ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
19 հունվարի 2026թ. |
N 11-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԸՆՏՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Սահմանել տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ընտրական փաստաթղթերի, տեխնիկական սարքավորումների և այլ պարագաների պահպանման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Վ. Հովակիմյան |
|
2026 թվականի հունվարի 19 ք. Երևան |
|
|
Հավելված Հայաստանի Հանրապետությանկենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026թ. հունվարի 19-ի N 11-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԸՆՏՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է տեղամասային ընտրական հանձնաժողովին (այսուհետ նաև` Հանձնաժողով) հատկացված քվեաթերթիկների, քվեարկության ծրարների, ինքնասոսնձվող դրոշմանիշերի, համարակալված կտրոնների, ընտրողների ցուցակների, Հանձնաժողովի կնիքի, Հանձնաժողովի անդամների անհատական կնիքների, ինչպես նաև ընտրական այլ փաստաթղթերի ու պարագաների և տեխնիկական սարքավորումների պահպանման կարգը:
2. Քվեարկության օրվանից 3 օր առաջ բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնից ստացած Հանձնաժողովի կողմից գործածվող ընտրողների ցուցակները՝ կազմված մատյանի ձևով, Ազգային ժողովի ընտրությունների (հանրաքվեի) ժամանակ ստացիոնար բժշկական հաստատություններում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակը, ընտրական տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի (տների) հասցեները (բացառությամբ այն դեպքերի, երբ բնակավայրում ձևավորված է մեկ տեղամաս) և քվեարկության օրն ընտրական տեղամասում ընտրողների լրացուցիչ ցուցակներ կազմելու համար անհրաժեշտ ձևաթղթերը պահվում են տեղամասային կենտրոնում` ընտրական փաստաթղթերի և այլ պարագաների պահպանման համար նախատեսված չհրկիզվող պահարանում (այսուհետ նաև` պահարան):
3. Ընտրությունների (հանրաքվեների) ժամանակ քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ինքնասոսնձվող դրոշմանիշերը, համարակալված կտրոնները, Հանձնաժողովի կնիքը և Հանձնաժողովի անդամների անհատական կնիքները, տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետի ծածկագիրը պարունակող ծրարը, Ազգային ժողովի ընտրությունների և հանրաքվեի ժամանակ՝ առկայության դեպքում՝ զորամասում հաշվառված ընտրողների ցուցակները, ինչպես նաև ընտրական այլ փաստաթղթերը, պարագաները և տեխնիկական սարքավորումներն՝ իրենց պարագաներով, Հանձնաժողովներին հատկացվում են քվեարկության նախորդ օրը։
4. Ինքնասոսնձվող դրոշմանիշերը, համարակալված կտրոնները, Հանձնաժողովի կնիքը, Հանձնաժողովի անդամների անհատական կնիքները, ընտրողների բոլոր տեսակի ցուցակները, բրայլյան կաղապարն ընտրողների ցուցակների փաթեթը, որն իրենից ներկայացնում է մեկանգամյա օգտագործման փոքր պարկ, ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկը, ընտրական փաստաթղթերի ձևաթղթեր (արձանագրություններ, արձանագրությունից քաղվածքներ և այլ), տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետի ծածկագիրը պարունակող ծրարը, քվեատուփի համար նախատեսված կապիչները պահվում են քվեարկության սենյակում գտնվող պահարանում:
5. Քվեաթերթիկները և քվեարկության ծրարները հնարավորության դեպքում դրվում են պահարանում, իսկ անհնարինության՝ չտեղավորվելու դեպքում՝ դրանք դրվում են կահավորված քվեարկության սենյակում՝ առկայության դեպքում տեսախցիկի տեսադաշտում։
6. Քվեարկության նախորդ օրն տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետները Հանձնաժողովի նախագահից ստանում են տեխնիկական սարքավորումներն՝ իրենց պարագաներով, տեղադրում են քվեարկության սենյակում՝ դրանց համար նախատեսված վայրում, կատարում են անհրաժեշտ բոլոր միացումները։ Տեխնիկական սարքավորումները մնում են կահավորված քվեարկության սենյակում և չեն անջատվում էլեկտրական հոսանքի սնուցման աղբյուրից։
7. Հանձնաժողովի նախագահը պահարանը փակում և փակման մասը թղթով սոսնձում է: Սոսնձված թղթի վրա ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը, Հանձնաժողովի մյուս անդամները և վստահված անձինք (ցանկության դեպքում) ևս կարող են ստորագրել սոսնձված թղթի վրա:
8. Հանձնաժողովի նախագահը կահավորված քվեարկության սենյակը (քվեարկության սենյակում առկա ընտրական փաստաթղթերն ու պարագաները), քվեարկության սենյակում տեղադրված տեխնիկական սարքավորումները և պահարանը (պահարանին սոսնձված թղթով) հանձնում է պահպանման՝ ոստիկանության ծառայողներին, իսկ քվեարկության օրը, ստուգելով քվեարկության սենյակի կահավորվածությունը, քվեարկության սենյակում համապատասխան ընտրական փաստաթղթերի ու պարագաների առկայությունը, քվեարկության սենյակում տեղադրված տեխնիկական սարքավորումների առկայությունը և պահարանին սոսնձված թղթի ամբողջականությունը, ոստիկանության ծառայողներից ընդունում է դրանք: Կահավորված քվեարկության սենյակը, քվեարկության սենյակում առկա ընտրական փաստաթղթերն ու այլ պարագաները, քվեարկության սենյակում տեղադրված տեխնիկական սարքավորումները և պահարանը պահպանման հանձնելու և ոստիկանության ծառայողներից ընդունելու վերաբերյալ կազմվում է արձանագրություն` Հանձնաժողովի գրանցամատյանում:
9. Հանձնաժողովի նախագահը քվեարկության օրն ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու անդամից քվեարկության կտրոններն ընդունելուց, դրանց թվերը հաշվարկելուց և Հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրելուց հետո` մինչև ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկում տեղադրելը պահում է պահարանում:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|