ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-Ի ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1811
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.01.19-2026.02.01 Պաշտոնական հրապարակման օրը 19.01.2026
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
16.01.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.2026

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

16 հունվարի 2026 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐ­ԶԱ­ՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱ­ՏԱՍ­ԽԱՆՈՒ­ԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով.

նախագահող`

Արման Դիլանյանի,

դատավորներ`

Արտակ Զեյնալյանի,
Հրայր Թովմասյանի
,
Դավիթ Խաչատուրյանի,
Երվանդ Խունդկարյանի,

Հովակիմ Հովակիմյանի (զեկուցող),
Էդգար Շաթիրյանի
Սեդա Սաֆարյանի,
Արթուր Վաղարշյանի,

մասնակցությամբ` (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Կառավարության ներկայացուցիչ՝

Էկոնոմիկայի նախարար

Գևորգ Պապոյանի,

 

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրա­պետու­թյան ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համա­ձայ­նա­գրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապա­տաս­խա­նու­թյան հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունն իր` 2025 թվականի նոյեմբերի 27-ի N 1673-Ա որոշմամբ հավա­նու­թյուն է տվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զար­գացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթա­կառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանա­դրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության՝ 2025 թվականի դեկտեմբերի 1-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, հետազոտելով սույն գործով Կառա­վարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստա­թղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազ­գային բանկի (այսուհետ նաև՝ Բանկ) միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» (այսուհետ նաև՝ Ծրագիր) վարկային համաձայնագիրը (այսուհետ նաև՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2025 թվականի հուլիսի 23-ին։

 

2. Համաձայնագրով նախատեսվում է Բանկի կողմից Հայաստանի Հանրա­պետու­թյանը տրամադրել իննսունվեց միլիոն չորս հարյուր հազար եվրո (96,400,000 եվրո) գումար՝ Ծրագրի ֆինանսավորմանն աջակցելու նպատակով:

 

3. Համաձայնագիրն ունի երեք առդիր և մեկ հավելված՝ Առդիր 1. «Ծրագրի նկարագրությունը», Առդիր 2. «Ծրագրի կատարումը», Առդիր 3. «Պարտավորության հետ կապված մարումների ժամանակացույց» և Հավելված։

 

4. Ծրագիրը կազմված է չորս մասերից՝ Մաս 1. «Կլաստերների ինտեգրված և կայուն զարգացման խթանում», Մաս 2. «Կլիմայակայուն ենթակառուցվածքներին աջակ­ցում և մասնավոր հատվածի մասնակցության խթանում», Մաս 3. «Ծրագրի կառավա­րումը և գործառական աջակցությունը» և Մաս 4. «Պայմանական արտա­կարգ իրավի­ճակ­ներին արձագանքելու բաղադրիչը»:

 

5. Ծրագրի նպատակներն են կլիմայակայուն ենթակառուցվածքների հա­սանելիու­թյան բարելավումը և Հայաստանում Ծրագրի կողմից աջակցվող կլաստեր­ների տեղա­­կան տնտեսությունում զբոսաշրջության ունեցած ներդրման ավելացումը (Առդիր 1):

 

6. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես՝

6.1. ստեղծել և այնուհետև Ծրագրի իրականացման ողջ ընթացքում պահել Ծրագրի ղեկավարման կոմիտե, որը նախագահում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը, և որը կազմված է Էկոնոմիկայի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև այլ համապատասխան ճյուղա­յին նախարարությունների, պետական կառույցների և տեղական ու տարածաշրջա­նային մարմինների ներկայացուցիչներից՝ ըստ անհրաժեշտության, և որը պատաս­խա­նատու է բարձր մակարդակով ռազմավարական որոշումների կայացման համար (Առդիր 2, Բաժին I, Մաս Ա, կետ 2),

6.2. ստեղծել և այնուհետև Ծրագրի իրականացման ողջ ընթացքում պահել Ծրագրի աշխատանքային խումբ, որը ղեկավարում է Էկոնոմիկայի նախարարը և որը կազմված է Էկոնոմիկայի նախարարության և Ծրագրի իրականացման կազմա­կեր­պու­­թյան ներկայացուցիչներից, և որը պատասխանատու է ծագող մարտահրավեր­ների համալիր իրականացումը քննարկելու և հասցեագրելու, ինչպես նաև աշխատան­քա­յին մակարդակով հաղորդակցության և որոշումների կայացման գործընթացը խթանելու համար (Առդիր 2, Բաժին I, Մաս Ա, կետ 3),

6.3. Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների միջոցով Համա­ձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո՝ վեց ամիսը չգերազանցող ժամ­կե­տում, համայնքի մակարդակով ստեղծել և Ծրագրի իրականացման ողջ ընթացքում պահել Տեղական աշխատանքային խմբեր, որոնք կազմված են համայնքների ղեկա­վար­ներից, համայնքային իշխանության ներկայացուցիչներից, տեղական ոչ պետա­կան կազմակերպությունների ներկայացուցիչներից, ակտիվ ռեզիդենտներից և մաս­նա­վոր հատվածից, և որոնք պատասխանատու են Կլաստերային զարգացման ծրագրե­րի մշակման համար խորհրդատվության և ուղղորդման համար, հանդես են գալիս որպես տեղական համայնքների՝ հետադարձ կապի ապահովման և/կամ այն մտահոգու­թյուն­ների վերհանման հարցերով կոնտակտային մարմիններ, որոնք առնչվում են Ծրագրի 2-րդ մասով սահմանված Տեղանքին առնչվող միջոցառումների նախապատրաստմանը, տեխնիկական նախագծմանը և իրականացմանը, ինչպես նաև այն հարցերի բարձրա­ձայնմանը, որոնք վերաբերում են Ծրագրի իրականացման կազմակերպության, կապա­լա­ռուների և շահագրգիռ այլ կողմերի հետ համա­գործակ­ցությամբ կատարվող աշխա­տանքի որակին, և համայնքին կանոնավոր կերպով տեղեկացնում են Ծրագրով աջակցվող կլաստերների շրջանակներում իրականացվող միջոցառումների առաջընթա­ցի մասին և տեղական մակարդակով համակարգում են բողոքներին արձագանքելու գործընթացը (Առդիր 2, Բաժին I, Մաս Ա, կետ 4),

6.4. Ծրագրի իրականացման կազմակերպության կողմից Ծրագրի համապա­տաս­խան մասի իրականացումը դյուրացնելու նպատակով վարկային միջոցները Ծրագրի իրականացման կազմակերպությանը տրամադրել Հայաստանի Հանրապե­տու­թյան բյուջետավորման գործընթացների համաձայն՝ Հայաստանի Հանրապետու­թյան և Ծրագրի իրականացման կազմակերպության միջև կնքված լրացուցիչ համա­ձայնագրի (այսուհետ՝ Ենթահամաձայնագիր) հիման վրա՝ Բանկի կողմից հաստատ­ված պայման­ներով (Առդիր 2, Բաժին I, Մաս Բ, կետ 1),

6.5. Ենթահամաձայնագրով սահմանված Հայաստանի Հանրապետության իրա­վունք­ներն իրացնել այնպես, որ պաշտպանվի Հայաստանի Հանրապետության և Բանկի շահերը և ապահովվի Վարկի նպատակների իրագործումը, ինչպես նաև՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկն այլ համաձայնության է գալիս, չզիջել, չփոփոխել, չչեղարկել Ենթահամաձայնագիրը կամ դրա որևէ դրույթ կամ չհրաժարվել դրանցից (Առդիր 2, Բաժին I, Մաս Բ, կետ 2),

6.6. ապահովել, որ Ծրագրի իրականացման կազմակերպությունը՝ Ծրագիրն ընդունի, այնուհետև իրականացնի Բանկի համար ընդունելի ձևով, բովան­դա­­կու­թյամբ և կարգով՝ Ծրագրի գործառնական ձեռնարկին համաձայն (Առդիր 2, Բաժին I, Մաս Գ, կետ 1, ենթակետ «ա»),

6.7. ապահովել, որ Ծրագրի իրականացման կազմակերպությունը՝ բացա­ռու­թյամբ այն դեպքերի, երբ Բանկը գրավոր այլ համաձայնության է գալիս, չփոփոխի, չչեղարկի Ծրագրի գործառնական ձեռնարկի որևէ դրույթ կամ չհրաժարվի դրանից, ինչպես նաև չթույլատրի Ծրագրի գործառնական ձեռնարկի որևէ դրույթի փոփոխումը, չեղարկումը կամ կասեցումը (Առդիր 2, Բաժին I, Մաս Գ, կետ 1, ենթակետ «բ»),

6.8. մշակել և հաստատել Բանկի համար ընդունելի ձևով և բովանդա­կու­թյամբ ձեռնարկ, որում սահմանվեն պայմանական արտակարգ իրավիճակին արձա­գանքելու մասի իրականացման մանրամասն մեխանիզմները, ներառյալ՝

6.8.1 պայմանական արտակարգ իրավիճակին արձագանքելու մասի համա­կարգման և իրականացման ցանկացած կառուցվածք կամ ինստիտուցիոնալ մեխանիզմ,

6.8.2 հատուկ միջոցառումներ, որոնք կարող են ներառվել պայմանական արտա­կարգ իրավիճակին արձագանքելու մասում, դրա համար պահանջվող թույլատրելի ծախսեր և դրանք ներառելու ցանկացած այլ ընթացակարգեր,

6.8.3պայմանական արտակարգ իրավիճակին արձագանքելու մասի ֆինանսա­­կան կառավարման մեխանիզմներ,

6.8.4 պայմանական արտակարգ իրավիճակներին արձագանքելու մասին առնչվող գնումների մեթոդներ և ընթացակարգեր,

6.8.5 արտակարգ իրավիճակների ծախսերի ֆինանսավորման նպատակով գումարների առհանման համար պահանջվող փաստաթղթեր,

6.8.6 պայմանական արտակարգ իրավիճակին արձագանքելու մասի համար բնապահպանական և սոցիալական գնահատման և կառավարման մեխանիզմների նկարագիր,

6.8.7 արտակարգ իրավիճակների գործողությունների պլանի ձևանմուշ (Առդիր 2, Բաժին I, Մաս Դ, կետ «ա»),

6.9. ապահովել, որ Բանկի համար ընդունելի ձևով և բովանդակությամբ մշակված ձեռնարկում նշված կառույցներն ու մեխանիզմները պահպանվեն պայմա­նական արտա­կարգ իրավիճակին արձագանքելու մասի իրականացման ողջ ընթաց­քում՝ Բանկի համար ընդունելի բավարար անձնակազմով և ռեսուրսներով (Առդիր 2, Բաժին I, Մաս Դ, կետ 2),

6.10. ապահովել, որ պայմանական արտակարգ իրավիճակին արձագանքելու մասի համար պահանջվող բնապահպանական և սոցիալական փաստաթղթերը մշակ­վեն, հրապարակվեն և ընդունվեն Բանկի համար ընդունելի ձևով և բովանդա­կու­թյամբ մշակված ձեռնարկի և Բնապահպանական և սոցիալական հանձնառությունների պլանի համաձայն՝ Բանկի համար ընդունելի ձևով և բովանդակությամբ, ինչպես նաև ապա­հովել, որ պայմանական արտակարգ իրավիճակին արձագանքելու մասն իրա­կա­­նացվի բնապահպանական և սոցիալական փաստաթղթերի համաձայն՝ Բանկի համար ընդու­նելի ձևով (Առդիր 2, Բաժին I, Մաս Դ, կետ 3),

6.11. ապահովել, որ Ծրագրի իրականացման կազմակերպության կողմից Ծրագիրն իրականացվի Բնապահպանական և սոցիալական ստանդարտների համա­ձայն՝ Բանկի համար ընդունելի ձևով (Առդիր 2, Բաժին I, Մաս Ե, կետ 1),

6.12. ապահովել, որ Ծրագրի իրականացման կազմակերպության կողմից Ծրագիրն իրականացվի Բնապահպանական և սոցիալական հանձնառությունների պլանի համաձայն՝ Բանկի համար ընդունելի ձևով։ Այս նպատակով Ծրագրի իրակա­նացման կազմակերպությունը պետք է ապահովի, որ՝

6.12.1. բնապահպանական և սոցիալական հանձնառությունների պլանում նշված միջոցառումներն ու գործողություններն իրականացվեն պատշաճ և արդյունավետ կեր­պով, ինչպես նախատեսված է բնապահպանական և սոցիալական հանձնա­ռությունների պլանում,

6.12.2. բնապահպանական և սոցիալական հանձնառությունների պլանի իրակա­­նացման հետ կապած ծախսերը կատարելու համար բավարար միջոցներ հասանելի լինեն,

6.12.3. բնապահպանական և սոցիալական հանձնառությունների պլանի իրակա­նաց­ման համար պահպանվեն քաղաքականություններ և ընթացակարգեր, և ներգրավվի համարժեք թվով որակավորված ու փորձառու անձնակազմ, ինչպես նախատեսված է բնապահպանական և սոցիալական հանձնառությունների պլանում,

6.12.4. բնապահպանական և սոցիալական հանձնառությունների պլանը կամ դրա որևէ դրույթ չփոխվի, չչեղարկվի, չկասեցվի կամ դրանից հրաժարում տեղի չունենա՝ բացառությամբ այն դեպքի, երբ բնապահպանական և սոցիալական հանձնա­ռու­թյուն­ների պլանում սահմանված կարգով Բանկն այլ գրավոր համա­ձայ­նության է գալիս, և ապահովի, որ լրամշակված բնապահպանական և սոցիալական հանձնառությունների պլանը հրապարակվի դրանից անմիջապես հետո (Առդիր 2, Բաժին I, Մաս Ե, կետ 2),

6.13. ապահովել, որ Ծրագրի իրականացման կազմակերպության կողմից՝

6.13.1. ձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հավաքելու, կազմելու և բնապահպանական և սոցիալական հանձնառությունների պլանում սահմանված պար­բերա­կանությամբ, կանոնավոր հաշվետվությունների միջոցով, իսկ Բանկի կողմից պահանջվելու դեպքում՝ անմիջապես առանձին հաշվետվությամբ կամ հաշվետվու­թյուն­ների միջոցով Բանկին կանոնավոր կերպով ներկայացնելու բնապահպանական և սոցիալական հանձնառությունների պլանին և դրանում նշված բնապահպանական և սոցիալական փաստաթղթերին համապատասխանության կարգավիճակի վերաբեր­յալ տեղեկությունները. Բանկի համար ընդունելի ձևով բովանդակությամբ բոլոր այդ հաշվետվություններում, ի թիվս այլնի, նշվում են՝ բնապահպանական և սոցիալական հանձնառությունների պլանի իրականացման կարգավիճակը, պայմանները, որոնք խոչընդոտում են կամ կարող են խոչընդոտել բնապահպանական և սոցիալական հանձնառությունների պլանի իրականացումը, եթե այդպիսիք կան, և ուղղիչ ու կանխարգելիչ միջոցառումները, որոնք ձեռնարկվում են, կամ որոնք անհրաժեշտ է ձեռնարկել այդ պայմաններին արձագանքելու համար,

6.13.2. Բանկին անհապաղ տեղեկացնել Ծրագրին առնչվող կամ Ծրագրի վրա ազդեցություն ունեցող ցանկացած միջադեպի կամ պատահարի մասին, որն ունեցել է կամ հավանական է, որ ունենա էական անբարենպաստ ազդեցություն շրջակա միջա­վայրի, ազդակիր համայնքների, հանրության կամ աշխատողների վրա՝ բնապահպա­նական և սոցիալական հանձնառությունների պլանի, դրա մեջ նշված բնապահ­պա­նական և սոցիալական փաստաթղթերի և բնապահպանական և սոցիալական ստան­դարտների համաձայն (Առդիր 2, Բաժին I, Մաս Ե, կետ 4),

6.14. ապահովել, որ Ծրագրի իրականացման կազմակերպությունն ստեղծի, հանրայնացնի, պահպանի և գործարկի բողոքների արձագանքման հասանելի մեխա­նիզմ՝ Ծրագրի ազդակիր անձանցից վերջիններիս մտահոգությունները և բողոքներն ստանալու ու դրանց կարգավորումը դյուրացնելու համար, ու ձեռնարկի անհրաժեշտ և պատշաճ բոլոր միջոցները՝ այդ մտահոգությունները և բողոքները կարգավորելու կամ դրանց կարգավորումը դյուրացնելու համար՝ Բանկի համար ընդունելի ձևով (Առդիր 2, Բաժին I, Մաս Ե, կետ 5),

6.15. ապահովել, որ Ծրագրի իրականացման կազմակերպությունը Ծրագրով նախա­տեսված բոլոր մրցութային փաստաթղթերում և շինարարական կապալի պայմա­նագրերում ներառի կապալառուների, ենթակապալառուների և վերահսկող կազմա­կերպու­թյունների պարտավորությունը՝ պահպանելով բնապահպանական և սոցիալական հանձնառությունների պլանի և այդտեղ նշված բնապահպանական ու սոցիալական փաստաթղթերի համապատասխան դրույթները, ինչպես նաև ընդունել և գործողության մեջ դնել վարքագծի կանոնագրքեր, որոնք պետք է տրամադրվեն բոլոր աշխատա­կիցներին և ստորագրվեն նրանց կողմից՝ մանրամասն ներկայաց­նելով միջոցներ՝ բնապահպանական, սոցիալական, առողջապահական և անվտան­գու­թյան ռիսկերին, ինչպես նաև սեռական շահագործման և բռնության, սեռական ոտնձգությունների և երեխաների նկատմամբ բռնության ռիսկերին հակազդելու համար, բոլոր այն հարցերը, որոնք կիրառելի են նշված պայմանագրերի համաձայն ձեռնարկված կամ իրականացված շինարարական կապալի այդ աշխատանքների առնչությամբ (Առդիր 2, Բաժին I, Մաս Ե, կետ 6),

6.16. Ծրագրի վերաբերյալ յուրաքանչյուր հաշվետվություն Բանկին ներկա­յացնել օրացուցային յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո՝ ոչ ուշ, քան քառա­սունհինգ օրվա ընթացքում, որն ընդգրկում է օրացուցային կիսամյակը (Առդիր 2, Բաժին II):

 

7. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը՝

7.1. Ծրագրի ընդհանուր համակարգման և քաղաքականության աջակցման պարտականությունները վերապահում է Էկոնոմիկայի նախարարությանը (Առդիր 2, Բաժին I, Մաս Ա, կետ 1),

7.2. Վարկի մայր գումարի համահավասար մարումներն իրականացնելու է յուրաքանչուր տարվա հունիսի 1-ին և դեկտեմբերի 1-ին, ընդ որում՝ առաջին մարումը 2034 թվականի հունիսի 1-ին, իսկ վերջինը՝ 2045 թվականի դեկտեմբերի 1-ին (Առդիր 3):

 

8. Համաձայնագրի 4-րդ հոդվածի 4.02-րդ մասի համաձայն՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը Համաձայնագրի ստորագրման ամսաթվից հետո հարյուր ութսուն (180) օր է։

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Ա. Դիլանյան

 

16 հունվարի 2026 թվականի

ՍԴՈ-1811

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2026 թվական:

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1811 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2026 թվականի հունվարի 16-ի ՍԴՈ-1811 որոշմամբ որոշել է, որ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

 

Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2026 թվականի հունվարի 16-ի ՍԴՈ-1811 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը։

Նախքան հատուկ կարծիքի պատճառաբանություններին անդրադառնալը՝ հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանի կողմից որոշումներ և եզրակացություններն ընդունելիս քվեարկությանը մասնակցելը և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելը Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունն է։

Հաշվի առնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների (դրանցում արտահայտվող իրավական դիրքորոշումների) նշանակությունը միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացի, ինչպես նաև իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի համար՝ հանրությանը պետք է հասանելի լինեն այդպիսի գործով ընդունված որոշմանը Սահմանադրական դատարանի դատավորի անհամաձայնության պատճառները, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված է Սահմանադրական դատարանի դատավորի՝ ընդունված որոշումից տարբերվող դիրքորոշումը պաշտոնապես ներկայացնելու մեկ եղանակ՝ հատուկ կարծիք շարադրելը։ Հետևաբար կարծում եմ, որ նշված գործերի քննության արդյունքում համապատասխան որոշման ընդունմանը դեմ քվեարկելու փաստից ուղղակիորեն բխում է հատուկ կարծիք ներկայացնելու՝ իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը, ինչով էլ պայմանավորված ներկայացնում եմ իմ հատուկ կարծիքը։

 

Հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում։ Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։

Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր 2026 թվականի հունվարի 16-ի ՍԴՈ-1811 որոշմամբ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալն անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից։

 

Այսպես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը։ Միաժամանակ նշված օրենքում ամրագրված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով։

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները (22-րդ հոդվածի 1-ին մաս, 24-րդ հոդվածի 1-ին մաս, 46-րդ հոդվածի 2-րդ մաս, 74-րդ հոդվածի 1-ին մաս, 88-րդ հոդվածի 6-րդ մաս) թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.

- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.

- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.

- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.

- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ։

Վերահաստատելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706, ՍԴՈ-1734, ՍԴՈ-1746 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում արտահայտված դիրքորոշումները՝ գտնում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված՝ էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան։

Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, իսկ նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը, որում պետք է նշված լինի էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը։ Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը։

 

Քննարկվող դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն։

Նկատի ունենալով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է միայն նշում՝ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին։

Ելնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706, ՍԴՈ-1734, ՍԴՈ-1746 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում վկայակոչված՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծությունից՝ կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն՝ առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.

- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:

Ընդ որում, էլեկտրոնային ստորագրությունը կարող է էլեկտրոնային փաստաթղթին տալ իրավական նշանակություն այն դեպքում, երբ էլեկտրոնային ստորագրությունը տեսողական դիտման համար մատչելի տեսքով և ընկալման համար հասկանալի ձևով արտահայտվում է ցուցասարքի (դիսփլեյի) էկրանին, թղթի կամ էլեկտրոնային կրիչից տարբերվող որևէ այլ նյութական առարկայի վրա։

Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում, ինչպես նաև սույն գործի նյութերում առկա դիմումի վրա որևէ ստորագրության բացակայության պայմաններում, կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է՝ դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից։

Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը՝ պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ՝ ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված։

 

Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում։ Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր։ Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը՝ առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար։

 

Դատավոր`

Ե. ԽունդկարՅԱՆ

 

«21» հունվարի 2026 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2026 թվական: