ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2025 թվականի N 1783-Ն
ՏԵՍՉԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել տեսչավորման գործընթացում ներգրավվող մասնագետներին ներկայացվող պահանջները և ներգրավման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
11.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականիդեկտեմբերի 11-ի N 1783-Ն որոշման |
ՏԵՍՉԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն հավելվածով կարգավորվում են կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) կողմից տեսչավորման գործընթացում ներգրավվող մասնագետներին ներկայացվող պահանջները և ներգրավման հետ կապված հարաբերությունները:
2. Տեսչական մարմնի կողմից տեսչավորման իրականացմանը մասնագետներ կարող են ներգրավվել, եթե հանրակրթական, այդ թվում՝ նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կրթության որակի գնահատման կամ կրթության կազմակերպման առկա խնդիրները բացահայտելու և ուսումնական հաստատությանը խորհրդատվություն տրամադրելու համար անհրաժեշտ է համապատասխան տեսական կամ կիրառական գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձի օժանդակությունը։
3. Տեսչավորման իրականացմանը որպես մասնագետ կարող է ներգրավվել այն ֆիզիկական անձը, որն ունի՝
1) բարձրագույն կրթություն հոգեբանություն կամ նախադպրոցական, ընդհանուր մանկավարժություն մասնագիտությամբ կամ տվյալ (գնահատվող) առարկայի մասնագիտական ոլորտում.
2) վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի (ըստ դիպլոմում նշված որակավորման) ուսուցչական գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկային վերաբերող գիտամանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի դասավանդման մեթոդաբանության մշակման կամ ուսուցիչների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված վերապատրաստման դասընթացների վարման փորձ.
3) մանկավարժական նորարարական մեթոդների իմացություն, վերլուծական հմտություններ, տեղեկատվությունն առանձնացնելու և ընդհանրացնելու ունակություն, իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ և եզրակացություններ կազմելու հմտություն։
4. Տեսչավորման գործընթացում մասնագետ ներգրավելիս կամավոր ատեստավորումից 80-100 տոկոս արդյունքը կամ 3-րդ կամ 4-րդ աստիճանի տարակարգ շնորհված լինելը համարվում է առավելություն:
5. Հաշվի առնելով տեսչավորման տարեկան ծրագրից բխող կարիքները՝ տեսչական մարմինը գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով յուրաքանչյուր տարվա համար ծառայությունների ձեռքբերման պայմանագիր է կնքում սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված պահանջները բավարարող մասնագետներ ունեցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հետ։
6. Եթե տվյալ տեսչավորման գործընթացում մասնագետ ներգրավելու համար սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը չունի համապատասխան մասնագետ, տեսչական մարմինը տեսչավորման գործընթացում ներգրավելու համար մասնագետի ընտրությունը կատարում է սույն հավելվածի 7-12-րդ կետերով սահմանված կարգով։
7. Սույն հավելվածի 15-րդ կետով սահմանված հրամանի հիման վրա տեսչական մարմինն իր պաշտոնական կայքում հրապարակում է հայտարարություն, որը ներառում է առնվազն հետևյալ տեղեկությունները՝
1) հարցերի շրջանակը, որոնք պարզաբանելու համար անհրաժեշտ է ներգրավել մասնագետին.
2) մասնագետին ներկայացվող պահանջները.
3) մասնագետ ներգրավելու ժամկետը.
4) մասնագետի պարտականությունները.
5) դիմումների ներկայացման վերջնաժամկետը.
6) հարցազրույց անցկացնելու ամսաթիվը, ժամը և վայրը.
7) անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։
8. Մասնագետների ընտրությունն իրականացվում է երկու փուլով՝ փաստաթղթային և հարցազրույցի։
9. Փաստաթղթային ընտրությունն իրականացվում է սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված պահանջներին համապատասխանությունը ստուգելու արդյունքում։
10. Փաստաթղթային ընտրություն անցած հավակնորդները հրավիրվում են հարցազրույցի, որն անցկացվում է տեսչական մարմնում՝ հանձնաժողովի կողմից։
11. Սույն հավելվածի 10-րդ կետով սահմանված հանձնաժողովը ձևավորվում է տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվում է տեսչական մարմնի հինգ աշխատակից: Հանձնաժողովը որոշումներն ընդունում է անդամների ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ։ Հանձնաժողովի աշխատակարգը սահմանվում է տեսչական մարմնի ղեկավարի հրամանով։
12. Հարցազրույցի ժամանակ հանձնաժողովը գնահատում է սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված պահանջները և մեկ աշխատանքային օրվա ընթացքում կատարում ընտրություն։ Հարցազրույցի արդյունքում ընտրված մասնագետի հետ երեք աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր։
13. Մասնագետների ընտրության գործընթացի և ընտրվող մասնագետի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են տեսչական մարմնի պաշտոնական կայքում։
14. Տեսչավորման գործընթացում մասնագետ ներգրավելու անհրաժեշտության մասին որոշումը կայացվում է տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, որում նշվում են տեսչական մարմնի անվանումը, ուսումնական հաստատության լրիվ անվանումը, հարցերի շրջանակը, որոնք պարզաբանելու համար անհրաժեշտ է ներգրավել մասնագետին, մասնագետին ներկայացվող պահանջները՝ հիմք ընդունելով սույն հավելվածի 3-րդ կետը, մասնագետ ներգրավելու ժամկետը։
15. Տեսչավորման գործընթացում մասնագետն առաջնահերթորեն պետք է ներգրավվի սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված կազմակերպությունից կամ անհատ ձեռնարկատիրոջից։
16. Սույն իրավական ակտին համապատասխան տեսչավորման իրականացմանը ներգրավված մասնագետների կողմից իրականացված գործողությունների արդյունքներն արտացոլվում են տեսչավորման գործընթացում՝ տեսչական մարմնի կողմից «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքով սահմանված կարգով կազմվող եզրակացությունում։
17. Սույն իրավական ակտին համապատասխան տեսչավորման իրականացմանը ներգրավված մասնագետները չպետք է հրապարակեն տեսչավորման ներգրավման արդյունքում իրենց հայտնի դարձած՝ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկությունները, իրավական ակտերով նախատեսված դեպքերում տրամադրման հատուկ ընթացակարգ ունեցող տեղեկությունները, ինչպես նաև տեսչավորման գործընթացում մասնակիցներին առնչվող անձնական տվյալները։
18. Սույն իրավական ակտին համապատասխան դիմումներ չներկայացնելու կամ փաստաթղթային ուսումնասիրության կամ հարցազրույցի արդյունքով մասնագետ չընտրվելու կամ ընտրված մասնագետի կողմից պայմանագիր կնքելուց հրաժարվելու դեպքում տեսչական մարմինն իր պաշտոնական կայքում եռօրյա ժամկետում հրապարակում է մասնագետ ներգրավելու մասին նոր հայտարարություն։
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
11.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 դեկտեմբերի 2025 թվական: