Գլխավոր տեղեկություն
Համար
N 1986-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2025 թվականի N 1986-Ն

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ ՎՃԱՐՈՂԻ ԿԱՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ ՉՎՃԱՐՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ՉԱՓԻ, ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ, ՎՃԱՐՄԱՆ ՈՒՇԱՑՄԱՆ ԿԱՄ ՉՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԱՅԴ ՀԻՄՔՈՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 10-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ապահովագրված անձի կարգավիճակի ձեռքբերման կամ դադարեցման, ապահովագրավճար վճարողի կամ ապահովագրավճար չվճարողի կարգավիճակ ստանալու, ապահովագրավճար վճարելու պարտականության, ինչպես նաև դրա չափի, վճարման ժամկետների, վճարման կատարման կարգի, վճարման ուշացման կամ չվճարման և այդ հիմքով կարգավիճակի դադարեցման մասին ծանուցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 30-ի N 1986-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ ՎՃԱՐՈՂԻ ԿԱՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ ՉՎՃԱՐՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ՉԱՓԻ, ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ, ՎՃԱՐՄԱՆ ՈՒՇԱՑՄԱՆ ԿԱՄ ՉՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԱՅԴ ՀԻՄՔՈՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ապահովագրված անձի կարգավիճակի ձեռքբերման կամ դադարեցման, ապահովագրավճար վճարողի կամ ապահովագրավճար չվճարողի կարգավիճակ ստանալու, ապահովագրավճար վճարելու պարտականության, ինչպես նաև դրա չափի, վճարման ժամկետների, վճարման կատարման կարգի, վճարման ուշացման կամ չվճարման և այդ հիմքով կարգավիճակի դադարեցման մասին ծանուցման (այսուհետ` ծանուցումներ) հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում նշված հասկացությունները կիրառվում են այն իմաստով, ինչպես սահմանված են «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով (այսուհետ` օրենք) և «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով:

3. Ծանուցումները ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատերերին և նոտարներին) ուղարկվում են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի (այսուհետ` hիմնադրամ) կողմից:

 

2. ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԵՊՔԵՐԸ

 

4. Հիմնադրամը սույն կարգի համաձայն ծանուցումներ ուղարկում է`

1) ապահովագրված անձի կարգավիճակ ձեռք բերելու մասին.

2) ապահովագրված անձի կարգավիճակը դադարեցվելու մասին.

3) ապահովագրավճար վճարողի կարգավիճակ ստանալու մասին.

4) ապահովագրավճար չվճարողի կարգավիճակ ստանալու մասին.

5) ապահովագրավճար վճարելու պարտականության, ինչպես նաև դրա չափի մասին.

6) ապահովագրավճար վճարելու ուշացման մասին.

7) ապահովագրավճար չվճարելու և այդ հիմքով կարգավիճակի դադարեցման մասին.

8) ապահովագրավճարի չափի, վճարման ժամկետների, վճարման կատարման կարգի մասին:

5. Սույն կարգի 4-րդ կետի 6-8-րդ ենթակետերով սահմանված ծանուցումներն ուղարկվում են օրենքով սահմանված կարգով առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի ակտիվացումից հետո:

 

3. ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ

 

6. Ծանուցումները կարող են ուղարկվել անհատական ծանուցման և հրապարակային ծանուցման ձևով:

7. Անհատական ծանուցումներն իրականացվում են հետևյալ տարբերակներից մեկի միջոցով`

1) էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով (էլեկտրոնային առողջապահության համակարգի հավելվածում անձի գրանցված լինելու պարագայում).

2) էլեկտրոնային փոստի միջոցով (առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում ապահովագրված անձի անհատական հաշվում (այսուհետ` անհատական հաշիվ) էլեկտրոնային փոստի առկայության պարագայում).

3) հեռախոսային կարճ հաղորդագրությունների միջոցով (առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում ապահովագրված անձի անհատական հաշվում անձի հեռախոսահամարի առկայության պարագայում).

4) անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով.

5) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների միջոցով:

8. Հեռախոսային կարճ հաղորդագրությունների կամ էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցումներ ստանալու համար ֆիզիկական անձն իր անհատական հաշվում նշում է այն հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն, որով ցանկանում է ստանալ սույն կարգով սահմանված ծանուցումները:

9. Ֆիզիկական անձի կողմից սույն կարգի 8-րդ կետով սահմանված գործողությունները չկատարելու դեպքում ծանուցումներն ուղարկվում են ֆիզիկական անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով:

10. Էլեկտրոնային փոստի և հեռախոսահամարի միջոցով ուղարկվող ծանուցումներում պետք է առկա լինի անձի կողմից այն կարդացած լինելու մասին էլեկտրոնային հավաստման հնարավորություն, իսկ էլեկտրոնային առողջապահության համակարգով և պաշտոնական էլեկտրոնային փոստով ուղարկվող ծանուցումների դեպքերում` համակարգեր մուտք գործելու և կարդալու էլեկտրոնային հավաստման հնարավորություն:

11. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից կատարվող ծանուցումների դեպքում ֆիզիկական անձը պետք է ստորագրությամբ հավաստի ծանուցված լինելու հանգամանքը:

12. Եթե ֆիզիկական անձին ուղարկված ծանուցումը էլեկտրոնային փոստում այդ թվում` պաշտոնական), հեռախոսային կարճ հաղորդագրությունում, էլեկտրոնային առողջապահության համակարգի հավելվածում կամ անհատական հաշվում տեղադրվելուց երեք օր հետո բացակայում է էլեկտրոնային փոստի (այդ թվում` պաշտոնական), հեռախոսային կարճ հաղորդագրության, էլեկտրոնային առողջապահության համակարգի հավելվածի կամ անհատական հաշվի միջոցով ծանուցումը կարդացած լինելու մասին էլեկտրոնային հավաստումը, ապա ծանուցումն իրականացվում է հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակային ծանուցման միջոցով` «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով:

13. Հրապարակային ծանուցումների հետ կապված և սույն կարգով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով:

14. Սխալ հասցեատիրոջը կամ սխալ բովանդակությամբ ուղարկված ծանուցումները չեղարկվում են hիմնադրամի կողմից լրացուցիչ ուղարկված ծանուցումների միջոցով` սխալը հայտնաբերելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

15. 16 տարեկանը չլրացած երեխաների վերաբերյալ ծանուցումներն ուղարկվում են վերջիններիս օրինական ներկայացուցիչներին:

 

4. ԾԱՆՈՒՑՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

16. Ծանուցումը պարունակում է առնվազն հետևյալ տեղեկությունները`

1) ծանուցում ուղարկող մարմնի անվանումը.

2) ծանուցվող անձի տվյալները` անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը.

3) ծանուցման հիմքը և համապատասխան իրավական ակտի հղումը.

4) կարգավիճակի ստացման, ձեռքբերման կամ դադարեցման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը.

5) ապահովագրավճարի չափը (եթե կիրառելի է).

6) ապահովագրավճարի վճարման ժամկետը և վճարման եղանակը (եթե կիրառելի է).

7) ապահովագրավճարը չվճարելու կամ ուշ վճարելու հետևանքները (եթե կիրառելի է:

 

5. ԾԱՆՈՒՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

17. Ֆիզիկական անձանց ծանուցումներն ուղարկվում են համապատասխան հիմքերն առաջանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

30.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական: