«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 դեկտեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11815498
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
|
10 դեկտեմբերի 2015 թ. |
N 844-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ՑԱՆԿԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 19.02.26 N 7-Ն)
Հիմք ընդունելով «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը.
(նախաբանը փոփ. 19.02.26 N 7-Ն)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց ներկայացվող չափանիշները` համաձայն հավելվածի 1-ի,
2) Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների, ինչպես նաև հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց հաշվառման և վերջիններիս ցանկի հրապարակման կարգը` համաձայն հավելված 2-ի:
(1-ին կետը փոփ. 19.02.26 N 7-Ն)
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
| Գ. Խաչատրյան |
|
Հավելված 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
1. «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համաձայն լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց (անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպություն, այսուհետ` հաշվապահական ծառայություններ մատուցող անձ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվառումն ու վերջիններիս ցանկի հրապարակումը, ինչպես նաև հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց ներկայացվող չափանիշների սահմանումը:
2. (կետն ուժը կորցրել է 19.02.26 N 7-Ն)
3. Հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց ներկայացվող չափանիշներն են՝
1) իրավաբանական անձի համար` Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող և հաշվապահի կամ աուդիտորի կամ հանրային հատվածի ներքին աուդիտորի առնվազն երկու տարվա աշխատանքի փորձ ունեցող առնվազն երկու աշխատողի առկայությունը, որոնց համար տվյալ կազմակերպությունը հանդիսանում է հիմնական աշխատավայր,
2) անհատ ձեռնարկատիրոջ համար` Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահի որակավորման և հաշվապահի կամ աուդիտորի կամ հանրային հատվածի ներքին աուդիտորի առնվազն երկու տարվա աշխատանքի փորձի առկայությունը։
Սույն ենթակետի իմաստով հաշվապահի աշխատանք է համարվում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան կազմակերպության հաշվապահական ծառայության ղեկավարի կամ կազմակերպության աշխատող համարվող հաշվապահի, իսկ հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության միջոցով հաշվապահական հաշվառումը վարելու դեպքում` այդ կազմակերպության լիազորած անձի կողմից հաշվապահական հաշվառման ընդհանուր վարումը և ֆինանսական հաշվետվությունների կազմումն իրականացնելու աշխատանքը:
(3-րդ կետը խմբ. 19.02.26 N 7-Ն)
4. Սույն հավելվածի 3-րդ կետի իմաստով հաշվապահի աշխատանք է համարվում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան կազմակերպության հաշվապահական ծառայության ղեկավարի կամ կազմակերպության աշխատող համարվող հաշվապահի, իսկ հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության միջոցով հաշվապահական հաշվառումը վարելու դեպքում` այդ կազմակերպության լիազորած անձի կողմից հաշվապահական հաշվառման ընդհանուր վարումը և ֆինանսական հաշվետվությունների կազմումն իրականացնելու աշխատանքը:
(4-րդ կետը լրաց. 19.02.26 N 7-Ն)
(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 19.02.26 N 7-Ն)
|
Հավելված 2 ՀՀ ֆինանսների նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 844-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ՑԱՆԿԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
(վերնագիրը խմբ. 19.02.26 N 7-Ն)
1. Սույն կարգով կարգավորվում են հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների, ինչպես նաև հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց հաշվառման ու վերջիններիս ցանկի հրապարակման հետ կապված հարաբերությունները:
2. «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների (այսուհետ՝ որակավորված հաշվապահ), ինչպես նաև հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց (անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպություն) հաշվառումն ու վերջիններիս ցանկի հրապարակումը:
3. Որակավորված հաշվապահների ցանկը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում՝ վկայականի տրամադրմանը հաջորդող տասը աշխատանքային օրվա ընթացքում:
4. Որակավորված հաշվապահների ցանկում նշվում են հետևյալ տեղեկությունները՝
1) որակավորված հաշվապահի անունը, ազգանունը, հայրանունը,
2) հանրային հատվածի հաշվապահի որակավորման վկայականի համարը,
3) հանրային հատվածի հաշվապահի որակավորման վկայականի տրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,
4) հանրային հատվածի հաշվապահի որակավորման վկայականի գործողության ժամկետը։
5. Որակավորված հաշվապահների հաշվառումն ու ցանկի հրապարակումն իրականացնելու նպատակով «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքով սահմանված լիազոր մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին) վարում է գրանցամատյան` էլեկտրոնային եղանակով, որում նշվում են հետևյալ տեղեկությունները՝
1) որակավորված հաշվապահի անունը, ազգանունը, հայրանունը և հեռախոսահամարը,
2) անձը հաստատող փաստաթղթի համարը,
3) հաշվառման և բնակության հասցեները,
4) հանրային հատվածի հաշվապահի որակավորման վկայականի համարը, տրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,
5) հանրային հատվածի հաշվապահի որակավորման վկայականի գործողության ժամկետը,
6) էլեկտրոնային փոստի հասցեն,
7) Անհրաժեշտության դեպքում այլ տեղեկատվություն։
6․ Սույն կարգի 5-րդ կետով սահմանված գրանցամատյանը ենթակա չի հրապարակման:
7. Հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց ցանկում (այսուհետ՝ Ցանկ) կարող են ընդգրկվել սույն հրամանի հավելված 1-ով սահմանված չափանիշներին բավարարող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք:
8. Հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ կարող են մատուցել միայն Ցանկում ընդգրկված անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք:
9. Ցանկում ընդգրկվելու նպատակով անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք առձեռն կամ էլեկտրոնային եղանակով լիազոր մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) Իրավաբանական անձանց դեպքում՝
ա. դիմում, որի օրինակելի ձևը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում՝ նշելով իրավաբանական և գործունեության հասցեները, հեռախոսահամար և էլեկտրոնային փոստի հասցեն,
բ. կազմակերպության պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճենը,
գ. սույն հրամանի հավելված 1-ի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված աշխատողների անձը հաստատող փաստաթղթի պատճենը, որակավորումը և մասնագիտական աշխատանքի փորձը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև տվյալ կազմակերպության հիմնական աշխատակից հանդիսանալու փաստը հավաստող փաստաթղթերի պատճենը,
2) Անհատ ձեռնարկատերերի դեպքում՝
ա. դիմում, որի օրինակելի ձևը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում՝ նշելով իրավաբանական և գործունեության հասցեները, հեռախոսահամար և էլեկտրոնային փոստի հասցեն,
բ. անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը,
գ. անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
դ. որակավորումը և մասնագիտական աշխատանքի փորձը հաստատող փաստաթղթերի պատճենները:
10. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու օրվանից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և կազմում է եզրակացություն՝ տվյալ անհատ ձեռնարկատիրոջը կամ իրավաբանական անձին Ցանկում ներառելու կամ չներառելու վերաբերյալ։ Եթե փաստաթղթերը ներկայացվել են թերի կամ ոչ ամբողջությամբ, ապա փաստաթղթերը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում փաստաթղթերը ներկայացնող անձին էլեկտրոնային փոստի միջոցով առաջարկվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում համալրել կամ շտկել փաստաթղթերը։ Նշված ժամկետի ընթացքում փաստաթղթերը չհամալրելու կամ չշտկելու դեպքում, եզրակացությունը կազմվում է ներկայացված փաստաթղթերի հիման վրա: Ցանկում ներառելու կամ չներառելու մասին եզրակացության պատճենը հինգ աշխատանքային օրվա ընթացում էլեկտրոնային փոստի միջոցով տրամադրվում է դիմում ներկայացրած անձին:
11. Ցանկը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում՝ Ցանկում նոր անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ ընդգրկվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
12. Ցանկում նշվում են հետևյալ տեղեկությունները՝
1) անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի լրիվ անվանումը, ՀՎՀՀ-ն, իրավաբանական և գործունեության հասցեները, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
2) Ցանկում ընդգրկելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,
3) Ցանկում ընդգրկվելու վերջնաժամկետ, եթե առկա է,
4) իրավաբանական անձանց դեպքում նշվում է նաև սույն հրամանի հավելված 1-ի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված չափանիշների բավարարումը ապահովող աշխատողների անունը, ազգանունը, հայրանունը:
13. Հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց հաշվառումն ու Ցանկի հրապարակումն իրականացնելու նպատակով լիազոր մարմինը էլեկտրոնային եղանակով վարում է գրանցամատյան` որում նշվում են հետևյալ տեղեկությունները՝
1) անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի լրիվ անվանումը, ՀՎՀՀ-ն, իրավաբանական և գործունեության հասցեները, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
2) Ցանկում ընդգրկելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,
3) Ցանկում ընդգրկվելու վերջնաժամկետ՝ եթե առկա է,
4) աշխատակիցների քանակը,
5) հանրային հատվածի այն կազմակերպությունների ցանկը, որոնց անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը մատուցում է հաշվապահական ծառայություններ, ծառայության արժեքը, ծառայության մեկնարկի և ավարտի ամսաթիվը,
6) իրավաբանական անձանց դեպքում նշվում է նաև սույն հրամանի հավելված 1-ի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված չափանիշների բավարարումը ապահովող աշխատողների անունը, ազգանունը, հայրանունը և որակավորումը, որակավորման վկայականի համարը, տրման ամսաթիվը և ժամկետը:
14․ Սույն կարգի 13-րդ կետով սահմանված գրանցամատյանը ենթակա չի հրապարակման:
15. Ցանկում ընդգրկված անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք մինչև հաշվետու տարվան հաջորդող մարտի 1-ը պարտավոր են լիազոր մարմին ներկայացնել իրենց գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվություն (այսուհետ՝ գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվություն), որի օրինակելի ձևը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում: Առաջին հաշվետու տարի է համարվում Ցանկում ընդգրկվելու օրը ներառող տարին:
16. Գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.
1) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝
ա. անհատ ձեռնարկատիրոջ լրիվ անվանումը, ՀՎՀՀ, իրավաբանական և գործունեության հասցեները, հեռախոսահամար և էլեկտրոնային փոստի հասցեն,
բ. աշխատակիցների քանակը,
գ. Հանրային հատվածի այն կազմակերպությունների ցանկը, որոնց անձը հաշվետու տարվա ընթացքում մատուցում է հաշվապահական ծառայություններ, նշելով հանրային հատվածի կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ, ծառայության արժեքը, ծառայության մեկնարկի ամսաթիվը,
2) Իրավաբանական անձանց դեպքում՝
ա. կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ, իրավաբանական և գործունեության հասցեները, հեռախոսահամար և էլեկտրոնային փոստի հասցեն,
բ. աշխատակիցների քանակը,
գ. սույն հրամանի հավելված 1-ի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված չափանիշների բավարարումը ապահովող աշխատողների վերաբերյալ տեղեկատվություն՝ անուն, ազգանուն, հայրանուն, վերջիններիս որակավորումը և դրա ժամկետը,
դ. հանրային հատվածի այն կազմակերպությունների ցանկը, որոնց անձը մատուցում է հաշվապահական ծառայություններ, նշելով հանրային հատվածի կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ, ծառայության արժեքը, ծառայության մեկնարկի ամսաթիվը:
17. Սույն կարգի 16-րդ կետում սահմանված որևէ տվյալի բացակայության դեպքում լիազոր մարմինը, հաշվետվությունը ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում, էլեկտրոնային փոստի միջոցով, առաջարկում է շտկել թերությունները։ Մինչև հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 1-ը լիազոր մարմնի կողմից մատնանշված թերությունները չշտկելու դեպքում գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը համարվում է չներկայացված:
18. Ցանկում ընդգրկված իրավաբանական անձիք սույն հրամանի հավելված 1-ի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված չափանիշների բավարարումը ապահովող աշխատողների աշխատանքից ազատման կամ որակավորման ժամկետը լրանալու դեպքում պարտավոր են այդ մասին դեպքը տեղի ունենալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել լիազոր մարմնին՝ նշելով սույն հրամանի հավելված 1-ի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված չափանիշների բավարարումը ապահովող նոր աշխատակիցների տվյալները։
19. Անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձիք հեռացվում են Ցանկից հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում՝
1) անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման կամ իրավաբանական անձի լուծարման դեպքում,
2) անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի դիմումի հիման վրա,
3) ներկայացված փաստաթղթերի կեղծ լինելու փաստը հայտնաբերվելու դեպքում,
4) գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը սույն կարգի 15-րդ կետով սահմանված ժամկետից ավելի քան 30 օր ուշացումով ներկայացնելու կամ չներկայացնելու դեպքում,
5) սույն հրամանի 1-ին հավելվածով սահմանված չափանիշներին չբավարարելու դեպքում։
20. Սույն կարգի 19-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկի ի հայտ գալու դեպքում լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը մեկամսյա ժամկետում կազմում է անհատ ձեռնարկատիրոջը կամ իրավաբանական անձին Ցանկից հեռացնելու մասին եզրակացություն, որի պատճենը էլեկտրոնային փոստի միջոցով տրամադրվում է անհատ ձեռնարկատիրոջը կամ իրավաբանական անձին։
21. Սույն կարգի 19-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի հիմքով Ցանկից հեռացվելու դեպքում, անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը նորից կարող է դիմել Ցանկում ընդգրկվելու համար, հեռացման վերաբերյալ եզրակացության պատճենը ստանալուց մեկ տարի հետո։
22. Եթե անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը Ցանկից հեռացվել է սույն կարգի 19-րդ կետի 2-րդ, 4-րդ կամ 5-րդ ենթակետերի հիմքով և Ցանկից հեռացվելու օրվա դրությամբ ունի հանրային հատվածի կազմակերպության հետ կնքած հաշվապահական ծառայությունների մատուցման պայմանագրեր, ապա անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը իրավունք ունի շարունակել Ցանկից հեռացվելու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար ծառայությունների մատուցումը՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով լիազոր մարմնին, սակայն այլ ժամանակաշրջանների համար կնքված պայմանագրերը շարունակելու կամ նոր պայմանագրեր կնքելու իրավունք չունի: Եթե անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը Ցանկից հեռացվել է սույն կարգի 19-րդ կետի 1-ին կամ 3-րդ ենթակետերի հիմքով և Ցանկից հեռացվելու օրվա դրությամբ ունի հանրային հատվածի կազմակերպության հետ կնքած հաշվապահական ծառայությունների մատուցման պայմանագրեր, ապա անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը պարտավոր է 10 աշխատանքային օրվա ընթացքում լուծել պայմանագիրը և դադարեցնել հանրային հատվածի կազմակերպությանը հաշվապահական ծառայությունների մատուցումը՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով լիազոր մարմնին:
23. Լիազոր մարմնի կողմից հրապարակված Ցանկից համապատասխան ծառայություն մատուցելու համար ընտրություն կատարած հանրային հատվածի կազմակերպությունը՝ ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելու, ինչպես նաև այն լուծելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր հայտնում է լիազոր մարմնին:
(հավելվածը խմբ. 19.02.26 N 7-Ն)
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 19.02.2026, N 7-Ն | 10.12.2015, N 844-Ն |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|