ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2025 թվականի N 1902-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1876-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ 2025 թվականի ընթացքում սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» N 1876-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-2.7-րդ կետերով՝
«2.1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն իրականացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 134 որոշմամբ տրամադրված սակագնային արտոնության վերականգնում՝ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված սուբյեկտների նկատմամբ՝ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված սուբյեկտների կողմից 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ չձևակերպված քանակի չափով։ Արտոնության վերականգնումը չձևակերպված քանակի չափով իրականացվում է ըստ ժամանակագրական սկզբունքի հաջորդականության (սկսած առավել վաղ ձևակերպվածից)՝ մաքսային հայտարարագրի և (կամ) մաքսային մուտքի օրդերի գրանցման օրվա, ժամի, րոպեի հերթականությամբ, սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված այն սուբյեկտների նկատմամբ, ովքեր սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված 5000 հատ չափաքանակը սպառվելուց հետո իրականացրել են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպում և կատարել են համապատասխան վճարումները:
2.2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն մինչև 2026 թվականի հունվարի 10-ը իր պաշտոնական կայքում հրապարակում է սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված այն տրանսպորտային միջոցների նույնացման համարը (VIN), մաքսային հայտարարագրի և (կամ) մաքսային մուտքի օրդերի համարը, գրանցման օրը, ժամը, րոպեն, որոնց հայտարարատուները սույն որոշման 2.1-ին կետին համապատասխան իրավունք են ստանում մաքսային հայտարարագրի և (կամ) մաքսային մուտքի օրդերի փոփոխման միջոցով օգտվել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 134 որոշմամբ տրամադրված սակագնային արտոնությունից։
2.3. Սույն որոշման 2.2-րդ կետին համապատասխան հրապարակված ցանկում ներառված տրանսպորտային միջոցների հայտարարատուները, բացառությամբ սույն որոշման 2.5-րդ կետով սահմանված դեպքի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 134 որոշմամբ տրամադրված սակագնային արտոնությունը վերականգնելու համար՝ պետք է մաքսային հայտարարագրի կամ մաքսային մուտքի օրդերի փոփոխման համար՝ մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ դիմեն այն մաքսային մարմին, որտեղ իրականացվել է մաքսային ձևակերպումը։
2.4. 2026 թվականի փետրվարի 1-ի դրությամբ, 2.3-րդ կետի համաձայն մաքսային մարմին չդիմելու դեպքում, սույն որոշման 2.1-ին կետում նշված չափաքանակը սպառված չլինելու պարագայում, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն երեք աշխատանքային օրվա ընթացքում իր պաշտոնական կայքում հրապարակում է սույն որոշման 2.2-րդ կետում նշված չափանիշներին համապատասխանող նոր ցանկ սույն որոշման 2.1-ին կետով նախատեսված հաջորդականությանը համապատասխան, որտեղ չեն ներառվում 2.2-րդ կետի համաձայն արդեն իսկ հրապարակված ցանկում ներառված տրանսպորտային միջոցները։
2.5. Սույն որոշման 2.2-րդ և 2.4-րդ կետերի համաձայն կազմվող ցանկերում չեն ներառվում և (կամ) արտոնության վերականգնումը չի կիրառվում այն տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնց գծով պահպանված չեն Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի N 130 որոշման 7.1.38-րդ կետի 3-րդ պարբերության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 107 որոշման 3-րդ հավելվածի 9-րդ կետի 5-րդ և 6-րդ պարբերության պահանջները։
2.6. Սույն որոշման 2.1-ին կետում նշված արտոնության վերականգնման համար սույն որոշման 2.3-րդ կետով սահմանված կարգով՝ 2.4-րդ կետին համապատասխան հրապարակված նոր ցանկում ներառված տրանսպորտային միջոցների հայտարարատուները, բացառությամբ սույն որոշման 2.5-րդ կետով սահմանված դեպքի, կարող են դիմել մինչև 2026 թվականի մարտի 31-ը ներառյալ։
2.7. Սույն որոշման 2.1-ին կետով նախատեսված սակագնային արտոնության վերականգնման արդյունքում վճարված ներմուծման մաքսատուրքի վերադարձի վերջնաժամկետ սահմանել 2026 թվականի հունիսի 30-ը։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
19.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|