ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 117-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.02-2026.02.15 Պաշտոնական հրապարակման օրը 05.02.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.02.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 փետրվարի 2026 թվականի N 117-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման N 1 հավելվածը 53-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 53.1-53.3-րդ կետերով.

«53.1. Կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուի 100 տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ին նա ձեռք է բերում 1,000,000 դրամի չափով միանվագ գումար ստանալու իրավունք։

53.2. Եթե անձը կենսաթոշակ ստանալու իրավունքը ձեռք է բերում 100 տարին լրանալուց հետո, ապա 1,000,000 դրամի չափով միանվագ գումար ստանալու իրավունք ձեռք է բերում կենսաթոշակ ստանալու իրավունքը ձեռք բերելու ամսվա 1-ից։

53.3. Միանվագ գումարը (այդ թվում՝ չվճարված միանվագ գումարը) վճարվում է այն ստանալու իրավունք ձեռք բերելու ամսվա կենսաթոշակի հետ՝ այդ ամսվա կենսաթոշակի վճարման համար սահմանված կարգով և եղանակով։ Մահվան պատճառով չվճարված միանվագ գումարը ենթակա չէ վճարման։»։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի «Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 635-Ն որոշման N 1 հավելվածը 39-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 39.1-39.3-րդ կետերով.

«39.1. Նպաստ ստանալու իրավունք ունեցող նպաստառուի 100 տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից նա ձեռք է բերում 1,000,000 դրամի չափով միանվագ գումար ստանալու իրավունք։

39.2. Եթե անձը նպաստ ստանալու իրավունքը ձեռք է բերում 100 տարին լրանալուց հետո, ապա 1,000,000 դրամի չափով միանվագ գումար ստանալու իրավունք ձեռք է բերում նպաստ ստանալու իրավունքը ձեռք բերելու ամսվա 1-ից։

39.3. Միանվագ գումարը (այդ թվում՝ չվճարված միանվագ գումարը) վճարվում է այն ստանալու իրավունք ձեռք բերելու ամսվա նպաստի հետ՝ այդ ամսվա նպաստի վճարման համար սահմանված կարգով և եղանակով։ Մահվան պատճառով չվճարված միանվագ գումարը ենթակա չէ վճարման։»։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 100 տարին լրացած, կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող նպաստառուին 1,000,000 դրամի չափով միանվագ գումարը վճարվում է կենսաթոշակի կամ նպաստի՝ այն ամսվա վճարման ցուցակներով, որով վճարվելու է (ենթակա է վճարման) նրա՝ առաջիկա կենսաթոշակը կամ նպաստը։

5. Սույն որոշման՝ 1,000,000 դրամի չափով միանվագ գումարը վճարելու վերաբերյալ դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ կենսաթոշակառուին կամ նպաստառուին, որպես Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Երևանի հասցեով հաշվառում ունեցող 100 տարին լրացած անձ, սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կամ դրանից հետո Երևանի քաղաքապետարանը նշանակել է 1,000,000 դրամ աջակցություն։

6. Առաջարկել Երևանի քաղաքապետին ապահովել Երևանի քաղաքապետարանի կողմից 1,000,000 դրամ աջակցություն նշանակած անձանց տվյալների (անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը և սերիան, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը) տրամադրումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ արդեն նշանակվել է 1,000,000 դրամ աջակցությունը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յուրաքանչյուր անգամ 1,000,000 դրամ աջակցություն նշանակելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։

7. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ապահովել 100 տարին լրանալու դեպքում կենսաթոշակառուին կամ նպաստառուին ինքնաշխատ եղանակով 1,000,000 դրամ միանվագ գումար նշանակելն ապահովող ծրագրային գործիքի մշակումն ու ներդրումը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

05.02.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 փետրվարի 2026 թվական: