ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 17-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․5-րդ մասով․
«2․5․ Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման գրասենյակի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի հաստատման օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում ոստիկանության ծառայողներին, փրկարար ծառայողներին նշանակելու դեպքում պահպանվում է այդ ծառայողների աշխատավարձը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները), եթե այն բարձր է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի համար սահմանված հիմնական աշխատավարձից։ Տվյալ պետական ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային աշխատավարձի և սույն օրենքի 9-րդ հավելվածով սահմանված՝ այդ պաշտոնի ենթախմբի սանդղակում նրա՝ համապատասխանաբար ոստիկանության ծառայության, փրկարար ծառայության ստաժին համապատասխանող մակարդակի գործակցի արտադրյալով։ Սույն մասով սահմանված աշխատավարձի (հիմնական աշխատավարձի, հավելումների, լրավճարների) պահպանվող չափի և սույն օրենքով սահմանված կարգով որոշվող հիմնական աշխատավարձի չափի միջև տարբերությունը քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակված՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք չբերած ծառայողների համար հաշվարկվում է մինչև այն պահը, երբ տվյալ պետական ծառայողին օրենքով սահմանված կարգով կվճարվի պետական կենսաթոշակ կամ տվյալ պետական ծառայողի՝ սույն օրենքով սահմանված կարգով որոշվող հիմնական աշխատավարձի չափը կգերազանցի աշխատավարձի պահպանված չափը, որն այդ պահին համարվում է նրա հիմնական աշխատավարձը։»։
Հոդված 2․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի փետրվարի 15-ից։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-494-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2025 թվական: