ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հունվարի 20-ին
«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10.1-ին հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «զ» ենթակետը «կարգը» բառից հետո լրացնել «, անցողիկ միավորը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 10.2-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի 3-րդ կետը «միավորների հաշվարկման կարգը» բառերից հետո լրացնել «, անցողիկ միավորը» բառերով.
2) 20-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Հաղթող է ճանաչվում հարցազրույցի փուլի համար նախատեսված անցողիկ միավորի շեմը հաղթահարած այն հավակնորդը, որը խորհրդի անդամների՝ մասնակիցներին տրված միավորների հանրագումարի արդյունքով ստացել է առավելագույն միավոր:»:
Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով․
«5․1) հանրային իշխանության մարմիններում, առողջապահության, սոցիալական, շրջակա միջավայրի պահպանության, փորձագիտության, կառուցապատման կամ ներդրումային ծրագրերի ապահովման բնագավառներում գործունեություն իրականացնող կամ վերջին երեք տարվա ընթացքում պետական բյուջեից սուբսիդիաներ կամ դրամաշնորհներ ստացած պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, պետության կողմից հիմնադրված հիմնադրամներում, 50 տոկոս և ավելի պետական կամ համայնքի կամ պետական ու համայնքի բաժնեմասեր (հանրագումարով) ունեցող ընկերություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման միասնականությունն ապահովելը, իրավասու մարմիններ առաջարկություններ ներկայացնելը․»:
Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-12.3-րդ կետերով․
«12.1) մշակում և հաստատում է սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետով նախատեսված մարմիններում և կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանությունը, որը ներառում է կոռուպցիոն ռիսկերի գնահատման շրջանակը, չափորոշիչները, գործիքակազմը, հրապարակում է գնահատման արդյունքները, մարմինների և կազմակերպությունների առաջարկով՝ նաև վերջիններիս ներկայացրած կարծիքները.
12.2) սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետով նախատեսված մարմիններից և կազմակերպություններից պահանջում և ստանում է գնահատման գործընթացին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր, իրականացնում է գնահատում․
12.3) կոռուպցիոն ռիսկերի գնահատման արդյունքներով արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում իրավասու մարմիններ, տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն.»:
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածով լրացվող Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 12.1-ին կետով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
3. Սույն օրենքի 4-րդ հոդվածով լրացվող Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 12.2-րդ և 12.3-րդ կետերով սահմանված կարգավորումները գործելու են սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. փետրվարի 6 Երևան ՀՕ-6-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|