Գլխավոր տեղեկություն
Համար
N 1900-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.08-2025.12.21 Պաշտոնական հրապարակման օրը 19.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2025 թվականի N 1900-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, ինչպես նաև «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ կոնվենցիա) N 17՝ «Ավիացիոն անվտանգություն. քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից» հավելվածով սահմանված դրույթների համապատասխանության ապահովման նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N 1307-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով՝

«1.1. Ազգային ծրագիրը սահմանում է քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությանը սպառնացող անօրինական միջամտության գործողություններից քաղաքացիական ավիացիայի պաշտպանությանն ուղղված ընդհանրական կանոնները՝ համաձայն 2008 թվականի մարտի 11-ի Եվրոպական խորհրդարանի և խորհրդի՝ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ընդհանրական կանոնների և No 2320/2002 կանոնակարգի չեղարկման մասին No 300/2008 կանոնակարգի (Regulation (EC) No 300/2008 of the European Parliament and of the Council of 11 March 2008 on common rules in the field of civil aviation security and repealing Regulation (EC) No 2320/2002)։ Ազգային ծրագիրը և մասնավորապես նրա 7-րդ գլխով սահմանված հիմնարար կանոնները հիմք են հանդիսանում «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի N 17 հավելվածի ընդհանրական մեկնաբանության, ավիացիոն անվտանգության հիմնական կանոնների ու ստանդարտների և դրանց ապահովման նկատմամբ վերահսկողության միջոցների սահմանման համար։».

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Ազգային ծրագրի դրույթները բխում են «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի «Ավիացիոն անվտանգություն. միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից» N 17 հավելվածով սահմանված ավիացիոն անվտանգության ստանդարտների և առաջարկվող գործելաձևերի պահանջներից և համապատասխանում են դրանց, ինչպես նաև ծրագրում հաշվի են առնված ավիացիոն անվտանգության աշխատանքները կանոնակարգող նորմատիվ-իրավական փաստաթղթերի և ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքների գնահատման մեթոդներն ու ընթացակարգերը, նպատակ ունենալով ապահովել քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության վարվող քաղաքականության և ավիացիոն անվտանգության մասով սահմանված պահանջների ու միջոցառումների արդյունավետ, գործուն և հետևողական իրականացումը։».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով՝

«3․1. Ազգային ծրագրի դրույթների և ավիացիոն անվտանգության մասով գործող Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի հրամաններով, ինչպես նաև շահագրգիռ իրավասու մարմինների՝ ազգային ծրագրի հիման վրա ընդունված համատեղ հաստատված կարգերի, կանոնների, ծրագրերի, պլանների և ուղեցույցների դրույթները քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովման համար առանցքային նշանակություն ունեն, դրանց լիարժեք իրականացումն ապահովում է քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությունն ու արդյունավետ գործունեությունը, իսկ ավիացիոն անվտանգության ապահովման դրույթների խախտումները, չկատարումը կամ չպահպանումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջացնում է քրեական կամ վարչական պատասխանատվություն։».

4) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Ազգային ծրագրում հստակ սահմանված են ավիացիոն անվտանգության ոլորտում պետական կառավարման համակարգի յուրաքանչյուր մարմնի և քաղաքացիական ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնող յուրաքանչյուր կազմակերպության իրավասությունները, գործառույթները և պարտականությունները։ Քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության ապահովման համար` իրենց վերաբերող մասով գործառույթներ են իրականացնում՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը.

2) Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն.

3) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը.

4) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը.

5) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը.

6) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը.

7) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն.

8) Հայաստանի Հանրապետության օդանավակայանները.

9) Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները.

10) Հայաստանի Հանրապետության օդային տարածքում օդային երթևեկության կառավարման ծառայություններ մատուցող կազմակերպությունները.

11) Հայաստանի Հանրապետության օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունները (օդանավերի և ուղևորների վերգետնյա սպասարկումներ, օդանավերի տեխնիկական սպասարկումներ, օդանավերին վառելիքի մատակարարումներ, օդանավերի դիմավորման և վերգետնյա սպասարկման գործառույթներ, ընդհանուր ավիացիայի օդանավակայաններ և օդանավ շահագործողներ, թռիչք/վայրէջքների հարթակների և ուղղաթիռադաշտերի սպասարկումներ իրականացնող կազմակերպությունները).

12) անօդաչու թռչող սարքերի միջոցով ծառայություններ մատուցող կազմակերպությունները։».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով՝

«4.1. Ազգային ծրագրի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում օդային փոխադրումներ (հաղորդակցություններ) իրականացնող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների օդանավ շահագործողների, օդանավակայանների ու օդանավերի բազավորման վայրերի, թռիչք/վայրէջքների հարթակների և ուղղաթիռադաշտերի, ինչպես նաև դրանց տարածքներում կամ տարածքներից դուրս գործունեություն իրականացնող, ապրանքներ մատակարարող կամ սպասարկման ծառայություններ մատուցող և ավիացիոն անվտանգության ստանդարտների կիրառման համար պատասխանատու ավիացիոն գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտների վրա:».

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.4-րդ կետով՝

«5.4. Հայաստանի Հանրապետության օդանավակայանները, Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները, օդային երթևեկության սպասարկման ծառայություններ և ավիացիոն գործունեություն իրականացնող քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունները, որոնք համաձայն ազգային ծրագրի պետք է ապահովեն ավիացիոն անվտանգության ստանդարտների կատարումը, պետք է մշակեն, ներդնեն և կիրառեն իրենց ավիացիոն անվտանգության ծրագիրը և պարբերաբար վերանայեն դրանք։ Ավիացիոն անվտանգության ծրագրերը պետք է նկարագրեն այն մեթոդներն ու ընթացակարգերը, որոնք պետք է իրականացնի տվյալ կազմակերպությունը՝ ապահովելու համար իր մասով ազգային ծրագրի դրույթների կատարումը և պարունակի դրույթներ որակի ներքին հսկողության միջոցառումների մասին, որտեղ պետք է նկարագրվեն, թե ինչպես պետք է ապահովվի այդ մեթոդների ու ընթացակարգերի կատարման նկատմամբ հսկողությունը։ Ավիացիոն անվտանգության ստանդարտների կատարում ապահովող յուրաքանչյուր կազմակերպության ավիացիոն անվտանգության ծրագիր պետք է հաստատվի լիազոր մարմնի կողմից։».

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.16-րդ և 7.17-րդ կետերով՝

«7.16. Ձեռքի իրեր - այն իրերը, որոնց փոխադրումը նախատեսվում է օդանավի ուղևորային սրահում:

7.17. Փոխադրողի ապրանքներ - ապրանքներ, նյութեր, որոնք առաքողը և ստացողը հանդիսանում է օդանավ շահագործողը կամ որոնք օգտագործվում են օդանավ շահագործողի կողմից:».

8) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8. Գրանցված ուղեբեռ՝ այն ուղեբեռը, որի փոխադրումը նախատեսվում է օդանավի բեռնային խցիկում։».

9) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.5-րդ, 8.6-րդ և 8.7-րդ կետերով՝

«8.5. Տրանսֆեր բեռ կամ փոստ - բեռ կամ փոստ, որ օդանավակայան է բերվել մեկ չվերթով, սակայն օդանավակայանից փոխադրվում է մեկ այլ չվերթով։

8.6. Տարանցիկ բեռ կամ փոստ - բեռ կամ փոստ, որ օդանավակայանից փոխադրվում է այն չվերթով, որով բերվել է օդանավակայան:

8.7. Ուղեկցվող գրանցված ուղեբեռ - օդանավի բեռնային խցիկում փոխադրվող այն ուղեբեռը, որը տվյալ չվերթի համար հաշվառվել է այդ չվերթով փոխադրվող ուղևորի կողմից։».

10) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11. Բեռ - օդանավով փոխադրվող ցանկացած գույք, բացառությամբ ուղեբեռի, փոստի, փոխադրողի փոստի, ապրանքների, նյութերի և օդանավային պիտույքների:».

11) 11.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11.1. Փոստ - փոստային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից Համաշխարհային փոստային միության կանոններին համապատասխան ընդունված, ձևակերպված և առաքված թղթակցություններ ու այլ առարկաներ, բացառությամբ փոխադրողի փոստի:».

12) 11.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11.2. Գրանցված գործակալ - գործակալ, էքսպեդիտոր կամ այլ իրավաբանական անձ, որը շահագործողի հետ կատարում է առևտրային գործունեություն և ապահովում է համապատասխան մարմնի կողմից բեռի կամ փոստի վերաբերյալ սահմանված ավիացիոն անվտանգության վերահսկողության միջոցառումները։».

13) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.3-րդ և 11.4-րդ կետերով՝

«11.3. Ավիացիոն անվտանգության ապահովման համար նախատեսված սարքավորումներ - հատուկ սարքավորումներ, որոնք օգտագործվում են ինքնուրույն կամ որպես որևէ համակարգի մաս՝ քաղաքացիական ավիացիայի և նրա ծառայությունների գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտությունները կանխելու կամ հայտնաբերելու համար։

11.4. Պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող սարքավորումներ - տեխնիկական համակարգ կամ տարբեր տեխնիկական միջոցների համադրություն, որոնք կարող են հայտնաբերել շատ փոքր քանակությունների պայթուցիկ նյութեր ուղեբեռում կամ զննված առարկաներում և տալ ազդանշան պայթուցիկ նյութերի առկայության մասին։».

14) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«14. Հատուկ վերահսկելի գոտի - վերահսկելի գոտու այն հատվածները, որտեղ մուտքի սահմանափակումից բացի կիրառվում են նաև ավիացիոն անվտանգության այլ ստանդարտներ։».

15) 15-րդ կետում «մուտքը վերահսկվում է» բառերը փոխարինել «մուտքը սահմանափակ է» բառերով.

16) լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-ին կետով՝

«24.1. Սահմանափակ մուտքի գոտի - հատուկ վերահսկելի գոտու կարգավիճակ ունեցող կամ այդպիսի կարգավիճակ չունեցող օդանավակայանային տարածք, որտեղ իրականացվում է մուտքի առանձին հսկողություն:».

17) լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.1-ին, 25.2-րդ և 25.3-րդ կետերով՝

«25.1. Ստանդարտ - ֆիզիկական բնութագրերին, ենթակառուցվածքին, նյութական մասերին, տեխնիկական բնութագրերին, անձնակազմին կամ կանոնակարգերին ուղղված ցանկացած պահանջ, որի միասնական կիրառումը ճանաչվում է որպես անհրաժեշտ միջազգային օդային փոխադրումների անվտանգությունը կամ կանոնավորությունն ապահովելու համար, և որոնք Պայմանավորվող պետությունները պետք է կատարեն՝ համաձայն կոնվենցիայի դրույթների պահանջների։ Ստանդարտին համապատասխանության ապահովման անհնարինության դեպքում, կոնվենցիայի 38-րդ հոդվածի համաձայն՝ այդ մասին ծանուցում պետք է ուղարկվի ԻԿԱՕ։

25.2. Առաջարկվող գործելաձևեր - ֆիզիկական բնութագրերի, ենթակառուցվածքների, գործելաձևերի, նյութական մասերի, տեխնիկական բնութագրերի, անձնակազմի կամ կանոնակարգերի ցանկացած պահանջ, որոնց միասնական կիրառումը ցանկալի է միջազգային օդային փոխադրումների անվտանգության, կանոնավորության կամ արդյունավետության շահերից ելնելով, և որոնք Պայմանավորվող պետությունները կձգտեն պահպանել՝ համաձայն կոնվենցիայի դրույթների պահանջների։

25.3. Պայմանավորվող պետություն - Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անդամ երկիր։».

18) 26.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«26.3. Հայտնի առաքող - բեռներ առաքող, որն իր սեփական միջոցների հաշվին նախաձեռնում է բեռի կամ փոստի փոխադրում, և որի ընթացակարգերը բավարար չափով համապատասխանում են ավիացիոն անվտանգության ընդունված կանոններին և չափանիշներին, որոնք բավարար են ցանկացած օդանավով բեռ կամ փոստ փոխադրումը թույլատրելու համար։».

19) 26.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«26.6. Պայթուցիկ նյութեր - պինդ կամ հեղուկ նյութ կամ նյութերի խառնուրդ, որն ունակ է ինքնուրույն ենթարկվելու գազի արտանետմամբ քիմիական ռեակցիայի այնպիսի ջերմաստիճանի, ճնշման և արագության պայմաններում, որը վնաս է հասցնում շրջակա միջավայրին։ Դրանց թվին են դասվում հրատեխնիկական նյութերը, նույնիսկ եթե դրանք գազեր չեն արտանետում։ Այն նյութը, որն ինքնին պայթուցիկ չի հանդիսանում, բայց կարող է առաջացնել գազի, գոլորշու կամ փոշու պայթյունավտանգ մթնոլորտ, չի դասվում պայթուցիկ նյութերի շարքին։».

20) լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.18-րդ, 26.19-րդ, 26.20-րդ, 26.21-րդ, 26.22-րդ, 26.23-րդ, 26.24-րդ, 26.25-րդ, 26.26-րդ, 26.27-րդ և 26.28-րդ կետերով՝

«26.18. Քաղաքացիական ավիացիա - քաղաքացիական օդանավերով իրականացվող ցանկացած օդային փոխադրում՝ բացառությամբ «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի 3-րդ հոդվածում նշվող պետական օդանավերով իրականացվող փոխադրումների:

26.19. Գործունեության սուբյեկտ - ֆիզիկական կամ իրավաբանական անձ, բացառությամբ շահագործողի։

26.20. Արգելված առարկաներ - զենք, պայթուցիկներ կամ այլ վտանգավոր սարքեր, առարկաներ կամ նյութեր, որոնք կարող են օգտագործվել ավիացիոն անվտանգությանը սպառնացող անօրինական միջամտության գործողություն իրականացնելու համար:

26.21. Մուտքի հսկողություն - հատուկ միջոցառումներ, որոնք իրականացվում են կանխելու համար մարդկանց և մեքենաների անօրինական մուտքը:

26.22. Չվերահսկվող գոտի (Օդանավակայանի հանրային գոտի) - օդանավակայանի այն հատվածները, դրանց հարակից տարածքները, ինչպես նաև շինությունները, կամ դրանց առանձին հատվածները, որոնք չեն հանդիսանում վերահսկելի գոտի:

26.23. Նախապատմության ուսումնասիրություն (ստուգումներ) - անձի ինքնության և ցանկացած քրեական պատմության ուսումնասիրություն (ստուգում), որպես անվտանգության սահմանափակ մուտքի տարածքներ առանց ուղեկցության մուտք գործելու համար անձի համապատասխանության գնահատման մաս:

26.24. Օդային փոխադրման համար հնարավոր վտանգ ներկայացնող ուղևոր - արտաքսված անձինք, մուտքի իրավունք չունեցող, քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկման արդյունքում փոխադրվող անձինք:

26.25. Փոխադրողի փոստ - օդանավ շահագործողի փոստ, որի առաքողը և ստացողը հանդիսանում է օդանավ շահագործողը։

26.26. Օդանավի զննում անվտանգության նպատակով - օդանավի ներքին հատվածների և արտաքին մատչելի հատվածների ստուգում օդանավի անվտանգությանը սպառնացող արգելված առարկաների և օդանավում անօրինական միջամտության գործողության հետքերի հայտնաբերման նպատակով։

26.27. Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հեղուկների, աերոզոլների, գելերի և չթույլատրված բացումից պաշտպանված փաթեթների ստուգում - օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիների մուտքերի զննման կետերում ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ավիացիոն անվտանգության հսկողության նպատակներով իրականացվող հեղուկների, աերոզոլների, գելերի և փաթեթների բոլոր պաշարների նկատմամբ զննման ընթացակարգ, որի նպատակն է ստուգել, որ հեղուկները, աերոզոլները, գելերը և չթույլատրված բացումից պաշտպանված փաթեթները պաշտպանված են, և չկան բացման նշաններ։

26.28. Բարձր ռիսկի բեռ կամ փոստ - բեռ կամ փոստ, որը համարվում է սպառնալիք քաղաքացիական ավիացիայի համար կոնկրետ օպերատիվ տեղեկատվության հիման վրա կամ անոմալիաների կամ բացման նշաններ, որոնք կասկած են առաջացնում։».

21) լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.4-րդ կետով՝

«27.4. Ազգային ծրագրի մաս են կազմում Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ որոշումներով հաստատված փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի հետևյալ հրամաններով հաստատված կարգերը, կանոնները, ուղեցույցները և ծրագրերը՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 944-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի «Քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման ու համատեղ օգտագործման աերոդրոմների օգտագործման կարգը հաստատելու մասին» N 1448-Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի «Քաղաքացիական օդանավով ռազմական նշանակության արտադրանքի օդային փոխադրումներ իրականացնելու կարգը հաստատելու մասին» N 1582-Ն որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում օդանավերի և օբյեկտների պահպանության կարգը հաստատելու մասին» N 940-Ն որոշումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգը հաստատելու մասին» N 1142-Ն որոշումը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի հրդեհային անվտանգության ապահովման մասին հրահանգը հաստատելու մասին» N 1343-Ն որոշումը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագիտական փոստի առաքման (ընդունման) և սպասարկման կարգը հաստատելու մասին» N 1931-Ն որոշումը.

8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի «Օդանավի կորելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքում անհրաժեշտ միջոցառումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1043-Ն որոշումը.

9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի «Քաղաքացիական ավիացիայի օդանավերով ուղևորների կողմից զենքի և փամփուշտների փոխադրման կանոնները հաստատելու մասին» N 843-Ն որոշումը.

10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի «Ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների համազգեստի նկարագիրը և այն կրելու կարգը սահմանելու մասին» N 243-Ն որոշումը.

11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Արտակարգ իրավիճակներում քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների գործելու և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ փոխհամագործակցության կարգը հաստատելու մասին» N 105-Ն որոշումը.

12) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը հաստատելու մասին» N 274-Ն որոշումը.

13) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 11-ի «Ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1362-Լ որոշումը.

14) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում առաջացած ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային պլանը հաստատելու մասին» N 440-ՆԳ որոշումը.

15) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավերի զավթումն ու փախցնելը կանխելու և խափանելու մասին հրահանգը հաստատելու մասին» N 630-ԿԳ որոշումը.

16) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2023 թվականի մայիսի 26-ի «Օդային տրանuպորտով ուղևորների ձեռքի իրերում փոխադրման համար արգելված հարյուր միլիլիտրից ավելի հեղուկների, գելերի և աերոզոլների ցանկը հաստատելու մասին» N 04-Ն հրամանը.

17) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2023 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների ատեստավորման կանոնակարգը հաստատելու մասին» N 11-Ն հրամանը.

18) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 2-ի «Պայթյունի սպառնալիքի մասին հեռախոսով ստացված հաղորդագրության դեպքում պատասխանատու անձանց գործողությունների կարգը հաստատելու մասին» N 15-Ն հրամանը.

19) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 20-ի «Ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման օպերատորների, հրահանգիչների և որակի հսկողության տեսուչների սերտիֆիկացման կարգը հաստատելու մասին» N 20-Ն հրամանը.

20) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության ռիսկերի գնահատման մեթոդիկան հաստատելու մասին» N 03-Ն հրամանը.

21) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագիրը հաստատելու մասին» N 04-Ն հրամանը.

22) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի մայիսի 20-ի «Ուղեկցման ենթակա անձանց փոխադրման կարգը հաստատելու մասին» N 13-Ն հրամանը.

23) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավերի զննման կանոնները հաստատելու մասին» N 19-Ն հրամանը.

24) Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի 2021 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների անցկացման ուղեցույցը» N 327-Ա հրամանը.

25) Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի 2022 թվականի ապրիլի 7-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում տեղեկատվական անվտանգության ապահովման կարգը» N 153-Լ հրամանը.

26) Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 29-ի «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ավիացիոն անվտանգության վարչության տեսուչի ձեռնարկը հաստատելու մասին» N 673-Ա հրամանը.

27) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2005 թվականի օգոստոսի 1-ի «Արտակարգ իրավիճակներում օդանավի անձնակազմի գործողությունների մասին կարգը հաստատելու մասին» N 101-Ն հրամանը։».

22) 40-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«բ) շահագրգիռ իրավասու մարմինների ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր օդանավակայանի մասով մշակել և համատեղ հրամանով հաստատել Հայաստանի Հանրապետությունում գտնվող օդանավը զավթելու, պահելու կամ փախցնելու, ինչպես նաև զավթված կամ պահված օդանավի հարկադիր վայրէջք կատարելու մասին տեղեկատվություն ստանալու դեպքում համատեղ և համաձայնեցված գործողությունների կարգերը։».

23) 40-րդ կետի «գ» ենթակետից հանել «առևանգմանը» բառը.

24) 62-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«62. Հայաստանի Հանրապետությունը քաղաքացիական ավիացիայի համակարգի ավիացիոն անվտանգության ոլորտում միջազգային համագործակցությունն իրականացնում է ԻԿԱՕ-ի, Եվրոպական միության հանձնաժողովի, Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս (այսուհետ՝ ԵԿԱԿ), Եվրոկոնտրոլ միջազգային կազմակերպությունների աշխատանքներին մասնակցության, ինչպես նաև ավիացիոն ոլորտի այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում: Ավիացիոն անվտանգության ոլորտում միջազգային համագործակցությունն իրականացվում է հետևյալ հիմնական ոլորտներում՝

1) ավիացիոն անվտանգությանն առնչվող միջազգային պայմանագրերի նախագծերի մշակման.

2) ավիացիոն անվտանգությանն առնչվող նոր չափանիշների սահմանման կամ գործող չափանիշների բարելավման.

3) ԻԿԱՕ-ի, Եվրոպական միության հանձնաժողովի, ԵԿԱԿ-ի և Եվրոկոնտրոլի խորհուրդների, հանձնաժողովների փորձագետների խմբերի ավիացիոն անվտանգության ապահովման հարցերի քննարկման վերաբերյալ աշխատանքներին.

4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումները ԻԿԱՕ-ի և ԵԿԱԿ-ի կողմից սահմանված չափանիշների ուսումնասիրման, համապատասխանության ստուգման և ավիացիոն անվտանգության ոլորտում միջազգային փորձի ներդրմանն աջակցման աշխատանքներին:».

25) լրացնել հետևյալ բովանդակությամբ 62.1-ին և 62.2-րդ կետերով՝

«62.1. Ավիացիոն անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության շրջանակներում ազգային ծրագրի 62-րդ կետում նշված միջազգային կազմակերպությունները լիազոր մարմնի համաձայնությամբ կարող են անցկացնել ուսումնասիրություններ և համապատասխանության ստուգումներ, ներառյալ՝ օդանավակայանների, օդանավ շահագործողների, օդային երթևեկության սպասարկման ծառայությունների և ավիացիոն անվտանգության ստանդարտները կիրառող կազմակերպությունների կողմից ԻԿԱՕ-ի, Եվրոպական միության հանձնաժողովի, Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս (ԵԿԱԿ), Եվրոկոնտրոլ ստանդարտների համապատասխանության և անհրաժեշտության դեպքում, ավիացիոն անվտանգության մասով բարելավման վերաբերյալ առաջարկություններ տալու նպատակով:

Ուսումնասիրությունները և համապատասխանության ստուգումներն իրականացվում են առանց ստուգվող կազմակերպություններին նախնական տեղեկացման, սակայն լիազոր մարմինը նախապես տեղեկացվում է նման ստուգման մասին։ Նման ստուգման ավարտին լիազոր մարմին է ներկայացվում տեսչական ստուգման հաշվետվություն, իսկ լիազոր մարմինն իր հերթին ստուգվող կազմակերպություն է ներկայացնում հայտնաբերված անհամապատասխանություններ և պահանջում լիազոր մարմին ներկայացնել հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ ձեռնարկվող ուղղիչ գործողությունների ծրագիրը։

62.2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության աշխատանքները կանոնակարգող նորմատիվ իրավական փաստաթղթերի և կիրառվող գործելաձևերի և կոնվենցիայի N 17՝ «Ավիացիոն անվտանգություն, միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից» հավելվածով սահմանված ստանդարտների և առաջարկվող գործելաձևերի միջև ցանկացած տարբերության, դրանց հետ կապված տարաձայնությունների, ինչպես նաև տարբերությունների վերացման մասին պետք է ծանուցվի ԻԿԱՕ-ին՝ յուրաքանչյուր փոփոխության ընդունումից հետո։

Ավիացիոն անվտանգության աշխատանքները կանոնակարգող նորմատիվ իրավական փաստաթղթերի, կիրառվող գործելաձևերի և կոնվենցիայի N 17՝ «Ավիացիոն անվտանգություն, միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից» հավելվածով սահմանված ստանդարտների և առաջարկվող գործելաձևերի միջև ցանկացած տարբերության մասին տեղեկատվությունը լիազոր մարմնի կողմից պետք է հրատարակվի նաև Աերոնավիգացիոն տեղեկատվության ժողովածուի մեջ։».

26) «VI. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ, ՕԴԱՆԱՎԵՐԻ, ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«VI. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ».

27) 64-րդ և 64.1-ին կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«64. Սույն ընդհանրական կանոնները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող այն օդանավակայանների ու օդանավերի բազավորման վայրերի վրա, որոնք չեն օգտագործվում բացառապես ռազմական նպատակներով, այդ օդանավակայաններից փոխադրումներ իրականացնող օդանավ շահագործողների, ինչպես նաև նման օդանավակայանների տարածքում կամ այդ տարածքից դուրս գործունեություն իրականացնող, օդանավակայանների տարածքներում ապրանքներ մատակարարող կամ սպասարկման ծառայություններ մատուցող և ավիացիոն անվտանգության ստանդարտների կիրառման համար պատասխանատու ավիացիոն գործունեության բոլոր սուբյեկտների վրա։ Օդանավակայաններ նախագծելիս, կառուցելիս կամ գոյություն ունեցող օդանավակայանային շինությունների և շահագործման միջոցների փոփոխության դեպքում, պետք է հաշվի առնել ազգային ծրագրով սահմանված դրույթները և դրանց կիրառումն ապահովող ընթացակարգային պահանջները։ Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում սահմանվում են հետևյալ գոտիները՝

1) հատուկ վերահսկելի գոտիներ.

2) վերահսկելի գոտիներ.

3) ընդհանուր օգտագործման տարածքներ։

Անձանց և տրանսպորտային միջոցներին թույլատրվում է մուտք գործել վերահսկելի գոտի և հատուկ վերահսկելի գոտի, եթե նրանք բավարարում են ավիացիոն անվտանգության պահանջվող պայմաններին։

64.1. Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտին ընդգրկում է օդանավակայանի այն տարածքներն ու կառույցները, որտեղ մուտքը սահմանափակ է և վերահսկվում է օդանավերի թռիչքների ու ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով։ Մուտքը հատուկ վերահսկելի գոտի պետք է գտնվի մշտական հսկողության տակ, որպեսզի մուտքի թույլտվություն չունեցող անձինք և տրանսպորտային միջոցները մուտք չգործեն այդ գոտի։ Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիների մուտքերում պետք է իրականացվեն անցագրային հսկողություն և մուտք գործող անձանց ու տրանսպորտային միջոցների զննում։ Ուղևորներ չհանդիսացող անձինք և նրանց ձեռքի իրերը հատուկ վերահսկելի գոտիներ և այդ գոտիների ստերիլ հատվածներ մուտք գործելիս ենթակա են զննման՝ բացառելու համար արգելված առարկաների փոխադրումը այդ գոտիներ։».

28) 65-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«65. Օդանավակայաններում և անհրաժեշտության դեպքում նաև հարակից հանրային գոտիներում պետք է իրականացվի տեսահսկում, պարեկային հսկողություն և կիրառվեն ֆիզիկական հսկման այլ տեսակներ՝ կասկածելի վարքագծով անձանց հայտնաբերման, սահմանված ավիացիոն անվտանգության ապահովման կանոնների խախտման և անձանց կողմից անօրինական միջամտության գործողությունների կատարումը կանխելու համար։ Օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների նկատմամբ հսկողությունն ապահովվում է օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից՝

1) անցագրային և ներօբյեկտային վերահսկողության իրականացման.

2) օդանավերի և օբյեկտների պահպանության կազմակերպման ու իրականացման

3) հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի դեպքում անձանց և տրանսպորտային միջոցների անցագրային վերահսկողության և ավիացիոն անվտանգության հսկողության՝ զննման ընթացակարգերի կիրառման.

4) ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով տեսահսկման իրականացման միջոցով։

Օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ մուտք գործող անձանց և տրանսպորտային միջոցների անցագրերը պետք է ստուգվեն, իսկ անձինք և տրանսպորտային միջոցները պետք է ենթարկվեն զննման՝ այդ գոտիներ արգելված առարկաների փոխադրումը կանխելու նպատակով։ Անձանց և տրանսպորտային միջոցների անցագրային վերահսկողության և զննման ընթացակարգերը պետք է իրականացվեն ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով իրականացվող տեսահսկման պայմաններում։».

29) 89-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«89. Օդանավերի անվտանգության ապահովման համար պատասխանատու են օդանավ շահագործողները, իսկ օդանավակայանների հատուկ վերահսկելի մուտքի գոտիներում կայանած այն օդանավերը, որոնց նկատմամբ կիրառվում են ավիացիոն անվտանգության այլընտրանքային միջոցառումներ, պետք է առանձնացված լինեն այն օդանավերից, որոնց նկատմամբ կիրառվում են ընդհանրական կանոնները, որպեսզի պահպանվեն այդ օդանավերի և դրանց ուղևորների, ուղեբեռի, բեռի և փոստի նկատմամբ կիրառվող ավիացիոն անվտանգության պահանջները։».

30) 90-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«90. Մինչ մեկնումը՝ օդանավերը պետք է ենթարկվեն զննման՝ ապահովելու համար, որ օդանավում չկան արգելված առարկաներ։ Այն ժամանակահատվածում, երբ օդանավը չի շահագործվում և չի սպասարկվում, օդանավի դռները պետք է լինեն փակված, իսկ ուղևորների նստեցման համար նախատեսված սարքավորումները (էլեկտրական սանդուղքներ, շարժասանդուղքներ և այլն)` հեռացված, և պետք է ապահովվի բոլոր օդանավերի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից։».

31) 92-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«92. Օդանավի թռիչքի նախապատրաստման ժամանակ՝ թռիչքից առաջ պետք է կատարվի օդանավի նախաթռիչքային զննում՝ նպատակ ունենալով բացահայտել օդանավում կողմնակի անձանց, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի ու այլ վտանգավոր իրերի և առարկաների առկայությունը, որոնք կարող են օգտագործվել օդանավի նկատմամբ անօրինական միջամտության ակտերի իրականացման համար։ Օդանավերի նախաթռիչքային զննումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ին «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 944-Ն որոշմամբ սահմանված կարգով։ Տասներկու ժամից ավելի կանգառում գտնվելուց հետո շահագործման ենթակա օդանավերը պարտադիր կարգով պետք է ենթարկվեն նախաթռիչքային զննման:».

32) VI՝ «ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ, ՕԴԱՆԱՎԵՐԻ, ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ գլխով`

 

«11. ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

102.21. Քաղաքացիական ավիացիայի համակարգի գործունեության արդյունավետ և հուսալի շահագործման համար կարևոր նշանակություն ունեն անօդաչու թռչող սարքերից քաղաքացիական ավիացիայի ենթակառուցվածքների պաշտպանության միջոցառումների սահմանումը և իրականացումը։

102.22. Անօդաչու թռչող սարքերից քաղաքացիական ավիացիայի ենթակառուցվածքների պաշտպանության միջոցառումների իրականացման կարգը սահմանում է Կոմիտեն։

102.23. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների կառավարիչները, օդանավ շահագործողները և օդային երթևեկության կառավարման մարմինները պետք է մշակեն և Կոմիտեի հաստատմանը ներկայացնեն անօդաչու թռչող սարքերի շահագործման հետևանքով առաջացած ճգնաժամային իրավիճակների կառավարման պլանները։».

33) 103-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«103. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից մեկնող բոլոր ուղևորները՝ այդ թվում տարանցիկ և տրանսֆեր ուղևորները, նրանց ձեռքի իրերը և գրանցված ողջ ուղեբեռը ենթակա են զննման մինչ օդանավ բարձվելը՝ արգելված առարկաների փոխադրումը հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավ կանխելու համար։ Օդանավով փոխադրվող գրանցված ուղեբեռը պետք է պաշտպանված լինի անօրինական միջամտությունից սկսած այն կետից, որտեղ այն զննվել է մինչ տվյալ ուղեբեռը փոխադրող օդանավի մեկնելը։ Գրանցված ուղեբեռի յուրաքանչյուր կտոր պետք է որոշարկվի որպես ուղեկցվող ուղեբեռ կամ չուղեկցվող ուղեբեռ։ Չուղեկցվող ուղեբեռը ենթակա չէ փոխադրման, բացառությամբ այն դեպքերի, եթե այն ուղևորից առանձնացվել է առանց վերջինիս դիտավորության կամ ենթարկվել է ավիացիոն անվտանգության համապատասխան հսկողության միջոցառումների։ Օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության՝ զննման ընթացակարգերի կիրառումը պարտադիր է ու նպատակ ունի կանխելու զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ, թունավոր, դյուրավառ, ռադիոակտիվ նյութերի, հեղուկների, գելերի և աերոզոլների փոխադրումն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավեր:».

34) լրացնել հետևյալ բովանդակությամբ 109.8-րդ և 109.9-րդ կետերով՝

«109.8. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռների, փոստի, օդանավային պիտույքների, օդանավերի անձնակազմերի անդամների, նրանց ձեռքի իրերի, օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեցող անձանց, նրանց ձեռքի իրերի և նշված գոտիներ մուտք գործող տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացվող ավիացիոն անվտանգության կանոնների հետևյալ ոչ էական տարրերը կարող են փոփոխությունների ենթարկվել՝

1) զննման թույլատրված մեթոդները.

2) արգելված առարկաների կատեգորիաները.

3) վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի թույլտվության տրամադրման հիմքերը.

4) մեքենաների զննման թույլատրելի մեթոդները.

5) օդանավերի անվտանգության ստուգման և զննման մեթոդները.

6) երրորդ պետությունների ավիացիոն անվտանգության ստանդարտների համապատասխանության ճանաչման չափանիշները.

7) այն պայմանները, որոնց դեպքում բեռը և փոստը ենթակա են զննման կամ դրանց նկատմամբ կիրառվում են ավիացիոն անվտանգության հսկողության այլ մեթոդներ.

8) գրանցված գործակալի, հայտնի առաքողի, հայտնի մատակարարի հաստատման կամ նշանակման գործընթացը.

9) այն պայմանները, որոնց դեպքում իրականացվում է փոխադրողի փոստի և միջոցների զննում կամ կիրառվում են ավիացիոն անվտանգության հսկողության այլ մեթոդներ.

10) այն պայմանները, որոնց դեպքում օդանավային և օդանավակայանային միջոցները ենթարկվում են զննման կամ նրանց նկատմամբ կիրառվում են ավիացիոն անվտանգության հսկողության այլ մեթոդներ.

11) հատուկ վերահսկելի գոտու ստերիլ հատվածների սահմանման չափանիշները.

12) անձնակազմի աշխատանքի ընդունման և ուսուցման մեթոդները.

13) այն պայմանները, որոնց դեպքում կիրառվում են ավիացիոն անվտանգության հատուկ ընթացակարգեր կամ կիրառվում է անվտանգության հսկողությունից ազատում:

109.9. Ազգային ծրագրով սահմանված միջոցառումների ներդրման մանրամասն կարգերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից և վերաբերում են՝

1) զննման պահանջներին և ընթացակարգերին.

2) արգելված առարկաների ցանկին.

3) մուտքի հսկողության իրականացման պահանջներին և ընթացակարգերին.

4) մեքենաների ստուգմանը, օդանավերի ավիացիոն անվտանգության ստուգման և զննման իրականացման պահանջներին ու ընթացակարգերին.

5) երրորդ պետությունների ավիացիոն անվտանգության ստանդարտների համապատասխանության ճանաչման որոշումներին.

6) բեռի և փոստի զննման մասով՝ գրանցված գործակալների, հայտնի առաքողի, հայտնի մատակարարի հաստատմանը կամ նշանակման ընթացակարգին, նրանց պարտավորություններին.

7) փոխադրողի փոստի և օդանավային պաշարների ավիացիոն անվտանգության հսկողության պահանջներին և ընթացակարգերին.

8) օդանավային և օդանավակայանային միջոցների մասով՝ գրանցված գործակալին և հայտնի մատակարարի հաստատմանը կամ նշանակման ընթացակարգին, նրանց պարտավորություններին.

9) հատուկ վերահսկելի գոտու ստերիլ հատվածների սահմանմանը.

10) անձնակազմի աշխատանքի ընդունմանը և ուսուցման պահանջներին.

11) ավիացիոն անվտանգության հատուկ ընթացակարգերին կամ անվտանգության հսկողությունից ազատման պայմաններին.

12) ավիացիոն անվտանգության սարքավորումների հաստատման և օգտագործման տեխնիկական բնութագրերին, ընթացակարգերին.

13) հնարավոր վտանգ ներկայացնող ուղևորների վերաբերյալ պահանջներին և ընթացակարգերին.

14) ավիացիոն անվտանգության մասով տեղեկատվության պաշտպանությանն ու կիբերանվտանգությանը։».

35) 117-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«117. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների բեռնային համալիրներում բեռի և փոստի բոլոր առաքումների նկատմամբ պետք է կիրառվեն ավիացիոն անվտանգության միջոցառումներ՝ զննման ընթացակարգեր, մինչև դրանց բարձումը օդանավ՝ անկախ բեռների չափսից, բնույթից և խտության աստիճանից: Օդանավ շահագործողը չպետք է ընդունի բեռը կամ փոստը օդանավով փոխադրման, եթե բեռների նկատմամբ չեն իրականացվել ավիացիոն անվտանգության հսկողության՝ զննման ընթացակարգեր։

Տարանցիկ և տրանսֆեր բեռներն ու փոստը կարող են ազատվել ավիացիոն անվտանգության հսկողության միջոցառումներից՝ զննումից, եթե ավիացիոն անվտանգության համար պատասխանատու լիազոր մարմինը գտնում է, որ օդանավի մեկնման օդանավակայանում իրականացվող ավիացիոն անվտանգության հսկողության միջոցառումները համարժեք են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավակայաններում իրականացվող ավիացիոն անվտանգության հսկողության միջոցառումներին և օդանավի մեկնման օդանավակայանում կիրառվող ավիացիոն անվտանգության հսկողության միջոցառումները լիազոր մարմնի կողմից ճանաչված են որպես ընդհանրական կանոններին համարժեք։ Տարանցիկ բեռներն ու փոստը կարող են ազատվել ավիացիոն անվտանգության հսկողության միջոցառումներից, եթե դրանք մնում են տարանցիկ չվերթ իրականացնող օդանավում։

Ելնելով ավիացիոն անվտանգության նկատառումներից` օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից պետք է հսկողություն սահմանվի տարանցիկ և տրանսֆեր բեռների ու փոստի նկատմամբ, իսկ օդանավով փոխադրվող բեռը և փոստը, այդ թվում՝ տարանցիկ և տրանսֆեր բեռներն ու փոստը պետք է պաշտպանված լինեն անօրինական միջամտությունից՝ ավիացիոն անվտանգության հսկողության միջոցառումների իրականացման համար նախատեսված զննման կետից մինչև դրանց փոխադրումն իրականացնող օդանավի մեկնումը։ Եթե ավիացիոն անվտանգության հսկողության միջոցառումների անցկացումից հետո բեռի և փոստի պաշտպանությունն անօրինական միջամտությունից չի իրականացվել սահմանված կարգով, ապա դրանք ենթակա են զննման։».

36) 119-րդ կետում «մատակարարման շղթայի անվտանգության ապահովումը կամ» բառերը փոխարինել «մատակարարման շղթայի անվտանգության ապահովումը,» բառերով.

37) 119.1-ին կետը «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում օդանավերի վերգետնյա սպասարկումներ, օդանավերի տեխնիկական սպասարկումներ, անմաքս առևտրի խանութների գործառույթներ և» բառերով.

38) 119.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«119.2. Ավիասնունդ տրամադրող կազմակերպությունների տեղամասերի արտադրատարածքները պետք է լինեն ցանկապատված, այդտեղ պետք է սահմանվի անցագրային վերահսկողություն, իսկ կազմակերպության տարածք ներկրվող սննդամթերքը, հեղուկները և սննդամթերք պատրաստելու համար անհրաժեշտ նյութերն ու պարագաները պարտադիր կարգով ենթակա են ավիացիոն անվտանգության հսկողության՝ դիտողական զննման, որի վերաբերյալ սննդամթերքի, հեղուկների և սննդամթերք պատրաստելու համար անհրաժեշտ նյութերի ու պարագաների ուղեկցման փաստաթղթերի վրա պետք է դրվի զննման փաստը հաստատող կնիք։

Ավիացիոն անվտանգության հսկողության` ձեռքի մետաղափնտրիչով զննման պետք է ենթարկվեն նաև ավիասննդի արտադրամաս մուտք գործող բոլոր աշխատողներն ու այցելուները: Ավիասնունդ մատակարարող կազմակերպություններում տվյալ կազմակերպության ղեկավարի կողմից պետք է նշանակվի ավիացիոն անվտանգության մասով պատասխանատու աշխատող, որը պետք է ապահովի կազմակերպության մասով ավիացիոն անվտանգության աշխատանքների իրականացումը, իսկ նրա գործառույթները պետք սահմանվեն կազմակերպության ավիացիոն անվտանգության ծրագրում։».

39) 126-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«126. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անձանց, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների և փոստի ավիացիոն անվտանգության հսկողության/զննման ապահովման նպատակով պետք է կիրառվեն օդանավով փոխադրման համար արգելված առարկաների և իրերի հայտնաբերման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներն ու պայթուցիկ նյութեր հայտնաբերող ծառայողական շներ, ընդ որում՝

1) անձանց՝ ուղևորների, օդանավերի անձնակազմերի անդամների, աշխատողների և այցելուների զննման նպատակով պետք է օգտագործվեն հետևյալ տեխնիկական միջոցները՝

ա. անձանց ամբողջական զննման սկաներներ,

բ. մետաղափնտրիչ կամրջակներ,

գ. ձեռքի մետաղափնտրիչներ,

դ. կոշիկների զննման սկաներներ,

ե. պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող սարքավորումներ.

2) ուղևորների ձեռքի իրերի զննման նպատակով՝

ա. ռենտգենյան անշարժ մետաղափնտրիչ սարքավորումներ,

բ. պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող սարքավորումներ,

գ. հեղուկ պայթուցիկ նյութեր հայտնաբերող համակարգեր.

3) ուղևորների գրանցված ուղեբեռների զննման նպատակով՝

ա. ալգորիթմի վրա հիմնված ռենտգենյան սարքավորումներ,

բ. պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող սարքավորումներ,

գ. ռենտգենյան անշարժ մետաղափնտրիչ սարքավորումներ.

4) բեռների և փոստի զննման նպատակով՝

ա. ռենտգենյան անշարժ մետաղափնտրիչ սարքավորումներ,

բ. պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող սարքավորումներ,

գ. ալգորիթմի վրա հիմնված ռենտգենյան սարքավորումներ,

դ. պայթուցիկ նյութեր հայտնաբերող ծառայողական շներ։».

40) 131-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«131. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման համար պետք է ներդրվեն և շահագործվեն հետևյալ հատուկ տեխնիկական միջոցները`

1) ուղևորների ձեռքի իրերի զննման ռենտգենյան անշարժ մետաղափնտրիչ, որը պետք է՝

ա. արտաբերի սարքավորման թունելի միջով անցնող առարկաների և իրերի ամբողջական պատկերները, տարանջատի օրգանական և անօրգանական մասերը՝ դրանք տարբեր գույներով պատկերելու միջոցով և ավտոմատ կերպով կատարի վտանգավոր իրերի ու առարկաների ճանաչում, կարողանա առնվազն երկու անգամ մեծացնել արտապատկերված պատկերի ցանկացած մասը,

բ. ունենա տեսափոխարկելիության հնարավորություն, կարողանա ստանալ միագույն պատկեր՝ սպիտակը փոխարինի որպես սև, իսկ սևը՝ որպես սպիտակ, ունենա մոխրագույնի բազմաստիճանավորում, կարողանա ընդգծել պատկերի ուրվագծերը (եզրերը) և տեսանելի արտապատկերել այն նյութերը, որոնց միջով ունակ չէ ներթափանցել, իսկ հաջորդ առարկայի զննմանն անցման դեպքում՝ զննման համար ընտրված ցանկացած գործառույթ պետք է ավտոմատ կերպով անջատվի և վերագործարկվի, երբ հաջորդ առարկան է զննվում,

գ. ճանաչել մետաղական և ոչ մետաղական հրազենը, դրանց մասերը, բոլոր տրամաչափի ռազմամթերքները, նռնակները և այլ տեսակի բեկորային/պայթուցիկ զենքերը, դանակները, մահակները, թրերը, ռազմական և առևտրային նշանակության պայթուցիկ նյութերը, դետոնատորները և ժամացույցի մեխանիզմները, էլեկտրական սարքավորումները և էլեկտրոնային արտադրանքը, էներգիայի աղբյուրները, հեղուկ նյութերը, գելերը և աերոզոլները,

դ. զննման ռենտգենյան սարքավորման էկրանը պետք է լինի չթարթող և ունենա առնվազն 800 տող (տիպայինը՝ 1024*1024 պիկսել բարձր որոշողականություն ունեցող էկրան), իսկ զննման ռենտգենյան սարքավորման պատկերի որակը պետք է հնարավորություն տա սարքավորման օպերատորին՝ տեսնելու օրգանական ապակու վրա տեղադրված 0,254 մմ հաստությամբ չմեկուսացված պղնձե մետաղալարը, 0.5105 մմ հաստությամբ չմեկուսացված պղնձե մետաղալարը՝ տեղադրված 11.1 մմ հաստությամբ ալյումինի թիթեղի հետևում, 0.10 մմ հաստությամբ պողպատե թիթեղը, 1.5 մմ հաստությամբ կապարի ձողը՝ 26 մմ հաստությամբ պողպատե թիթեղի հետևից, էկրանին ցուցադրվող պատկերը պետք է հնարավորություն տա օպերատորին տեսնել 2.0 մմ հաստությամբ պղնձե թերթային ցանցեր (2.0 մմ ակոսներ 4.0 մմ քայլի վրա)՝ ակոսներով, որոնք և զուգահեռ են և ուղղահայաց են փոխադրիչ ժապավենի շարժման ուղղությանը,

ե. զննման ռենտգենյան անշարժ մետաղափնտրիչները պետք է համալրված լինեն զննված պատկերների ավտոմատ արխիվացման ծրագրերով: Համակարգը պետք է գրառի զննված առարկաների և իրերի պատկերները, պատկերների զննման ամսաթիվն ու ժամը, պահպանի զննված առարկաների և իրերի պատկերներն առնվազ յոթ օր,

զ. ռենտգենյան անշարժ մետաղափնտրիչն աշխատանքի ռեժիմում պետք է ունենա գեներատորի ռենտգենային ճառագայթման և պատկերի որակի հետևյալ բնութագրերը.

2) ուղեբեռի, բեռների, փոստի և օդանավ տարվող սննդի զննման ռենտգենյան անշարժ մետաղափնտրիչ, որը պետք է՝

ա. հայտնաբերի և ազդանշանի միջոցով ցուցադրի բեռի և փոստի մեջ պարունակվող որոշակի մետաղական նյութերը, ընդ որում՝ հայտնաբերումը պետք է լինի անկախ բեռների կամ փոստի խմբաքանակից, ձևից, մետաղական նյութի տեսակից, դիրքից,

բ. պետք է ունենա տեսողական ցուցիչ՝ ցույց տալու համար, որ սարքավորումները գտնվում են աշխատունակ վիճակում, իսկ ռենտգենյան սարքավորումները պետք է լինեն պաշտպանված և հասանելի լինեն միայն լիազորված անձանց և պաշտպանված կողմնակի միջամտության աղբյուրներից, որոնք կարող են ազդել աշխատանքի արտադրողականության վրա, ներառյալ՝ սարքավորման էկրանի տատանումները, ջերմաստիճանը, ռադիոհաճախականության կապի սարքերը, լարման աստիճանը և տատանումները և շարժման մեջ գտնվող մետաղական զանգվածները,

գ. ռենտգեն սարքավորման փոխադրիչ ժապավենի արագությունը պետք է լինի վայրկյանում առնվազն 0,15 մետր, շահագործման հանձնման օրվանից ռենտգեն սարքավորումը պետք է ունենա առնվազն 1 տարի երաշխավորված շահագործման ժամկետ, առնվազն 6 տարի միջին շահագործման ժամկետ, իսկ արտադրանքի արտադրության օրվանից՝ առնվազն 1 տարի երաշխավորված պահպանման ժամկետ և շահագործման վայրում սարքավորման վիճակի ստուգման և վերանորոգման իրականացման հնարավորություն,

դ. կահավորված լինի ռենտգեն ճառագայթի ակտիվացման մասին ազդարարող լուսային ազդանշանով, ապահովի ռենտգենյան ճառագայթման անջատման հնարավորություն, իսկ ծանրաբեռնվածության գերազանցման և անսարքությունների դեպքում՝ էլեկտրական հոսանքի մատակարարման դադարեցման հնարավորություն, ինչպես նաև ապահովի պաշտպանություն ռենտգեն ճառագայթման ազդեցությունից,

ե. ապահովեն ռենտգենյան ճառագայթման այնպիսի մակարդակ, որը չի վնասի ֆիլմերի ժապավենների և լուսանկարչական նյութերի ամբողջականությունը, էլեկտրոնային կրիչները, երբ դրանք անցկացվում են ռենտգեն սարքավորման աշխատանքային թունելով։ Ընդ որում, բեռների և փոստի զննման համար նախատեսված ռենտգենյան սարքավորումները պետք է ունենան նաև բազմակի բազմատեսանելիություն/պրոյեկցիայի հնարավորություն,

զ. ռենտգենյան անշարժ մետաղափնտրիչ սարքավորումները պետք է ունենան ռենտգենյան սարքավորման էկրանին վտանգավոր առարկաների պատկերների արտապատկերման ծրագրային ապահովումը (PIOP), որը չպետք է խանգարի ռենտգենյան սարքավորումների աշխատանքին ու շահագործման պայմաններին։ Այդ համակարգը պետք է ունենա բավարար հզորության պրոցեսոր, որպեսզի ապահովի համակարգի ծրագրային ապահովման աշխատանքը և այդ ընթացքում բացասական ազդեցություն չգործի սարքավորման պատկերի որակի կամ արդյունավետության վրա.

3) դյուրակիր (ձեռքի, շարժական) մետաղափնտրիչ, որը պետք է՝

ա. հայտնաբերի մետաղական առարկաները (100x100x1 մմ չափսերով պողպատե թիթեղ) 0,12-0,15 մետր հեռավորության վրա՝ սարքի շարժման 0,2-0,5 մ/վ արագությամբ, ունենա մետաղական առարկայի առկայություն ցույց տվող ձայնային ազդանշան և ապահովի բնականոն աշխատանքը օդանավակայանների էլեկտրամագնիսական միջավայրում,

բ. ունենա շահագործման հանձնման օրվանից առնվազն մեկ տարի երաշխավորված շահագործման ժամկետ, առնվազն 3 տարի միջին շահագործման ժամկետ և ապրանքի արտադրության օրվանից առնվազն մեկ տարի երաշխավորված պահպանման ժամկետ, շահագործման վայրում սարքավորման վիճակի ստուգման և վերանորոգման իրականացման հնարավորություն,

գ. ինքնավար էներգիայի աղբյուրից աշխատելիս պետք է պահպանի իր հայտնաբերման բնութագրերը՝ հոսանքի աղբյուրների 60% լիցքաթափման դեպքում և ապահովի ինքնավար էներգիայի աղբյուրից արտադրանքի շարունակական շահագործման տևողությունը առնվազն 10 ժամ.

4) պայթուցիկ նյութերի հայտնաբերման համակարգեր/սարքավորումներ, որոնք պետք է կարողանան հայտնաբերել և ազդանշանի միջոցով ցույց տալ ուղեբեռում կամ բեռներում պարունակվող պայթուցիկ կամ քիմիական նյութերը՝ անկախ պայթուցիկ նյութի կամ քիմիական նյութի քանակից, տեսակից, դիրքից և տագնապի ազդանշան ազդարարի այն դեպքերում՝

ա. երբ հայտնաբերում է պայթուցիկ կամ քիմիական նյութ,

բ. երբ հայտնաբերում է այնպիսի առարկայի առկայություն, որը խոչընդոտում է պայթուցիկ կամ քիմիական նյութի հայտնաբերմանը,

գ. երբ պայուսակի կամ բեռի պարունակությունը չափազանց խիտ է վերլուծության համար,

դ. ունենա պայթուցիկ նյութեր հայտնաբերելու կարողություն՝ 1x10-14 գրամ մեկ խորանարդ սանտիմետրում, միաժամանակ, պայթուցիկ գոլորշիների վերլուծության ժամանակահատվածը պետք է լինի ոչ ավելին, քան 60 վայրկյան, պայթուցիկ նյութի գոլորշիների առկայության դեպքում՝ արձագանքման ժամանակը պետք է լինի ոչ ավելի, քան 5 վայրկյան, հաջորդ աշխատանքային ցիկլը պետք է լինի ոչ ավելի, քան 30 վայրկյան,

ե. կարողանա աշխատել ինչպես ցանցի սնուցման աղբյուրից, այնպես էլ 9-12 վոլտ լարման ինքնավար աղբյուրից (մարտկոց, կուտակիչ),

զ. ունենա անկախ գործող ձայնային և լուսային ազդանշանային համակարգ, իսկ ձայնային ազդանշանի մակարդակը պետք է հստակորեն տարբերվի օդանավակայանների ֆոնային աղմուկից,

է. ունենա ինքնավար էներգիայի աղբյուրի լիցքաթափման ցուցիչ, որը գործարկվում է էներգիայի աղբյուրների 70% լիցքաթափման ժամանակ (ըստ լարման),

ը. ունենա շահագործման հանձնման օրվանից առնվազն մեկ տարի երաշխավորված շահագործման ժամկետ, առնվազն վեց տարի միջին շահագործման ժամկետ և արտադրանքի արտադրության օրվանից առնվազն մեկ տարի երաշխավորված պահպանման ժամկետ, շահագործման վայրում սարքավորման վիճակի ստուգման և վերանորոգման իրականացման հնարավորություն,

թ. ունենա անվտանգության համակարգ, որը դադարեցնում է էլեկտրական հոսանքի մատակարարումը գործառնական բեռների գերազանցման և անսարքությունների դեպքում,

ժ. համապատասխանի շուրջօրյա ռեժիմով շահագործման բոլոր պահանջներին, շահագործման երաշխիքային ժամկետը` գործարկման օրվանից ոչ պակաս, քան մեկ տարի, միջին շահագործման ժամկետը` ոչ պակաս, քան վեց տարի, երաշխիքային ժամկետը` ոչ պակաս, քան մեկ տարի արտադրման օրվանից.

5) պայթուցիկ նյութերի հետքերը հայտնաբերող սարքավորումները պետք է կարողանան ուղեբեռի կամ բեռների պարունակությունից կամ աղտոտված մակերեսներից հավաքել և վերլուծել մասնիկների հետքերի մակարդակը և ազդանշանի միջոցով ցույց տալ պայթուցիկ նյութերի կամ քիմիական նյութերի առկայությունը,

6) զննման սարքավորումներում հեղուկների, աերոզոլների և գելերի հայտնաբերման նպատակով կիրառվող ծրագրային համակարգերը պետք է կարողանան հայտնաբերել և ազդանշանի միջոցով ցույց տալ հեղուկներում, աերոզոլներում և գելերում վտանգավոր նյութերի որոշակի և ավելի մեծ քանակությունները, ապահովեն, որ զննման ենթարկվող առարկան կամ իրը/տարան տեղադրված և կողմնորոշված լինեն այնպես, որ լիարժեք օգտագործվեն հեղուկների, աերոզոլների և գելերի հայտնաբերման հնարավորությունները։ Այդ սարքավորումները պետք է ահազանգեն հետևյալ դեպքերում՝

ա. երբ այն հայտնաբերում է վտանգավոր նյութ,

բ. երբ այն տարայում հայտնաբերում է այնպիսի առարկայի առկայություն, որը կանխում է վտանգավոր նյութի հայտնաբերումը,

գ. երբ հնարավոր չէ գնահատել, թե արդյոք հեղուկները, աերոզոլները և գելերն անվնաս են, թե ոչ,

դ. երբ զննման ենթակա տարայի պարունակությունը չափազանց խիտ է վերլուծության համար.

7) անշարժ մետաղափնտրիչ կամրջակ, որը պետք է տեղադրված լինի հարթ մակերևույթի վրա, լինի մեկուսացված, ամուր, չտեղաշարժվի, հատակի մակերևույթը պետք է լինի զերծ խոչընդոտներից, իսկ սարքավորումը պետք է՝

ա. կարողանա հայտնաբերել օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված մետաղական առարկաներ՝ մարդու մարմնի և նրա հագուստի վրա, կահավորված լինի արգելված մետաղական առարկայի առկայության մասին ավտոմատ լուսային և ձայնային ազդանշաններով ազդարարման համակարգով,

բ. բացառի հայտնաբերման սահմանված պարամետրերի չարտոնված փոփոխությունները, իսկ սարքավորման էլեկտրոնային սխեման պետք է ավտոմատ կերպով վերադառնա իր սկզբնական դիրքին` տագնապի ազդանշանն անջատելուց 3 վայրկյան հետո (տագնապի ազդանշանի ավարտը պետք է նշանակի, որ սարքը պատրաստ է շահագործման), սարքավորման միացումից հետո սահմանված գործող ռեժիմին հասնելու ժամանակը չպետք է գերազանցի 3 վայրկյանը,

գ. ապահովվի նորմալ շահագործում՝ օդանավակայանների էլեկտրամագնիսական միջավայրում, մասնավորապես՝ ռենտգենյան սարքավորման տեղադրման հետ մեկտեղ, որպես նմանատիպ սարքավորումների խմբի մաս՝ 2-ից 4 հատ տեղադրված մեկ շարքում, միմյանցից 3-ից մինչև 8 մետր հեռավորության վրա, իսկ սենսորային բլոկների միջև աշխատանքային հեռավորությունը պետք է լինի մինչև 1 մետր,

դ. համապատասխանի շուրջօրյա աշխատանքային ռեժիմով շահագործման հետևյալ պահանջներին՝ խափանումների միջև միջին ժամանակը` ոչ պակաս, քան վեց հազար ժամ, պլանավորված սպասարկման ժամկետը` շահագործման ժամանակի 5%-ից ոչ պակաս, երաշխավորված շահագործման ժամկետը` մեկ տարի գործարկման օրվանից, իսկ միջին շահագործման ժամկետը` ոչ պակաս, քան վեց տարի, իսկ երաշխավորված պահպանման ժամկետը` արտադրման օրվանից ոչ պակաս, քան մեկ տարի,

ե. ունենա շահագործման վայրում ստուգում և վերանորոգում իրականացնելու հնարավորություն, ապահովված լինի շահագործողական փաստաթղթերով, որոնք բավարար են սարքավորման բնականոն և անվտանգ շահագործումն իրականացնելու համար,

զ. ունենա առնվազն 2 մետր բարձրությամբ և 0,76 մետր լայնությամբ կամարային բացվածք, խորությունը՝ նվազագույնը 65 սմ. տեսողական ու կարգավորվող ձայնային ազդանշան, ինչպես նաև փոփոխվող հանգամանքներից կախված՝ զգայունության մակարդակը փոխելու հնարավորություն, իսկ անշարժ մետաղափնտրիչ կամրջակի զգայունությունը պետք է լինի վտանգի աստիճանին համապատասխան, կամրջակի զգայունության կարգավորումը պետք է կատարվի միայն լիազորված անձնակազմի կողմից,

է. կարողանա կուտակել հետևյալ վիճակագրական տվյալները՝ շահագործման ժամանակը, ուղևորների թիվը, ազդանշանների քանակը (տարանջատելով հիմնական և լրացուցիչ ահազանգերը).

8) զննման ընթացքում կարող են կիրառվել նաև զննման նոր մեթոդներ, օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ, եթե՝

ա. այն օգտագործվում է զննման նոր մեթոդի գնահատման նպատակով,

բ. բացասաբար չի ազդում ավիացիոն անվտանգության ապահովման ընդհանուր մակարդակի վրա,

գ. նոր մեթոդների փորձարկման մասին համապատասխան տեղեկատվությունը հայտնվում է այն անձանց, ում այն վերաբերվում է կամ առնչվում է.

9) անվտանգության սկաներ, որը կիրառվում է անձանց զննման համար և պետք է կարողանա հայտնաբերել մարդու մարմնի վրա կրվող կամ հագուստի մեջ պահված մետաղական առարկաները, ոչ մետաղական և սպառնալիք ներկայացնող առարկաներն ու իրերը։ Անվտանգության սկաները հանդիսանում է արգելված առարկաների ու իրերի հայտնաբերման համակարգ, որը արտապատկերում է մարդու մարմնի ամբողջական պատկերը, որի հիման վրա զննման գործառույթ իրականացնող տեսուչը պետք է վերլուծի և հաստատի, որ ստուգվող անձի մարմնի վրա չկան մետաղական և ոչ մետաղական առարկաներ ու իրեր։ Եթե զննման գործառույթ իրականացնող տեսուչը հայտնաբերում է անձի մարմնի վրա մետաղական և ոչ մետաղական առարկաներ, այդ մասին պետք է տեղեկացվի զննվող անձին՝ զննման գործընթացը շարունակելու համար։ Անձանց զննման նպատակով կիրառվող անվտանգության սկաները պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին՝

ա. հայտնաբերի և ազդանշանի միջոցով ցուցադրի առնվազն որոշակի մետաղական և ոչ մետաղական իրերն ու առարկաները, ներառյալ՝ պայթուցիկ նյութերը, ինչպես առանձին, այնպես էլ համակցված,

բ. ունենա տեսողական ցուցիչ, որը ցույց կտա, որ սարքավորումը գտնվում է աշխատունակ վիճակում,

գ. տեղադրված լինեն այնպես, որ դրա աշխատանքը չտուժի այլ միջամտության աղբյուրներից:

Անվտանգության սկաներների աշխատունակությունը պետք է ստուգվի ամեն օր, դրանք պետք է օգտագործվեն արտադրողի կողմից սահմանված շահագործման պահանջներին համապատասխան և շահագործման ընթացքում ապահովեն առողջապահական և տեխնիկական անվտանգության պահանջները.

10) տեսահսկման սարքավորումներ, Հայաստանի Հանրապետության օդանավակայանների տարածքներում (վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ) օդանավերի թռիչք/վայրէջքների, օդանավերի շարժի, օդանավերի և օբյեկտների պահպանության, օդանավերի թռիչքների նախապատրաստման աշխատանքների, ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռի և փոստի սպասարկման (հաշվառում, սահմանային վերահսկողություն, զննում, օդանավ նստեցում և այլն) բոլոր գործընթացների, հսկիչ-անցագրային կետերում իրականացվող անձանց և տրանսպորտային միջոցների զննման և անցագրային հսկողության աշխատանքների, ինչպես նաև հասարակական օգտագործման տարածքներում (ընդհանուր սրահներ, ավտոկանգառներ և այլն) օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների և օդանավակայաններում գործունեություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմինների (Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, Պետական եկամուտների կոմիտե) կողմից անվտանգության կառավարման կենտրոնների միջոցով դիտարկումներ և տեսահսկումներ իրականացնելու նպատակով, ապահովելով տեղեկատվության պաշտպանության և կիբերանվտանգության ապահովման սահմանված պահանջները։».

41) 139-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«139. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր օդանավակայանի համար անօրինական միջամտության գործողությունների հակազդումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների ղեկավարների համատեղ հրամանով հաստատված գործողությունների կազմակերպման և իրականացման կարգերով՝ հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները, թռիչքների յուրահատկությունները, առկա ուժերի և միջոցների առկայությունը։».

42) 142-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

43) 143-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«143. Ազգային ծրագրի 139-րդ կետով նախատեսված համատեղ հրամանով իրականացվող համատեղ և համաձայնեցված գործողությունների ղեկավարումն իրականացվում է տվյալ հրամանով սահմանված կարգով ստեղծված օպերատիվ շտաբների կողմից։».

44) 144-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«144. Օպերատիվ շտաբի աշխատանքներն ապահովելու նպատակով օդանավակայաններ շահագործող ընկերությունների գործադիր մարմինները պետք է առանձնացնեն և հատկացնեն հատուկ կահավորված տարածքներ՝ ապահովված օդանավակայանի տարածքի տեսադիտման սարքերով և կապի միջոցներով, այդ թվում՝ հնարավորության սահմաններում, անօրինական միջամտության ենթարկված օդանավի հետ կապով։».

45) 146-րդ կետից հանել 1-ին նախադասությունը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2025 թվական: