ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-33-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 16.02.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.02.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի փետրվարի 11-ին

 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.3-րդ հոդվածով.

 

«Հոդված 47.3. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցման առանձնահատկությունները

 

1. «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ձեռքբերողի և սեփականատիրոջ միջև կնքված պայմանագրի հիման վրա ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցման հիմք է հանդիսանում ձեռքբերողի և ձեռքբերողի ու օտարման ենթակա սեփականության սեփականատիրոջ, ինչպես նաև օտարվող սեփականության նկատմամբ այլ գույքային իրավունքներ ունեցող անձանց (այդպիսի անձանց առկայության դեպքում) միջև կնքված պայմանագիրը, որն օտարվող սեփականության նկատմամբ այլ գույքային իրավունքների առկայության դեպքում պետք է ներառի նաև այդ գույքային իրավունքների դադարման վերաբերյալ դրույթներ:

2. «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ձեռքբերողի կողմից փոխհատուցման ենթակա գումարը դեպոզիտ հանձնելու հիմքով օտարվող գույքի նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցման համար հիմք են հանդիսանում՝

1) գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշումը,

2) օտարման պայմանագրի նախագիծը,

3) «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազոր մարմնի կողմից տրամադրված գրավոր տեղեկատվությունը` Կառավարության որոշումը տվյալ գույքի մասով ուժի մեջ լինելու վերաբերյալ, և

4) փոխհատուցման գումարն օրենքով սահմանված ժամկետում դեպոզիտ մուտքագրելու վերաբերյալ նոտարի, դատարանի կամ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրված տեղեկանքը, որը պետք է ներառի տեղեկություններ փոխհատուցման գումարը դեպոզիտ մուտքագրելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, այն օտարվող սեփականության սեփականատերերի կամ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողների (ներառյալ այն գույքային իրավունքների թվարկումը, որոնք ենթակա են դադարման) կողմից ստացված լինելու կամ չլինելու վերաբերյալ, ինչպես նաև փոխհատուցման չափը, օտարվող գույքի նույնականացման տվյալները` ըստ օտարման պայմանագրի նախագծի:

3. Ի լրումն սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված մերժման հիմքերի` սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքով օտարվող գույքի նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցումը մերժվում է, եթե իրավունքի պետական գրանցման դիմումը ներկայացնելու պահին չի լրացել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ օտարվող սեփականության նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի` օրենքի ուժով փոխանցման համար սահմանված ժամկետը, բացառությամբ եթե ներկայացվել է մինչև այդ ժամկետը լրանալը օտարվող սեփականության բոլոր սեփականատերերի և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողների կողմից սահմանված կարգով դեպոզիտ հանձնված գումարն ստանալու վերաբերյալ նոտարի, դատարանի կամ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրված տեղեկանք, կամ լրացել է սեփականության իրավունքի գրանցման դիմում ներկայացնելու՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը: Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքով օտարվող գույքի նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցումը մերժվում է նաև այն դեպքերում, երբ առկա է՝

1) «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշումն օրենքի ուժով ամբողջությամբ կամ մասամբ (տվյալ գույքի կամ գույքային իրավունքների մասով) ուժը կորցրած համարվելու մասին լիազոր մարմնի կողմից տրամադրված գրավոր տեղեկատվություն, կամ

2) Կառավարության որոշումն ամբողջությամբ կամ մասամբ (տվյալ գույքի կամ գույքային իրավունքների մասով) ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշում, կամ

3) օրինական ուժի մեջ մտած դատական ակտ` Կառավարության որոշումն ամբողջությամբ կամ մասամբ (տվյալ գույքի կամ գույքային իրավունքների մասով) անվավեր ճանաչելու վերաբերյալ:

4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հիմքերով ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցման հիմքով օտարվող սեփականության նկատմամբ բոլոր, ներառյալ օտարման պայմանագրում չներառված այլ գույքային իրավունքների նկատմամբ կատարված պետական գրանցումները ենթակա են դադարման, բացառությամբ օրենքի ուժով սահմանված անվճար մշտական սերվիտուտի (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 214-րդ հոդվածի 5-րդ մաս):

5. Գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով գույքի արգելադրման որոշման հիմքով կիրառված սահմանափակումների) ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցման մերժման հիմք չեն և դադարում են օրենքի ուժով՝ օտարվող սեփականության նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցման պահից, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով գույքի արգելադրման որոշման հիմքով կիրառված սահմանափակումները՝ գույքն արգելանքից հանելու վերաբերյալ սահմանված կարգով կայացված որոշման հիման վրա:

6. «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազոր մարմինը, նոտարը, դատարանը և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը սույն հոդվածով սահմանված փաստաթղթերը պետական գրանցում իրականացնող մարմին ներկայացնում են էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. փետրվարի 16

Երևան

ՀՕ-33-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան