ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-11-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.02-2026.02.15 Պաշտոնական հրապարակման օրը 13.02.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.01.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հունվարի 20-ին

 

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 «Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում «բնակվելու,» բառը փոխարինել «բնակվելու, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով,» բառերով։

 

Հոդված 2 Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) երկրորդ պարբերությունից հանել «արտոնագիր կամ» և «(այսուհետ` մուտքի վիզա)» բառերը․

2) երրորդ պարբերության «տարածքում որոշակի ժամկետով» բառերը փոխարինել «տարածքում՝ այդ կարգավիճակը հավաստող փաստաթղթի վավերականության ժամկետներում» բառերով․

3) չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«մշտական կացության կարգավիճակ` Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի թույլտվություն, որն օտարերկրացուն իրավունք է տալիս բնակվելու Հայաստանի Հանրապետության տարածքում՝ այդ կարգավիճակը հավաստող փաստաթղթի վավերականության ժամկետներում.».

4) հինգերորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

5) վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու թույլտվություն՝ միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից շահագործվող էլեկտրոնային հարթակներում մուտքագրվող էլեկտրոնային հաստատում, որը թույլ է տալիս օտարերկրացուն ձեռք բերել աշխատանքային մուտքի վիզա կամ ժամանակավոր կացության կարգավիճակ կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական գտնվելու ժամկետում աշխատել Հայաստանի Հանրապետությունում.».

6) տասնչորսերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«էլեկտրոնային միասնական հարթակ՝ էլեկտրոնային հարթակ, որի կիրառմամբ սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն իրականացնում է օտարերկրացիներին ժամանակավոր կամ մշտական կարգավիճակ տալու, ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու, կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը փոխանակելու, աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու թույլտվություն տալու վարույթները, այդ վարույթների շրջանակում ապահովում է պետական մարմինների, գործատուների, ուսումնական հաստատությունների, քաղաքացիների և օտարերկրացիների միջև ծանուցումների, տեղեկատվության և փաստաթղթերի փոխանակումը.».

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ տասնհինգերորդ և տասնվեցերորդ պարբերություններով.

«օրինական բնակության իրավունք՝ ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ, ինչպես նաև սույն օրենքով (բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված տեղեկանքի) կամ «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ միջազգային պայմանագրերով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող այլ կարգավիճակ․

քվոտա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարվա համար սահմանվող կացության կարգավիճակների սահմանաչափի նախատեսում՝ ըստ կացության կարգավիճակների տեսակի, քանակի և հիմքերի։»։

 

Հոդված 3 Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3․ Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված կատեգորիայի օտարերկրացին Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելուց անմիջապես հետո պարտավոր է դիմել միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին՝ իր և իր ընտանիքի անդամների՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ստանալու համար:

Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված կատեգորիայի օտարերկրացուն և նրա ընտանիքի անդամին բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք տալու դիմումները քննարկելու, ներառյալ՝ կարգավիճակը հավաստող փաստաթուղթը տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով, որը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով հնարավոր է վճարել նաև առցանց:»․

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4․ Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով սահմանված օտարերկրացուն իրավասու մարմնի ներկայացմամբ միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը տրամադրում է տեղեկանք և հանրային ծառայությունների համարանիշ, եթե այդ անձը չունի Հայաստանի Հանրապետությունում կացության այլ կարգավիճակ: Տեղեկանքի ձևը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ա» կետից հանել «(սույն օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասի «գ» կամ «դ» կետերով նախատեսված դեպքերում)» և «աշխատանքային գործունեություն կատարելու,» բառերը.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով.

«ե) աշխատանքային մուտքի վիզա՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում կարճաժամկետ աշխատանքային գործունեություն իրականացնելու կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար Հայաստանի Հանրապետության տարածքից դիմում ներկայացնելու կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթն ստանալու համար՝ մինչև 120 օր գտնվելու իրավունքով մեկանգամյա կամ բազմակի մուտքի համար՝ առանց երկարաձգման հնարավորության։ Աշխատանքային մուտքի վիզան տրվում է տվյալ օրացուցային տարվա ընթացքում միայն մեկ անգամ։».

3) 4-րդ մասի երկրորդ պարբերությունը «վիզաների տեսակները» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև տրամադրում է սույն հոդվածի 1-ին մասի «ե» կետում նշված մուտքի վիզան, որոնց տրամադրման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի նպատակը փոխելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով։

 

Հոդված 6 Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «բ» կետը «կացության» բառից հետո լրացնել «կամ փախստականի» բառերով․

2) 4-րդ մասի առաջին պարբերության «քարտ (Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր)» բառերը փոխարինել «կամ փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթուղթ» բառերով:

 

Հոդված 7 Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «գ» կետն ուժը կորցրած ճանաչել․

2) 2-րդ մասի «, մշտական և հատուկ» բառերը փոխարինել «և մշտական» բառերով, իսկ «, մշտական կացության քարտը և հատուկ անձնագիրը» բառերը՝ «և մշտական կացության քարտը» բառերով․

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.

«2.2. Օտարերկրացին Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է ունենալ օրինական բնակությունը հավաստող միայն մեկ կարգավիճակ:».

4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալու վարույթն իրականացվում է միայն էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով, որը վարում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը։ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տալու դիմումները քննարկելու, ներառյալ՝ կարգավիճակը հավաստող փաստաթուղթը տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով, որը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով հնարավոր է վճարել նաև առցանց:»:

 

Հոդված 8 Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին պարբերության «մեկ տարի և ավել» բառերը փոխարինել «մինչև մեկ տարի» բառերով․

2) 1-ին մասի «ա» և «բ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«ա) ֆորմալ կամ ոչ ֆորմալ կրթական ծրագրերում, մասնագիտական վերապատրաստման դասընթացներում, կրթական փոխանակման ծրագրերում ուսումնառությունը, ինչպես նաև գիտատեխնոլոգիական կամ նորարարական (ինովացիոն) գործունեություն իրականացնելը.

բ) սույն օրենքի համաձայն՝ աշխատանքային վիզայի, աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու թույլտվության կամ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կամ 13-րդ կետով սահմանված իրավունքի առկայությունը կամ»․

3) 1-ին մասի «գ» կետն ուժը կորցրած ճանաչել.

4) 1-ին մասի «դ» և «ե» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում կացության կամ փախստականի կարգավիճակ ունեցող օտարերկրացու ընտանիքի անդամ՝ ամուսին, ծնող, զավակ լինելը կամ

ե) ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը.».

5) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2. Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչև մեկ տարի ժամկետով:»․

6) 3-րդ մասի ««գ» և «դ» կետերով» բառերը փոխարինել ««դ» կետով» բառերով։

 

Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 16. Մշտական կացության կարգավիճակ տալու հիմքերը և ժամկետները

 

1. Մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացուն, եթե նա`

ա) ապացուցում է Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ընտանիքի անդամի (ամուսնու, ծնողի, զավակի) առկայությունը, Հայաստանի Հանրապետությունում ապահովված է բնակարանով ու գոյության միջոցներով և մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելը օրենքով սահմանված կարգով վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարի ժամկետով Հայաստանի Հանրապետությունում ունեցել է ժամանակավոր կացության կարգավիճակ կամ

բ) ազգությամբ հայ է կամ

գ) Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն և մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելը օրենքով սահմանված կարգով վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարի ժամկետով Հայաստանի Հանրապետությունում ունեցել է ժամանակավոր կացության կարգավիճակ կամ

դ) Հայաստանի Հանրապետությունում ներդրում է կատարել կամ

ե) Հայաստանի Հանրապետությանը մատուցել է բացառիկ ծառայություններ։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով մշտական կացության կարգավիճակը տրվում է հինգ տարի ժամկետով:»։

 

Հոդված 10 Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«Հոդված 17. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի ներկայացումը, քննարկումը, որոշման կայացումը և ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակներ ունեցող օտարերկրացիների հաշվառումը

 

1. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմումը էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով ներկայացվում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին:

2. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալը, մերժելը, կացության քարտ տրամադրելը, կացության կարգավիճակ տալու մասին որոշումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելը էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով իրականացնում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

3. Էլեկտրոնային միասնական հարթակի կիրառմամբ ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի քննարկման հայտերի լրացման և ներկայացման, օտարերկրացիներին ժամանակավոր կամ մշտական կարգավիճակ տալու, ծանուցման կարգը, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, վարչական մարմինների միջև տեղեկատվությունը, փաստաթղթեր փոխանակելու կարգը և հարթակի տեխնիկական նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալու կամ մերժելու մասին որոշումը, բացառությամբ 16-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված հիմքի, կայացնում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը դիմումը ներկայացնելու օրվանից 30-օրյա ժամկետում՝ հիմք ընդունելով նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ տվյալ տարվա կացության կարգավիճակների սահմանաչափի վերաբերյալ քվոտային ցուցանիշները։

Եթե ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալու վարույթի ընթացքում լրացել է օտարերկրացու՝ Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական գտնվելու կամ բնակվելու ժամկետը, ապա մինչև վարույթի ավարտը և միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից որոշման կայացումը օտարերկրացու գտնվելը Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում է օրինական։

5․ Սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված հիմքով օտարերկրացուն մշտական կացության կարգավիճակ տրվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ։

6. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին հաշվառում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը էլեկտրոնային միասնական հարթակի կիրառմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

7․ Օտարերկրացին ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակի քարտը, բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքը միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնից ստանում է անձամբ՝ տրամադրելով կենսաչափական տվյալները՝ մատնահետքերը և ստորագրության էլեկտրոնային օրինակը, բացառությամբ 16 տարին չլրացած օտարերկրացիների, որոնց օրինական բնակության իրավունքը հավաստող փաստաթուղթն ստանում է ծնողը կամ օրինական ներկայացուցիչը։

8․ Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին, բացառությամբ 16-րդ հոդվածի 1-ին մասի «դ» և «ե» կետերով նախատեսված հիմքերով կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու, Հայաստանի Հանրապետությունից 183 օր և ավելի բացակայելու դեպքում այդ մասին էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով 183-օրյա ժամկետը լրանալու պահից հաշվարկված ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում ծանուցում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին։

9․ Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու վարույթի ընթացքում կացության կարգավիճակ ստանալու դիմում ներկայացրած անձը էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով ծանուցվում է հայտնաբերված սխալները, վրիպակները շտկելու, ինչպես նաև ոլորտը կարգավորող օրենսդրությամբ պահանջվող տեղեկություններ կամ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին։

Եթե ժամանակավոր կամ մշտական կացություն ստանալու դիմում ներկայացրած անձը էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով ծանուցումն ստանալու պահից հնգօրյա ժամկետում չի կատարում ծանուցմամբ նշված գործողությունը, ապա էլեկտրոնային միասնական հարթակն ինքնաշխատ եղանակով կասեցնում է վարույթը:

10․ Եթե ժամանակավոր կամ մշտական կացություն ստանալու դիմում ներկայացրած անձը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն, կասեցված վարույթը վերսկսելու հետ կապված գործողություններ չի կատարում մեկ ամսվա ընթացքում, ապա էլեկտրոնային միասնական հարթակն ինքնաշխատ եղանակով կարճում է վարույթը:»։

 

Հոդված 11 Օրենքի 18-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 12 Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«Հոդված 19. Կացության կարգավիճակ տալը մերժելու հիմքերը

 

1․ Օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը կարող է մերժվել, եթե՝

1) օտարերկրացին արտաքսվել է Հայաստանի Հանրապետության տարածքից կամ զրկվել է կացության կարգավիճակից, և արտաքսման որոշման կատարման պահից կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից չի անցել երեք տարի.

2) օտարերկրացին դատապարտվել է Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով չի մարվել կամ վերացվել.

3) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում է այն կամ այնպիսի կազմակերպության անդամ է, որի նպատակն է՝

ա․ վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,

բ․ իրականացնել ահաբեկչական գործունեություն,

գ․ սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր,

դ․ իրականացնել մարդու թրաֆիքինգ կամ շահագործում, պետական սահմանի ապօրինի հատում կամ անօրինական միգրացիայի կազմակերպում.

4) օտարերկրացին տառապում է սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով.

5) գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին ուղղված հիմնավորված սպառնալիքներ.

6) կացության կարգավիճակ հայցելիս օտարերկրացին ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ, կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը.

7) օտարերկրացին սույն օրենքը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական պատասխանատվության ենթարկվելու պահից անցել է մեկ տարի, կամ մինչև մեկ տարին լրանալը կատարել է վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը.

8) վերացել է կացության կարգավիճակ տալու հիմքը.

9) սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում օտարերկրացու հետ չի կնքվել աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիր, կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «զ1» կետի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալուց հետո կարգավիճակը ստանալու համար հիմք հանդիսացող կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը լուծվել է, և

15 աշխատանքային օրվա ընթացքում օտարերկրացու հետ նոր կամավոր աշխատանքի մասին պայմանագիր չի կնքվել․

10) սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ» և «դ» կետերում նշված մուտքի վիզաներից որևէ մեկով օտարերկրացին ժամանել է Հայաստանի Հանրապետություն և առանց մուտքի վիզայի տեսակը փոխելու դիմել է սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար․

11) սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով օտարերկրացին մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն և առանց աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու թույլտվություն ստանալու դիմել է սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքերով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար․

12) առկա է դատարանի՝ օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության տարածքից արտաքսելու կամ վտարելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշում․

13) լրացել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված քվոտան։

2․ Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում օրինական կարգով բնակվող ամուսին, ծնող կամ զավակ ունեցող անձանց վրա։»։

 

Հոդված 13 Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«Հոդված 20. Կացության կարգավիճակ տալու վերաբերյալ դիմումի մերժման բողոքարկումը»․

 

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․ «Ժամանակավոր մնալու թույլտվություն տալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»․

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4․ Կացության կարգավիճակ տալը մերժելու դեպքում օտարերկրացին մեկ տարի հետո կրկին կարող է դիմել կացության կարգավիճակ ստանալու համար, որի մասին նշում է կատարվում մերժման մասին որոշման մեջ: Սույն մասի դրույթները չեն տարածվում 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ կետերով և 27-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված մերժման հիմքերի վրա։ Նշված հիմքերով մերժման որոշում կայացնելու դեպքում օտարերկրացին կրկին կարող է դիմել կացության կարգավիճակ ստանալու համար, եթե վերացել են մերժման համար հիմք հանդիսացող հանգամանքները:»։

 

Հոդված 14. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«Հոդված 21.

Կացության կարգավիճակը կամ բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք տալու վերաբերյալ որոշումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու հիմքերը, կացության կարգավիճակն անվավեր ճանաչելու հետևանքները

 

1․ Օտարերկրացուն տրված կացության կարգավիճակը կամ սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով բնակության օրինականությունն ուժը կորցրած է ճանաչում միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը, եթե՝

1) վերացել են օտարերկրացուն կացության կարգավիճակ տալու հիմքերը.

2) օտարերկրացին կացության կարգավիճակն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել.

3) օտարերկրացին ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.

4) օտարերկրացին ձեռք է բերել փախստականի կարգավիճակ.

5) մինչև ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետի ավարտը օտարերկրացու հետ լուծվել է աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիրը, և աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի միջոցով 15 աշխատանքային օրվա ընթացքում չի կնքվել նոր պայմանագիր․

6) մինչև ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետի ավարտը օտարերկրացու հետ լուծվել է օրենքով սահմանված կարգով կնքված կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը, և 15 աշխատանքային օրվա ընթացքում օտարերկրացու հետ նոր կամավոր աշխատանքի մասին պայմանագիր չի կնքվել.

7) օտարերկրացին չի կատարել սույն օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ կետով իր վրա դրված պարտավորությունը․

8) օրենքով նախատեսված այլ դեպքերում։

2․ Օտարերկրացուն տրված կացության կարգավիճակն անվավեր է ճանաչվում, և օտարերկրացին զրկվում է կացության կարգավիճակից, եթե`

1) պարզվել է, որ կացության կարգավիճակ ստանալիս նա ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ, կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը.

2) Հայաստանի Հանրապետությունում նրա գտնվելն սպառնում է Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին:

3․ Կացության կարգավիճակն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու մասին որոշման եզրափակիչ մասում պետք է արտացոլված լինեն նաև կացության կարգավիճակից զրկված լինելու, Հայաստանի Հանրապետության տարածքից օտարերկրացու կամավոր հեռանալու ժամկետների, մինչև Հայաստանի Հանրապետության տարածքից հեռանալը նրա բնակվելու վայրի, առանց թույլտվության այդ բնակության վայրը թողնելու արգելքի մասին նշումները:

4. Կացության կարգավիճակն անվավեր ճանաչելու հետևանքով կացության կարգավիճակից զրկված օտարերկրացու վերաբերյալ տվյալները ներմուծվում են սույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասում նշված տվյալների բանկ:»:

 

Հոդված 15. Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«ԳԼՈՒԽ 4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ»:

 

Հոդված 16. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 17 Օրենքի 22.1-ին հոդվածի 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 18 Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«Հոդված 23. Հայաստանի Հանրապետությունում առանց աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու թույլտվություն ստանալու աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու իրավունք ունեցողները

 

1. Հայաստանի Հանրապետությունում առանց աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու թույլտվություն ստանալու աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու իրավասություն ունեն`

1) Հայաստանի Հանրապետությունում մշտական կացության կարգավիճակ ունեցողները՝ կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով.

2) սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ», «ե» կամ «զ» կետերով նախատեսված հիմքերով Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցողները` կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով.

3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների և դրանց ներկայացուցչությունների աշխատակիցների ընտանիքի անդամները` փոխադարձության սկզբունքի հիման վրա.

4) կինեմատոգրաֆիայի, թատրոնի, համերգային շրջագայությունների նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող կատարողները, արտիստները և այդ միջոցառումների համար պատասխանատու վարչական և տեխնիկական սպասարկման անձնակազմը՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում.

5) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա ժամանող մասնագետները կամ այլ անձինք՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում.

6) լրատվական գործունեություն իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների հավատարմագրված ներկայացուցիչները՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում.

7) Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող, փախստականի կարգավիճակ ունեցող և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած օտարերկրացիները` համապատասխան կարգավիճակի ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով.

8) տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներին մասնակցելու նպատակով ժամանած անձինք՝ այդ աշխատանքներում մասնակցելու ամբողջ ժամանակահատվածի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում.

9) համատեղ իրականացվող վարույթներով հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքներում ներգրավվելու նպատակով ժամանած մասնագետները՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում.

10) oրենքով սահմանված կարգով զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի կարգավիճակ ունեցող անձինք և հատուկ կատեգորիայի զոհի օրինական ներկայացուցիչը՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու կամ կացության կարգավիճակը չգերազանցող ժամկետում.

11) Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի իրավունք ունեցող օտարերկրացիները՝ հանրային ծառայության համարանիշի առկայության դեպքում.

12) օտարերկրացի դատապարտյալները կամ կալանավորված անձինք, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիները՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված տեղեկանքի և հանրային ծառայության համարանիշի առկայության դեպքում.

13) համապատասխան միջազգային պայմանագրերի հիման վրա արձակուրդների ժամանակ աշխատանքային փոխանակումների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում աշխատանք կատարող ուսանողները.

14) ազգությամբ հայ այն օտարերկրացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որն սպառնում է այդ անձանց կյանքին կամ առողջությանը՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում: Անձանց կյանքին կամ առողջությանն սպառնացող արտակարգ իրավիճակի վերաբերյալ դիրքորոշումը տրամադրում է արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը՝ միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի գրավոր հարցման հիման վրա։»։

 

Հոդված 19 Օրենքի 24-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 20 Օրենքի 25-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 21 Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«Հոդված 27. Օտարերկրացու հետ աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումը

1. Օտարերկրացու հետ աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան` սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրված կացության կարգավիճակի, աշխատանքային վիզայի կամ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու թույլտվության ժամկետը չգերազանցող ժամկետով, բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի:

Եթե մինչև սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «զ1» կետերի հիմքով տրված ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետի ավարտը լուծվել է օտարերկրացու հետ կնքված աշխատանքային, ծառայությունների մատուցման կամ կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը, ապա օտարերկրացին կարող է 15 աշխատանքային օրվա ընթացքում կնքել նոր պայմանագիր։

Աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագրում պետք է ներառվեն նաև օտարերկրացի աշխատողի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետություն փոխադրման, սոցիալական ապահովության և ապահովագրության, դիմավորման, կացարանով ապահովման և բնակության վայրում հաշվառման և վերադարձի հետ կապված հարցերը:

2․ Օտարերկրացու հետ աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելը մերժվում է, եթե`

1) տվյալ աշխատանքը կատարելու համար Հայաստանի Հանրապետության օրենքներով պահանջվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.

2) ներկայացված տեղեկատվությունը կամ փաստաթղթերը սխալ են կամ կեղծված են.

3) գործատուն, որի մոտ պետք է աշխատի տվյալ օտարերկրացին, նախկինում խախտել է օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու պահանջները։

3․ Սույն հոդվածի 2-րդ մասով նշված հիմքերով մերժվում է նաև աշխատանքային մուտքի վիզա տալու կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տալու դիմումը։

4․ Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում նշված օտարերկրացիների հետ գործատուներն աշխատանքային պայմանագիր են կնքում աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։»։

 

Հոդված 22 Օրենքի 28-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 23. Օրենքի 29-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «ժամանակավոր կացության կարգավիճակ» բառերից հետո լրացնել «կամ աշխատանքային մուտքի վիզա» բառերով․

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 24 Օրենքի 29․1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 25 Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29․3-29․7-րդ հոդվածներով․

 

«Հոդված 293 Ուսումնառության հիմքով ժամանակավոր կացություն տալը

 

1. Օտարերկրացիները կարող են Հայաստանի Հանրապետությունում ստանալ ֆորմալ և ոչ ֆորմալ ուսումնառության կամ գիտատեխնոլոգիական կամ նորարարական (ինովացիոն) գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով, եթե առկա է Հայաստանի Հանրապետությունում գործող հանրակրթական, արհեստագործական, միջին մասնագիտական, բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող հաստատության, գիտական կազմակերպության կամ համապատասխան իրավասություն ունեցող և ծառայություն մատուցող կազմակերպությունների և օտարերկրացու միջև կնքված տվյալ հաստատությունում կամ կազմակերպությունում օտարերկրացու ուսումնառության կամ գիտատեխնոլոգիական կամ նորարարական (ինովացիոն) գործունեության մասին պայմանագիր։

2. Հանրակրթական, արհեստագործական, միջին մասնագիտական, բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունները և գիտական կազմակերպությունները էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով ներկայացնում են դիմում, ուսումնառության կամ գիտատեխնոլոգիական կամ նորարարական (ինովացիոն) գործունեության մասին պայմանագիր և այլ փաստաթղթեր, եթե դրանք սահմանված են սույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Ոչ ֆորմալ կրթության (ուսումնառության) հիմքով համապատասխան ուսումնական հաստատությունը կամ այդ գործառույթն իրականացնելու իրավասություն ունեցող կազմակերպությունը և (կամ) ծառայություն մատուցող կազմակերպությունը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումը ներկայացնում են էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով։

4. Ոչ ֆորմալ կրթության (ուսումնառության) հիմքով կացության կարգավիճակի տրամադրման դիմում կարող են ներկայացնել կրթական գործունեություն իրականացնող հաստատությունները և (կամ) կազմակերպությունները։ Եթե ոչ ֆորմալ կրթության (ուսումնառության) ծրագիր իրականացնում է կազմակերպությունը, որի հիմնական գործունեության ոլորտը կրթական ծրագրեր իրականացնելը չէ, ապա այդ կազմակերպությունը էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պետք է ներկայացնի ոչ ֆորմալ կրթության (ուսումնառության) հիմքով օտարերկրացուն կացության կարգավիճակի տրամադրման դիմում ներկայացնելու թույլտվություն ստանալու դիմում։ Դիմումի մասին դրական կամ բացասական եզրակացություն է տալիս կրթության ոլորտում պետական կառավարման լիազոր մարմինը։

5․ Ուսումնառության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած օտարերկրացուն ժամանակավոր կացության կարգավիճակ է տրվում՝ հիմք ընդունելով ուսումը կազմակերպող հաստատության հետ կնքված պայմանագրում նշված ժամկետը, բայց ոչ ավելի, քան ժամանակավոր կացության կարգավիճակի համար օրենքով նախատեսված ժամկետը:

6․ Ուսումնառության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակն ուժը կորցրած է ճանաչվում, եթե՝

1) ուսումնական հաստատությունը լուծել է օտարերկրացու հետ կնքված ուսման մասին պայմանագիրը, կամ կրթությունը (ուսումնառությունը) օրենքով սահմանված կարգով ընդհատվել է.

2) օտարերկրացին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ազատազրկման կամ սույն օրենքով սահմանված կարգով արտաքսվել է Հայաստանի Հանրապետությունից.

3) օտարերկրացուն կարգավիճակի տրամադրման դիմում ներկայացրած իրավաբանական անձը լուծարվել է, վերակազմակերպվել է կամ դադարեցրել է իրականացնել համապատասխան կրթական, ուսումնական կամ գիտական գործունեությունը:

7. Օտարերկրացուն կրթության կամ ուսումնառության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման դիմում ներկայացրած իրավաբանական անձը սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքում պարտավոր է էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին տեղեկացնել օտարերկրացու հետ կնքված կրթության (ուսումնառության) մասին պայմանագիրը լուծելու կամ կրթությունը (ուսումնառությունը) սահմանված կարգով ընդհատվելու մասին լուծելու կամ ընդհատելու օրվանից 10-օրյա ժամկետում։

 

Հոդված 29․4․ Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հիմքով ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալը

 

1. Օտարերկրացիները կարող են Հայաստանի Հանրապետությունում ստանալ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հիմքով ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Ձեռնարկատիրական գործունեության հիմքով կացության կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը՝ էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով կամ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում՝ օտարերկրացին անձամբ՝ գրանցվելով էլեկտրոնային միասնական հարթակում։

3. Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը կարող է հիմք լինել կացության կարգավիճակ ստանալու համար, եթե օտարերկրացին Հայաստանի Հանրապետությունում առևտրային կազմակերպության մասնակից կամ բաժնետեր կամ արժեթղթերի սեփականատեր է և առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդրել է առնվազն երկու միլիոն դրամ կամ ձեռք է բերել երկու միլիոն դրամ արժեքով բաժնետոմսեր կամ արժեթղթեր կամ հանդիսանում է անհատ ձեռնարկատեր, ունի անհատ ձեռնարկատիրոջ տարբեր արժույթներով հաշիվներին դրամային արտահայտմամբ առնվազն մեկ միլիոն դրամի չափով գումար կամ դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 60 օրվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեության արդյունքով ունի մեկ միլիոն դրամի կամ դրան համարժեք արտարժույթի դրամաշրջանառություն։

4. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հիմքով ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստացած օտարերկրացուն նույն հիմքով նոր կացության կարգավիճակ է տրվում, եթե առկա է դիմում և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված՝ ձեռնարկատիրական գործունեության շարունակականությունը հաստատող էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով ստացված տեղեկատվություն, իսկ այդպիսի տեղեկատվության բացակայության դեպքում՝ օտարերկրացու կողմից ներկայացված փաստաթղթեր:

5․ Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հիմքով կացության կարգավիճակը ճանաչվում է ուժը կորցրած, եթե առևտրային կազմակերպությունից դուրս է հանվել կանոնադրական կապիտալում ներդրած կապիտալը, կամ այն պակաս է մեկ միլիոն դրամից, կամ բաժնետոմսերի կամ արժեթղթերի արժեքը պակաս է մեկ միլիոն դրամից, կամ կացության կարգավիճակն ստանալուց հետո՝ 180-օրյա ժամկետում, պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանում ձեռնարկատիրական գործունեության արդյունքով հաշվարկված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է։ Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հիմքով կացության կարգավիճակն ուժը կորցրած չի ճանաչվում, եթե օտարերկրացին՝

1) առևտրային կազմակերպությունից կանոնադրական կապիտալը դուրս հանելու պահի դրությամբ ունի դրան համարժեք կատարված ներդրում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մեկ այլ առևտրային կազմակերպությունում կամ

2) առևտրային կազմակերպությունից դուրս է հանել կանոնադրական կապիտալում ներդրված կապիտալը և հաջորդող մեկ ամսվա ընթացքում այն ներդրել է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մեկ այլ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում։

 

Հոդված 29․5․ Ընտանեկան հանգամանքների կամ ազգությամբ հայ լինելու հիմքով կացության կարգավիճակ տալը

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում գործող կացության կամ փախստականի կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողը կամ զավակը լինելու հիմքով կացության կարգավիճակ տալու դիմումը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին կամ կացության կամ փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքի անդամը՝ էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով։

2. Ազգությամբ հայ լինելու հիմքով կացության կարգավիճակ ստանալու համար դիմումը ներկայացնում է անձամբ օտարերկրացին։ Նախքան դիմում ներկայացնելը օտարերկրացին գրանցվում է էլեկտրոնային միասնական հարթակում, ներկայացնում է կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը և հարթակի միջոցով հերթագրվում է դիմումն անձամբ ներկայացնելու համար, եթե միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը նախնական ուսումնասիրությամբ հաստատել է, որ ներկայացված փաստաթղթերն ու տեղեկություններն ամբողջական են և համապատասխանում են սահմանված պահանջներին: Փաստաթղթերն ու տեղեկություններն ամբողջական չլինելու կամ սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում անձը էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով ծանուցվում է դրանք ներկայացնելու կամ համալրելու անհրաժեշտության մասին:

3. Մինչև 16 տարեկան երեխաները կացության կարգավիճակ կարող են ստանալ ծնողներից մեկի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու հանգամանքի հիման վրա` կացության կարգավիճակ տալու մասին դիմումում ծնողի նշած ժամկետով, սակայն ոչ ավելի, քան կացության տվյալ կարգավիճակի համար օրենքով սահմանված առավելագույն ժամկետը, կամ ծնողներից մեկի կացության կարգավիճակի հիման վրա` վերջինիս տրված կացության կարգավիճակի վավերականության ժամկետով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված ուսումնական հաստատություններում կամ փոխանակման ծրագրերով սովորող օտարերկրացի երեխաների:

 

Հոդված 29․6․ Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարելու հիմքով մշտական կացության կարգավիճակ տալը

 

1. Օտարերկրացիները կարող են Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարելու հիմքով ստանալ մշտական կացության կարգավիճակ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարելու հիմքով կացության կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնում է օտարերկրացին անձամբ՝ գրանցվելով էլեկտրոնային միասնական հարթակում։

3. Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարելու հիմքով մշտական կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ վավերապայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

4․ Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարելու հիմքով մշտական կացության կարգավիճակն ուժը կորցրած է ճանաչվում, եթե կացության կարգավիճակ ստանալուց հետո դադարել է բավարարել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված վավերապայմանները։

 

Հոդված 29․7․ Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած լինելու հիմքով մշտական կացության կարգավիճակ տալը

 

1․ Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած լինելու հիմքով մշտական կացության կարգավիճակ տալու դիմում-հայտը էլեկտրոնային միասնական հարթակ է մուտքագրում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը՝ կցելով օտարերկրացու՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական կացության կարգավիճակ ստանալու մասին համաձայնությունը, օտարերկրացուն Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցելու հիմքով մշտական կացության կարգավիճակ տալու պետական կառավարման մարմնի միջնորդությունը (առկայության դեպքում) և ազգային անվտանգության ու ներքին գործերի բնագավառում պետական լիազոր մարմինների՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում տրված եզրակացությունները, որոնք ստանում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը՝ Ազգային անվտանգության ծառայություն և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն հարցումներ կատարելու միջոցով։»։

 

Հոդված 26 Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«բ) առկա են սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում նշված հիմքերը.»։

 

Հոդված 27 Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1․ Օտարերկրացիների, ինչպես նաև այլ անձանց անձնական տվյալները մշակելիս այդ անձնական տվյալներն օգտվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պաշտպանությունից:»։

 

Հոդված 28. Օրենքի 42․1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«Հոդված 42․1․ Էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով օտարերկրացիների և դիմումատուների վերաբերյալ հավաքվող անձնական տվյալների պաշտպանությունը

 

1․ Էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով ստացված տեղեկություններում կամ փաստաթղթերում առկա անհամապատասխանությունների կամ անճշտությունների դեպքում էլեկտրոնային միասնական հարթակում վարչարարություն իրականացնող պետական մարմիններն առկա փաստական հանգամանքներն օբյեկտիվ ուսումնասիրելու նպատակով կարող են պահանջել տվյալ վարույթին առնչվող լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր։

2․ Էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով հավաքված անձնական տվյալները հավաքում և մշակում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը:

3. Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը, ըստ իրավասությունների շրջանակի, ապահովում է օտարերկրացու և կացության վարույթի մասնակիցների վերաբերյալ տվյալների հասանելիությունը այլ լիազոր մարմինների, այդ թվում՝ ազգային անվտանգության, աշխատանքի և սոցիալական հարցերի, արտաքին գործերի բնագավառներում պետական լիազոր մարմիններին սույն օրենքով իրենց վերապահված գործառույթներն իրականացնելու նպատակով:

4․ Օտարերկրացու վերաբերյալ տեղեկությունը, ներառյալ՝ օրենքով գաղտնիք համարվող տեղեկությունները, բացառությամբ պետական գաղտնիք համարվող տեղեկությունների, փոխանակվում են միայն պետական մարմինների միջև էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում օտարերկրացուն կացության կարգավիճակ տալու գործընթացում իր անմիջական գործառույթներն իրականացնելուց հետո միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն արգելափակում է պետական մարմինների հասանելիությունն օտարերկրացու կամ տվյալ վարույթում ներգրավված այլ անձանց վերաբերյալ տեղեկություններին:

6. Արգելվում է օտարերկրացու, իրավաբանական կամ ֆիզիկական անձի վերաբերյալ տեղեկություններն օգտագործել, հավաքել, պահպանել այլ նպատակներով, քան անհրաժեշտ է էլեկտրոնային միասնական հարթակում վարչարարություն իրականացնող պետական մարմիններին սույն օրենքով նախատեսված իր գործառույթներն իրականացնելու համար:»։

 

Հոդված 29. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 42․2-րդ հոդվածով.

 

«Հոդված 42․2․ Էլեկտրոնային միասնական հարթակի կիրառմամբ իրականացվող հարցումները

 

1. Էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով օտարերկրացիներին կացության կարգավիճակի տրամադրման դիմումների վարույթներն իրականացնելիս և սույն օրենքով նախատեսված դեպքերում ներկայացված տեղեկատվությունն ստուգելու նպատակով հարցումներ են կատարվում՝

1) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստր՝ անձի նույնականացման, անուն, ազգանուն, հայրանուն դաշտերի լրացման, հաշվառման հասցեի, անձը հաստատող փաստաթղթերի, քաղաքացիության և սեռի վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով.

2) Իրավաբանական անձանց պետական ռեգիստր՝ իրավաբանական անձի գտնվելու վայրի, գործադիր մարմնի ղեկավարի, գրանցման հասցեի, կանոնադրական կապիտալի, մասնակիցների վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով.

3) Պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարան՝ օտարերկրացիների՝ որպես աշխատող գրանցված լինելու հանգամանքն ստուգելու, հաշվարկված հարկերի մասին տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից հաշվարկված հարկերի վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով.

4) Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակի տվյալների շտեմարան՝ օտարերկրացիների ամուսնության, Հայաստանի Հանրապետության քաղաքացու և օտարերկրացու ամուսնության, օտարերկրացիների մահվան և ծնունդների վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով.

5) Կադաստրի կոմիտեի տվյալների շտեմարան՝ օտարերկրացու կամ նրա ընտանիքի անդամի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակարանով ապահովված լինելու կամ օտարերկրացու անշարժ գույք ունենալու հանգամանքի վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով.

6) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության շարժական գույքի տվյալների շտեմարան՝ օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում շարժական գույք ունենալու և շարժական գույքը շահագործելու վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով.

7) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ՝ օտարերկրացու՝ Հայաստանի Հանրապետություն մուտքերի և ելքերի, ստացած վիզաների և նախկինում ունեցած կացության կարգավիճակների վերաբերյալ տվյալներ ստանալու, օտարերկրացու՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու օրինականությունը որոշելու, վերջինիս Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների բանկում հաշվառված լինելու հանգամանքն ստուգելու նպատակով անհրաժեշտ տվյալներ ստանալու համար.

8) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հանցանքների և վարչական իրավախախտումների ոլորտում պետական վիճակագրություն ձևավորելու գործառույթ իրականացնող տեղեկատվական կենտրոնի քարտադարան՝ օտարերկրացու դատվածության, այն մարված կամ վերացած լինելու, վերջինիս նկատմամբ հետախուզման վերաբերյալ տեղեկություններ ստանալու, օտարերկրացուն վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով.

9) Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա՝ օտարերկրացիներին պատկանող բաժնետոմսերի քանակի և արժեքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով.

10) Հայաստանի Հանրապետության գանձապետարան՝ սույն օրենքով սահմանված կարգով պետական տուրքը վճարելու կամ պետական տուրքը վճարված լինելու մասին տեղեկատվություն ստանալու նպատակով.

11) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության կրթության կառավարման տեղեկատվական կամ բարձրագույն կրթության և գիտության կառավարման տեղեկատվական համակարգեր՝ ըստ կրթական մակարդակների, կրթական աստիճանների կամ կրթական ծրագրերի՝ օտարերկրացիների՝ որպես սովորող գրանցված լինելու հանգամանքն ստուգելու և այլ անհրաժեշտ տվյալներ ստանալու նպատակով․

12) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ՝ օտարերկրացիների կողմից կնքված աշխատանքային պայմանագրերի, աշխատանքային պայմանագրում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին համաձայնագրերի, աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։

2․ Էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով տրամադրված կացության կարգավիճակի հիմքերի առկայությունն ստուգելու նպատակով հարցումներ են կատարվում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված համակարգերին։ Հարցումներ կատարելու կարգը և հաճախականությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։»։

 

Հոդված 30

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից։

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը։

3. Օտարերկրացիների էլեկտրոնային միասնական հարթակը գործարկվում է 2026 թվականի նոյեմբերի 1-ից։

4․ Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված` Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստանալու մասին դիմումների քննարկումն իրականացվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող իրավական նորմերով սահմանված կարգով:

5․ Այն օտարերկրացիները, որոնք մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ունեցել են Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական բնակությունը հավաստող մեկից ավելի կարգավիճակ և այդ կարգավիճակը հավաստող փաստաթղթեր, կարող են օգտագործել մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը։

6․ Այն օտարերկրացիները, որոնք մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ստացել են հատուկ կացության կարգավիճակ, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև իրենց հատուկ կացության կարգավիճակի ժամկետի ավարտը շարունակում են օգտվել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող «Օտարերկրացիների մասին» օրենքով նախատեսված հատուկ կացության կարգավիճակից բխող իրավունքներից և պարտականություններից։

7. Սույն օրենքով սահմանված աշխատանքային վիզային և աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու թույլտվությանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության մուտքի էլեկտրոնային վիզայի նոր համակարգի ներդրումից հետո։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. փետրվարի 12

Երևան

ՀՕ-11-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան