմուծման մաքսատուրքեր, արտահանման մաքսատուրքեր, ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար վճարվող մաքսատուրքեր և հարկեր, մաքսային գործառնությունների համար վճարվող պետական տուրք.
5) մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկեր՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ մաքսային մարմիններին վճարվող բնապահպանական և ճանապարհային հարկեր.
6) ներքին շուկայի պաշտպանության միջոցներ՝ Միության մասին պայմանագրով նախատեսված hատուկ պաշտպանական, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր.
7) տոկոս՝ Միության մաքսային օրենսգրքով սահմանված՝ մաքսատուրքերի և հարկերի վճարման հետաձգման կամ տարաժամկետ վճարման համար վճարվող կամ գանձվող տոկոսներ.
8) տույժ՝ մաքսային վճարները, մաքսային մարմինների վճարման ենթակա այլ հարկերը, ներքին շուկայի պաշտպանության միջոցները՝ Միության մաքսային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով, «Պետական տուրքի մասին» օրենքով և սույն օրենքով սահմանված ժամկետներում չվճարելու կամ այդ ժամկետներից ուշ վճարելու համար նշված իրավական ակտերով նախատեսված կարգով, չափով և ժամկետներում վճարման ենթակա գումարներ.
9) տուգանք՝ Միության մաքսային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով, «Պետական տուրքի մասին» օրենքով և սույն օրենքով սահմանված պահանջները չկատարելու կամ խախտումներով (թերի) կատարելու համար սահմանված պատասխանատվության միջոց.
10) մաքսային պարտավորություն՝ Միության մաքսային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի, «Պետական տուրքի մասին» օրենքի համաձայն՝ ծագած (ծագող), այդ իրավական ակտերով սահմանված չափով, կարգով և ժամկետներում վճարման (գանձման) ենթակա՝ սույն օրենքով նախատեսված մաքսային վճարներ, մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկեր, ներքին շուկայի պաշտպանության միջոցներ, պետական տուրքեր, տույժեր, տոկոսներ, տուգանքներ.
11) կանխավճար՝ մեկ մաքսային փաստաթղթով հաշվարկված (հաշվարկվող) կամ մեկից ավելի մաքսային փաստաթղթերի հիման վրա հաշվարկված (հաշվարկվող) մաքսային պարտավորությունների մարման նպատակով մաքսային միասնական հաշվին փոխանցված կամ վճարված ազատ դրամական միջոց (գումար), որն առաջանում է հետևյալ միջոցներից․
ա. մաքսային միասնական հաշվին կատարված վճարումներից,
բ. մաքսային փաստաթղթերի (այդ թվում՝ ճշգրտված) ներկայացման կամ մաքսային մարմինների կողմից ձևավորման և առաջադրման արդյունքով մաքսային միասնական հաշվին փոխանցված կամ վճարված գումարներից,
գ. մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններով մաքսային պարտավորությունների առաջադրման արդյունքով մաքսային միասնական հաշվին փոխանցված կամ վճարված գումարներից,
դ. անձի ներկայացրած մաքսային փաստաթղթերի հիման վրա մաքսային մարմնի առաջադրած մաքսային պարտավորությունների վերաբերյալ մաքսային ծառայողի գործողության (անգործության) բողոքարկման մասով դատարանի վճռի կատարման կամ բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշման արդյունքով մաքսային պարտավորության պակասեցումից կամ մաքսային միասնական հաշվին փոխանցված կամ վճարված մաքսային պարտավորությունների ամբողջությունից փոխհատուցվող գումարներից.
12) մաքսային միասնական հաշիվ՝ սույն օրենքով սահմանված դեպքերում մաքսային պարտավորությունների մարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող՝ մաքսային մարմնի կողմից տնօրինվող պետական արտաբյուջետային միջոցների ավանդային ենթահաշիվ.
13) գանձապետարան՝ Կառավարության կողմից լիազորված՝ ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմնի կենտրոնական գանձապետարան.
14) մաքսային փաստաթուղթ՝ մաքսային հայտարարագիր և այլ փաստաթղթեր, որոնք կազմվում են մաքսային գործառնությունների և մաքսային հսկողության իրականացման նպատակներով, ինչպես նաև մաքսային հսկողության իրականացման և մաքսային գործառնությունների կատարման ընթացքում և այդպիսի հսկողության և գործառնությունների արդյունքներով.
15) վճարող՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր), որը Միության մաքսային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով, «Պետական տուրքի մասին» օրենքով և սույն օրենքով սահմանված դեպքերում ունի կամ կարող է ունենալ մաքսային պարտավորություն.
16) մաքսային անձնական հաշվի քարտ՝ մաքսային մարմինների կողմից կիրառվող՝ ավտոմատացված համակարգում պարունակվող տեղեկությունների ամբողջություն, որն արտացոլում է անձանց կողմից պետական գանձապետական հաշվին փոխանցված կամ վճարված դրամական միջոցների շարժը և հաշվառումը: Մաքսային անձնական հաշվի քարտի ստեղծման և վարման կարգը սահմանում է Կոմիտեն.
17) ավել վճարված կամ ավել բռնագանձված պարտավորությունների գումար՝ մաքսային մարմնին վճարված կամ բռնագանձված դրամական միջոցներ, որոնք որոշակի ապրանքների համար նույնականացվել են որպես մաքսային վճարներ կամ մաքսային մարմիններին վճարվող այլ հարկեր կամ ներքին շուկայի պաշտպանության միջոցներ, և որոնց չափը գերազանցում է օրենսդրությանը համապատասխան վճարման ենթակա գումարը:»:
Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 38-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«Հոդված 38. |
Մաքսային պարտավորությունների վճարման ժամկետները |
1. Մաքսատուրքի, հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ժամկետները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով:
2. Միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածով սահմանված՝ նախքան մաքսային հայտարարագրի ներկայացումը ապրանքների բացթողման դեպքում մաքսատուրքը, հարկերը, հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման տուրքերը վճարվում են մինչև մաքսային հայտարարագիր ներկայացնելը:
3. Միության մաքսային օրենսգրքի 57-րդ հոդվածի 3-րդ կետին և 74-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Հանձնաժողովի նախատեսած դեպքերում «Հատուկ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների համար մաքսատուրքի, հարկերի, հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով մաքսային պարտավորության կատարման ժամկետը սահմանվում է Հանձնաժողովի կողմից, իսկ Հանձնաժողովի սահմանած դեպքերում՝ օրենքով:
4. Հարկերի վճարումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքով, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետներում:
5. Մաքսատուրքի, հարկերի վճարումը հետաձգելու համար տոկոսները վճարվում են ոչ ուշ, քան հետաձգման ժամկետն ավարտվելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Մաքսատուրքի տարաժամկետ վճարման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված տոկոսները կարող են վճարվել փուլ առ փուլ, սույն օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված ժամանակացույցին համապատասխան, բայց ոչ ուշ, քան տարաժամկետ վճարման համար նախատեսված ամբողջ ժամկետի ավարտից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հարկերի վճարումը հետաձգելու համար տոկոսները վճարվում են հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
6. Սույն օրենքով սահմանված դեպքերում ստուգվող անձը մաքսային ստուգման ակտը և մաքսային մարմնի համապատասխան որոշումը (որոշումները) ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է կատարել նշված ակտով և որոշմամբ (որոշումներով) առաջադրված մաքսային պարտավորությունների վճարումը և օրենսդրությամբ սահմանված այլ պահանջներ: Սույն մասով սահմանված ժամկետում նշված գումարները վճարվելու դեպքում օրենքով սահմանված տույժերն այդ ժամկետի համար չեն հաշվարկվում:
7. Տուգանքների վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ մաքսային կանոնների խախտման համար այդ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում:»:
Հոդված 4. Օրենքի 39-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«Հոդված 39. |
Մաքսային պարտավորությունների վճարման կարգը |
1. Մաքսային պարտավորությունների վճարման կարգը սահմանվում է Միության մաքսային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով, «Պետական տուրքի մասին» օրենքով և սույն օրենքով:
2. Հանձնաժողովի իրավական ակտերով սահմանված ներմուծման մաքսատուրքը վճարվում է գանձապետարանում բացված՝ Միության մասին պայմանագրով սահմանված միասնական հաշվին:
3. Հանձնաժողովի իրավական ակտերով սահմանված հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման տուրքերը, այդ թվում՝ նախնական հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման տուրքերը վճարվում են գանձապետարանում բացված՝ Միության մասին պայմանագրով սահմանված միասնական հաշվին:
4. Մաքսային մարմիններին վճարվող ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկերը վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան գանձապետական եկամտային հաշիվներին:
5. Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար վճարվող մաքսատուրքերը և հարկերը վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան գանձապետական եկամտային հաշվին:
6. Մաքսային գործառնությունների կատարման համար պետական տուրքը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան գանձապետական եկամտային հաշվին:
7. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված արտահանման մաքսատուրքերը վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան գանձապետական եկամտային հաշվին:
8. Մաքսային պարտավորությունները հաշվառվում են վճարողի մաքսային անձնական հաշվի քարտում:
9. Մաքսային պարտավորությունների վճարումը կատարվում է վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպությունների միջոցով՝ անկանխիկ եղանակով մաքսային մարմինների հայտարարագրման էլեկտրոնային համակարգի մաս կազմող՝ մաքսային պարտավորությունների կատարման էլեկտրոնային ենթահամակարգի միջոցով (այսուհետ սույն գլխում՝ համակարգ):
10. Մաքսային պարտավորությունների վճարման նպատակով վճարողը կամ մաքսային մարմինները օգտագործում են մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարները՝ սույն օրենքին և Միության մաքսային օրենսգրքին համապատասխան:
11. Մաքսային պարտավորությունների վճարումը կանխավճարներից իրականացվում է վճարողի հանձնարարագրի հիման վրա: Սույն մասի իմաստով՝ վճարողի հանձնարարագիր է համարվում հետևյալ փաստաթղթերի ներկայացմանը զուգահեռ մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարներից մաքսային պարտավորությունների մարման եղանակների ընտրությունը.
1) մաքսային հայտարարագիր կամ մաքսային հայտարարագրի ճշգրտում.
2) Միության մաքսային օրենսգրքի 277-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դիմում.
3) մաքսային մարմիններին վճարման ենթակա մաքսային պարտավորությունների հաշվարկման համար՝ Միության մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված մաքսային փաստաթուղթ.
4) մաքսային մարմիններին վճարման ենթակա մաքսային պարտավորությունները օրենսդրությամբ սահմանված ժամկետում չվճարվելու դեպքում դրանց հաշվարկման և առաջադրման համար կազմված՝ օրենսդրությամբ սահմանված փաստաթուղթ.
5) օրենսդրությամբ սահմանված՝ մաքսային մարմիններին վճարման ենթակա վճարների հաշվարկ և (կամ) վճարման մաքսային պարտավորություն պարունակող այլ փաստաթուղթ:
12. Սույն հոդվածի 11-րդ մասում նշված փաստաթղթերը կազմում և էլեկտրոնային եղանակով՝ համակարգի միջոցով, ներկայացնում են սույն օրենքով և Միության մաքսային օրենսգրքով նախատեսված անձինք:
13. Մաքսային պարտավորությունների՝ կանխավճարներից մարման եղանակները և հերթականությունը սահմանում է Կառավարությունը:
14. Անձնական օգտագործման ապրանքների համար ֆիզիկական անձի մաքսային պարտավորությունների վճարումն իրականացվում է համակարգի կիրառմամբ՝ մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարների օգտագործմամբ: Այն դեպքերը և պայմանները, երբ ֆիզիկական անձը մաքսային պարտավորությունների վճարումն իրականացնում է դրամական միջոցները վճարային գործիքների կիրառմամբ պետական գանձապետական համապատասխան հաշվին փոխանցելու միջոցով, կարող է սահմանել Կառավարությունը: Միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 5-րդ կետի չորրորդ պարբերությանը համապատասխան՝ մաքսային մարմիններին վճարման ենթակա հարկերի և տուրքերի, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի հաշվառման և վճարման նպատակով կարող է կիրառվել մաքսային մուտքի անդորրագիրը՝ Կոմիտեի սահմանած կարգով:
15. Մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարներից մաքսային պարտավորությունները համարվում են վճարված վճարողի կամ համակարգի կողմից դրանց մարման նպատակով համապատասխան գանձապետական հաշվին փոխանցվելու վերաբերյալ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները ներկայացվելու և մաքսային մարմիններին հասանելի դառնալու պահից:
16. Սույն հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով մաքսային պարտավորությունները վճարված լինելու մասին փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները մաքսային մարմիններ ներկայացվելու և մաքսային մարմիններին հասանելի դառնալու պահից այդպիսի վճարման համար հիմք հանդիսացող հանձնարարագիրը դառնում է անհետկանչելի:
17. Մաքսային պարտավորությունները մարվում են նախ՝ գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշվում առկա՝ մինչև սույն հոդվածով սահմանված դրույթներն ուժի մեջ մտնելն առաջացած գերավճարների հաշվին, այնուհետև՝ մաքսային միասնական հաշվում առկա գումարների հաշվին:
18. Անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության կամ համակարգի անսարքության պատճառով դրա կիրառման անհնարինության դեպքում մաքսային պարտավորությունների վճարումը կարող է իրականացվել դրամական միջոցները այլ հնարավոր եղանակով համապատասխան գանձապետական հաշիվներին վճարելու միջոցով՝ պայմանով, որ այդպիսի անսարքության վերացումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, վերջիններս մաքսային մարմինների կողմից կհաշվառվեն համակարգում:
19. Միության մաքսային օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ ներմուծման մաքսատուրքի, մաքսային մարմիններին վճարման ենթակա հարկերի վճարման գծով պարտավորությունը կարող է կատարել հայտարարատուի լիազորած անձը:
20. Միության մաքսային օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ մաքսատուրքի, հարկերի, հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում մաքսային մարմինը մաքսատուրքի, հարկերի, հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը, կամ եթե այդպիսի օրը որոշված չէ՝ մաքսատուրքի, հարկերի, հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հանգամանքը բացահայտելու օրվան հաջորդող օրը հայտարարատուին, ինչպես նաև Միության մաքսային օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությամբ կամ սույն հոդվածի 19-րդ մասում նշված անձանց էլեկտրոնային եղանակով կամ փոստային առաքումով՝ հանձնման մասին ծանուցմամբ, ուղարկում է ծանուցագիր՝ սահմանված ժամկետում չվճարված մաքսատուրքի, հարկերի, հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի մասին, բացառությամբ Միության մաքսային օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, ինչպես նաև 73-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերում նշված դեպքերի:
21. Սույն հոդվածի 20-րդ մասում նշված ծանուցագրի ձևը, դրանում պարունակվող տեղեկությունները սահմանում է Կոմիտեն:
22. Սույն հոդվածի 20-րդ մասում նշված ծանուցագրով ներկայացված՝ օրենքով սահմանված պահանջների կատարման համար ժամկետը սահմանվում է ծանուցագիրն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օր:
23. Միության մաքսային օրենսգրքի 55-րդ հոդվածի 5-րդ և 73-րդ հոդվածի 5-րդ կետերին համապատասխան՝ սույն հոդվածի 20-րդ մասով սահմանված ծանուցագիրը չի ուղարկվում սույն հոդվածի 19-րդ մասում նշված անձանց, եթե՝
1) նախքան ծանուցումն ուղարկելը մաքսային մարմնում առկա է տեղեկատվություն սույն հոդվածի 19-րդ մասում նշված պարտավորությունը սույն օրենքով սահմանված կարգով անհուսալի ճանաչելու մասին, կամ
2) Միության մաքսային օրենսգրքի համաձայն՝ սույն հոդվածի 19-րդ մասում նշված պարտավորությունը դադարել է, կամ
3) սույն օրենքին և Միության մաքսային օրենսգրքին համապատասխան՝ մաքսային մարմիններն սկսել են մաքսատուրքի, հարկերի և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների գանձումը:»:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 39.1-ին և 39.2-րդ հոդվածներով.
|
«Հոդված 39.1. |
Մաքսային պարտավորությունների կատարման առանձնահատկությունները իրավաբանական անձի լուծարման դեպքում |
1. Լուծարվող իրավաբանական անձի մաքսային պարտավորությունների կատարման պարտականությունը դրվում է այդ կազմակերպության լուծարման հանձնաժողովի վրա՝ այդ կազմակերպության դրամական միջոցների, ներառյալ գույքի և ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 69-րդ հոդվածին համապատասխան իրականացված վաճառքից ստացված միջոցների հաշվին: Լուծարման հանձնաժողովը պարտավոր է մաքսային պարտավորությունն ընդգրկել լուծարման հաշվեկշռում:
2. Լուծարվող իրավաբանական անձի մաքսային պարտավորությունների և այդ իրավաբանական անձի այլ վճարումների կատարման առաջնահերթությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածով:
3. Լուծարվող իրավաբանական անձի մաքսային պարտավորությունները ենթակա են կատարման մինչև օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետները, բայց ոչ ուշ, քան կազմակերպության լուծարման օրը:
|
Հոդված 39.2. |
Մաքսային պարտավորությունների կատարումը իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում |
1. Վերակազմակերպված իրավաբանական անձի մաքսային պարտավորությունները կատարում է իրավաբանական անձի իրավահաջորդը (իրավահաջորդները)՝ սույն հոդվածով սահմանված կարգով:
2. Իրավաբանական անձանց միաձուլման դեպքում մաքսային պարտավորությունների կատարման առումով իրավահաջորդ է համարվում այդ իրավաբանական անձանց միաձուլումից առաջացած իրավաբանական անձը:
3. Իրավաբանական անձանց միացման դեպքում մաքսային պարտավորությունների կատարման առումով իրավահաջորդ է համարվում այն իրավաբանական անձը, որին միացել է մյուս իրավաբանական անձը:
4. Իրավաբանական անձանց բաժանման դեպքում մաքսային պարտավորությունների կատարման առումով իրավահաջորդ են համարվում այդ բաժանումից առաջացած իրավաբանական անձինք՝ բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:
5. Իրավաբանական անձի կազմից մեկ կամ մի քանի իրավաբանական անձանց առանձնացման դեպքում վերակազմակերպված իրավաբանական անձի մաքսային պարտավորությունները առանձնացված անձանցից յուրաքանչյուրին են անցնում բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:
6. Իրավաբանական անձի վերակազմավորման դեպքում մաքսային պարտավորությունների կատարման առումով իրավահաջորդ է համարվում այդ իրավաբանական անձի վերակազմավորման հետևանքով առաջացած անձը:»:
Հոդված 6. Օրենքի 42-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«Հոդված 42. |
Կանխավճարները |
1. Կանխավճարները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքի 48-րդ հոդվածով:
2. Մաքսային միասնական հաշվին վճարված կանխավճարների հաշվառման օր է համարվում դրանց՝ մաքսային միասնական հաշվին մուտքագրման օրը:
3. Կանխավճարները, նախքան մաքսային պարտավորությունների վճարման ժամկետի ավարտը, վճարողը փոխանցում կամ վճարում է սույն օրենքով նախատեսված մաքսային միասնական հաշվին:
4. Մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարները չեն համարվում պետական բյուջեի եկամուտներ ու վճարներ և տնօրինվում են վճարողի կողմից մինչև դրանք մաքսային պարտավորությունների վճարման նպատակով օգտագործելը:
5. Մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարները մինչև մաքսային պարտավորությունների կատարման ժամկետի վրա հասնելը վճարողի կողմից համակարգի կիրառմամբ կարող են ուղղվել վճարողի նշած մաքսային պարտավորությունների մարմանը: Վճարողի կողմից սույն մասով նախատեսված գործողությունը չկատարելը մաքսային մարմինն ընդունում է որպես մաքսային պարտավորությունները մարելու հանձնարարագիր, որի դեպքում մաքսային պարտավորությունների կատարման վերջնաժամկետը լրանալու օրը հաշվում առկա կանխավճարներից մարումներն իրականացվում են ինքնաշխատ եղանակով:
6. Մաքսային միասնական հաշվին փոխանցված կամ վճարված կանխավճարներն անմիջապես կարող են օգտագործվել մաքսային պարտավորությունների մարման նպատակով՝ մաքսային մարմիններ այդպիսի փոխանցման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները հասանելի դառնալու պահից: Մաքսային միասնական հաշվին փոխանցելու պահից կանխավճարների մուտքագրման նպատակով վճարողի տրամադրած հանձնարարագիրը դառնում է անհետկանչելի:
7. Կանխավճարները վճարողի կամ նրա կողմից լիազորված մաքսային ներկայացուցչի դիմումի հիման վրա կարող են օգտագործվել որպես դրամական միջոցների գրավադրման եղանակով մաքսային վճարների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների, մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկերի գծով մաքսային պարտավորությունների կատարման ապահովում՝ Կառավարության սահմանած դեպքերում և պայմանների ապահովման պարագայում: Որպես պարտավորությունների կատարման ապահովում մաքսային մարմինների կողմից ընդունվելու դեպքում կանխավճարները միասնական հաշվից փոխանցվում են մաքսային մարմինների կողմից տնօրինվող համապատասխան գանձապետական ավանդային հաշվին։
8. Կանխավճարները կարող են օգտագործվել նաև ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով ներմուծվող ապրանքների մասով՝ որպես դրամական միջոցների գրավադրման եղանակով մաքսային պարտավորությունների կատարման ապահովում՝ սույն հոդվածին համապատասխան և Կառավարության սահմանած դեպքերում և պայմանների ապահովման պարագայում:
9. Միության մաքսային օրենսգրքի 48-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված հաշվետվությունն արտացոլվում է վճարողի մաքսային անձնական հաշվի քարտում և, ըստ անհրաժեշտության, կարող է արտածվել հայտարարատուի կողմից: Սույն մասով նախատեսված հաշվետվության մեջ արտացոլվող տվյալները սահմանում է Կոմիտեն:
10. Վճարողն իրավունք ունի իրական ժամանակում առցանց եղանակով դիտելու իր մաքսային անձնական հաշվի քարտում առկա դրամական միջոցների շարժը (այդ թվում՝ մաքսային պարտավորությունները և դրանց մարումները):
11. Վճարողն իրավունք ունի արտատպելու իր մաքսային անձնական հաշվի քարտի քաղվածքը, որտեղ նշված տեղեկատվությունը համարվում է մաքսային մարմնի կողմից հաստատված տեղեկատվություն և, ըստ անհրաժեշտության, ընդունվում է այլ կազմակերպությունների և անձանց կողմից:
12. Կանխավճարների՝ մաքսային միասնական հաշվին մուտքագրման եղանակները և կարգը, ինչպես նաև մաքսային մարմիններ վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից ներկայացվող տեղեկությունների կազմը, դրանց ներկայացման (հասանելի դառնալու) ժամկետը և կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 7. Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 55-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«Հոդված 55. |
Ավել վճարված կամ բռնագանձված պարտավորությունների գումարների վերադարձը կամ հաշվանցումը |
1. Ավել վճարված կամ բռնագանձված պարտավորությունների գումարների վերադարձի նպատակով վճարողը կամ նրա իրավահաջորդը մաքսային մարմին է ներկայացնում դիմում՝ Կոմիտեի սահմանած կարգով և ձևով: Դիմումի հետ վճարողը ներկայացնում է նաև մաքսային պարտավորությունների վճարումը կամ գանձումը հաստատող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները:
2. Ավել վճարված կամ բռնագանձված պարտավորությունների գումարների վերադարձը կատարվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը մաքսային մարմինների կողմից ստանալու օրվան հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում:
3. Ավել վճարված կամ բռնագանձված պարտավորությունների գումարների վերադարձը կատարվում է այդ գումարները մաքսային միասնական հաշվին հաշվեգրելով որպես կանխավճար՝ դրանց վերադարձի հիմնավորվածությունը օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, այնուհետև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը ներկայացրած անձի նշած՝ վճարողի կամ նրա իրավահաջորդի բանկային հաշվին՝ սույն հոդվածին համապատասխան:
4. Ավել վճարված կամ բռնագանձված պարտավորությունների վերադարձն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արժույթով:
5. Չօգտագործված կանխավճարները տնօրինում է վճարողը մինչև մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային պարտավորությունների կատարման ժամկետը լրանալը: Վճարողը կարող է հետ ստանալ իր կողմից չօգտագործված կանխավճարները, եթե առկա չեն նրա կողմից չկատարված մաքսային պարտավորություններ: Վճարողի կողմից սահմանված ժամկետում չկատարված կամ մաքսային մարմինների կողմից բռնագանձման ենթակա մաքսային պարտավորությունների առկայության պարագայում կանխավճարների գումարները կարող են վերադարձվել վճարողին նրա և (կամ) մաքսային մարմինների կողմից սույն մասով նախատեսված մաքսային պարտավորությունների մարումից հետո՝ դրական մնացորդի մասով:
6. Չօգտագործված կանխավճարների վերադարձի նպատակով վճարողը էլեկտրոնային եղանակով մաքսային մարմիններ է ներկայացնում կանխավճարի վերադարձի դիմումը և համապատասխան փաստաթղթերը: Կանխավճարների վերադարձն իրականացվում է անձի ներկայացրած դիմումի հիման վրա ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ վերադարձի որոշում ընդունելու միջոցով: Սույն մասով նախատեսված դիմումի ձևը, այն մաքսային մարմիններ ներկայացնելու կարգը, դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև վերադարձի որոշման ձևը և կարգը սահմանում է Կոմիտեն:
7. Եթե սույն հոդվածի 1-ին և 6-րդ մասերով նախատեսված փաստաթղթերը նախկինում ներկայացվել են մաքսային մարմիններ, ապա վճարողը կարող է ներկայացնել այդպիսի փաստաթղթերը նույնականացնող տեղեկություններ՝ պայմանով, որ տեղի չեն ունեցել փաստաթղթերի կամ դրանց բովանդակության փոփոխություններ:
8. Կանխավճարների վերադարձի ժամանակ դրանց համար տոկոսներ չեն վճարվում, և չի իրականացվում ինդեքսավորում: Եթե կանխավճարների վերադարձի դիմումի մեջ նշված վերադարձման ենթակա գումարը մեծ է մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարների մնացորդից, ապա վերադարձն իրականացվում է առկա մնացորդի չափով:
9. Կանխավճարների վերադարձի համար ներկայացված դիմումի մերժման և կանխավճարների վերադարձի մերժման դեպքերը սահմանում է Կառավարությունը, իսկ վերադարձի մերժման որոշման ձևը՝ Կոմիտեն:
10. Որպես դրամական միջոցների գրավադրման եղանակով մաքսային պարտավորությունների կատարման ապահովում՝ ներկայացված կանխավճարների վերադարձը կատարվում է վճարողի (նրա իրավահաջորդի) ներկայացրած դիմումի հիման վրա՝ Կոմիտեի սահմանած կարգով՝ սույն հոդվածին համապատասխան:»:
Հոդված 9. Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել, 6-րդ մասի «204-րդ հոդվածով սահմանված» բառերը փոխարինել «38-րդ հոդվածով սահմանված» բառերով, իսկ «204-րդ հոդվածի 12-րդ մասով» բառերը՝ «38-րդ հոդվածի 6-րդ մասով» բառերով:
Հոդված 10. Օրենքի 204-րդ հոդվածի 12-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Օրենքի 338-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրն ընդգրկող ամսվան հաջորդող 7-րդ ամսվա 1-ին օրը, բայց ոչ շուտ, քան սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված համակարգի գործարկման օրը:
2. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, իսկ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընդունված՝ մաքսային օրենսդրությանը վերաբերող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակում են գործել մինչև դրանց ուժը կորցրած ճանաչելը կամ ամբողջական համապատասխանեցումը սույն օրենքին:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 3 Երևան ՀՕ-379-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|