ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
21 հունվարի 2022 թ. |
N 3-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(որոշումը խմբ. 19.01.26 N 5-Ն)
Դիտորդների եվ այցելուների հավատարմագրման ԵՎ հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման կարգը, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային ձԵՎերը սահմանելու մասին
(վերնագիրը խմբ. 19.01.26 N 5-Ն)
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 31-րդ հոդվածի 9-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Սահմանել.
1) դիտորդների և այցելուների հավատարմագրման և հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի,
2) հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի:
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
2022 թվականի հունվարի 21 ք. Երևան |
Վ. Հովակիմյան
|
|
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022 թ. հունվարի 21-ի N 3-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է դիտորդների և այցելուների հավատարմագրման և հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը, ինչպես նաև միջազգային դիտորդների և այցելուների հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու առանձնահատկությունները:
2. Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները (այսուհետ նաև` կազմակերպություն):
3. Դիտորդներն իրենց առաքելությունն իրականացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) հավատարմագրվելուց հետո: Հավատարմագրված դիտորդների ցանկը հրապարակվում է Հանձնաժողովի համացանցային կայքում։
4. Ընտրության երկրորդ փուլի և վերաքվեարկության դեպքում դիտորդների կրկին հավատարմագրում չի պահանջվում, սակայն հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) թույլատրվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Ընտրական օրենսգիրք) 31-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում:
5. Դիտորդների հավատարմագրման հետ կապված աշխատանքները կազմակերպում է Հանձնաժողովի միջազգային հարաբերությունների և հանրային կապերի վարչությունը:
6. Հանրաքվեի և տեղական հանրաքվեի ժամանակ դիտորդների հավատարմագրումն իրականացվում է Ընտրական օրենսգրքին և սույն կարգին համապատասխան՝ «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կանոնակարգումների հաշվառմամբ:
2. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳ
7. Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք վերապահվում է այն միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա հասարակական կազմակերպություններին, որոնց կանոնադրական նպատակները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր: Նշված միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա հասարակական կազմակերպությունները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել հրավերի առկայության դեպքում: Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելությունների կազմում որպես դիտորդ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ընդգրկվել չեն կարող:
8. Միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա հասարակական կազմակերպությունների հավատարմագրման վերաբերյալ փաստաթղթերը՝ հրավերի առկայության դեպքում, ներկայացվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով՝ ընտրություններ նշանակելու օրվանից հետո, սակայն ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ:
9. Միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա հասարակական կազմակերպությունները Հանձնաժողովում հավատարմագրվելու համար ներկայացնում են՝
1) կազմակերպության կանոնադրության պատճենը կամ իրավասու պետական մարմնի կողմից տրված պետական գրանցման վերաբերյալ փաստաթղթի պատճենը, որով հավաստվում է կազմակերպության գործունեության մեջ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի կապակցությամբ կանոնադրական նպատակների առկայությունը,
2) դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերի պատճենը,
3) միջազգային կազմակերպության, օտարերկրյա հասարակական կազմակերպության կողմից լրացված՝ հավատարմագրման ներկայացվող միջազգային դիտորդների ցանկը: Հավատարմագրման ներկայացվող դիտորդների ցանկի էլեկտրոնային տարբերակը՝ Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel) եղանակով ներբեռնվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից: Հավատարմագրման ներկայացվող դիտորդների ցանկի էլեկտրոնային ձևը սահմանված է սույն որոշման N 2 հավելվածի Ձև 1-ով,
4) դիտորդների ցանկում ընդգրկված անձանց անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:
10. Սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացվում է հայտ, որում նշվում է.
1) հավատարմագրվող միջազգային կազմակերպության կամ օտարերկրյա հասարակական կազմակերպության անվանումը (հայերեն և անգլերեն կամ ռուսերեն լեզուներով) և կարգավիճակը՝ «միջազգային կազմակերպություն» կամ «օտարերկրյա հասարակական կազմակերպություն»,
2) հավատարմագրվող միջազգային կազմակերպության կամ օտարերկրյա հասարակական կազմակերպության հետ կապի միջոցը (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և այլն),
3) հավատարմագրվող միջազգային կազմակերպության կամ օտարերկրյա հասարակական կազմակերպության պատասխանատու (կոնտակտային) անձի տվյալները (անուն, ազգանուն՝ հայերեն և անգլերեն կամ ռուսերեն լեզուներով, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե),
4) միջազգային դիտորդներին ուղեկցող թարգմանիչների քանակի վերաբերյալ տեղեկություն,
5) հավատարմագրվելու համար միջազգային կազմակերպության, օտարերկրյա հասարակական կազմակերպության կողմից ներկայացված ցանկի հիման վրա կազմված աղյուսակ՝ հայերեն լեզվով։
11. Սույն որոշման N 2 հավելվածի Ձև 2-ով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտը՝ կից փաստաթղթերով և սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերը Հանձնաժողով են ներկայացվում ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ։ Հավատարմագրված միջազգային դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կարող են կատարվել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ:
12. Միջազգային դիտորդներին տրամադրվում են հայերեն և անգլերեն կամ հայերեն և ռուսերեն լեզուներով լրացված վկայականներ։ Միջազգային դիտորդներին ուղեկցող թարգմանիչների վկայականներում թարգմանչի անունը և ազգանունը լրացվում է դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրված միջազգային համապատասխան կազմակերպության կողմից և տրամադրվում է թարգմանչին։
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳ
13. Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք վերապահվում է Հայաստանի Հանրապետության այն հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին, որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, որոնց կառավարման մարմնի կազմում, բացառությամբ՝ ժողովի, որևէ ներկայացուցիչ չի մասնակցում տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին:
14. Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակ հետապնդող Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները, մինչև հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելը, դիմում են Հանձնաժողովին և ստանում են «ԶԼՄ ներկայացուցիչների և դիտորդների տվյալների առցանց ներկայացման համակարգ» (այսուհետ նաև՝ Համակարգ) մուտք գործելու և հավատարմագրման ներկայացվող անձանց տվյալները մուտքագրելու հնարավորություն։
15. Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները հավատարմագրման վերաբերյալ դիմումները Հանձնաժողով են ներկայացնում էլեկտրոնային եղանակով՝ Հանձնաժողովի համացանցային կայքից՝ դիմում ներկայացնելու էլեկտրոնային հարթակի միջոցով՝ ընտրություններ նշանակելու օրվանից հետո, սակայն ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ: Դիմումի օրինակելի ձևը սահմանված է սույն որոշման N 2 հավելվածի Ձև 3-ով։ Էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված դիմումի տրման ամսաթիվը և ժամն ամրագրվում է ինքնաշխատ եղանակով: Էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված դիմումը պետք է ներկայացվի «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Առանց էլեկտրոնային թվային ստորագրության ներկայացված դիմումները համարվում են անստորագիր և չեն քննարկվում։ Որևէ այլ եղանակով ներկայացված դիմումները չեն համարվում Ընտրական օրենսգրքի և սույն կարգով սահմանված էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումներ և չեն քննարկվում:
16. Համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները կարող են հանդես գալ մեկ միասնական անվան ներքո, որը չպետք է համընկնի, այդ թվում` մասնակի, կուսակցությունների կամ քաղաքական միավորումների անվանումների հետ։ Համատեղ դիտորդության դեպքում հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները ներկայացնում են հավատարմագրման վերաբերյալ համատեղ դիմում, և դիտորդների հավատարմագրումն իրականացվում է դիտորդների համատեղ ցանկով։ Մեկ միասնական անվան ներքո հանդես գալու դեպքում՝ համատեղ դիմումում նշվում է նաև դիտորդական առաքելության անվանումը:
17. Հավատարմագրվելու համար դիմումը պետք է պարունակի դիմող կազմակերպության անվանումը, էլեկտրոնային փոստի հասցեն և նշում՝ կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ընդունման և ուսուցման, օգտահաշիվ ստանալու մասին: Դիմումին կից փաստաթղթերը ներկայացվում են PDF տարբերակով։
18. Հավատարմագրվելու համար դիմումին կից ներկայացվում են.
1) կազմակերպության կանոնադրության պատճենը (համատեղ դիտորդական առաքելության դեպքում՝ համատեղ հանդես եկող կազմակեպությունների կանոնադրությունների պատճենները),
2) կազմակերպության կառավարման մարմնի կազմը (համատեղ դիտորդական առաքելության դեպքում՝ համատեղ հանդես եկող կազմակերպություններից յուրաքանչյուրի կառավարման մարմնի կազմը), որը պետք է ներառի կազմի անդամների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները (անձնագրի դեպքում նշվում է սերիա, համար, նույնականացման քարտի դեպքում՝ համար),
3) դիտորդների վարքագծի կանոնները,
4) համատեղ դիտորդական առաքելություն իրականացնելու մասին փաստաթուղթը (գրություն, հուշագիր և այլն), որը պետք է նշում պարունակի համատեղ հանդես եկող կազմակերպությունների կողմից դիտորդական առաքելություն իրականացնելու համար սահմանված միասնական անվանման մասին և ստորագրված լինի կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարների (անդամների) կողմից,
5) հավատարմագրման հայտը, որի ձևը սահմանված է սույն որոշման N 2 հավելվածի Ձև 4-ով:
19. Եթե դիմումը ստորագրված չէ այն անձի կողմից, որն իրավասու է առանց լիազորագրի ներկայացնել կազմակերպությունը, ապա պետք է ներկայացվի նաև օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր:
20. Հավատարմագրվելու համար դիմումին կից ներկայացվող հայտի էլեկտրոնային ձևաթուղթը ներբեռնվում է Հանձնաժողովի համացանցային կայքից լրացվելուց և կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի (անդամի), իսկ համատեղ դիտորդական առաքելության դեպքում՝ կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարների (անդամների) ստորագրությամբ հաստատվելուց հետո` դիմումին կից ներբեռնվում է էլեկտրոնային հարթակ:
21. Հայտի յուրաքանչյուր էջ ստորագրվում է սույն կետով սահմանված անձի (անձանց) կողմից:
22. Հավատարմագրման հայտով ներկայացված դիտորդների ցանկի ձևը սահմանված է սույն որոշման N 2 հավելվածի Ձև 5-ով:
23. Հանձնաժողովը մինչև հավատարմագրման հայտը հաստատելն իրականացնում է համընկման ստուգում կազմակերպության դիտորդների ցանկի տվյալների և ընտրական հանձնաժողովի անդամի, տվյալ ընտրություններին մասնակցող թեկնածուի, տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետի, վստահված անձի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի վերաբերյալ Հանձնաժողովում առկա տվյալների հետ։ Համընկման դեպքում դիտորդների ցանկում ներառված անձի տվյալները հանվում են դիտորդների ցանկից։
24. Հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում ևս իրականացվում է համընկման ստուգում և սույն կարգի 23-րդ կետում նշված համընկման դեպքերում այդ անձանց տվյալները չեն ընդգրկվում դիտորդների ցանկում։
25. Եթե դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության (համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների) հավատարմագրումից հետո ի հայտ են գալիս կազմակերպության դիտորդների տվյալների և ընտրական հանձնաժողովի անդամի, տվյալ ընտրություններին մասնակցող թեկնածուի, տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետի, վստահված անձի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի տվյալների համընկնման դեպքեր, ապա Հանձնաժողովը հավատարմագրված դիտորդների ցանկից հանում է որպես դիտորդ հանդես գալու իրավունք չունեցող անձանց վերաբերյալ տվյալները։
26. Դիմումը մուտքագրվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, Հանձնաժողովը դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝
1) հավատարմագրման մասին դիմումը բավարարելու և հավատարմագրման հայտը հաստատելու մասին.
2) հավատարմագրման մասին դիմումը մերժելու մասին:
27. Հավատարմագրման համար ներկայացված փաստաթղթերում անճշտություններ հայտնաբերելու կամ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի թերի լինելու դեպքում Հանձնաժողովը տրամադրում է ողջամիտ ժամկետ նշված անճշտությունները վերացնելու, կից ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար:
28. Դիմումի ուղարկման էլեկտրոնային հասցեով կազմակերպությանը տրամադրվում է օգտահաշիվ, որը թույլ է տալիս Համակարգում իրականացնել հետևյալ գործողությունները.
1) մուտքագրել հավատարմագրման ներկայացվող դիտորդների ցանկը (համատեղ դիտորդության դեպքում՝ դիտորդների համատեղ ցանկը),
2) փոփոխություններ (լրացումներ) կատարել հավատարմագրված դիտորդների ցանկում:
3) ինքնաշխատ կերպով ներբեռնել և տպել դիտորդներին տրվող վկայականները։
29. Համակարգում մուտքագրվում են դիտորդների ցանկում ընդգրկված անձանց անձը հաստատող փաստաթղթի տվյալները և լրացվում են հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն:
30. Կազմակերպությունը պատասխանատու է դիտորդների՝ Համակարգ մուտքագրած և հայտով՝ էլեկտրոնային եղանակով Հանձնաժողով ներկայացված ցանկի նույնականության համար։ Համակարգ մուտքագրած և հայտով՝ էլեկտրոնային եղանակով Հանձնաժողով ներկայացված դիտորդների ցանկի միջև տարբերություններ հայտնաբերելու դեպքում հիմք է ընդունվում Համակարգ մուտքագրած դիտորդների ցանկը։
31. Կազմակերպության դիտորդներին տրվող վկայականներն ինքնաշխատ կերպով գեներացվում են Հանձնաժողովի համացանցային կայքում և անմիջապես հասանելի դառնում կազմակերպությանը՝ ներբեռնման և տպագրության համար։ Դիտորդին տրվող վկայականը պարունակում է նաև արագ արձագանքման ծածկագիր (QR կոդ), որը հնարավորություն է տալիս հավաստիանալ, որ տվյալ դիտորդը հավատարմագրված է Հանձնաժողովի կողմից։
32. Հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կարող են կատարվել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ: Կազմակերպություններին տրամադրված օգտահաշվով գործողություններ կատարելու հնարավորությունը կասեցվում է քվեարկության օրվանից 3 օր առաջ:
4. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՄԵՐԺԵԼԸ, ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ
33. Հանձնաժողովը մերժում է դիտորդների հավատարմագրման մասին դիմումը, եթե՝
1) միջազգային կազմակերպության և օտարերկրյա հասարակական կազմակերպության կանոնադրական նպատակները չեն ներառում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր,
2) կազմակերպության կանոնադրական նպատակները ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի չեն ներառում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր,
3) կազմակերպության կառավարման մարմնի կազմում (բացառությամբ՝ ժողովի) որևէ անդամ մասնակցում է տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով,
4) կազմակերպությունը աջակցում է թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին,
5) հավատարմագրման դիմումը ներկայացվել է Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետների խախտմամբ,
6) հավատարմագրման համար ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին,
7) կազմակերպության դիմումը չի պարունակում նշում դիտորդների վարքագծի կանոնների ընդունման կամ ուսուցման մասին:
34. Եթե համատեղ դիտորդական առաքելություն իրականացնելու համար դիմում ներկայացրած հասարակական կազմակերպություններից կամ հիմնադրամներից որևէ մեկը չի համապատասխանում Ընտրական օրենսգրքի պահանջներին, ապա համատեղ դիտորդական առաքելություն իրականացնելու վերաբերյալ դիմումը մերժվում է միայն այդ կազմակերպությանը վերաբերելի մասով։ Եթե համատեղ դիտորդական առաքելություն իրականացնելու համար դիմում ներկայացրած հասարակական կազմակերպություններից կամ հիմնադրամներից Ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխանում է միայն մեկ հասարակական կազմակերպություն կամ հիմնադրամ, ապա այդ հասարակական կազմակերպությունը կամ հիմնադրամը հավատարմագրվում է որպես առանձին դիտորդական առաքելություն իրականացնող՝ տվյալ կազմակերպության անվանմամբ։
35. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության (համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների) հավատարմագրումը, եթե հավատարմագրվելուց հետո ի հայտ են եկել հետևյալ հանգամանքները.
1) կազմակերպության կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի չի ներառում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր,
2) կազմակերպության կառավարման մարմնի որևէ անդամ, բացառությամբ ժողովի անդամների, մասնակցում է տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով,
3) կազմակերպությունը աջակցում է թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին (այդ թվում՝ կազմակերպում կամ իրականացնում է նախընտրական քարոզչություն):
36. Սույն կարգի 33-35-րդ կետերով նախատեսված Հանձնաժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում նիստում հրապարակելու պահից: Այդ ակտերն ընդունվելուց հետո՝ մինչև հաջորդ օրվա ավարտը, տեղադրվում են Հանձնաժողովի համացանցային կայքում:
37. Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության (համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների) հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչվելու և հավատարմագրված դիտորդների ցանկից դիտորդի տվյալները հանելու վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները ծանուցվում են մեկ օրվա ընթացքում։ Ծանուցումն ուղարկվում է հավատարմագրվելու համար ներկայացված դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին:
5. ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳ
38. Հրավերի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ներկայացուցիչները՝ ընտրությունների ժամանակ այցելուի կարգավիճակով կարող են իրականացնել ընտրական գործընթացի դիտարկում: Հրավերն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:
39. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված հրավեր ստացած դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն են ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ներկայացուցիչների անունները, ազգանունները՝ հայերեն և անգլերեն կամ հայերեն և ռուսերեն լեզուներով և նրանց ուղեկցող թարգմանիչների քանակը: Նշված տեղեկությունները պարունակող հայտերը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից ստանալուց հետո ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում Հանձնաժողովի կողմից լրացվում են այցելուների վկայականները և փոխանցվում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին տրամադրելու համար: Այցելուների վկայականների հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն է տրամադրվում այցելուին ուղեկցող թարգմանչի պահանջված քանակի վկայական։ Այցելուներին ուղեկցող թարգմանիչների վկայականներում թարգմանչի ազգանունը, անունը լրացվում է համապատասխան դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչության կողմից և տրամադրվում է թարգմանչին։
40. Հրավերի առկայության դեպքում այցելուի կարգավիճակով ընտրական գործընթացի դիտարկում կարող են իրականացնել նաև այլ պետությունների ընտրական մարմինների ներկայացուցիչները: Հրավերն ուղարկում է Հանձնաժողովի նախագահը: Հրավեր ստացած այլ պետությունների ընտրական մարմինների ներկայացուցիչներին Հանձնաժողովը տրամադրում է լրացված այցելուի վկայականներ: Այցելուներին ուղեկցող թարգմանիչներին տրամադրվում են թարգմանչի վկայականներ։
|
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022 թ. հունվարի 21-ի N 3-Ն որոշման |
Ձև 1
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՑԱՆԿ
[Կազմակերպության անվանումը]
[Ընտրության անվանումը, քվեարկության օրը, ամիս, տարեթիվ]
[Լրացվում է անգլերեն և/կամ հայերեն, ռուսերեն և/կամ հայերեն լեզուներով]
LIST OF INTERNATIONAL OBSERVERS
[Name of organization]
[Name of election, voting day, month, year]
[To be filled in English or/and Armenian, Russian or/and Armenian]
СПИСОК МЕЖДУНАРОДНЫХ НАБЛЮДАТЕЛЕЙ
[Название организации]
[Название выборов, день, месяц, год голосования]
[Заполняется на английском и/или армянском, русском и/или армянском языке]
|
Հ/Հ
No.
No. |
Ազգանուն, անուն
Last name, first name
Фамилия, имя |
Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ
ID Document Details
Сведения об удостоверении личности |
Հեռախոսահամար, էլ․ փոստ
Phone number, email address
Номер телефона, адрес электронной почты |
Քաղաքացիություն
Citizenship
Гражданство |
Ծննդյան օր, ամիս, տարեթիվ
Date of Birth
Дата рождения |
|
Դիմող /Applicant /Заявитель
|
_________________________ ազգանուն, անուն /Last name, first name /Фамилия, имя |
_________________ ստորագրություն /Signature /Подпись |
Ձև 2
ՀԱՅՏ
[Ընտրության անվանումը, քվեարկության օր, ամիս, տարեթիվ] ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ
______________________________________________________________________________
հավատարմագրվող միջազգային կազմակերպության կամ օտարերկրյա հասարակական կազմակերպության անվանում (հայերեն և անգլերեն կամ ռուսերեն լեզուներով) և կարգավիճակ՝ «միջազգային կազմակերպություն» կամ «օտարերկրյա հասարակական կազմակերպություն»
______________________________________________________________________________
հավատարմագրվող միջազգային կազմակերպության կամ օտարերկրյա հասարակական կազմակերպության հետ կապի միջոց (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե և այլն)
______________________________________________________________________________
հավատարմագրվող միջազգային կազմակերպության կամ օտարերկրյա հասարակական կազմակերպության պատասխանատու (կոնտակտային) անձի տվյալներ (անուն, ազգանուն՝ հայերեն և անգլերեն կամ ռուսերեն լեզուներով, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե)
___________________________________________________________________________
հավատարմագրվող միջազգային դիտորդներին ուղեկցող թարգմանիչների քանակ
Ներկայացվում է հավատարմագրվելու համար միջազգային կազմակերպության, օտարերկրյա հասարակական կազմակերպության կողմից ներկայացված ցանկի հիման վրա լրացված հետևյալ աղյուսակը՝ հայերեն լեզվով։
|
Հ/Հ |
Ազգանուն, անուն |
Հեռախոսահամար, էլ․ փոստ |
Քաղաքացիություն |
Կից ներկայացվում են՝
✔️ կազմակերպության կանոնադրության պատճենը կամ իրավասու պետական մարմնի կողմից տրված պետական գրանցման վերաբերյալ փաստաթղթի պատճենը, որով հավաստվում է կազմակերպության գործունեության մեջ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի կապակցությամբ կանոնադրական նպատակների առկայությունը,
✔️ դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերի պատճենը,
✔️ հավատարմագրման ներկայացվող միջազգային դիտորդների ցանկը՝ լրացված միջազգային կամ օտարերկրյա հասարակական կազմակերպության կողմից,
✔️ դիտորդների ցանկում ընդգրկված անձանց անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Ձև 3
Օրինակելի ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
______________________________________________
[Դիմող հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի անվանումը,
համատեղ դիտորդության դեպքում՝ համատեղ անվանումը]
[Դիմողի անուն, հայրանուն, ազգանուն]
[էլեկտրոնային փոստի հասցե]
ԴԻՄՈՒՄ
[Ընտրության անվանում, քվեարկության օր, ամիս, տարեթիվ]
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում ենք հավատարմագրել
__________________________________________________________________________________
հասարակական կազմակերպության, հիմնադրամի (համատեղ դիտորդական առաքելության դեպքում՝ համատեղ հանդես եկող հասարակական
կազմակեպությունների, հիմնադրամների) անվանում
կողմից հավատարմագրման ներկայացվող անձանց որպես դիտորդներ։
Կից ներկայացվում են՝
1) կազմակերպության կանոնադրության պատճենը (համատեղ դիտորդական առաքելության դեպքում՝ համատեղ հանդես եկող կազմակեպությունների կանոնադրությունների պատճենները),
2) կազմակերպության կառավարման մարմնի կազմը (համատեղ դիտորդական առաքելության դեպքում՝ համատեղ հանդես եկող կազմակերպություններից յուրաքանչյուրի կառավարման մարմնի կազմը),
3) դիտորդների վարքագծի կանոնները,
4) համատեղ դիտորդական առաքելություն իրականացնելու մասին փաստաթուղթը,
5) հավատարմագրման հայտը,
6) լիազորագիր, եթե դիմումը ստորագրված չէ այն անձի կողմից, որն իրավասու է առանց լիազորագրի ներկայացնել կազմակերպությունը։
Իրազեկում ենք, որ հասարակական կազմակերպությունը (կազմակերպությունները), հիմնադրամը (հիմնադրամները) ընդունել են դիտորդների վարքագծի կանոններ, որպես դիտորդ հավատարմագրման ներկայացվող անձանց համար կազմակերպել և անցկացրել են ընտրական օրենսդրության ու կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ուսուցում:
Խնդրում ենք տրամադրել օգտահաշիվ։
Էլեկտրոնային ստորագրություն
Ձև 4
ՀԱՅՏ
[Ընտրության անվանումը, քվեարկության օր, ամիս, տարեթիվ] ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ
______________________________________________________________________________
դիմող հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի անվանում (համատեղ դիտորդության դեպքում՝ համատեղ անվանում)՝ հայերեն և անգլերեն լեզուներով
_____________________________________________________________________________
դիմող հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի, համատեղ դիտորդության դեպքում՝ համատեղ հանդես եկող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների (այսուհետ միասին՝ նաև կազմակերպություն) գրանցման համար (համարներ)
______________________________________________________________________________
հասցե, հեռախոսահամար
Հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները՝ հայտնում ենք, որ.
1) կազմակերպության կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր,
2) կազմակերպության կառավարման մարմնի կազմում (բացառությամբ՝ ժողովի) որևէ ներկայացուցիչ չի մասնակցում տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով,
3) կազմակերպությունը չի աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, չի կազմակերպում կամ իրականացնում նախընտրական քարոզչություն։
Հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ պարբերության համաձայն՝ ընդունվել են հասարակական կազմակերպության, հիմնադրամի (համատեղ դիտորդության դեպքում՝ համատեղ հանդես եկող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների) դիտորդների վարքագծի կանոններ և անցկացվել է ընտրական օրենսդրության ու կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ուսուցում։
Պարտավորվում ենք հավատարմագրման ներկայացվող անձանց իրազեկել Ընտրական օրենսգրքով դիտորդին ներկայացվող հետևյալ պահանջների մասին.
✔️ դիտորդն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է լինել անկողմնակալ, չեզոք, հրապարակայնորեն որևէ կանխակալ դիրքորոշում չարտահայտել կամ նախապատվելի վերաբերմունք չդրսևորել իշխանության կամ ընդդիմության, թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ կապված որևէ հարցի նկատմամբ,
✔️ դիտորդների բոլոր եզրահանգումների համար պետք է հիմք հանդիսանան իրենց անձնական դիտարկումները,
✔️ դիտորդն իրավունք չունի միջամտելու ընտրական հանձնաժողովի աշխատանքներին և քվեարկության ընթացքին, իրականացնելու քարոզչություն, ընտրական հանձնաժողովի անդամներին տալու ցուցումներ,
✔️ դիտորդը պարտավոր է ընտրական հանձնաժողովում, իսկ քվեարկության ընթացքում՝ նաև քվեարկության սենյակում ներկա գտնվելու համար պարտադիր կարգով տեսանելի ձևով կրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրված սահմանված նմուշի վկայականը,
որի համար ստորագրում եմ (ենք). ______________________________:
ստորագրություն (ստորագրություններ)
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրման հետ կապված հարցերով պատասխանատու նշանակել`
անուն, հայրանուն, ազգանուն ____________________________________
հեռախոսահամար` ______________________________________________
Դիտորդների ցանկը (համատեղ դիտորդության դեպքում՝ համատեղ ցանկը) կցվում է։
Ձև 5
ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՑԱՆԿ
[Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի անվանում, համատեղ դիտորդության դեպքում՝ միասնական անվանում]
[Ընտրության անվանում, քվեարկության օր, ամիս, տարեթիվ]
Հ/Հ Ազգանուն, անուն, հայրանուն Անձը հաստատող փաստաթղթի Ծննդյան օր, ամիս, տարի Սեռ Հեռախոսահամար,
տվյալներ
էլ․ փոստ
[Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի (անդամի), իսկ համատեղ դիտորդական առաքելության դեպքում՝ կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարների (անդամների) ազգանուն, անուն, ստորագրություն]
[օր, ամիս, տարեթիվ]
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հունվարի 2022 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 19.01.2026, N 5-Ն | 21.01.2022, N 3-Ն | |
| 27.03.2025, N 19-Ն | 21.01.2022, N 3-Ն | |
| 18.07.2023, N 19-Ն | 21.01.2022, N 3-Ն |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|