ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 6-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.01.19-2026.02.01 Պաշտոնական հրապարակման օրը 29.01.2026
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
19.01.2026
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

19 հունվարի 2026 թ.

N 6-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 17-ի «Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության գործունեության կարգը սահմանելու մասին» N 39-Ն որոշման`

1) նախաբանում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի» բառերով.

2) 1-ին կետի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության (այսուհետ նաև` վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն)» բառերը փոխարինել «վերահսկիչ-վերստուգիչ ծառայության» բառերով.

3) 1-ին կետով սահմանված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Վ. Հովակիմյան

 

2026 թվականի հունվարի 19
ք. Երևան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2026 թ. հունվարի 19-ի N 6-Ն որոշման

 

 

«Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2016 թ. հունիսի 17-ի N 39-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՎԵՐԱՀՍԿԻՉ-ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը (այսուհետ նաև՝ Ծառայություն) իրականացնում է թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողություն: Ծառայությունը վերահսկողություն է իրականացնում նաև հանրաքվեի և տեղական հանրաքվեի քարոզչության հիմնադրամներում (այսուհետ նաև՝ նախընտրական հիմնադրամներ) կատարված մուծումների և դրանց օգտագործման նկատմամբ` «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի դրույթներին համապատասխան:

2. Ծառայությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով (այսուհետ նաև՝ Ընտրական օրենսգիրք), «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով, «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կարգով:

3. Ծառայությունը գործում է ընտրական հանձնաժողովներից անկախ և հաշվետու չէ նրանց: Ծառայությունն իր աշխատանքներն իրականացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Կենտրոնական բանկի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների, այլ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, առևտրային բանկերի հետ համագործակցված՝ սույն կարգի 18-րդ կետով սահմանված կարգավորումներին համապատասխան:

4. Ծառայությունը գործում է մշտական հիմունքներով:

5. Ծառայությունը կարող է ունենալ ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ:

6. Ծառայությունը կազմված է ծառայության ղեկավարից և ծառայության երկու աշխատակիցներից: Ծառայության աշխատանքները ղեկավարում է Ծառայության ղեկավարը, որը ներկայացնում է ծառայությունը:

7. Ծառայության ղեկավարի պաշտոնը ինքնավար պաշտոն է, ծառայության աշխատակիցների պաշտոնները քաղաքացիական ծառայության պաշտոններ են:

Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների ժամանակ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում մինչև մեկ ամիս ժամկետով պայմանագրային հիմունքներով կարող են ընդգրկվել մինչև 5 մասնագետ:

8. Ծառայության ղեկավարը նշանակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ յոթ տարի ժամկետով: Ծառայության ղեկավարի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

9. Ծառայության ղեկավարը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Հրապարակային ելույթներում պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն:

 

2. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

10. Ընտրությունները նշանակվելուց հետո՝ ընտրությունների կազմակերպմամբ և անցկացմամբ պայմանավորված` նախընտրական հիմնադրամ բացելու համար Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 10 օր առաջ, Ծառայությունը Ընտրական օրենսգրքով սահմանված գործառույթների վերաբերյալ իրազեկում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրված բանկերի ցանկում ընդգրկված այն առևտրային բանկերին, որոնցում ընտրություններին մասնակցող թեկնածուները, կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) կարող են նախընտրական հիմնադրամ բացել:

11. Թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախuերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով Ծառայությունը թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից 5 օր հետո, այնուհետ 3 աշխատանքային օրը մեկ, այն բանկերից, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշիվներ, ստանում է թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանք։

12. Ծառայությունն ամփոփում է ներկայացված տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք, որում նշվում են ֆինանսական մուտքերի, ելքերի, մնացորդների վերաբերյալ տվյալները, ինչպես նաև դրանց վերաբերյալ այլ տվյալներ։ Ամփոփ տեղեկանքը տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքները բանկերից ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում։

13. Թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախuերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով՝ նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո` 10-րդ օրը, Ազգային ժողովի հերթական, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական և արտահերթ ընտրությունների ժամանակ՝ նաև 20-րդ օրը, ինչպես նաև ընտրությունների արդյունքների ամփոփման համար՝ Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ, Ծառայությունը ստանում է նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը (այսուհետ նաև՝ հայտարարագիր)՝ կից փաստաթղթերով, ուսումնասիրում է և հայտարարագրում կամ ներկայացված փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում՝ կարող է ներկայացնողի ուշադրությունը հրավիրել դրանց վրա` շտկելու նպատակով, ինչպես նաև տրամադրել ողջամիտ ժամկետ՝ սխալները, վրիպակները շտկելու, կից ներկայացված փաստաթղթերը համալրելու համար: Ներկայացված հայտարարագրերը տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ դրանք ներկայացվելուց հետո` եռօրյա ժամկետում:

14. Հայտարարագրերը ստանալուց հետո` 7 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ քան ընտրության արդյունքերի ամփոփման համար սահմանված ժամկետից մեկ օր առաջ, Ծառայությունը ստուգում է ներկայացված տվյալները։ Ներկայացված հայտարարագրերի ստուգման շրջանակներում Ծառայությունը համադրում է հայտարարագրերում ներառված տվյալները նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ բանկերից ստացված տեղեկանքների, հայտարարագրերին կից ներկայացված փաստաթղթերի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից հրապարակված տեղեկությունների և այլ տվյալների հետ, առկա տեղեկությունների հիման վրա ստուգում է հայտարարագրերում ներկայացված տվյալների իսկությունը։

15. Ստուգման արդյունքներով Ծառայությունը կազմում է եզրակացություն, որում գնահատում է նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների կատարման, դրանց օգտագործման, նախընտրական քարոզչության ֆինանսավորման Ընտրական օրենսգրքով սահմանված պահանջների պահպանումը և փաստում խախտումների առկայությունը կամ բացակայությունը։ Եզրակացությունը ներկայացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

16. Ծառայության ղեկավարը կամ վերջինիս հանձնարարությամբ՝ Ծառայության աշխատակիցներից մեկը մասնակցում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն նիստին, որը հրավիրվում է Ծառայության կողմից կազմված եզրակացությամբ խախտումներ արձանագրված լինելու դեպքում:

17. Թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) դիմումի հիման վրա Ծառայությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում տեղեկություններ, որոնց հաշվառմամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տալիս՝

1) հիմնադրամից վճարումներ կատարել նաև քվեարկության օրվանից հետո, բայց մինչև քվեարկության օրը կատարված գործարքների համար,

2) համալրել հիմնադրամը՝ չկատարված պայմանագրային պարտավորությունների կատարման համար հիմնադրամի միջոցների չբավարարող գումարի չափով։

 

3. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԻՐԱՑՈՒՄԸ

 

18. Ծառայության Ընտրական օրենսգրքի 29-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լիազորությունների իրացման նպատակով Ծառայությունը կարող է՝

1) համապատասխան տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ՝ նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ ստանալու նպատակով հարցում կատարել կամ գրությամբ դիմել այն բանկերին, որտեղ նախընտրական հիմնադրամներ ձևավորելու համար բացվել են ժամանակավոր հատուկ հաշիվներ,

2) նախընտրական քարոզչության շրջանակներում կատարված ծախսերի վերաբերյալ համապատասխան տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ ստանալու նպատակով հարցում կատարել կամ գրությամբ դիմել բանկերին, կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) և ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող այլ կազմակերպություններին,

3) համապատասխան տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ նախընտրական հիմնադրամներից կատարված ծախսերի, կնքված քաղաքացիաիրավական գործարքների հիմնավորման վերաբերյալ ստանալու նպատակով, անհրաժեշտության դեպքում՝ գրությամբ դիմել համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին,

4) իր գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ որոշումների նախագծեր նախապատրաստելու նպատակով ուսումնասիրել իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները,

5) մասնակցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընդունվող՝ նախընտրական քարոզչության ֆինանսավորմանն առնչվող իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման աշխատանքներին,

6) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից, Կենտրոնական բանկից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից, այլ պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, առևտրային բանկերից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) և այլ սուբյեկտներից պահանջել և ստանալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար։

 

4. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

19. Ծառայության գործունեության ֆինանսական և նյութատեխնիկական ապահովումը կատարվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պահպանման համար պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունվարի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան