ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 4-ին
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածի 1-ին մասում «48-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված» բառերը փոխարինել «48-րդ հոդվածով նախատեսված` անշարժ գույքի պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակներում ստորագրված» բառերով։
Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Եթե պետական գրանցումը կատարվել է որևէ իրավասու մարմնի տված փաստաթղթի հիման վրա, ապա թույլ տրված սխալների ուղղումը կարող է կատարվել միայն տվյալ մարմնի կամ նրա իրավահաջորդի տրամադրած՝ համապատասխան ուղղում կատարելու վերաբերյալ հավասարազոր փաստաթղթի, որը պետք է հղում պարունակի այն փաստաթղթի վերաբերյալ, որում առկա է եղել սխալ, և ուղղում կատարելը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա:»:
Հոդված 3. Օրենքի 48-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգ մուտք գործած՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող 18 տարին լրացած ֆիզիկական անձանց կողմից «Անձնական գրասենյակ» բաժնում առկա էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված պայմանագրերի» բառերով․
2) 2-րդ մասն առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնի միջոցով էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված պայմանագրերն ստորագրող անձանց ինքնությունը համարվում է ստուգված «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգ մուտք գործելու պահից:»․
3) 3-րդ մասը «ներկայությամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով կազմված պայմանագրերի, որոնց դեպքում յուրաքանչյուր կողմը էլեկտրոնային համակարգի իր «Անձնական գրասենյակ» բաժնում պայմանագիրը պետք է ստորագրի էլեկտրոնային թվային ստորագրությամբ» բառերով․
4) 4-րդ մասը «տեղեկանքը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 4.1-ին մասով սահմանված դեպքերի» բառերով․
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված պայմանագրերը և պայմանագրի առարկա անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանքի համարը պայմանագրի կողմերն իրավունքների պետական գրանցման են ներկայացնում «Անձնական գրասենյակ» բաժնի միջոցով՝ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով կայքէջի էլեկտրոնային համակարգ մուտք գործելով:»․
6) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5․ Պայմանագրում ստորագրությունների իսկությունը համարվում է ճանաչված պայմանագիրը դրանից ծագող իրավունքի կամ սահմանափակման գրանցման դիմումի հետ սահմանված կարգով անշարժ գույքի պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակ ընդունելու պահից, իսկ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող 18 տարին լրացած ֆիզիկական անձանց կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված պայմանագրերի դեպքում՝ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգ մուտք գործելուց և պայմանագիրը կողմերի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրվելու և իրավունքի պետական գրանցման ներկայացվելու պահից:»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 49.1-ին հոդվածով.
| «Հոդված 49․1․ | Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված պայմանագրերին առաջադրվող պահանջները |
1. Նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը, որոնք կարող են ստորագրվել էլեկտրոնային թվային ստորագրությամբ, հաստատում է Կառավարությունը։ Այդ պայմանագրերն արտացոլվում են անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում:
2. «Անձնական գրասենյակ» բաժնի միջոցով կազմված պայմանագրի հավելվածները (բաղկացուցիչ մասերը) պայմանագրին կցագրվում են (ներբեռնվում են) անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում պայմանագրի կազմման ժամանակ, ընդ որում հավելվածները (բաղկացուցիչ մասերը)՝
1) կցագրվում են (ներբեռնվում են) էլեկտրոնային ՓիԴիԷֆ (PDF) ձևաչափով.
2) պետք է լինեն հայերեն և ընթեռնելի.
3) պետք է տեսաներածված լինեն գունավոր այնպես, որ փաստաթղթի տեսաներածված պատճենի ֆայլը պարունակի բնօրինակ փաստաթուղթն ամբողջությամբ:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանագիրը կազմելուց, իսկ առկայության դեպքում նաև հավելվածները (բաղկացուցիչ մասերը) կցագրելուց (ներբեռնելուց) հետո անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ գեներացվում են պայմանագրի (ներառյալ հավելվածների)՝ ստորագրման ենթակա ՓիԴիԷֆ (PDF) էլեկտրոնային տարբերակը և պայմանագրի ծածկագիրը:
4. Պայմանագրի տեքստը, այդ թվում՝ կողմերի տվյալները, փաստաթուղթը կազմելու և ստորագրելու տարին, ամիսը, ամսաթիվը (թվերով և բառերով) ինքնաշխատ եղանակով ձևավորվում են անշարժ գույքի էլեկտրոնային շտեմարանի տվյալներից, բացառությամբ պայմանագրի արժեքի, դրա ուժի մեջ մտնելու տարվա, ամսվա, ամսաթվի, որոնք ենթակա են լրացման կողմերի կողմից:
5. Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված պայմանագրերի լուծման համար անհրաժեշտ համաձայնագրի օրինակելի ձևը հաստատում է Կառավարությունը:»:
Հոդված 5. Օրենքի 50-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «ճանաչման համար» բառերից հետո լրացնել «սպասարկման գրասենյակ» բառերով․
2) 2-րդ մասից հանել «դիմողի պահանջով» և «նրան» բառերը:
Հոդված 6. Օրենքի 51-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով․
«3. Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված և համակարգի միջոցով ներկայացված պայմանագիրը համարվում է այդ պայմանագրի բնօրինակը, որն էլեկտրոնային համակարգի միջոցով կցվում և պահպանվում է տվյալ անշարժ գույքի միավորի համար կազմված կադաստրային գործում:»:
Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.1-ին հոդվածով․
| «Հոդված 52.1. | «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգ մուտք գործած՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող 18 տարին լրացած ֆիզիկական անձանց կողմից «Անձնական գրասենյակ» բաժնում էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված պայմանագրերից ծագող իրավունքների ինքնաշխատ եղանակով պետական գրանցման իրականացումը |
1․ Որպես առանձին անշարժ գույքի միավոր գրանցված գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը կամ փոխանցմանն ուղղված՝ սույն օրենքով սահմանված կարգով էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված և պետական գրանցման ներկայացված պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումն իրականացվում է կառավարման ավտոմատացված համակարգի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով (այսուհետ՝ ինքնաշխատ պետական գրանցում), բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դեպքերի:
2․ Ինքնաշխատ պետական գրանցման համար պետական գրանցման դիմումը մուտքագրվում է էլեկտրոնային եղանակով՝ որպես ինքնաշխատ պետական գրանցման ենթակա, իսկ պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման համար գրանցման մատյանում գրառման ենթակա անհրաժեշտ տեղեկությունները լրացվում են ինքնաշխատ կամ նման իրավունք ունեցող պաշտոնատար անձի կողմից:
3․ Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման դիմումներն ինքնաշխատ պետական գրանցման ընթացակարգով ենթակա չեն մուտքագրման, եթե՝
1) պայմանագրի առարկա անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանքի համաձայն առկա են գրանցված սահմանափակումներ, կամ առկա են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված անշարժ գույքի գծով հարկային չկատարված պարտավորություններ.
2) պայմանագրի առարկա անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանքում առկա են նշումներ պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման համար որևէ փաստաթուղթ ներկայացնելու պահանջի վերաբերյալ.
3) առկա է պայմանագրի առարկա անշարժ գույքի համատեղ սեփականության մասնակից, որի վերաբերյալ տվյալները առկա չեն պայմանագրի առարկա անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանքում։
4. Ինքնաշխատ պետական գրանցման եղանակով մուտքագրված դիմումների հիման վրա ինքնաշխատ պետական գրանցում չի իրականացվում, եթե`
1) միասնական տեղեկանքի տրամադրումից հետո պայմանագրի առարկա անշարժ գույքի նկատմամբ էլեկտրոնային գրանցման մատյանում կամ կադաստրային գործում կատարվել է որևէ փոփոխություն, այդ թվում՝ փաստաթղթի կցում կադաստրային գործին․
2) միասնական տեղեկանքի տրամադրումից հետո ներկայացվել է պայմանագրի առարկա անշարժ գույքի միավորի նկատմամբ պետական գրանցման այլ դիմում.
3) պայմանագրով իրավունքը փոխանցող անձի նույնականացման տվյալները չեն համապատասխանում էլեկտրոնային գրանցման մատյանում այդ անձի նույնականացման տվյալներին:
5. Ինքնաշխատ պետական գրանցման եղանակով մուտքագրված դիմումների հիման վրա ինքնաշխատ պետական գրանցում չիրականացվելու դեպքում պետական գրանցման դիմումին ընթացք է տրվում ընդհանուր հիմունքներով:
6. Ինքնաշխատ պետական գրանցման դեպքում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ գրանցման մատյանում գրառման ենթակա լրացված տեղեկությունները հաստատվում են կառավարման ավտոմատացված համակարգի կողմից, իսկ գրանցման վկայականում գրանցումն իրականացնող պաշտոնատար անձի անվան, ազգանվան և զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված դաշտերի փոխարեն լրացվում է «Գրանցումն իրականացվել է Կադաստրի կոմիտեի կառավարման ավտոմատացված համակարգի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով» արտահայտությունը:»:
Հոդված 8.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են ոչ ուշ, քան սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
3. Սույն օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածները, 5-րդ հոդվածի 1-ին մասը, 6-րդ և 7-րդ հոդվածները գործում են 18 ամիս ժամկետով:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 22 Երևան ՀՕ-412-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|