ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԴԸ Հ. ՀՈՎՆԱՆՅԱՆ ՖԵՄԻԼԻ ՖԱՈՒՆԴԵՅՇՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ» ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 34-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.01.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 34-Ա

 

«ԴԸ Հ. ՀՈՎՆԱՆՅԱՆ ՖԵՄԻԼԻ ՖԱՈՒՆԴԵՅՇՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ» ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Դը Հ. Հովնանյան ֆեմիլի ֆաունդեյշն մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանման կողմից իրականացվող՝ 2,700,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Սփյուռքահայերին ժամանակավոր կացարանով ապահովում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Դը Հ. Հովնանյան ֆեմիլի ֆաունդեյշն մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանմանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

30.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 34-Ա որոշման

 

«ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի շրջանակում նախատեսվում է 4-ից 24 ամիս ժամկետով Հայաստանի Հանրապետություն ժամանող շահառուներին ապահովել ժամանակավոր կացարանով՝ նպատակ ունենալով աջակցել ոչ առևտրային կազմակերպությունների` ներառյալ գիտության, կրթության, արվեստի, գրականության, առողջապահության և սպորտի ոլորտներում իրականացվող ծրագրերին։

Սփյուռքահայ մասնակիցների համար բնակության հարցը հաճախ դառնում է առաջնային դժվարություն, որը կարող է խոչընդոտել նրանց լիարժեք ներգրավվածությանը և արդյունավետ մասնակցությանը Հայաստանի զարգացման գործընթացներին։ Կացարանով ապահովումը կնպաստի ծրագրի մասնակիցների սոցիալական և մշակութային ինտեգրմանը, կդյուրացնի նրանց մասնագիտական գործունեության մեկնարկը և կբարձրացնի ծրագրի ընդհանուր արդյունավետությունը։ Արդյունքում կխթանվի սփյուռքահայերի Հայաստանում բնակվելու գործընթացի կայուն զարգացումը, մասնակիցների փորձի և գիտելիքի փոխանցումը տեղական համակարգերին, ինչպես նաև կզարգանան պետական, հասարակական և կրթական ոլորտները՝ նպաստելով երկրի մարդկային կապիտալի հզորացմանը և սոցիալ-տնտեսական աճին։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Դը Հ. Հովնանյան ֆեմիլի ֆաունդեյշն մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանում (քաղաք Երևան, Հանրապետության 37, ՀՎՀՀ՝ 01555988)

4.

Ծրագիրը կատարողը

«Դը Հ. Հովնանյան ֆեմիլի ֆաունդեյշն մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանում (քաղաք Երևան, Հանրապետության 37, ՀՎՀՀ՝ 01555988)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Այգեձոր 3/1, սոցիալական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

2,700,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն ժամանող տարեկան 40 սփյուռքահայ հայրենադարձ, ովքեր ներգրավվելու են հանրային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, կրթական հաստատությունների կամ պետական ու հասարակական կառույցների աշխատանքներին: Ծրագրի շահառուների ընտրությունն իրականացվելու է «Դը Հ. Հովնանյան ֆեմիլի ֆաունդեյշն մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանման հոգաբարձուների խորհրդի կողմից սահմանված հստակ չափանիշների հիման վրա՝ հաշվի առնելով ծրագրում ներգրավված կազմակերպությունների և հաստատությունների կարիքները՝ առաջնահերթություն տալով դիմորդի կրթությանը, մասնագիտական փորձին, ոլորտային հմտություններին, սոցիալական

կարողություններին, ինչպես նաև թիմում աշխատելու ունակությանը։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2026 թվականի հունվարի 24-ից 2046 թվականի հունվարի 23-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) սփյուռքահայ հայրենադարձների համար ժամանակավոր կացարան դարձնելու նպատակով Երևան քաղաքի Այգեձոր 3/1 հասցեում գտնվող հյուրանոցային շենքի ձեռքբերում՝ նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 24-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 1,800,000,000 դրամի չափով.

2) ձեռք բերված շենքի վերանորոգում` նախատեսվում է իրականացնել 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 400,000,000 դրամի չափով.

3) ձեռք բերված շենքի կահավորում` նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 200,000,000 դրամի չափով.

4) սփյուռքահայ հայրենադարձներին ժամանակավոր կացարանով ապահովում՝ նախատեսվում է իրականացնել 2027 թվականի հունվարի 1-ից մինչև 2046 թվականի հունվարի 23-ն ընկած ժամանակահատվածում՝ 300,000,000 դրամի չափով:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների

ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) Երևան քաղաքի Այգեձոր 3/1 հասցեում գտնվող հյուրանոցային շենքի ձեռքբերում՝ 1,800,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) ձեռք բերված շենքի վերանորոգման աշխատանքների իրականացում` 400,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) ձեռք բերված շենքի կահավորման աշխատանքների իրականացում` 200,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) սփյուռքահայ հայրենադարձների կեցության պայմանների ապահովման համար կոմունալ ծառայությունների ձեռքբերում՝ 300,000,000 դրամի չափով (տարեկան՝ 15,000,000 դրամ), առանց ավելացված արժեքի հարկի:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ, որի հետ իրականացվող համագործակցությունն ապահովում է նախաձեռնության ամբողջականություն և բարձր արդյունավետություն։ Հայրենադարձ մասնակիցները կներգրավվեն այն պետական կառավարման մարմինների աշխատանքներին, որոնք ունեն համապատասխան կարիք և պատրաստ են համագործակցության ծրագրի շրջանակում։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: Կներկայացվեն կանոնավոր հաշվետվություններ ծրագրի բոլոր փուլերի՝ ներառյալ մասնակիցների ընտրության, տեղավորման, աշխատանքային և մասնագիտական ինտեգրման,

ինչպես նաև միջոցների արդյունավետ օգտագործման վերաբերյալ։

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

30.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան