ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«22» հունվարի 2026 թ. |
N 02-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը սահմանելու մասին» N 20-Ն հրամանով սահմանված N 1 Հավելվածի՝
1) 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.1.-րդ, 17.2.-րդ և 17.3.-րդ կետերով.
«17.1. Այն դեպքերում, երբ սույն կարգով սահմանված ժամկետներում առնվազն երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքում «Օտար լեզու» առարկայի դասագիրք չի ստեղծվել և չի երաշխավորվել գործածության, հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցանվող «Օտար լեզու» առարկայի դասագրքերը կարող են ստեղծվել տվյալ օտար լեզուն որպես պետական լեզու ունեցող երկրի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող դեսպանատան աջակցությամբ (մասնավորապես՝ բովանդակային և ուսումնամեթոդական խորհրդատվության, հեղինակային կամ փորձագիտական խմբի ձևավորման աջակցման և ուսումնամեթոդական նյութերի տրամադրման շրջանակում՝ առանց դասագրքի ստեղծման, փորձաքննության և հաստատման գործընթացների նկատմամբ լիազորությունների փոխանցման)՝ կողմերի միջև կնքված համագործակցության համաձայնագրի կամ հուշագրի շրջանակներում։
17.2. Սույն կարգի 17.1.-րդ կետով նախատեսված կարգով ստեղծված դասագրքի՝ մրցույթով սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխանությունը գնահատում է նախարարությունը: Դասագրքի փորձաքննությունն իրականացվում է սույն կարգի 36-րդ կետով սահմանված կարգով ստեղծված հանձնաժողովի կողմից:
17.3. Սույն կարգի 17.1.-րդ կետով նախատեսված գործընթացների ավարտից հետո նախարարությունը կարող է կազմակերպել մրցույթ՝ դասագրքի դիզայնի և մակետավորման աշխատանքների իրականացման համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՆԱԽԱՐԱՐ`
1/22/2026 |
Ժ. ԱնդրեասՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունվարի 2026 թվական: