Գլխավոր տեղեկություն
Համար
N 1954-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2025 թվականի N 1954-Ն

 

ՄԻՆՉԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ԿՆՔՎԱԾ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ն ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ ԳՈՐԾՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ՝ ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 410-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-525-Ն օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաև մինչև 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված և գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի՝ թվային համակարգ մուտքագրելու կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ 2026 թվականի հունվարի 1-ից հետո՝ տասներկուամսյա ժամկետում, գործատուները թվային համակարգ են մուտքագրում իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողների աշխատանքային պայմանագրերը (եթե աշխատանքային պայմանագրերը չեն կնքվել թվային համակարգի միջոցով), ինչպես նաև մինչև 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված և գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը՝ մուտքագրման պահին գործող պայմաններով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի «Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու, թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը և թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը սահմանելու մասին» N 410-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման հավելվածի 3-րդ կետը «էլեկտրոնային համակարգի» բառերից հետո լրացնել «, իսկ ֆիզիկական անձ գործատուն՝ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակի» բառերով.

2) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով՝

«3.1. Ֆիզիկական անձ գործատուն աշխատանքային պայմանագիրը կնքելու նպատակով պետք է հաշվառվի հարկային մարմնում և ստանա հարկ վճարողի հաշվառման համար։».

3) որոշման հավելվածի 5-րդ կետը «արտացոլվում է» բառերից հետո լրացնել «աշխատանքի ընդունվող անձի (աշխատողի), իսկ մինչև տասնվեց տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի՝» բառերով, իսկ «աշխատանքի ընդունվող անձի» բառերից հետո լրացնել «(աշխատողի)» բառով.

4) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով՝

«5.1. Եթե աշխատանքային պայմանագիրը կնքվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության քաղաքացու հետ, ապա գործատուի կողմից ստորագրված աշխատանքային պայմանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից քաղաքացուն տրամադրվում է Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք, որից հետո աշխատանքային պայմանագիրն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակի համապատասխան էջում, որից հետո համակարգի կողմից ինքնաշխատ ծանուցում է ուղարկվում աշխատանքի ընդունվող անձի էլեկտրոնային հասցեին։».

5) որոշման հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6. Մուտքը Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ իրականացվում է Հայաստանի Հանրապետության «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման, իսկ կացության կարգավիճակ չունեցող օտարերկրացիների մուտքը՝ հարկ վճարողի հաշվառման համարով (ՀՎՀՀ) և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող մուտքանուն-գաղտնաբառով։».

6) որոշման հավելվածի 7-րդ կետը «(աշխատողը)» բառից հետո լրացնել «, իսկ մինչև տասնվեց տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների դեպքում` ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկը կամ խնամակալը» բառերով.

7) որոշման հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կիրառվում է նույնականացման քարտում զետեղված էլեկտրոնային թվային ստորագրություն կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ սահմանված պահանջների, իսկ օտարերկրացիների համար՝ այլ էլեկտրոնային թվային ստորագրության լուծումներ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 1-ի N 285-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ սահմանված պահանջների։».

8) որոշման հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9. Աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո, աշխատանքային պայմանագրում առկա տեղեկատվության հիման վրա, նախալրացվում է նոր ընդունվող աշխատողի գրանցման հայտը, որում ինքնաշխատ արտացոլվում են աշխատանքային պայմանագրում առկա և աշխատողի գրանցման հայտում ներառվող անհատական տեղեկությունները։».

9) որոշման հավելվածի 10-րդ կետում «ինքնաշխատ ձևավորված գրանցման հայտը» բառերը փոխարինել «նախալրացված՝ աշխատողի գրանցման հայտը» բառերով.

10) որոշման հավելվածի 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

11) որոշման հավելվածի 12-րդ կետի 6-րդ ենթակետը «Հայաստանի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «*» նշանով.

12) որոշման հավելվածի 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին ենթակետով՝

«6.1) ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, եթե աշխատանքային պայմանագիրը կնքվում է մինչև տասնվեց տարեկան անձի հետ*.».

13) որոշման հավելվածի 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին ենթակետով՝

«7.1) աշխատողի էլեկտրոնային հասցեն*.»։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

25.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1954-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան