Գլխավոր տեղեկություն
Համար
N 43-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.01.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 43-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1069-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի նոյեմբերի 26-ի «Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP17) համաժողովի կազմակերպման և անցկացման կոմիտե ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» N 1069-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում «Կենսաբազմազանության մասին» բառերը փոխարինել «Կենսաբանական բազմազանության մասին» բառերով․

2) որոշման վերնագիրը «կազմը» բառից հետո լրացնել «և աշխատակարգը» բառերով․

3) որոշման 1-ին կետում «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն N 1 հավելվածի և աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի» բառերով․

4) որոշման հավելվածում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.

5) որոշման հավելվածում «Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ» բառերով․

6) որոշման հավելվածում «Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP17) համաժողովի արտաքին գործերի նախարարության բանակցային խմբի ղեկավար-հատուկ բանակցող (արտաքին գործերի նախարարության քարտուղարության խորհրդական)» բառերը փոխարինել «Արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության խորհրդական, COP17-ի բովանդակային-բանակցային թիմի ղեկավար, հատուկ բանագնաց» բառերով․

7) որոշումը լրացնել N 2 հավելվածով՝ համաձայն սույն որոշման հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

21.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

 N 43-Ա որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ վարչապետի

N 1069-Ա որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

«ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿՈՂՄԵՐԻ 17-ՐԴ (COP17) ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ

 

1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ (այսուհետ՝ COP17) համաժողովի կազմակերպման և անցկացման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) աշխատանքների կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Կոմիտեն միջգերատեսչական համակարգող մարմին է, որն իր գործունեության իրականացման ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, միջազգային պայմանագրերով, իրավական այլ ակտերով և սույն աշխատակարգով։

3. Կոմիտեն կարող է քննարկել COP17 համաժողովի հետ կապված ցանկացած կազմակերպական և բովանդակային հարց։

4. Կոմիտեն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի (այդ թվում՝ հեռավար կարգով անցկացվող) և շրջաբերական գրությունների միջոցով:

5. Շրջաբերական գրությունների շարժը կազմակերպվում է կոմիտեի նախագահի նախաձեռնությամբ։

6. Կոմիտեի հերթական նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան 30 աշխատանքային օրը մեկ։ Կոմիտեի արտահերթ նիստերն անցկացվում են կոմիտեի նախագահի նախաձեռնությամբ կամ կոմիտեի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ։

7. Կոմիտեի նիստերին, անհրաժեշտության դեպքում, կոմիտեի նախագահի կողմից կարող են հրավիրվել համապատասխան մասնագետներ և փորձագետներ և այլ ներկայացուցիչներ։ Կոմիտեի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են կոմիտեի անդամների կեսից ավելին։

8. Կոմիտեի աշխատանքները կազմակերպում է կոմիտեի նախագահը, որը`

1) ղեկավարում է կոմիտեի գործունեությունը.

2) հրավիրում, վարում և նախագահում է կոմիտեի նիստերը կամ իր բացակայության դեպքում կոմիտեի նախագահի լիազորությունների կատարումն իր հայեցողությամբ հանձնարարում է կոմիտեի անդամ շրջակա միջավայրի նախարարի տեղակալներից մեկին, որը կոմիտեի նախագահի լիազորություններն իրականացնում է ամբողջ ծավալով.

3) նշանակում է կոմիտեի նիստի անցկացման վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը, նիստն սկսելու ժամը, ինչպես նաև կոմիտեի հաստատմանն է ներկայացնում օրակարգը.

4) հաստատում է կոմիտեի անդամին փոխարինող անձի թեկնածությունը.

5) ամփոփում է կոմիտեի նիստերի օրակարգում ընդգրկվող հարցերի առաջարկները.

6) որոշում է ընդունում նիստերի աշխատանքներին այլ անձանց, փորձագետների, մասնագետների ներգրավելու մասին։

9. Կոմիտեի քարտուղարության իրավասությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը։ Նիստերի քարտուղարին նշանակում և փոփոխում է կոմիտեի նախագահը։ Կոմիտեի քարտուղարը՝

1) նախապատրաստում է hանձնաժողովի հերթական նիստի օրակարգը, նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և նիստի կայացման օրվանից 5 աշխատանքային օր առաջ էլեկտրոնային փոստով դրանք տրամադրում է կոմիտեի նախագահին և անդամներին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև նիստին հրավիրված անձանց.

2) նախապատրաստում է աշխատանքային խմբի հերթական նիստի քննարկմանը ներկայացվող հարցերը, կազմում և վարում է hանձնաժողովի նիստերի արձանագրությունները:

10․ Կոմիտեի նիստերի փաստաթղթերի և արձանագրությունների բնօրինակները պահվում են շրջակա միջավայրի նախարարությունում։

11․ Կոմիտեի նիստի օրակարգը ձևավորում է կոմիտեի նախագահը։ Կոմիտեի անդամները կարող են առաջարկություններ ներկայացնել (այդ թվում՝ նիստի ընթացքում) նիստի օրակարգում ընդգրկելու նպատակով։

12. Կոմիտեի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա կոմիտեի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում կոմիտեի նախագահի ձայնը վճռորոշ է: Եթե կոմիտեի որոշման վերաբերյալ որևէ անդամ ունի հատուկ կարծիք, ապա այն գրավոր կցվում է կոմիտեի նիստի արձանագրությանը և հանդիսանում է վերջինիս անբաժանելի մասը: Կոմիտեի որոշումների բովանդակությունն արտացոլվում է արձանագրությունում:

13. Կոմիտեի նիստերն արձանագրվում և ձայնագրվում են։ Կոմիտեի նիստերն արձանագրում է քարտուղարը, իսկ նրա բացակայության դեպքում՝ կոմիտեի նախագահի կողմից նշված անձը:

14. Կոմիտեի նիստերի արձանագրություններն ստորագրում են կոմիտեի նախագահը, քարտուղարը և նիստին ներկա անդամները և ոչ ուշ, քան ստորագրման օրվան հաջորդող աշխատանքային օրն էլեկտրոնային եղանակով ուղարկում են կոմիտեի անդամներին:»։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


21.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան