ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի փետրվարի 11-ին
«ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-185-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2․ Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով․ «Գույքի չօտարված մասը համարվում է աննշան, եթե օտարվում է ամբողջ գույքի առնվազն 75 տոկոսը.»․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով․
«3) գույքի մի մասի օտարման հետևանքով էապես, առնվազն 25 տոկոսով, նվազում է չօտարված մասի շուկայական արժեքը:»։
Հոդված 3․ Օրենքի 5.1-ին հոդվածում`
1) 1-ին մասի «15 օրվա» բառերը փոխարինել «30 օրվա» բառերով, իսկ «իր դիրքորոշումը» բառերը՝ «ներկայացված պահանջի վերաբերյալ իր համաձայնությունը կամ մերժումը» բառերով.
2) 2-րդ մասի «օտարելուն պարտադրելու պահանջով» բառերը փոխարինել «ձեռք բերելուն պարտավորեցնելու պահանջով» բառերով.
3) 2-րդ մասը «մեկամսյա ժամկետում։» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ձեռքբերողի կողմից սեփականության չօտարված մասը ձեռք բերելուն համաձայնություն տրվելու դեպքում չօտարված մասի գինը որոշվում է սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով:».
4) 3-րդ մասի «ստանալու» բառը փոխարինել «վարույթ ընդունվելու» բառերով.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հայցի ներկայացումը չի կասեցնում և չի կարող կասեցնել համապատասխան գույքի վերաբերյալ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման կատարումը, այդ թվում՝ գույքի օտարումը և գույքի նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցման գործընթացը, իսկ նման հայցերի քննության ընթացքում չի կարող կիրառվել հայցի ապահովման այնպիսի միջոց, որը կհանգեցնի հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշման, դրանից բխող գործողությունների, ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցման կամ դրանից բխող այլ գործողությունների կամ հանրության գերակա շահի ապահովման նպատակով սեփականության օտարման հիմք հանդիսացող գործունեության արգելմանը, կասեցմանը կամ դադարեցմանը:»:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականությունն օտարվում է միայն կառավարության կողմից օտարման նպատակը հանրության գերակա շահ ճանաչվելու դեպքում: Օտարման նպատակը հանրության գերակա շահ կարող է ճանաչվել միայն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում․
ա) օտարման նպատակը սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա կարող է համարվել գերակա հանրային շահ և ողջամտորեն իրագործելի է սահմանված վերջնաժամկետում․
բ) օտարման հիմք դիտարկվող հանրային շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերին.
գ) հանրության գերակա շահի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց տվյալ սեփականության օտարման.
դ) սեփականության օտարումը չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականատիրոջը.
ե) սեփականության օտարումն ուղղակիորեն նպաստելու է օտարման նպատակի իրագործմանը․
զ) օտարման ենթակա սեփականությունն օգտագործվելու է բացառապես հանրության գերակա շահ ճանաչված օտարման նպատակով.
է) օտարման ենթակա սեփականության ձեռքբերողը պետությունը կամ համայնքն է կամ պետության կամ համայնքի հիմնադրած կամ դրանց մասնակցությամբ իրավաբանական անձը, իսկ եթե որպես ձեռքբերող հանդես է գալիս այլ սուբյեկտ, ապա հիմնավորված է այդպիսի ձեռքբերողի ներգրավումը։».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-ին մասով․
«1.1. Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման նախագծերը ենթակա են հանրային քննարկման, որի կազմակերպման և անցկացման կարգը սահմանում է կառավարությունը։».
3) 2-րդ մասի՝
ա․ «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) օտարման ենթակա սեփականության իրավունքի օբյեկտները և օտարվող սեփականությունը նույնականացնող տվյալները (հասցեն կամ գտնվելու վայրը, առկայության դեպքում` հանրության գերակա շահ ճանաչվող տարածքի սխեման, գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի տվյալները, կադաստրային ծածկագիրը, ինչպես նաև օտարվող սեփականությունը նույնականացնող բոլոր այլ հասանելի տվյալները, իսկ արժեթղթերի դեպքում՝ թողարկողի անվանումը, արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրերը կամ արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը, արժեթղթերի տեսակը, դասը, քանակը, դրանց անվանական արժեքը և թողարկման արժույթը).».
բ․ 2-րդ մասի «զ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) օտարման նպատակի իրագործումն սկսելու և ավարտելու վերջնաժամկետները.».
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» կետով.
«է) սույն օրենքից բխող այլ անհրաժեշտ տվյալներ:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ և 2.3-րդ մասերով.
«2.2 Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմամբ սահմանված սխեմաների տարածքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների վերականգնման (ինքնակամ կառույցների օրինականացման) հետևանքով հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման ընդունումից հետո սեփականության իրավունքի առաջին պետական գրանցում ստացած անշարժ գույքերի նկատմամբ տարածվում է հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության համապատասխան որոշումը: Կառավարության որոշմամբ սահմանված սխեմայի և գույքերի ցանկի միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է սխեմայի տվյալներին:
2․3. Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմամբ նախատեսված անշարժ գույքի սահմանների ճշտումից, անշարժ գույքի հետագա բաժանումից կամ այլ անշարժ գույքի հետ միավորումից առաջացող անշարժ գույքերի օտարման գործընթացի այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են մինչև համապատասխանաբար սահմանների ճշտումը, բաժանումը կամ միավորումը, համարվում են իրականացված առաջացած անշարժ գույքի մասով:».
5) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ պարբերությունով.
«Եթե ձեռքբերողը պետությունը կամ համայնքը կամ պետության կամ համայնքի հիմնադրած կամ դրանց մասնակցությամբ իրավաբանական անձը չէ, ապա այդ ձեռքբերողի ընտրությունն իրականացվում է կառավարության որոշմամբ սահմանված կարգով:».
6) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով հողամասը կամ այլ անշարժ գույքը կամ պարտադիր կամ կամավոր պետական գրանցման ենթակա այլ գույքը հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումից ծագող օտարվող սեփականության վերաբերյալ համապատասխան տվյալները (տեղեկատվությունը) անշարժ գույքի պետական ռեգիստրը կառավարության որոշումը լիազոր մարմնի կողմից ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում, արտացոլում է իրավական կադաստրի տեղեկատվության կազմում, իսկ արժեթղթերի դեպքում իրավասու մարմինն իրականացնում է այդ տեղեկատվությունը համակարգում գրանցելու գործառնություն: Սույն մասով սահմանված հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումից ծագող օտարվող սեփականության մասին համապատասխան տվյալների (տեղեկատվության) վերաբերյալ իրավական կադաստրի տեղեկատվության կազմում կամ իրավասու այլ մարմնի համակարգում կատարված գրառումները վերացվում են լիազոր մարմնի կամ ձեռքբերողի կողմից գրանցում իրականացնող մարմին ներկայացված կառավարության որոշումը ամբողջությամբ կամ մասնակի ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ գրավոր տեղեկատվության հիման վրա, որը տրամադրվում է կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց կամ կառավարության որոշումն ամբողջությամբ կամ մասամբ անվավեր ճանաչելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:».
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Մինչև հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելը լիազոր մարմինն այդ մասին տեղեկացնում է քրեական վարույթն իրականացնող մարմնին, եթե առկա է տեղեկատվություն օտարվող գույքի՝ քրեական վարույթով արգելադրված կամ գրավի առարկա լինելու մասին:».
8) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում պատշաճ ձևով ուղարկվում է օտարվող սեփականության սեփականատիրոջը (առկայության դեպքում՝ նաև արժեթղթերի անվանատիրոջը) և օտարվող սեփականության նկատմամբ գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց, իսկ եթե սեփականության սեփականատերը սնանկության վարույթով հանդիսանում է պարտապան, ապա նաև սնանկության գործով կառավարչին՝ սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով:».
9) 6-րդ մասի՝
ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«6․ Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կառավարության սահմանած կարգով և ժամկետներում լիազոր մարմինը կազմում է օտարվող սեփականության օբյեկտի նկարագրության արձանագրությունը, որին իրավունք ունեն մասնակցելու ձեռքբերողը, իրավունքի պետական գրանցում ունեցող օբյեկտի սեփականատերը, իրավունքի պետական գրանցում չունեցող օբյեկտի փաստացի տիրապետողը և սեփականության օբյեկտի նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները, եթե սեփականության նախնական ուսումնասիրության ժամանակ արձանագրությունը չի կազմվել։
Օտարման ենթակա սեփականության նկարագրության արձանագրությունը կազմելիս օգտագործվում են տեխնիկական սարքավորումներ, որոնց ցանկը, կիրառման կարգը և օտարվող սեփականության նկարագրության կազմման ընթացակարգը, մեթոդաբանությունը, օտարման ենթակա սեփականության նկարագրության արձանագրության, ինչպես նաև դրա կազմման համար հիմք հանդիսացած նյութերի պահպանման կարգը և ժամկետները սահմանում է կառավարությունը:»,
բ. երկրորդ պարբերության «սեփականատիրոջ կամ այդ սեփականությունը փաստացի տնօրինողի կողմից խոչընդոտվում են» բառերը փոխարինել «սեփականատերը կամ այդ սեփականությունը փաստացի տիրապետողը խոչընդոտում է օտարվող սեփականություն մուտք գործելը կամ այլ կերպ անհնարին է դարձնում օտարվող սեփականության հասանելիությունը,» բառերով,
գ. երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Եթե օտարման ենթակա սեփականության սեփականատերը կամ այդ սեփականությունը փաստացի տնօրինողը խոչընդոտում է օտարվող սեփականություն մուտք գործելը կամ այլ կերպ անհնարին է դարձնում օտարվող սեփականության հասանելիությունը, ապա լիազոր մարմինն իրավասու է օտարման ենթակա սեփականության նկարագրության արձանագրությունը կազմելու կառավարության սահմանած տեխնիկական սարքավորումների միջոցով, իսկ նկարագրության արձանագրությունում գույքի ներքին վիճակի վերաբերյալ տեղեկություններն արձանագրելու` հիմք ընդունելով շուկայում առկա հարդարվածության միջին վիճակը: Օտարվող սեփականության արձանագրությունը ներառում է նշում` սեփականության նկարագրության արձանագրությունն օտարվող սեփականության սեփականատիրոջ կողմից դրա կազմումը խոչընդոտելու պայմաններում կատարված լինելու վերաբերյալ:
Եթե օտարման ենթակա սեփականության սեփականատերը կամ այդ սեփականությունը փաստացի տնօրինողը խոչընդոտում է օտարվող սեփականություն մուտք գործելը կամ այլ կերպ անհնարին է դարձնում օտարվող սեփականության հասանելիությունը, ապա սեփականության նկարագրության արձանագրությունն անվավեր կամ այդ արձանագրության հիման վրա որոշված` օտարվող սեփականության դիմաց համարժեք փոխհատուցման չափը ոչ համարժեք չի կարող ճանաչվել սեփականության նկարագրության արձանագրությունը կազմելիս այնպիսի պահանջների չպահպանման հիմքով, որոնց պահպանումն օբյեկտիվորեն անհնարին է դարձել սեփականատիրոջ կամ սեփականությունը փաստացի տնօրինողի՝ օտարվող սեփականություն մուտք գործելը խոչընդոտելու կամ օտարվող սեփականության հասանելիությունն այլ կերպ անհնարին դարձնելու հետևանքով:»,
դ․ երրորդ պարբերությունը «ուղարկվում է սեփականատիրոջը» բառերից հետո լրացնել «(իրավունքի պետական գրանցում չունեցող գույքի դեպքում՝ տիրապետողին, առկայության դեպքում` նաև արժեթղթերի անվանատիրոջը)» բառերով, իսկ «նկատմամբ» բառից հետո՝ «գրանցված» բառով․
10) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«7․ Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը ենթակա է պարտադիր հրապարակման նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։»:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Որոշման վիճարկումը չի կասեցնում դրա կատարումը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 200․5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:».
2) 2-րդ մասը առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Որոշման վիճարկումը չի կասեցնում դրա կատարումը:»:
Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «վերջնական ժամկետից» բառերը փոխարինել «վերջնական ժամկետը» բառերով, իսկ նույն մասը «պատշաճ ձևով» բառերից հետո լրացնել «՝ սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով,» բառերով.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Օտարվող սեփականության սեփականատերն օտարման պայմանագրի նախագիծը սույն օրենքով սահմանված կարգով ստանալուց (պայմանագրի վերաբերյալ պատշաճ ծանուցված համարվելուց) հետո՝ երկշաբաթյա ժամկետում, պարտավոր է պատշաճ ձևով հայտնել ձեռքբերողին օտարման ենթակա սեփականության նկատմամբ այն գույքային իրավունքներ ունեցողների մասին, որոնք օրենքով սահմանված կարգով պետական կամ այլ մարմնում չեն գրանցվել կամ ենթակա չեն եղել գրանցման: Եթե սույն մասում նշված ժամկետում օտարվող սեփականության սեփականատերն իրեն հայտնի օտարվող սեփականության նկատմամբ գրանցում չունեցող գույքային իրավունքներ ունեցողների մասին չի հայտնում ձեռքբերողին, ապա առանց այդ գույքային իրավունքներ ունեցողների մասնակցության սեփականության օտարման հետևանքով նրանց պատճառված վնասների համար պատասխանատվությունը կրում է օտարվող սեփականության սեփականատերը:».
3) 3-րդ մասի «պատշաճ ձևով» բառերը փոխարինել «սեփականության օտարման պայմանագրի նախագիծը սույն օրենքով սահմանված կարգով ստանալուց (պայմանագրի վերաբերյալ պատշաճ ծանուցված համարվելուց) հետո՝ մեկամսյա ժամկետում,» բառերով, իսկ նույն մասը «գրավոր» բառից հետո լրացնել «և հիմնավորված» բառերով.
4) 4-րդ մասը «փոխհատուցման չափը,» բառերից հետո լրացնել «որը չի կարող պակաս լինել սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափից, իսկ նույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում` նույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված չափից, իսկ ձեռքբերողի կողմից սույն օրենքի 5-րդ հոդվածի կարգավորումների ներքո չօտարվող մասի գծով տնտեսական կամ գործառութային նշանակության կորստի կանխարգելմանն ուղղված միջոցառումներ նախատեսվելու դեպքում՝ այդ միջոցառումների ցանկը և կատարման ժամկետները, ինչպես նաև փոխհատուցման» բառերով, իսկ նույն մասը «գույքային իրավունքներ ունեցողները։» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․ «Օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքները կարող են դադարել նաև առանց սեփականատիրոջ համաձայնության՝ ձեռքբերողի և օտարման ենթակա սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողների միջև կնքվող պայմանագրի համաձայն։»։
Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «ավելի գումարը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Ձեռքբերողը պարտավոր է սույն օրենքով սահմանված ժամկետում և կարգով օտարվող գույքն ազատելուց և ձեռքբերողին հանձնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, օտարման ենթակա սեփականության սեփականատիրոջը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին (բացառությամբ գրավառուների) տրամադրել լրացուցիչ փոխհատուցում՝ օտարվող գույքի շուկայական արժեքի, իսկ գույքային իրավունքներ ունեցողին՝ գույքային իրավունքի շուկայական արժեքի 15 տոկոսի չափով, եթե օտարման ենթակա սեփականության սեփականատերը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները՝
1) չեն խոչընդոտում սեփականության նկարագրության արձանագրության կազմման նպատակով օտարվող սեփականություն մուտք գործելը կամ այլ կերպ անհնարին չեն դարձնում օտարվող սեփականության հասանելիությունը․
2) ձեռքբերողի հետ կնքում են սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանագիրը, կամ այն կնքված է համարվում սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով՝ մինչև ձեռքբերողի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը և
3) սահմանված ժամկետում և կարգով ազատում են օտարվող գույքը և հանձնում ձեռքբերողին (չեն խոչընդոտում կամ այլ կերպ անհնարին չեն դարձնում գույքի հանձնումը)։».
3) 2-րդ մասի՝
ա. երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն օրենքով սահմանված կարգով օտարվող սեփականության գնահատումն իրականացնելիս մինչև օրենքով սահմանված կարգով գնահատողի ընտրությունը լիազոր մարմինն օտարվող սեփականության սեփականատիրոջը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին պատշաճ ծանուցում է սեփականության գնահատման իրավունք ունեցող սուբյեկտների ցանկի մասին։»,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Օտարվող սեփականության սեփականատերը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներն իրավունք ունեն սույն մասում նշված ծանուցումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, լիազոր մարմնին գրավոր առաջարկելու իրենց համար նախընտրելի գնահատողի թեկնածությունը՝ կցելով այդ գնահատողի գրավոր համաձայնությունը։ Սույն մասով սահմանված առաջարկի ներկայացման դեպքում որպես գնահատող պարտադիր ներգրավվում է դիմումում մատնանշված սուբյեկտը։ Սույն հոդվածում նշված ծանուցումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, գնահատողի թեկնածության վերաբերյալ գրավոր առաջարկ չներկայացվելու կամ այդպիսի առաջարկ ներկայացնելուց հրաժարվելու դեպքում գնահատողի ընտրությունն իրականացվում է կառավարության սահմանած կարգով, պատահականության սկզբունքով։».
4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Օտարվող սեփականության (բացառությամբ արժեթղթերի) դիմաց սեփականատիրոջը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին տրամադրվում է նաև ձեռնարկատիրական գործունեության ընդհատման (դադարեցման) ժամանակահատվածի, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա համար դրամական փոխհատուցում` կառավարության սահմանած չափով և կարգով, եթե օտարվող սեփականությունն անմիջականորեն օգտագործվել է սեփականատիրոջ կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության մեջ: Կառավարության որոշմամբ կարող են սահմանվել նաև սեփականատիրոջը գույքի օտարման հետևանքով վերաբնակեցման և կառավարության որոշմամբ սահմանված այլ սոցիալական ազդեցությունների դիմաց սոցիալական աջակցության տրամադրման կարգը և պայմանները:».
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Օտարվող սեփականության շուկայական արժեքի գնահատումն իրականացնելու համար կարող է ներգրավվել միայն «Գնահատման գործունեության մասին» օրենքով որպես գնահատող հանդես գալու իրավունք ունեցող անձը, բացառությամբ օտարվող արժեթղթերի: Օտարվող սեփականության գնահատումն իրականացվում է «Գնահատման գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով, կառավարության սահմանած գնահատման ստանդարտներով և սույն օրենքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ, բացառությամբ օտարվող արժեթղթերի։ Օտարվող սեփականության շուկայական արժեքը գնահատվում և որոշվում է համապատասխան գնահատումն իրականացնելու օրվա դրությամբ։ Օտարվող արժեթղթերի գնահատումն իրականացվում է ձեռքբերողի կողմից ներգրավված` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձ հանդիսացող անկախ գնահատողի կողմից` հաշվի առնելով օրենսդրությամբ սահմանված կարգերը, բացառությամբ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի իմաստով բորսայական առևտրին թույլատրված արժեթղթերի, որոնց շուկայական արժեքը որոշվում է դրանց գնահատումն իրականացնելու օրվա դրությամբ փակման գնով կամ այդ օրվան հաջորդող օրվա փակման գնով, իսկ այդպիսին չլինելու դեպքում՝ գնահատումն իրականացնելու օրվան նախորդող վերջին 10 օրվա ընթացքում վերջին լավագույն գնման և վաճառքի հայտերի միջին կշռման գնով: Օտարվող արժեթղթերի սեփականատերը կարող է ձեռքբերողին ներկայացնել իր կողմից ներգրավված` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձ հանդիսացող անկախ գնահատողի կողմից իրականացված գնահատման հաշվետվությունը: Ե՛վ ձեռքբերողի, և՛ սեփականատիրոջ ներգրավմամբ մեկից ավելի գնահատման հաշվետվությունների առկայության դեպքում հիմք է ընդունվում դրանցով սահմանված արժեքների միջինը:».
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-4.3-րդ մասերով.
«4.1. Օտարվող սեփականության շուկայական արժեքը որոշելիս հաշվի չեն առնվում (չեն գնահատվում) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չհաշվառված ինքնակամ շենքերը կամ շինությունները:
4.2. Օտարվող սեփականության շուկայական արժեքը որոշելիս հողամասերը դիտարկվում են առանձին` որպես չկառուցապատված հողամաս` առանց բարելավումների, իսկ հողամասում առկա ծառերը, մշակաբույսերը և հողամասին ամրակցված այլ բարելավումները գնահատվում են առանձին` «Գնահատման գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով, կառավարության սահմանած գնահատման ստանդարտներով և սույն օրենքով նախատեսված կարգով սահմանված գնահատման մեթոդաբանությամբ։
4.3. Վթարային բազմաբնակարան բնակելի շենքերի դեպքում բնակելի տարածք հանդիսացող գույքի (առանց հողամասի) արժեքը որոշվում է նույն տարածագնահատման գոտում գտնվող համանման ոչ վթարային գույքի արժեքը 30 տոկոսով նվազեցնելով:».
7) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5․ Սեփականության օտարման հետ կապված օտարվող սեփականության սեփականատիրոջ համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հանդեպ առաջացող ֆինանսական պարտավորությունները (հարկերը, այդ թվում՝ օտարվող սեփականության դիմաց ստացվող փոխհատուցման գումարներից առաջացող հարկերը, տուրքերը, պարտադիր վճարները), իսկ արժեթղթերի դեպքում՝ նաև իրավասու մարմինների կողմից մատուցվող անհրաժեշտ ծառայությունների համար վճարները (արժեթղթերի պահպանման և հաշվի սպասարկման վճարները և այլն) կատարում է ձեռքբերողը:».
8) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«6. Օտարվող սեփականության նկատմամբ առկա գույքային իրավունքների շուկայական արժեքը որոշվում է սույն օրենքով սահմանված կարգով նշանակված գնահատողի կողմից, իսկ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին տրամադրվող համարժեք փոխհատուցման չափը որոշվում է սույն հոդվածի 1-5-րդ մասերով սահմանված կանոններով՝ հիմք ընդունելով սույն օրենքով սահմանված կարգով նշանակված գնահատման արդյունքով որոշված՝ համապատասխան գույքային իրավունքի շուկայական արժեքը։ Գույքային իրավունքների շուկայական արժեքի գնահատման և դրանց դիմաց փոխհատուցման սույն օրենքով սահմանված կարգը կիրառելի չէ գրավի իրավունքի նկատմամբ, որի դեպքում գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 243-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգը:».
9) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով․
«7. Կառավարության սահմանած կարգով կազմված օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը կազմելու օրվանից հետո օտարվող սեփականության օտարման կամ իրավահաջորդությամբ անցնելու դեպքում սույն օրենքով սահմանված փոխհատուցումը վճարվում է օտարվող սեփականության նոր սեփականատիրոջը: Մինչև օտարվող սեփականության սեփականատիրոջ փոփոխությունը նախկին սեփականատիրոջ կողմից կատարված գործողությունները նոր սեփականատիրոջ համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը կազմելու օրվա դրությամբ օտարվող սեփականության սեփականատիրոջ համար:»։
Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «փոխհատուցման ենթակա գումարը» բառերը փոխարինել «համարժեք փոխհատուցման գումարը և այդ գումարի 20 տոկոսի չափով հավելյալ գումար» բառերով, նույն մասը «դատարանի կամ նոտարի» բառերից հետո լրացնել «, օրենքով նախատեսված դեպքերում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (համապատասխան ստորաբաժանման)» բառերով, նույն մասի «պատշաճ ձևով» բառերը փոխարինել «սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերով և նույն մասից հանել «Փոխհատուցման գումարի չափի հաշվարկը պետք է կատարված լինի այն դեպոզիտ հանձնելուց ոչ շուտ, քան մեկ շաբաթ առաջվա դրությամբ:» նախադասությունը․
2) 2-րդ մասը «պարտավոր է նշել» բառերից հետո լրացնել «օտարվող գույքի նույնականացնող տվյալները և» բառերով․
3) 3-րդ մասի՝
ա. առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Եթե ձեռքբերողի կողմից փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելու մասին տեղեկությունն օտարվող սեփականության սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին ուղարկվելուց հետո մինչև օտարվող գույքի նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցումը օտարվող սեփականության սեփականատերը կամ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողը սահմանված կարգով ստանում է դեպոզիտ հանձնված՝ սույն օրենքով սահմանված կարգով որոշված համարժեք փոխհատուցման գումարը, ապա սեփականության օտարման պայմանագիրը համապատասխան սուբյեկտի մասով համարվում է կնքված:»,
բ. երկրորդ նախադասությունը «տեղեկանքը» բառից հետո լրացնել «, որում պարտադիր պետք է նշվեն օտարվող գույքը նույնականացնող տվյալները (անշարժ գույքի դեպքում՝ նաև հասցեն, ծածկագիրը և այլն), ինչպես նաև ստացված գումարի չափը» բառերով և երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Սույն մասով սահմանված ժամկետում դեպոզիտ հանձնված գումարը միայն օտարվող սեփականության սեփականատիրոջ կողմից ստացվելու դեպքում սեփականության օտարման պայմանագիրը կնքված է համարվում գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման մասով, իսկ գույքային իրավունքներ ունեցողների կողմից ստացվելու դեպքում` միայն գույքային իրավունքների դադարման մասով։ Օտարվող սեփականության սեփականատերը և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներն իրավունք ունեն ձեռքբերողի կողմից դեպոզիտ հանձնված՝ սույն օրենքով սահմանված կարգով որոշված փոխհատուցման գումարն ստանալ նաև օտարվող սեփականության նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցումից հետո՝ ցանկացած պահի։»․
4) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ մասերով.
«5. Եթե օտարվող սեփականության սեփականատերը կամ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները ձեռքբերողի կողմից փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելու մասին սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով պատշաճ ծանուցվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, չեն ստանում դեպոզիտ հանձնված գումարը, ապա օտարվող սեփականության նկատմամբ սեփականության իրավունքը ձեռքբերողին է փոխանցվում օրենքի ուժով՝ փոխհատուցման ենթակա գումարը դեպոզիտ հանձնելուն հաջորդող երեսուներորդ օրը, և այդ հիմքով դադարեցվում են նաև օտարվող սեփականության նկատմամբ առկա գույքային իրավունքները, սահմանափակումները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված սահմանափակումների, և ծանրաբեռնվածությունները: Գույքի նկատմամբ իրավունքները գրանցման ենթակա լինելու դեպքում օտարվող գույքի նկատմամբ առկա գույքային իրավունքները, սահմանափակումները դադարում են օտարվող գույքի նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցման պահից։ Տվյալ դեպքում օտարվող գույքի նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցման համար հիմք են հանդիսանում գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը և լիազոր մարմնի կողմից տրամադրված գրավոր տեղեկատվությունը` կառավարության որոշումն ուժի մեջ լինելու վերաբերյալ, օտարման պայմանագրի նախագիծը և փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելու վերաբերյալ նոտարի, դատարանի կամ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրված տեղեկանքը, որը պետք է ներառի նաև նոտարի, դատարանի կամ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հավաստիացումն առ այն, որ փոխհատուցման գումարը դեպոզիտ մուտքագրելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, օտարվող համապատասխանաբար սեփականության սեփականատերերը կամ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներն այն չեն ստացել:
6. Օտարվող սեփականության սեփականատերերը և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները պարտավոր են ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցումից հետո` երկու ամսվա ընթացքում, օտարված սեփականությունը հանձնել ձեռքբերողին, իսկ օտարվող սեփականությունն անշարժ գույք լինելու դեպքում` ազատել օտարվող անշարժ գույքը և այն հանձնել ձեռքբերողին: Սույն մասով նախատեսված ժամկետում նախկին սեփականատիրոջ կամ գույքային իրավունքներ ունեցողների կողմից օտարված սեփականությունը ձեռքբերողին չհանձնվելու դեպքում նախկին սեփականատիրոջ կամ գույքային իրավունքներ ունեցողների վտարումն օտարված սեփականության տարածքից իրականացվում է (ներխուժումը վերացվում է) կամ օտարված գույքը նրանցից վերցվում է և նոր սեփականատիրոջն է հանձնվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:»:
Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) վերնագրի «օտարումը» բառը փոխարինել «օտարման դիմաց փոխհատուցման չափի վիճարկումը» բառերով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Օտարվող գույքի սեփականատերը կամ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունք ունեցողներն իրավունք ունեն սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցումից հետո՝ եռամսյա ժամկետում, դիմելու դատարան` սեփականության օտարման դիմաց փոխհատուցման չափը վիճարկելու պահանջով: Սույն մասով սահմանված գործը քննվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հատուկ հայցային վարույթի կարգով:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հայցի, ինչպես նաև հանրության գերակա շահ ճանաչելու որոշմանը և դրանից բխող գործողություններին, այդ թվում՝ օտարվող գույքի նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցմանն առնչվող որևէ այլ հայցի ներկայացումը չի կասեցնում և չի կարող կասեցնել համապատասխան գույքի վերաբերյալ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման կատարումը, այդ թվում՝ գույքի օտարումը և գույքի նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցման գործընթացը, իսկ նման հայցերի, ինչպես նաև օտարվող կամ օտարված գույքի առնչությամբ որևէ վեճի քննության ընթացքում չի կարող կիրառվել հայցի ապահովման այնպիսի միջոց, որը կհանգեցնի հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշման, դրանից բխող գործողությունների, ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցման կամ դրանից բխող այլ գործողությունների կամ հանրության գերակա շահի ապահովման նպատակով սեփականության օտարման հիմք հանդիսացող գործունեության արգելմանը, կասեցմանը կամ դադարեցմանը:».
4) 2-րդ մասի՝
ա. «դատարանը փոխհատուցման ենթակա գումարի չափը որոշելուց հետո պարզում է, որ եթե» բառերը փոխարինել «դատարանի` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հայցի քննության արդյունքում կայացված` օրինական ուժի մեջ մտած վճռով արձանագրվել է, որ» բառերով,
բ. «ա» կետի «սեփականությունը դատական կարգով օտարվում է դեպոզիտ հանձնած գումարի չափով փոխհատուցմամբ, ընդ որում, դեպոզիտ հանձնված ավել գումարը ձեռք բերողին չի վերադարձվում» բառերը փոխարինել «դատարանի վճռով սահմանված փոխհատուցման չափը համարվում է համարժեք փոխհատուցում, և ձեռքբերողի կողմից դեպոզիտ վճարված ու դատարանի վճռով սահմանված փոխհատուցման չափը գերազանցող գումարը վճիռը կատարելուց հետո ձեռքբերողի պահանջով ենթակա է վերադարձման ձեռքբերողին» բառերով,
գ. «բ» կետի «այդ օրվա դրությամբ» բառերը փոխարինել «դեպոզիտ հանձնելու օրվա դրությամբ, որը պետք է ներառի նաև սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին վճարվող փոխհատուցումը» բառերով, իսկ նույն կետը «լրացուցիչ գումարը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև նշվում է փոխհատուցման ենթակա լրացուցիչ գումարը ստանալու իրավունք ունեցող բոլոր անձանց վճարման ենթակա փոխհատուցման չափը, եթե օտարվող սեփականության դիմաց դատարանի սահմանած փոխհատուցման գումարը պետք է տրվի մեկից ավելի սեփականատերերի կամ նաև օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին:» բառերով.
5) 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
6) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ձեռքբերողը պարտավոր է սույն հոդվածի 2-րդ մասի «բ» կետով սահմանված դեպքում դատարանի կողմից սահմանված փոխհատուցման լրացուցիչ գումարը դեպոզիտ հանձնել դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում:».
7) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
8) 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Օտարվող սեփականության սեփականատերը մինչև դրա օտարումը կամ օտարումից ծագող իրավունքների գրանցումն իրավունք ունի այն տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու, ինչպես նաև կատարելու միայն այնպիսի բարելավումներ կամ գործառնություններ, որոնք ապահովում են տվյալ սեփականության օգտագործումն իր նշանակությանը համապատասխան:».
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 3-րդ մասի «դատական» բառը փոխարինել «սույն օրենքով սահմանված այլ» բառերով:
Հոդված 11. Օրենքի 15-րդ հոդվածը «սեփականության նկատմամբ ծագած» բառերից հետո լրացնել «գրավի և այլ» բառերով։
Հոդված 12․ Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) վերնագրի «որոշման անվավերությունը» բառերը փոխարինել «որոշումն ուժը կորցրած համարվելը» բառերով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Եթե ձեռքբերողը սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում օտարվող սեփականության սեփականատիրոջը և գույքային իրավունք ունեցողին չի ուղարկում օտարման պայմանագրի նախագիծը կամ սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում դեպոզիտ հաշվին չի հանձնում փոխհատուցման գումարը կամ օտարվող սեփականության նկատմամբ սեփականության իրավունքը սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով փոխանցվելու օրվանից հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով իր սեփականության իրավունքի գրանցման դիմում չի ներկայացնում, ապա համարվում է, որ ձեռքբերողը հրաժարվում է տվյալ սեփականությունը ձեռք բերելուց, և տվյալ սեփականության մասով հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը և դրանից բխող բոլոր իրավական փաստաթղթերն օրենքի ուժով համարվում են ուժը կորցրած: Գրանցման դիմումի հետ ձեռքբերողը գրանցումն իրականացնող իրավասու մարմին է ներկայացնում լիազոր մարմնի կողմից տրված փաստաթուղթ՝ տվյալ սեփականության մասով կառավարության որոշումն ուժը կորցրած չլինելու վերաբերյալ: Նման փաստաթղթի բացակայությունը հիմք է գրանցումը մերժելու համար: Օտարվող սեփականության նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը սույն մասով սահմանված հիմքով ամբողջությամբ կամ մասնակի` տվյալ սեփականության մասով ուժը կորցրած համարվելը հիմք է գրանցում իրականացնող իրավասու մարմնի կողմից ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցումը մերժելու համար: Կառավարության որոշումն ուժը կորցրած համարվելու մասին տեղեկատվությունը գրանցում իրականացնող իրավասու մարմնին տրամադրում է լիազոր մարմինը:».
3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4․ Եթե ձեռքբերողը հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում, իսկ այդպիսի ժամկետի բացակայության դեպքում՝ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, չի սկսում օտարման հիմք հանդիսացող գործունեությունը կամ թույլ է տալիս պետության և ձեռքբերողի միջև կնքված պայմանագրի վաղաժամկետ լուծման հիմք հանդիսացող խախտում կամ գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում չի ավարտում օտարման նպատակի իրագործումը, ապա հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշումը՝ ձեռքբերողի մասով, կառավարության որոշմամբ կարող է ճանաչվել ուժը կորցրած, իսկ օտարված սեփականության մասով կարող է կրկին սահմանվել հանրության գերակա շահ:»:
Հոդված 13. Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «ա» կետը «գտնվելու հասցեով» բառերից հետո լրացնել «և սեփականատերերի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողների հաշվառման վայրի հասցեով, եթե այն տարբերվում է անշարժ գույքի գտնվելու հասցեից» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ մասերով.
«2.1. Եթե գույքի սեփականատիրոջ կամ գույքային իրավունք ունեցող անձի հասցեն անհայտ է, ապա սույն օրենքով նախատեսված ծանուցումները պետք է ուղարկվեն՝
1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ ծանուցողի մոտ ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով.
2) իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի գտնվելու վայրի հասցեով, ծանուցվող իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
2.2. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո յոթերորդ օրն անձը համարվում է ծանուցված:».
3) 3-րդ մասի՝
1) «տվել» բառը փոխարինել «գրավոր տրամադրել» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասով սահմանված դեպքերում անձը ծանուցված է համարվում իր կողմից տրամադրված հասցեով հաղորդակցումներն ուղարկելուն հաջորդող օրը։»:
Հոդված 14. Օրենքի 18-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
| Հոդված 15. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Եթե մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահը կայացված` հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշումներով սահմանված այն գույքերի առնչությամբ, որոնց նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գրանցված չի եղել, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, չի գրանցվում ձեռքբերողի սեփականության իրավունքը, ապա Կառավարությունն իր որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշումն ամբողջությամբ կամ մասնակի` տվյալ գույքի մասով կարող է ճանաչել ուժը կորցրած, ինչպես նաև նոր որոշմամբ տվյալ գույքի առնչությամբ կարող է կրկին ճանաչել հանրության գերակա շահ: Սույն մասով սահմանված դեպքերում Կառավարության կողմից իր որոշումն անվավեր ճանաչելը հիմք է տվյալ գույքի օտարման դիմաց փոխհատուցման չափի, հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշման անվավերության և հանրության գերակա շահերի ապահովման նպատակով տվյալ գույքի օտարմանն առնչվող այլ քաղաքացիական և վարչական գործերով վարույթները կարճելու համար` վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. փետրվարի 16 Երևան ՀՕ-28-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|