ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2025 թվականի N 1765-Ն
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՆԿԱՐԱԳՐԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՈՒ ՆՇԱՆԻ ՁԵՎԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԺԱՄԿԵՏԸ, ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Զբոսաշրջության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) զբոսաշրջային ավտոբուսի որակավորման ընթացակարգը, որակավորման վկայականի ժամկետը, վկայականի տրամադրման կարգը և որակավորման դադարման հիմքերը` համաձայն N 1 հավելվածի․
2) զբոսաշրջային ավտոբուսի որակավորման տեխնիկական պահանջները, նկարագրերը և չափորոշիչները` համաձայն N 2 հավելվածի․
3) զբոսաշրջային ավտոբուսի որակավորման վկայականի ձևը` համաձայն N 3 հավելվածի․
4) զբոսաշրջային ավտոբուսի որակավորման նշանի ձևը` համաձայն N 4 հավելվածի։
2. Սահմանել, որ շահագործման մեջ գտնվող զբոսաշրջային ավտոբուսները պետք է առաջին անգամ որակավորում անցնեն ոչ ուշ, քան սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 12 ամսվա ընթացքում։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից, բացառությամբ սույն որոշման 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերի։
4․ Սկսած 2033 թվականի հունվարի 1-ից՝ զբոսաշրջային ավտոբուսները, որոնց թողարկման տարեթվից անցել է 30 (երեսուն) և ավելի տարի, չեն կարող օգտագործվել զբոսաշրջային ուղևորափոխադրումների իրականացման նպատակով։ Ընդ որում, այն զբոսաշրջային ավտոբուսները, որոնք 2030 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեն գործող որակավորման վկայական և որոնց թողարկման տարեթվից անցել է 30 (երեսուն) կամ ավելի տարի, կարող են շահագործվել բացառապես մինչև վկայականի գործողության ժամկետի ավարտը և ենթակա չեն հետագայում վերաորակավորման որպես զբոսաշրջային ուղևորափոխադրող ավտոբուս։ Նման զբոսաշրջային ավտոբուսը ենթակա չէ վերաորակավորման, իսկ համապատասխան վկայականի ժամկետը ենթակա չէ երկարաձգման։
5. Սկսած 2035 թվականի հունվարի 1-ից՝ զբոսաշրջային ավտոբուսները, որոնց թողարկման տարեթվից անցել է 20 (քսան) և ավելի տարի, չեն կարող օգտագործվել զբոսաշրջային ուղևորափոխադրումների իրականացման նպատակով։ Ընդ որում, այն զբոսաշրջային ավտոբուսները, որոնք 2035 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեն գործող որակավորման վկայական և որոնց թողարկման տարեթվից անցել է 20 (քսան) կամ ավելի տարի, կարող են շահագործվել բացառապես մինչև վկայականի գործողության ժամկետի ավարտը և ենթակա չեն հետագայում վերաորակավորման որպես զբոսաշրջային ուղևորափոխադրող ավտոբուս։ Նման զբոսաշրջային ավտոբուսը ենթակա չէ վերաորակավորման, իսկ համապատասխան վկայականի ժամկետը ենթակա չէ երկարաձգման։
6․ Սույն որոշման N 2 հավելվածի աղյուսակի 22-րդ կետով նախատեսված՝ զբոսաշրջային ավտոբուսը հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխման համար հարմարեցված լինելու պահանջը սահմանվում է որպես պարտադիր՝ սկսած 2030 թվականի հունվարի 1-ից, և հանդիսանում է զբոսաշրջային ավտոբուսի որակավորման պարտադիր նախապայման։ Այն զբոսաշրջային ավտոբուսները, որոնք 2030 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեն գործող որակավորման վկայական և չեն համապատասխանում սույն որոշման N 2 հավելվածի աղյուսակի 22-րդ կետով սահմանված հարմարեցման պահանջին, կարող են շահագործվել մինչև այդ վկայականի գործողության ժամկետի ավարտը՝ առանց վերաորակավորման հնարավորության։
7․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի «Զբոսաշրջային ավտոբուսի որակավորման կարգը, ընթացակարգը, չափանիշները, վկայականի և նշանի ձևերը հաստատելու մասին» N 864-Ն որոշումը։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
08.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1765-Ն որոշման |
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԺԱՄԿԵՏԸ, ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ընթացակարգով կարգավորվում են զբոսաշրջային ավտոբուսների որակավորման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն հավելվածում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները, որոնք սահմանվում են «Զբոսաշրջության մասին» օրենքի և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի համատեքստում՝ ապահովելով կարգի գործնական կիրառելիությունն ու իրավական հստակությունը՝
1) Օրենք` «Զբոսաշրջության մասին» օրենք․
2) Կոմիտե` «Զբոսաշրջության մասին» օրենքի 6-րդ հոդվածով սահմանված զբոսաշրջության բնագավառում լիազորություններ կրող իրավասու պետական մարմին․
3) Հանձնաժողով` Կոմիտեի կողմից սահմանված կազմով ստեղծվող բազմակողմ հանձնաժողով, որի հիմնական նպատակն է իրականացնել զբոսաշրջային ավտոբուսների որակավորման գործընթացի շրջանակում ներկայացված ավտոբուսի համապատասխանության գնահատում սահմանված չափորոշիչներին, տեխնիկական պահանջներին համապատասխան․
4) Հայտատու՝ սույն հավելվածով սահմանված որակավորման կարգ ստանալու համար դիմող զբոսաշրջային ավտոբուսներով ուղևորափոխադրումներ իրականացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր․
5) Որակավորում՝ զբոսաշրջային ավտոբուսի համապատասխանության պաշտոնական հաստատում, որն իրականացվում է Կոմիտեի կողմից՝ հաստատված չափորոշիչներին, տեխնիկական պահանջներին և ընթացակարգին համապատասխան՝ հիմք ընդունելով հանձնաժողովի դրական եզրակացությունը․
6) Որակավորման վկայական՝ Կոմիտեի կողմից սահմանված ձևով տրվող պաշտոնական փաստաթուղթ, որը վկայում է զբոսաշրջային ավտոբուսի համապատասխանությունը սահմանված տեխնիկական և որակական պահանջներին և հավաստում նրա՝ զբոսաշրջային ավտոբուս համարվելու իրավունքը․
7) Որակավորման նշան՝ սույն կարգով հաստատված նմուշով պատրաստված և Կոմիտեի կողմից տրամադրվող տեսանելի տարբերանշան, որը տեղադրվում է զբոսաշրջային ավտոբուսի դիմապակու վրա և փաստում է նրա որակավորված լինելու մասին․
8) Նստատեղ՝ զբոսաշրջային ավտոբուսի սրահում տեղադրված և կառուցվածքով առանձին նախատեսված նստելու հարմարություն ունեցող հատված, որը հաշվարկվում է ուղևորների ընդհանուր քանակի որոշման համար․
9) Հարթակ՝ tourism.gov.am ինտերնետային հասցեով հասանելի և տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքակազմով հագեցած հարթակ, որի միջոցով իրականացվում է զբոսաշրջային ավտոբուսի Որակավորման գործընթացը։
3. Որակավորումն իրականացնում է Կոմիտեն` հիմք ընդունելով սույն ընթացակարգի համաձայն ստեղծված հանձնաժողովի դրական եզրակացությունը:
4. Հանձնաժողովի բացասական եզրակացության դեպքում Կոմիտեն զբոսաշրջային ավտոբուսը չի որակավորում։
2. ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
5. Որակավորում ստանալու նպատակով Հայտատուն Կոմիտեին էլեկտրոնային եղանակով ներկայացնում է համապատասխան հայտ, որի կազմում ներառվում են սույն ընթացակարգի 7-րդ կետով նախատեսված տվյալները։
6. Էլեկտրոնային եղանակով հայտը ներկայացնելու և ընդունելու գործընթացն իրականացվում է հետևյալ կերպ`
1) Հայտատուն՝ նույնականացում անցնելուց հետո Հարթակի միջոցով լրացնում ու ներկայացնում է հայտը՝ դրան կցելով սույն հավելվածի 8-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, որոնց ներկայացումն իրականացվում է Հարթակի ինքնաշխատ հրահանգավորման միջոցով.
2) Հայտը համարվում է ընդունված վերոգրյալ եղանակով այն մուտքագրելու օրվանից, եթե այն Հարթակի գործիքակազմի միջոցով մուտքագրելու արդյունքում դրա ավտոմատացված համակարգը ցուցադրում է գործընթացի հաջող ավարտի վերաբերյալ ինքնաշխատ ծանուցում.
3) Հայտատուն հայտի ընթացքին կարող է հետևել Հարթակում նույնականացում անցնելու արդյունքում իր կողմից տրամադրված նույնականացման տվյալների հիման վրա:
7. Հայտում նշվում են՝
1) հայտատու իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, կազմակերպաիրավական ձևը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը և ռեզիդենտության երկիրը, իսկ անհատ ձեռնարկատերի դեպքում՝ անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը և հարկ վճարողի հաշվառման համարը.
2) զբոսաշրջային ավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը, արտադրության տարեթիվը, նստատեղերի քանակը և վառելիքի տեսակը (ներառյալ՝ բենզին, դիզել, գազ, էլեկտրական կամ հիբրիդային շարժիչ).
3) զբոսաշրջային ավտոբուսի շահագործման հիմնական երթուղին.
4) զբոսաշրջային ավտոբուսի վերջին տեխնիկական զննության անցկացման ամսաթիվը և տեխնիկական զննությունն իրականացրած կազմակերպության անվանումը։
8. Հայտին կից ներկայացվում է՝
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային քաղվածք զբոսաշրջային ուղևորափոխադրողի վերաբերյալ՝ www.e-register.am կայքից բեռնված հայտի ներկայացմանը նախորդող առավելագույնը 7 (յոթ) օրվա ընթացքում.
2) զբոսաշրջային ավտոբուսի տեխնիկական անձնագրի պատճենը․
3) որակավորման համար վճարման ենթակա պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի պատճենը․
4) Հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրման նպատակով հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի կամ հարմարեցված ԳՕՍՏ 30478-96 ստանդարտի պահանջներին համապատասխանող զբոսաշրջային ավտոբուսի դեպքում հայտին կցվում է հայտատուի կողմից ներկայացված հայտարարությունը և զբոսաշրջային ավտոբուսի վերասարքավորման օրինականությունը հավաստող փաստաթուղթ (եթե առկա է):
3. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՇՆՈՐՀՈՒՄԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
9. Կոմիտեն հայտը և հայտին կից փաստաթղթերն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրանք` կայացնելով հայտն ընդունելու կամ հայտի ընդունումը մերժելու մասին որոշում:
10. Ուսումնասիրման արդյունքում Կոմիտեն մերժում է հայտը, եթե՝
1) բացակայում է սույն ընթացակարգի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված փաստաթղթերից կամ տեղեկություններից առնվազն մեկը.
2) սույն ընթացակարգի 12-րդ կետում նշված դեպքում հայտատուն սահմանված ժամկետում չի վերացրել թերությունները.
3) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
11. Կոմիտեն սույն ընթացակարգի 9-րդ կետով նախատեսված որոշումներից մեկն ընդունելու մասին Հարթակի միջոցով Հայտատուի կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում է վերջինիս որոշումն ընդունելուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի մերժման դեպքում Կոմիտեն համապատասխան որոշման մասին Հայտատուին տեղեկացնելիս նշում է նաև մերժման հիմքերի մասին:
12. Հայտում կամ ներկայացված փաստաթղթերում սույն ընթացակարգի 13-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանող ոչ էական բնույթի թերությունների առկայության դեպքում սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված ժամկետը կասեցվում է և Կոմիտեն, հայտն ստանալուց հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնում է Հայտատուին այդ մասին՝ հաղորդագրություն ուղարկելով վերջինիս կողմից Հարթակի միջոցով տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին։ Տեղեկացման մեջ Հայտատուին առաջարկվում է նշված թերությունները վերացնել հաղորդագրությունը սույն կետով սահմանված էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկելուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում։ Թերությունները վերացնելու դեպքում Կոմիտեն կայացնում է հայտն ընդունելու մասին որոշում։
13. Ոչ էական թերություն է համարվում հայտում կամ ներկայացված փաստաթղթերում առկա այնպիսի ձևական կամ տեխնիկական բնույթի վրիպումը, անճշտությունը կամ բացթողումը, որը չի ազդում հայտի նյութական բովանդակության, գնահատման օբյեկտիվության կամ հավասար մրցակցային պայմանների ապահովման վրա։ Ոչ էական թերություններ կարող են համարվել մասնավորապես՝
1) տեխնիկական վրիպակներ, ներառյալ թվերի փոքր շեղումներ, ձևաչափային անկանոնություններ կամ տառասխալներ, որոնք պետք է հստակեցնել բովանդակության միանշանակ ընկալման համար.
2) Հարթակում կամ էլեկտրոնային փոստով փոխանցված տեղեկատվության մեջ թույլ տրված ակնհայտ տեխնիկական սխալները կամ ձևաչափային վրիպումները (օրինակ՝ փաստաթղթի վերնագրի ոչ էական շեղում կամ փաստաթղթի անվանման անճշտություն), որոնք չեն խաթարում փաստաթղթի բովանդակության ընկալումը կամ դրա իրավական ուժը, կարող են համարվել ոչ էական թյուր հաղորդում՝ պայմանով, որ դրանք բացահայտվում և շտկվում են պարզ պարզաբանմամբ կամ նոր փաստաթղթի նույնականացման միջոցով՝ առանց լրացուցիչ իրավական գործողությունների անհրաժեշտության։
14․ Թերությունը ոչ էական չի համարվում, եթե՝
1) այն հանգեցնում է փաստաթղթի բովանդակության խեղաթյուրման կամ երկիմաստության.
2) այն խախտում է հավասար մրցակցային դաշտը.
3) դրա արդյունքում Կոմիտեն չի կարող վստահությամբ որոշել տվյալ փաստաթղթի նպատակն ու իրավական ուժը.
4) այն առնչվում է պայմանների, չափանիշների կամ պահանջների՝ ամբողջական կամ մասամբ չկատարմանը։
15. Սույն որոշմամբ սահմանված պահանջներին, նկարագրերին և չափորոշիչներին զբոսաշրջային ավտոբուսի համապատասխանության գնահատման նպատակով Կոմիտեն ձևավորում է Հանձնաժողով և նրա անդամների կազմից նշանակում Հանձնաժողովի նախագահ:
16. Հանձնաժողովը ոչ մշտական հիմունքներով գործող մարմին է։
17. Հանձնաժողովի անդրանիկ կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 1 ամսվա ընթացքում։ Հրամանում նշվում է հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի նշանակման ժամկետը։ Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են անհատույց։
18․ Հանձնաժողովի անդամի նշանակման ժամկետը չի կարող գերազանցել 1 տարին, բացառությամբ Կոմիտեի նախագահի կամ նրան ի պաշտոնե փոխարինող անձի կամ Կոմիտեի աշխատողների, ում համար նշանակման ժամկետի սահմանափակում չի կիրառվում։
19. Հանձնաժողովի կազմը, անդամների նշանակման ժամկետը և այլ փոփոխությունները հաստատվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով։
20․ Հանձնաժողովի նախագահը ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը, ապահովում է նիստերի արդյունավետ կազմակերպումը և համակարգում է հանձնաժողովի ընթացիկ աշխատանքները՝ հանձնաժողովի քարտուղարի միջոցով:
21. Հանձնաժողովի ընթացիկ աշխատանքների կազմակերպումն իրականացնում է Հանձնաժողովի քարտուղարը (այսուհետ՝ քարտուղար):
22. Հանձնաժողովը բաղկացած է 9 անդամից և իր կազմում ընդգրկում է ներկայացուցիչներ`
1) Զբոսաշրջության կոմիտեից (3 ներկայացուցիչ)․
2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկային ծառայությունից (2 ներկայացուցիչ).
3) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից (1 ներկայացուցիչ).
4) Շրջակա միջավայրի նախարարությունից (1 ներկայացուցիչ)․
5) զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումների ներկայացուցիչներից (1 ներկայացուցիչ` համաձայնությամբ).
6) սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններից (1 ներկայացուցիչ` համաձայնությամբ)։
23. Սույն հավելվածի 22-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված ներկայացուցիչները՝ համապատասխանաբար զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումների և սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրվող անձինք, ընդգրկվում են հանձնաժողովի կազմում՝ փոխարինելիության (ռոտացիայի) սկզբունքով։ Սույն ընթացակարգի իմաստով փոխարինելիության (ռոտացիայի) սկզբունքը ենթադրում է, որ նշված կառույցներից յուրաքանչյուրն ունի հանձնաժողովում ներկայացված լինելու հնարավորություն՝ սահմանափակ ժամկետով և փոփոխվելու նախապայմանով, առանց որևէ կազմակերպության (կազմակերպության ներկայացուցչի) երկարաժամկետ կամ շարունակական ներգրավման իրավունքի։ Հանձնաժողովում այդ ներկայացուցիչների ընդգրկման կարգը սահմանվում է Կոմիտեի կողմից՝ թափանցիկ և հավասարակշռված ընթացակարգով։
24. Հանձնաժողովը՝
1) գնահատում է զբոսաշրջային ավտոբուսի համապատասխանությունը որակավորման տեխնիկական պահանջներին, նկարագրերին և չափորոշիչներին․
2) տալիս է եզրակացություն որակավորման տեխնիկական պահանջներին, նկարագրերին և չափորոշիչներին զբոսաշրջային ավտոբուսի համապատասխանության մասին:
25. Հանձնաժողովը որակավորման գնահատումն իրականացնում է, հիմնվելով թափանցիկության և չեզոքության օբյեկտիվ սկզբունքների վրա, Կոմիտեի առաջարկությամբ ընտրված վայրում։ Գնահատումն իրականացվում է զբոսաշրջային ավտոբուսի արտաքին և ներքին զննությամբ ինչպես կայանած, այնպես էլ շարժման վիճակում։ Հանձնաժողովը կարող է օգտագործել փաստագրման տեխնիկական միջոցներ։
26. Քարտուղարը զբոսաշրջային ավտոբուսը Հանձնաժողովի գնահատմանը ներկայացնելու օրվա, ժամի ու վայրի մասին Հայտատուին տեղեկացնում է էլեկտրոնային փոստի միջոցով գնահատման օրվանից առնվազն 3 (երեք) աշխատանքային օր առաջ։ Ընդ որում` գնահատման օրը պետք է լինի ոչ ուշ, քան սույն ընթացակարգի 9-րդ կետով նախատեսված որոշման ընդունման օրվան հաջորդող 25 (քսանհինգ) աշխատանքային օրվա ընթացքում։
27. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստ հրավիրելու միջոցով։ Հանձնաժողովի նիստն իրավազոր է (քվորում ունի), եթե նիստին մասնակցում է առնվազն 5 անդամ:
28. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք։ Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է։
29. Հանձնաժողովի նիստն արձանագրվում է: Արձանագրությունը, որին որակավորման պայմաններին համապատասխանության հարցը քննարկելու դեպքում կցվում է նաև եզրակացությունը, կազմվում է 2 օրինակից և ստորագրվում հանձնաժողովի նախագահի և նիստին մասնակցած հանձնաժողովի անդամների կողմից:
30. Արձանագրության, այդ թվում՝ եզրակացության լուսապատճենը, հանձնվում է հայտատուին էլեկտրոնային փոստի միջոցով, որն ստանալու փաստը հաստատվում է հետադարձ ծանուցմամբ։
31. Հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում Կոմիտեն հանձնաժողովի արձանագրությունն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հայտը բավարարելու և զբոսաշրջային ավտոբուսին որակավորում շնորհելու մասին որոշում և 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին էլեկտրոնային տարբերակով տրամադրում է համապատասխան որակավորման վկայական:
32. Որակավորման վկայականը տրվում է զբոսաշրջային ավտոբուսի թողարկման տարեթվից կախված հետևյալ ժամկետներով`
1) մինչև 10 տարվա արտադրության զբոսաշրջային ավտոբուսներին՝ 3 (երեք) տարի ժամկետով․
2) 11-ից մինչև 15 տարվա արտադրության զբոսաշրջային ավտոբուսներին՝ 2 (երկու) տարի ժամկետով․
3) 15 և ավելի տարվա արտադրության զբոսաշրջային ավտոբուսներին՝ 1 (մեկ) տարի ժամկետով։
33. Մեկ տարուց ավելի ժամկետով տրամադրվելու դեպքում երկրորդ և հաջորդող տարիների համար Հայտատուն պարտավոր է վճարել համապատասխան պետական տուրքը և վճարումը հավաստող փաստաթղթերը Հարթակի միջոցով ներկայացնել Կոմիտե մինչև հաշվետու օրացուցային տարվա երկրորդ աշխատանքային օրը:
34․ Հանձնաժողովի բացասական եզրակացության դեպքում Կոմիտեն 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտը մերժելու մասին որոշում է ընդունում, և այն ևս 2 աշխատանքային օրվա ընթացքում հասանելի է դարձնում Հարթակում, ինչպես նաև ծանուցում է Հայտատուի կողմից Հարթակի միջոցով տրամադրված էլեկտրոնային փոստով:
35. Որակավորումը մերժելուց հետո Հայտատուն իրավունք ունի միևնույն զբոսաշրջային ավտոբուսի մասով նույն տարվա ընթացքում ներկայացնել որակավորման հայտ։ Այդ նպատակով դիմումը ներկայացվում է նույն կարգով։
36. Որակավորման վկայականի գործողությունը դադարում է՝
1) գործողության ժամկետի ավարտով.
2) որակավորման վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ իրավատիրոջ դիմումի հիմքով՝ սկսած Կոմիտեում դիմումի մուտքագրման հաջորդ օրվանից, եթե դիմումում չի նշվում ավելի ուշ ժամկետ։ Դիմումում նշվող ժամկետը չի կարող գերազանցել վկայականի գործողության սահմանված ժամկետը․
3) Կոմիտեի որոշմամբ` սույն ընթացակարգի 44-րդ կետով սահմանված հիմքերով:
4. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐՈՒՄԸ
37. Եթե որակավորման վկայականի գործողության ընթացքում զբոսաշրջային ավտոբուսը դառնում է ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից, կամ այն շահագործելու ընթացքում արձանագրվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված իրավախախտում, ապա Կոմիտեն իրավասու է նախաձեռնել որակավորման պայմաններին զբոսաշրջային ավտոբուսի համապատասխանության լրացուցիչ գնահատում։ Նման որոշումը ծանուցվում է հայտատուին Հարթակի և Հարթակում Հայտատուի կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի միջոցով ու միաժամանակ նրան ծանուցվում է գնահատման օրվա, ժամի ու վայրի մասին՝ այդ օրվանից առնվազն 20 աշխատանքային օր առաջ։
38. Սույն հավելվածի 37-րդ կետով նախատեսված լրացուցիչ գնահատումն իրականացվում է որակավորման պայմաններին զբոսաշրջային ավտոբուսի համապատասխանության գնահատման ընդհանուր կարգով։ Եթե հայտատուն զբոսաշրջային ավտոբուսը չի ներկայացնում համապատասխանության գնահատման, կամ գնահատման արդյունքում Հանձնաժողովը կայացնում է բացասական եզրակացություն, վկայականի գործողությունը դադարեցվում է։ Նման դեպքում հայտատուն զբոսաշրջային ավտոբուսը կարող է նույն տարվա ընթացքում կրկին գնահատման ներկայացնել։ Այդ նպատակով դիմումը ներկայացվում է Հարթակի միջոցով։
39. Եթե որակավորում անցած զբոսաշրջային ավտոբուսի նկատմամբ սեփականության իրավունքն ամբողջությամբ կամ մասնակի դադարում է, ապա որակավորման վկայականի գործողությունը չի դադարում։
40. Վկայականի գործողությունը կասեցվում է, իսկ զբոսաշրջային ավտոբուսը համարվում է որակավորումը կասեցված նաև այն դեպքում, եթե Հայտատուն սույն հավելվածի 33-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացրել պետական տուրքի վճարման ապացույց։
41. Վկայականի գործողության կասեցումը չի ազդում վկայականի գործողության ժամկետի ավարտի վրա։
42. Սույն հավելվածի 40-րդ կետի համաձայն վկայականի կասեցման դեպքում Հայտատուն (իսկ 39-րդ կետով սահմանված դեպքերում՝ նոր սեփականատերը կամ օգտագործողը, եթե նա հանդիսանում է զբոսաշրջային ուղևորափոխադրող) կարող է Հարթակի համապատասխան ենթաբաժնի միջոցով ներկայացնել վկայականի կասեցումը վերացնելու հայտ` դրան կցելով զբոսաշրջային ավտոբուսի տեխնիկական անձնագրի պատճենը, իսկ զբոսաշրջային ավտոբուսն իր սեփականությունը չհանդիսանալու դեպքում` նաև զբոսաշրջային ավտոբուսի նկատմամբ իր օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը։ Եթե կասեցման հիմք է եղել պետական տուրքի չվճարումը, ապա կցվում է նաև պետական տուրքի վճարման վերաբերյալ ապացույցը։
43. Կոմիտեն վկայականի կասեցումը վերացնելու հայտը և հայտին կից փաստաթղթերն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրանք` ընդունելով կասեցումը վերացնելու կամ հայտը մերժելու մասին որոշում, ինչի մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայտատուն ծանուցվում է հարթակի և էլեկտրոնային փոստի միջոցով:
44. Կոմիտեն իր որոշմամբ դադարեցնում է զբոսաշրջային ավտոբուսի որակավորման վկայականի գործողությունը, եթե
1) սույն հավելվածի 37-րդ կետով նախատեսված լրացուցիչ գնահատման արդյունքներով որակավորման պայմաններին զբոսաշրջային ավտոբուսի համապատասխանության մասով տրվել է բացասական եզրակացություն.
2) զբոսաշրջային ավտոբուսը՝
ա․ սահմանված ժամկետի ավարտից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի անցել պարտադիր տեխնիկական զննություն,
բ․ տեխնիկական զննության արդյունքներով ճանաչվել է անսարք և շահագործման ոչ պիտանի,
գ․ լրացուցիչ գնահատման արդյունքներով չի համապատասխանել սույն որոշման N 2 հավելվածով հաստատված արտաքին տեսքի կամ ավտոբուսի սրահի պահանջներին․
3) ստացել է տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արձանագրված՝ զբոսաշրջային ավտոբուսը Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով առանց ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու վարելու դեպք:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
09.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1765-Ն որոշման |
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ, ՆԿԱՐԱԳՐԵՐ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
1. Զբոսաշրջային ավտոբուսի որակավորման չափորոշիչներ (կիրառելի են այն չափորոշիչները, որոնք նշված են «+» նշանով կամ նշված են որպես պարտադիր)՝
Աղյուսակ
|
NN ը/կ |
Տեխնիկական պահանջներ և նկարագրեր |
Չափորոշիչներ | ||
|
Զբոսաշրջային ավտոբուս՝ 22 և ավելի նստատեղով |
Զբոսաշրջային ավտոբուս՝ 12-21 նստատեղով |
Զբոսաշրջային ավտոբուս՝ մինչև 11 նստատեղով | ||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
I. Զբոսաշրջային ավտոբուսի արտաքին տեսքը` |
||||
|
1. |
Մեքենայի թափքի վրա տեսանելի քերծվածքների և վնասվածքների բացակայություն (բացառությամբ մինչև 20մմ երկարությամբ ու 2մմ լայնությամբ խազերի ու մինչև 5 մմ առավելագույն տրամագծով այլ վնասվածքների) |
+ |
+ |
+ |
|
2. |
Արտաքին ներկաքողարկման ամբողջականություն (առանց ներկի տակից ժանգոտվածության, բացառությամբ մինչև 5 մմ առավելագույն տրամագծով ժանգոտվածությունների) |
+ |
+ |
+ |
|
3. |
Ապակիների վրա՝ վարորդի և ուղևորների անմիջական տեսադաշտում վնասվածքների բացակայություն (բացառությամբ մինչև 150մմ երկարությամբ ու 1մմ լայնությամբ խազերի ու մինչև 20մմ առավելագույն տրամագծով այլ վնասվածքների) |
+ |
+ |
+ |
|
II. Զբոսաշրջային ավտոբուսի սրահը` |
||||
|
4. |
Բոլոր նստատեղերի պաստառների վրա պատռվածքների, ճաքերի և այլ տեսակի վնասվածքների բացակայություն |
+ |
+ |
+ |
|
5. |
Առաստաղի և հատակի պաստառների վրա վնասվածքների բացակայություն |
+ |
+ |
+ |
|
6. |
Հատակի վրա անհարթությունների բացակայություն |
+ |
+ |
+ |
|
7. |
Նստատեղերի բռնակների (առկայության դեպքում)՝ առանց վնասվածքների և սարքին վիճակ |
+ |
+ |
+ |
|
8. |
Նստատեղերի ծալովի արմնակալների (առկայության դեպքում) առանց վնասվածքների և սարքին վիճակ |
+ |
+ |
|
|
9. |
Մեկ անձի համար նախատեսված նստատեղի նվազագույն լայնությունը (սմ) |
43 |
40 |
37 |
|
10. |
Նվազագույն հեռավորությունն առջևի նստատեղից (սմ) |
70 |
70 |
60 |
|
11. |
Երկու շարքի միջև նվազագույն հեռավորությունը (սմ) |
50 |
50 |
40 |
|
12. |
Նստատեղերի հենակների նվազագույն բարձրությունը (սմ) |
68 |
60 |
50 |
|
13. |
Բոլոր նստատեղերի թեքվող հենակներ (առնվազն 10 աստիճան անկյան չափով) |
+ |
Պահանջ չկա |
Պահանջ չկա |
|
14. |
Նստարանների հետնամասում տեղեկատվական նյութերի համար նախատեսված գրպանիկների առկայություն |
+ |
+ |
Պահանջ չկա |
|
15. |
Նստատեղերի հենակների վերին մասում հիգիենիկ ծածկոցի առկայություն (չի պահանջվում, եթե նստատեղը կամ դրա հենակների վերին մասը պաստառապատված են կաշվով, արհեստական կաշվով կամ այլ հեշտ լվացվող նյութով) |
+ |
+ |
Պահանջ չկա |
|
16․ |
Ավել նստատեղի և արտադրող գործարանի կողմից չնախատեսված այլ կառուցվածքային փոփոխությունների բացակայություն |
+ |
+ |
+ |
|
17. |
Սարքին սառնարան |
+ |
+ |
+ |
|
18. |
Ներքին լուսավորություն, այդ թվում` անհատական լուսավորություն յուրաքանչյուր նստատեղի համար |
+ |
+ |
+ |
|
19. |
Վարագույրներ (շարժական, մգեցնող) |
+ |
+ |
+ |
|
20. |
Լուսամուտները` երկշերտ, ապակեպատ, առանց հերմետիկության խախտումների |
+ |
+ |
Պահանջ չկա |
|
21. |
Զբոսաշրջային ավտոբուսը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխման համար (թեքահարթակի առկայություն, անվասայլակով մուտք, ֆիքսացման համակարգ, համապատասխան նշանավորում և վերասարքավորման օրինականությունը հավաստող փաստաթուղթ) |
+ |
+ |
+ |
|
22․ |
Բժշկական դեղատուփ, որի պարունակությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 20-ի «Տրանսպորտային միջոցների բժշկական դեղատուփում պարունակվող պարտադիր դեղերի և բժշկական պարագաների ցանկը հաստատելու մասին» N 4938-Լ հրամանով սահմանված պահանջներին |
+ |
+ |
+ |
|
III. Ակուստիկան |
||||
|
23. |
Խոսափող՝ վարորդի և զբոսավարի համար (միացված մեքենայի ակուստիկ համակարգին) |
+ |
+ |
Պահանջ չկա |
|
24. |
Նվագարկիչ |
+ |
+ |
+ |
|
25. |
Տեսասարքավորումներ՝ առնվազն 1 մոնիթոր յուրաքանչյուր 6 շարքի համար |
+ |
+ |
Պահանջ չկա |
|
IV. Օդափոխման համակարգը |
||||
|
26. |
Օդափոխման կամ օդակարգավորման համակարգ, որն աշխատում է, երբ նույնիսկ մեքենան շարժման մեջ չէ |
+ |
+ |
+ |
|
27. |
Ջեռուցող համակարգ, որն աշխատում է, երբ նույնիսկ մեքենան շարժման մեջ չէ |
+ |
+ |
+ |
|
V. Ուղեբեռը |
||||
|
28. |
Ձեռքի ուղեբեռի խցիկ-սրահի նվազագույն բարձրությունը (սմ) |
15 |
Պահանջ չկա |
Պահանջ չկա |
|
29. |
Բեռնախցիկի նվազագույն տարողունակությունը |
60 |
45 |
40 |
|
VI. Անվտանգության համակարգեր |
||||
|
30. |
Լրացուցիչ արգելակման համակարգ (ռետարդեր, ինտարդեր, TELMA կամ համարժեք) |
Պարտադիր պահանջ |
Պահանջ չկա |
Պահանջ չկա |
2. Զբոսաշրջային ավտոբուսը համարվում է որակավորման պայմաններին համապատասխանող, եթե բավարարում է տվյալ տեսակի զբոսաշրջային ավտոբուսի նկատմամբ սահմանված պահանջների առնվազն 75 տոկոսին, և միաժամանակ համապատասխանում է որպես պարտադիր պահանջ նշված բոլոր պահանջներին։
3. Զբոսաշրջային ավտոբուսները պետք է համապատասխանեն «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 018/2011 տեխնիկական կանոնակարգի պահանջին։
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
09.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1765-Ն որոշման |
ՁԵՎ
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
09.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1765-Ն որոշման |
ՁԵՎ
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՆՇԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
09.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|