Գլխավոր տեղեկություն
Համար
N 1987-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2025 թվականի N 1987-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 15-րդ մասը և 46-րդ հոդվածի 15-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հարկային մարմնի և առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի միջև տեղեկատվության փոխանակման կարգը, ինչպես նաև հարկային մարմնի կողմից ֆինանսների բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնին ներկայացվող հանձնարարականի ձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի 4-րդ և 8-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 30-ի N 1987-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՁԵՎԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կիրարկման շրջանակներում հարկային մարմնի և առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) միջև տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև հարկային մարմնի կողմից ապահովագրավճարների գումարները հիմնադրամին փոխանցելու վերաբերյալ հանձնարարականը ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով սահմանված իմաստը:

3. Հարկային մարմինը իր տեղեկատվական բազայում առկա՝ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում (այսուհետ՝ ռեգիստր) գրանցման ենթակա տվյալները, ինչպես նաև սույն կարգի 5-8-րդ կետերով սահմանված ցուցակները տրամադրում է հիմնադրամին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով՝ բացառությամբ 2026 թվականի ընթացքում տեղեկատվության տրամադրման։ 2026 թվականի ընթացքում յուրաքանչյուր ամսվան վերաբերող՝ սույն կետում նշված տվյալները հարկային մարմնի կողմից տրամադրվում են հիմնադրամին՝ մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ, իսկ ցուցակները՝ սույն կարգի 5-8-րդ կետերով սահմանված ժամկետներում։

4. Հիմնադրամի կողմից ապահովագրավճար չվճարողի կարգավիճակ ունեցող ապահովագրված անձանց մասին տեղեկությունները փոխանցվում են հարկային մարմնին՝ այդ տեղեկությունները ռեգիստրում սահմանված կարգով գրանցմանը հաջորդող ամսվա 1-ից ոչ ուշ։

5. Հարկային մարմինը եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված) հաշվարկը ստանալուց (բացառությամբ այն գործատուների կողմից ներկայացվածների, որոնց աշխատողներին վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն) հետո առանձնացնում է ապահովագրավճար վճարող վարձու աշխատողներին, որոնց մասով ապահովագրավճարներն ամբողջությամբ փոխանցվել են։ Եթե ապահովագրավճար վճարող բոլոր վարձու աշխատողների ապահովագրավճարների գումարն ամբողջությամբ փոխանցված է համապատասխան գանձապետական հաշվեհամարին, ապա հարկային մարմինն այդ գումարի վճարման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում սույն կետում նշված վարձու աշխատողների ցուցակը՝ համաձայն N 1 ձևի, տրամադրում է հիմնադրամին:

6. Հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուներից աշխատավարձ ստացող ֆիզիկական անձանց կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական պարզեցված հաշվարկի հիման վրա հարկային մարմինը յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար առանձնացնում է ապահովագրավճարների գումարն ամբողջությամբ փոխանցած անձանց և այդ գումարի վճարման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում սույն կետում նշված ֆիզիկական անձանց ցուցակը, կազմված սույն կարգի N 1 ձևի համաձայն, տրամադրում է հիմնադրամին:

7. Հարկային մարմինը 2025 թվականի համար ներկայացված միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության և (կամ) շրջանառության հարկի հաշվարկներում և (կամ) շահութահարկի հաշվարկում 2.400.001 Հայաստանի Հանրապետության դրամ և ավելի համախառն եկամուտ (իրացման շրջանառություն) հայտարարագրած Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերից ու նոտարներից առանձնացնում է ապահովագրավճարների գումարն ամբողջությամբ փոխանցած անհատ ձեռնարկատերերին ու նոտարներին և այդ գումարի վճարման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում սույն կետում նշված ապահովագրավճարներն ինքնուրույն վճարողների ցուցակը, կազմված սույն կարգի N 1 ձևի համաձայն, տրամադրում է հիմնադրամին:

8. Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ` վարձակալական վճար, տոկոս, շահաբաժին, ռոյալթի ստացող ֆիզիկական անձանց, քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց, ինչպես նաև հարկային գործակալ չհանդիսացող անձանցից աշխատավարձ ստացող վարձու աշխատողների եկամտային հարկի տարեկան հաշվարկների (հայտարարագրերի) հիման վրա հարկային մարմինը յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար առանձնացնում է ապահովագրավճարների գումարն ամբողջությամբ փոխանցած ֆիզիկական անձանց և այդ գումարի վճարման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում սույն կետում նշված ապահովագրավճարներն ինքնուրույն վճարողների ցուցակը, կազմված սույն կարգի N 1 ձևի համաձայն, տրամադրում է հիմնադրամին:

9. Սույն կարգի 5-8-րդ կետերում նշված ցուցակները հարկային մարմնի կողմից հիմնադրամին տրամադրվում են ինքնաշխատ համակարգի միջոցով՝ ներառելով սույն կարգի N 1 ձևում սահմանված տվյալները:

10. Հարկային մարմինը ապահովագրավճարներ կատարող անձանց կողմից (օրենքով սահմանված դեպքերում` հարկային գործակալի միջոցով) ապահովագրավճարների ամբողջ գումարը վճարելուց և սույն կարգի 5-8-րդ կետերով սահմանված ցուցակները կազմելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմին է ներկայացնում ապահովագրավճարները հիմնադրամին փոխանցելու վերաբերյալ հանձնարարական՝ համաձայն N 2 ձևի:

11. Սնանկության գործընթացում գտնվող գործատուի դատարանի վճռի հիման վրա լուծարման կապակցությամբ սնանկության գործընթացի ավարտի դեպքում իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնում լուծարման պետական գրանցման հաջորդ օրվանից ապահովագրավճարի չկատարված պարտավորությունը հաշվառումից հանվում է և համարվում է մարված:

12. Անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի մահվան դեպքում ապահովագրավճարի պարտավորությունները դադարեցվում և հաշվառումից հանվում են մահվան մասին տեղեկություն ստանալու օրվան հաջորդող օրվանից:

13. Սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերով սահմանված տեղեկությունները հարկային մարմնի կողմից փոխանցվում են հիմնադրամին՝ մեկօրյա ժամկետում ռեգիստրի համար անհրաժեշտ տեղեկություններ գրանցելու համար:

14. Սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերով սահմանված դեպքերում՝

1) մասնակի վճարված ապահովագրավճարների գումարների մասով հարկային մարմինը ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմին է ներկայացնում ապահովագրավճարները հիմնադրամին փոխանցելու վերաբերյալ փոխանցման ամփոփ հանձնարարական.

2) հարկային մարմինը հիմնադրամին տրամադրում է ֆիզիկական անձանց ցուցակները՝ կազմված սույն կարգի N 3 ձևի համաձայն: Ցուցակներում ներառվում են, մասնավորապես, ապահովագրավճար վճարող անձանց մասով հաշվարկված ապահովագրավճարները, ինչպես նաև մասնակի վճարված ապահովագրավճարի ընդհանուր գումարը։

15. Հարկային մարմինը սույն կարգով սահմանված հանձնարարականում որպես փոխանցման ենթակա ապահովագրավճարների գումար նշում է վճարված ապահովագրավճարների այն գումարը, որը հավասար է ապահովագրավճարներ կատարող անձանց` ապահովագրավճարների կատարման գծով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար պարտավորության չափին՝ բացառությամբ սույն կարգի 14-րդ կետով սահմանված դեպքերի:

16. Սույն կարգով սահմանված հանձնարարականներն ստանալու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմինը հիմնադրամի հատուկ հաշվին է փոխանցում հանձնարարականներում նշված գումարը:

 

Ձև N 1

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ

 

   

Հարկային մարմնից

տրամադրվող տեղեկատվությունը

     

Ամսաթիվը

       

Հանձնարարականի հերթական համարը

       

ՀՎՀՀ-ն

       

Ա/Ձ, նոտարի, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի, կազմակերպության անվանումը

       
   

ՀԾՀ-ն

Անունը

Ազգանունը

Հաշվետու

ժամանակաշրջանը

Ապահովագրա-վճարի գումարը

         

 

Ձև N 2

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ

 

Տվյալի անվանումը

Ձևաչափը

Հանձնարարականի հերթական համարը

 

Գանձապետական հաշվեհամարը

 

Փոխանցման ենթակա գումարը

 

 

Ձև N 3

 

ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՎԱԾ ԳՈՐԾԱՏՈՒԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՀԱՑԱԾ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԵՎ ՆՈՏԱՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ) ՄԱՍՈՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ

 

Հարկային մարմնից

տրամադրվող տեղեկատվությունը

     

Ամսաթիվը

       

Հանձնարարականի

հերթական համարը

       

ՀՎՀՀ-ն

       

Ա/Ձ, նոտարի, կազմակերպության

անվանումը

       

Մասնակի վճարված ապահովագրավճարի

ընդհանուր գումարը

       

Հաշվարկված ապահովագրավճարի

ընդհանուր գումարը

       

ՀԾՀ-ն

Անունը

Ազգանունը

Հաշվետու ժամանակաշրջանը

Հաշվարկված ապահովագրա-

վճարի գումարը

         

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


30.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան