ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 181-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 145-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.02-2026.02.15 Պաշտոնական հրապարակման օրը 12.02.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.02.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 փետրվարի 2026 թվականի N 145-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 181-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման, փորձաշրջանի սահմանման կարգը հաստատելու մասին» N 181-Ն որոշման՝

1) 1.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.

2) հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

ա. 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.

«1.1. Ուսումնական հաստատության տնօրենի նշանակումն իրականացվում է սույն կարգով սահմանված ընթացակարգով՝ բացառությամբ այն դեպքերի, որոնք սահմանված են սույն կարգի 49.1-ին կետում: Այդ դեպքերում լիազոր մարմինը կարող է կիրառել տնօրենի նշանակման գործուղման ընթացակարգը:»,

բ. 2-րդ կետը «հարցազրույցի անցկացում» բառերից հետո լրացնել «(հարցազրույցի անցկացման օրվա և ժամի մասին հավակնորդը ծանուցվում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հարթակում (այսուհետ՝ հարթակ), ինչպես նաև սույն կարգի 23-րդ կետով սահմանված համակարգող քարտուղարի կողմից իրականացվող հեռախոսազանգի միջոցով)» բառերով,

գ. 6-րդ կետի 2-րդ ենթակետում վերջակետ կետադրական նշանը փոխարինել միջակետ կետադրական նշանով,

դ. 6-րդ կետը 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.

«3) պետական ուսումնական հաստատություն գործուղվող տնօրենը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգի:»,

ե. 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով.

«7.1. Սույն կարգով սահմանված մրցույթը կարող է իրականացվել նաև գործուղման ձևով՝ սույն կարգի 1.1-ին և 49.1-ին կետերով սահմանված առանձնահատկություններին համապատասխան։»,

զ. 8-րդ, 9-րդ և 9.1-ին կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Լիազոր մարմինը հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը՝ համաձայն N 1 ձևի, ներկայացնում է հրապարակման Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հարթակում (այսուհետ՝ հարթակ):

9. Հայտարարված մրցույթների դեպքում սույն կարգի 7-րդ կետով սահմանված մրցույթին մասնակցելու համար հավակնորդը մասնակցության հայտը և զարգացման ծրագիրը ներկայացնում է միայն էլեկտրոնային եղանակով՝ հարթակում հայտարարության հրապարակման օրվանից սկսած 15 աշխատանքային օրվա ընթացքում:

9.1. Գործուղման շրջանակում մրցույթին մասնակցող անձը ներկայացնում է փաստաթղթերը և զարգացման ծրագիրը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով։»,

է. 12.1-ին կետի 4-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նաև նախարար)» բառերը փոխարինել «նախարարի» բառով,

ը. 21-րդ կետի 1-ին ենթակետում «նախարարության ենթակայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) ենթակայության» բառերով,

թ. 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30. Փորձաքննությունն իրականացվում է ուղղակի կամ մրցութային դրամաշնորհի արդյունքում ընտրված կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) կողմից՝ բացառությամբ գործուղման դեպքերի, որոնց դեպքում զարգացման ծրագրի գնահատումն իրականացվում է մասնագիտական հանձնաժողովի կողմից՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգին և սույն կարգով սահմանված ընդհանուր սկզբունքներին համապատասխան՝ հաշվի առնելով գործուղման առանձնահատկությունները։»,

ժ. 35-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Գործուղման շրջանակում անցկացվող հարցազրույցը համարվում է սույն կարգով սահմանված հարցազրույցի տեսակ և իրականացվում է սույն կարգով սահմանված ընդհանուր պահանջներին համապատասխան։»,

ժա. 37-րդ կետը «(առանց փորձաշրջանի)» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ գործուղման ընթացակարգի շրջանակում հարցազրույցի փուլը հաղթահարած անձի դեպքում» բառերով,

ժբ. 39-րդ կետը «(հավակնորդների)» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ գործուղման շրջանակում հարցազրույցի փուլը հաղթահարած անձի» բառերով,

ժգ. 49-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 49.1-ին կետով.

«49.1. Սույն կարգով սահմանված մրցույթների՝ երեք կամ ավելի անգամ չկայանալու կամ այն դեպքում, երբ տնօրենն ազատվել է աշխատանքից, հաստատության ցածր կատարողական ունենալու պատճառով աջակցություն ստանալուց հետո առաջընթաց չապահովելու հետևանքով և երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքում թափուր տեղը չի համալրվել, լիազոր մարմինը կարող է կիրառել տնօրենի նշանակման գործուղման ընթացակարգը, որը իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

12.02.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 փետրվարի 2026 թվական: