ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 17-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1.2-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Համայնքը փոխառու միջոցներ կարող է ներգրավել միայն ներքին աղբյուրներից:»․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-7.3-րդ մասերով.
«7.1. Հանրային ենթակառուցվածք է հանրային հետաքրքրություն կամ շահ ներկայացնող հիմնական միջոցը (այդ թվում՝ շենքերը, կառուցվածքները, սարքավորումները) կամ ոչ նյութական ակտիվը, որն օգտագործվում է հանրային ծառայությունների մատուցման նպատակով (կամ դրա առնչությամբ):
7.2. Հանրային ծառայություն է հանրային շահերից բխող գործունեությունը, որն իրականացվում է պետական մարմինների կողմից կամ վերջիններիս անունից, կամ որի իրականացման համար պատասխանատու է պետական մարմինը, ինչպես նաև «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի իմաստով հանրային ծառայությունները կարգավորվող ոլորտի ցանկացած ծառայություն կամ գործունեություն:
7.3. Պայմանագրային պայմանական պարտավորությունները հանրային ենթակառուցվածքների շահագործման, կառուցման, բարելավման կամ տեխնիկական սպասարկման նպատակով պետության կնքած պայմանագրերից բխող պայմանական պարտավորություններն են, բացառությամբ գնումները կարգավորող օրենսդրության համաձայն կնքված պայմանագրերի:»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 11. | Բյուջետային երաշխիքները |
1. Բյուջետային երաշխիքը պարտավորություն է, որով երաշխավորվում է բյուջետային երաշխիք ստացող անձի նկատմամբ համայնքի, իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև օտարերկրյա պետության, միջազգային կազմակերպության պարտքային պարտավորությունների պատշաճ կատարումը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:
2. Ներքին բյուջետային երաշխիքները Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներին կառավարության տրամադրած բյուջետային երաշխիքներն են:
3. Արտաքին բյուջետային երաշխիքները ոչ ռեզիդենտներին կառավարության տրամադրած բյուջետային երաշխիքներն են:
4. Երաշխավորված պարտքային պարտավորությունների չկատարմամբ պայմանավորված գումարները վճարվում են պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի միջոցների հաշվին և արտացոլվում առանձին տողով:
5. Բյուջետային երաշխիքները տրամադրվում են կառավարության որոշման հիման վրա: Բյուջետային երաշխիքը կազմվում է առանձին փաստաթղթի ձևով և ստորագրվում է միայն պետական լիազորված մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի կողմից: Այլ գրավոր գործարքներում նախատեսված երաշխիքի մասին դրույթներն իրավական ուժ չունեն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դրույթների:
6. Բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը՝ սույն օրենքին համապատասխան:
7. Համայնքները չեն կարող տրամադրել բյուջետային երաշխիքներ:
8. Բյուջետային երաշխիքներ կարող են տրամադրվել Հայաստանի Հանրապետության այն ռեզիդենտ իրավաբանական անձանց համար, որոնք ներկայացնում են կառավարության ծրագրերից բխող նպատակային ծրագրի կատարման համար անհրաժեշտ և վարկի տեսքով պահանջվող գումարների հիմնավորում, որը պետք է ներառի մասնավորապես ծրագրի իրավական հիմքը, բովանդակությունը, խնդիրներն ու նպատակը, կատարման փուլերը և ժամկետները, վարկի վերադարձելիության ու օգտագործման դիմաց հաշվարկվող տոկոսների վճարման հնարավորության հիմնավորումը, ինչպես նաև վարկի մարման ժամանակացույցը, ծրագրի նախահաշիվը և ծախսերը հիմնավորող հաշվարկները:
9. Բյուջետային երաշխիքի գումարը երաշխիքի տրամադրման համար դիմելու պահին չպետք է գերազանցի այն իրավաբանական անձի ակտիվների 20 տոկոսը, որի համար բյուջետային երաշխիքը տրամադրվում է: Սույն սահմանափակումը կիրառելի չէ, եթե՝
1) երաշխիքով ներգրավվող վարկային միջոցներն օգտագործվելու են պետական կարիքների, ներառյալ պետական պահուստի կարիքների համար գնվող ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ֆինանսավորման համար.
2) երաշխիքը տրամադրվում է տնտեսական ճգնաժամային իրավիճակներում պետության ռազմավարական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումն ապահովելու համար՝ վարկատուների կողմից այլ ապահովության միջոցներ չընդունելու դեպքում:
10. Այն անձինք, որոնց համար տրամադրվել են բյուջետային երաշխիքներ, երաշխիքային ծրագրի ավարտից հետո պետական բյուջե պետք է վճարեն միջնորդավճար՝ երաշխիքային գումարի մեկ տոկոսի չափով: Բյուջետային երաշխիքների տրամադրման դիմաց, բացի միջնորդավճարից, պետական բյուջեի օգտին կարող են գանձվել այլ վճարներ:
11. Պետական լիազորված մարմինն իրավասու է մինչև երաշխավորված պարտքային պարտավորությունը մարելը բյուջետային երաշխիքի տրամադրման պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով ստուգելու ստացողի ֆինանսական վիճակը:
12. Կառավարության տրամադրած բյուջետային երաշխիքների հետ կապված հարկաբյուջետային ռիսկերի վերաբերյալ պետական լիազորված մարմինը յուրաքանչյուր տարի պատրաստում է վերլուծություն, որտեղ նկարագրվում է տրամադրված բյուջետային երաշխիքների կառուցվածքը և գնահատվում են դրանից ածանցվող ռիսկերը: Հարկաբյուջետային ռիսկերի վերաբերյալ վերլուծությունը ներառվում է պետական բյուջեի ուղերձում:
13. Երաշխիքների վճարմամբ Հայաստանի Հանրապետության մոտ ծագում է հետադարձ պահանջի իրավունք:»:
Հոդված 3. Օրենքի 11.1-ին հոդվածի 3-րդ մասում «11 հոդվածի երրորդ մասի երկրորդ պարբերության և չորրորդ մասի» բառերը փոխարինել «11-րդ հոդվածի 6-րդ, 8-րդ, 10-րդ մասերի և 21-րդ հոդվածի 8.5-րդ մասի «բ» կետի» բառերով:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ3» կետով.
«բ3) սույն օրենքի 21-րդ հոդվածի 8.5-րդ մասի «գ» և «դ» կետերով սահմանված նոր պարտավորությունները՝ առկայության դեպքում.»:
Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.5-րդ, 8.6-րդ և 8.7-րդ մասերով.
«8.5. Պետության պարտավորությունների նկատմամբ սահմանվում են նաև հետևյալ պահանջները.
ա) որոշակի պահի դրությամբ տրամադրված և չմարված բյուջետային երաշխիքների հանրագումարը չպետք է գերազանցի նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 20 տոկոսը․
բ) տվյալ բյուջետային տարում երաշխավորվող պարտավորությունների ընդհանուր գումարը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված երաշխիքների) չի կարող գերազանցել նախորդ բյուջետային տարվա պետական բյուջեի հարկային եկամուտների 10 տոկոսը․
գ) սույն հոդվածի 8.2-րդ մասի «գ» կետով նախատեսված դեպքում տվյալ տարվա ընթացքում կառավարությանն արգելվում է ստանձնել պայմանագրային պայմանական որևէ նոր պարտավորություն կամ բյուջետային երաշխիքներից բխող որևէ նոր պարտավորություն, բացառությամբ եթե այդ նոր պարտավորությունը ներառվում է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքում․
դ) եթե նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքի, պայմանագրային պայմանական պարտավորությունների և բյուջետային երաշխիքներից բխող պարտավորությունների հանրագումարը Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի նկատմամբ գերազանցել է 70 տոկոսը, ապա տվյալ տարվա ընթացքում կառավարությանն արգելվում է ստանձնել պայմանագրային պայմանական որևէ նոր պարտավորություն կամ բյուջետային երաշխիքներից բխող որևէ նոր պարտավորություն, բացառությամբ եթե այդ նոր պարտավորությունը ներառվում է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքում:
8.6. Սույն հոդվածի 8.5-րդ մասի իմաստով պայմանագրային պայմանական նոր պարտավորությունների և բյուջետային երաշխիքներից բխող նոր պարտավորությունների ստանձնում է համարվում նաև գործող պարտավորությունների այնպիսի փոփոխությունները, որոնք հանգեցնում են պայմանագրային պայմանական պարտավորությունների և բյուջետային երաշխիքներից բխող պարտավորությունների աճի:
8.7. Սույն հոդվածի 8.5-րդ մասի «գ» և «դ» կետերով սահմանված՝ բյուջետային երաշխիքների հաշվարկում չեն ներառվում առաջնային գրավով ապահովված այն բյուջետային երաշխիքները, որոնց առաջնային ապահովման առարկայի գնահատված շուկայական արժեքն առնվազն հավասար է բյուջետային երաշխիքի 120%-ի:»:
Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) տեղեկություններ կառավարության պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարությամբ ամրագրված ուղենշային ցուցանիշների և փոխառությունների տարեկան ծրագրի կատարողականի վերաբերյալ.»․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ3», «դ4» և «դ5» կետերով.
«դ3) տեղեկություններ բյուջետային երաշխիքների մասին, այդ թվում՝ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բյուջետային երաշխիքներից բխող պարտավորությունների հանրագումարը, ինչպես նաև հաշվետու տարվա ընթացքում ստանձնած բյուջետային երաշխիքներից բխող նոր պարտավորությունները: Սույն կետի իմաստով բյուջետային երաշխիքներից բխող նոր պարտավորությունների ստանձնում են համարվում նաև գործող պարտավորությունների այնպիսի փոփոխությունները, որոնք հանգեցնում են բյուջետային երաշխիքներից բխող պարտավորությունների աճի.
դ4) տեղեկություններ պետության՝ համաձայն «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի և դրա հիման վրա ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի (ՀՀՀՀՍ)» իմաստով ծառայությունների մատուցման կոնցեսիոն համաձայնություններից բխող պարտավորությունների մասին, այդ թվում՝ հաշվետու տարվա ընթացքում ստանձնած այդպիսի համաձայնություններից բխող նոր պարտավորությունները: Սույն կետի իմաստով կոնցեսիոն համաձայնություններից բխող նոր պարտավորությունների ստանձնում են համարվում նաև գործող պարտավորությունների այնպիսի փոփոխությունները, որոնք հանգեցնում են կոնցեսիոն համաձայնություններից բխող պարտավորությունների աճի.
դ5) տեղեկություններ պայմանագրային պայմանական պարտավորությունների մասին, այդ թվում՝ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ պետության պայմանագրային պայմանական պարտավորությունների հանրագումարը.»:
Հոդված 7. Օրենքի 41.3-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» կետից հանել «, ինչպես նաև պետության կողմից թողարկված մուրհակների» բառերը:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 26 Երևան ՀՕ-485-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|