ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 279-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 11-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.01.19-2026.02.01 Պաշտոնական հրապարակման օրը 29.01.2026
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
22.01.2026
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԿՈԴ

050.0011 Ն. 22.01.2026

 

22 հունվարի 2026 թվականի

թիվ 11-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ուղղ.ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 279-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով սահմանել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման բարձր և ցածր ռիսկի չափանիշների ցանկը,

հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի ուղղ.հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 269-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 279-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) ուղղ.հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման ուղղ.հավելվածի 21-րդ կետից հանել «Ռիսկի չափանիշները սահմանվում են Օրենքով, սույն կանոնակարգով և Օրենքի հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով:» բառերը:

2) Որոշման ուղղ.հավելվածի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27. Բարձր ռիսկի չափանիշներ են.

1) իրավաբանական անձինք կամ կազմավորումները, որոնց գործունեության ոլորտը ակտիվների անհատական տնօրինումն է,

2) անվանական բաժնետերեր կամ ըստ ներկայացնողի բաժնետոմսեր ունեցող ընկերությունները,

3) կանխիկի լայնամասշտաբ կիրառությամբ բնութագրվող բիզնեսները և գործարար հարաբերությունները,

4) սեփականատերերի արտասովոր կամ անհարկի բարդ կազմ ունեցող ընկերությունները,

5) անհատականացված բանկային ծառայությունների մատուցումը,

6) առանց առերես շփման գործարքը կամ գործարար հարաբերությունը,

7) քաղաքական ազդեցություն ունեցող անձ հանդիսացող հնարավոր կամ առկա հաճախորդները կամ իրական շահառուները,

8) կյանքի ապահովագրության վկայագրերի շահառուները,

9) անձինք (ներառյալ` ֆինանսական հաստատությունները), որոնք գտնվում կամ բնակվում են չհամապատասխանող երկրներում կամ տարածքներում կամ այդպիսի երկրներից կամ տարածքներից են,

10) բարդ կամ անսովոր մեծ գումարով գործարքները,

11) անսովոր պայմաններով գործարքները կամ գործարար հարաբերությունները, որոնց տնտեսական կամ այլ իրավաչափ նպատակներն ակնհայտ չեն:»:

3) Որոշման ուղղ.հավելվածի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Ցածր ռիսկի չափանիշներ են.

1) կյանքի ապահովագրության պայմանագրերը, որոնց դեպքում տարեկան ապահովագրավճարը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկը կամ միանվագ ապահովագրավճարը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հազարապատիկը,

2) կենսաթոշակային համակարգերի շրջանակում կնքված ապահովագրական պայմանագրերը, եթե դրանք չեն պարունակում հրաժարման մասին դրույթ, և պայմանագիրը չի կարող օգտագործվել որպես գրավի առարկա,

3) Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքի բյուջե կատարվող վճարումները,

4) հանրային ծառայությունների դիմաց կատարվող վճարումները,

5) աշխատավարձի, կենսաթոշակի կամ հայտնի աղբյուրներից ստացվող սոցիալական նպաստների հետ կապված վճարումները,

6) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսանկյունից արդյունավետորեն վերահսկվող ֆինանսական հաստատությունները,

7) պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, պետական ոչ առևտրային կազմակերպությունները, համայնքային կառավարչական հիմնարկները:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 30-ին:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունվարի 2026 թվական: