ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-185-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.12.20/64(519) Հոդ.1306
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
27.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 27-ին

ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 24.10.18 ՀՕ-405-Ն)

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է հանրային գերակա շահի որոշման կարգը, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման կարգը, օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման տրման կարգը:

(1-ին հոդվածը խմբ. 24.10.18 ՀՕ-405-Ն)

 

Հոդված 2. Սույն օրենքի գործողության ոլորտը

 

Սույն օրենքի գործողությունը տարածվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև համայնքներին (այսուհետ՝ սեփականատերեր) սեփականության իրավունքով պատկանող և Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած կամ հաշվառված սեփականության իրավունքի բոլոր օբյեկտների (անշարժ կամ շարժական գույք, գույքային իրավունքներ, արժեթղթեր և այլն) վրա (այսուհետ՝ օտարվող սեփականություն): Սույն օրենքը չի տարածվում ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ, արտակարգ իրավիճակների պայմաններում սեփականության օտարման հարաբերությունների վրա:

Հոդված 3. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման սահմանադրական պայմանները

(վերնագիրը խմբ. 24.10.18 ՀՕ-405-Ն)


      1. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման սահմանադրական պայմաններն են՝

ա) օտարումը պետք է իրականացվի օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով.

բ) օտարվող սեփականության դիմաց պետք է տրվի նախնական և համարժեք փոխհատուցում (այսուհետ՝ փոխհատուցում):

Ներմուծեք նկարագրությունը_21507 (3-րդ հոդվածը խմբ. 24.10.18 ՀՕ-405-Ն)

Հոդված 4. Հանրության գերակա շահի որոշումը

(վերնագիրը փոփ. 24.10.18 ՀՕ-405-Ն)

 

1. (մասն ուժը կորցրել է 11.02.26 ՀՕ-28-Ն)

2. Գերակա հանրային շահը կարող է հետապնդել հետևյալ նպատակները՝

ա) պետության պաշտպանության, պետության ու հասարակության անվտանգության ապահովումը.

բ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման ապահովումը.

գ) միջազգային և հանրապետական նշանակության պատմության և մշակութային արժեքների կամ հուշարձանների, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման կամ պահպանության ապահովումը.

դ) շրջակա միջավայրի պահպանության ապահովումը.

ե) կրթության, առողջության, սպորտի, ինչպես նաև գիտության կամ մշակույթի զարգացման ապահովումը.

զ) էներգետիկայի, հեռահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, ջերմամատակարարման, քաղաքաշինական, ընդերքի հետախուզման, ընդերքօգտագործման, տրանսպորտի, հաղորդակցության ուղիների կամ բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացման բնագավառում համապետական կամ համայնքային կամ միջհամայնքային կարևոր նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման ապահովումը.

է) անձանց կյանքի, առողջության կամ սեփականության պաշտպանությունը.

ը) արտակարգ իրավիճակների կանխումը, արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքների նվազեցումը, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացումը:

Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջե լրացուցիչ եկամուտների ապահովման նպատակն ինքնին չի հանդիսանում հանրության գերակա շահ:

3. Հանրության շահը չի կարող համարվել գերակա, եթե օտարման նպատակի իրագործումը չի սկսվելու հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ տարվա ընթացքում:

Ներմուծեք նկարագրությունը_21507 (4-րդ հոդվածը փոփ., խմբ. 24.10.18 ՀՕ-405-Ն, փոփ. 11.02.26 ՀՕ-28-Ն)

(11.02.26 ՀՕ-28-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)


Հոդված 5. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականությունը

(վերնագիրը փոփ. 24.10.18 ՀՕ-405-Ն)

 

1. Եթե օտարվում է հողամասը, ապա հողամասի հետ միասին օտարման են ենթակա նաև հողամասի վրա գտնվող անշարժ գույքը (շենքեր, շինություններ, այլ ամրացված գույք և այլն), ինչպես նաև հողամասի վրա գտնվող այլ բարելավումները: Եթե օտարվում է շենք կամ շինություն, ապա շենքի կամ շինության հետ միասին օտարման են ենթակա նաև այդ շենքի կամ շինության սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը:

2. Եթե օտարվում է սեփականության մի մասը, ապա սեփականատերն իրավունք ունի պահանջելու նաև սեփականության չօտարված մասի օտարում հետևյալ դեպքերում՝

1) գույքի չօգտագործվող մասը սեփականատիրոջ համար կորցնում է տնտեսական կամ գործառութային այն նշանակությունը, որն ուներ մինչև օտարվող մասի առանձնացվելը՝ անկախ սեփականության օտարվող և չօտարվող մասերի համամասնությունից.

2) գույքի չօտարվող մասը օտարվող մասի համեմատությամբ աննշան է: Գույքի չօտարված մասը համարվում է աննշան, եթե օտարվում է ամբողջ գույքի առնվազն 75 տոկոսը.

3) գույքի մի մասի օտարման հետևանքով էապես, առնվազն 25 տոկոսով, նվազում է չօտարված մասի շուկայական արժեքը:

Չօտարված մասն օտարելու պահանջ սեփականատերը կարող է ներկայացնել հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

3. (մասն ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-105-Ն)

(5-րդ հոդվածը խմբ., փոփ. 21.06.14 ՀՕ-105-Ն, փոփ. 24.10.18 ՀՕ-405-Ն, լրաց. 11.02.26 ՀՕ-28-Ն)

(11.02.26 ՀՕ-28-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 5.1. Սեփականության չօտարվող մասն օտարելու պահանջի քննարկման կարգը

 

1. Եթե սեփականատերը սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով պահանջ է ներկայացնում սեփականության չօտարվող մասը ևս օտարելու վերաբերյալ, ապա ձեռք բերողը պարտավոր է նման պահանջ ներկայացնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, սեփականատիրոջը ներկայացնել ներկայացված պահանջի վերաբերյալ իր համաձայնությունը կամ մերժումը։

2. Ձեռք բերողի կողմից սեփականության չօտարվող մասը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում սեփականատերն իրավունք ունի սեփականության չօտարվող մասը ձեռք բերելուն պարտավորեցնելու պահանջով դիմելու դատարան՝ ձեռք բերողի մերժումը ստանալուց կամ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում։ Ձեռքբերողի կողմից սեփականության չօտարված մասը ձեռք բերելուն համաձայնություն տրվելու դեպքում չօտարված մասի գինը որոշվում է սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով դատարան ներկայացված հայցը դատարանը պետք է քննի և վճիռ կայացնի այն վարույթ ընդունվելու օրվանից հետո՝ երկամսյա ժամկետում։

4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հայցի ներկայացումը չի կասեցնում և չի կարող կասեցնել համապատասխան գույքի վերաբերյալ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման կատարումը, այդ թվում՝ գույքի օտարումը և գույքի նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցման գործընթացը, իսկ նման հայցերի քննության ընթացքում չի կարող կիրառվել հայցի ապահովման այնպիսի միջոց, որը կհանգեցնի հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշման, դրանից բխող գործողությունների, ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցման կամ դրանից բխող այլ գործողությունների կամ հանրության գերակա շահի ապահովման նպատակով սեփականության օտարման հիմք հանդիսացող գործունեության արգելմանը, կասեցմանը կամ դադարեցմանը:

(5.1-ին հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-105-Ն, փոփ., լրաց. 11.02.26 ՀՕ-28-Ն)

(11.02.26 ՀՕ-28-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 6. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության ձեռքբերողը

(վերնագիրը փոփ. 24.10.18 ՀՕ-405-Ն)

 

1. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականությունը կարող է օտարվել հօգուտ պետության, համայնքի կամ կազմակերպության (այսուհետ՝ ձեռքբերող):

2. Եթե ձեռքբերողը պետությունն է, ապա հօգուտ պետության սեփականությունն օտարելու կամ օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրության դիմում կառավարությանը կարող են ներկայացնել պետական կառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, շահույթ չհետապնդող կազմակերպությունները և համայնքները:

3. Եթե ձեռքբերողը պետությունը չէ, ապա սեփականությունն օտարելու կամ օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրության դիմում կառավարությանը ձեռքբերողը կարող է ներկայացնել համապատասխան ոլորտի պետական կառավարման մարմնի միջոցով:

4. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականությունն օտարելու վերաբերյալ դիմումում պետք է նշվեն սույն օրենքի 7-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված տվյալները, ինչպես նաև՝

ա) սեփականության օտարման հանրության գերակա շահի հիմնավորումը.

բ) օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման, սեփականության օտարման ընթացակարգի ապահովման համար և սեփականության օտարման հետևանքով առաջացող այլ ծախսերի, ինչպես նաև սեփականության օտարումից հետո դրա հանրության գերակա շահերի համար նախատեսված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների աղբյուրների կամ երաշխիքների վերաբերյալ տեղեկություններ.

գ) ձեռքբերողի հայեցողությամբ այլ անհրաժեշտ նյութեր, փաստաթղթեր:

5. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականությունն օտարելու գործընթացի ընթացքում առաջացած ծախսերը կատարվում են ձեռքբերողի հաշվին:

Ներմուծեք նկարագրությունը_21507 (6-րդ հոդվածը փոփ. 24.10.18 ՀՕ-405-Ն)

Հոդված 7. Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը

(վերնագիրը փոփ. 24.10.18 ՀՕ-405-Ն)

 

1. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականությունն օտարվում է միայն կառավարության կողմից օտարման նպատակը հանրության գերակա շահ ճանաչվելու դեպքում: Օտարման նպատակը հանրության գերակա շահ կարող է ճանաչվել միայն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում․

ա) օտարման նպատակը սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա կարող է համարվել գերակա հանրային շահ և ողջամտորեն իրագործելի է սահմանված վերջնաժամկետում․

բ) օտարման հիմք դիտարկվող հանրային շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերին.

գ) հանրության գերակա շահի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց տվյալ սեփականության օտարման.

դ) սեփականության օտարումը չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականատիրոջը.

ե) սեփականության օտարումն ուղղակիորեն նպաստելու է օտարման նպատակի իրագործմանը․

զ) օտարման ենթակա սեփականությունն օգտագործվելու է բացառապես հանրության գերակա շահ ճանաչված օտարման նպատակով.

է) օտարման ենթակա սեփականության ձեռքբերողը պետությունը կամ համայնքն է կամ պետության կամ համայնքի հիմնադրած կամ դրանց մասնակցությամբ իրավաբանական անձը, իսկ եթե որպես ձեռքբերող հանդես է գալիս այլ սուբյեկտ, ապա հիմնավորված է այդպիսի ձեռքբերողի ներգրավումը։

1.1. Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման նախագծերը ենթակա են հանրային քննարկման, որի կազմակերպման և անցկացման կարգը սահմանում է կառավարությունը։

2. Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման մեջ նշվում են՝

ա) հանրության գերակա շահը, որի համար պետք է օտարվի սեփականությունը.

բ) օտարվող սեփականության ձեռքբերողը.

գ) օտարման ենթակա սեփականության իրավունքի օբյեկտները և օտարվող սեփականությունը նույնականացնող տվյալները (հասցեն կամ գտնվելու վայրը, առկայության դեպքում` հանրության գերակա շահ ճանաչվող տարածքի սխեման, գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի տվյալները, կադաստրային ծածկագիրը, ինչպես նաև օտարվող սեփականությունը նույնականացնող բոլոր այլ հասանելի տվյալները, իսկ արժեթղթերի դեպքում՝ թողարկողի անվանումը, արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրերը կամ արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը, արժեթղթերի տեսակը, դասը, քանակը, դրանց անվանական արժեքը և թողարկման արժույթը).

դ) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը: Սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետը չի կարող մեկ տարուց, իսկ անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների դեպքում հինգ տարուց ավելի սահմանվել՝ սկսած հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.

ե) տվյալ օտարման գործառույթների իրականացումը համակարգող, իսկ եթե ձեռքբերողը պետությունն է, ապա նաև սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին).

զ) օտարման նպատակի իրագործումն սկսելու և ավարտելու վերջնաժամկետները.

է) սույն օրենքից բխող այլ անհրաժեշտ տվյալներ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի սույն մասի «ե» կետով նախատեսված լիազոր մարմնի գործառույթը` Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող օտարվող սեփականության մասով, որպես պատվիրակված լիազորություն պատվիրակելու Երևանի քաղաքապետին:

2.1. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով կամ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքերում հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ նշվում են նաև՝

1) պետական սեփականություն հանդիսացող հողամասի կամ այլ պետական գույքի ուղղակի վաճառքի անհրաժեշտության հիմնավորումը.

2) պետական սեփականություն հանդիսացող հողամասի կամ այլ պետական գույքի տվյալները։

2.2 Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմամբ սահմանված սխեմաների տարածքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների վերականգնման (ինքնակամ կառույցների օրինականացման) հետևանքով հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման ընդունումից հետո սեփականության իրավունքի առաջին պետական գրանցում ստացած անշարժ գույքերի նկատմամբ տարածվում է հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության համապատասխան որոշումը: Կառավարության որոշմամբ սահմանված սխեմայի և գույքերի ցանկի միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է սխեմայի տվյալներին:

2․3. Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմամբ նախատեսված անշարժ գույքի սահմանների ճշտումից, անշարժ գույքի հետագա բաժանումից կամ այլ անշարժ գույքի հետ միավորումից առաջացող անշարժ գույքերի օտարման գործընթացի այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են մինչև համապատասխանաբար սահմանների ճշտումը, բաժանումը կամ միավորումը, համարվում են իրականացված առաջացած անշարժ գույքի մասով:

3. Եթե ձեռքբերողը պետությունը չէ, ապա հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմանը կցվում է համապատասխան ոլորտի պետական կառավարման մարմնի և ձեռքբերողի միջև կնքված պայմանագիրը, որով սահմանվում են սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը: Եթե ձեռք բերողը Երևանի համայնքը չէ, և եթե օտարվող գույքը գտնվում է Երևան քաղաքի վարչական տարածքում, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի սույն մասով նախատեսված պետության անունից պայմանագիրը կնքելու լիազորությունը` որպես պատվիրակված լիազորություն, վերապահելու Երևանի քաղաքապետին: Այդ պայմանագիրն ուժի մեջ է մտնում հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

Եթե ձեռք բերողը Երևանի համայնքն է, և եթե օտարվող գույքը գտնվում է Երևան քաղաքի վարչական տարածքում, ապա համայնքի հետ սույն մասով նախատեսված պայմանագիրը չի կնքվում, և ձեռք բերող Երևանի համայնքի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանվում են հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Եթե ձեռքբերողը պետությունը կամ համայնքը կամ պետության կամ համայնքի հիմնադրած կամ դրանց մասնակցությամբ իրավաբանական անձը չէ, ապա այդ ձեռքբերողի ընտրությունն իրականացվում է կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

4. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով հողամասը կամ այլ անշարժ գույքը կամ պարտադիր կամ կամավոր պետական գրանցման ենթակա այլ գույքը հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումից ծագող օտարվող սեփականության վերաբերյալ համապատասխան տվյալները (տեղեկատվությունը) անշարժ գույքի պետական ռեգիստրը կառավարության որոշումը լիազոր մարմնի կողմից ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում, արտացոլում է իրավական կադաստրի տեղեկատվության կազմում, իսկ արժեթղթերի դեպքում իրավասու մարմինն իրականացնում է այդ տեղեկատվությունը համակարգում գրանցելու գործառնություն: Սույն մասով սահմանված հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումից ծագող օտարվող սեփականության մասին համապատասխան տվյալների (տեղեկատվության) վերաբերյալ իրավական կադաստրի տեղեկատվության կազմում կամ իրավասու այլ մարմնի համակարգում կատարված գրառումները վերացվում են լիազոր մարմնի կամ ձեռքբերողի կողմից գրանցում իրականացնող մարմին ներկայացված կառավարության որոշումը ամբողջությամբ կամ մասնակի ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ գրավոր տեղեկատվության հիման վրա, որը տրամադրվում է կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց կամ կառավարության որոշումն ամբողջությամբ կամ մասամբ անվավեր ճանաչելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

4.1. Մինչև հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելը լիազոր մարմինն այդ մասին տեղեկացնում է քրեական վարույթն իրականացնող մարմնին, եթե առկա է տեղեկատվություն օտարվող գույքի՝ քրեական վարույթով արգելադրված կամ գրավի առարկա լինելու մասին:

5. Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում պատշաճ ձևով ուղարկվում է օտարվող սեփականության սեփականատիրոջը (առկայության դեպքում՝ նաև արժեթղթերի անվանատիրոջը) և օտարվող սեփականության նկատմամբ գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց, իսկ եթե սեփականության սեփականատերը սնանկության վարույթով հանդիսանում է պարտապան, ապա նաև սնանկության գործով կառավարչին՝ սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով:

6․ Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կառավարության սահմանած կարգով և ժամկետներում լիազոր մարմինը կազմում է օտարվող սեփականության օբյեկտի նկարագրության արձանագրությունը, որին իրավունք ունեն մասնակցելու ձեռքբերողը, իրավունքի պետական գրանցում ունեցող օբյեկտի սեփականատերը, իրավունքի պետական գրանցում չունեցող օբյեկտի փաստացի տիրապետողը և սեփականության օբյեկտի նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները, եթե սեփականության նախնական ուսումնասիրության ժամանակ արձանագրությունը չի կազմվել։

Օտարման ենթակա սեփականության նկարագրության արձանագրությունը կազմելիս օգտագործվում են տեխնիկական սարքավորումներ, որոնց ցանկը, կիրառման կարգը և օտարվող սեփականության նկարագրության կազմման ընթացակարգը, մեթոդաբանությունը, օտարման ենթակա սեփականության նկարագրության արձանագրության, ինչպես նաև դրա կազմման համար հիմք հանդիսացած նյութերի պահպանման կարգը և ժամկետները սահմանում է կառավարությունը:

Եթե օտարման ենթակա սեփականության սեփականատերը կամ այդ սեփականությունը փաստացի տիրապետողը խոչընդոտում է օտարվող սեփականություն մուտք գործելը կամ այլ կերպ անհնարին է դարձնում օտարվող սեփականության հասանելիությունը, սեփականության նկարագրության արձանագրության կազմման աշխատանքները, ապա լիազոր մարմինը սեփականության նկարագրության արձանագրությունը կազմում է առկա հնարավորությունից ելնելով, որը և հիմք է հանդիսանում բարելավումները գնահատելու համար:

Եթե օտարման ենթակա սեփականության սեփականատերը կամ այդ սեփականությունը փաստացի տնօրինողը խոչընդոտում է օտարվող սեփականություն մուտք գործելը կամ այլ կերպ անհնարին է դարձնում օտարվող սեփականության հասանելիությունը, ապա լիազոր մարմինն իրավասու է օտարման ենթակա սեփականության նկարագրության արձանագրությունը կազմելու կառավարության սահմանած տեխնիկական սարքավորումների միջոցով, իսկ նկարագրության արձանագրությունում գույքի ներքին վիճակի վերաբերյալ տեղեկություններն արձանագրելու` հիմք ընդունելով շուկայում առկա հարդարվածության միջին վիճակը: Օտարվող սեփականության արձանագրությունը ներառում է նշում` սեփականության նկարագրության արձանագրությունն օտարվող սեփականության սեփականատիրոջ կողմից դրա կազմումը խոչընդոտելու պայմաններում կատարված լինելու վերաբերյալ:

Եթե օտարման ենթակա սեփականության սեփականատերը կամ այդ սեփականությունը փաստացի տնօրինողը խոչընդոտում է օտարվող սեփականություն մուտք գործելը կամ այլ կերպ անհնարին է դարձնում օտարվող սեփականության հասանելիությունը, ապա սեփականության նկարագրության արձանագրությունն անվավեր կամ այդ արձանագրության հիման վրա որոշված` օտարվող սեփականության դիմաց համարժեք փոխհատուցման չափը ոչ համարժեք չի կարող ճանաչվել սեփականության նկարագրության արձանագրությունը կազմելիս այնպիսի պահանջների չպահպանման հիմքով, որոնց պահպանումն օբյեկտիվորեն անհնարին է դարձել սեփականատիրոջ կամ սեփականությունը փաստացի տնօրինողի՝ օտարվող սեփականություն մուտք գործելը խոչընդոտելու կամ օտարվող սեփականության հասանելիությունն այլ կերպ անհնարին դարձնելու հետևանքով:

Օտարվող սեփականության նկարագրության արձանագրության մեկ օրինակը, այն կազմելուց հետո ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում, պատշաճ ձևով ուղարկվում է սեփականատիրոջը (իրավունքի պետական գրանցում չունեցող գույքի դեպքում՝ տիրապետողին, առկայության դեպքում` նաև արժեթղթերի անվանատիրոջը) և սեփականության նկատմամբ գրանցված գույքային իրավունքներ ունեցող անձանց, որոնք իրավունք ունեն արձանագրությունն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, այն բողոքարկել լիազոր մարմնին կամ դատարան:

7․ Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը ենթակա է պարտադիր հրապարակման նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։

Ներմուծեք նկարագրությունը_21507 (7-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-121-Ն, փոփ. 24.10.18 ՀՕ-405-Ն, լրաց. 04.06.21 ՀՕ-274-Ն, խմբ., լրաց., փոփ. 11.02.26 ՀՕ-28-Ն )

(11.02.26 ՀՕ-28-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)


 

Հոդված 8. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրությունը

(վերնագիրը փոփ. 24.10.18 ՀՕ-405-Ն)

 

1. Մինչև հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման ընդունումը ձեռքբերողն իրավունք ունի կառավարությանն առաջարկություն ներկայացնելու օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրման մասին (այսուհետ՝ սեփականության ուսումնասիրում):

2. Սեփականության ուսումնասիրման վերաբերյալ դիմումում պետք է նշվեն սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված տվյալները, ինչպես նաև՝

ա) օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման, սեփականության օտարման ընթացակարգի ապահովման համար և սեփականության օտարման հետևանքով առաջացող այլ ծախսերի, ինչպես նաև սեփականության օտարումից հետո դրա հանրության գերակա շահերի համար նախատեսված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների աղբյուրների կամ երաշխիքների մասին տեղեկություններ.

բ) սեփականության ուսումնասիրության նպատակը, սեփականության ուսումնասիրության ժամանակ կատարման ենթակա գործողությունները.

գ) ձեռքբերողի հայեցողությամբ այլ անհրաժեշտ փաստաթղթեր:

Սեփականության ուսումնասիրության գործընթացի ընթացքում առաջացած ծախսերը կատարվում են ձեռքբերողի հաշվին:

3. Եթե ձեռքբերողը պետությունը չէ, ապա սեփականության ուսումնասիրության մասին կառավարության որոշմանը կցվում է համապատասխան ոլորտի պետական կառավարման մարմնի և ձեռքբերողի միջև կնքված պայմանագիրը, որում սահմանվում են սեփականության ուսումնասիրության գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը: Եթե ձեռք բերողը Երևանի համայնքը չէ, և եթե օտարվող գույքը գտնվում է Երևան քաղաքի վարչական տարածքում, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի սույն մասով նախատեսված պետության անունից պայմանագիրը կնքելու լիազորությունը` որպես պատվիրակված լիազորություն, վերապահելու Երևանի քաղաքապետին:

Այդ պայմանագիրն ուժի մեջ է մտնում սեփականության նախնական ուսումնասիրության մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

Եթե ձեռք բերողը Երևանի համայնքն է, և եթե օտարվող գույքը գտնվում է Երևան քաղաքի վարչական տարածքում, ապա համայնքի հետ սույն մասով նախատեսված պայմանագիրը չի կնքվում, և ձեռք բերող Երևանի համայնքի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանվում են հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

4. Օտարման ենթակա սեփականության ուսումնասիրման մասին կառավարության որոշումը պետք է ներառի սույն օրենքի 7-րդ հոդվածի երկրորդ մասում նախատեսված տեղեկությունները, ինչպես նաև՝

ա) ուսումնասիրման ենթակա սեփականության իրավունքի օբյեկտների հասցեները կամ գտնվելու վայրը.

բ) ուսումնասիրության ժամկետը, որը չի կարող ավելի լինել երկու ամսից` սկսած ուսումնասիրման մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.

գ) ուսումնասիրության ընթացքում կատարվելիք գործողությունները.

դ) այլ անհրաժեշտ տվյալներ:

Կառավարության որոշմամբ կարող է նախատեսվել ուսումնասիրության հետևանքով սեփականատիրոջը պատճառվելիք վնասները ձեռքբերողի կողմից մասնակի նախնական փոխհատուցման պարտավորություն:

5. Ուսումնասիրության իրականացման մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուսումնասիրման ենթակա սեփականության իրավունքի օբյեկտների վրա կառավարության որոշմամբ կարող են տարածվել սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները:

Ուսումնասիրությունն իրականացնում է ձեռքբերողը: Ուսումնասիրությանն իրավունք ունի մասնակցելու նաև լիազոր մարմնի ներկայացուցիչը: Ձեռքբերողի կողմից ուսումնասիրությանը կարող են ներգրավվել անհրաժեշտ մասնագետներ, փորձագետներ:

6. Ուսումնասիրության ընթացքում ուսումնասիրողներն իրավունք ունեն սույն հոդվածի յոթերորդ մասով սահմանված կարգով մուտք գործելու կառավարության որոշմամբ սահմանված սեփականության իրավունքի օբյեկտներ, դիտարկելու կամ զննելու դրանք, վերցնելու փորձանմուշներ, կատարելու չափագրումներ, նկարահանումներ կամ կատարելու ընդերքի հետազոտական աշխատանքներ, կազմելու օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը՝ պահպանելով սույն հոդվածի յոթերորդ մասի պահանջները:

Շարժական գույքի ուսումնասիրությունները կարող են կատարվել նաև կառավարության կողմից նշված վայրում:

7. Ուսումնասիրության ընթացքում ուսումնասիրողները պարտավոր են՝

ա) ուսումնասիրության ընթացքում չխոչընդոտել կամ հնարավորինս նվազագույնի հասցնել սեփականատիրոջ` տվյալ գույքը տնօրինելու, տիրապետելու կամ օգտագործելու իրավունք ունեցող անձանց իրավունքների իրականացումն արգելակող ռիսկերը.

բ) ուսումնասիրությունները հնարավորինս իրականացնել սեփականատիրոջ հետ համաձայնեցված ժամերին ու պայմաններով.

գ) գաղտնի պահել ուսումնասիրության ընթացքում իրենց հայտնի դարձած` օրենքով գաղտնիք համարվող տեղեկությունները.

դ) ուսումնասիրությունն սկսելուց առաջ ուսումնասիրվող օբյեկտի սեփականատիրոջը, տիրապետողին, օգտագործողին լիարժեք տեղեկություն տրամադրել իրենց գործողությունների իմաստի և նշանակության, այդ գործողությունների իրավական հետևանքների մասին:

8. Ուսումնասիրության ժամանակ գույքի սեփականատերը և գույքային իրավունք ունեցողները պարտավոր են`

ա) ուսումնասիրողներին ներկայացնել ուսումնասիրվող գույքի վերաբերյալ իր ունեցած բոլոր փաստաթղթերը.

բ) տեղեկություններ տրամադրել ուսումնասիրվող գույքի նկատմամբ իրավունքներ ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց մասին.

գ) ապահովել ուսումնասիրողների մուտքն ուսումնասիրման ենթակա օբյեկտ:

9. Ձեռքբերողը պարտավոր է փոխհատուցել ուսումնասիրության ընթացքում կատարված գործողությունների հետևանքով սեփականատերերին պատճառված վնասները:

10. Եթե մինչև ուսումնասիրության համար նախատեսված ժամկետի ավարտից հետո` երեք ամսվա ընթացքում, ուժի մեջ չի մտնում հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը, ապա ձեռքբերողը պարտավոր է հատուցել նաև ուսումնասիրվող սեփականության նկատմամբ սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներ սահմանելու հետևանքով սեփականատիրոջը պատճառված վնասները:

11. Պետությունը սուբսիդիար պատասխանատվություն է կրում ձեռքբերողի կողմից ուսումնասիրության ընթացքում կատարված գործողությունների հետևանքով, ինչպես նաև ձեռքբերողի կողմից ուսումնասիրվող սեփականության նկատմամբ սահմանափակումներ սահմանելու հետևանքով սեփականատիրոջը պատճառած վնասների համար:

(8-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-121-Ն, փոփ. 24.10.18 ՀՕ-405-Ն)

 

Հոդված 9. Հանրության գերակա շահ ճանաչելու կամ սեփականության նախնական ուսումնասիրության մասին կառավարության որոշման բողոքարկումը

(վերնագիրը փոփ. 24.10.18 ՀՕ-405-Ն)

 

1. Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն օտարման ենթակա սեփականության սեփականատիրոջ կամ շահագրգիռ այլ անձի կողմից կարող է բողոքարկվել դատարան՝ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում: Որոշման վիճարկումը չի կասեցնում դրա կատարումը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 200․5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Սեփականությունն ուսումնասիրելու մասին կառավարության որոշումն ուսումնասիրման ենթակա սեփականության սեփականատիրոջ կամ շահագրգիռ այլ անձի կողմից կարող է բողոքարկվել դատարան՝ սեփականությունն ուսումնասիրելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում: Որոշման վիճարկումը չի կասեցնում դրա կատարումը:

(9-րդ հոդվածը փոփ. 24.10.18 ՀՕ-405-Ն, լրաց. 11.02.26 ՀՕ-28-Ն)

(11.02.26 ՀՕ-28-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 10. Սեփականության օտարումը` պայմանագրի համաձայն

 

1. Ձեռքբերողը պարտավոր է մինչև հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմամբ սահմանված սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին պատշաճ ձևով՝ սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով, ուղարկել սեփականության օտարման պայմանագրի (այսուհետ՝ օտարման պայմանագիր) նախագիծը:

2. Օտարվող սեփականության սեփականատերն օտարման պայմանագրի նախագիծը սույն օրենքով սահմանված կարգով ստանալուց (պայմանագրի վերաբերյալ պատշաճ ծանուցված համարվելուց) հետո՝ երկշաբաթյա ժամկետում, պարտավոր է պատշաճ ձևով հայտնել ձեռքբերողին օտարման ենթակա սեփականության նկատմամբ այն գույքային իրավունքներ ունեցողների մասին, որոնք օրենքով սահմանված կարգով պետական կամ այլ մարմնում չեն գրանցվել կամ ենթակա չեն եղել գրանցման: Եթե սույն մասում նշված ժամկետում օտարվող սեփականության սեփականատերն իրեն հայտնի օտարվող սեփականության նկատմամբ գրանցում չունեցող գույքային իրավունքներ ունեցողների մասին չի հայտնում ձեռքբերողին, ապա առանց այդ գույքային իրավունքներ ունեցողների մասնակցության սեփականության օտարման հետևանքով նրանց պատճառված վնասների համար պատասխանատվությունը կրում է օտարվող սեփականության սեփականատերը:

3. Օտարվող սեփականության սեփականատերը կամ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներն իրավունք ունեն սեփականության օտարման պայմանագրի նախագիծը սույն օրենքով սահմանված կարգով ստանալուց (պայմանագրի վերաբերյալ պատշաճ ծանուցված համարվելուց) հետո՝ մեկամսյա ժամկետում, գրավոր և հիմնավորված առարկություններ կամ առաջարկություններ ներկայացնելու օտարման պայմանագրի նախագծի վերաբերյալ:

Ձեռքբերողն իրավունք ունի պայմանագիրը կնքելու նպատակով բանակցություններ վարելու օտարվող սեփականության սեփականատիրոջ և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողների հետ:

 4. Սեփականությունը կարող է օտարվել` ձեռքբերողի և օտարման ենթակա սեփականության սեփականատիրոջ միջև կնքվող պայմանագրի համաձայն: Այս դեպքում կողմերի համաձայնությամբ են միայն որոշվում օտարվող սեփականության դիմաց տրվող համարժեք փոխհատուցման չափը, որը չի կարող պակաս լինել սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափից, իսկ նույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում` նույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված չափից, իսկ ձեռքբերողի կողմից սույն օրենքի 5-րդ հոդվածի կարգավորումների ներքո չօտարվող մասի գծով տնտեսական կամ գործառութային նշանակության կորստի կանխարգելմանն ուղղված միջոցառումներ նախատեսվելու դեպքում՝ այդ միջոցառումների ցանկը և կատարման ժամկետները, ինչպես նաև փոխհատուցման ձևը, կարգը, ժամկետները, պայմաններն ու կողմերի պատասխանատվությունը: Եթե օտարվող սեփականության նկատմամբ կան ձեռքբերողին հայտնի գույքային իրավունքներ ունեցողներ, ապա օտարման պայմանագրի կողմ պետք է հանդիսանան նաև օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները: Օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքները կարող են դադարել նաև առանց սեփականատիրոջ համաձայնության՝ ձեռքբերողի և օտարման ենթակա սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողների միջև կնքվող պայմանագրի համաձայն։

(10-րդ հոդվածը փոփ. 24.10.18 ՀՕ-405-Ն, փոփ., խմբ., լրաց. 11.02.26 ՀՕ-28-Ն)

(11.02.26 ՀՕ-28-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Հոդված 11. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության դիմաց փոխհատուցումը

(վերնագիրը փոփ. 24.10.18 ՀՕ-405-Ն)

 

1. Օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում: Համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

1.1. Ձեռքբերողը պարտավոր է սույն օրենքով սահմանված ժամկետում և կարգով օտարվող գույքն ազատելուց և ձեռքբերողին հանձնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, օտարման ենթակա սեփականության սեփականատիրոջը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին (բացառությամբ գրավառուների) տրամադրել լրացուցիչ փոխհատուցում՝ օտարվող գույքի շուկայական արժեքի, իսկ գույքային իրավունքներ ունեցողին՝ գույքային իրավունքի շուկայական արժեքի 15 տոկոսի չափով, եթե օտարման ենթակա սեփականության սեփականատերը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները՝

1) չեն խոչընդոտում սեփականության նկարագրության արձանագրության կազմման նպատակով օտարվող սեփականություն մուտք գործելը կամ այլ կերպ անհնարին չեն դարձնում օտարվող սեփականության հասանելիությունը․

2) ձեռքբերողի հետ կնքում են սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանագիրը, կամ այն կնքված է համարվում սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով՝ մինչև ձեռքբերողի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը և

3) սահմանված ժամկետում և կարգով ազատում են օտարվող գույքը և հանձնում ձեռքբերողին (չեն խոչընդոտում կամ այլ կերպ անհնարին չեն դարձնում գույքի հանձնումը)։

2. Օտարվող սեփականության շուկայական արժեքը բաց և մրցակցային շուկայում սեփականություն հանդիսացող գույքի վաճառողի և գնորդի գիտակցաբար, արդարացի առևտրի պայմանների պահպանմամբ և օրինական գործողությունների արդյունքում ձևավորվող, գույքի վաճառքի առավել հավանական գինն է: Սույն օրենքով սահմանված կարգով օտարվող սեփականության գնահատումն իրականացնելիս մինչև օրենքով սահմանված կարգով գնահատողի ընտրությունը լիազոր մարմինն օտարվող սեփականության սեփականատիրոջը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին պատշաճ ծանուցում է սեփականության գնահատման իրավունք ունեցող սուբյեկտների ցանկի մասին։ Օտարվող սեփականության սեփականատերը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներն իրավունք ունեն սույն մասում նշված ծանուցումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, լիազոր մարմնին գրավոր առաջարկելու իրենց համար նախընտրելի գնահատողի թեկնածությունը՝ կցելով այդ գնահատողի գրավոր համաձայնությունը։ Սույն մասով սահմանված առաջարկի ներկայացման դեպքում որպես գնահատող պարտադիր ներգրավվում է դիմումում մատնանշված սուբյեկտը։ Սույն հոդվածում նշված ծանուցումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, գնահատողի թեկնածության վերաբերյալ գրավոր առաջարկ չներկայացվելու կամ այդպիսի առաջարկ ներկայացնելուց հրաժարվելու դեպքում գնահատողի ընտրությունն իրականացվում է կառավարության սահմանած կարգով, պատահականության սկզբունքով։

3. Օտարվող սեփականության (բացառությամբ արժեթղթերի) դիմաց սեփականատիրոջը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին տրամադրվում է նաև ձեռնարկատիրական գործունեության ընդհատման (դադարեցման) ժամանակահատվածի, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա համար դրամական փոխհատուցում` կառավարության սահմանած չափով և կարգով, եթե օտարվող սեփականությունն անմիջականորեն օգտագործվել է սեփականատիրոջ կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության մեջ: Կառավարության որոշմամբ կարող են սահմանվել նաև սեփականատիրոջը գույքի օտարման հետևանքով վերաբնակեցման և կառավարության որոշմամբ սահմանված այլ սոցիալական ազդեցությունների դիմաց սոցիալական աջակցության տրամադրման կարգը և պայմանները:

3.1. Օտարվող սեփականության շուկայական արժեքի գնահատումն իրականացնելու համար կարող է ներգրավվել միայն «Գնահատման գործունեության մասին» օրենքով որպես գնահատող հանդես գալու իրավունք ունեցող անձը, բացառությամբ օտարվող արժեթղթերի: Օտարվող սեփականության գնահատումն իրականացվում է «Գնահատման գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով, կառավարության սահմանած գնահատման ստանդարտներով և սույն օրենքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ, բացառությամբ օտարվող արժեթղթերի։ Օտարվող սեփականության շուկայական արժեքը գնահատվում և որոշվում է համապատասխան գնահատումն իրականացնելու օրվա դրությամբ։ Օտարվող արժեթղթերի գնահատումն իրականացվում է ձեռքբերողի կողմից ներգրավված` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձ հանդիսացող անկախ գնահատողի կողմից` հաշվի առնելով օրենսդրությամբ սահմանված կարգերը, բացառությամբ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի իմաստով բորսայական առևտրին թույլատրված արժեթղթերի, որոնց շուկայական արժեքը որոշվում է դրանց գնահատումն իրականացնելու օրվա դրությամբ փակման գնով կամ այդ օրվան հաջորդող օրվա փակման գնով, իսկ այդպիսին չլինելու դեպքում՝ գնահատումն իրականացնելու օրվան նախորդող վերջին 10 օրվա ընթացքում վերջին լավագույն գնման և վաճառքի հայտերի միջին կշռման գնով: Օտարվող արժեթղթերի սեփականատերը կարող է ձեռքբերողին ներկայացնել իր կողմից ներգրավված` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձ հանդիսացող անկախ գնահատողի կողմից իրականացված գնահատման հաշվետվությունը: Ե՛վ ձեռքբերողի, և՛ սեփականատիրոջ ներգրավմամբ մեկից ավելի գնահատման հաշվետվությունների առկայության դեպքում հիմք է ընդունվում դրանցով սահմանված արժեքների միջինը:

4. Օտարվող սեփականության շուկայական արժեքը չպետք է ներառի սեփականության արժեքի որևէ նվազեցում կամ ավելացում, որը պայմանավորված է հետևյալ պատճառներից որևէ մեկով՝

ա) այն նպատակով, որի համար օտարվում է սեփականությունը.

բ) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման հանգամանքով.

գ) ձեռքբերողի ցանկացած նախնական գործողությամբ, որը կապված է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման հետ (այդ թվում՝ նախնական ուսումնասիրությունը).

դ) սեփականության նկատմամբ առկա գույքային իրավունքներով:

4.1. Օտարվող սեփականության շուկայական արժեքը որոշելիս հաշվի չեն առնվում (չեն գնահատվում) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չհաշվառված ինքնակամ շենքերը կամ շինությունները:

4.2. Օտարվող սեփականության շուկայական արժեքը որոշելիս հողամասերը դիտարկվում են առանձին` որպես չկառուցապատված հողամաս` առանց բարելավումների, իսկ հողամասում առկա ծառերը, մշակաբույսերը և հողամասին ամրակցված այլ բարելավումները գնահատվում են առանձին` «Գնահատման գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով, կառավարության սահմանած գնահատման ստանդարտներով և սույն օրենքով նախատեսված կարգով սահմանված գնահատման մեթոդաբանությամբ։

4.3. Վթարային բազմաբնակարան բնակելի շենքերի դեպքում բնակելի տարածք հանդիսացող գույքի (առանց հողամասի) արժեքը որոշվում է նույն տարածագնահատման գոտում գտնվող համանման ոչ վթարային գույքի արժեքը 30 տոկոսով նվազեցնելով:

5․ Սեփականության օտարման հետ կապված օտարվող սեփականության սեփականատիրոջ համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հանդեպ առաջացող ֆինանսական պարտավորությունները (հարկերը, այդ թվում՝ օտարվող սեփականության դիմաց ստացվող փոխհատուցման գումարներից առաջացող հարկերը, տուրքերը, պարտադիր վճարները), իսկ արժեթղթերի դեպքում՝ նաև իրավասու մարմինների կողմից մատուցվող անհրաժեշտ ծառայությունների համար վճարները (արժեթղթերի պահպանման և հաշվի սպասարկման վճարները և այլն) կատարում է ձեռքբերողը:

6. Օտարվող սեփականության նկատմամբ առկա գույքային իրավունքների շուկայական արժեքը որոշվում է սույն օրենքով սահմանված կարգով նշանակված գնահատողի կողմից, իսկ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին տրամադրվող համարժեք փոխհատուցման չափը որոշվում է սույն հոդվածի 1-5-րդ մասերով սահմանված կանոններով՝ հիմք ընդունելով սույն օրենքով սահմանված կարգով նշանակված գնահատման արդյունքով որոշված՝ համապատասխան գույքային իրավունքի շուկայական արժեքը։ Գույքային իրավունքների շուկայական արժեքի գնահատման և դրանց դիմաց փոխհատուցման սույն օրենքով սահմանված կարգը կիրառելի չէ գրավի իրավունքի նկատմամբ, որի դեպքում գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 243-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգը:

7. Կառավարության սահմանած կարգով կազմված օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը կազմելու օրվանից հետո օտարվող սեփականության օտարման կամ իրավահաջորդությամբ անցնելու դեպքում սույն օրենքով սահմանված փոխհատուցումը վճարվում է օտարվող սեփականության նոր սեփականատիրոջը: Մինչև օտարվող սեփականության սեփականատիրոջ փոփոխությունը նախկին սեփականատիրոջ կողմից կատարված գործողությունները նոր սեփականատիրոջ համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը կազմելու օրվա դրությամբ օտարվող սեփականության սեփականատիրոջ համար:

(11-րդ հոդվածը փոփ. 24.10.18 ՀՕ-405-Ն, լրաց., խմբ. 11.02.26 ՀՕ-28-Ն)

(11.02.26 ՀՕ-28-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)


 

Հոդված 12. Սեփականության օտարումը` փոխհատուցման ենթակա գումար դեպոզիտ հանձնելով

 

1. Եթե օտարման պայմանագրի նախագիծն օտարվող սեփականության սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին ուղարկելուց հետո` երեք ամսվա ընթացքում, օտարման պայմանագիր չի կնքվում, ապա ձեռքբերողը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում սեփականության օտարման դիմաց ոչ պակաս, քան սույն օրենքով սահմանված կարգով որոշված համարժեք փոխհատուցման գումարը և այդ գումարի 20 տոկոսի չափով հավելյալ գումար հանձնել դատարանի կամ նոտարի, օրենքով նախատեսված դեպքերում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշիվ (այսուհետ՝ դեպոզիտ)՝ այդ մասին եռօրյա ժամկետում սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով տեղեկացնելով օտարվող սեփականության սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ ձեռքբերողին հայտնի գույքային իրավունքներ ունեցողներին:

2. Ձեռքբերողը փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելիս պարտավոր է նշել օտարվող գույքի նույնականացնող տվյալները և իրեն հայտնի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող բոլոր սեփականատերերի և բոլոր գույքային իրավունքներ ունեցողների մասին: Ձեռքբերողի կողմից սույն պահանջի խախտման հետևանքով սեփականատիրոջը կամ գույքային իրավունք ունեցողին պատճառված վնասը հատուցում է ձեռքբերողը:

3. Եթե ձեռքբերողի կողմից փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելու մասին տեղեկությունն օտարվող սեփականության սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին ուղարկվելուց հետո մինչև օտարվող գույքի նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցումը օտարվող սեփականության սեփականատերը կամ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողը սահմանված կարգով ստանում է դեպոզիտ հանձնված՝ սույն օրենքով սահմանված կարգով որոշված համարժեք փոխհատուցման գումարը, ապա սեփականության օտարման պայմանագիրը համապատասխան սուբյեկտի մասով համարվում է կնքված: Ընդ որում, սեփականության օտարման հիմք է հանդիսանում դատավորի կամ նոտարի կողմից դեպոզիտ հաշվում գտնվող գումարը վերցնելու մասին տրված տեղեկանքը, որում պարտադիր պետք է նշվեն օտարվող գույքը նույնականացնող տվյալները (անշարժ գույքի դեպքում՝ նաև հասցեն, ծածկագիրը և այլն), ինչպես նաև ստացված գումարի չափը: Սույն մասով սահմանված ժամկետում դեպոզիտ հանձնված գումարը միայն օտարվող սեփականության սեփականատիրոջ կողմից ստացվելու դեպքում սեփականության օտարման պայմանագիրը կնքված է համարվում գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման մասով, իսկ գույքային իրավունքներ ունեցողների կողմից ստացվելու դեպքում` միայն գույքային իրավունքների դադարման մասով։ Օտարվող սեփականության սեփականատերը և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներն իրավունք ունեն ձեռքբերողի կողմից դեպոզիտ հանձնված՝ սույն օրենքով սահմանված կարգով որոշված փոխհատուցման գումարն ստանալ նաև օտարվող սեփականության նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցումից հետո՝ ցանկացած պահի։

4. (մասն ուժը կորցրել է 11.02.26 ՀՕ-28-Ն)

5. Եթե օտարվող սեփականության սեփականատերը կամ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները ձեռքբերողի կողմից փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելու մասին սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով պատշաճ ծանուցվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, չեն ստանում դեպոզիտ հանձնված գումարը, ապա օտարվող սեփականության նկատմամբ սեփականության իրավունքը ձեռքբերողին է փոխանցվում օրենքի ուժով՝ փոխհատուցման ենթակա գումարը դեպոզիտ հանձնելուն հաջորդող երեսուներորդ օրը, և այդ հիմքով դադարեցվում են նաև օտարվող սեփականության նկատմամբ առկա գույքային իրավունքները, սահմանափակումները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված սահմանափակումների, և ծանրաբեռնվածությունները: Գույքի նկատմամբ իրավունքները գրանցման ենթակա լինելու դեպքում օտարվող գույքի նկատմամբ առկա գույքային իրավունքները, սահմանափակումները դադարում են օտարվող գույքի նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցման պահից։ Տվյալ դեպքում օտարվող գույքի նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցման համար հիմք են հանդիսանում գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը և լիազոր մարմնի կողմից տրամադրված գրավոր տեղեկատվությունը` կառավարության որոշումն ուժի մեջ լինելու վերաբերյալ, օտարման պայմանագրի նախագիծը և փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելու վերաբերյալ նոտարի, դատարանի կամ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրված տեղեկանքը, որը պետք է ներառի նաև նոտարի, դատարանի կամ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հավաստիացումն առ այն, որ փոխհատուցման գումարը դեպոզիտ մուտքագրելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, օտարվող համապատասխանաբար սեփականության սեփականատերերը կամ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներն այն չեն ստացել:

6. Օտարվող սեփականության սեփականատերերը և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները պարտավոր են ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցումից հետո` երկու ամսվա ընթացքում, օտարված սեփականությունը հանձնել ձեռքբերողին, իսկ օտարվող սեփականությունն անշարժ գույք լինելու դեպքում` ազատել օտարվող անշարժ գույքը և այն հանձնել ձեռքբերողին: Սույն մասով նախատեսված ժամկետում նախկին սեփականատիրոջ կամ գույքային իրավունքներ ունեցողների կողմից օտարված սեփականությունը ձեռքբերողին չհանձնվելու դեպքում նախկին սեփականատիրոջ կամ գույքային իրավունքներ ունեցողների վտարումն օտարված սեփականության տարածքից իրականացվում է (ներխուժումը վերացվում է) կամ օտարված գույքը նրանցից վերցվում է և նոր սեփականատիրոջն է հանձնվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

(12-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 11.02.26 ՀՕ-28-Ն)

(11.02.26 ՀՕ-28-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)


 

Հոդված 13. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման դիմաց փոխհատուցման չափի վիճարկումը դատական կարգով

(վերնագիրը փոփ. 24.10.18 ՀՕ-405-Ն, 11.02.26 ՀՕ-28-Ն)

 

1. Օտարվող գույքի սեփականատերը կամ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունք ունեցողներն իրավունք ունեն սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցումից հետո՝ եռամսյա ժամկետում, դիմելու դատարան` սեփականության օտարման դիմաց փոխհատուցման չափը վիճարկելու պահանջով: Սույն մասով սահմանված գործը քննվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հատուկ հայցային վարույթի կարգով:

1.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հայցի, ինչպես նաև հանրության գերակա շահ ճանաչելու որոշմանը և դրանից բխող գործողություններին, այդ թվում՝ օտարվող գույքի նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցմանն առնչվող որևէ այլ հայցի ներկայացումը չի կասեցնում և չի կարող կասեցնել համապատասխան գույքի վերաբերյալ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման կատարումը, այդ թվում՝ գույքի օտարումը և գույքի նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցման գործընթացը, իսկ նման հայցերի, ինչպես նաև օտարվող կամ օտարված գույքի առնչությամբ որևէ վեճի քննության ընթացքում չի կարող կիրառվել հայցի ապահովման այնպիսի միջոց, որը կհանգեցնի հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշման, դրանից բխող գործողությունների, ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցման կամ դրանից բխող այլ գործողությունների կամ հանրության գերակա շահի ապահովման նպատակով սեփականության օտարման հիմք հանդիսացող գործունեության արգելմանը, կասեցմանը կամ դադարեցմանը:

2. Եթե դատարանի` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հայցի քննության արդյունքում կայացված` օրինական ուժի մեջ մտած վճռով արձանագրվել է, որ՝

ա) ձեռքբերողի կողմից դեպոզիտ հանձնած փոխհատուցման ենթակա գումարը համարժեք կամ ավելի է դեպոզիտ հանձնելու օրվա դրությամբ սեփականության օտարման դիմաց փոխհատուցման ենթակա գումարից, ապա դատարանի վճռով սահմանված փոխհատուցման չափը համարվում է համարժեք փոխհատուցում, և ձեռքբերողի կողմից դեպոզիտ վճարված ու դատարանի վճռով սահմանված փոխհատուցման չափը գերազանցող գումարը վճիռը կատարելուց հետո ձեռքբերողի պահանջով ենթակա է վերադարձման ձեռքբերողին.

 բ) ձեռքբերողի կողմից դեպոզիտ հանձնած գումարը պակաս է դեպոզիտ հանձնելու օրվա դրությամբ սեփականության օտարման դիմաց համարժեք փոխհատուցման ենթակա գումարից, ապա փոխհատուցման գումարը հաշվարկվում է դատարանի կողմից՝ դեպոզիտ հանձնելու օրվա դրությամբ, որը պետք է ներառի նաև սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին վճարվող փոխհատուցումը: Դատարանի վճռում պետք է նշվի դեպոզիտ հաշվին վճարման ենթակա փոխհատուցման լրացուցիչ գումարը, ինչպես նաև նշվում է փոխհատուցման ենթակա լրացուցիչ գումարը ստանալու իրավունք ունեցող բոլոր անձանց վճարման ենթակա փոխհատուցման չափը, եթե օտարվող սեփականության դիմաց դատարանի սահմանած փոխհատուցման գումարը պետք է տրվի մեկից ավելի սեփականատերերի կամ նաև օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին:

գ) (կետն ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-105-Ն)

3. (մասն ուժը կորցրել է 11.02.26 ՀՕ-28-Ն)

4. (մասն ուժը կորցրել է 11.02.26 ՀՕ-28-Ն)

5. (մասն ուժը կորցրել է 11.02.26 ՀՕ-28-Ն)

6. Ձեռքբերողը պարտավոր է սույն հոդվածի 2-րդ մասի «բ» կետով սահմանված դեպքում դատարանի կողմից սահմանված փոխհատուցման լրացուցիչ գումարը դեպոզիտ հանձնել դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում:

7. (մասն ուժը կորցրել է 11.02.26 ՀՕ-28-Ն)

8. (մասն ուժը կորցրել է 11.02.26 ՀՕ-28-Ն)

(13-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.06.14 ՀՕ-105-Ն,  փոփ. 24.10.18 ՀՕ-405-Ն, փոփ., խմբ., լրաց. 11.02.26 ՀՕ-28-Ն)

(11.02.26 ՀՕ-28-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)


 

Հոդված 14. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության սեփականատիրոջ իրավունքները և երաշխիքները

(վերնագիրը փոփ. 24.10.18 ՀՕ-405-Ն)

 

1. Օտարվող սեփականության սեփականատերը մինչև դրա օտարումը կամ օտարումից ծագող իրավունքների գրանցումն իրավունք ունի այն տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու, ինչպես նաև կատարելու միայն այնպիսի բարելավումներ կամ գործառնություններ, որոնք ապահովում են տվյալ սեփականության օգտագործումն իր նշանակությանը համապատասխան:

2. (մասն ուժը կորցրել է 11.02.26 ՀՕ-28-Ն)

3. Պայմանագրով կամ սույն օրենքով սահմանված այլ կարգով հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման պահից օտարվող սեփականության սեփականատերն ազատվում է օտարվող սեփականության մասին կնքված գործարքներով նախատեսված իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար նախատեսված պատասխանատվությունից, եթե պարտավորությունների չկատարումը կամ անպատշաճ կատարումը պայմանավորված է սեփականության օտարմամբ:

Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման պահից օտարված սեփականության նկատմամբ եղած բոլոր գույքային իրավունքները դադարում են, եթե այլ բան չի նախատեսվում օտարման պայմանագրով:

(14-րդ հոդվածը փոփ. 24.10.18 ՀՕ-405-Ն, խմբ., փոփ. 11.02.26 ՀՕ-28-Ն)

(11.02.26 ՀՕ-28-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)


 

Հոդված 15. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության նկատմամբ սահմանափակումները

(վերնագիրը փոփ. 24.10.18 ՀՕ-405-Ն)

 

Կառավարության սահմանած կարգով կազմված օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը կազմելու օրվանից հետո օտարվող սեփականության վրա սույն օրենքի 14-րդ հոդվածի առաջին մասում նշվածից ավելի կատարված բարելավումները, ինչպես նաև օտարման ենթակա սեփականության նկատմամբ ծագած գրավի և այլ ծանրաբեռնվածությունների կամ երրորդ անձանց տրված կամ նրանց կողմից դրա նկատմամբ ստացած իրավունքների դիմաց փոխհատուցում չի տրվում:

(15-րդ հոդվածը փոփ. 24.10.18 ՀՕ-405-Ն, լրաց. 11.02.26 ՀՕ-28-Ն)

(11.02.26 ՀՕ-28-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)


 

Հոդված 16. Հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշումն ուժը կորցրած համարվելը

(վերնագիրը փոփ. 24.10.18 ՀՕ-405-Ն, 11.02.26 ՀՕ-28-Ն)

 

1. Եթե ձեռքբերողը սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում օտարվող սեփականության սեփականատիրոջը և գույքային իրավունք ունեցողին չի ուղարկում օտարման պայմանագրի նախագիծը կամ սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում դեպոզիտ հաշվին չի հանձնում փոխհատուցման գումարը կամ օտարվող սեփականության նկատմամբ սեփականության իրավունքը սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով փոխանցվելու օրվանից հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով իր սեփականության իրավունքի գրանցման դիմում չի ներկայացնում, ապա համարվում է, որ ձեռքբերողը հրաժարվում է տվյալ սեփականությունը ձեռք բերելուց, և տվյալ սեփականության մասով հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը և դրանից բխող բոլոր իրավական փաստաթղթերն օրենքի ուժով համարվում են ուժը կորցրած: Գրանցման դիմումի հետ ձեռքբերողը գրանցումն իրականացնող իրավասու մարմին է ներկայացնում լիազոր մարմնի կողմից տրված փաստաթուղթ՝ տվյալ սեփականության մասով կառավարության որոշումն ուժը կորցրած չլինելու վերաբերյալ: Նման փաստաթղթի բացակայությունը հիմք է գրանցումը մերժելու համար: Օտարվող սեփականության նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը սույն մասով սահմանված հիմքով ամբողջությամբ կամ մասնակի` տվյալ սեփականության մասով ուժը կորցրած համարվելը հիմք է գրանցում իրականացնող իրավասու մարմնի կողմից ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցումը մերժելու համար: Կառավարության որոշումն ուժը կորցրած համարվելու մասին տեղեկատվությունը գրանցում իրականացնող իրավասու մարմնին տրամադրում է լիազոր մարմինը:

2. Ձեռքբերողը պարտավոր է հատուցել սույն հոդվածի առաջին մասի պահանջների խախտման հետևանքով օտարվող սեփականության սեփականատերերին, ինչպես նաև այդ սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին պատճառված վնասները:

Պետությունը սուբսիդիար պատասխանատվություն է կրում ձեռքբերողի կողմից սույն հոդվածի առաջին մասի պահանջների խախտման հետևանքով պատճառած վնասների համար:

3. (մասն ուժը կորցրել է 11.02.26 ՀՕ-28-Ն)

4․ Եթե ձեռքբերողը հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում, իսկ այդպիսի ժամկետի բացակայության դեպքում՝ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, չի սկսում օտարման հիմք հանդիսացող գործունեությունը կամ թույլ է տալիս պետության և ձեռքբերողի միջև կնքված պայմանագրի վաղաժամկետ լուծման հիմք հանդիսացող խախտում կամ գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում չի ավարտում օտարման նպատակի իրագործումը, ապա հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշումը՝ ձեռքբերողի մասով, կառավարության որոշմամբ կարող է ճանաչվել ուժը կորցրած, իսկ օտարված սեփականության մասով կարող է կրկին սահմանվել հանրության գերակա շահ:

(16-րդ հոդվածը փոփ., խմբ. 24.10.18 ՀՕ-405-Ն, 11.02.26 ՀՕ-28-Ն)

(11.02.26 ՀՕ-28-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)


Հոդված 17. Սույն օրենքով նախատեսված փաստաթղթերի և տեղեկացումների պատշաճ իրականացումը

 

1. Սույն օրենքով նախատեսված տեղեկացումները կամ փաստաթղթերի (փաստաթղթեր, դիմումներ, առաջարկություններ և այլն) ուղարկումը համարվում է դրանց հասցեատերերին պատշաճ ձևով ուղարկված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվել են ստացականով:

2. Սույն օրենքով նախատեսված տեղեկացումները կամ փաստաթղթերը պետք է ուղարկվեն հետևյալ հասցեներով՝

ա) անշարժ գույքի սեփականատերերին կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին՝ անշարժ գույքի գտնվելու հասցեով և սեփականատերերի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողների հաշվառման վայրի հասցեով, եթե այն տարբերվում է անշարժ գույքի գտնվելու հասցեից.

բ) շարժական գույքի սեփականատերերին կամ շարժական գույքի նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին՝

- ֆիզիկական անձանց հաշվառման վայրի հասցեով, իսկ եթե նրանք չունեն հաշվառման վայր, ապա նրանց վերջին երեք ամիսների բնակության վայրի հասցեով,

- կազմակերպության պետական գրանցման կամ հաշվառման վայրում նշված կազմակերպության գտնվելու վայրի հասցեով:

2.1. Եթե գույքի սեփականատիրոջ կամ գույքային իրավունք ունեցող անձի հասցեն անհայտ է, ապա սույն օրենքով նախատեսված ծանուցումները պետք է ուղարկվեն՝

1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ ծանուցողի մոտ ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով.

2) իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի գտնվելու վայրի հասցեով, ծանուցվող իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:

2.2. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո յոթերորդ օրն անձը համարվում է ծանուցված:

3. Եթե սեփականության օտարման գործընթացի մասնակիցը մյուս մասնակցին կամ մասնակիցներին գրավոր տրամադրել է հաղորդակցումների սույն օրենքով չսահմանված հասցե, ապա կողմը պարտավոր է հաղորդակցումներն ուղարկել հաղորդակցումների համար ստացված հասցեով: Սույն մասով սահմանված դեպքերում անձը ծանուցված է համարվում իր կողմից տրամադրված հասցեով հաղորդակցումներն ուղարկելուն հաջորդող օրը։

(17-րդ հոդվածը լրաց., փոփ. 11.02.26 ՀՕ-28-Ն)

(11.02.26 ՀՕ-28-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 18. Անցումային դրույթներ

(հոդվածն ուժը կորցրել է 11.02.26 ՀՕ-28-Ն)

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. դեկտեմբերի 12
Երևան
ՀՕ-185-Ն

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան