ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
(օրենքը խմբ. 19.03.12 ՀՕ-129-Ն)
Ընդունված է 2007 թվականի ապրիլի 9-ին
ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 19.03.12 ՀՕ-129-Ն)
| Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հրապարակային և անհատական ծանուցման` ինտերնետով իրականացման կարգն ու պայմանները:
| Հոդված 2. | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) անհատական ծանուցում՝ անձին սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով տրամադրվող տեղեկատվություն.
2) հրապարակային ծանուցում՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված տեղեկատվություն.
3) հրապարակային ծանուցում հրապարակող անձ՝ հրապարակային ծանուցումը հրապարակման լիազորություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին (այսուհետ՝ հրապարակող անձ).
4) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք՝ համացանցի http://www.azdarar.am/ հասցեում գտնվող և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից վարվող կայք (այսուհետ՝ կայք).
5) տպագրական նիշ` ցանկացած առանձին տառ, թիվ, կետադրական նշան կամ այլ նշան, բացառությամբ բացատների.
6) (կետն ուժը կորցրել է 04.12.25 ՀՕ-415-Ն)
7) պաշտոնական էլեկտրոնային փոստ՝
ա. ֆիզիկական անձի դեպքում՝ անձի կողմից իր անձնական տվյալներին և փաստաթղթերին, ինչպես նաև հանրային ծառայությունների վերաբերյալ ծանուցումներին հասանելիություն ապահովելու նպատակով ստեղծված թվային միջավայր, որին մուտքն ապահովվում է անձի խիստ նույնականացման հարթակի միջոցով,
բ. իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառված էլեկտրոնային փոստը,
գ. պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի դեպքում՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում մատնանշված էլեկտրոնային փոստը:
(2-րդ հոդվածը լրաց. 05.12.13 ՀՕ-114-Ն, 25.10.17 ՀՕ-176-Ն, 08.12.22 ՀՕ-511-Ն, խմբ., լրաց., փոփ. 04.12.25 ՀՕ-415-Ն)
| Հոդված 3. | Հրապարակային ծանուցումը կայքի միջոցով |
1. Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, հրապարակային ծանուցումը պետք է տեղադրվի նաև կայքում:
| Հոդված 4. | Կայքի վարումը |
(հոդվածն ուժը կորցրել է 04.12.25 ՀՕ-415-Ն)
| Հոդված 5. | Հրապարակային ծանուցում ներկայացնելը |
1. Հրապարակող անձը հրապարակային ծանուցման տեքստը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած էլեկտրոնային ձևաչափով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (այսուհետ՝ գործակալություն):
2. Օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով հրապարակային ծանուցման հրապարակման համար ժամկետ սահմանված լինելու դեպքում հրապարակային ծանուցման տեքստը պետք է ներկայացվի գործակալություն սահմանված ժամկետից առնվազն մեկ օր առաջ:
3. Հրապարակային ծանուցումը պետք է ներկայացնի այն հրապարակելու լիազորություն ունեցող անձը կամ նրա լիազորած անձը:
4. Հրապարակային ծանուցման բովանդակության համար պատասխանատու է այն հրապարակող անձը: Հրապարակային ծանուցումը ենթակա չէ հրապարակման, եթե օրենքով արգելված է նման բովանդակությամբ ծանուցման հրապարակումը:
5. Հրապարակային ծանուցման ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Հրապարակային ծանուցումը պետք է շարադրված լինի Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզվով՝ գրական հայերենով:
7. Տեքստը պետք է գրված լինի պարզ և հստակ: Արգելվում է կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, օգտագործել բարոյականության սկզբունքներին հակասող բառեր: Թույլատրվում է բառերի կամ տերմինների համընդհանուր օգտագործման հապավումների օգտագործում:
8. Հրապարակային ծանուցման անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում գործակալությունը պարտավոր է ինքնուրույն ուղղել այն սխալները և վրիպակները, որոնց ուղղման դեպքում չի արատավորվի հրապարակային ծանուցման բովանդակությունը, և այդ մասին պարտավոր է մեկօրյա ժամկետում էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնել հրապարակային ծանուցում հրապարակող անձին:
9. Եթե կայքում հրապարակային ծանուցման հետ մեկտեղ պետք է տեղադրվի փաստաթուղթ, ապա այն ներկայացվում է ծանուցողի կողմից վերահսկվող սերվերում տեղադրված հղման միջոցով։
10․ Հրապարակային ծանուցման տեքստն ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, տեղադրվում է կայքում:
11. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, ինչպես նաև նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակվելու նոտարական գործողության ընթացքում հրապարակվող հրապարակային ծանուցումը հրապարակվում է կայքում անմիջապես այն ստանալուց հետո:
(5-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-58-Ն, փոփ., լրաց. 04.12.25 ՀՕ-415-Ն)
| Հոդված 6. | Կայքում հայտարարություն տեղադրելը |
(հոդվածն ուժը կորցրել է 04.12.25 ՀՕ-415-Ն)
| Հոդված 7. | Անհատական և հրապարակային ծանուցման համար գանձվող պետական տուրքը |
(վերնագիրը խմբ. 04.12.25 ՀՕ-415-Ն)
1. Անհատական ծանուցման տեղադրման hամար գանձվում է պետական տուրք, բացառությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տեղադրվող ծանուցումների:
2. Հրապարակային ծանուցման տեղադրման hամար գանձվում է պետական տուրք, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածով, 5-րդ հոդվածի 11-րդ մասով, ինչպես նաև 10-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերով նախատեսված դեպքերի:
(7-րդ հոդվածը խմբ. 20.12.17 ՀՕ-25-Ն, 14.11.19 ՀՕ-231-Ն, 04.12.25 ՀՕ-415-Ն)
| Հոդված 8. | Հրապարակային ծանուցման վճարի դրույքաչափը |
(հոդվածն ուժը կորցրել է 04.12.25 ՀՕ-415-Ն)
| Հոդված 9. | Կայքից տեղեկատվություն ստանալը |
1. Կայքում տեղադրված հրապարակային ծանուցմանը անձը կարող է ծանոթանալ առանցքային բառերի ներմուծմամբ կայքում որոնում իրականացնելու միջոցով:
2. Կայքում տեղադրված հրապարակային ծանուցումն անձը կարող է ստանալ նաև էլեկտրոնային փոստով` կայքում անվճար բաժանորդագրվելու միջոցով:
3. Հրապարակային ծանուցումների մասին տեղեկությունը տրամադրվում է անվճար հիմունքներով:
4. Կայքում տեղեկատվության արխիվացման ժամկետը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
| Հոդված 10. |
Էլեկտրոնային եղանակով ծանուցումների իրականացումը |
(վերնագիրը խմբ. 04.12.25 ՀՕ-415-Ն)
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ֆիզիկական և իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին կարող են ծանուցել սույն հոդվածով սահմանված կարգով: Եթե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը ֆիզիկական և իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին ծանուցել է սույն հոդվածով սահմանված կարգով, ապա անձը համարվում է պատշաճ ծանուցված:
2. Այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որը միացել է hանրային տեղեկությունների ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված տվյալների փոխանակման շերտին, այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին կարող է ծանուցել սույն հոդվածով սահմանված կարգով: Եթե անձը ծանուցվել է սույն հոդվածով սահմանված կարգով, ապա համարվում է պատշաճ ծանուցված:
3. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ծանուցումն իրականացվում է անհատական ծանուցումը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում տեղադրելու միջոցով: Եթե անհատական ծանուցմանը կից պետք է ուղարկվի փաստաթուղթ, ապա այն ուղարկվում է ծանուցողի կողմից վերահսկվող սերվերում տեղադրված հղման միջոցով, իսկ այդ հնարավորության բացակայության դեպքում փաստաթուղթը կցվում է ծանուցմանը: Ծանուցումը տեղադրելը, անձի կողմից համակարգի անձնական էջ մուտք գործելը և ծանուցումը կարդալը հավաստվում են էլեկտրոնային համակարգի կողմից: Ծանուցման տեղադրման մասին տվյալ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը տեղեկացվում է նաև իր տրամադրած հավելյալ էլեկտրոնային փոստի հասցեով: Եթե իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջն ուղարկված ծանուցումը տեղադրվելուց երեք օր հետո բացակայում է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ մուտք գործելու վերաբերյալ էլեկտրոնային հավաստումը, ապա ծանուցումն իրականացվում է հրապարակային ծանուցման միջոցով: Հրապարակային ծանուցման մեջ նշվում են ծանուցողի և ծանուցվող անձի տվյալները, ինչպես նաև տեղադրվում է հղում, որի միջոցով անձը, անցնելով նույնականացում, կարող է ծանոթանալ ծանուցման տեքստին և առկայության դեպքում՝ կից փաստաթղթերին: Հրապարակային ծանուցումը պարունակում է նաև տեղեկատվություն այն մասին, թե երբ է անձին ուղարկվել ծանուցումը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով: Իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը համարվում է պատշաճ ծանուցված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ մուտք գործելու օրվանից՝ անկախ իր տրամադրած հավելյալ էլեկտրոնային փոստի հասցեով ստացված տեղեկացումից, եթե այդպիսին առկա է, իսկ հրապարակային ծանուցման դեպքում իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը համարվում է պատշաճ ծանուցված Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցումը տեղադրվելու օրվանից հետո՝ հինգերորդ օրը:
4. Եթե իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը կասեցվել է կամ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի իմաստով գործունեությունը դադարեցվել է, ապա անհատական ծանուցումը սույն հոդվածով սահմանված կարգով ուղարկվում է իրավաբանական անձի դեպքում՝ գործադիր մարմնի ղեկավարին (կոլեգիալության դեպքում՝ գործադիր մարմնի բոլոր անդամներին), իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձին:
5. Ֆիզիկական անձի ծանուցումն իրականացվում է անհատական ծանուցումն անձի պաշտոնական էլեկտրոնային փոստում տեղադրելու միջոցով: Եթե անհատական ծանուցմանը կից պետք է ուղարկվի փաստաթուղթ, ապա այն ուղարկվում է ծանուցողի կողմից վերահսկվող սերվերում տեղադրված հղման միջոցով, իսկ այդ հնարավորության բացակայության դեպքում փաստաթուղթը կցվում է ծանուցմանը: Ծանուցումը տեղադրելը, ֆիզիկական անձի կողմից պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելը և ծանուցումը կարդալը հավաստվում են էլեկտրոնային համակարգի կողմից: Ծանուցման մասին տվյալ ֆիզիկական անձը տեղեկացվում է նաև իր կողմից տրամադրված հավելյալ էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև կարող է տեղեկացվել իր տրամադրած կամ իրեն պատկանող խիստ նույնականացման միջոցներին փոխկապակցված հեռախոսահամարին ուղարկված հաղորդագրությամբ: Ֆիզիկական անձը համարվում է պատշաճ ծանուցված պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելու օրվանից՝ անկախ իր տրամադրած հավելյալ էլեկտրոնային փոստի հասցեով կամ հեռախոսահամարին ստացված տեղեկացումից, եթե այդպիսին առկա է:
6. Եթե ֆիզիկական անձին ուղարկված ծանուցումը պաշտոնական էլեկտրոնային փոստում տեղադրվելուց երեք օր հետո բացակայում է ֆիզիկական անձի կողմից պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելու վերաբերյալ էլեկտրոնային հավաստումը, ապա ծանուցումը «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիբրիդային առաքանու միջոցով պատվիրված նամակով ուղարկվում է անձի հաշվառման հասցեով: Ընդ որում, ծանուցողի կողմից վերահսկվող սերվերում տեղադրված հղման միջոցով ուղարկված ծանուցման դեպքում ապահովվում է հղման ներքո գտնվող տեղեկատվության հասանելիությունը փոստային կապի օպերատորին: Եթե գործի (վարույթի) նյութերից հետևում է, որ անձը գտնվում է ազատազրկման վայրում, զորամասում, կարգապահական գումարտակում, բուժական հիմնարկում ստանում է ստացիոնար բուժում կամ ոչ հոժարակամ հոսպիտալացվել է, ապա պատվիրված նամակն անձին ուղարկվում է այդ հաստատությունների հասցեներով:
7. Փոստային պատվիրված նամակը ֆիզիկական անձին ուղարկվելուց յոթ օր հետո, եթե բացակայում է նամակը հանձնված լինելը հաստատող փաստաթղթային կամ էլեկտրոնային հավաստումը, այդ թվում՝ երբ ֆիզիկական անձը հրաժարվում է փոստային պատվիրված նամակն ստանալուց, ապա ծանուցումն իրականացվում է հրապարակային ծանուցման միջոցով: Փոստային պատվիրված նամակն ստանալուց հրաժարվելը գրավոր արձանագրում է փոստային պատվիրված նամակը հանձնող անձը՝ նշելով հրաժարման օրը, ամիսը, տարեթիվը և ժամը:
8. Հրապարակային ծանուցման մեջ նշվում են ծանուցողի և ծանուցվող անձի տվյալները, ինչպես նաև տեղադրվում է հղում, որի միջոցով անձը, անցնելով նույնականացում, կարող է ծանոթանալ ծանուցման տեքստին և առկայության դեպքում՝ կից փաստաթղթերին: Հրապարակային ծանուցումը պարունակում է նաև տեղեկատվություն այն մասին, թե երբ է անձին ուղարկվել ծանուցումը պաշտոնական էլեկտրոնային փոստի և փոստային պատվիրված նամակի միջոցով: Սույն մասով սահմանված հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում տեղադրվելու օրվանից հետո՝ յոթերորդ օրը, ֆիզիկական անձը համարվում է պատշաճ ծանուցված:
9. Եթե առկա է ֆիզիկական անձի գրավոր համաձայնություն կամ պաշտոնական էլեկտրոնային փոստով տրված համաձայնություն կամ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բնակչության պետական ռեգիստրում հանրային ծառայությունների համարանիշի հետ փոխկապակցված թվային հաղորդակցության միջոցով տրված համաձայնություն, որով հստակ հավաստվում է, որ անձը համաձայն է ծանուցումներն ստանալ բացառապես իր պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով, ապա ֆիզիկական անձը համարվում է պատշաճ ծանուցված ծանուցումը պաշտոնական էլեկտրոնային փոստում տեղադրվելու օրվան հաջորդող երրորդ օրվանից՝ անկախ պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելու կամ ծանուցումը կարդալու մասին էլեկտրոնային հավաստման առկայությունից և առանց սույն հոդվածի 6-8-րդ մասերով սահմանված գործողությունները կատարելու, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի (վարույթի) նյութերից հետևում է, որ անձը գտնվում է ազատազրկման վայրում, զորամասում, կարգապահական գումարտակում, բուժական հիմնարկում ստանում է ստացիոնար բուժում կամ ոչ հոժարակամ հոսպիտալացվել է:
10. Անհատական և հրապարակային ծանուցումը տեղադրելու, ծանուցումը տեղադրելու մասին անձին տեղեկացնելու, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ և պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելը և ծանուցումը կարդալը հավաստվելու, ծանուցման հետ ցանկացած գործողություն կատարելու վերաբերյալ տեղեկությունները հաշվառելու (լոգավորման) և լոգերը պահպանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
11. Ֆիզիկական անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի տեխնոլոգիական լուծումները պետք է ապահովեն սույն հոդվածով սահմանված կարգով ուղարկվող ծանուցումների միաժամանակ տեղադրում՝
1) hանրային տեղեկությունների ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված տեղեկությունների մուտքի միասնական հարթակի միջոցով տվյալների սուբյեկտին իր անձնական տվյալներին և փաստաթղթերին, ինչպես նաև հանրային ծառայությունների վերաբերյալ ծանուցումներին հասանելիություն ապահովելու նպատակով ստեղծված թվային միջավայրում,
2) անձի կողմից «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտի կողմից մուտքագրված, բնակչության պետական ռեգիստրում հանրային ծառայությունների համարանիշի հետ փոխկապակցված թվային հաղորդակցության միջոցում:
12. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև ծանուցումներն իրականացվում են պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով, եթե էլեկտրոնային ծանուցման այլ կարգ նախատեսված չէ օրենքով, կամ այդ մարմինների միջև առկա չէ էլեկտրոնային հաղորդակցության այլ կարգ:
(10-րդ հոդվածը խմբ. 05.12.13 ՀՕ-114-Ն, 25.10.17 ՀՕ-176-Ն, 04.12.25 ՀՕ-415-Ն)
(հոդվածի 11-րդ մասն ուժի մեջ է մտնում «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով սահմանված կարգով բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտի կողմից մուտքագրված, բնակչության պետական ռեգիստրում հանրային ծառայությունների համարանիշի հետ փոխկապակցված թվային հաղորդակցության միջոցը լրացնելու տեխնիկական հնարավորությունը գործարկելու պահից` համաձայն 04.12.25 ՀՕ-415-Ն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի)
|
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
|