ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 388-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 04-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.02-2026.02.15 Պաշտոնական հրապարակման օրը 11.02.2026
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
09.02.2026
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«09» փետրվարի 2026 թ.

N 04-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 388-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 22-ի N 391-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 388-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկմանը հաջորդող օրվանից:

 

ՆԱԽԱՐԱՐ`

 

2/9/2026

Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

 

 

 

«Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի

2026 թվականի փետրվարի 9-ի

N 04-Ն հրամանի

 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի 2012 թ. մայիսի 3-ի

N 388-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱԿԱՅԱԾ ՍՈՎՈՐՈՂԻ` ՀԱՋՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատություններում (այսուհետ` Հաստատություն) սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի` հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման հետ կապված հարաբերությունները:

 

2. ՍՈՎՈՐՈՂԻ` ԴԱՍԱՐԱՆԻՑ ԴԱՍԱՐԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՎԱՐՏՈՒՄԸ

 

2. 2025-2026 ուսումնական տարվանից Հայաստանի Հանրապետության բոլոր Հաստատությունների 5-ից 8-րդ և 10-11-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 (գնահատման 10-միավորային սանդղակից) միավոր ստացած սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան: 9-րդ դասարանի ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 (գնահատման 10-միավորային սանդղակից) միավոր և ավարտական քննություններից 8-20 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր ստացած սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան։

3. Ինտելեկտի (մտավոր) խնդիրներով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հաջորդ դասարան փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա՝ անկախ տարեկան գնահատականներից:

4. 12-րդ դասարանում ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 (գնահատման 10-միավորային սանդղակից) և պետական ավարտական բոլոր քննություններից 8-20 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր գնահատված շրջանավարտը ստանում է միջնակարգ կրթության ատեստատ և համարվում է Հաստատությունն ավարտած:

5. 2025-2026 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության բոլոր Հաստատությունների 1-4-րդ դասարաններում (Տավուշի մարզում՝ նաև Հաստատությունների 5-րդ դասարանի առաջին կիսամյակում) սովորողի կիսամյակային և տարեկան ամփոփիչ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ մյուս դասարաններում ուսումնական առարկաներից կիսամյակային և տարեկան գնահատականները ձևավորվում են սովորողի կիսամյակային գնահատականների հիման վրա էլեկտրոնային մատյանում՝ ինքնաշխատ եղանակով։

6. 2026-2027 ուսումնական տարվանից Հայաստանի Հանրապետության բոլոր Հաստատությունների 1-4-րդ դասարաններում սովորողի կիսամյակային և տարեկան ամփոփիչ, 5-րդ դասարանի առաջին կիսամյակի կիսամյակային գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ մյուս դասարաններում ուսումնական առարկաներից տարեկան գնահատականները ձևավորվում են սովորողի կիսամյակային գնահատականների, 5-րդ դասարանում՝ 2-րդ կիսամյակի կիսամյակային գնահատականների հիման վրա էլեկտրոնային մատյանում՝ ինքնաշխատ եղանակով։

7. «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի առարկաների պարապմունքներից առողջական վիճակի պատճառով սովորողի ազատված լինելը, ինչպես նաև չդասավանդվելու պատճառով որևէ առարկայից տարեկան գնահատական չունենալը չի ազդում սովորողի՝ հաջորդ դասարան փոխադրվելու կամ Հաստատությունն ավարտելու վրա:

8. 5-12-րդ դասարանների սովորողն առնվազն մեկ ուսումնական առարկայից տարեկան 1-3 (գնահատման 10-միավորային սանդղակից) միավոր գնահատված լինելու դեպքում վերաքննություն է հանձնում հուլիսի 2-8-ը, իսկ մասնակցության անհնարինության կամ մասնակցելու և 1-3 (գնահատման 10-միավորային սանդղակից) միավոր գնահատված լինելու դեպքում՝ օգոստոսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում։ Վերաքննությունների առաջադրանքները մշակվում են Հաստատության համապատասխան մեթոդական միավորումների կողմից: Վերաքննությունների արդյունքները կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրվում են ոչ ուշ, քան օգոստոսի 30-ը։ Վերաքննություններին չներկայանալու կամ վերաքննությունները հանձնելուց հետո առնվազն երկու առարկայից 1-3 (գնահատման 10-միավորային սանդղակից) միավոր ստանալու դեպքում սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան (12-րդ դասարանի սովորողը չի ավարտում Հաստատությունը) և կրկնում է տվյալ տարվա դասընթացը։

9. Սովորողը համարվում է գերազանց առաջադիմություն ունեցող սույն կարգի 13-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում:

10. Կրթության 2-րդ աստիճանի ավարտին որևէ առարկայից չգնահատված սովորողը «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական չի ստանում` բացառությամբ հետևյալ դեպքերի.

1) առողջության պատճառով «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի առարկաներից ազատված լինելը,

2) միջազգային պայմանագրի համաձայն` ուսումնառության ընթացքում մեկ անգամ, մեկ տարի արտերկրում ուսում ստացած և Հայաստանի Հանրապետություն վերադարձած սովորողի կողմից առանձին առարկաներ չուսումնասիրելը,

3) Հաստատությունում համապատասխան մասնագետի բացակայության պատճառով որևէ առարկա չուսումնասիրելը:

11. Կրթության 3-րդ աստիճանի ավարտին որևէ առարկայից չգնահատված սովորողը «Գերազանցության» նշումով միջնակարգ կրթության ատեստատ չի ստանում` բացառությամբ հետևյալ դեպքերի.

1) առողջության պատճառով «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի առարկաներից ազատված լինելը,

2) մինչև հանրակրթության նոր պետական չափորոշչի ներդրումը միջնակարգ կրթության երրորդ աստիճանում հոսքային ուսուցում իրականացնող կամ մասնագիտացված հանրակրթական Հաստատությունների բնագիտամաթեմատիկական և արհեստագործական հոսքերում ուսումնառության երեք տարիների ընթացքում «Հայոց եկեղեցու պատմություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների` ուսումնական պլաններով չնախատեսված լինելը,

3) միջազգային պայմանագրի համաձայն` ուսումնառության ընթացքում մեկ անգամ, մեկ տարի արտերկրում ուսում ստացած և Հայաստանի Հանրապետություն վերադարձած սովորողի կողմից առանձին առարկաներ չուսումնասիրելը,

4) Հաստատությունում համապատասխան մասնագետի բացակայության պատճառով որևէ առարկա չուսումնասիրելը:

12. «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայականի և միջնակարգ կրթության ատեստատի տրամադրման գործընթացը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հունիսի 22-ի N 609-Ն հրամանով:

13. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գովասանագրով սովորողները պարգևատրվում են տվյալ ուսումնական տարվա՝

1) այն դասարաններում, որտեղ տարեկան գնահատումն իրականացվում է բնութագրման միջոցով, «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ում իրականացվող բնութագրման «Ա» մակարդակում նվազագույնը 70% և «Բ» մակարդակում առավելագույնը 30% բնութագրված լինելու դեպքում,

2) մյուս դասարաններում բոլոր ուսումնական առարկաներից տարեկան 9-10 միավոր գնահատված լինելու դեպքում, իսկ 9-րդ և 12-րդ դասարաններում նաև ավարտական, պետական ավարտական քննություններից 18-20 միավոր գնահատված լինելու դեպքում։

 

3. ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

14. 4-րդ դասարանի ավարտին 1-4-րդ դասարաններում սովորողի տարեկան բնութագրերի հիման վրա Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ինքնաշխատ եղանակով իրականացվում է սովորողի ատեստավորում:

15. 4-րդ դասարանի այն սովորողը, որը տարեվերջյան ամփոփման արդյունքում հանրակրթության պետական չափորոշչով սահմանված՝ կրթական առաջին աստիճանի ակնկալվող վերջնարդյունքների՝ առաջադիմության բնութագրող գնահատման միջոցով արձանագրված ցածր արդյունքներ ունի, փոխադրվում է 5-րդ դասարան և 5-րդ դասարանի առաջին կիսամյակի ընթացքում ընդգրկվում է երկարօրյա խմբում` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 13-ի N 38-Ն հրամանի։

16. 9-րդ և 12-րդ դասարաններում անցկացվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների համապատասխանության ստուգում՝ պետական ամփոփիչ ատեստավորում։

17. 2025-2026 ուսումնական տարվանից Տավուշի մարզի Հաստատությունների 12-րդ դասարանների, իսկ 2026-2027 ուսումնական տարվանից Հայաստանի Հանրապետության բոլոր Հաստատությունների 12-րդ դասարանների քննական առարկաների պետական ավարտական քննական առաջադրանքները կազմվում են հանրակրթության պետական նոր չափորոշչի բովանդակությանը համապատասխան: Նշված քննություններին 2025-2026 ուսումնական տարում կարող են մասնակցել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում հանրակրթության պետական նոր չափորոշչի բովանդակությանը համապատասխան ուսուցումն իրականացրած Հաստատությունների 12-րդ դասարանների սովորողները:

18. Ինտելեկտի (մտավոր) խնդիրներով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ կարող են չմասնակցել պետական ամփոփիչ ատեստավորմանը: Այդ դեպքում նրանց տրվում է պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ)` առանց քննական գնահատականների:

19. Պետական ամփոփիչ ատեստավորման ժամանակ կիրառվում է միավորային գնահատում՝ բացառությամբ «Ֆիզկուլտուրա» առարկայի։

20. 9-րդ դասարանում անցկացվում են ավարտական քննություններ հետևյալ առարկաներից.

1) «Հայոց լեզու» (գրավոր)՝ թեստ, քննության տևողությունը՝ 120 րոպե,

2) ««Գրականություն» և «Հայաստանի պատմություն»»՝ էսսե, որի գնահատականը ձևավորվում է երկու առարկաներից ստացված գնահատականների միջին թվաբանականով՝ ըստ սահմանված կարգի,

3) «Մաթեմատիկա» (գրավոր)՝ թեստ, քննության տևողությունը՝ 120 րոպե,

4) «Օտար լեզու» (տվյալ Հաստատությունում դասավանդվող օտար լեզուներից՝ սովորողի ընտրությամբ, բանավոր),

5) «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներ՝ սովորողի ընտրությամբ գրավոր՝ թեստերի միջոցով, որոնք պետք է պարունակեն տեսական և գործնական բնույթի առաջադրանքներ, կամ 9-րդ դասարանի երկրորդ կիսամյակում իրականացված նախագծային աշխատանքի հիման վրա՝ առնվազն 2 բնագիտական առարկայի համադրմամբ):

6) «Ֆիզկուլտուրա» (ստուգարք),

7) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր),

8) Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից՝ բանավոր:

21. 9-րդ դասարանի ավարտական քննությունները կազմակերպվում են Հաստատություններում:

22. Ավարտական քննական առարկաների թեստերը կազմվում են Գնահատման և թեստավորման կենտրոնի (այսուհետ՝ ԳԹԿ) կողմից։

23. 9-րդ դասարանի սովորողի ավարտական քննության արդյունքը (8-20 միավոր) փոխանցվում է ավարտական փաստաթուղթ: Քննությանը չմասնակցելու կամ ավարտական քննություններից 1-7 (գնահատման 20 միավորային սանդղակից) միավոր գնահատված լինելու դեպքում սովորողը վերաքննություն է հանձնում տվյալ ուսումնական տարվա հուլիսի 2-8-ը, իսկ մասնակցության անհնարինության կամ մասնակցելու և 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր գնահատված լինելու դեպքում՝ օգոստոսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում։ Առաջադրանքները կազմվում են սույն կարգի 22-րդ կետի պահանջներին համապատասխան։ Վերաքննությունների արդյունքները կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրվում են ոչ ուշ, քան օգոստոսի 30-ը։ Վերաքննությունների արդյունքները (8-20 միավոր) փոխանցվում են ավարտական փաստաթուղթ: Վերաքննության արդյունքում առնվազն երկու առարկայից 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր գնահատված լինելու կամ վերաքննություններին չմասնակցելու դեպքում սովորողը կրկնում է տվյալ տարվա դասընթացը:

24. 12-րդ դասարանում հունվար կամ հունիս ամիսներին անցկացվում են պետական ավարտական քննություններ՝ հետևյալ առարկաներից`

1) «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» (գրավոր)՝ թեստ, քննության տևողությունը՝ 120 րոպե,

2) «Մաթեմատիկա» (գրավոր)՝ թեստ, քննության տևողությունը՝ 120 րոպե,

3) «Հայաստանի պատմություն» (գրավոր)՝ թեստ, քննության տևողությունը՝ 120 րոպե,

4) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր),

5) Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր):

25. Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին որևէ պատճառով չմասնակցելու, կամ մասնակցելու և գնահատման 20 միավորային սանդղակով 20 միավորից պակաս գնահատված լինելու դեպքում 12-րդ դասարանի սովորողին հնարավորություն է տրվում տվյալ առարկայից ավարտական քննություն հանձնել նաև հունիսին:

26. Ռուսերենով ուսուցմամբ 9-րդ և 12-րդ դասարանների «Մաթեմատիկա», 9-րդ դասարանի «Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»)» առարկաների թեստերը կազմվում են ռուսերենով։

27. Պետական ավարտական քննական առարկաների առաջադրանքները կազմվում են ԳԹԿ-ի կողմից։

28. Ռուսերենով ուսուցմամբ 9-րդ և 12-րդ դասարանների համար «Ռուս գրականություն» առարկայի առաջադրանքները կազմվում են Հաստատության մեթոդական միավորումների կողմից:

29. «Ֆիզկուլտուրա» առարկայի ստուգարքը 9-րդ և 12-րդ դասարաններում անցկացվում է նորմատիվների հանձնմամբ:

30. 12-րդ դասարանի սովորողը առնվազն մեկ առարկայից տարեկան 1-3 (այդ թվում` քննական առարկաներից) կամ հունիսին անցկացված պետական ավարտական քննություններից 1-7 միավոր գնահատված լինելու կամ քննության օրը չներկայանալու դեպքում վերաքննություն է հանձնում իր Հաստատությունում` տվյալ ուսումնական տարվա հուլիսի 2-8-ը, իսկ մասնակցության անհնարինության կամ մասնակցելու և 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր գնահատված լինելու դեպքում՝ օգոստոսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում: Առաջադրանքները կազմվում են սույն կարգի 23-րդ կետի պահանջներին համապատասխան։ Վերաքննությունների արդյունքները կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրվում են ոչ ուշ, քան տվյալ տարվա օգոստոսի 30-ը։

31. 12-րդ դասարանի սովորողը չի ավարտում Հաստատությունը, եթե վերաքննությունները հանձնելուց հետո առնվազն երկու ուսումնական առարկայից ստացել է 1-3 (գնահատման 10 միավորային սանդղակից) կամ առնվազն երկու ուսումնական առարկայի պետական ավարտական քննություններից 1-7 (գնահատման 20 միավորային սանդղակից) միավոր կամ չի մասնակցել վերաքննություններին:

32. 9-րդ և 12-րդ դասարանների սովորողները քննական որևէ առարկայից տարեկան 1-3 միավոր ունենալու դեպքում մասնակցում են տվյալ առարկայի ավարտական, պետական ավարտական քննություններին: Քննությունների արդյունքները հիմք են հանդիսանում հիմնական կրթության վկայականում կամ միջնակարգ կրթության ատեստատում տվյալ առարկայից տարեկան և քննական գնահատականներ նշանակելու համար, իսկ քննությանը չմասնակցելու կամ ավարտական, պետական ավարտական քննություններից 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր գնահատված լինելու դեպքում սովորողը վերաքննություն է հանձնում սույն կարգի 30-րդ կետով սահմանված ժամկետներում: Վերաքննությունների արդյունքները հիմք են հանդիսանում հիմնական կրթության վկայականում կամ միջնակարգ կրթության ատեստատում տվյալ առարկայից տարեկան և քննական գնահատականներ նշանակելու համար:

33. «Հանրահաշիվ» կամ «Երկրաչափություն» կամ «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» առարկաներից տարեկան 1-3 միավոր ունենալու դեպքում «Մաթեմատիկա» առարկայի ավարտական, պետական ավարտական քննությունների և վերաքննությունների արդյունքները հիմք են հանդիսանում տվյալ առարկայից տարեկան գնահատականներ նշանակելու համար:

34. «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն» առարկաներից տարեկան 1-3 միավոր ունենալու դեպքում «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաներից ավարտական, պետական ավարտական քննությունների և վերաքննությունների արդյունքները հիմք են հանդիսանում տվյալ առարկաներից տարեկան գնահատականներ նշանակելու համար։

35. 19 տարին լրացած՝ առնվազն մեկ առարկայից տարեկան 1-3 (գնահատման 10-միավորային սանդղակից) կամ քննական 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր գնահատված (այդ թվում` վերաքննության արդյունքներով), ավարտական, պետական ավարտական քննություններին չմասնակցած 9-րդ կամ 12-րդ դասարանների սովորողները դուրս են մնում Հաստատությունից: Այդ սովորողները կարող են հաջորդ տարի իրենց Հաստատությունում կամ սույն կարգի 37-րդ կետով սահմանված ընթացակարգով հանձնել քննություններ, ստանալ հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ:

36. 19 տարին լրացած, Հաստատությունից դուրս մնացած զորակոչված քաղաքացիները իրավունք ունեն քննություններ հանձնելու և հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալու.

1) ընթացիկ տարվա ամառային զորակոչին զինվորական ծառայության մեկնածները` օգոստոսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում` զորամասի հրամանատարության համաձայնությամբ` իրենց ուսումնառած Հաստատությունում,

2) ծառայության ընթացքում` զորամասի հրամանատարության համաձայնությամբ` իրենց ուսումնառած հաստատությունում, ավարտական, պետական ավարտական քննությունների և վերաքննությունների համար սահմանված ժամկետներում,

3) զորացրվելուց անմիջապես հետո իր ուսումնառած Հաստատությունում` ավարտական, պետական ավարտական քննությունների և վերաքննությունների համար սահմանված ժամկետներում:

37. 19 տարին լրացած Հաստատությունից դուրս մնացած քաղաքացին կարող է հաջորդ տարի նույն Հաստատությունում հանձնել քննություններ այն առարկաներից, որոնցից ունի տարեկան 1-3 (գնահատման 10-միավորային սանդղակից) կամ քննական 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր, իսկ նոր բնակավայր տեղափոխվելու դեպքում` այդ բնակավայրում գտնվող Հաստատություններից մեկում, կամ քննություն հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1507-Ն հրամանով հաստատված դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգի պահանջներին համապատասխան:

38. Սույն կարգի 35-37-րդ կետերով սահմանված կարգով և ժամկետներում հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ չստացած քաղաքացիները հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1507-Ն հրամանով հաստատված դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգի պահանջներին համապատասխան։

39. Հաստատությունում որևէ առարկա չդասավանդվելու պատճառով տվյալ առարկայից գնահատական չունեցող սովորողն իր ցանկությամբ այդ առարկայից կարող է քննություն հանձնել ընդհանուր հիմունքներով կամ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1507-Ն հրամանով հաստատված դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգի պահանջներին համապատասխան: Այդ քննության արդյունքը հիմք է միջնակարգ կրթության ատեստատում տարեկան, իսկ քննական առարկայի դեպքում` քննական և տարեկան գնահատականներ նշանակելու համար:

40. Հաստատության 9-րդ և 12-րդ դասարանի սովորողը կարող է քննություն հանձնել նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1507-Ն հրամանով հաստատված դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգի պահանջներին համապատասխան այն առարկաներից, որոնցից չունի քննական գնահատականներ:

 

4. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱԿԱՅԱԾ ՍՈՎՈՐՈՂԻ` ՀԱՋՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

41. Սովորողի բացակայությունների հաշվառումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում:

42. 2025-2026 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության բոլոր Հաստատությունների 12-րդ դասարանի (բացառությամբ Տավուշի մարզի) որևէ կիսամյակում 60 ժամից ավելի բացակայած սովորողի կիսամյակային գնահատականները որոշվում են լրացուցիչ գրավոր աշխատանքների միջոցով՝ տվյալ կիսամյակի ավարտին։

43. Հայաստանի Հանրապետության բոլոր Հաստատությունների 1-8-րդ և 10-11-րդ դասարաններում տարեկան 200 ժամից ավելի բացակայած սովորողը հանձնում է լրացուցիչ քննություններ ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից՝ գրավոր։ Սովորողի փոխադրման հարցը որոշվում է օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում՝ նրա հանձնած լրացուցիչ քննությունների կամ վերաքննությունների արդյունքներով: Լրացուցիչ քննությունների արդյունքները լրացվում են որպես կիսամյակային և տարեկան գնահատականներ այն դասարաններում, որտեղ կիրառվում է միավորային գնահատում։ Այն դասարաններում, որտեղ միավորային գնահատում չի կիրառվում, վերաքննությունների արդյունքները ներառվում են սովորողի կիսամյակային և տարեկան բնութագրերում։ Լրացուցիչ քննություններին կամ սույն կարգի 9-րդ կետով սահմանված ժամկետներում վերաքննություններին չներկայանալու կամ միավորային գնահատմամբ դասարաններում վերաքննության արդյունքում առնվազն երկու առարկայից 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր գնահատված լինելու դեպքում սովորողը կրկնում է տվյալ տարվա դասընթացը:

44. Հայաստանի Հանրապետության բոլոր Հաստատությունների 9-րդ և 12-րդ դասարաններում տարեկան 200 ժամից ավելի բացակայած սովորողը հանձնում է լրացուցիչ քննություններ ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից՝ գրավոր։ Լրացուցիչ քննությունների կամ վերաքննությունների արդյունքները լրացվում են որպես կիսամյակային և տարեկան գնահատականներ: Լրացուցիչ քննություններին կամ սույն կարգի 9-րդ կետով սահմանված ժամկետներում վերաքննություններին չներկայանալու կամ վերաքննության արդյունքում առնվազն երկու առարկայից 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր գնահատված լինելու դեպքում սովորողը կրկնում է տվյալ տարվա դասընթացը:

45. Բոլոր դասարանների լրացուցիչ քննական գրավոր աշխատանքների առաջադրանքները մշակվում են Հաստատության մեթոդական միավորումների կողմից` առնվազն 3 տարբերակով: Դրանք հաստատվում են Հաստատության տնօրենի կողմից:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 փետրվարի 2026 թվական: