ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.01.10-2022.01.23 Պաշտոնական հրապարակման օրը 21.01.2022
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
21.01.2022
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.01.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

21 հունվարի 2022 թ.
ք. Երևան

N 3-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(որոշումը խմբ. 19.01.26 N 5-Ն)

 

Դիտորդների եվ այցելուների հավատարմագրման ԵՎ հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման կարգը, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային ձԵՎերը սահմանելու մասին
(վերնագիրը խմբ. 19.01.26 N 5-Ն)

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 31-րդ հոդվածի 9-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Սահմանել.

1) դիտորդների և այցելուների հավատարմագրման և հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի,

2) հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

 

2022 թվականի հունվարի 21

ք. Երևան

Վ. Հովակիմյան

 

 

 

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

 կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2022 թ. հունվարի 21-ի N 3-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է դիտորդների և այցելուների հավատարմագրման և հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը, ինչպես նաև միջազգային դիտորդների և այցելուների հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու առանձնահատկությունները:

2. Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները (այսուհետ նաև` կազմակերպություն):

3. Դիտորդներն իրենց առաքելությունն իրականացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) հավատարմագրվելուց հետո: Հավատարմագրված դիտորդների ցանկը հրապարակվում է Հանձնաժողովի համացանցային կայքում։

4. Ընտրության երկրորդ փուլի և վերաքվեարկության դեպքում՝ դիտորդների կրկին հավատարմագրում չի պահանջվում, սակայն հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) թույլատրվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Ընտրական օրենսգիրք) 31-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում:

5. Դիտորդների հավատարմագրման հետ կապված աշխատանքները կազմակերպում է Հանձնաժողովի միջազգային հարաբերությունների և հանրային կապերի վարչությունը:

6. Հանրաքվեի և տեղական հանրաքվեի ժամանակ դիտորդների հավատարմագրումն իրականացվում է Ընտրական օրենսգրքին և սույն կարգին համապատասխան՝ «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կանոնակարգումների հաշվառմամբ:

 

2. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳ

 

7. Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք վերապահվում է այն միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա հասարակական կազմակերպություններին, որոնց կանոնադրական նպատակները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր: Նշված միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա հասարակական կազմակերպությունները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել հրավերի առկայության դեպքում: Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելությունների կազմում որպես դիտորդ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ընդգրկվել չեն կարող: Հանձնաժողովը միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դիտորդների ցանկից հանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձանց վերաբերյալ տվյալները։

8. Միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա հասարակական կազմակերպությունների հավատարմագրման վերաբերյալ փաստաթղթերը՝ հրավերի առկայության դեպքում, ներկայացվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով՝ ընտրություններ նշանակելու օրվանից հետո, սակայն ոչ ուշ, քան թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրը:

9. Միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա հասարակական կազմակերպությունները Հանձնաժողովում հավատարմագրվելու վերաբերյալ դիմումին կից ներկայացնում են՝

1) միջազգային կազմակերպության, օտարերկրյա հասարակական կազմակերպության կանոնադրության պատճենը կամ իրավասու պետական մարմնի կողմից տրված պետական գրանցման վերաբերյալ փաստաթղթի պատճենը, որով հավաստվում է կազմակերպության գործունեության մեջ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերին առնչվող կանոնադրական նպատակների առկայությունը,

2) դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերի պատճենը,

3) միջազգային կազմակերպության, օտարերկրյա հասարակական կազմակերպության կողմից լրացված՝ հավատարմագրման ներկայացվող միջազգային դիտորդների ցանկը: Հավատարմագրման ներկայացվող դիտորդների ցանկի էլեկտրոնային տարբերակը՝ Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel) եղանակով ներբեռնվում է Հանձնաժողովի համացանցային կայքից: Հավատարմագրման ներկայացվող միջազգային դիտորդների ցանկի էլեկտրոնային ձևը սահմանված է սույն որոշման N 2 հավելվածի Ձև 1-ով,

4) դիտորդների ցանկում ընդգրկված անձանց անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:

10. Սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերի առկայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացվում է հայտ, որում նշվում է.

1) հավատարմագրվող միջազգային կազմակերպության կամ օտարերկրյա հասարակական կազմակերպության անվանումը (հայերեն և անգլերեն կամ հայերեն և ռուսերեն լեզուներով) և կարգավիճակը՝ «միջազգային կազմակերպություն» կամ «օտարերկրյա հասարակական կազմակերպություն»,

2) հավատարմագրվող միջազգային կազմակերպության կամ օտարերկրյա հասարակական կազմակերպության հետ կապի միջոցը (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և այլն),

3) հավատարմագրվող միջազգային կազմակերպության կամ օտարերկրյա հասարակական կազմակերպության պատասխանատու (կոնտակտային) անձի տվյալները (անուն, ազգանուն՝ հայերեն և անգլերեն կամ հայերեն և ռուսերեն լեզուներով, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե),

4) միջազգային դիտորդներին ուղեկցող թարգմանիչների քանակի վերաբերյալ տեղեկություն,

5) հավատարմագրվելու համար միջազգային կազմակերպության, օտարերկրյա հասարակական կազմակերպության կողմից ներկայացված ցանկի հիման վրա կազմված աղյուսակ՝ հայերեն լեզվով։

11. Սույն որոշման N 2 հավելվածի Ձև 2-ով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտը և սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերը Հանձնաժողով են ներկայացվում ոչ ուշ, քան թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրը։ Հավատարմագրված միջազգային դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կարող են կատարվել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 3 օր առաջ:

12. Միջազգային դիտորդներին տրամադրվում են հայերեն և անգլերեն կամ հայերեն և ռուսերեն լեզուներով լրացված վկայականներ։ Միջազգային դիտորդներին ուղեկցող թարգմանիչների վկայականներում թարգմանչի անունը և ազգանունը լրացվում և տրամադրվում է թարգմանչին՝ դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրված համապատասխան միջազգային կազմակերպության, օտարերկրյա հասարակական կազմակերպության կողմից։

 

3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳ

 

13. Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք վերապահվում է Հայաստանի Հանրապետության այն հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին, որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, որոնց անվանումները չեն ասոցացվում թեկնածուների կամ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումների հետ, որոնք օրենքով սահմանված կարգով հրապարակել են իրենց գործունեության վերջին տարեկան հաշվետվությունը, որոնց կառավարման մարմնի կազմում, բացառությամբ՝ ժողովի, որևէ անդամ չի մասնակցում տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) կամ չեն կազմակերպում կամ չեն իրականացնում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ քարոզչություն, և որոնք հավատարմագրման դիմումի մեջ բացահայտում են դիտորդական առաքելության ֆինանսավորման աղբյուրները։

14. Հավատարմագրման դիմումը, կից փաստաթղթերը և դիտորդների ցանկը Հանձնաժողով ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին տրամադրվում է օգտահաշիվ, որը կարող է վերականգնվել յուրաքանչյուր ընտրությունից առաջ։ Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակ հետապնդող Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին «ԶԼՄ ներկայացուցիչների և դիտորդների տվյալների առցանց ներկայացման համակարգ» (այսուհետ նաև՝ Համակարգ) մուտք գործելու և հավատարմագրման ներկայացվող անձանց տվյալները մուտքագրելու համար օգտահաշիվ տրամադրվում կամ օգտահաշիվը վերականգնվում է դիմումն ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում: Օգտահաշիվ ստանալու վերաբերյալ դիմումը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ սույն կարգի 15-րդ կետով սահմանված կարգով: Օգտահաշիվ ստանալու վերաբերյալ դիմումի օրինակելի ձևը սահմանված է սույն որոշման N 2 հավելվածի Ձև 3-ով։

15. Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները հավատարմագրման վերաբերյալ դիմումները Հանձնաժողով են ներկայացնում էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (e-request.am, այսուհետ նաև՝ էլեկտրոնային հարթակ) միջոցով՝ ընտրություններ նշանակելու օրվանից հետո, սակայն ոչ ուշ, քան թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրը:

Դիմումի օրինակելի ձևը սահմանված է սույն որոշման N 2 հավելվածի Ձև 4-ով։ Էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված դիմումի տրման ամսաթիվը և ժամն ամրագրվում է ինքնաշխատ եղանակով: Էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված դիմումը պետք է ներկայացվի «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Առանց էլեկտրոնային թվային ստորագրության ներկայացված դիմումները համարվում են անստորագիր և չեն քննարկվում։ Որևէ այլ եղանակով ներկայացված դիմումները չեն համարվում Ընտրական օրենսգրքի և սույն կարգով սահմանված էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումներ և չեն քննարկվում:

16. Համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները կարող են հանդես գալ մեկ միասնական անվան ներքո, որը չի ասոցացվում թեկնածուների կամ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումների հետ։ Համատեղ դիտորդության դեպքում հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները ներկայացնում են հավատարմագրման վերաբերյալ համատեղ դիմում, և դիտորդների հավատարմագրումն իրականացվում է դիտորդների համատեղ ցանկով։ Մեկ միասնական անվան ներքո հանդես գալու դեպքում՝ համատեղ դիմումում նշվում է նաև դիտորդական առաքելության անվանումը:

17. Հավատարմագրվելու դիմումը պետք է պարունակի դիմող կազմակերպության լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), էլեկտրոնային փոստի հասցեն և նշում՝ կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ընդունման և ուսուցման մասին, ինչպես նաև հավատարմագրման դիմումի ներկայացման օրվա դրությամբ տվյալ դիտորդական առաքելության ֆինանսավորման աղբյուրների և չափերի մասին: Մինչև դիտորդների լիազորությունների դադարման համար Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտը ֆինանսավորման աղբյուրների և չափերի փոփոխությունների դեպքում՝ եռօրյա ժամկետում, համապատասխան հասարակական կազմակերպությունը կամ հիմնադրամը պետք է գրավոր ծանուցի Հանձնաժողովին այդ փոփոխությունների վերաբերյալ: Համատեղ դիտորդության դեպքում՝ հավատարմագրվելու համար ներկայացվող համատեղ դիմումը պետք է պարունակի համատեղ հանդես եկող կազմակերպություններից յուրաքանչյուրի լրիվ անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

18. Հավատարմագրվելու համար դիմումին կից ներկայացվում են.

1) կազմակերպության կանոնադրության պատճենը (համատեղ դիտորդական առաքելության դեպքում՝ համատեղ հանդես եկող կազմակեպությունների կանոնադրությունների պատճենները),

2) կազմակերպության կառավարման մարմնի կազմը (համատեղ դիտորդական առաքելության դեպքում՝ համատեղ հանդես եկող կազմակերպություններից յուրաքանչյուրի կառավարման մարմնի կազմը), որը պետք է ներառի կազմի անդամների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները (անձնագրի դեպքում՝ նշվում է սերիա, համար, նույնականացման քարտի դեպքում՝ համար),

3) դիտորդների վարքագծի կանոնները, որոնք հրապարակվում են Հանձնաժողովի համացանցային կայքում,

4) համատեղ դիտորդական առաքելություն իրականացնելու մասին փաստաթուղթը (գրություն, հուշագիր և այլն), որը պետք է նշում պարունակի համատեղ հանդես եկող կազմակերպությունների կողմից դիտորդական առաքելություն իրականացնելու համար սահմանված միասնական անվանման մասին և ստորագրված լինի կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարների (անդամների) կողմից,

5) Պարտավորագիր` ընտրություններին դիտորդների հավատարմագրմանն Ընտրական օրենսգրքով ներկայացվող պահանջները բավարարելու և դրանց վերաբերյալ իրազեկումն ապահովելու մասին (այսուհետ՝ Պարտավորագիր), որի ձևը սահմանված է սույն որոշման N 2 հավելվածի Ձև 5-ով,

6) հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված համակարգում հրապարակված վերջին տարեկան հաշվետվության պատճենը:

19. Հավատարմագրման դիմումին կից փաստաթղթերը ներկայացվում են PDF տարբերակով։

20. Եթե դիմումը ստորագրված չէ այն անձի (անձանց) կողմից, որն իրավասու է առանց լիազորագրի ներկայացնել կազմակերպությունը, ապա պետք է ներկայացվի նաև օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր:

21. Հավատարմագրվելու համար դիմումին կից ներկայացվող Պարտավորագրի էլեկտրոնային ձևաթուղթը ներբեռնվում է Հանձնաժողովի համացանցային կայքից, լրացվելուց և կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի (անդամի), իսկ համատեղ դիտորդական առաքելության դեպքում՝ կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարների (անդամների) ստորագրությամբ հաստատվելուց հետո` դիմումին կից ներբեռնվում է էլեկտրոնային հարթակ: Պարտավորագրի բոլոր էջերը ստորագրվում են սույն կետով սահմանված անձի (անձանց) կողմից:

22. Հավատարմագրման ներկայացվող դիտորդների ցանկում անձի՝ սույն կարգի 29-րդ կետում նշված տվյալները Համակարգ մուտքագրելուց հետո՝ Հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվող դիտորդների ցանկում արտացոլվում են դիտորդի անունը, ազգանունը, հայրանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն։

23. Հանձնաժողովը մինչև հավատարմագրումն իրականացնում է համընկնման ստուգում կազմակերպության դիտորդների ցանկի տվյալների և ընտրական հանձնաժողովի անդամի, տվյալ ընտրություններին մասնակցող թեկնածուի, տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետի, վստահված անձի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի վերաբերյալ Հանձնաժողովում առկա տվյալների հետ։ Համընկնման դեպքում՝ դիտորդների ցանկում ներառված անձի տվյալները հանվում են դիտորդների ցանկից։

24. Հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում ևս իրականացվում է համընկնման ստուգում, և սույն կարգի 23-րդ կետում նշված համընկնման դեպքերում այդ անձանց տվյալները չեն ընդգրկվում դիտորդների ցանկում։

25. Եթե դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության (համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների) հավատարմագրումից հետո ի հայտ են գալիս կազմակերպության դիտորդների տվյալների և ընտրական հանձնաժողովի անդամի, տվյալ ընտրություններին մասնակցող թեկնածուի, տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետի, վստահված անձի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի տվյալների համընկնման դեպքեր, ապա Հանձնաժողովը հավատարմագրված դիտորդների ցանկից հանում է որպես դիտորդ հանդես գալու իրավունք չունեցող անձանց վերաբերյալ տվյալները։

26. Հավատարմագրման դիմումը մուտքագրվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, Հանձնաժողովը դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) հավատարմագրման դիմումը բավարարելու մասին,

2) հավատարմագրման դիմումը մերժելու մասին:

27. Հավատարմագրման համար ներկայացված փաստաթղթերում անճշտություններ հայտնաբերելու կամ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի թերի լինելու դեպքում Հանձնաժողովը տրամադրում է ողջամիտ ժամկետ՝ նշված անճշտությունները վերացնելու, ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար:

28. Կազմակերպությանը տրամադրված օգտահաշիվը թույլ է տալիս Համակարգում իրականացնել հետևյալ գործողությունները.

1) մուտքագրել հավատարմագրման ներկայացվող դիտորդների ցանկը (համատեղ դիտորդության դեպքում՝ դիտորդների համատեղ ցանկը),

2) փոփոխություններ (լրացումներ) կատարել հավատարմագրված դիտորդների ցանկում,

3) ինքնաշխատ կերպով ներբեռնել և տպել դիտորդներին տրվող վկայականները։

29. Համակարգում մուտքագրվում են դիտորդների ցանկում ընդգրկված անձանց անձը հաստատող փաստաթղթի տվյալները և լրացվում են հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն:

30. Կազմակերպության դիտորդներին տրվող վկայականներն ինքնաշխատ կերպով գեներացվում են Համակարգում և անմիջապես հասանելի դառնում կազմակերպությանը՝ ներբեռնման և տպագրության համար։ Դիտորդին տրվող վկայականը պարունակում է նաև արագ արձագանքման ծածկագիր (QR կոդ), որը հնարավորություն է տալիս հավաստիանալ, որ տվյալ դիտորդը հավատարմագրված է Հանձնաժողովի կողմից։

31. Հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կարող են կատարվել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ, բացառությամբ այն դեպքի, երբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի հավատարմագրված դիտորդների ցանկը լրացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձի տվյալներով, որը կարող է իրականացվել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 15 օր առաջ: Կազմակերպություններին տրամադրված օգտահաշվով հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու հնարավորությունը կասեցվում է քվեարկության օրվանից 3 օր առաջ:

 

4. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼԸ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ

 

32. Հանձնաժողովը մերժում է դիտորդների հավատարմագրման մասին դիմումը, եթե՝

1) միջազգային կազմակերպության և օտարերկրյա հասարակական կազմակերպության կանոնադրական նպատակները չեն ներառում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր,

2) կազմակերպության կանոնադրական նպատակները ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի չեն ներառում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր,

3) հավատարմագրման դիմումը ներկայացվել է Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետների խախտմամբ,

4) հավատարմագրման համար ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին,

5) կազմակերպության հավատարմագրման դիմումը չի պարունակում նշում դիտորդների վարքագծի կանոնների ընդունման կամ ուսուցման մասին,

6) կազմակերպության հավատարմագրման դիմումը չի պարունակում նշում կազմակերպության հավատարմագրման դիմումի ներկայացման օրվա դրությամբ տվյալ դիտորդական առաքելության ֆինանսավորման աղբյուրների և չափերի մասին,

7) կազմակերպության անվանումն ասոցացվում է թեկնածուների կամ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումների հետ,

8) կազմակերպությունն օրենքով սահմանված կարգով և ժամկետում չի հրապարակել իր գործունեության վերջին տարեկան հաշվետվությունը,

9) կազմակերպության կառավարման մարմնի կազմում (բացառությամբ՝ ժողովի) որևէ անդամ մասնակցում է տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով,

10) կազմակերպությունն աջակցում է թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին),

11) կազմակերպությունը կազմակերպում կամ իրականացնում է ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ քարոզչություն:

33. Եթե համատեղ դիտորդական առաքելություն իրականացնելու համար դիմում ներկայացրած հասարակական կազմակերպություններից կամ հիմնադրամներից որևէ մեկը չի համապատասխանում Ընտրական օրենսգրքի պահանջներին, ապա համատեղ դիտորդական առաքելություն իրականացնելու վերաբերյալ դիմումը մերժվում է միայն այդ կազմակերպությանը վերաբերելի մասով։ Եթե համատեղ դիտորդական առաքելություն իրականացնելու համար դիմում ներկայացրած հասարակական կազմակերպություններից կամ հիմնադրամներից Ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխանում է միայն մեկ հասարակական կազմակերպություն կամ հիմնադրամ, ապա այդ հասարակական կազմակերպությունը կամ հիմնադրամը հավատարմագրվում է որպես առանձին դիտորդական առաքելություն իրականացնող՝ տվյալ կազմակերպության անվանմամբ։

34. Հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության (համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների) հավատարմագրումը, եթե հավատարմագրվելուց հետո ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնց առկայության պայմաններում հավատարմագրման վերաբերյալ դիմումը կմերժվեր: Հավատարմագրումն ուժը կորցրած է ճանաչվում նաև այն դեպքում, երբ համապատասխան կազմակերպությունը խախտում է Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի երրորդ պարբերության պահանջները, այդ թվում՝ օրենքով կամ կազմակերպության կանոնադրությամբ այդ կազմակերպությունը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձանց, կառավարման մարմինների անդամների, բացառությամբ՝ ժողովի անդամների, կողմից կամ այլ եղանակներով նշված պահանջների խախտման միջոցով։

35. Սույն կարգի 32-34-րդ կետերով նախատեսված Հանձնաժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում նիստում հրապարակելու պահից: Այդ ակտերն ընդունվելուց հետո՝ մինչև հաջորդ օրվա ավարտը, տեղադրվում են Հանձնաժողովի համացանցային կայքում:

36. Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության (համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների) հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչվելու և հավատարմագրված դիտորդների ցանկից դիտորդի տվյալները հանելու վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները ծանուցվում են մեկ օրվա ընթացքում։ Ծանուցումն ուղարկվում է հավատարմագրվելու համար ներկայացված դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին:

 

5. ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳ

 

37. Հրավերի առկայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ներկայացուցիչները՝ ընտրությունների ժամանակ այցելուի կարգավիճակով կարող են իրականացնել ընտրական գործընթացի դիտարկում: Հրավերն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:

38. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված հրավեր ստացած դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն են ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ներկայացուցիչների անունները, ազգանունները՝ հայերեն և անգլերեն կամ հայերեն և ռուսերեն լեզուներով, և նրանց ուղեկցող թարգմանիչների քանակը: Նշված տեղեկությունները պարունակող հայտերը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում, Հանձնաժողովի կողմից լրացվում են այցելուների վկայականները և փոխանցվում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին տրամադրելու համար: Այցելուների վկայականների հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն է տրամադրվում այցելուին ուղեկցող թարգմանչի՝ պահանջված քանակի վկայական։ Այցելուներին ուղեկցող թարգմանիչների վկայականներում թարգմանչի ազգանունը, անունը լրացվում և տրամադրվում է թարգմանչին համապատասխան դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչության կողմից։

39. Հրավերի առկայության դեպքում՝ այցելուի կարգավիճակով ընտրական գործընթացի դիտարկում կարող են իրականացնել նաև այլ պետությունների ընտրական մարմինների ներկայացուցիչները: Հրավերն ուղարկում է Հանձնաժողովի նախագահը: Հրավեր ստացած այլ պետությունների ընտրական մարմինների ներկայացուցիչներին Հանձնաժողովը տրամադրում է լրացված այցելուի վկայականներ: Այցելուներին ուղեկցող թարգմանիչներին տրամադրվում են թարգմանչի վկայականներ։

(հավելվածը խմբ. 09.02.26 N 14-Ն)

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

 կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2022 թ. հունվարի 21-ի N 3-Ն որոշման

 

Ձև 1

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՑԱՆԿ

 

[Կազմակերպության անվանում]

[Ընտրության անվանում, քվեարկության օր, ամիս, տարեթիվ]

[Լրացվում է անգլերեն և/կամ հայերեն, ռուսերեն և/կամ հայերեն լեզուներով]

 

LIST OF INTERNATIONAL OBSERVERS

 

 [Name of organization]

 [Name of election, voting day, month, year]

[To be filled in English or/and Armenian, Russian or/and Armenian]

 

СПИСОК МЕЖДУНАРОДНЫХ НАБЛЮДАТЕЛЕЙ

 

 [Название организации]

[Название выборов, день, месяц, год голосования]

[Заполняется на английском и/или армянском, на русском и/или армянском языке]

 

Հ/Հ

 

 

 

No.

 

 

No.

Ազգանուն, անուն

 

 

Last name, first name

 

Фамилия, имя

Անձը հաստատող փաստաթղթի

տվյալներ

 

ID Document Details

 

Сведения об удостоверении личности

Հեռախոսահամար,

էլ․ փոստ

 

 

Phone number, email address

 

Номер телефона, адрес электронной почты

Քաղաքացիություն

(բոլորը)

 

 

Citizenship

(all)

 

Гражданство

(все)

Ծննդյան օր, ամիս, տարեթիվ

 

 

Date of Birth

 

 

Дата рождения

           
           
           

Դիմող /Applicant /Заявитель

 

_________________________

ազգանուն, անուն /Last name, first name /Фамилия, имя

_________________

ստորագրություն /Signature /Подпись

 

Ձև 2

 

ՀԱՅՏ

[Ընտրության անվանում, քվեարկության օր, ամիս, տարեթիվ] ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ

 

______________________________________________________________________________

հավատարմագրվող միջազգային կազմակերպության կամ օտարերկրյա հասարակական կազմակերպության անվանում (հայերեն և անգլերեն կամ հայերեն և ռուսերեն լեզուներով) և կարգավիճակ՝ «միջազգային կազմակերպություն» կամ «օտարերկրյա հասարակական կազմակերպություն»

 

______________________________________________________________________________

հավատարմագրվող միջազգային կազմակերպության կամ օտարերկրյա հասարակական կազմակերպության հետ կապի միջոց (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե և այլն)

 

______________________________________________________________________________

հավատարմագրվող միջազգային կազմակերպության կամ օտարերկրյա հասարակական կազմակերպության պատասխանատու (կոնտակտային) անձի տվյալներ (անուն, ազգանուն՝ հայերեն և անգլերեն կամ հայերեն և ռուսերեն լեզուներով, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե)

 

______________________________________________________________________________

հավատարմագրվող միջազգային դիտորդներին ուղեկցող թարգմանիչների քանակ

 

Ներկայացվում է հավատարմագրվելու համար միջազգային կազմակերպության, օտարերկրյա հասարակական կազմակերպության կողմից ներկայացված ցանկի հիման վրա լրացված հետևյալ աղյուսակը՝ հայերեն լեզվով։

 

Հ/Հ

Ազգանուն, անուն

Հեռախոսահամար, էլ փոստ

Քաղաքացիություն (ներ)

       
       
       

 

Կից ներկայացվում են՝

✔️ կազմակերպության կանոնադրության պատճենը կամ իրավասու պետական մարմնի կողմից տրված պետական գրանցման վերաբերյալ փաստաթղթի պատճենը, որով հավաստվում է կազմակերպության գործունեության մեջ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերին առնչվող կանոնադրական նպատակների առկայությունը,

✔️ դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերի պատճենը,

✔️ հավատարմագրման ներկայացվող միջազգային դիտորդների ցանկը՝ լրացված միջազգային կամ օտարերկրյա հասարակական կազմակերպության կողմից,

✔️ դիտորդների ցանկում ընդգրկված անձանց անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:

 

Ձև 3

Օրինակելի ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

______________________________________________

[Դիմող հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի լրիվ անվանումը,

համատեղ դիտորդության դեպքում՝ համատեղ անվանումը]

[Դիմողի անուն, հայրանուն, ազգանուն]

[էլեկտրոնային փոստի հասցե]

 

Դիմում

_____________________________________________________________________________________

նշվում է ընտրության անվանումը, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընրությունների դեպքում՝ նաև մարզը և համայնքը

 

20_   թվականի ______________ «____»-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականանցնելու նպատակով «ԶԼՄ ներկայացուցիչների և դիտորդների տվյալների առցանց ներկայացման համակարգ» (այսուհետ՝ համակարգ) մուտք գործելու և հավատարմագրման ներկայացվող անձանց տվյալները մուտքագրելու համար խնդրում եմ __________________________________________________________________________________________

 նշվում է հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի անվանումը, համատեղ դիտորդության դեպքում՝ համատեղ անվանումը և համատեղ դիտորդության կազմում ընդգրկված կազմակերպությունների անվանումները

տրամադրել օգտահաշիվ։

 

[Նշվում է հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի լրիվ անվանումը, համատեղ դիտորդության դեպքում՝ համատեղ դիտորդության կազմում ընդգրկված կազմակերպությունների անվանումները] հարկ վճարողի հաշվառման համարն է (համարներն են)

 

_____________________________________________________________________________________:

 

[Նշվում է հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի լրիվ անվանումը, համատեղ դիտորդության դեպքում՝ համատեղ անվանումը] անվանումն է անգլերեն

 

_____________________________________________________________________________________:

 

Տրամադրված օգտահաշվով գործողություններ կատարելու համար պատասխանատու`

 

անուն, հայրանուն, ազգանուն ____________________________________

հեռախոսահամար` ______________________________________________

 

Էլեկտրոնային ստորագրություն

 

Ձև 4

Օրինակելի ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

______________________________________________

[Դիմող հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի լրիվ անվանումը,

համատեղ դիտորդության դեպքում՝ համատեղ անվանումը]

[Դիմողի անուն, հայրանուն, ազգանուն]

[էլեկտրոնային փոստի հասցե]

 

ԴԻՄՈՒՄ

 

[Ընտրության անվանում, քվեարկության օր, ամիս, տարեթիվ]

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Խնդրում ենք հավատարմագրել

_____________________________________________________________________________________

դիմող հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի անվանում (համատեղ դիտորդության դեպքում՝ համատեղ անվանում)՝ հայերեն և անգլերեն լեզուներով

 

_____________________________________________________________________________________

հասցե, հեռախոսահամար

կողմից հավատարմագրման ներկայացվող անձանց՝ որպես դիտորդներ։

[Դիմումի ներկայացման օր, ամիս, տարեթիվ] դրությամբ դիտորդական առաքելության ֆինանսավորման աղբյուրը (ները) և գումարի չափը

_______________________________________________________________________________

[նշվում է հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) և գործունեության վերջին տարեկան հաշվետվության հրապարակման տարեթիվը]

 

Կից ներկայացվում են՝

1) կազմակերպության կանոնադրության պատճենը (համատեղ դիտորդական առաքելության դեպքում՝ համատեղ հանդես եկող կազմակեպությունների կանոնադրությունների պատճենները),

2) կազմակերպության կառավարման մարմնի կազմը (համատեղ դիտորդական առաքելության դեպքում՝ համատեղ հանդես եկող կազմակերպություններից յուրաքանչյուրի կառավարման մարմնի կազմը),

3) դիտորդների վարքագծի կանոնները,

4) համատեղ դիտորդական առաքելություն իրականացնելու մասին փաստաթուղթը,

5) Պարտավորագիրը,

6) հաշվետվությունների համար նախատեսված համակարգում հրապարակված տարեկան վերջին հաշվետվության պատճենը,

7) լիազորագիր, եթե դիմումը ստորագրված չէ այն անձի կողմից, որն իրավասու է առանց լիազորագրի ներկայացնել կազմակերպությունը։

Իրազեկում ենք, որ հասարակական կազմակերպությունը (կազմակերպությունները), հիմնադրամը (հիմնադրամները) ընդունել են դիտորդների վարքագծի կանոններ, որպես դիտորդ հավատարմագրման ներկայացվող անձանց համար կազմակերպել և անցկացրել են ընտրական օրենսդրության ու կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ուսուցում:

 

Էլեկտրոնային ստորագրություն (ստորագրություններ)

 

Ձև 5

 

ՊԱՐՏԱՎՈՐԱԳԻՐ

 

[Ընտրության անվանում, քվեարկության օր, ամիս, տարեթիվ] ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները հաշվի առնելով՝ հայտնում ենք, որ.

1) կազմակերպության կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր,

2) կազմակերպությունն օրենքով սահմանված կարգով հրապարակել է իր գործունեության վերջին տարեկան հաշվետվությունը,

3) կազմակերպության կառավարման մարմնի կազմում (բացառությամբ՝ ժողովի) որևէ անդամ չի մասնակցում տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով,

4) կազմակերպությունը չի աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին,

5) կազմակերպությունը չի կազմակերպում և չի իրականացնում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ քարոզչություն։

Հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի չորրորդ պարբերության համաձայն՝ ընդունվել են հասարակական կազմակերպության, հիմնադրամի (համատեղ դիտորդության դեպքում՝ համատեղ հանդես եկող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների) դիտորդների վարքագծի կանոններ և անցկացվել է ընտրական օրենսդրության ու կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ուսուցում։

Հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դիմումի ներկայացման օրվա դրությամբ դիտորդական առաքելության ֆինանսավորման աղբյուրներն ու չափերն են.

 

_____________________________________________________________________________________

ֆինանսավորման աղբյուրներն ու չափեր

 

_____________________________________________________________________________________

ֆինանսավորման աղբյուրներն ու չափեր

 

Պարտավորվում ենք հավատարմագրման ներկայացվող անձանց իրազեկել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով դիտորդին ներկայացվող հետևյալ պահանջների մասին.

✔️ դիտորդն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է պահպանել դիտորդական առաքելության վարքագծի կանոնները,

✔️ դիտորդն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է դրսևորել քաղաքական չեզոքություն, չկազմակերպել կամ չիրականացնել քարոզչություն կամ հակաքարոզչություն, հրապարակայնորեն որևէ կանխակալ դիրքորոշում չարտահայտել կամ նախապատվելի վերաբերմունք չդրսևորել թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ կապված որևէ հարցի նկատմամբ,

✔️ դիտորդների բոլոր եզրահանգումների համար պետք է հիմք հանդիսանան իրենց անձնական դիտարկումները,

✔️ դիտորդն իրավունք չունի միջամտելու ընտրական հանձնաժողովի աշխատանքներին և քվեարկության ընթացքին, իրականացնելու քարոզչություն, ընտրական հանձնաժողովի անդամներին տալու ցուցումներ,

✔️ դիտորդը պարտավոր է ընտրական հանձնաժողովում, իսկ քվեարկության ընթացքում՝ նաև քվեարկության սենյակում ներկա գտնվելու համար պարտադիր կարգով տեսանելի ձևով կրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրված սահմանված նմուշի վկայականը,

✔️ դիտորդը չպետք է խախտի Ընտրական օրենսգրքի պահանջներն այն եղանակով, որն էապես կխաթարի ընտրական հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ քվեարկության բնականոն ընթացքը,

 

որի համար ստորագրում եմ (ենք).

 

 

_________________________________:

         ստորագրություն (ստորագրություններ)

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրման հետ կապված հարցերով պատասխանատու նշանակել`

 

անուն, հայրանուն, ազգանուն ____________________________________

հեռախոսահամար` ______________________________________________։

(հավելվածը խմբ. 09.02.26 N 14-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հունվարի 2022 թվական: