ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«02» փետրվարի 2026 թ. |
N 03-Ն |
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կրթության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3.5-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության կազմակերպման և ավարտական քննությունների անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Հրամանը ուժի մեջ է մտնում 2026 թվականի փետրվարի 20-ից:
|
ՆԱԽԱՐԱՐ`
2/2/2026 |
Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
/պարտականությունները կատարող/ |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի փետրվարի 2-ի N 03-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է արտադպրոցական ծրագրեր իրականացնող (Այսուհետ՝ Ծրագիր) երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում (Այսուհետ՝ Դպրոց), անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից, դիմորդների ընդունելության և սովորողների ավարտական քննությունների անցկացման ընթացակարգը։
2. Կարգը նախատեսված է այն դպրոցների համար, որոնք առաջնորդվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններով հաստատված «Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների օրինակելի ուսումնական պլաններ»-ով և համապատասխան առարկայական ծրագրերով։
3. Դպրոցում իրականացվող ծրագրերը նախատեսված են դպրոցահասակ տարիքից (մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ վեց կամ իննը տարին լրանալու դեպքում) սկսած՝ նպատակ ունենալով բացահայտել արվեստի բնագավառում շնորհալի և տաղանդավոր երեխաներին, զարգացնել նրանց ստեղծագործական ունակությունները, ապահովել ինքնադրսևորման, գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության համար անհրաժեշտ պայմաններ, ինչպես նաև նպաստել արվեստի ոլորտում մասնագիտական կրթության շարունակականությանն ու սերնդափոխության բնականոն ընթացքին։
4. Կարգը երաշխավորում է հաշմանդամություն ունեցող դիմորդների և սովորողների համար մատչելի կրթական միջավայրի ապահովում, նրանց ստեղծագործական ունակությունների գնահատման հարմարեցված պայմաններ և անհատական մոտեցում՝ հաշվի առնելով նրանց առանձնահատկությունները։
2. ՍՈՎՈՐՈՂԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
5. Դպրոցում ծրագրերի ընդունելությունն անցկացվում է անհատական ընտրության հիմքով՝ նպատակ ունենալով բացահայտել արվեստի հանդեպ հետաքրքրություն և ստեղծագործական ունակություններ ունեցող երեխաներին։
6. Ընդունելության գործընթացը կազմակերպելու նպատակով դպրոցում և նրա մասնաճյուղում ձևավորվում են մասնագիտացված հանձնաժողովներ՝ յուրաքանչյուր ծրագրի կամ բաժնի համար առանձին։ Հանձնաժողովի կազմը, գործունեության ժամանակացույցը և լիազորությունները սահմանվում են դպրոցի տնօրենի (այսուհետ՝ տնօրեն) հրամանով:
7. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են տվյալ բաժնի մասնագիտացմանը համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ՝ դպրոցի աշխատակազմից։ Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, որը պարտադիր մասնակցում է ընդունելության որոշման գործընթացին:
8. Դպրոցում իրականացվող ծրագրերի ցանկը, ինչպես նաև յուրաքանչյուր ծրագրի համար նախատեսված ընդունելության տեղերի քանակը հաստատվում է տնօրենի հրամանով:
9. Դիմորդների ընդունելությունն իրականացվում է յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում։ Լրացուցիչ ընդունելություն կարող է կազմակերպվել միայն առկա ազատ տեղերի պարագայում՝ մինչև սույն կետով սահմանված վերջնաժամկետը։
10. Դիմորդների ընդունելությունը իրականացվում է տարիքային երկու խմբերի համար՝
1) յոթնամյա կրթության դեպքում՝ 6-ից 9 տարեկան երեխաներ,
2) հնգամյա կրթության դեպքում՝ 9-ից 12 տարեկան երեխաներ,
3) չորսամյա կրթության դեպքում՝ 9-ից 12 տարեկան երեխաներ:
11. Դիմորդները ներկայացնում են փաստաթղթերի փաթեթ, որը ներառում է՝
1) դիմում (լրացված ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից),
2) դիմորդի ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճեն,
3) առողջության վերաբերյալ տեղեկանք՝ սպասարկող բուժհիմնարկից,
4) երկու լուսանկար (3x4 չափի),
5) կցորդ (առկայության դեպքում)՝ դիմորդի նախորդ ստեղծագործությունների նմուշներ (պորտֆոլիո, ձայնագրություն, նկարչական աշխատանքներ և այլն)։
12. Ընդունելությունն անցկացվում է ստեղծագործական ընտրության ձևաչափով՝ ըստ ծրագրի ուղղվածության։ Դիմորդների գնահատումն իրականացվում է հետևյալ հիմնական չափորոշիչներով՝
1) Երաժշտություն - լսողություն, ռիթմի զգացողություն, հիշողություն,
2) Կերպարվեստ - գծագրություն, գունային զգացողություն, գեղագիտական մտածողություն,
3) Պարարվեստ - ֆիզիկական տվյալներ, ռիթմի զգացողություն, պարայնություն,
4) Թատերարվեստ- արտահայտչականություն (արտիստիզմ), ռիթմի զգացողություն, երևակայություն, բեմում ինքնազգացողություն և ազատություն, ինտերակտիվ հաղորդակցություն։
13. Յուրաքանչյուր բաժնի համար հաստատվում են համապատասխան առաջադրանքների ցանկը, բարդության մակարդակները և գնահատման ցուցանիշները։ Դրանք մշակվում են դպրոցի կողմից և հրապարակվում ընդունելության նախաշեմին՝ ոչ ուշ, քան ընդունելության մեկնարկից 21 օր առաջ։ Տվյալ տեղեկատվությունը տեղադրվում է դպրոցի տեղեկատվական վահանակում, պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերում (առկայության դեպքում)։
14. Ստեղծագործական առաջադրանքները դասակարգվում են ըստ բարդության՝ երեք աստիճանի։ Դիմորդի առաջադրանքի մակարդակը ընտրվում է՝ ելնելով նրա տարիքից և կարողություններից։
15. Գնահատումն իրականացվում է տասը միավորային սանդղակով՝
1) 9-10 միավոր՝ գերազանց տվյալներ, ակնհայտ ստեղծագործական ներուժ,
2) 7-8 միավոր՝ բավարարից բարձր արդյունքներ, ուսուցման լավ պոտենցիալ,
3) 5-6 միավոր՝ բավարար արդյունքներ,
4) 4 և ցածր միավոր՝ անբավարար, ընդունելությունը տվյալ տարում չի հաստատվում։
16. Դպրոցը երաշխավորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող դիմորդների ներառական և հավասարապես որակյալ կրթություն ստանալու իրավունքը՝ նրանց համար ապահովելով համապատասխան մատչելի կրթական միջավայր, խելամիտ հարմարեցումներ և համապատասխան աջակցություն: Անհրաժեշտության դեպքում կարող են ներգրավվել հոգեբան կամ հատուկ մանկավարժ։
17. Դպրոցը հրապարակում է ընդունելության հետ կապված հետևյալ տեղեկատվությունը՝
1) ընդունելության կազմակերպման կարգը,
2) ծրագրերի (մասնագիտությունների) ցանկը,
3) ծրագրերի համար նախատեսված տեղերի քանակը,
4) ընդունելության դիմումի ձևը (ըստ ձև 1-ի),
5) ընդունելության հարցերով կապ հաստատելու կոնտակտային տվյալները։
18. Այս տեղեկատվությունը տեղադրվում է դպրոցի տեղեկատվական վահանակում, պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերում (առկայության դեպքում)՝ ընդունելության գործընթացի մեկնարկից ոչ ուշ, քան 21 օրացուցային օր առաջ:
19. Դպրոց ընդունելության համար փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր օրացուցային տարվա մայիսի 1-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ:
20. Դիմորդները, ովքեր հիմնավորված փաստաթղթերով (օրինակ՝ հիվանդության վերաբերյալ բժշկական տեղեկանք) հաստատել են, որ չեն կարողացել մասնակցել հիմնական ընդունելությանը, իրավունք ունեն մասնակցել ընդունելությանը այլ ժամանակ՝ պայմանով, որ այն տեղի կունենա մինչև ընդունելության վերջնաժամկետը՝ սահմանված սույն կարգի ուղղ.9-րդ կետով։
21. Դիմորդի ծնողին (կամ օրինական ներկայացուցչին) դպրոցը տրամադրում է խորհրդատվական աջակցություն՝ ընդունելությանը վերաբերող հարցերի շուրջ:
22. Ընդունելության գործընթացում արգելվում է կողմնակի անձանց ներկայությունը։
23. Ընդունելության արդյունքների վերաբերյալ որոշումը կայացվում է հանձնաժողովի դռնփակ նիստում՝ նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում վճռորոշ է հանձնաժողովի նախագահի ձայնը։
24. Յուրաքանչյուր նիստի վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է բոլոր անդամների կողմից և ներկայացվում դպրոցի տնօրենին՝ ընդունելության վերաբերյալ պաշտոնական որոշում կայացնելու նպատակով։
25. Ընդունելության արդյունքները հրապարակվում են ոչ ուշ, քան որոշման ընդունումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ դպրոցի պաշտոնական կայքում, սոցիալական ցանցերում (առկայության դեպքում) և տեղեկատվական վահանակում։
26. Ընդունելության արդյունքների հրապարակումից հետո ծնողը (կամ օրինական ներկայացուցիչը) կարող է մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել գրավոր բողոք (ըստ ձև 2-ի)՝ դիմելով դպրոցի տնօրենի կողմից ձևավորված բողոքարկման հանձնաժողովին։
27. Բողոքարկման հանձնաժողովի կազմը հաստատվում է դպրոցի տնօրենի հրամանով։ Բողոքարկման հանձնաժողովը կազմվում է առնվազն երեք անդամներից՝ դպրոցում աշխատող այն անձանցից, ովքեր չեն ընդգրկվել ընդունելության հանձնաժողովի կազմում։
28.Բողոքարկման հանձնաժողովը քննարկում է դիմումը երեք աշխատանքային օրվա ընթացքում և կայացնում վերջնական որոշում՝ դիմորդի կրկնակի ընտրության նպատակահարմարության վերաբերյալ։
29. Բողոքարկման հանձնաժողովի յուրաքանչյուր նիստի ընթացքում վարվում է արձանագրություն, որտեղ արտացոլվում են քննարկման ընթացքը և ընդունված որոշումները։
30. Բողոքարկման հանձնաժողովի որոշումը ստորագրվում է բողոքարկման հանձնաժողովի նախագահի կողմից և դպրոցի կողմից ծնողին (կամ օրինական ներկայացուցչին) ծանուցվում է գրավոր՝ էլեկտրոնային փոստի միջոցով կամ առձեռն, որոշման ընդունումից հետո առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում:
31. Ընդունելության արդյունքները հաստատված լինելուց հետո դպրոցը նախաձեռնում է պայմանագրի կնքում դիմորդի ծնողի (կամ օրինական ներկայացուցչի) հետ։
32. Դպրոցը կարող է կազմակերպել ընդունելություն նախադպրոցական, հետդպրոցական և ընդհանուր գեղագիտական զարգացման ծրագրերով ուսուցման համար։ Նշված ծրագրերի ընդունելությունը և իրականացումը հաստատվում են դպրոցի տնօրենի հրամանով:
33. Ըստ ենթակայության՝ դիմորդների ընդունելության տվյալները հաշվառվում են՝
1) Համայնքային ենթակայության դպրոցների դեպքում՝ Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի (Երևանի քաղաքապետարանի) համապատասխան բաժիններում կամ վարչություններում,
2) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության դպրոցների դեպքում՝ նախարարության հանրակրթության վարչությունում։
3. ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
34. Դպրոցում ծրագրի ամբողջական ավարտից հետո սովորողը մինչև հունիսի 30-ը հանձնում է ավարտական քննություն (այսուհետ՝ քննություն), որը կազմակերպվում է ուսումնական տարվա ավարտին և նախատեսված է գնահատելու նրա ձեռք բերած գիտելիքները, հմտությունները և ստեղծագործական առաջընթացը:
35. Քննությունների անցկացման վայրն ու ժամանակացույցը հրապարակվում են դպրոցի տեղեկատվական վահանակում, ինչպես նաև պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերում (առկայության դեպքում)՝ առնվազն 10 օր առաջ։
36. Հաշմանդամություն ունեցող սովորողների համար քննությունները կազմակերպվում են անհատական մոտեցմամբ և հարմարեցված պայմաններով՝ հաշվի առնելով նրանց ֆիզիկական, զգայական կամ այլ առանձնահատկությունները։
37. Քննությունների կազմակերպման նպատակով դպրոցում ձևավորվում են մասնագիտացված հանձնաժողովներ՝ յուրաքանչյուր ծրագրի կամ առարկայական ուղղվածության համար առանձին։ Հանձնաժողովի կազմը, գործունեության ժամանակացույցը և լիազորությունները սահմանվում են դպրոցի տնօրենի հրամանով։
38. Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել ինչպես դպրոցի մանկավարժական կազմի ներկայացուցիչներ, այնպես էլ հրավիրված ոլորտային մասնագետներ՝ միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններից, ինքնազբաղ արվեստագետներ, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ համապատասխան կառույցների մասնագետներ։
39. Քննության արդյունքները գնահատվում են տասը միավորային սանդղակով՝
1) 9, 10 միավոր - գերազանց,
2) 6, 7, 8 միավոր - լավ,
3) 3, 4, 5 միավոր - բավարար:
40. Վերջնական գնահատականը արձանագրվում է համապատասխան փաստաթղթում՝ հանձնաժողովի անդամների ստորագրությամբ։ Անբավարար գնահատական (2 և ցածր) ստացած սովորողին տրվում է կրկնակի քննություն հանձնելու հնարավորություն՝ դպրոցի կողմից սահմանված կարգով և ժամկետներում։
41. Սովորողը պարտավոր է ներկայանալ քննություններին ժամանակին և համապատասխան հագուստով:
42. Քննությունների ընթացքում սովորողին արգելվում է արտաքին օգնություն ստանալ, ինչպես նաև օգտագործել բջջային հեռախոսներ կամ այլ էլեկտրոնային սարքեր։
43. Դիմորդի ծնողը (կամ օրինական ներկայացուցիչը) իրավունք ունի գրավոր բողոք ներկայացնել բողոքարկման հանձնաժողովին (ըստ ձև 3-ի)՝ քննությունների կազմակերպման ընթացակարգի կամ արդյունքների վերաբերյալ, ոչ ուշ, քան արդյունքների հրապարակումից հետո հաջորդ աշխատանքային օրը։
44. Բողոքարկման հանձնաժողովի կազմը հաստատվում է դպրոցի տնօրենի հրամանով և բաղկացած է առնվազն երեք անձից՝ բացառելով ավարտական հանձնաժողովի անդամներին։
45. Բողոքարկումը քննարկվում է հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նիստին կարող է մասնակցել դիմորդի ծնողը (կամ օրինական ներկայացուցիչը)։
46. Որոշումն ընդունվում է նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ հանձնաժողովի նախագահի պարտադիր ներկայությամբ։ Ձայների հավասարության դեպքում որոշիչ է հանձնաժողովի նախագահի ձայնը։
47. Բողոքարկման հանձնաժողովը որոշում է ընդունում քննության կրկնակի հանձնման նպատակահարմարության կամ աննպատակահարմարության վերաբերյալ։
48. Բողոքարկման հանձնաժողովի նիստերի ընթացքում վարվում է արձանագրություն, որտեղ արտացոլվում է քննարկման ընթացքը և ընդունված որոշումները:
49. Բողոքարկման հանձնաժողովի որոշումը ստորագրվում է բողոքարկման հանձնաժողովի նախագահի կողմից և դպրոցի կողմից ծնողին (կամ օրինական ներկայացուցչին) ծանուցվում է գրավոր՝ էլեկտրոնային փոստի միջոցով կամ առձեռն, որոշման ընդունումից հետո առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում:
50. Դպրոցի ավարտական փաստաթուղթ ստանում են այն շրջանավարտները, որոնք հանձնել են ավարտական ստուգարքներն ու քննությունները։ Քննությունը հանձնած են համարվում առնվազն 3 միավոր ստացած աշակերտները։
Ձև 1
ԴԻՄՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
(երաժշտական / արվեստի / գեղարվեստի / պարարվեստի դպրոցի սովորող ընդունելու համար)
Դիմումատուի տվյալները
Ազգանուն, անուն, հայրանուն՝_________________________
Հասցե՝ _____________________________________________
Հեռախոսահամար՝ ___________________________________
Էլ. հասցե (ըստ անհրաժեշտության)՝ ____________________
Սովորողի տվյալները
Ազգանուն, անուն, հայրանուն՝ ___________________________________________________
Ծննդյան թվական, ամիս, օր՝ ____________________________________________________
Սեռ՝ □ Արական □ Իգական
Ծննդյան վկայականի/անձնագրի համարը՝_________________________________________
Կրթական հաստատություն (եթե հաճախում է)՝ ____________________________________
Ընտրված բաժինը (նշել համապատասխան բովանդակային ուղղությունը)՝
□ Երաժշտարվեստ □ Պարարվեստ □ Գեղարվեստ □ Թատերարվեստ
Ընտրված մասնագիտություն Ուսումնական ծրագիր (նշել տարիքին համապատասխան)
□ 7-ամյա □ 5-ամյա □ Այլ՝___________________
Դիմումին կից ներկայացվում են.
1. Լուսանկար՝ 2 հատ (3x4):
2. Ծննդյան վկայականի/անձնագրի պատճեն:
3. Առողջության մասին տեղեկանք (սպասարկող բուժհիմնարկից):
Խնդրում եմ իմ երեխային (դիմորդին) ընդունել վերոնշյալ բաժինը՝ դպրոցի համապատասխան ուսումնական ծրագրով։
_____________________________________
(Ծնողի կամ օրինական ներկայացուցչի ստորագրություն)
Ամսաթիվ: _____/_______ /20____թ.
Ձև 2
ԴԻՄՈՒՄ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ
(Ընդունելության արդյունքների կամ ընթացակարգի վերաբերյալ)
Դիմումատու՝ _______________________________________________
(Ծնողի կամ օրինական ներկայացուցչի ազգանուն, անուն, հայրանուն)
Հասցե՝ ____________________________________________________
Հեռախոս՝ _________________________________________________
Էլ. հասցե՝ _________________________________________________
Ում՝ ______________________________________________________
(Դպրոցի տնօրենի անուն, ազգանուն)
Դիմում
Հարգելի՛_________________________________________________ ,
Ես՝ ստորագրյալը, իմ որդու/դստեր՝
Ազգանուն, անուն, հայրանուն__________________________________________________ ,
որը մասնակցել է ձեր կողմից կազմակերպված ընդունելությանը (բաժին՝
_______________ , ամսաթիվ՝___/___ /20 ), սույնով ներկայացնում եմ
բողոք՝ ընդունելության գործընթացի □ ընթացակարգի / □ արդյունքների
վերաբերյալ։
Բողոքի պատճառը հետևյալն է՝
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
(մեկնաբանել իրավիճակը, օրինակ՝ գնահատման անհամապատասխանություն,
հանձնաժողովի աշխատանքում թերացում, բացթողում, կարգի խախտում և այլն)
Խնդրում եմ վերանայել ընդունելության գործընթացը և արդյունքները՝ բողոքարկման կարգով, ինչպես սահմանված է դպրոցի ընդունելության կարգում։
Կից ներկայացնում եմ՝
-Պաշտոնական փաստաթղթերի պատճեններ (եթե կան),
-Այլ հիմնավորող տեղեկանքներ կամ գրառումներ (ըստ անհրաժեշտության)։
Հարգանքով՝
_______________________________
(Ծնողի կամ օրինական ներկայացուցչի ստորագրություն)
Ամսաթիվ: ____/___/20____թ.
Ձև 3
ԴԻՄՈՒՄ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ
(Ավարտական քննությունների արդյունքների կամ ընթացակարգի վերաբերյալ)
Ում՝
_____________________(դպրոցի տնօրենի անուն, ազգանուն)
Ումից՝
Ես՝____________________________,
(ծնողի կամ օրինական ներկայացուցչի անուն, ազգանուն)
սովորող ___________________________________________
(աշակերտի անուն, ազգանուն)
_____________________________________դասարանի,
ուսումնական ծրագիր՝______________________ (օր.՝ երաժշտական, կերպարվեստի և այլն),
սույնով բողոքարկում եմ սույն թվականի____(ամսաթիվ)-ին անցկացված
ավարտական քննության արդյունքը՝ վերանայման նպատակով։
Բողոքարկման հիմք:
_____________________________________________________________________
(նշեք պատճառը՝ օրինակ՝ կողմնակալ գնահատում, ընթացակարգի խախտում, թյուրիմացություն գնահատականում և այլն)
Խնդրում եմ ստեղծել բողոքարկման հանձնաժողով և վերանայել նշված քննության արդյունքը՝ սահմանված կարգով։
Հավելվում են՝
1. Պաշտոնական տեղեկանք / գնահատականի արտացոլումը (այս անհրաժեշտության դեպքում):
2. Այլ ապացույցներ կամ հիմնավորումներ՝ ըստ բովանդակության: Ամսաթիվ՝
Ստորագրություն՝_______________________
Հեռ․ __________________________________
Էլ․ փոստ՝ _____________________________
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 փետրվարի 2026 թվական: