ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 4-ին
«ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» 2015 թվականի մայիսի 18-ի ՀՕ-49-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «միասնական էլեկտրոնային» բառերը փոխարինել «պետական» բառով.
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Տեղեկատվական համակարգերի միջոցով անձնական տվյալների մշակման կարգը, այդ ընթացքում անձնական տվյալների անվտանգության ապահովման ընթացակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Նշված կարգից բխող տեխնիկական պահանջները և անվտանգության կանոնակարգերը հաստատում է «Հանրային տեղեկությունների մասին» օրենքով նախատեսված ինքնավար մարմինը:»:
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 4-րդ, 5-րդ և 9-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
2) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Տեղեկատվական համակարգերից դուրս կենսաչափական անձնական տվյալների նյութական կրիչներին և այդ անձնական տվյալները պահպանելու տեխնոլոգիաներին ներկայացվող պահանջները սահմանում է «Հանրային տեղեկությունների մասին» օրենքով նախատեսված ինքնավար մարմինը:».
3) 8-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարման հսկողությունը «Կիբեռանվտանգության մասին» օրենքի իմաստով ծառայություն մատուցող, իսկ «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի իմաստով տվյալների շտեմարանի կառավարիչ համարվող անձանց նկատմամբ իրականացնում է նշված օրենքներով սահմանված ինքնավար մարմինը:»:
Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածում՝
1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հսկողություն իրականացնող այլ մարմինները անձնական տվյալների մշակում նախատեսող իրավական ակտերի նախագծերը կամ անձնական տվյալների պաշտպանության ոլորտում կատարվող գործողությունները նախօրոք համաձայնեցնում են սույն օրենքով նախատեսված լիազոր մարմնի հետ: Սույն օրենքով նախատեսված լիազոր մարմինն իր եզրակացությունը հայտնում է սեղմ ժամկետում:»:
Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1) 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 8-րդ կետի «ծրագրերը» բառը փոխարինել «ծրագրերը, բացառությամբ «Հանրային տեղեկությունների մասին» օրենքով պետական տեղեկատվական համակարգի և դրան միացված տվյալների շտեմարանների» բառերով:
Հոդված 6.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սահմանել, որ Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա Կառավարության ընդունած ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը շարունակում է գործել մինչև սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի և նույն հոդվածով նախատեսված ինքնավար մարմնի համապատասխան ակտի ընդունումը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 24 Երևան ՀՕ-447-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|