Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-378-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.24-2025.12.07 Պաշտոնական հրապարակման օրը 04.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.11.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի նոյեմբերի 13-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 187.1-ին հոդվածով.

 

«Հոդված 187.1.

Բուժաշխատողի մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեությունը խոչընդոտելը

 

1. Բուժաշխատողի մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեությունը խոչընդոտելը, որը պացիենտի կյանքի կամ առողջության համար իրական վտանգ է ստեղծել՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով։

2. Բուժաշխատողի մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեությունը խոչընդոտելը, որը կատարվել է բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ բռնություն գործադրելով՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

3. Բուժաշխատողի մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեությունը ցանկացած եղանակով խոչընդոտելը, որի արդյունքով պացիենտի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս, կամ որը անզգուշությամբ առաջացրել է պացիենտի մահ՝

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:»։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. դեկտեմբերի 3

Երևան

ՀՕ-378-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 դեկտեմբերի 2025 թվական: