ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-9-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.02-2026.02.15 Պաշտոնական հրապարակման օրը 09.02.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.01.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հունվարի 20-ին

 

«ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գնահատման գործունեության մասին» 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-189-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-17-րդ կետերով.

«14) ծառայություններ մատուցող՝ գույքի գնահատման ծառայություններ մատուցող օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում փոխադարձության սկզբունքով կարող է մատուցել կամ մտադիր է մատուցել նման ծառայություններ Հայաստանի Հանրապետության տարածքում, բացառությամբ այն գնահատման ծառայությունների, որոնց պատվիրատուն պետությունն է կամ համայնքը.

15) ծառայություններ մատուցողների ռեեստր՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետությունների տարածքներում գույքի գնահատման ծառայություններ մատուցողների ռեեստր, որը ծառայություններ մատուցողների բաց ցուցակ է, և որը վարում է ծառայություններ մատուցողի հաշվառման երկրի (կամ հիմնադրման վայրի) լիազոր մարմինը.

16) Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստր` ռեեստր, որը ներառում է տեղեկատվություն այն գնահատողների և գնահատման կազմակերպությունների վերաբերյալ, որոնք մատուցում կամ մտադիր են մատուցել գույքի գնահատման ծառայություններ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետությունների տարածքներում, և որը վարում է Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինը․

17) ռեցիպիենտ երկիր՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում այն պետությունը, որի տարածքում Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում ներառված գնահատողները և գնահատման կազմակերպությունները իրականացնում են գույքի գնահատման ծառայությունների մատուցում:»:

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում «ու գնահատողին» բառերը փոխարինել «, գնահատողին ու ծառայություններ մատուցողներին» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը «գնահատողի» բառից հետո լրացնել «կամ ծառայություններ մատուցողի» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 16 Գնահատման կազմակերպության, գնահատողի և ծառայություններ մատուցողի իրավունքներն ու պարտականությունները»․

 

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետությունների տարածքներում իրականացնելու գնահատման գործունեություն՝ գործող որակավորման վկայականի հիման վրա, որը Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետություններում ճանաչվում է առանց ճանաչման ընթացակարգեր անցնելու:»․

3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետությունների տարածքներում իրականացնելու գնահատման գործունեություն՝ լիազոր մարմնում հաշվառված լինելու հիման վրա, որը Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետություններում ճանաչվում է առանց ճանաչման ընթացակարգեր անցնելու:»․

4) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.

«10) ռեցիպիենտ երկրների օրենսդրությանը համապատասխան պատրաստված գնահատման հաշվետվությունների կամ դրանց բացակայության մասին տեղեկատվությունը տարեկան առնվազն մեկ անգամ (Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում գնահատողի մասին տվյալները ներառելու օրվանից սկսած), բայց ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը էլեկտրոնային եղանակով ներկայացնել լիազոր մարմին՝ այդ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում ներառելու նպատակով: Սույն կետով նշված տեղեկատվությունը յուրաքանչյուր տարի (դրա վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում ներառելու օրվանից) լիազոր մարմին չուղարկելը հանգեցնում է ռեցիպիենտ երկրների տարածքներում գնահատման գործունեություն իրականացնելու իր իրավունքի կասեցման՝ մինչև այդ տեղեկատվությունն ուղարկելը:»․

5) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9) ռեցիպիենտ երկրների օրենսդրությանը համապատասխան պատրաստված գնահատման հաշվետվությունների կամ դրանց բացակայության մասին տեղեկատվությունը տարեկան առնվազն մեկ անգամ (Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում գնահատման կազմակերպության մասին տվյալները ներառելու օրվանից սկսած), բայց ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը էլեկտրոնային եղանակով ներկայացնել լիազոր մարմին՝ այդ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում ներառելու նպատակով: Սույն կետում նշված տեղեկատվությունը յուրաքանչյուր տարի (դրա վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում ներառելու օրվանից) լիազոր մարմին չուղարկելը հանգեցնում է ռեցիպիենտ երկրների տարածքներում գնահատման գործունեություն իրականացնելու իր իրավունքի կասեցման՝ մինչև այդ տեղեկատվությունն ուղարկելը:»․

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Ծառայություններ մատուցողն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնելու գնահատման գործունեություն՝ իր հաշվառման (հիմնադրման) երկրի տարածքում ստացած թույլտվության (եթե այդպիսին առկա է), ինչպես նաև ծառայություններ մատուցողի կամ նրա անձնակազմի կողմից Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետությունում ստացած մասնագիտական որակավորման հիման վրա, որոնք ճանաչվում են առանց ճանաչման ընթացակարգեր անցնելու և գործում են Հայաստանի Հանրապետության տարածքում այն պայմանով, որ այդ ծառայություններ մատուցողի վերաբերյալ տեղեկատվությունը ներառված է իր հաշվառման (հիմնադրման) երկրի ծառայություններ մատուցողների ռեեստրում:»:

 

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը «գնահատողի» բառից հետո լրացնել «կամ ծառայություններ մատուցողի» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 19 Գնահատման կազմակերպությանը, գնահատողին և ծառայություններ մատուցողին ներկայացվող սահմանափակումները»․

 

2) 1-ին մասի «և գնահատողն» բառերը փոխարինել «, գնահատողը և ծառայություններ մատուցողն» բառերով:

 

Հոդված 7 . Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 7-րդ կետի «և գնահատողների» բառերը փոխարինել «, գնահատողների և ծառայություններ մատուցողների» բառերով․

2) 2-րդ մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության ղեկավարին, ծառայություններ մատուցողներին, գնահատման կազմակերպության ղեկավարին, գնահատողին և ծառայություններ մատուցողին տրամադրում է Հաշվառման ծրագիր մուտք գործելու մուտքանուն և գաղտնաբառ.»․

3) 2-րդ մասի 11-րդ կետը «օրենսդրությամբ» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով» բառերով․

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում լիազոր մարմինը՝

1) ստեղծում և վարում է Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրը.

2) ծառայություններ մատուցողների կողմից Հայաստանի Հանրապետությունում գնահատման ոլորտը կարգավորող օրենսդրության խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցում է ծառայություններ մատուցողների հաշվառման (հիմնադրման) երկրի իրավասու մարմնին.

3) գնահատողներից, գնահատման կազմակերպություններից ստացված՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետությունների տարածքներում գնահատման գործունեություն իրականացնելու մտադրության մասին տեղեկության հիման վրա վերջիններիս վերաբերյալ տեղեկությունները ներառում է Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում այդ տեղեկատվությունն ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

4) ռեցիպիենտ երկրի տարածքում գնահատողների և գնահատման կազմակերպությունների գնահատման գործունեության վերաբերյալ շահագրգիռ անձից բողոք ստացվելու դեպքում այդ բողոքը յոթ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է ռեցիպիենտ երկրի իրավասու մարմին.

5) գնահատողների և գնահատման կազմակերպությունների կողմից ռեցիպիենտ երկրի՝ գույքի գնահատման բնագավառում օրենսդրության խախտման դեպքում ռեցիպիենտ երկրի իրավասու մարմնից ստացված տեղեկությունների հիման վրա ապահովում է խախտումների և ներգործության միջոցների վերաբերյալ տեղեկատվության ներառումը Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում, իսկ այնպիսի խախտումների դեպքում, որոնց հիմքով նախատեսվում են գնահատման գործունեություն իրականացնելու իրավունքի կասեցում և (կամ) այդ իրավունքից զրկում, Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում ներառում է նաև գնահատողների, գնահատման կազմակերպությունների՝ ռեցիպիենտ երկրի տարածքում գնահատման գործունեություն իրականացնելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ տեղեկատվությունը.

6) գնահատողների և գնահատման կազմակերպությունների՝ ռեցիպիենտ երկրի տարածքում գնահատման գործունեություն իրականացնելու իրավունքի սահմանափակման հիմքերի վերացման դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում դրա վերաբերյալ տեղեկատվությունը ներառում է Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում:»:

 

Հոդված 8.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Կադաստրի կոմիտեն համապատասխան ենթաօրենսդրական ակտը համապատասխանեցնում է սույն օրենքին:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. փետրվարի 6

Երևան

ՀՕ-9-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2026 թվական: