ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 670-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.08/34(837) Հոդ.780
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի 2011 թվականի N 670-Ն

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 9-րդ և 35-րդ հոդվածի 2-րդ մասերը, «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ, «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասերը, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 35-րդ հոդվածներն ու 1994 թվականի ապրիլի 15-ին Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների կնքած «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 01.10.15 N 1130-Ն, փոփ. 10.12.20 N 2024-Ն)

1. Հաստատել՝

1) կենսաթոշակ վճարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2) (ենթակետն ուժը կորցրել է 10.12.20 N 2024-Ն)

3) (ենթակետն ուժը կորցրել է 19.02.26 N 184-Ն)

4) (ենթակետն ուժը կորցրել է 27.04.23 N 615-Ն)

(1-ին կետը փոփ. 10.12.20 N 2024-Ն, լրաց. 10.06.21 N 972-Ն, փոփ. 27.04.23 N 615-Ն, 19.02.26 N 184-Ն)

2. Սահմանել, որ՝

1) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունն է.

2) սույն որոշմամբ սահմանված կարգով վճարվում են նաև լիազոր մարմնի կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նշանակվող` պատվովճարի, ամենամսյա պարգևավճարի, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի և սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների գումարները.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` համապատասխան մարմիններ) համակարգերի կենսաթոշակառուների կենսաթոշակը մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող ընթացակարգերով կարող է վճարվել մինչև 2012 թվականի հուլիսի 1‑ը.

4) (ենթակետն ուժը կորցրել է 07.09.17 N 1135-Ն)

5) ոչ ուշ, քան սկսած 2012 թվականի հուլիսի 1-ից՝ համապատասխան մարմինների համակարգերի կենսաթոշակառուների (բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետում նշված կենսաթոշակառուների) կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով՝ «ՎՏԲ-Հայաստան» բանկի միջոցով` մինչև կենսաթոշակն ստանալու եղանակը, բանկը կամ կազմակերպությունն ընտրելու կամ փոխելու համար կենսաթոշակառուի կողմից դիմում ներկայացնելը.

6) (ենթակետն ուժը կորցրել է 07.09.17 N 1135-Ն)

7) (ենթակետն ուժը կորցրել է 19.02.26 N 184-Ն)

8) 2020 թվականի հուլիսի 1-ից՝

ա. կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության հետ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշմամբ սահմանված կարգով,

բ. միանվագ դրամական վճարները վճարվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշմամբ սահմանված կարգով.

9) (ենթակետն ուժը կորցրել է 27.04.23 N 615-Ն)

(2-րդ կետը փոփ. 23.02.12 N 184-Ն, 29.05.14 N 555-Ն, լրաց. 02.06.16 N 571-Ն, փոփ. 07.09.17 N 1135-Ն, 12.04.18 N 431-Ն, փոփ., լրաց. 10.12.20 N 2024-Ն, փոփ. 25.03.21 N 396-Ն, լրաց. 08.04.21 N 509-Ն, փոփ. 27.04.23 N 615-Ն, 05.10.23 N 1703-Ն, 19.02.26 N 184-Ն)

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել լիազոր մարմնի հետ կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած բանկերի վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքէջում հրապարակելը:

(3-րդ կետը փոփ. 19.02.26 N 184-Ն)

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` ձեռնարկել միջոցներ՝ կենսաթոշակառուների (այդ թվում` զինվորական կենսաթոշակ ստացող) հաշվառման միասնական տեղեկատվական համակարգի հիման վրա կենսաթոշակը սույն որոշմամբ սահմանված կարգով վճարելն ապահովելու համար:

(4-րդ կետը փոփ. 05.10.23 N 1703-Ն)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

6. (կետն ուժը կորցրել է 24.09.21 N 1549-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. մայիսի 27
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 670-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ՎՃԱՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակը, պատվովճարը, ամենամսյա պարգևավճարը, ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, վնասի փոխհատուցման գումարները (այսուհետ՝ կենսաթոշակ), կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում վճարման ենթակա` չվճարված կենսաթոշակի գումարը, կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի գումարները (այսուհետ` միանվագ դրամական վճարներ) վճարելուն առնչվող հարաբերությունները, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

(1-ին կետը խմբ. 01.10.15 N 1130-Ն, խմբ. 17.08.17 N 992-Ն, փոփ., լրաց. 10.12.20 N 2024-Ն)

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝

1) կենսաթոշակի գումար` ըստ վճարման ցուցակների կենսաթոշակ ստացող անձին վճարվող գումար.

2) կենսաթոշակառու` անձ, ում կենսաթոշակ է նշանակվել, կամ անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչ` ծնող, որդեգրող, խնամակալ.

3) կենսաթոշակ ստացող անձ՝ կենսաթոշակառու կամ կենսաթոշակը լիազորագրով ստանալու իրավունք ունեցող անձ.

3.1) միանվագ դրամական վճարի գումար` ըստ վճարման ցուցակների միանվագ դրամական վճար ստացող անձին վճարվող գումար.

3.2) միանվագ դրամական վճար ստացող անձ` անձ, ում նշանակվել կամ օրենքով սահմանված կարգով վճարվում է միանվագ դրամական վճար.

4) վճարման ցուցակ` կենսաթոշակ (այդ թվում՝ չվճարված կենսաթոշակի գումար) կամ միանվագ դրամական վճար ստացող անձանց տվյալների և նրանց վճարման ենթակա գումարներին վերաբերող տվյալների ամբողջություն, որի հիման վրա վճարվում են կենսաթոշակները (կենսաթոշակների վճարման ցուցակ ներառվում են այն կենսաթոշակառուների տվյալները, ում կենսաթոշակ վճարելն օրենքով սահմանված կարգով դադարեցված չէ) կամ միանվագ դրամական վճարները.

5) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` ծառայություն) տարածքային ստորաբաժանումներ, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության (այսուհետ՝ համապատասխան մարմին)` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումներ.

6) բանկ` ծառայության հետ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կամ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկ.

7) (ենթակետն ուժը կորցրել է 19.02.26 N 184-Ն)

8) սոցիալական ապահովության հաշիվ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բանկում բացված հատուկ բանկային հաշիվ.

9) միանվագ դրամական վճարների հաշիվ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բանկում բացված հատուկ բանկային հաշիվ.

10) ազգային օպերատոր՝ Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր․

11) (ենթակետն ուժը կորցրել է 27.04.23 N 615-Ն)

(2-րդ կետը լրաց. 23.02.12 N 184-Ն, փոփ. 17.08.17 N 992-Ն, փոփ., լրաց., խմբ. 10.12.20 N 2024-Ն, փոփ. 25.03.21 N 396-Ն, լրաց. 08.04.21 N 509-Ն, փոփ. 27.04.23 N 615-Ն, 05.10.23 N 1703-Ն, 19.02.26 N 184-Ն)

3. Միանվագ դրամական վճարները վճարվում են անկանխիկ եղանակով` բանկի միջոցով: Բանկի անվանումը ներառվում է միանվագ դրամական վճար վճարելու համար ներկայացված համապատասխան դիմումում (բանկի ընտրության առանձին դիմում չի ներկայացվում):

(3-րդ կետը լրաց. 01.10.15 N 1130-Ն, խմբ. 10.12.20 N 2024-Ն, լրաց. 08.04.21 N 509-Ն, փոփ. 27.04.23 N 615-Ն, 19.02.26 N 184-Ն)

4. Կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու և կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու համար դիմելու դեպքում կենսաթոշակ վճարող բանկի անվանումը ներառվում է համապատասխան դիմումում։ Կենսաթոշակառուն կարող է ցանկացած ժամանակ դիմել (առցանց եղանակով կամ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում) կենսաթոշակ վճարող բանկը փոխելու համար։

(4-րդ կետը լրաց. 01.10.15 N 1130-Ն, խմբ. 10.12.20 N 2024-Ն, փոփ. 10.06.21 N 972-Ն, խմբ. 15.04.22 N 484-Ն, փոփ. 27.04.23 N 615-Ն, խմբ. 19.02.26 N 184-Ն)

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված դեպքերում դիմումը ներկայացնելուն նախորդող ժամանակահատվածի չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են դիմումում նշված կենսաթոշակ վճարող բանկի միջոցով:

(5-րդ կետը փոփ. 10.12.20 N 2024-Ն, 19.02.26 N 184-Ն)

6. Դիմումում ներառվում են՝

1) կենսաթոշակառուի անունը, ազգանունը, հայրանունը.

2) անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը.

3) բանկի անվանումը, որտեղից կենսաթոշակառուն ցանկանում է ստանալ կենսաթոշակը.

4) նշում այն մասին, որ դիմողը տեղեկացված է բանկ ներկայանալու և բանկի հետ համապատասխան բանկային հաշվի պայմանագիր կնքելու անհրաժեշտության, ինչպես նաև տարեկան մեկ անգամ` ոչ ուշ, քան վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, իր՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկին հավաստելու պարտավորության, եթե այդ ժամանակահատվածում կենսաթոշակառուն անձամբ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում չի ներկայացրել կենսաթոշակին առնչվող ցանկացած գրավոր դիմում:

(6-րդ կետը լրաց., փոփ. 10.12.20 N 2024-Ն, լրաց., խմբ. 08.04.21 N 509-Ն, փոփ., խմբ. 27.04.23 N 615-Ն, 19.02.26 N 184-Ն)

6.1. (կետն ուժը կորցրել է 10.12.20 N 2024-Ն)

6.2. (կետն ուժը կորցրել է 27.04.23 N 615-Ն)

6.3․ Կենսաթոշակ վճարող բանկը փոխելու դիմումը կենսաթոշակառուն կարող է ներկայացնել նաև առցանց եղանակով, եթե դիմելու օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված չէ։ Այս դեպքում կենսաթոշակառուն www.socservice.am կայքէջից մուտք է գործում առցանց տվյալները ներկայացնելու ծրագրային միջավայր (այսուհետ՝ ծրագրային միջավայր) և համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով մուտքագրում է պարտադիր լրացման ենթակա դաշտերի տվյալները։ Կենսաթոշակառուն ծրագրային միջավայր մուտք է գործում՝

1) մինչև բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ անհատի խիստ նույնականացման նպատակով բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից մատուցվող ծառայություններից փաստացի (լիարժեք) օգտվելու համար անհրաժեշտ պայմանների ձևավորումը (ներառյալ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի միջև անհատի խիստ նույնականացման համակարգի սպասարկման մասին պայմանագիր կնքելը, անհատի խիստ նույնականացման ծառայությունների ամբողջական գործարկումը, այդ ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը)՝ www.socservice.am կայքէջի կողմից տրամադրված մուտքի անվան և գաղտնաբառի կիրառմամբ (տրամադրվում է www.socservice.am կայքէջում գրանցվելիս).

2) նույնականացման քարտի կիրառմամբ.

3) բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից թողարկված բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ։

(6.3-րդ կետը լրաց. 15.04.22 N 484-Ն, փոփ. 13.10.22 N 1578-Ն, 27.04.23 N 615-Ն, 19.02.26 N 184-Ն)

6.4. Եթե կենսաթոշակառուն ծրագրային միջավայր մուտք է գործում նույնականացման քարտի կամ սույն կարգով սահմանված հեռախոսահամարի միջոցով, ապա նրա նույնականացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման պահանջների համաձայն։

(6.4-րդ կետը լրաց. 15.04.22 N 484-Ն)

6.5. Առցանց դիմումի հիման վրա ինքնաշխատ եղանակով փոփոխվում է կենսաթոշակ վճարող բանկը, և այդ մասին հաղորդագրություն է ուղարկվում ծրագրային միջավայրում մուտքագրված էլեկտրոնային փոստի հասցեին։

(6.5-րդ կետը լրաց. 15.04.22 N 484-Ն, փոփ. 13.10.22 N 1578-Ն, 27.04.23 N 615-Ն, 19.02.26 N 184-Ն)

6.6. Կենսաթոշակ վճարող բանկը փոխելու համար ծրագրային միջավայրում մուտքագրվող տվյալներին կից փաստաթղթեր (էլեկտրոնային լուսապատճեններ) չեն ներկայացվում:

(6.6-րդ կետը լրաց. 15.04.22 N 484-Ն, 13.10.22 N 1578-Ն, փոփ. 27.04.23 N 615-Ն, 19.02.26 N 184-Ն)

6.7. (կետն ուժը կորցրել է 27.04.23 N 615-Ն)

6.8. Կենսաթոշակ վճարող բանկը փոխելու դիմումը մերժվում է, եթե դիմելու օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված է կամ դիմումում նշված բանկը կենսաթոշակների վճարման ծառայություններ մատուցելու պայմանագիր չի կնքել։ Առցանց դիմումի հիման վրա կենսաթոշակ վճարող բանկը փոխելու կամ փոխելը մերժելու դեպքում դրա մասին հաղորդագրություն է ուղարկվում ծրագրային միջավայրում մուտքագրված էլեկտրոնային փոստի հասցեին՝ մերժելու դեպքում նշելով նաև մերժման հիմքերը։

(6.8-րդ կետը լրաց. 15.04.22 N 484-Ն, խմբ. 13.10.22 N 1578-Ն, փոփ., խմբ. 27.04.23 N 615-Ն, խմբ. 19.02.26 N 184-Ն)

7. Կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարելուն (բանկի ընտրությանը) վերաբերող՝ անձամբ ներկայացված դիմումում առկա տեղեկատվությունը դիմումն ընդունող մասնագետը մուտքագրում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան (այսուհետ` շտեմարան), և ինքնաշխատ եղանակով փոփոխվում է կենսաթոշակ վճարող բանկը:

(7-րդ կետը լրաց. 08.04.21 N 509-Ն, խմբ. 15.04.22 N 484-Ն, 27.04.23 N 615-Ն, փոփ. 19.02.26 N 184-Ն)

8. Տվյալ ամսվա կենսաթոշակը դիմումում նշված՝ կենսաթոշակ վճարող բանկի միջոցով վճարվում է, եթե դիմումը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացվել մինչև տվյալ ամսվան նախորդող ամսվա վերջին աշխատանքային օրը (եթե կենսաթոշակառուի տվյալներում անճշտություններ չկան): Տուն-ինտերնատում ապրող կենսաթոշակառուների կենսաթոշակը վճարվում է կենսաթոշակառուի դիմումի հիման վրա՝ դրանում նշված կենսաթոշակ վճարող բանկի միջոցով։ Ներկայացված դիմումի հիման վրա կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելու կամ բանկը փոխելու դեպքում կենսաթոշակառուի՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հայտարարություն ստորագրելու ժամկետի հաշվառումը ապահովում է ծառայությունը՝ 12-ամսյա ժամկետի առաջին ամիս դիտարկելով շտեմարանում առկա՝ հետևյալ տեղեկատվությունը ստացվելու կամ հաշվառելու ամսվան հաջորդող ամիսը՝

1) բանկի տրամադրած՝ Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին հայտարարությունը ստորագրած կենսաթոշակառուների վերաբերյալ, բացառությամբ, եթե կենսաթոշակը վճարվում է լիազորագրով.

2) կենսաթոշակառուի՝ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում անձամբ ներկայացրած՝ կենսաթոշակին առնչվող ցանկացած գրավոր դիմումի վերաբերյալ.

3) «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա՝ կենսաթոշակառուի աշխատելու վերաբերյալ.

4) կենսաթոշակը կանխիկ եղանակով անձամբ կենսաթոշակառուին վճարելու վերջին ամսվա վերաբերյալ (եթե դիմումն առցանց ներկայացվել է կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար և դիմելու օրվա դրությամբ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա տվյալներով կենսաթոշակառուն չի աշխատում)։

(8-րդ կետը փոփ. 29.08.13 N 973-Ն, լրաց. 08.04.21 N 509-Ն, 15.04.22 N 484-Ն, խմբ. 02.03.23 N 272-Ն, փոփ., լրաց. 19.02.26 N 184-Ն)

8.1. Ծառայությունը, հիմք ընդունելով շտեմարան մուտքագրված տվյալները (շտեմարանում կատարված փոփոխությունները), յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը (բացառությամբ սույն կարգի 44-րդ կետում նշված դեպքի) շտեմարանի համապատասխան ծրագրային գործիքի միջոցով ձևավորում է վճարման ցուցակ։

(8.1-ին կետը լրաց. 07.09.17 N 1135-Ն, 10.12.20 N 2024-Ն, փոփ. 27.04.23 N 615-Ն)

8.2. (կետն ուժը կորցրել է 27.04.23 N 615-Ն)

8.3. (կետն ուժը կորցրել է 27.04.23 N 615-Ն)

8.4.Անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայտ-պահանջագիրը ներառում է՝

1) տարեթիվը և ամիսը.

2) վճարման ցուցակում կենսաթոշակառուների թիվը, վճարվող զինվորական կենսաթոշակի գումարը՝ ըստ բանկերի (այդ թվում՝ տվյալ ամսվա համար վճարվող գումարը տարանջատելով անցած ժամանակահատվածի համար վճարվող գումարներից).

3) վճարման ցուցակում պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց թիվը, վճարվող պարգևավճարի գումարը՝ ըստ բանկերի (այդ թվում՝ տարանջատելով այն պարգևավճարի գումարը, որը վճարվում է զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձանց, իսկ տվյալ ամսվա համար վճարվող գումարը տարանջատելով անցած ժամանակահատվածի համար վճարվող գումարներից).

4) վճարման ցուցակում միանվագ դրամական վճար ստացող անձանց թիվը, այդ անձանց վճարվող գումարը՝ ըստ տեսակների և բանկերի (եթե միանվագ դրամական վճարի գումարը պետք է վճարվի բանկի միջոցով):

(8.4-րդ կետը լրաց. 07.09.17 N 1135-Ն, խմբ. 10.12.20 N 2024-Ն, լրաց. 08.04.21 N 509-Ն, փոփ. 27.04.23 N 615-Ն, 19.02.26 N 184-Ն)

8.5.Համապատասխան մարմնի համակարգի կենսաթոշակների և միանվագ դրամական վճարների վճարման արդյունքների մասին տեղեկատվությունը շտեմարան է մուտքագրում ծառայությունը։ Համապատասխան մարմնի համակարգի կենսաթոշակառուի կողմից «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հայտարարություն ստորագրելու (բանկ ներկայանալու կամ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից հաստատվելու) վերաբերյալ տեղեկատվությունը բանկից ստանում և շտեմարանում այդ տեղեկատվության կիրառությունն ապահովում է ծառայությունը:

(8.5-րդ կետը լրաց. 07.09.17 N 1135-Ն, 10.12.20 N 2024-Ն, փոփ. լրաց. 08.04.21 N 509-Ն, փոփ. 27.04.23 N 615-Ն)

8.6. Եթե անձը, որի կենսաթոշակի էլեկտրոնային գործն առկա է Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում (անկախ կենսաթոշակ ստանալու իրավունքը Լեռնային Ղարաբաղում դադարեցված լինելու հանգամանքից), Հայաստանի Հանրապետությունում մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ առցանց դիմել է կենսաթոշակ նշանակելու համար, ընտրել է կենսաթոշակի վճարման անկանխիկ եղանակը, և նրան նշանակվել է կենսաթոշակ, ապա կենսաթոշակառուի՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հայտարարություն ստորագրելու ժամկետի հաշվառումն ապահովում է ծառայությունը՝ 12-ամսյա ժամկետի առաջին ամիս դիտարկելով շտեմարանում առկա հետևյալ տեղեկատվությունը ստացվելու կամ հաշվառելու ամսվան հաջորդող, իսկ սույն կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում՝ 2023 թվականի նոյեմբեր ամիսը՝

1) Արցախբանկի տրամադրած՝ Լեռնային Ղարաբաղում կամ Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին հայտարարությունը ստորագրած կենսաթոշակառուների վերաբերյալ.

2) կենսաթոշակառուի՝ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում անձամբ ներկայացրած՝ կենսաթոշակին առնչվող ցանկացած գրավոր դիմումի վերաբերյալ.

3) միգրացիայի և քաղաքացիության բնագավառում լիազոր մարմնից ստացված՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և դրանից հետո Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու կամ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին 100000 դրամ միանվագ դրամական սոցիալական աջակցության միջոցառման շահառու լինելու վերաբերյալ.

4) «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա՝ կենսաթոշակառուի աշխատելու վերաբերյալ։

(8.6-րդ կետը լրաց. 30.11.23 N 2086-Ն, փոփ., լրաց. 08.08.24 N 1229-Ն)

II. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐՆ ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐԵԼԸ
(վերնագիրը խմբ. 10.12.20 N 2024-Ն)
(գլուխը խմբ. 10.12.20 N 2024-Ն)

9. Կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելը կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուի անվամբ բանկում բացված սոցիալական ապահովության հաշվին փոխանցելն է: Միանվագ դրամական վճարն անկանխիկ եղանակով վճարելը միանվագ դրամական վճարի գումարն ստացող անձի անվամբ բանկում բացված միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցելն է:

(9-րդ կետը լրաց. 08.04.21 N 509-Ն, փոփ. 27.04.23 N 615-Ն)

10. Կենսաթոշակի և միանվագ դրամական վճարի գումարները, համապատասխանաբար, սոցիալական ապահովության հաշվին կամ միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցվում են գանձապետարանի միջոցով:

(10-րդ կետը լրաց. 08.04.21 N 509-Ն, փոփ. 27.04.23 N 615-Ն)

10.1․ (կետն ուժը կորցրել 28.12.23 N 2337-Ն)

11. Կենսաթոշակը և միանվագ դրամական վճարն անկանխիկ եղանակով վճարելուն առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կարգով և այլ նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև սոցիալական ապահովության հաշվի և միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրերով (այսուհետ` պայմանագիր), իսկ սոցիալական ապահովության հաշվի սպասարկմանն առնչվող հարաբերությունները` կենսաթոշակառուի ու բանկի միջև կնքված` բանկային հաշվի պայմանագրով: Բանկը բանկային հաշվի պայմանագիր կնքելու համար կենսաթոշակառուից պահանջվող փաստաթղթերի ցանկը տեղադրում է բանկի պաշտոնական կայքում:

(11-րդ կետը լրաց. 08.04.21 N 509-Ն, փոփ. 27.04.23 N 615-Ն)

12. Ծառայությունը, հիմք ընդունելով շտեմարանում առկա տվյալները (այդ թվում` կենսաթոշակը վճարելու եղանակը, կենսաթոշակի գործի համարը և բանկի անվանումը, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին հայտարարությունը նախորդ ամսվա ընթացքում ստորագրած (բանկ ներկայացած կամ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից հաստատված) անձանց վերաբերող տվյալները), ձևավորում է էլեկտրոնային վճարման ցուցակը:

(12-րդ կետը լրաց. 08.04.21 N 509-Ն, փոփ. 27.04.23 N 615-Ն)

13. Համապատասխան մարմնի համակարգի կենսաթոշակների անկանխիկ եղանակով էլեկտրոնային վճարման ցուցակը ձևավորվում է առանձին:

(13-րդ կետը փոփ. 27.04.23 N 615-Ն)

14. Սույն կարգով և պայմանագրով սահմանված ժամկետներում ու կարգով ծառայությունը բանկին է տրամադրում էլեկտրոնային վճարման ցուցակը և գանձապետարանի միջոցով վճարման ենթակա գումարը փոխանցում է բանկին, որն ապահովում է կենսաթոշակի գումարի մուտքագրումը կենսաթոշակառուի բանկային հաշվին:

(14-րդ կետը խմբ. 08.04.21 N 509-Ն, 27.04.23 N 615-Ն)

15. Համապատասխան մարմնի համակարգի կենսաթոշակառուների էլեկտրոնային վճարման ցուցակը բանկին է տրամադրվում, և վճարման ենթակա գումարը բանկին է փոխանցվում ծառայություն ներկայացված հայտ-պահանջագրի հիման վրա։

(15-րդ կետը խմբ. 08.04.21 N 509-Ն, փոփ. 27.04.23 N 615-Ն)

16. Ծառայությունը և բանկը տեղեկատվությունը փոխանակում են էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված միջոցներով (CBANet միջբանկային համակարգչային ցանցի միջոցով):

16.1. Եթե «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 55-րդ հոդվածի 12-րդ մասում նշված՝ կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը չի ներկայացվում մինչև նույն հոդվածով սահմանված՝ կենսաթոշակի վճարումը կանխիկ եղանակով շարունակելու ժամկետները, ապա վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով։ Այս դեպքում դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի հաշվառմամբ, կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարող կազմակերպության ընտրությունը ծրագրային մոդուլի միջոցով կատարում է ծառայությունը՝

1) Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` 2021 թվականի հուլիս ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակ ձևավորելիս․

2) այլ քաղաքներում (բացառությամբ սույն կետի 1-ին կետում նշված քաղաքների)` 2022 թվականի հունվար ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակ ձևավորելիս.

3) 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2023 թվականի հունվար ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակ ձևավորելիս.

4) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում` 2024 թվականի հունվար ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակ ձևավորելիս:

(16.1-ին կետը լրաց. 08.04.21 N 509-Ն, փոփ. 27.04.23 N 615-Ն)

16.2․ Սույն կարգի 16.1-ին կետում նշված ամսվա վճարման ցուցակ ձևավորելիս կենսաթոշակը համապատասխան բնակավայրում հաշվառված՝ կանխիկ եղանակով ստացող անձանց համար անկանխիկ եղանակով վճարող կազմակերպությունը ծրագրային մոդուլի կիրառմամբ պատահականության սկզբունքով ընտրվում է՝ հաշվի առնելով այդ ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակում ներառման ենթակա՝ տվյալ բնակավայրում անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող անձանց թվի համամասնություններն ըստ վճարող կազմակերպությունների։

(16.2-րդ կետը լրաց. 08.04.21 N 509-Ն, փոփ. 27.04.23 N 615-Ն)

16.3․ Սույն կարգի 16.2-րդ կետում նշված ամսվա վճարման ցուցակում ընդգրկվում են սույն կետում սահմանված կարգով ընտրված վճարող կազմակերպությունները։ Վճարման ցուցակը վճարող կազմակերպություն ուղարկելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում սոցիալական ապահովության ծառայությունն ընտրված վճարող կազմակերպության մասին տեղեկացնում է կենսաթոշակ ստացող անձին՝ հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստի հասցեին էլեկտրոնային (առկայության դեպքում) հաղորդագրություն ուղարկելու միջոցով։

(16.3-րդ կետը լրաց. 08.04.21 N 509-Ն)

16.4. «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 55-րդ հոդվածով սահմանված՝ կենսաթոշակի վճարումը կանխիկ եղանակով շարունակելու ժամկետները լրանալուց հետո անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովից (բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից) ստացված` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա, առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի կենսաթոշակ վճարելը վերսկսելու դեպքում, եթե մինչև կենսաթոշակի վճարումը դադարեցնելը՝

1) կենսաթոշակը վճարվել է անկանխիկ եղանակով, ապա վճարող կազմակերպությունը չի փոխվում.

2) կենսաթոշակը վճարվել է կանխիկ եղանակով, ապա կենսաթոշակի վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով սույն կարգի 16.2-րդ և 16.3-րդ կետերով սահմանված կարգով։

(16.4-րդ կետը լրաց. 10.06.21 N 972-Ն, խմբ. 22.07.21 N 1182-Ն, 27.04.23 N 615-Ն)

16.5. (կետն ուժը կորցրել է 27.04.23 N 615-Ն)

16.6. (կետն ուժը կորցրել է 27.04.23 N 615-Ն)

16.7. 2023 թվականի հունվարի 31-ի դրությամբ ազգային օպերատորի միջոցով կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի համար, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի հաշվառմամբ, կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարող բանկի ընտրությունը ծրագրային մոդուլի միջոցով կատարում է ծառայությունը՝ 2023 թվականի փետրվար ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակ ձևավորելիս։ Այս դեպքում ազգային օպերատորի փոխարեն կենսաթոշակառուի համար վճարող կազմակերպությունը՝ բանկն ընտրվում է ծրագրային մոդուլի կիրառմամբ պատահականության սկզբունքով՝ սույն կարգի 16.2-րդ և 16.3-րդ կետերով սահմանված կարգով՝ առաջնահերթություն տալով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի N 723-Լ որոշմամբ սահմանված գործընկեր բանկերին (համամասնությունը կիրառելով գործընկեր բանկերի, իսկ տվյալ բնակավայրում դրանց միջոցով կենսաթոշակ ստացող անձանց բացակայության դեպքում՝ մյուս բանկերի համար)։ Եթե ազգային օպերատորի միջոցով վճարվող կենսաթոշակի վճարումը 2023 թվականի փետրվարի 1-ի դրությամբ դադարեցված է, ապա 2023 թվականի փետրվարի 1-ից հետո անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովից (բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից) ստացված` կենսաթոշակառուի՝ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակի վճարումը վերսկսելու դեպքում կենսաթոշակառուի համար վճարող կազմակերպությունը՝ բանկն ընտրվում է սույն կետում նշված կարգով։

(16.7-րդ կետը լրաց. 02.02.23 N 134-Ն)

16.8. Սույն կարգի համաձայն՝ կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարող կազմակերպության ընտրությունը ծրագրային մոդուլի միջոցով կատարելու դեպքում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հայտարարություն ստորագրելու ժամկետի հաշվառումն ապահովում է ծառայությունը՝ սույն կարգի 8-րդ կետով սահմանված կարգով, որի 4-րդ ենթակետը սույն կարգի 16.12-րդ կետում նշված դեպքում կիրառվում է, եթե 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա տվյալներով կենսաթոշակառուն չի աշխատում:

(16.8-րդ կետը լրաց. 02.02.23 N 134-Ն, խմբ. 02.03.23 N 272-Ն, լրաց. 19.02.26 N 184-Ն)

16.9․ Մինչև 2026 թվականի մարտի 1-ը նշանակված կենսաթոշակը կանխիկ եղանակով կարող է վճարվել (այդ թվում՝ լիազորագրով) մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը։ Այս դեպքում, եթե մինչև 2026 թվականի մարտի 5-ը ներկայացվում է կենսաթոշակին առնչվող ցանկացած գրավոր դիմում, ապա այդ դիմումով ընտրվում է նաև կենսաթոշակ վճարող բանկը, և դիմումը ներկայացնելու հաջորդ ամսվա 1-ից կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով՝ դիմումում նշված բանկի միջոցով:

(16.9-րդ կետը լրաց. 19.02.26 N 184-Ն)

16.10. Եթե սույն կարգի 16.9-րդ կետում նշված դիմումը չի ներկայացվում մինչև 2026 թվականի մարտի 5-ը, ապա օրենքով սահմանված կարգով վճարման ենթակա կենսաթոշակը 2026 թվականի ապրիլի 1-ից վճարվում է անկանխիկ եղանակով։

(16.10-րդ կետը լրաց. 19.02.26 N 184-Ն)

16.11. 2026 թվականի մարտի 1-ից հետո անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովից ստացված` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա, առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի կենսաթոշակ վճարելը վերսկսելու դեպքում, եթե մինչև կենսաթոշակի վճարումը դադարեցնելը՝

1) կենսաթոշակը վճարվել է անկանխիկ եղանակով, ապա կենսաթոշակ վճարող բանկը չի փոխվում, եթե մինչև վճարման ցուցակ ձևավորելը կենսաթոշակառուն չի ներկայացրել կենսաթոշակ վճարող բանկի ընտրության դիմում.

2) կենսաթոշակը վճարվել է կանխիկ եղանակով, ապա կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով՝ սույն կարգի 16.12-րդ կետով սահմանված կարգով ընտրված՝ կենսաթոշակ վճարող բանկի միջոցով։

(16.11-րդ կետը լրաց. 19.02.26 N 184-Ն)

16.12. 2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող անձի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար կենսաթոշակ վճարող բանկի ընտրությունն իրականացնում է ծառայությունը: Եթե անձն ունի սոցիալական ապահովության հաշվով վճարվող գումար, ապա ընտրվում է այդ գումարը վճարող բանկը, հակառակ դեպքում կենսաթոշակ վճարող բանկն ընտրվում է ծրագրային մոդուլի կիրառմամբ պատահականության սկզբունքով՝ հաշվի առնելով անձի բնակության վայրում այդ ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակում ներառված՝ կենսաթոշակ ստացող անձանց թվի համամասնությունները՝ ըստ կենսաթոշակ վճարող այն բանկերի, որոնք սուրհանդակային ծառայություններ մատուցելու լիազորություն ունեցող կազմակերպության կամ իր աշխատողների միջոցով իրականացնում են կենսաթոշակ ստացող անձի՝ բանկի հաճախորդի (բանկային հաշվի տիրոջ) իրավունքներ ձեռք բերելու, քարտի ակտիվացման կամ Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին հայտարարությունը ստորագրելու համար անհրաժեշտ գործողությունները։ Եթե 2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը վճարվում է լիազորագրով, ապա սույն կետով սահմանված կարգով կենսաթոշակ վճարող բանկն ընտրվում է կենսաթոշակառուի համար, իսկ կենսաթոշակը լիազորագրով վճարվում է սույն կարգի 4-րդ բաժնով սահմանված կարգով:

(16.12-րդ կետը լրաց. 19.02.26 N 184-Ն)

16.13. Սույն կարգի 16.12-րդ կետում սահմանված կարգով ծառայության կողմից կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող անձի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար կենսաթոշակ վճարող բանկը ընտրելուց հետո՝

1) մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը ներկայացված դիմումի հիման վրա կենսաթոշակ վճարող բանկը չի փոխվում․

2) 2026 թվականի ապրիլի 1-ից հետո ներկայացված դիմումի հիման վրա կենսաթոշակ վճարող բանկը փոխվում է սույն կարգով սահմանված կարգով։

(16.13-րդ կետը լրաց. 19.02.26 N 184-Ն)

16.14. Եթե կենսաթոշակ ստացող անձը սույն կարգի 16.12-րդ կետում սահմանված կարգով ծառայության կողմից ընտրված՝ կենսաթոշակ վճարող բանկի հետ չի կնքել բանկային հաշվի պայմանագիր կամ բանկին չի ներկայացրել կենսաթոշակի գումար ստանալու պահանջ, ապա կենսաթոշակ վճարող բանկը փոխելու և նախորդ բանկ փոխանցված կենսաթոշակի գումարն իր կողմից ընտրված բանկի միջոցով վճարելու դիմում ներկայացնելու դեպքում ծառայությունը փոխում է կենսաթոշակ վճարող բանկը և դիմում է նախորդ բանկ՝ փոխանցված գումարը վերադարձնելու համար, եթե դիմելու օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված չէ։ Այս դեպքում ծառայությունը գումարը պահանջում է, և բանկը այդ գումարը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ (սխալ) վճարված գումարների համար սահմանված կարգով և ժամկետներում։

(16.14-րդ կետը լրաց. 19.02.26 N 184-Ն)

16.15. Սույն կարգի 16.12-րդ կետում սահմանված կարգով ընտրված՝ կենսաթոշակ վճարող բանկերին կենսաթոշակառուների տվյալները ծառայությունը տրամադրում է 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշմամբ սահմանված կարգով։ Ընտրված կենսաթոշակ վճարող բանկի մասին կենսաթոշակ ստացող անձին ծառայությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է, առկայության դեպքում, հետադարձ կապի միջոցներին՝ բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստի հասցեին, հաղորդագրություն ուղարկելու միջոցով։

(16.15-րդ կետը լրաց. 19.02.26 N 184-Ն)

16.16. Եթե 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող անձի կենսաթոշակի վճարումը դադարեցված է, ապա 2026 թվականի ապրիլի 1-ից հետո կենսաթոշակի վճարումը վերսկսելու համար ներկայացվող դիմումով ընտրվում է նաև կենսաթոշակ վճարող բանկը:

(16.16-րդ կետը լրաց. 19.02.26 N 184-Ն)

 

III. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐԵԼԸ 

(բաժինն ուժը կորցրել է 19.02.26 N 184-Ն)

 

IV. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ԼԻԱԶՈՐԱԳՐՈՎ ՎՃԱՐԵԼԸ

 (բաժինը խմբ. 19.02.26 N 184-Ն)

 (վերնագիրը խմբ. 19.02.26 N 184-Ն)

 

27. «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված լիազորագրով կենսաթոշակը վճարվում է կենսաթոշակառուի կողմից կամ սույն կարգի 16.12-րդ կետով սահմանված կարգով ընտրված՝ կենսաթոշակ վճարող բանկի միջոցով:

28. Կենսաթոշակը լիազորագրի հիման վրա վճարելու համար անձը դիմում է ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում` ներկայացնելով լիազորագիրը, անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը: Եթե կենսաթոշակը նշանակել է համապատասխան մարմինը, ապա լիազորագիրը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:

29. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մասնագետը տեսաներածում է (սկանավորում է) լիազորագրի բնօրինակը, էլեկտրոնային լուսապատճենը մուտքագրում է շտեմարան և վերադարձնում բնօրինակը:

30. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մասնագետը շտեմարան է մուտքագրում լիազորված անձի տվյալները, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշմամբ սահմանված կարգով ծառայությունը տրամադրում է կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարող բանկին՝ լիազորված անձի տվյալները շտեմարան մուտքագրելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

30.1. Լիազորված անձի տվյալները կենսաթոշակ վճարող բանկին տրամադրվելուց հետո լիազորված անձը կարող է շահառուի անունից կնքել բանկային հաշվի պայմանագիրը կամ բանկին ներկայացնել շահառուի անվամբ բացված սոցիալական ապահովության բանկային հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրություն։

30.2. Կենսաթոշակը լիազորագրով վճարելու՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված ժամկետների հաշվառումն ապահովում է ծառայությունը:

 

V. ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐԸ ՎՃԱՐԵԼԸ

(վերնագիրը փոփ. 10.12.20 N 2024-Ն)

 

31. Միանվագ դրամական վճարի գումարն ստանալու համար անձը (այսուհետ` շահառու) դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում։ Եթե կենսաթոշակը նշանակել է համապատասխան մարմինը, ապա շահառուն դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում։

(31-րդ կետը փոփ. 17.08.17 N 992-Ն, 10.12.20 N 2024-Ն)

32. Դիմումում շահառուն նշում է նաև այն բանկի անվանումը, որի միջոցով ցանկանում է ստանալ վճարման ենթակա գումարները: Եթե դիմումը միանվագ դրամական վճարի գումարն անկանխիկ եղանակով վճարելու մասին է, ապա դրանում նշում է նաև, որ ինքը տեղեկացված է, որ միանվագ դրամական վճարի բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, այդ գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում դադարում է միանվագ դրամական վճարն ստանալու իրավունքը, և այդ գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(32-րդ կետը խմբ. 10.12.20 N 2024-Ն)

33. Դիմումը հաշվառվում է դիմումների հաշվառման մատյանում և շտեմարանի էլեկտրոնային մատյանում:

34. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը ընդունում է որոշում միանվագ դրամական վճարի գումարը շահառուին վճարելու կամ վճարելը մերժելու կամ վճարելու ժամկետը հետաձգելու վերաբերյալ:

(34-րդ կետը փոփ. 10.12.20 N 2024-Ն)

35. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը մերժում է միանվագ դրամական վճարի գումարը շահառուին վճարելը, եթե շահառուն չի ներկայացրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը:

(35-րդ կետը փոփ. 10.12.20 N 2024-Ն)

36. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը հետաձգում է միանվագ դրամական վճարի գումարը շահառուին վճարելու ժամկետը, եթե, շտեմարանի տվյալների համաձայն, առկա է կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումար:

(36-րդ կետը փոփ. 10.12.20 N 2024-Ն)

37. Սույն կարգի 36-րդ կետով սահմանված` կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների կենսաթոշակի գումարը կանխիկ եղանակով վճարված լինելու դեպքում՝ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման ղեկավարը, շահառուի դիմելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ, ծառայության անունից Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին:

38. Սույն կարգի 36-րդ կետով սահմանված` կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների կենսաթոշակի գումարն անկանխիկ եղանակով վճարված լինելու դեպքում` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դրա մասին տեղեկացնում է ծառայությանը` ներկայացնելով մահացած կենսաթոշակառուի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, կենսաթոշակի գործի համարը:

(38-րդ կետը լրաց., փոփ. 10.12.20 N 2024-Ն)

39. Ծառայությունը պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում բանկին տեղեկացնում է կենսաթոշակառուի մահվան մասին և ներկայացնում է գումարը հետ փոխանցելու մասին կարգադրություն (պահանջ):

(39-րդ կետը փոփ. 10.12.20 N 2024-Ն, լրաց. 16.12.21 N 2048-Ն, փոփ. 27.04.23 N 615-Ն)

40. Եթե 39-րդ կետում նշված կարգադրության (պահանջի) հիման վրա, պայմանագրով սահմանված` կենսաթոշակառուի բանկային հաշվին բավարար միջոցների բացակայության դեպքում, կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարն ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չի փոխանցվում, ծառայությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին:

(40-րդ կետը փոփ. 10.12.20 N 2024-Ն, լրաց. 16.12.21 N 2048-Ն, փոփ. 27.04.23 N 615-Ն)

41. Ծառայությունը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը տեղեկացնում է վճարման պահանջագրի հիման վրա կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու կամ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու վերաբերյալ:

42. Սույն կարգի 36-րդ կետով սահմանված դեպքում՝ միանվագ դրամական վճարի գումարը շահառուին վճարվում է կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնելուց կամ քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշում ընդունվելուց հետո:

(42-րդ կետը փոփ. 10.12.20 N 2024-Ն)

43. (կետն ուժը կորցրել է 10.12.20 N 2024-Ն)

44. Միանվագ դրամական վճարի գումարը բանկի միջոցով ստանալու դեպքում` այդ գումարները վճարվում են (բանկին են փոխանցվում) դիմելու օրվան հաջորդող 5-րդ աշխատանքային օրվանից ոչ ուշ:

(44-րդ կետը փոփ. 10.12.20 N 2024-Ն)

45. Սույն կարգի 36-րդ կետով սահմանված դեպքում՝ սույն կարգի 44-րդ կետով սահմանված ժամկետը հաշվարկվում է կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնելը կամ քրեական գործով վարույթը կասեցնելը հաստատող տեղեկատվությունն ստանալու օրվանից:

(45-րդ կետը փոփ. 10.12.20 N 2024-Ն)

46. Շահառուի անվամբ միանվագ դրամական վճարի հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը (բանկային հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրությունը) բանկին կարող է ներկայացնել շահառուն կամ այլ անձ (բանկային հաշվին առկա միջոցները կարող են վճարվել նաև այլ անձի), ով բանկ է ներկայացնում շահառուի տված՝ նոտարական կարգով վավերացրած կամ դրան հավասարեցված՝ շահառուի անվամբ բացված միանվագ դրամական վճարի հաշվին առկա միջոցները մասնակի կամ ամբողջությամբ դուրս գրելու (բանկային հաշվին առկա միջոցները վճարելու) պահանջը բանկին լիազորված անձի կողմից ներկայացվելու վերաբերյալ լիազորագիրը։

(46-րդ կետը լրաց. 10.12.20 N 2024-Ն)

47. Կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա բանկային հաշվին (եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվել է բանկի միջոցով) կամ հաշվարկային հաշվին (եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվել է ազգային օպերատորի միջոցով) առկա մնացորդները վճարող կազմակերպության կողմից ենթակա են վճարման, եթե ներկայացվել է ժառանգության վկայագրի կամ դատարանի կողմից համապատասխան ժառանգի ժառանգման փաստի վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ կամ որոշում։

(47-րդ կետը լրաց. 15.04.22 N 484-Ն, փոփ. 27.04.23 N 615-Ն)

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 23.02.12 N 184-Ն, փոփ. 29.08.13 N 973-Ն, խմբ., լրաց. 01.10.15 N 1130-Ն, լրաց. 20.01.16 N 76-Ն, խմբ., փոփ. 17.08.17 N 992-Ն, լրաց. 07.09.17 N 1135-Ն, փոփ., լրաց., խմբ. 10.12.20 N 2024-Ն, փոփ. 25.03.21 N 396-Ն, լրաց., խմբ., փոփ. 08.04.21 N 509-Ն, փոփ., լրաց. 10.06.21 N 972-Ն, խմբ., լրաց. 22.07.21 N 1182-Ն, լրաց. 16.12.21 N 2048-Ն, խմբ., լրաց. 15.04.22 N 484-Ն, լրաց. 14.07.22 N 1076-Ն, փոփ., լրաց., խմբ. 13.10.22 N 1578-Ն, լրաց. 02.02.23 N 134-Ն, խմբ. 02.03.23 N 272-Ն, փոփ., խմբ. 27.04.23 N 615-Ն, փոփ. 06.07.23 N 1116-Ն, 05.10.23 N 1703-Ն, լրաց. 30.11.23 N 2086-Ն, փոփ. 28.12.23 N 2337-Ն, փոփ., լրաց. 08.08.24 N 1229-Ն, փոփ., խմբ., լրաց. 19.02.26 N 184-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 670-Ն որոշման

Oրինակելի ձև

լիազոր մարմնի և բանկի միջև կնքվող` կենսաթոշակների

վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

(հավելվածն ուժը կորցրել է 10.12.20 N 2024-Ն)

 

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 670-Ն որոշման

 

Օրինակելի ձև

լիազոր մարմնի և վճարահաշվարկային կազմակերպության միջև կնքվող`

կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարման ծառայությունների

մատուցման պայմանագրի

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 (հավելվածն ուժը կորցրել է 19.02.26 N 184-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 670-Ն որոշման

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի   Ձ Ե Վ

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 (հավելվածն ուժը կորցրել է 27.04.23 N 615-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան