ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
|
«26» դեկտեմբերի 2025 թ. |
N 43-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի «Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջները սահմանելու մասին» թիվ 15-Ն հրամանի առաջին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 25-րդ կետում «հատակագծեր» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ հայցվող տարածքների տեղագրական հատակագծերը՝ նախագծի կազմման օրվա դրությամբ,»,
2) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26․ Սույն հավելվածով սահմանված գծագրական հավելվածների և գրաֆիկական նյութերի էլեկտրոնային տարբերակները պետք է ներկայացվեն վեկտորային թվային ֆորմատի ֆայլերով, իրական մասշտաբներով, ՎԻ ՋԻ ԷՍ-84 (WGS-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով։ Յուրաքանչյուր գծագրական նյութ պետք է ներկայացված լինի առանձին ֆայլով: Վեկտորային ֆորմատի ֆայլերը, տրամադրվում են Էս Էյչ Փի (shp) և Դի Վի Ջի (dwg) ֆորմատներով՝ էլեկտրոնային կրիչներով (խտասկավառակի (CD-ի) վրա կամ USB կրիչով)։ Երկրաբանական քարտեզը բացահանքի ուրվագծային պլանով և հաստատված պաշարների բլոկավորման քարտեզները բացահանքի ուրվագծով՝ հաշվարկային կտրվածքներով, կամ երկրաբանական քարտեզը հանքավայրի ուրվագծային պլանով և հաստատված պաշարների բլոկավորման քարտեզները՝ հաշվարկային կտրվածքներով, կամ տեղամասի հիդրոերկրաբանական և երկրաբանական քարտեզը հանքավայրի հաստատված ուրվագծային պլանով և հաստատված պաշարների քարտեզները, սկանավորված՝ TIFF (Թի Այ Էֆ Էֆ) կամ JPEG (Ջեյ Փի Ի Ջի) թվային ձևաչափերով, ինչպես նաև վեկտորային թվային ձևաչափի ֆայլերով՝ տեղակապված (գեոկապակցված) WGS-84 (ARMREF 02) կոորդինատային համակարգում՝ ապահովելով բնօրինակ քարտեզի մասշտաբները և ընթեռնելիությունը:»։
3) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 30․1. կետով․
«30․1․ Արդյունահանման նախագծի լեռնային և լեռնամեխանիկական բաժնում՝ փոշենստեցման (այդ թվում՝ փոշեճնշիչ կամ մշուշացնող սարքավորումների կիրառմամբ) միջոցառումների ապահովման նպատակով, նախագծում պարտադիր կերպով ներկայացվում են․
ա) փոշեառաջացման հիմնական աղբյուրների (ներառյալ հորատում, պայթեցում, բեռնավորում, մանրացում, փոխադրում, բեռնաթափում և այլ գործընթացներ) վերլուծությունն ու ինտենսիվության հաշվարկը,
բ) փոշենստեցման միջոցների, այդ թվում՝ կիրառվող փոշեճնշիչ կամ մշուշացնող սարքավորումների անհրաժեշտ քանակի, տեսակի և տեխնիկական բնութագրերի հիմնավորումը՝ հաշվի առնելով հանքավայրի (բաց կամ ստորգետնյա) և արտադրական տարածքի կառուցվածքային առանձնահատկությունները,
գ) սարքավորումների կամ փոշենստեցման համակարգերի տեղադրման սխեման՝ հանքավայրի շահագործվող տեղամասերի կամ արտադրական տարածքի հատակագծի հիման վրա,
դ) սարքավորումների աշխատանքային ռեժիմի նկարագրությունը՝ համապատասխանեցված տեխնոլոգիական գործընթացների հերթականությանը, արտադրական ցիկլին և օդափոխության համակարգի գործարկման ռեժիմին։»։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
3․ Մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելն ընդերքօգտագործման իրավունք ստացած ընդերքօգտագործողները պարտավոր են սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում ապահովել փոշենստեցման աշխատանքների իրականացումը՝ փոշեճնշիչ կամ մշուշացնող սարքավորումների կիրառմամբ։ Սույն պահանջը տարածվում է նաև այն ընդերքօգտագործողների վրա, որոնց կողմից ընդերքօգտագործման իրավունք ստանալու դիմումը ներկայացվել է լիազոր մարմին մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը։ Ընդերքօգտագործողները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 15-Ն հրամանի հավելվածի 30.1. կետով սահմանված պահանջների կատարման ապահովման վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում են ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառի լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 11-ի թիվ 43-Ն որոշմամբ հաստատված հավելվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 25-ի թիվ 1143-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետով սահմանված ընթացակարգերին համապատասխան՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության ապահովման ոլորտում ՀՀ կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող լիազոր մարմին ներկայացնելու նպատակով։
4․ Սույն հրամանի 3-րդ կետով նշված տեղեկատվությունը վեց ամսվա ընթացքում ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառի լիազոր մարմնին չներկայացնելը կառաջացնի Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված իրավական հետևանքներ՝ որպես ընդերքօգտագործողի կողմից ընդերքօգտագործման իրավունքի պայմանների չկատարում։
|
Նախարար`
12/26/2025 |
Դ. Խուդաթյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունվարի 2026 թվական: