ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-19-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.02.2027-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.02-2026.02.15 Պաշտոնական հրապարակման օրը 13.02.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.01.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2027

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հունվարի 20-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1․ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 42-րդ հոդվածի վերնագրում և առաջին պարբերությունում «ոլորտի և մթնոլորտային օդի պահպանության» բառերը փոխարինել «ոլորտի, մթնոլորտային օդի պահպանության ու ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունների» բառերով։

 

Հոդված 2 Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 87․7-րդ և 87․8-րդ հոդվածներով․

 

«Հոդված 87․7․ Ջերմոցային գազերի արտանետման թույլտվությամբ սահմանված առավելագույն սահմանաչափը գերազանցելը կամ առանց ջերմոցային գազերի արտանետման թույլտվության գործունեություն իրականացնելը

 

1. Ջերմոցային գազերի արտանետման թույլտվությամբ սահմանված առավելագույն սահմանաչափը գերազանցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրհիսնապատիկի չափով։

2. Առանց ջերմոցային գազերի արտանետման թույլտվության գործունեություն իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով։

 

Հոդված 87․8․ Ջերմոցային գազերի արտանետման թույլտվության հայտում կեղծ տվյալներ ներառելը

 

1. Ջերմոցային գազերի արտանետման թույլտվության հայտում կեղծ տվյալներ ներառելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։»։

 

Հոդված 3 Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 201.6-րդ և 201.7-րդ հոդվածներով․

 

«Հոդված 201.6․ Չափումների, հաշվետվողականության և հավաստագրման համակարգում ներառման նպատակով «Կլիմայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ջերմոցային գազեր արտանետող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից տվյալներ չտրամադրելը կամ ոչ հավաստի տվյալներ տրամադրելը կամ ժամկետի խախտմամբ տվյալներ տրամադրելը

 

1. Չափումների, հաշվետվողականության և հավաստագրման համակարգում ներառման նպատակով «Կլիմայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ջերմոցային գազեր արտանետող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից տվյալներ չտրամադրելը կամ ոչ հավաստի տվյալներ տրամադրելը կամ ժամկետի խախտմամբ տվյալներ տրամադրելը՝

առաջացնում է նախազգուշացում։

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումները նախազգուշացումից մեկ ամիս հետո չվերացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

 

Հոդված 201.7․ Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից «Կլիմայի մասին» օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված որակի վավերացման (վալիդացման) կամ որակի ստուգման (վերիֆիկացման) գործունեության իրականացումը առանց հավատարմագրման

 

1. Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից «Կլիմայի մասին» օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված որակի վավերացման (վալիդացման) կամ որակի ստուգման (վերիֆիկացման) գործունեության իրականացումը առանց հավատարմագրման՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։»։

 

Հոդված 4 Օրենսգրքի 242-րդ հոդվածում «201.1-201.5-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «201.1-201.7-րդ հոդվածներով» բառերով։

 

Հոդված 5 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Կլիմայի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարի հետո։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. փետրվարի 12

Երևան

ՀՕ-19-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան